Զպսակիչն սրբոց եւ զհանգուցեալն ի Քերովբէս.
Անդադար ձայնիւ երգելով.
Օրհնեցէք զՏէր յօրհնութիւն ի նոր:
Այսօր տօնէ եկեղեցի զյիշատակ սրբոց մարտիրոսացն.
Ընդ որս եւ մեք ձայնիւ երգելով
Օրհնեցէք զՏէր յօրհնութիւն ի նոր:
Որ անթառամ փառօք պսակէ զսուրբս իւր
Եւ ի դասս լուսեղէնս վերացոյց.
Օրհնեցէք զՏէր յօրհնութիւն ի նոր:
(Շարակնոց)
Համբերողների նախատիպը եւ առաքինի կենդանի նահատակ Յոբ երանելին, որ Աստուծոյ կողմից վկայուեց որպէս ճշմարիտ, անարատ, արդար, աստուածապաշտ այր, Աբրահամի զաւակն էր՝ Եսաւի սերնդից, վեցերորդ սերունդը Աբրահամից, քանզի Աբրահամը ծնեց Իսահակին, Իսահակը ծնեց Եսաւին եւ Յակոբին, Եսաւը, որ Եդոմ կոչուեց, Իսմայէլի դուստր Բասեմաթից ծնեց Ռագուէլին, Ռագուլը ծնեց Զարեհին, Զարեհն իր բոսորացի կնոջից ծնեց Յոբաբին, այսինքն Յոբին: Նա Մովսէսի ժամանակակիցն էր, բայց նրանից աւագ էր մէկ սերնդով եւ ապրեց Մովսէսից երկար՝ մինչեւ Դատաւորների ժամանակները:
Մովսէսի օրօք այլազգիների մէջ կային Բաղակ անունով երկու թագաւորներ. մէկը մովաբացիների արքայ Բաղակն էր՝ Սեպփորի որդին, որն ընդդէմ Իսրայէլի խորհուրդ հարցրեց Բէովրի որդի Բաաղամից, իսկ միւսը Դեննաբա քաղաքում Եդոմի արքայ Բաղակն էր, որը բարեկամ էր Իսրայէլի երկրին: Եդոմացիների սոյն Բաղակին յաջորդեց Յոբաբը, որը Յոբ Արդարն էր եւ թագաւորեց այդ Դեննաբա քաղաքում կամ Եդոմի քաղաքներից մէկում: Նրա հայրենի երկիրը Հուսն էր, ուր ծնուել էր: Այն գտնւում էր եդոմայեցիների ու արաբների երկրների սահմանամիջում, որին Սուրբ Գիրքը Արեւելքի երկիր է կոչում: Ոմանք համարում են, թէ այն գտնւում է ասորիների Միջագետքում, երեք քաղաքների՝ Ամիդի, Ուռհայի եւ Բերդինի միջեւ, եւ ոմանք էլ՝ Թլկուրանում, որ գտնւում է հայկական Միջագետքի սահմանների մօտ:
Արդ, Աստուծոյ ընտրեալ Յոբը թէ՛ իր նախորդի՝ Բաղակի օրօք, եւ թէ՛ նրանից յետոյ թագաւորելիս, բոլորի կողմից ճանաչուած էր որպէս իր գաւառի թագաւոր՝ մեծ հարստութեամբ եւ ունեցուածքով, բայց առաւել եւս՝ իր մեծ հաւատով եւ կատարեալ իմաստութեամբ: Մեծ էին նրա արած գործերը երկրի վրայ: Ինչպէս ոմանք կարծում են, նա ունէր քահանայական պատիւ Մելքիսեդեկի նմանութեամբ: Ամէն օր բարձրեալ Աստծուն հաճելի զոհեր էր մատուցում իր տան քաւութեան համար եւ ի գոհութիւն բարերար Աստուծոյ: Արեւելաբնակների մէջ աստուածապաշտութեան կենդանի օրինակ էր եւ Աստծուն հաճելի կենդանի պատգամ, որ բոլորին առաջնորդում էր ուղիղ ճանապարհով ու արդարապէս դատում բոլոր դատաստանները: Առատաձեռն էր կարօտեալների հանդէպ, հայր էր որբերի եւ այրիների, խորհրդատու իմաստունների եւ խրատող անզգամների համար: Փայլում էր բոլոր առաքինութիւններով եւ գովելի ու սիրելի էր ամէն մարդու, բայց նա առաւել սիրելի էր Աստծուն այնքան, որ տիեզերքի Արարիչը պարծենում էր Իր հաւատարիմ Յոբ ծառայով եւ բոլորին փորձութեան ենթարկող սատանային ասում. «Ուշադրութիւն դարձրի՞ր Իմ ծառայ Յոբին, որի նման անարատ, ճշմարտախօս, աստուածապաշտ, ամէն տեսակ չար գործերից հեռու մնացող մարդ չկայ երկրի վրայ»[1], որովհետեւ այդ արդար այրը ձեռք էր բերում առաքինութիւններ առանց օրէնքի եւ օրէնքից էլ վեր ու նա մի մարդ էր Աստուծոյ սրտով:
Այդ պատճառով չարանախանձ թշնամին, լցուած չարութեամբ Արդարի դէմ, համարձակուեց Տիրոջ առաջ բանսարկութեամբ չարախօսել նրանից ու ասել. «Մի՞թէ Յոբը ձրի է պաշտում Տիրոջը: Չէ՞ որ Դու ես նրան տուել մեծ հարստութիւն եւ ազատ կեանք: Հապա թոյլ տուր, որ կործանեմ նրա ամբողջ ունեցուածքը, եւ Դու կը տեսնես, թէ ինչպէս դրանից յետոյ Քեզ օրհնելու փոխարէն նա կ՚անիծի քեզ»[2]:
Խորամանկ բանսարկուն խաբուեց, որովհետեւ կամենալով սուտ ցոյց տալ Աստուծոյ անսուտ վկայութեանը, աւելի ու աւելի հաւատարիմ դարձրեց նրան ողջ տիեզերքի առջեւ եւ առաւել մեծ վարձքի առիթ տուեց Աստուծոյ մարդուն: Իսկ Աստուած հէնց դա էր կամենում եւ փորձողին թոյլ տուեց անել այն, ինչ գիտէր:
Այնժամ սատանան նախեւառաջ գերեվարողներ արձակեց Յոբի անդաստանների ու հօտերի վրայ, որոնք կային նրա ագարակներում եւ դաշտերում: Նա ունէր եօթ հազար ոչխարներ, երեք հազար ուղտեր, հինգ հարիւր լծկան եզներ, արածող հինգ հարիւր մատակ էշեր: Սատանան գերել տուեց արջառներ եւ էշեր, կոտորել տուեց ծառաներին: Ապա երկնքից հուր թափել տուեց եւ այրեց ոչխարների հօտերն ու հովիւներին: Արձակեց նաեւ ասպատակողներին, որոնք տարան ուղտերին ու սրի ճարակ դարձրեց ուղտապաններին եւ այլ սպասաւորներին: Միաժամանակ ձեռք բարձրացրեց նաեւ Արդարի զաւակների վրայ, որն ունէր եօթ ուստրեր եւ երեք դուստրեր: Մշտական սովորութեան համաձայն՝ նրանք հաւաքուել էին իրենց աւագ եղբօր տանը եւ մինչ բազմած էին ուրախութեան սեղանի շուրջը, դեւը յանկարծակի սաստիկ հողմ բարձրացրեց անապատի կողմից եւ խփեց տան չորս անկիւններին, որից տունը փլուեց նստածների վրայ եւ կործանեց բոլորին:
Արդ, այս բոլոր հարուածներից փրկուեցին մի քանի ծառաներ, որոնք եկան գուժելու Յոբին: Նախկին բօթաբերը դեռ խօսքը չաւարտած՝ վրայ էր հասնում միւսը, եւ այդպէս այս անտանելի չարիքների բօթը մի ժամուայ մէջ հասաւ Յոբին: Լսելով այս ամէնը հեզիկ լռութեամբ եւ սքանչելի համբերութեամբ՝ Արդարը բնաւ չգանգատուեց որեւէ մէկից, այլ վեր կացաւ, պատռեց իր հանդերձները, կտրեց իր գլխի մազերը՝ ի նշան օրինաւոր սգի եւ ընկնելով գետնին՝ երկրպագեց Տիրոջն ու ասաց յաւերժական յիշատակի արժանի խօսքեր. «Ես մերկ եկայ իմ մօր որովայնից եւ մերկ էլ կը վերադառնամ: Տէրը տուեց եւ Տէրն էլ առաւ: Ինչպէս որ հաճելի էր Տիրոջը, այնպէս էլ եղաւ: Թող օրհնեալ լինի Տիրոջ անունը»[3]: Ահա այսպիսինն էր քաջ նահատակի անպարտելի առաքինութիւնը՝ ընդդէմ չարի մրցապայքարի: Նրա հզօր համբերութիւնն աւիրեց բանսարկուի պարիսպները եւ ունայնացրեց նրա չարութեան բոլոր հնարքները: Այդ պատճառով Աստուած, որ փառաւորուեց Իր ծառայի գործերով, յաջորդ անգամ բանսարկուին երեսով տալով՝ ասաց. «Տեսա՞ր արդեօք Իմ ծառայ Յոբին, որի նման ճշմարտախօս, անարատ, աստուածապաշտ, բոլոր չար գործերից հեռու մնացող մարդ չկայ երկրի վրայ եւ դեռ հաստատուն էլ մնում է իր անմեղութեան մէջ: Եւ դու զուր էիր խօսում՝ ասելով, թէ կորստեան կը մատնեմ նրա ունեցուածքը»[4]:
Այնժամ Աստուծոյ թոյլտւութեամբ չարն առաւել խստացաւ եւ ընդդէմ առաքինի մարդու արիութեան՝ պատճառներ էր փնտռում փորձութիւնների մրցասպարէզում՝ ասելով, թէ մեծ բան չէ ունեցուածքի կորուստը, երբ ինքը ողջ առողջ է: «Թո՛յլ տուր, — ասաց, — որ հարուածեմ նրան մահուան դուռ հասցնող անտանելի հիւանդութիւններով, ու կը տեսնես, թէ արդեօ՞ք նա չի տրտնջայ»: Եւ որպէսզի աւելի ու աւելի ի յայտ գար Իր զինուորի քաջութիւնը, Աստուած թոյլ տուեց նրան, միայն թէ չդիպչէր նրա հոգուն եւ չսպանէր:
Եւ սատանան ոտքից մինչեւ գլուխ Յոբին պատեց չարորակ վէրքերով: Փտեցին նրա վէրքերը, մարմինը լցուեց շարաւով ու զազրելի որդերով: Չհանդուրժելով հոտը՝ ծառաները նրան դուրս բերեցին տանից եւ գցեցին աղբակոյտի մօտ, ուր նստում էր ցաւագին անձով ու մի խեցի առած՝ քերում էր թարախը[5]:
Մեծ էր նրա հարուածը, իսկ տեսարանը՝ ողորմելի: Դժուար էր տեսնել թագաւոր մարդուն անօգնական, անմխիթար եւ շարաւալից նստած աղբակոյտի մէջ ու գիշեր թէ ցերեկ համակուած անտանելի ցաւերով, առաւել ամէն տեսակ ախտալից հիւանդութիւններից, քանի որ դժոխային դահճի աներեւոյթ ձեռքն անխնայ կտտանքներով խոշտանգում էր նրան: Եւ այսպէս, ինչպէս Սուրբ Գիրքն է ասում, երկար ժամանակ տեւեց: Նախկին վարդապետներից շատերն ասում են, թէ տեւեց եօթ տարի, ուրիշներն էլ՝ աւելի կամ պակաս: Բայց եթէ անգամ այն սակաւօրեայ լինէր, անտանելի կը թուար ամէն մարդու, եւ առաւել եւս որքան սաստիկ կը լինէր երկարատեւ լինելու դէպքում:
Բայց երանելի նահատակն ամէն բան կրում էր կատարեալ համբերութեամբ եւ սրտով ու բերանով անդադար օրհնում Տիրոջը, որովհետեւ հասկանում էր, որ միայն Նրանից են աղցաւոր կեանքի թէ՛ հանգիստը, թէ՛ տառապանքները: Եւ քանի որ անարատ էր հոգով, անարատ խղճմտանքի վկայութեամբ էլ ապրում էր առանց ալեկոծութիւնների եւ իր խորհուրդներում հասկանում էր, որ Տիրոջ խրատները վարձքի եւ ոչ թէ պատժի համար են Իրենից երկիւղածների համար: Ստուգապէս այդ պահին չգիտէր, որ սատանան ինքն է փորձում իրեն չարակնութեամբ, սակայն քաջապէս խելամուտ էր, որ Տիրոջ ծառաների օգտի համար ամէն բան կատարւում է Աստուծոյ յատուկ թոյլտւութեամբ:
Տեսնելով, որ իսպառ ամօթահար եղաւ առաքինի մարդու կողմից՝ բանսարկուն տրորուեց նահատակի ոտքերի տակ, որովհետեւ թէ՛ աշխարհը, թէ՛ նրա ունեցուածքը հասարակ զէնքեր էին, իսկ մարմինն ու նրա վայելքները եւս առոչինչ համարուեցին Արդարի կողմից: Այնժամ որոշեց վերցնել իր հին զէնքը եւ օգտագործել կնոջը, որ թերեւս նրա միջոցով հնարաւոր լինէր սասանել Արդարի ամուր միտքը եւ նրա բերանից որսալ դժգոհութիւն արտայայտող խօսքեր: Արդ, թէպէտ Յոբի կինը աստուածապաշտ էր եւ խրատուած էր ամուսնու առաքինի օրինակով, սակայն հեշտութեամբ խաբուեց չարի ծածուկ թելադրանքից: Ըստ կանանց յատուկ տկար բարքի՝ մտածում էր կատարուածների մասին եւ չէր կարողանում յանդուրժել եղածը, որովհետեւ ինքը եւս իր ամուսնու պատճառով մերկացել եւ ունայնացել էր տիկնութեան ամբողջ փառքից ու տնանկ դարձել, զրկուել էր ուստրերից եւ դուստրերից ու կորցրել ապրելու յոյսը: Այդ պատճառով եկաւ կանգնեց Յոբի առաջ ու սկսեց գանգատուել իրենց վիճակից: Հոգու դառնութիւնից չգիտէր, թէ ինչ էր խօսում՝ ասելով. «Արդ, մի խօսք ասա Տիրոջն ու մեռի՛ր»: Իսկ երանելի Յոբը, խոժոռ դէմքով նայելով նրան, ասաց. «Խօսեցիր ինչպէս մի անզգամ կին: Դու, որ մեծացել ես երկիւղածութեամբ եւ բարեպաշտութեամբ, չկարողացար տանել թէ՛ յաջողութիւնները եւ թէ՛ ձախորդութիւնները, որոնք առհասարակ բաշխւում են մեզ Աստուծոյ ձեռքից: Եւ արդ, եթէ բարիքներ ենք ստացել Տիրոջից, պէտք է չարիքներին չհամբերե՞նք»:
Ո՜հ, կատարեալ համբերողի եւ քաջայաղթ նահատակի հրաշալի խօսքեր, որոնցով նա գլուխ բերեց յաղթանակ ընդդէմ սատանայի, քանզի չարը, ամէն տեսակ հարուածներ հասցնելով, անվնաս էր պահում Արդարի լեզուն, որպէսզի որեւէ չար խօսք լսէր նրանից: Սակայն անհնար էր, որ անէծքներ ելնէին օրհնեալ բերանից, որից միշտ օրհնութիւններ էին բխում: Ուրեմն ի՞նչ, չարն արդէն պիտի փորձէր որսալ նրան բարեկամների խօսքով, որոնց նախանձութեան եւ եղբայրական յանդիմանութեան ոգով գրգռեց ընդդէմ երանելու:
Յոբի այս բարեկամները երեքն էին՝ աստուածպաշտութեամբ եւ իմաստութեամբ լի երեւելի անձինք, արքայանման մեծամեծ իշխաններ, բնակութեամբ սահմանակիցներ ու միմեանց տոհմակիցներ: Մէկը թեմնացիների արքայ Եղիփազն էր, որ Եսաւի տոհմից էր, ընդ որում Եսաւի անդրանիկ որդու անունը նոյնպէս Եղիփազ էր, երկրորդը սոքեցիների բռնակալ Բաղդատն էր, որը Սուքեր երկրի ինքնակալ իշխանն էր եւ երրորդը՝ մինեցիների արքայ Սոփարը, որը նոյնպէս համարւում է Եսաւի տոհմից, որովհետեւ Սոփարը Եղիփազի՝ Եսաւի որդու որդին էր:
Արդ, լսելով աղետալից լուրերի մասին, որ հասել էին Յոբին, միաբան եկան՝ բարեկամաբար մխիթարելու, սակայն հեռուից տեսնելով նրան՝ նախ չճանաչեցին, որովհետեւ երանելին որդնալից եւ շարաւալից անշունչ կերպարանք էր ստացել: Ապա ճանաչելով՝ բարձրաղաղակ լաց եղան նրա համար իբրեւ մեռած մէկի, պատռեցին իրենց պատմուճանները, երկինք նայելով՝ հող ցանեցին իրենց գլուխներին, գետնի վրայ եօթ օր ու եօթ գիշեր նստեցին նրա շուրջը, եւ նրանցից ոչ ոք չհամարձակուեց մխիթարական մի խօսք ասել, որովհետեւ, ինչպէս Սուրբ Գիրքն է ասում, տեսնում էին նրան հասած անտանելի ու սաստիկ հարուածները: Իսկ թէ զարմանքի այդ օրերին ինչ էին որոճում իրենց մտքերում կամ ծաղրաբանելով շշնջում միմեանց հետ, եւ թէ ինչ խորհուրդներ ունէր Յոբ Արդարն իր սրտում, յայտնի էր դարձնում թէ՛ սրա եւ թէ՛ նրանց խօսքերը: Քանզի նրանք, տեսնելով իրենց բարեկամին այդպիսի անտանելի հարուածների մէջ, մարդկայնօրէն դատեցին նրան, որ Աստուած չարաչար պատուհասել է նրան իր ծածուկ յանցանքների համար: Մարդկային բնութեանը յոյժ յատուկ է մեղադրելը, որովհետեւ երբ տեսնում են ընկած մէկին, ոտքի տակ են տալիս կամ նրան հասած պատիժը արժանահաս համարում, եւ այսպէս մենք եւս ամէն օր մեղանչում ենք ընդդէմ եղբայրասիրութեան: Բայց Յոբ Արդարը, որն իր մէջ չէր տեսնում նման պատուհասի արժանի որեւէ մեղք, տեղի չէր տալիս նրանց խորհուրդներին ու խօսքերին, այլ միայն ի յայտ էր բերում Աստուծոյ ծածուկ գործերը եւ ուսուցանում կեանքի ունայնութեան ու անցաւոր փառքի, թագաւորական հարստութեան եւ աշխարհի փափկութեան եղկելի լինելը: Ցոյց էր տալիս, թէ անգամ աւելի լաւ է չտեսնել առօրեայ կեանքի վայելքները, քան թէ միառժամանակ վայելելուց յետոյ մատնուել նման ողորմելի վիճակի: Եւ այս մտքով էր գանգատւում իր անձին, թէ ինչո՞ւ արեւ եւ բարօրութիւն տեսաւ, եթէ պիտի կրէր այդ ամէնը:
Եւ որքան այսպէս վստահութեամբ էր խօսում Աստուծոյ հետ, այնքան բարեկամներն աւելի էին չարանում նրա դէմ ու բորբոքւում՝ կարծելով, թէ մեղապարտ մէկը խօսում է իր անձի մասին արդար մարդու պէս: Եւ սկսեցին սիրով խրատել նրան, որ իրեն յանցաւոր ճանաչի ու արժանի այդ ամէնին, որ կրում էր: Եւ իբրեւ թէ կրթուած լինելով աստուածասիրութեան հոգով՝ կսկծալի դառը կշտամբանքներ էին հասցնում նրան: Այդ պատճառով Արդարն իրաւամբ նրանց կոչեց մեղանչական բժիշկներ եւ վնասատու մխիթարիչներ, որովհետեւ նրանք, կարծելով, թէ խրատներով բարերարութիւն են անում, սակայն զուր չարախօսում էին:
Եւ երբ չկարողացան նուաճել նրան, առաջ եկաւ Բարաքիէլի որդի Եղիուս Բուզացին, որ օսիտացիների երկրից եւ Արամի արիւնակիցներից էր: Նա, հզօր լինելով խօսքով եւ զօրաւոր մտքով, սաստիկ բարկացաւ Յոբի վրայ, որովհետեւ նա իրեն արդար էր ցոյց տալիս Տիրոջ առաջ: Սաստիկ բարկացաւ նաեւ նրա երեք բարեկամների վրայ, որ չկարողացան լռեցնել Յոբին եւ սկսեց ճարտար խօսքերով խրատել, թէ Աստուած արդար դատաւոր է եւ չի պատժում արդարներին: «Իմացի՛ր, — ասաց, — որ Տէրը չի մերժում անմեղներին», իսկ Յոբ երանելին լուռ էր մնում եւ պատասխան չէր տալիս Եղիուսի խօսքերին, որովհետեւ տեսնում էր, որ իր ընդդիմախօսները չեն հասկանում, որ այլ է վրէժխնդրութեան արդարութիւնը եւ այլ է ինքնիշխան Տէրութեան արդարութիւնը, որ Աստուած յանիրաւի չի վնասում եւ արտաքին հարուածներ է բերում նաեւ արդարների վրայ, քանզի հարուածում է, ում կամենում է, բժշկում է, ում կամենում է եւ տանջում է, ում սիրում է՝ խրատելով իբրեւ սիրելի որդու: Այստեղ նեղութիւններ է տալիս, որ հանդերձեալում պսակի առաւել փառքով: Եւ այսպէս Յոբը մնաց իր կարծիքին, նրան յանդիմանողներն էլ՝ իրենց կարծիքին, մինչեւ որ Աստուած խօսքով եւ գործով Ինքը լուծեց նրանց անլուծելի վէճը: Քանզի երբ Եղիուսը դադարեց խօսելուց, յանկարծ սաստիկ մրրիկ սկսուեց եւ այն տեղում, ուր նստած էր Յոբը եւ իր հետ եղողները, երեւաց նորատեսիլ մի ամպ: Տէրն ամպի միջից սկսեց խօսել Յոբի հետ որպէս Իր մտերիմ բարեկամի եւ ուսուցանեց Յոբի բարեկամներին, թէ ինչպէս պէտք է բարեկամը խրատի բարեկամին, ոչ թէ կսկիծ պատճառի, այլ մտահոգուի, ճանաչի Աստուծոյ բացարձակ տէրութիւնը եւ չբամբասի Նրա արդարութիւնից, երբ Նա պատժում է արդարներին՝ որպէս մեղաւորների: Իսկ Յոբին հասկացրեց ու ասաց. «Քաջատեղեակ եմ քո եւ մարդկանց բոլոր որդիների խորհուրդներին, բայց դուք չէք կարող հասու լինել Իմ գործերին եւ քննել Իմ դատաստանները, թէ ինչու թոյլ տուեցի, որ այդ բոլոր չարիքները պատահեն քեզ, որովհետեւ այլ են Իմ խորհուրդները, եւ այլ՝ ձեր խորհուրդները: Դուք խորհում էք մարդկայնօրէն, իսկ Ես գործում եմ աստուածաբար: Մարդկանցից ո՞վ կարող է իմանալ Աստուծոյ գործերը, էլ չեմ ասում՝ հասու լինի Նրա խորհուրդներին»:
Եւ առ այս՝ Աստուած Յոբի միտքը յառեց տեսանելի արարածների վրայ՝ ասելով. «Կարո՞ղ ես հասկանալ նրանց կարգաւորութիւնն ու ընթացքը կամ թէ կարո՞ղ ես լինել նրանց հրամանատարը, ինչպէս որ Ես: Եւ եթէ չես կարող, ապա անկարող ճանաչիր քեզ եւ առաւել եւս՝ ոչ հասու Իմ ծածուկ գործերին»:
Յոբը Տիրոջից լսեց մեծամեծ ու զարմանալի բաներ եւ, այդ ամէնը համարելով որպէս խրատ եւ յանդիմանութիւն, չհամարձակուեց բանալ իր բերանն ու պատասխանել: Այլ միայն որդիական երկիւղով եւ վհատ սրտով յայտարարեց իր անձի պարտութիւնը, «որովհետեւ, — ասաց, — կշտամբանքներ եմ լսում ոչ միայն մարդկանց, այլեւ Տիրոջ կողմից: Ես ոչնչութիւն եմ, եւ ի՞նչ պատասխանեմ, եթէ ոչ պապանձուեմ»: Բայց Աստուած դարձեալ խօսեց Իր սիրելի ծառայի հետ՝ զօրացնելով նրան ու ասելով. «Մի՛ համարիր, թէ Ես քեզ այլ ազդարարութեամբ չեմ յայտնուել, քան այնպէս, որ դու արդար երեւաս»[6]: Եւ յաջորդ խօսքերով առաւել հաստատեց նրան խոնարհութեան մէջ, «քանզի, — ասաց, — չես կարող բազուկ առ բազուկ մրցել Տիրոջ հետ եւ պատասխանել Նրա բոլոր խօսքերին»: Եւ ցոյց տուեց կատաղի սադայէլին մեծ կէտի կամ վիշապի օրինակով, թէ ինչպէս է նա հնարքներ որոնում՝ որսալու բոլոր մարդկանց հոգիներին եւ յայտնեց, որ ոչ ոք չի կարող յաղթել չարին, եթէ ոչ Աստուծոյ օգնութեամբ, եւ երբ գալիս է ժամանակը, Աստուած իսպառ սանձահարում է նրան Քրիստոսի խաչի զօրութեամբ եւ նուաճում ապստամբողին Իր ծառաների ոտքերի տակ:
Սոյն խօսքերի խորհուրդը Աստուած խորապէս տպաւորեց Յոբի սրտում, յայտնապէս ճանաչել տուեց, որ Տէրն Ինքն է թոյլ տուել բանսարկուին մարտնչել իր հետ, եւ Ինքն էր, որ զօրացրեց իրեն՝ յաղթելու չարին: Միեւնոյն ժամանակ Յոբին մարգարէական հոգով հաղորդ դարձրեց Իր Միածնի մարդեղութեան խորհրդին, որի համար Տիրոջ խօսքերից յետոյ Յոբը, ընկղմուած խոնարհութեան խորխորատներում, ուրախութեամբ խոստովանեց. «Լսեցի մեծամեծ եւ զարմանալի բաներ, որոնց հասու չեմ եղել: Սրանից առաջ ես լսել էի լոկ ականջներովս, բայց այժմ աչքերս տեսան հէնց Քեզ: Այդ պատճառով անձս նուաստ համարեցի, հող ու մոխիր ու ես հալուեցի»:
Եւ որպէսզի Յոբի բարեկամները չկարծէին, թէ նա լռեց Տիրոջ առջեւ որպէս մեղաւոր, Տէրը Եղիփազ Թեմնացուն ասաց. «Մեղանչեցիր դու, նաեւ քո երկու բարեկամները, որովհետեւ Իմ առաջ ճշմարիտ բան չասացիք, ինչպէս Իմ ծառայ Յոբը եւ կշտամբեցիք նրան որպէս պատժուած մեղաւոր: Ես ի պատիւ նրա՝ խնայեցի ձեզ, այլապէս կորստեան կը մատնէի: Այժմ եօթ զուարակ առէք ու եօթը խոյ, գնացէ՛ք Իմ ծառայ Յոբի մօտ, եւ թող նա ողջակէզ անի ու աղօթի ձեզ համար, որպէսզի քաւութիւն տամ ձեր մեղքերին»:
Այնժամ Աստուած բժշկեց Յոբին բոլոր հարուածներից եւ ցաւերից ու նորոգելով զարդարեց: Իսկ նրա երեք բարեկամներն ամէն բան արեցին այնպէս, ինչպէս որ Տէրը հրամայեց, եւ յանուն Յոբի՝ Տէրը թողութիւն շնորհեց նրանց մեղքերին: Եւ Տէրը հարստացրեց Յոբին ու կրկնակի աւելին տուեց, որ ունէր առաջ: Իմանալով այս՝ նրա բոլոր մերձաւորներն ու ազգականները ընծաներով հանդերձ եկան նրա մօտ, ուրախացան նրա հետ, մխիթարեցին եւ զարմացան այն բոլոր բաների վրայ, որ Տէրը հասցրել էր նրան: Յոբի համար դարձեալ եօթ ուստրեր եւ երեք դուստրեր ծնուեցին: Երկնքի ներքոյ Յոբի դուստրերի պէս ու նրանցից աւելի գեղեցիկ աղջիկներ չեղան: Երանելի Յոբն այդ հարուածներից յետոյ ապրեց հարիւր եօթանասուն տարի: Նա ապրեց ընդամենը երկու հարիւր քառասունութ տարի՝ վախճանուելով զառամեալ հասակում: Իր կեանքի բոլոր օրերն ապրեց աստուածահաճոյ վարքով ու կատարեալ համբերութեամբ, որպէսզի փառքով յարութիւն առնի նրանց հետ, որոնց Տէրը պիտի յարութիւն տայ անվախճան կեանքում:
Յոգի գիրքն ընթերցելն օգտակար է այնքան, որ գրքի նախագրութեան մէջ գրուած է. «Այս գիրքը մեծ մխիթարութիւն է տալիս համբերողներին եւ վիշտ կրող անձանց … : Այն խրատ է բոլորի՝ թագաւորների, քահանաների, իշխանների, ռամիկների, աղքատների, հարուստների, վիրաւորների համար, որոնց բիւր օրինակներ է տալիս եւ հաստատում է նրանց, ովքեր ընկած են ունեցուածքի եւ այլ գայթակղութիւնների մէջ: Նաեւ նրանք, որոնք տառապում են դեւերի կողմից, այս գրքով հանգիստ եւ բժշկութիւն կը գտնեն: Եւ ովքեր սրանով արթուն կը պահեն իրենց անձերը, մեծահոգաբար կը տանեն բոլոր զրկանքները»:
Յոբի մասին գովասանական խօսքը բովանդակուած է Յակոբոս առաքեալի թղթում, ուր ասուած է. «Լսել էք Յոբի համբերութեան մասին եւ տեսել, ինչ որ Տէրը նրան արեց վերջում»[7], իսկ սուրբ վարդապետների գրութիւններում երանելի Յոբը կոչւում է նահապետ, մարգարէ, թագաւոր, քահանայ, նահատակ եւ վկայ, որովհետեւ, ինչպէս ասում է սուրբ Ոսկեբերանը, թէպէտ նա չկանգնեց ատեանի առջեւ, չլսեց դատաւորի ձայն, չտեսաւ դահիճ, բայց կրեց աւելի ծանր չարչարանքներ, քան մարտիրոսները:
՚
[1] Յոբ.Ա 8:
[2] Յոբ.Ա 9:
[3] Յոբ.Ա 21:
[4] Յոբ Բ. 3:
[5] Տե՛ս Յոբ Բ 7:
[6] Յոբ Խ 3:
[7] Յակ. Ե 11:
Աղբյուր ՝ https://shavigh.am/