ՅԱԿՈԲՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ ՎԱՐՔԸ
/Յակոբոս Ալփեան/
Երանելի սուրբ առաքեալք
Հրաւիրեալք ի սկզբանէ եւ ընտրեալք յորովայնէ.
Սպասաւորք եւ բարեկամք եւ վկայք Աստուածորդւոյն.
Բարեխօսեցէք առ Տէր վասն անձանց մերոց:
Որք առիք իշխանութիւն ի վերայ ազգի մարդկան.
կապել եւ արձակել ի յերկինս եւ ի յերկրի:
Արձակեցէք զմեզ ի կապանաց մեղաց մերոց:
Խաչակցեալք ընդ Քրիստոսի եւ ընդ Նմին թագաւորեալք.
Ի միւսանգամ գալստեան Նորա նստելոց էք դատաւորք.
Թողութիւն շնորհեցէք եւ մեզ մեղաւորացս:
Ի մաքրագործ Հոգւոյն անօթ ընտրեալ եւ ձիւնափայլ.
Թագաւորք երկրի իշխանք աշխարհի.
Անապական գանձուց բաշխող Յակոբ Ալփեան՝
Բարեխօս լեր առ Տէր վասն անձանց մերոց:
(Շարակնոց)
Այսօր սուրբ Յակոբոս առաքեալի յիշատակութեան օրն է: Քրիստոսի սուրբ առաքեալը՝ Յակոբոս Ալփեանը, Մատթէոս աւետարանչի եղբայրն էր, որը, թողնելով մաքսաւորութիւնը, դարձաւ Քրիստոսի աշակերտը եւ կարգուեց տասներկու աշակերտների նախապատիւ դասում: Շրջելով Աստուծոյ Բանի հետ՝ նա եղաւ Նրա ականատեսն ու սպասաւորը, իսկ Սուրբ Հոգու Գալուստից յետոյ սպառազինուեց Հոգով եւ առաքուեց՝ քարոզելու Քրիստոսի աւետարանը: Նա շատ սքանչելագործութիւններ ու հրաշքներ գործեց հրեաների ու հեթանոսների մէջ եւ շատերին դարձրեց Քրիստոսի հաւատքի աշակերտները: Աւիրեց կուռքերի տաճարները եւ շինեց եկեղեցիներ, վերացրեց կռապաշտութիւնը եւ կանգնեցրեց տէրունական Խաչեր ու սուրբ Սեղաններ: Արգելեց դեւերին մատուցուող զոհաբերութիւնները եւ մատուցեց Աստուծոյ մարդկանց հետ հաշտարար Պատարագը, որի համար անօրէնները չարանալով բռնեցին նրան եւ ձաղկանքների ենթարկելով՝ սաստիկ տանջեցին: Նրան ստիպում էին հեռանալ Քրիստոսից եւ դադարեցնել քարոզչութիւնը, սակայն նա աւելի էր զօրանում Քրիստոսով եւ յանդիմանում նրանց անաստուած մոլորութիւնը, որի համար զայրացած կռապաշտները խոշտանգելով անարգեցին նրան եւ մատնեցին հրեաների ձեռքը, որոնք շատ անմարդկային չարչարանքների մատնելուց յետոյ Քրիստոսի նմանութեամբ նրան սպանեցին խաչելութեամբ: Այդպէս նա ճշմարիտ խաչակից եղաւ Նրան, Ով խաչուեց մեզ համար:
Սակայն ոմանք ասում են, թէ Սրուճ քաղաքում փայտով հարուածել են սուրբ Յակոբոս առաքեալի գլխին, եւ նա այդպէս նահատակուել ի Քրիստոս, իսկ ըստ այլ վկայութիւնների՝ ասում են, թէ նա գնացել է հնդիկների երկիրը եւ այնտեղ նահատակուել մեր Քրիստոս Աստուծոյ փառքի համար:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Յակոբոս առաքեալին յիշատակում է տարին երկու անգամ՝ տասներկու առաքեալների շարքում, նաեւ առանձին՝ Թովմաս եւ Շմաւոն առաքեալների հետ:
ՔՐԻՍՏՈՍԻ ԱԶԳԱԿԱՆԻ ԵՒ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՍՈՒՐԲ ՇՄԱՒՈՆԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ
Առաքեալք Աստուծոյ սիւնք հաւատոյ կաթուղիկէ եկեղեցւոյ Քրիստոսի
Աստուծոյ երկնաւոր վարդապետին աշակերտք.
Բարեխօսեցէք շնորհել զխաղաղութիւն ամենայն աշխարհի:
Բարեկամք Քրիստոսի եւ հազարապետք աստուածային խորհրդոցն.
Ընդունողք զԲանն կենաց եւ լուսաւորիչք տիեզերաց.
Բարեխօսեցէք շնորհել զխաղաղութիւն ամենայն աշխարհի:
Դատաւորք ահեղ ատենին եւ դատապարտողք զՔրիստոս ոչ խոստովանողաց.
Աղաչեմք զձեզ բարեխօսեցէք շնորհել զխաղաղութիւն ամենայն աշխարհի:
Երեքսրբեան մի Տէրութեան խորհուրդ կամաց եւ հազարապետք.
Փողոց հնչմունք բարբառք աւետեաց.
Ընդ ամենայն երկիր սուրբդ Շմաւոն՝
Բարեխօս լեր առ Տէր վասն անձանց մերոց:
(Շարակնոց)
Այս երանելի Շմաւոնը (որ է Սիմէոնը կամ Սիմոնը) մարդացեալ Աստուծոյ՝ մեր Փրկիչ Քրիստոսի ազգականը եւ եօթանասուներկու աշակերտներից մէկն էր, ու չպէտք է նրան շփոթել Սիմոն Կանանացու՝ Շմաւոն Նախանձայոյզի հետ, որը տասներկու աշակերտների թւում էր: Նա եւս առաքեալ է կոչւում, ինչպէս որ Տիրոջ միւս աշակերտները կամ առաքեալների աշակերտները:
Արդ, Շմաւոնը Քրիստոսի ազգականն է, որովհետեւ նա աստուածահայր Յովսէփի եղբօր Կղէոպասի որդին էր եւ աստուածեղբայր կամ տեառնեղբայր Յակոբոսի եղբայրը: Սա այն Կղէոպասն էր, որը Էմմաւուսի ճանապարհին Տիրոջ յարութեան մասին վիճում էր իր ուղեկցի հետ: Կղէոպասն առանց ճանաչելու տեսաւ Տիրոջը, համարձակ խօսեց Նրա հետ եւ ճանաչեց Նրան, երբ Նա կտրեց հացը: Նա հիւսն սուրբ Յովսէփի եղբայրն էր, որը նշանուած էր ամենասուրբ Կոյս Մարիամ Աստուածածնի հետ, եւ որը Աստուծոյ Որդու եւ Կոյսի Որդու հայր կոչուեց, որով էլ նա ինքը՝ Կղէոպասը, համարուեց մեր Փրկչի հօրեղբայրը, իսկ նրա որդիները՝ Տիրոջ հօրեղբօր որդիները: Եւ ահա Քրիստոսի ազգական, Նրա հօրեղբօր որդի երանելի Շմաւոնը նրանցից մէկն էր, եւ ըստ հրեական աւանդութեան՝ սուրբ Աւետարանում նա Յիսուսի եղբայր է կոչւում Նրա միւս եղբայրների՝ Յակոբոսի, Յովսէսի եւ Յուդայի հետ միասին:
Արդ, Փրկչի համբարձումից յետոյ այս Շմաւոնն սկսեց քարոզչութեամբ շրջել այլեւայլ տեղերում եւ միւս առաքեալների ու աշակերտների նման, իբրեւ ականատես վկայ եւ Աստուծոյ Բանի սպասաւոր, աւետարանել մեր Տէր Յիսուս Քրիստոսին: Նա շատերին լուսաւորեց ճշմարիտ հաւատքով եւ Տիրոջ անուան համար կրեց տեսակ-տեսակ նեղութիւններ ու չարչարանքներ: Այնուհետեւ տեառնեղբայր Յակոբոս Արդարի նահատակութիւնից յետոյ նա եղաւ Երուսաղէմի եպիսկոպոսը, քանզի Յակոբոսի վկայական նահատակութիւնից եւ Երուսաղէմի կործանումից յետոյ մեր Տիրոջ մնացած աշակերտները Տիրոջ ազգատոհմի հետ հաւաքուեցին Երուսաղէմում՝ խորհուրդ անելու, թէ ով է արժանի զբաղեցնելու Յակոբոսի Աթոռը: Ապա միաձայն հաստատեցին, որ Երուսաղէմի եկեղեցու Աթոռի արժանաւորը նրա Շմաւոն եղբայրն է, թէպէտ ծեր հասակում: Եւ նա, աւելի ու աւելի գործադրելով իր առաքելական քարոզչութիւնը, ողջ Պաղեստինի մէջ քարոզեց Քրիստոսի աստուածութիւնը, միաժամանակ շինեց եկեղեցիներ ու ձեռնադրեց քահանաներ: Այսպէս երկար տարիներ վարեց հովուապետական Աթոռը եւ մեծ գործեր թողնելով՝ հասաւ խոր ծերութեան:
Տիրոջ 65 թուականին եկեղեցու դէմ Ներոնի առաջին հալածանքների ժամանակ նահատակուեցին Պետրոս եւ Պօղոս գլխաւոր առաքեալները: Եւ այնուհետեւ Տիրոջ 93 թուականին Դոմետիանոս կայսրը, որը սուրբ Յովհաննէս Աւետարանչին՝ մնացած վերջին առաքեալին, աքսորել էր Պատմոս կղզի, դարձեալ հալածանքներ յարուցեց քրիստոնեաների դէմ: Չարացած լինելով եբրայեցիների դէմ՝ նա հրաման տուեց կոտորել բոլոր նրանց, որոնք Դաւթի տնից էին, որպէսզի հրեաների թագաւորական տոհմից ոչ մի ժառանգորդ չմնար, եւ ինչպէս որ ինքն էր կարծում, Յուդայի ցեղից չգտնուէր մէկը, որ Հերովդէսի պէս տիրէր ազգի վրայ եւ թագաւորական տոհմի անուամբ զօրանար տիրապետութեան մէջ առաւել, քան Հերովդէսը: Բայց սա եղաւ Աստուծոյ ծածուկ տնօրինութեամբ, որպէսզի փառքի Թագաւորին եւ ճշմարիտ Քրիստոսին մերժելուց յետոյ հրեաները ակնկալութիւն չունենային սպասել Մեսիային, որ պիտի գար իշխանութեան արտաքին շուքով:
Եւ Դաւթի ցեղից նահատակուեցին հաւատացեալ շատ հրեաներ, որոնց մէջ էին նաեւ մեր Փրկչի ազգականներն՝ ըստ մարմնի: Իսկ սուրբ Շմաւոնը թէպէտ նշանաւոր էր այդ ցեղի մէջ, սակայն նրա ծերութեան պատճառով կայսեր որոնողները շատ կարեւորութիւն չտուեցին նրան: Եւ սա եւս եղաւ Աստուծոյ նախախնամութեամբ, որպէսզի երկարէր նրա կեանքը՝ հաւատացեալներին հոգ տանելու համար: Սակայն բռնեցին Շմաւոնի երկու եղբօրորդիներին՝ Յուդայի որդիներին կամ թոռներին եւ տարան, կանգնեցրին Դոմետիանոսի առջեւ՝ ասելով. «Ահա սրանք Դաւթի ցեղից եւ Յիսուսի ազգատոհմից են»: Թագաւորը նրանց հարցրեց. «Իրապէ՞ս դուք Դաւթի ցեղից էք», եւ նրանք խոստովանեցին՝ այո: Կայսրն սկսեց հարցաքննել նրանց իրենց ունեցուածքի եւ ստացուածքի մասին՝ տեղեկանալու, թէ արդեօք նրանք երեւելի ու մեծահարուստ են եւ արդեօք կարող են թագաւորութեան թեկնածուներ լինել: Եւ տեսաւ, որ նրանք չունէին ունեցուածք, այլ միայն անդաստանների երեսուն արժողութեամբ հողակտոր, որից թէ՛ հասոյթ էին տալիս եւ թէ՛ կերակրւում՝ մշակելով այն իրենց ձեռքերով: Որպէս վկայութիւն՝ նրանք մինչեւ իսկ ցոյց տուեցին անդադար աշխատելուց իրենց կոշտացած ձեռքերն ու մարմինները, որոնք յայտնում էին իրենց չարչարանքը: Այնժամ հարցաքննեցին նրանց Քրիստոսի եւ Նրա Արքայութեան մասին ու ասացին. «Ինչպէ՞ս, որտե՞ղ եւ ե՞րբ է յայտնուելու Նրա թագաւորութիւնը, որի մասին ասում էք, թէ Նա երկինք է համբարձուել»: Եւ նրանք պատասխանեցին. «Այն թագաւորութիւնն այս աշխարհից չէ եւ ոչ էլ երկրի վրայ է լինելու, այլ երկինքներից վեր՝ հրեշտակների մօտ: Նա պիտի յայտնուի աշխարհի վերջում, պիտի գայ փառքով՝ դատելու ողջերին եւ մեռելներին ու հատուցելու իւրաքանչիւրին՝ ըստ իր գործերի»:
Եւ երբ Դոմետիանոսը նրանց մէջ չգտաւ մահապարտութեան արժանի մեղադրանք, անգոսնեց նրանց իբրեւ տառապած մարդկանց, ազատ արձակեց եւ միաժամանակ հրամայեց դադարեցնել քրիստոնեաների դէմ հալածանքները: Եւ երբ նրանք արձակուեցին, սկսեցին շրջել ամենուր ու այցելել եկեղեցիներ: Եւ ովքեր մէկ անգամ տեսնում էին նրանց, մեծարում էին որպէս Քրիստոսի կենդանի վկաների ու մեր Փրկչի ազգականների, յատկապէս նրանց հօրեղբօրը՝ Երուսաղէմի եպիսկոպոս երանելի Շմաւոն ծերունուն:
Եւ երբ Տիրոջ 98 թուականին թագաւորեց Տրայիանոսը, նա յարուցեց երրորդ հալածանքները, եւ դարձեալ սկսեցին որոնել բոլոր նրանց, ովքեր Դաւթի տնից էին: Մինչեւ իսկ հրեաներն եւ հեթանոսները երկու կողմերից յարձակուեցին սուրբ Շմաւոնի վրայ եւ Տրայիանոսի ատեանի առջեւ ամբաստանեցին նրան, թէ նա քրիստոնեայ է ու Դաւթի տնից: Նրա գլխաւոր ոսոխները ժամանակի աղանդաւորներից կամ հերովդիանոսներից էին, որոնցից շատերը Դաւթի տնից էին եւ որոնք մինչ մատնում էին շատերին, մատնուեցին հէնց իրենք:
Արդ, նրանց չարախօսութիւնների արդիւնքում բռնեցին նաեւ ծերունի Շմաւոնին եւ կանգնեցրին կայսերական հիւպատոս Ատտիկոսի առջեւ, որը նստում էր Երուսաղէմում եւ նշանակուած էր Տրայիանոս ինքնակալի կողմից: Երանելուն շատ հարցաքննելուց յետոյ Ատտիկոսը երկար օրեր սաստիկ տանջանքների մատնեց նրան ու որպէսզի ազատ արձակէր, ստիպեց նրան հեռանալ ի Քրիստոս հաւատքից, սակայն Շմաւոնն, իրեն վայել առաքինութեամբ եւ իր կատարեալ հասակին վայել, ատեանի առաջ աներկիւղ քարոզեց Քրիստոս Աստծուն: Նա այնպիսի ուրախութեամբ էր կրում բոլոր չարչարանքներն ու զրկանքները, որ ամէն մարդ զարմանում էր, թէ ինչպէս կարող է հարիւր քսանամեայ ծերունին համբերել այդ ամէնին:
Նրան բանտարկեցին: Բանտում նա շատ օրեր տանջուեց քաղցից ու ծարաւից: Հիւպատոսը, ակնածելով նրա տարիքից եւ սպիտակ մազերից ու պատկառելով նրա փառահեղ տեսքից, գթաց նրան ու կամեցաւ ազատ արձակել, սակայն դարձեալ ու աւելի խիստ ամբաստանեցին նրան, պնդելով՝ թէ պէտք չէ, որ նա ապրի, որովհետեւ քարոզում է ոմն խաչեալ Աստուծոյ եւ հակառակ ինքնակալների՝ Նրան բարձրեալ Թագաւոր է կոչում: Ուստի իշխանը հարկ համարեց հրաման տալ, որ խաչեն նրան իր Առաջնորդի օրինակով, որից երանելի Շմաւոնը լցուեց այնպիսի անպատմելի ուրախութեամբ, որ ասես թէ արժանացած լինէր արքայական պատուի ու ծիրանու, որովհետեւ իր համար պարծանք եւ փառք էր համարում ամէն բանով նմանակից ու խաչակից լինել իր Ազգակցին՝ Տէր Յիսուս Քրիստոսին: Եւ այդպէս խաչելութեան չարչարանքներով, բայց հոգու յարազուարճ բերկրանքով հարիւր քսան տարեկան հասակում երանելին Աստուծոյ ձեռքն աւանդեց իր հոգին, որ եղաւ Երուսաղէմ քաղաքում եւ իբրեւ հարիւրաւոր պտղաբերութեամբ հասունացած պտուղ՝ ժողովուեց երկնքի Արքայութեան շտեմարանի մէջ:
Այս կատարուեց Տիրոջ 108 թուականին: Նրանից յետոյ Երուսաղէմի Աթոռը զբաղեցրեց Յուստոսը, որը եղաւ Երուսաղէմի երրորդ եպիսկոպոսը:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Շմաւոն առաքեալին յիշատակում է սուրբ Աստուածածնի Վերափոխման երրորդ կիրակիին յաջորդող շաբաթ օրը՝ սուրբ Յակոբոս (Ալփեան) առաքեալի հետ: