Մարգարէից գերագոյն եւ մեծ ի ծնունդս կանանց,
Որ զտնօրէնութիւն Աստուածորդւոյն յարգանդի ծանեար Հոգւովն.
Աղաչեա զԱստուած վասն մանկանց եկեղեցւոյ:
Յորովայնէ յորովայն երկրպագող Քրիստոսի.
Որ զհուրն Աստուած մերով բնութեամբ մկրտեցեր ի Յորդանան.
Աղաչեա զԱստուած վասն մանկանց եկեղեցւոյ:
Կատարումն օրինաց եւ նախասկիզբն շնորհաց.
Որ Հոգւոյն ի դժոխս քարոզեցեր զփրկութիւն գալստեամբն Քրիստոսի.
Աղաչեա զԱստուած վասն մանկանց եկեղեցւոյ:
(Շարակնոց)
Սուրբ Կարապետը եւ Յովհաննէս Մկրտիչը դեռեւս իր մօր՝ Եղիսաբէթի որովայնում լցուեց Սուրբ հոգով, խայտալով խաղաց իր մօր արգանդում եւ երկրպագեց Աստուծոյ Բանին, Ով եւս սուրբ Կոյս Մարիամի արգանդում էր: Եւ երբ լրացան Յովհաննէսի մօր՝ Եղիսաբէթի յղութեան ինը ամիսները եւ հինգ օրը, Եղիսաբէթն ընկաւ Յիսուսի մօր՝ Մարիամի ոտքերը եւ աղաչեց նրան՝ ասելով. «Երկնքի Թագաւորի մա՛յր, դու եկար ողջոյնով եւ այժմ խաղաղութեամբ գնա՛ քո տուն, ո՛վ տաճարդ Աստուծոյ Բանի: Քանզի ահա հասել է ժամը՝ ծնելու իմ մանկանը: Եւ արժան չէ ծառայիս բազմել, իսկ նա Թագաւորի եւ թագուհու առջեւ ելնի: Պատեհ չէ, որ հողեղէնս նստի, իսկ հուրդ աստուածային ոտքի վրայ սպասաւորի: Պատշաճ չէ, որ ես ընկողմանեմ, իսկ դու ոտքիդ վրայ ծառայես: Ա՛ռ եւ տա՛ր արդարութեան Արեգակիդ եւ թո՛յլ տուր, որ վառուի իմ ճրագը: Ա՛ռ եւ տա՛ր Նրան, Ով զարհուրեցնում է բոցեղէններին, քանզի երբ քո ողջոյնի խօսքը հասաւ իմ ականջին, մանուկս ցնծալով խաղաց իմ որովայնում»:
Մարիամը վերադարձաւ Նազարէթի իր տունը, իսկ Եղիսաբէթը ծնեց իր սքանչելի մանկանը՝ Յովհաննէսին: Մեծ ուրախութիւն եղաւ բարեկամների եւ ազգականների համար, իսկ Զաքարիան դեռեւս պապանձուած էր: Ութերորդ օրը եկան թլփատելու մանկանը եւ ցանկացան կոչել նրան հօր՝ Զաքարիայի անունով, սակայն մայրն ասաց. «Ո՛չ, նա պէտք է Յովհաննէս կոչուի»: Եւ նրանք ասացին. «Բայց ձեր ազգատոհմում չկայ մէկը, որի անունը Յովհաննէս լինի», սակայն մայրը պնդում էր, որ տղայի անունը Յովհաննէս է: Իսկ նրանք, ովքեր թլփատում էին մանկանը, չէին լսում Եղիսաբէթին: Նշանացի ակնարկեցին նրա հօրը՝ Զաքարիային, թէ ինչպէս է կամենում կոչել մանկանը, իսկ նա, որ չէր կարողանում խօսել, մի տախտակ խնդրեց եւ գրեց, թէ տղայի անունը Յովհաննէս է: Այնժամ արձակուեց Զաքարիայի լեզուն, եւ նա սկսեց օրհնաբանել Աստծուն, մարգարէացաւ մանկան համար եւ ասաց. «Դո՛ւ, ո՛վ մանուկ, Բարձրեալի մարգարէն պիտի կոչուես, որովհետև պիտի գնաս Տիրոջ առջեւից՝ պատրաստելու Նրա ճանապարհները»[1]:
Եւ երբ կոտորում էին Բեթլեհէմի մանուկներին, Հերովդէսը սպանելու համար փնտռում էր նաեւ Յովհաննէսին: Վերցնելով նրան՝ մայրը փախաւ դէպի լեռնակողմը: Երբ դահիճները հասան նրանց, Եղիսաբէթն աղաղակեց Տիրոջը, եւ իսկոյն վէմը պատռուեց ու իր մէջ առաւ մօրն ու մանկանը: Երկար օրեր մնացին այդտեղ եւ կերակրուեցին Աստուծոյ շնորհներով: Եւ ապա Տիրոջ հրեշտակը նրանց դուրս բերեց վէմից, Եղիսաբէթին պատուիրեց տուն գնալ ու սգալ մանկան հօր՝ Զաքարիայի համար, որին սպանել էին տաճարում՝ Յովհաննէսին չգտնելու պատճառով: Սակայն Եղիսաբէթի մայրական խիղճը չէր կամենում թողնել մանկանը: Եւ Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Աստուծոյ հրամանով մենք կը սպասաւորենք մանկանը, իսկ դու գնա՛ քո տուն եւ սգա՛ երեխայի հօր համար»: Եւ Եղիսաբէթը գնաց իր տուն թէ՛ ուրախութեամբ եւ թէ՛ լալով: Ուրախ էր մանկան փրկուելու համար եւ լալիս էր նրա հօր համար, բայց առաւել՝ որդուց բաժանուելու համար: Նա այլեւս չտեսաւ տղային:
Իսկ մանուկ Յովհաննէսը մնաց անապատում՝ անտես մարդկանցից եւ սպասաւորուեց հրեշտակների կողմից մինչեւ երեսուն տարին լրանալը: Եւ ապա անապատում Աստուծոյ խօսքը լսելի եղաւ Զաքարիայի որդի Յովհաննէսին. գալ Յորդանանի կողմերը եւ այնտեղ քարոզել ապաշխարութեան մկրտութիւն՝ մեղքերի թողութեան համար: Յովհաննէսը՝ Քրիստոսի Կարապետն ու Մկրտիչը, առաքուեց, որպէսզի մկրտութեամբ պատրաստի Տիրոջ ժողովրդին՝ արժանի լինելու հանդիպել Աստուածորդուն, ինչպէս որ Հնում արեց Մովսէսը. երբ Աստուած մեծ փառքով պիտի երեւար Իսրայէլի որդիներին, նա նախ մկրտեց ժողովրդին ամպի եւ ծովի մէջ: Այսպէս եւ Յովհաննէսը անապատից գալով մաքրեց Իսրայէլը, որպէսզի արժանացնի նրանց ընդառաջ ելնել Աստուածորդուն, Ով գալիս էր վերցնելու աշխարհի մեղքը:
Յովհաննէսը մարդացեալ Աստուծոյ Բանի նախընթացն էր:
Յովհաննէսն Աստուծոյ Որդու կարապետն էր:
Յովհաննեսը Յիսուսին ձեռնադրողն էր:
Յովհաննէսը Մարիամի Որդու կնքահայրն էր:
Յովհաննէսը Աստուծոյ հայրական ձայնը լսողն էր:
Յովհաննէսն աղաւնակերպ Աստուծոյ Հոգուն տեսնողն էր:
Յովհաննէսն Ամենասուրբ Երրորդութիւնը տեսնողն էր:
Յովհաննէսը Քրիստոսի Աստուածութեան վկան էր:
Յովհաննէսը սուրբ Աւազանի արգանդը բացողն էր:
Յովհաննէսը սուրբ Աւետարանի քարոզիչն էր:
Յովհաննէսը ստուերի լրումն էր:
Յովհաննէսը շնորհի սկիզբն էր:
Յովհաննէսով աւարտուեց Մովսէսի օրէնքը:
Յովհաննէսը Քրիստոսի շնորհների սկիզբն էր:
Յովհաննէսը մարգարէների լրումն էր:
Յովհաննէսը նախքան առաքեալներն էր:
Յովհաննէսը մարգարէներից վերջինն էր:
Յովհաննէսը Քրիստոսի աշակերտների նախահայրն էր:
Յովհաննէսը աւետարանիչների գլուխն էր:
Յովհաննէսը կեանքի աւետաբերն էր:
Յովհաննէսը տիեզերքի քարոզիչն էր:
Յովհաննէսը ցանկալի էր հրեշտակներին:
Յովհաննէսը հողեղէնների պարծանքն էր:
Յովհաննէսն ահարկու էր դեւերի համար:
Յովհաննէսը երկիւղ էր սանդարամետականների համար:
Յովհաննէսը Եկեղեցու պսակն էր:
Յովհաննէսը Աստուծոյ Բանի ձայնն էր:
Յովհաննէսը շնորհ էր:
Յովհաննէսը հնազանդութիւն էր:
Յովհաննէսը ճշմարիտ Լոյսի ճրագն էր:
Յովհաննէսը արդարութեան Արեգակի արուսեակն էր:
Յովհաննէսը քաղցրաձայն տատրակ էր:
Յովհաննէսը հոգիների գարնան ազդարարն էր:
Յովհաննէսը չորս կենդանակերպերի խորհուրդն ունէր, ինչպէս որ քերովբէները, որոնք թէ՛ դիմացից եւ թէ՛ թիկունքից աչքեր ունէին: Այդպէս էլ Յովհաննէսն աչքեր ունէր թիկունքից, որոնք մարգարէներն էին եւ նաեւ՝ առջեւից, որոնք առաքեալներն էին: Յովհաննէսը մարգարէ էր մարգարէների հետ եւ առաքեալ առաքեալների հետ: Յովհաննէսը ճգնաւոր էր հրէաների միջից: Յովհաննէսը մարտիրոս էր՝ ելած Իսրայէլից: Յովհաննէսը քահանայ էր եւ քահանայի որդի: Յովհաննէսն Ահարոնի զարմից էր: Յովհաննէսը մարգարէ էր եւ մարգարէի որդի Մովսէսի ցեղից: Եւ եթէ կամենում ես իմանալ նրա փառքի իրական չափը, գնա՛ կայծակնամաքուր աստուածաբան, ամովսածին Եսայու մօտ ու տե՛ս, թէ նա ինչ է ասում Յովհաննէսի մասին: Անապատում աստուածային Խօսքի ձայն է կոչում նրան՝ աստուածային անիմանալի էութիւնից: Բանն Աստուած ելաւ Հայր Աստծուց եւ Իրեն ձայն ընտրեց Ադամի հողեղէն զարմից՝ Յովհաննէս Կարապետին: Սաղմոսերգու Դաւիթը եւս Յովհաննէսին Օծեալի, այսինքն Քրիստոսի ճրագ է կոչում: Մաղաքիան Յովհաննէսին Աստուծոյ երեսի առջեւ հրեշտակ է կոչում: Սակայն Յովհաննէսի ճշմարիտ գովքը Քրիստոս է ասում. «Կանանցից ծնուածների մէջ Յովհաննէս Մկրտչից աւելի մեծը չի ելել»[2] եւ այս ներբողով Տէրը՝ Քրիստոս, հին եւ նոր սուրբերի ողջ պայծառութիւնը պահեց Յովհաննու փառքի ներքոյ: Յովհաննէսը մկրտիչ էր, Յովհաննէսն աւետարանիչ էր եւ դեռեւս արգանդից՝ սքանչելագործ, Յովհաննէսը մէջքի մաշկեղէն գօտիով ի յայտ դարձրեց մեռած լինելը աշխարհի հանդէպ, Յովհաննէսի կերակուրն էր մորեխն ու վայրի մեղրը: Յովհաննէսը քարոզում էր ապաշխարութիւն եւ յանդիմանում օրէնքը: Յովհաննէսն էր, որ կապեց իր հօր լեզուն եւ արձակեց: Կապեց իր ծննդեանը չհաւատալու համար եւ դարձեալ արձակեց իր ծննդեամբ: Եւ ինչպէս որ Միածին Բանն ընտրեց Կոյս Մարիամին եւ ծնուեց նրանից, նոյնպէս էլ ընտրեց Յովհաննէս Կարապետին ու մկրտուեց նրա կողմից: Եւ երբ Մկրտիչն ընդդիմացաւ ու չկամեցաւ մկրտել Նրան, Ով իր մօտ եկաւ մկրտութեան, Յիսուս ասաց. «Թո՛յլ տուր Ինձ, Մկրտի՛չ, մկրտուել քո կողմից քո մկրտութեամբ, որպէսզի այսպէս կատարեմ ամէն արդարութիւն: Ես մկրտւում եմ, որ լուսաւորեմ աշխարհը: Մկրտւում եմ, որ լուանամ Ադամի մեղքերը: Մկրտւում եմ, որ բացեմ երկնքի դռները: Մկրտւում եմ, որ Հայր Աստծուն հաշտեցնեմ մարդկանց հետ: Մկրտւում եմ, որ Հօր Խօսքն իջեցնեմ երկնքից: Մկրտւում եմ, որ սրբեմ ջրերն ու օդը: Մկրտւում եմ, որ աշխարհին ճանաչել տամ Ճշմարտութեան Հոգուն: Մկրտւում եմ, որ աշխարհը մաքրեմ մեղքերից: Մկրտւում եմ, որ ծածկեմ Ադամի մերկութիւնը: Մկրտւում եմ, որ վերացնեմ մահը: Մկրտւում եմ, որ աւերեմ դժոխքը: Մկրտւում եմ, որ արքայութիւնը շինեմ: Մկրտւում եմ, որ մարդկանց մեղքերը ջրի մէջ այրեմ: Մկրտւում եմ, որ հիմնարկեմ Իմ Եկեղեցին: Մկրտւում եմ, որ կանգնեցնեմ Իմ սուրբ Սեղանը: Մկրտւում եմ, որ հաստատեմ Իմ Աւազանը, որով լուանամ մարդկանց մեղքերը եւ արժանացնեմ նրանց երկնքի Արքայութեանը»:
Միածին Որդի՛, Քո մեծ Մկրտչի եւ Յովհաննէս Կարապետի խնդրանքներով թողութիւն շնորհիր այս գիրը թողնողին:
[1] Ղուկ. Ա 76:
[2] Մատթ. ԺԱ 11:
Աղբյուր՝ https://shavigh.am/