Որ զյառաջագոյն ընտրեալսն առաքեցեր յաշխարհս սուրբ զմարգարէսն.
Աւետարանել զՔո Գալուստդ անթարգմանելի տնօրէնութեամբ.
Սոքօք շնորհեա հաստատութիւն Եկեղեցւոյ Քում սրբոյ:
Որոց ետուր իշխանութիւն բացատրել զիջումն Քո յաշխարհ.
Աստանօր կատարեցեր զմարգարէիցն զտեսութիւն.
Սոքօք շնորհեա հաստատութիւն Եկեղեցւոյ Քում սրբոյ:
Որ զմահ գերի առեալ՝ մահուամբ զմահ կոխեցեր.
Արձակելով զերամս մարգարէիցն յանստուէր Քո հանգիստդ.
Սոքօք շնորհեա հաստատութիւն Եկեղեցւոյ Քում սրբոյ:
(Շարակնոց)
Ծնուել է նախքան Քրիստոս վեց հարիւր յիսուն թուականին
Որովայնից ընտրուալ եւ սրբուած, Տիրոջ հաւատարիմ եւ բազմաչարչար ծառայ սուրբ Երեմիա մարգարէն, որ թարգմանաբար նշանակում է բարձրութիւն Աստուծոյ, Բենիամինի երկրամասից էր, քահանաների Անաթոթ քաղաքից, որը գտնւում էր Երուսաղէմից մօտ երեք մղոն հեռաւորութեան վրայ: Նա ղեւտացիների քահանայական տոհմից էր, Քեղկիա քահանայի որդին, որն ըստ տարածուած կարծիքների՝ հաւանաբար Քեղկիա մեծ քահանայապետն է, եւ որը Յուդայի Յովսիա արքայի օրօք գտաւ Աստուծոյ Օրէնքի գիրքը:
Երեմիան աչքի էր ընկնում իր անբիծ, անարատ, անմեղ վարքով ու կուսակրօն մաքրութեամբ, խոստովանողական եւ մարտիրոսական չարչարանքներով ու ճգնութեամբ, ինչպէս նաեւ քահանայական պատուով եւ մարգարէական տեսիլքներով, որի համար սկսած պատանեկութիւնից ունէր անմիջապէս Աստուծոյ կողմից տրուած քարոզչութեան առաքելութիւն: Ըստ վարդապետների ընդհանուր կարծիքի՝ Երեմիան Աստուծոյ կողմից մարգարէութեան կանչուեց, երբ դեռեւս տասնհինգ տարեկան էր: Քառասունմէկ տարի նախ մարգարէացաւ Հրէաստանում՝ սկսած Յովսիա արքայի թագաւորութեան տասներեքերորդ տարուց մինչեւ նրա չորս յաջորդների ժամանակները, այսինքն մինչեւ Երուսաղէմի գրաւումը քաղդէացիների կողմից: Երանելին Աստուծոյ խօսքն աներկիւղ եւ անխտիր յայտնում էր մեծերին եւ փոքրերին, որի համար նա բազմաթիւ հալածանքներ ու նեղութիւններ էր կրում, միայն չորս-հինգ անգամ բանտարկուել է տարբեր բանտերում եւ մահապարտների գուբերում, ինչպէս որ գրուած է նրա գրքում:
Նախ գրուած է. «Եմմերի որդին՝ Պասքոր քահանան, որ Տիրոջ տան հրամանատարն էր եւ իշխանը, լսեց այդ խօսքերը Երեմիայից, երբ սա մարգարէանում էր: Պասքորը հարուածեց Երեմիա մարգարէին եւ արգելափակեց նրան բանտում, Բենիամինի դարպասի մօտ, Տիրոջ Տան վերնայարկում»[1]:
Երկրորդ՝ ասում է. «Այն ժամանակ բաբելացիների արքայի զօրքը պաշարել էր Երուսաղէմը, իսկ Երեմիա մարգարէն կալանաւորուած էր Յուդայի երկրի թագաւորի ապարանքի բանտում, որտեղ արգելափակել էր նրան Սեդեկիա արքան՝ ասելով. “Ինչո՞ւ դու մարգարէութիւն ես անում եւ ասում, թէ այսպէս է ասում Տէրը”»[2]:
Երրորդ՝ ասում է. «Իշխանները զայրացան Երեմիայի վրայ, գանահարեցին ու բանտարկեցին նրան Յովնաթան ատենադպրի ապարանքում … : Երեմիան ընկաւ Այերինոթ, այն տունը, որտեղ գուբն էր: Այդտեղ Երեմիան անցկացրեց երկար օրեր: Սեդեկիա արքան մարդ ուղարկեց ու կանչեց նրան»[3]: Ապա Սեդեկիա արքան, ծածուկ հարցնելով նրան Տիրոջ պատգամի մասին, դարձեալ հրաման տուեց՝ գցել նրան բանտի գաւիթը: Հացագործները դրսից օրական մի նկանակ հաց էին տալիս նրան, մինչեւ որ հացը քաղաքից բոլորովին կտրուեց: Եւ Երեմիան մնաց բանտի գաւթում»:
Չորրորդ՝ ասում է. «Առան Երեմիային եւ նրան գցեցին թագաւորի որդի Մելքիայի գուբը, որ գտնւում էր բանտի գաւթում: Երեմիային պարաններով իջեցրին գուբը: Իսկ գբի մէջ բոլորովին ջուր չկար, այլ լոկ տիղմ էր: Երեմիան մնաց տիղմի մէջ»[4], մինչեւ որ եթովպիացի ներքինի Աբդիմելէքը, որն աստծուածավախ մի մարդ էր, նրան դուրս բերեց այնտեղից: Եւ Երեմիան նստեց բանտի գաւթում մինչեւ Երուսաղէմի գրաւումը քաղդէացիների կողմից»:
Այնժամ քաղդէացիները բռնեցին նաեւ Երեմիային եւ շղթայեցին, սակայն Աստուած գութ գցեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի սրտում, եւ նա արձակել տուեց Երեմիային ու թողեց, որ Երուսաղէմ գնայ, որտեղ նա ցաւագին ողբ ասաց Տիրոջ խօսքին չանսալու պատճառով թագաւորի եւ իշխանների հետ իր ժողովրդի կործանման համար: Իսկ երբ Յուդայի մնացած մարդիկ դէպի Եգիպտոս էին փախչում քաղդէացիներից, իրենց հետ բռնութեամբ տարան նաեւ Երեմիային: Եգիպտոսի նախկին թագաւորանիստ Տափնասում քաղաքում, ուր մի ժամանակ Մովսէսը փարաւոնի առջեւ հրաշքներ էր գործել, Երեմիան մարգարէացաւ եւս չորս տարի, մինչեւ որ լրացաւ Յուդայի գերութեան չորս տարին: Եւ ըստ Երեմիայի կանխասացութեան՝ յաջորդ տարում Նաբուքոդոնոսորը սպանեց եգիպտացիների Վափառ փարաւոնին:
Արդ, թողնենք հրէական մտացածին այն աւանդութիւնը, թէ Երեմիան վերափոխուել է՝ կենդանի լինելով, թէ դեռեւս ողջ է ու պիտի գայ Եղիայի հետ: Սուրբ հայրերի թողած հաւաստի աւանդութեան համաձայն՝ երբ Երեմիա մարգարէն Տիրոջ խօսքով սպառնում էր եբրայեցիներին եւ եգիպտացիներին, թէ պիտի իրենց հարուածներ հասնեն, անօրէն մարդիկ յարձակուեցին նրա վրայ ու քարկոծեցին: Եւ այդպէս մօտ եօթանասուն տարեկան հասակում Երեմիան նահատակուեց մարտիրոսական մահուամբ եւ թաղուեց հէնց այնտեղ՝ Եգիպտոսի Տափնաս քաղաքում: Ինչպէս գրում է վկայաբանը, նրա գերեզմանը, յոյժ պատուելի էր եգիպտացիների կողմից, որովհետեւ ընդունում էին նրան որպէս մարգարէի, եւ նրա կենդանութեան օրօք նրա աղօթքներով փրկուել էին մարդակեր կոկորդիլոսներից ու վիշապ օձերից: Եւ նրա մահից յետոյ էլ շարունակում էին գալ նրա գերեզմանի մօտ՝ բժշկութիւն գտնելու, մանաւանդ թունաւոր կենդանիների խայթոցների դէպքում: Մինչեւ իսկ մարգարէի նշխարների տեղափոխութիւնից յետոյ հաւատացեալները հող էին տանում նրա գերեզմանից՝ այլեւայլ ցաւերի փարատման համար:
Մարգարէի մարմինը տեղափոխուել է վաղուց, որովհետեւ ասում են, թէ երբ Ալեքսանդր Մակեդոնացին լսել է Տափնասում սուրբի գերեզմանի վրայ կատարուող հրաշքների մասին, հանել է տուել նրա նշխարները, տեղափոխել իր կառուցած եգիպտական Ալեքսանդրիա քաղաքը եւ փառաւոր մի դամբարան է կառուցել նրա վրայ Տետրապիւղոն՝ թարգմանաբար չորեքդռնեայ կոչուած վայրում, ուր քրիստոնէական ժամանակներում հրաշքներ էին կատարւում հիւանդների վրայ՝ զանազան ախտերի բժշկութեան համար:
Երուսաղէմում՝ այն գուբի տեղում, ուր գցել էին Երեմիային, Հեղինէ դշխուհին մեծաշուք մի մեծակառոյց ուխտավայր է շինել: Ի յիշատակ սուրբ մարգարէի՝ Պաղեստինում կան այլ ուխտատեղիներ, չհաշուած նրա անուամբ կառուցուած եկեղեցիներն ու մարգարէարանները, որ կան զանազան վայրերում, որոնցից առաւել նշանաւոր է Վենետիկում կառուցուած սուրբ Երեմիայի հոյակապ տաճարը:
Յիշատակութեան արժանի է եւ այն, որի մասին յայտնում է Մակաբայեցիների գիրքը. երբ Յուդա Մակաբեն տեսիլքի մէջ տեսաւ սքանչելի այր Օնիա քահանայապետին, նրա հետ տեսաւ նաեւ հրաշազարդ, փառահեղ, սքանչելի եւ խիստ վայելուչ մի ծերունու, որի շուրջը լուսէպսակ կար: Եւ մինչ Մակաբէն մեծ հիացմունքով մտածում էր, թէ ով է նա, Օնիան ասաց. «Սա մեր եղբայրասէր ծերունին է, որը միշտ եւ անդադար աղօթում է Աստծուն: Նա Երեմիա մարգարէն է»: Երեմիան մեկնեց իր աջ ձեռքը ու Յուդային տուեց ոսկեհուռ սուսեր՝ ասելով. «Ընդունի՛ր այս սուրբ սուսերն իբրեւ Տիրոջ կողմից տրուած պարգեւ, որովհետեւ դրանով դու պիտի ոչնչացնես քո բոլոր թշնամիներին»:
Այստեղից իմանում ենք, թէ սուրբերն աստուածասիրութեամբ հանդերձ որքան եղբայրասէր էին այստեղ, իսկ այստեղից երկինք մեկնելուց յետոյ ինչպէս են ջանում օգնել մեզ իրենց բարեխօսութեամբ: Եւ եթէ այսպիսինն էին Հին ուխտի ժամանակների հանգուցեալները՝ գտնուելով Աբրահամի գոգում, ապա որքան առաւել են այսօր, երբ նրանք հանգչում են երկնաւոր Հօր օթեւաններում:
Երեմիա մարգարէն գրեց իր մարգարէական գիրքը՝ մի մասը թելադրելով իր աշակերտ Բարուքին, որն ըստ արժանւոյն յիշատակւում է իր վարդապետի հետ: Բարուքի գիրքը Երեմիայի անունով ընթերցւում է եկեղեցիներում: Ըստ Հերոնիմոսի՝ Երեմիայի գիրքն իր խօսքերով որքան պարզ եւ դիւրիմաց է թւում, այնքան էլ խորն է իր փառաւոր իմաստով: Ոմանք Երեմիային են վերագրում նաեւ Թագաւորաց գրքերից մի քանիսը կամ բոլորը, ինչպէս նաեւ սաղմոսներից մի քանիսը:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Երեմիայի տօնը նշում է Վերափոխմանը յաջորդող երկրորդ հինգշաբթի օրը:
ԵՐԵՄԻԱ ՄԱՐԳԱՐԷԻ ԵՒ ՆՐԱ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ՝ ԲԱՐՈՒՔԻ ԵՒ ԱԲԴԻՄԵԼԷՔԻ ՅԻՇԱՏԱԿՈՒԹԻՒՆԸ
Երբ Աստուած կամեցաւ Երուսաղէմը գերութեան մատնել, խօսեց Երեմիայի հետ եւ ասաց. «Վե՛ր կաց, քո ատենադպիր Բարուքի հետ գնա՛ այս քաղաքից, որովհետեւ Ես գերութեան եմ մատնելու Երուսաղէմը եւ Յուդայի որդիներին»: Եւ Երեմիան ընկաւ երեսի վրայ ու ասաց. «Քա՛ւ լիցի, Տէ՛ր, մի՛ արա այդ բանը: Բայց եթէ սաստիկ է Քո բարկութիւնը մեզ վրայ, ապա թող քաղաքը կործանուի Քո ձեռքով եւ ոչ թէ անօրէնների, որպէսզի չպարծենան Քեզ ատողներն ու մեր թշնամիները»: Տէրն ասաց. «Դու շտապի՛ր այդ մասին յայտնել Բարուքին: Գիշերուայ մէջ գնացէ՛ք դէպի պարիսպը, եւ Ես ձեզ ցոյց կը տամ, թէ ինչ պիտի լինի, որովհետեւ առանց Ինձ ոչինչ չեն կարողանայ անել»: Երեմիան իսկոյն վեր կացաւ, գնաց ատենադպիր Բարուքի մօտ եւ ամէն բան յայտնեց նրան: Նրանք միասին գնացին Տիրոջ տաճարը, պատռեցին իրենց հանդերձները, հառաչելով ընկան Տիրոջ առջեւ, հող լցրին իրենց գլուխներին եւ ապա ելան ու գնացին դէպի պարիսպը:
Եւ յանկարծ փողի հնչման ձայն լսուեց: Ապա տեսան հրեղէն լոյսով բոցավառուած Աստուծոյ հրեշտակներին, որոնք երկնքից իջնելով շրջապատեցին պարիսպը: Այնժամ Երեմիան եւ Բարուքն իրենց աչքերը երկինք բարձրացրին ու ասացին. «Ահա, Տէ՛ր, իմացանք, որ Դու քաղաքը մատնեցիր մեր թշնամիների ձեռքը: Ի՞նչ պէտք է անենք Քո սուրբ սպասքի անօթները»: Տէրն ասաց. «Վերցրո՛ւ դրանք, յանձնի՛ր հողին ու ասա. “Երկի՛ր, լսի՛ր, քո Արարչի խօսքին եւ պահի՛ր քո Տիրոջ տաճարի անօթները մինչեւ Նրա գալուստը երկնքից”»: Երեմիան ասաց. «Աղաչո՛ւմ եմ, Տէ՛ր, ցո՛յց տուր ինձ, թէ ինչ պիտի անեմ Աբդիմելէք Եթովպիացուն, որովհետեւ նա իմ բարերարն է եւ նա է ինձ դուրս բերել գուբի տիղմից: Ես չեմ կամենում, որ նա տեսնի Քո սուրբ քաղաքի աւերումը»: Տէրը Երեմիային ասաց. «Ուղարկի՛ր նրան ագարակ, եւ Ես կը պատսպարեմ նրան, մինչեւ որ ժողովուրդը վերադառնայ գերութիւնից: Իսկ դու քո ժողովրդի հետ Բաբելոն գնա, Բարուքին էլ թող այս քաղաքում, եւ Ես կ՚այցելեմ նրան»: Լսելով այս՝ Երեմիան շտապեց կատարել ամէն բան, ինչպէս հրամայուեց իրեն: Երեմիան եւ Բարուքը մտան տաճար, վերցին տաճարի բոլոր անօթները, յանձնեցին հողին, եւ երկիրն իսկոյն կուլ տուեց սուրբ անօթները: Երեմիան եւ Բարուքը լաց եղան ու աղօթեցին: Յաջորդ օրը Երեմիան Աբդիմելէքին ասաց. «Որդեա՛կ, վերցրո՛ւ քո կողովը, գնա՛ ագարակ եւ թարմ թուզ բեր հիւանդների համար, որոնք կան մեզ մօտ: Տիրոջ աջը թող քեզ պահապան լինի»:
Աբդիմելէքը գնաց: Եւ ահա քաղդէացիների զօրքերը հասան ու շրջապատեցին Երուսաղէմ քաղաքը: Եւ իսկոյն՝ նրանց գալու հետ մէկտեղ, փլուեց Երուսաղէմի պարիսպը, քաղդէացիները բոլոր կողմերից մտան Երուսաղէմ քաղաք եւ ամէն բան աւար վերցրին: Շատ արիւն թափեցին եւ Աստուծոյ սուրբերի մարմինները գցեցին Երուսաղէմ քաղաքի շուրջը՝ որպէս գազանների եւ թռչունների կերակուր, եւ չկար մէկը, որ թաղէր նրանց: Գերեցին Յուդայի եւ Իսրայէլի բոլոր որդիներին ու տարան Բաբելոն: Եւ Երեմիան տաճարի հուրը գցեց ջրհորի մէջ, բանալին յանձնեց արեգակին ու ասաց. «Ձեր Արարչի հրամանով առէ՛ք եւ պահէ՛ք այդ»:
Երեմիան, գերեվարուածների յետեւից Բաբելոն գնաց, իսկ Բարուքը մեծ ողբով ելաւ քաղաքից ու բնակուեց միայն գերեզմաններում: Ամէն օր Տիրոջ հրեշտակը երեւում էր նրան եւ անդադար մխիթարում: Իսկ Աբդիմելէքը, որ թուզը բերելիս ճանապարհին տոչորւում էր շոգից, նստեց մի ծառի տակ՝ հանգստանալու, որովհետեւ սաստիկ յոգնած էր: Գլուխը դրեց կողովի վրայ եւ վաթսունութ տարի ննջեց քնով ու չարթնացաւ: Եւ երբ արթնացաւ, ասաց. «Ննջեցի քաղցրութեամբ ու փոքր-ինչ քուն մտայ»: Բացեց ու տեսաւ, որ թուզը դեռեւս թարմ էր եւ հիւթեղ: Ասաց. «Գլուխս ծանրացել է, որովհետեւ չյագեցայ քնով: Բայց եթէ նորից ննջեմ, վախենում եմ, որ երկար քնեմ, եւ Երեմիա մարգարէն դժուարանայ ինձ շտապ ուղարկել հիւանդների մօտ»: Եւ վեր կացաւ, առաւ թուզն ու գնաց, սակայն չգիտէր ճանապարհը եւ չէր ճանաչում քաղաքը: Չէր տեսնում նաեւ իր ծանօթներից որեւէ մէկին, որին տեսել էր երեկ կամ նախորդ օրը: Եւ ասում էր. «Փա՜ռք Աստուծոյ, թերեւս մոլորուել եմ»: Եւ տեսնելով մի ալեւորի՝ հարցրեց. «Այս ո՞ր քաղաքն է»: Ալեւորը պատասխանեց. «Այս քաղաքը Երուսաղէմն է»: Աբդիմելէքը հարցրեց. «Իսկ որտե՞ղ է Երեմիա մարգարէն եւ քահանան»: Ալեւորը պատասխանեց. «Մոլորուել ես, եղբա՛յր, դու յիմա՛ր ես կամ էլ մեզ ես յիմար համարում: Ո՞ւր է Երեմիան, որի մասին այժմ հարցնում ես: Նա թագաւորի գերեվարուած որդիների հետ Բաբելոն է գնացել»: Աբդիմելէքն ասաց. «Եթէ ալեւոր չլինէիր, ես կ՚անարգէի քեզ: Այսօր Երեմիան ինձ ուղարկեց՝ հիւանդների համար թուզ բերելու, եւ արդ, նայի՛ր այս թուզերին, որոնք դեռեւս թարմ են ու հիւթեղ: Ես փոքր-ինչ ննջեցի ճանապարհին, սակայն քնով չյագեցած՝ իսկոյն եկայ»: Եւ հանելով թուզը՝ ցոյց տուեց նրան: Ալեւորն ասաց. «Որդեա՛կ, դու արդար մարդ ես, եւ Աստուած չկամեցաւ, որ դու տեսնես քաղաքի աւերումը: Նա քեզ վրայ քուն բերեց ու ծածկեց քեզ Իր թեւերի հովանու ներքոյ: Իմացի՛ր, որդեա՛կ, որ քաղաքը գերութեան մատնուելուց յետոյ անցել է վաթսունութ տարի: Եւ դու տե՛ս, որ հիմա ձմեռ է, եւ թզի ժամանակը չէ»: Եւ Աբդիմելէքը բարձրաձայն ասաց. «Օրհնեա՛լ է Աստուած, որ արդարներին ամէն ժամ հանգիստ է տալիս»: Ապա թուզը հանելով՝ տուեց ալեւորին եւ Աստուծոյ հրեշտակի թելադրանքով գնաց ատենադպիր Բարուքի մօտ: Նրանք արտասուքներով ողջագուրուեցին եւ միմեանց հարցուփորձ արին: Տեսնելով թուզը՝ Բարուքն ասաց. «Օրհնեա՛լ է Աստուած, որ սիրում է Իրենից երկիւղած անձանց եւ պահպանում նրանց: Ինչպէս կարող ենք այս հրաշքը հասցնել Երեմիա քահանային»: Եւ դեռ խօսքը չաւարտած՝ ահա մի արծիւ եկաւ ու նստեց նրանց դիմացի ծառին: Այնժամ Բարուքը գրեց թղթի վրա, այդ թղթով փաթաթեց տասնեօթ թուզ, կապեց արծուի պարանոցով եւ ասաց. «Թռի՛ր, այդ տա՛ր Բաբելոն՝ Աստուծոյ քահանայ Երեմիային եւ դարձեալ վերադարձի՛ր ու մեզ պատասխան բեր»:
Արծիւը թռաւ գնաց Բաբելոն, նստեց գերեզմանի մօտ՝ մի ծառի վրայ: Եւ ահա եկաւ Երեմիա քահանան ժողովրդի բազմութեամբ՝ թաղելու Իսրայէլի որդիներից մէկին: Այնժամ արծիւն իջաւ մեռելի վրայ, թեւերով հարուածեց մեռելի երեսին, եւ նա իսկոյն կենդանացաւ: Ամբողջ ժողովուրդը հիացած փառաւորեց Աստծուն: Եւ տեսնելով արծուի պարանոցին կապուած թզերով թուղթը՝ վերցրին այն, ընթերցեցին, իսկ երբ տեսան, որ թուզը թարմ էր, սաստիկ զարմացան: Երեմիան պատասխան թուղթ գրեց Բարուքին եւ յայտնեց իրենց նեղութիւնների մասին, որոնք Բաբելոնում կրում էին անօրէնների կողմից: Այն կապեց արծուի պարանոցին, որն արծիւը թռչելով հասցրեց Երուսաղէմ՝ Բարուքի մօտ: Ստանալով նամակը՝ կարդացին եւ երբ իմացան ժողովրդի նեղութիւնների մասին, դառնագին լաց եղան: Իսկ Երեմիան թուզը տուեց հիւանդներին, որոնք ճաշակելով իսկոյն առողջացան:
Այդ նոյն օրերին Երեմիան ժողովրդի բազմութեամբ վերադարձաւ Երուսաղէմ: Եւ գալով տասը օր՝ ուրախութեամբ եւ գոհութեամբ պատարագներ մատուցեցին: Պատարագի վերջում Երեմիան երկար աղօթեց առ Աստուած, մինչեւ միտքը երկինք յափշտակուեց եւ ասաց. «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ Զօրութիւնների Տէ՛ր, կենդանի Ծա՛ռ եւ ճշմարիտ Լո՛յս, որ պիտի լուսաւորես ինձ, երբ Քեզ մօտ գամ»: Եւ այս ասելով՝ ընկաւ մեռելի պէս: Բարուքն ու Աբդիմելէքը կարծեցին, թէ նա մեռաւ: Այնժամ պատռեցին իրենց հանդերձները, գլուխներին հող լցրին, իսկ ժողովուրդը նախապատրաստուեց Երեմիային թաղել: Ապա մի ձայն լսեցին, որն ասաց. «Մի՛ թաղէք նրան, ով ողջ է»: Երեք օր պահեցին նրան, եւ երեք օր յետոյ Երեմիան բացեց իր աչքերը: Վեր կենալով՝ բարձրաձայն ասաց. «Բոլորդ միաբերան փառք տուէք Աստծուն եւ Նրա օծեալ Որդուն, որ արթնացնում է մեզ, որովհետեւ Նա է Կեանք՝ մեռելների համար եւ Լոյս՝ խաւարում գտնուողների համար: Եւ արդ, չորս հարիւր եօթանասունհինգ տարի յետոյ երկիր պիտի գայ Կենաց Ծառը՝ անպտուղ ծառերը պտղաբեր դարձնելու համար»:
Այդ օրերին մնացած ժողովուրդը մեծ բազմութեամբ Եգիպտոս իջաւ: Նրանց հետ իջաւ նաեւ Երեմիա մարգարէն եւ բնակուեց Տափնասում ու այնտեղ էլ մարգարէացաւ, թէ Տէրը պիտի գայ երկիր, մարդկանց միջից ընտրի իր տասներկու առաքեալներին, որպէսզի քարոզեն Իրեն հեթանոսների մէջ: Երբ ժողովուրդը լսեց այս խօսքերը, բարկացաւ ու ասաց. «Սրանք այն խօսքերն են, որի համար Եսայի մարգարէն ասաց. “Տեսայ Աստծուն եւ Նրա Որդուն”: Եկէք սպանենք սրան, բայց ոչ ինչպէս նրան, այլ քարկոծելով»: Այնժամ Բարուքն ու Աբդիմելէքը տրտմեցին, որովհետեւ դեռեւս կամենում էին նրանից լսել ծածուկ խորհրդի մասին, որ տեսել էր: Եւ դառնագին լաց էին լինում: Երեմիան նրանց ասաց. «Լաց մի՛ եղէք, եղբայրնե՛ր, եւ մի՛ տրտմէք, որովհետեւ նրանք չեն կարող սպանել ինձ, մինչեւ որ չպատմեմ ամէն բան, իսկ դուք ինձ համար մի մեծ վէմ բերէք»: Եւ նրանք բերեցին: Երեմիան ասաց. «Տէր Աստուա՛ծ, նոր Լո՛յսդ Իսրայէլի, կերտի՛ր այս վէմը իմ նմանութեամբ, մինչեւ որ Բարուքին եւ Աբդիմելէքին պատմեմ այն բոլոր խորհուրդների մասին, որոնք Դու յայտնեցիր ինձ»: Եւ Աստուծոյ կամքով վէմը Երեմիայի նմանութեամբ մարդանման կերպարանք ստացաւ: Ժողովուրդն սկսեց քարկոծել վէմը՝ կարծելով, թէ նա Երեմիան է: Այնժամ Երեմիան ամէն բան պատմեց նրանց, ապա գնաց կանգնեց ժողովրդի մէջ, իսկ վէմը մարդկային ձայնով աղաղակեց ու ասաց. «Յիմարնե՛ր, ահա Երեմիան ձեր մէջ է, ինչո՞ւ էք ինձ քարկոծում» եւ դարձեալ քար դարձաւ: Այնժամ ամբոխը, տեսնելով Երեմիային, սկսեցին քարկոծել նրան, որը ծնրադրած աղօթում էր եւ թողութիւն հայցում իրեն քարկոծողների համար: Եւ այդպէս Երեմիան նահատակուեց այդտեղ: Նա թաղուեց իր աշակերտների՝ Աբդիմելէքի եւ Բարուքի ձեռքով, ու այն վէմն էլ կանգնեցրին նրա գերեզմանի վրայ՝ որպէս մարգարէի նահատակութեան վկայութիւն: Դրա վրայ դրոշմեցին, թէ սա այն վէմն է, որն օգնական եղաւ Երեմիային եւ քարկոծուեց նրա հետ: Եգիպտացիները յոյժ պատուեցին եւ փառաւորեցին նրան՝ գտնելով բարիքներ ու Աստուծոյ ողորմութիւն նրա միջոցով, քանզի մինչ ողջ էր, աղօթքներով ոչնչացնում էր քարբերին եւ ջրային գազաններին՝ կոկորդիլոսներին, որոնք աշխարհի բնակիչների վնասատուներն են: Իսկ Ալեքսանդր Մակեդոնացի արքան, իմանալով կատարուած հրաշքների մասին, մարգարէի նշխարները տարաւ իր Ալեքսանդրիա քաղաքը եւ պատուով ու փառաւորապէս պահեց այնտեղ: Սուրբ մարգարէի կողերից մէկը պատուով դուրս բերեցին ու շրջեցրին քաղաքի պարսպով, որտեղից եւս վերացան քարբերն ու կոկորդիլոսները:
Նա նշան տուեց եգիպտացիներին, որ նրանց կուռքերը պիտի վերանան, ընկնեն, կործանուեն եւ աւիրուեն Իսրայէլի Փրկչի՝ Կոյսից ծնուած Մանկան միջոցով: Եւ թող Նա ողորմի այս գիրը թողնողին. ամէն:
[1] Երեմ. Ի 1-2:
[2] Երեմ. ԼԲ 2-3:
[3] Երեմ. ԼԷ 14-16:
[4] Երեմ. ԼԸ 6:
Վերցված է ՝ https://shavigh.am/ -ից