ՍՈՒՐԲ ԱԴՐԻԱՆՈՍԻ, ՆՐԱ ԿՆՈՋ՝ ԱՆԱՏՈԼԻԱՅԻ ԵՒ ՆՐԱՆՑ ՀԵՏ ԵՂՈՂՆԵՐԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ
Յուսացեալքն յանուն քո սուրբ պատերազմեալք յաղթեցին թշնամւոյն.
Սոցին աղաչանօք խնայեա ի մեզ. Աստուած հարցն մերոց:
Որք կամաւն իւրեանց անցին՝ ընդ հուր եւ ընդ սուր. եւ դասակից եղեն վերին զուարթնոցն.
Սոցին աղաչանօք խնայեա ի մեզ. Աստուած հարցն մերոց:
Արդ խնդրեմք ի Քէն Թագաւոր փառաց.
Աղաչանօք սրբոց վկայիցն խնայեա ի մեզ. Աստուած հարցն մերոց:
(Շարակնոց)
Պատուական սուրբ Ադրիանոս վկան եւ նրա կինը՝ սքանչելի սուրբ Անատոլիան, Բիւթանիայի Նիկոմիդիա քաղաքից էին: Ադրիանոսը հեթանոս ծնողների զաւակ էր, իսկ նրա աստուածավախ կինը քրիստոնեայ էր: Նրանք ապրել են Մաքսիմիանոս կռապաշտ կայսեր օրօք, որը մեծ հալածանքներ էր յարուցում յատկապէս Նիկոմիդիա քաղաքի եւ յարակից սահմաններում ապրող քրիստոնեաների դէմ: Ամենուր բազմացել էին կուռքերի տաճարները, իսկ քաղաքներն ու աւանները լցուել էին գարշելի զոհաբերութիւնների հոտով եւ ծխով: Արքունի հրամանով քարոզւում էր հրապարակներում, որ բոլորը զոհ մատուցեն չաստուածներին, իսկ չհնազանդուողները պիտի զրկուէին կեանքից: Նշանակուեցին մարդիկ, որոնք պէտք է որոնէին քրիստոնեաներին, ինչպէս նաեւ լրտեսներ, որպէսզի մատնէին նրանց:
Որոնումներից յետոյ այդ անօրէն գործի վերակացուները յայտնեցին, թէ քրիստոնեաներից ոմանք թաքնուել են քաղաքից դուրս գտնուող մի քարայրում, եւ գիշերուայ մէջ լսւում են նրանց ձայները, որոնք օրհնում են իրենց Աստծուն: Այնժամ նրանք զինուորներ ուղարկեցին, որոնք բռնեցին երանելիներին եւ բերեցին Նիկոմիդիա: Քաղաք մտնելու պահին կայսրը՝ կառքին բազմած, մեծ շուքով գնում էր կուռքերի տաճար՝ զոհ մատուցելու իր աստուածներին: Պատուիրակները բարձրաձայն ասացին նրան. «Քա՛ջ արքայ, շրջելով բոլոր քաղաքներով եւ նրա սահմաններով՝ տեսանք, որ բոլորը հաւատարիմ են աստուածների պաշտամունքին եւ հնազանդ՝ ձեր հրամաններին, եւ միայն սրանք ըմբոստացան, արհամարհեցին քո խօսքերն ու անարգեցին աստուածներին»:
Կայսրը հրամայեց կանգնեցնել կառքը, մօտ կանչեց կալանաւորներին եւ ասաց նրանց. «Ասացէ՛ք ինձ, դուք որտեղի՞ց էք, տեղաբնակնե՞ր էք, թէ՞ օտարականներ»: Եւ նրանք պատասխանեցին. «Սա մեր ծննդավայրն է, իսկ հաւատքով մենք գալիլեացիներ ենք»: Թագաւորն ասաց. «Դուք չգիտէ՞ք, թէ ինչ պատիժ է սահմանուած նրանց համար, ովքեր հետեւում են նրանց օրէնքին, եւ կամ ինչ վախճան են ունեցել նրանք, ովքեր երբեւէ իմ ձեռքն են ընկել»: Նրանք պատասխանեցին. «Այո՛, տեղեակ ենք եւ ծիծաղել ենք հրամանատուի յիմարութեան ու նրա անմիտ հրամանի վրայ: Ծիծաղել ենք նաեւ սատանայի վրայ, որը զօրացել է կորստեան ենթակայ որդիների մէջ, որոնց առաջնորդը դու ես»: Թագաւորը բարկացաւ եւ ասաց. «Դուք համարձակուեցիք ինձ եւ իմ հրամաններն անմի՞տ կոչել: Երդւում եմ իմ մեծ աստուածներով, որ ձեզ կորստեան կը մատնեմ սոսկալի տանջանքներով»:
Ապա հրամայեց տանել նրանց այն յայտնի տեղը, ուր կային բոլոր տեսակի տանջարանները, եւ հէնց նոյն օրը եկաւ բազմեց ատեանի բեմին: Նախ հրամայեց մէջքի վրայ պառկեցնել նահատակներին, հարուածել մահակներով եւ ապա ասաց. «Թող այժմ նրանց Քրիստոսը գայ ու իմ ձեռքից ազատի իրենց»: Դահիճներն ուժգին հարուածեցին նրանց: Բռնաւորը հրամայեց նաեւ իր միւս սպասաւորներին, որ իրենք եւս հարուածեն հաստ մահակներով: Քրիստոսի սուրբ վկաները տանջանքների մէջ ասում էին. «Ո՛վ աստուածամարտ, աւելացրո՛ւ մեր չարչարանքները, որովհետեւ որքան շատացնես մեր տանջանքները, այնքան կ՚աւելացնես մեր պսակները»: Բռնաւորն ասաց նրանց. «Եթէ այժմ կտրեմ ձեր գլուխները, ինչպէ՞ս կ՚ակնկալէք պսակներ ստանալ: Քա՛ւ լիցի, թողէ՛ք ձեր յամառութիւնը եւ զուր կորստեան մի՛ մատնէք ձեզ»: Սուրբերը պատասխանեցին. «Ո՛վ բռնաւոր, եւ թշնամի՛ ճշմարտութեան, քեզ կորուստ է սպասւում, որովհետեւ դու անողորմ տանջում ես Աստուծոյ ծառաներին, որոնք որեւէ չարիք չեն գործել»: Անօրէն արքան բարկացաւ, մոլեգնեց եւ հրամայեց քարերով ջարդել նրանց կզակները: Եւ նրանք ասացին. «Ո՛վ ամբարիշտ, դու հրամայում ես անպարտներիս այսպէս խոշտանգել որպէս չարագործների՞: Իմացի՛ր, որ Աստուծոյ հրեշտակն էլ կը հարուածի քեզ ու քո ամբողջ տանը, որովհետեւ արեան ծարաւ ունենալով՝ դու չյագեցար նախկին տանջանքներից եւ չմտածեցիր, որ դու էլ մեր նոյն մարմինն ունես, սակայն քոնը՝ պղծուած անօրէնութեամբ, իսկ մերը՝ պահուած անարատութեամբ: Բայց ամենքի Տէրը կարող է պահել Իրեն յուսացողներին, որովհետեւ այս անթիւ հարուածները կը փշրէին քարերը, էլ չեմ ասում մարդու մարմինը»:
Այս խօսքերից բռնաւորն աւելի բարկացաւ ու ասաց. «Ես կտրել կը տամ ձեր լեզուները, որպէսզի ձեզ տեսնելով՝ մարդիկ սովորեն չհակառակուել իրենց տէրերին»: Սուրբերն ասացին. «Դու իսկապէ՞ս ատում ես նրանց, ովքեր չեն հնազանդւում իրենց տէրերին»: Թագաւորն ասաց. «Ոչ միայն ատում եմ, այլեւ պատժում եմ»: Այնժամ սուրբ վկաներն ասացին. «Գոնէ կատարի՛ր քո իսկ խօսքերը, քանզի եթէ դու ատում ու պատժում ես նրանց, որոնք չեն հնազանդւում աշխարհիկ տէրերին, ապա ինչո՞ւ ես մեզ ստիպում չհնազանդուել երկնաւոր Թագաւորի՝ մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի պատուիրաններին: Դու կամենում ես մեզ կցորդ դարձնել այն պատուհասներին, որոնք պատրաստուած են քեզ եւ քո հօր՝ սատանայի համար»: Բռնաւորն ասաց. «Անզգամնե՛ր, ասացէ՛ք, ի՞նչ է պատրաստուած ինձ համար»: Սուրբերն ասացին. «Անշէջ հուր, անքուն որդ, անվախճան տանջանքներ, մշտնջենաւոր պատիժ, կորստեան գուբ, արտաքին խաւար, ուր աչքերի լաց է եւ ատամների կրճտոց»: Թագաւորն ասաց. «Թող աստուածներն ինձ այդպէս պատժեն, եթէ ինչպէս ասացի՝ կտրել չտամ ձեր լեզուները, որ թերեւս չլսուեն ձեր զառանցանքները»: Իսկ սուրբերն ասացին. «Անմի՛տ, դու կարող ես կտրել մեր մարմնի անդամը, սակայն մեր սրտերի հեծութիւնը եւս կարող է բարձրաձայն գոչել առ Աստուած: Մեր հոսող անպարտ արիւնը բերան ունի ու բարձր հնչող փողի նման խօսում է կենդանի Աստուծոյ ականջներում, յանուն Որի կրում ենք այս չարչարանքները»:
Այնժամ թագաւորն ասաց. «Մէկ առ մէկ գրէ՛ք դրանց անունները եւ շղթայակապ նետէ՛ք մահապարտների բանտ: Տանջէ՛ք ամէն տեսակ չարչարանքներով, որովհետեւ նրանք արժանի են մեռնել ոչ միայն սրով, այլեւ մեծամեծ պատիժներով, որպէսզի բոլոր մերձաւորներն ու հեռաւորները սթափուեն նրանցով»:
Սուրբերը դեռ չէին հեռացել ատեանի առջեւից, եւ այնտեղ գտնուող Ադրիանոս անունով մի մարդ, որը զինուորական դասի վերակացուներից մէկն էր, տեսնելով երանելիների հաստատակամութիւնն ու քաջութիւնն իրենց չարչարանքների մէջ եւ հարցաքննութեան ժամանակ, մօտեցաւ նրանց ու ցածր ձայնով ասաց. «Երդուեցնում եմ ձեզ ձեր Աստուծով, ասէ՛ք ինձ ճշմարտութեամբ. ի՞նչ է լինելու ձեր փոխարէն վարձքը, ի՞նչ էք ակնկալում ստանալ չարչարանքների փոխարէն, որոնց համբերում էք, որովհետեւ ինձ այնպէս է թւում, որ դրանք պիտի լինեն մեծամեծ եւ յոյժ սքանչելի: Ես լսել եմ իմ քրիստոնեայ կնոջից, որ մեծ է քրիստոնեաների յոյսը, ինչպէս գրուած է Սուրբ Գրքում: Այժմ նայելով ձեր գործերին՝ ես դա ընդունելի եմ համարում»: Սուրբերն ասացին նրան. «Ո՛չ մեր բերանները կարող են պատմել այդ բաների մասին, ո՛չ էլ քո ականջները կարող են տանել»: Ադրիանոսն ասաց նրանց. «Չէ՞ որ այդ մասին ոչինչ չի լսուել Օրէնքներից, մարգարէներից կամ այլ գրքերից»: Սուրբերն ասացին. «Մարգարէներն, ինչպէս որ հարկն է, հասու չեղան դրանց, որովհետեւ նրանք եւս մարդիկ էին եւ որքան կարողացան ստանալ Սուրբ Հոգուց, այդքան խօսեցին, քանզի գրուած է, թէ այն, ինչ աչքը չի տեսել, եւ ականջը չի լսել, ու մարդու սիրտը չի ընկել, այդ է պատրաստել Աստուած Իր սիրելիների համար»:
Այս լսելով՝ Ադրիանոսն իսկոյն մօտեցաւ ատեանին եւ դպիրներին ասաց. «Գրէ՛ք իմ անունն այս սուրբ մարդկանց հետ, որովհետեւ ես եւս քրիստոնեայ եմ»: Իսկ կայսրը, որ քաջ ճանաչում էր Ադրիանոսին, երբ տեսաւ նրան վկաների մէջ, կարծեց, թէ եկել է՝ ամբաստանելու նրանց եւ ասաց ատենադպրին. «Իսկոյն գրանցէ՛ք այն ամբաստանութիւնները, որ առաջ է բերում հաւատարիմ Ադրիանոսը»: Իսկ դպրապետն ասաց արքային. «Նա իրեն քրիստոնեայ է կոչում եւ խնդրում է գրել իր անունն այդ մահապարտների հետ»: Այնժամ բռնաւորը սաստիկ բարկացաւ, փոխուեց նրա երեսի գոյնը, ապա դարձաւ Ադրիանոսին եւ ասաց. «Ներողութիւն խնդրիր ինձնից, բազմութեան առաջ ասա՛, թէ խօսեցիր այլամտօրէն, եւ ես կը ջնջեմ քո անունը մահապարտների ցանկից»: Ադրիանոսը պատասխանեց. «Այսուհետեւ ես թողութիւն եմ խնդրելու իմ Աստծուց՝ իմ անարժան վարքի եւ մինչ այս պահը յանցանք գործելու համար»: Բարկացած Մաքսիմիանոսը հրամայեց կապել նրան երկաթէ շղթաներով, սուրբ վկաների հետ բանտ տանել եւ սահմանեց օր՝ նրանց դարձեալ հարցաքննութեան կանչելու համար:
Այնժամ Ադրիանոսի մտերիմ ծառաներից մէկն իսկոյն գնաց տուն, նրա կնոջը՝ Անատօլիային պատմեց ամէն բան ու ասաց. «Իմ տէր Ադրիանոսին կապեցին երկաթէ շղթաներով եւ բանտարկեցին»: Իսկ նա, չիմանալով պատճառը, պատռեց իր հանդերձը ու ծառային լալագին հարցրեց. «Ասա՛ ինձ, ինչո՞ւ է բանտարկուել իմ տէրը»: Երիտասարդ ծառան ասաց. «Նա տեսաւ մարդկանց, որոնք չարչարւում էին Նրա համար, Որին Քրիստոս են կոչում եւ յանձն չէին առնում զոհ մատուցել աստուածներին: Ադրիանոսն ինքնակամ միացաւ նրանց եւ դպիրներին խնդրեց գրել իր անունն այդ մարդկանց շարքում, “որովհետեւ, — ասաց, — ես ցանկանում եմ մեռնել նրանց հետ”»: Կինն ասաց. «Եւ չիմացա՞ր, թէ ինչու էին այդ մարդիկ մատնուել չարչարանքների»: Ծառան պատասխանեց. «Ասացի քեզ, որ չկամեցան զոհ մատուցել աստուածներին»:
Այս լսելով՝ Անատօլիան ուրախացաւ, փոխեց իր պատառոտուած հանդերձը եւ շտապեց բանտ՝ տեսնելու իր կալանաւոր ամուսնուն: Ներս մտնելով՝ ընկաւ Ադրիանոսի ոտքերը, համբուրեց նրա կապանքները եւ ասաց. «Երանի՛ քեզ, իմ տէր Ադրիանո՛ս, որովհետեւ դու գտար այն, ինչը քո ծնողները քեզ չեն ժառանգել: Արդարեւ, այսպէս օրհնեալ կը լինի ամէն մարդ, ով ունի Աստուծոյ երկիւղը: Այժմ, տէ՛ր իմ, անհոգ գնա՛ այն աշխարհ՝ քո առջեւից ուղարկելով մեծ հարստութիւն, որը կը գտնես այն կարեւոր պահին, երբ հարուստները կ՚աղքատանան, իսկ չքաւորները կը լիանան անկողոպտելի հարստութեամբ, երբ այլեւս ժամանակ չի լինի փոխ առնել մէկից, երբ ոչ ոք չի կարող փրկել մէկին, եւ որեւէ մէկին ոչինչ չի կարող ազատել պատուհասից: Ծառաները չեն կարող փրկել իրենց տէրերին, բարեկամն՝ իր բարեկամին, որովհետեւ իւրաքանչիւրը պիտի իր բեռը կրի: Եւ դու, տէ՛ր իմ, պիտի գնաս՝ քոնը քեզ հետ առած եւ տանելով քեզ հետ բոլոր խոստումներն ու սպասելով վարձքի հատուցմանն արդար Դատաւորի կողմից: Միայն թէ հաստատուն մնայ քո կոչման մէջ, որպէսզի թշնամու հրապոյրները չսասանեն քեզ ու այս կեանքի սնոտի պատրանքները յետ չպահեն այն երանաւէտ կեանքից: Միշտ նայի՛ր Աստուծոյ սուրբ ծառաներին, ընդօրինակի՛ր նրանց արիութիւնը, հետեւի՛ր նրանց համբերութեանը, եւ դու չես զարհուրի տանջանքներից ու հողեղէն մարդու սպառնալիքներից, որովհետեւ քո Տէր Աստուածը քեզ հետ է եւ քեզ հետ կը լինի»:
Այս եւ նման խօսքեր լսելով իր բարեպաշտ կնոջից՝ Ադրիանոսը լի եղաւ ուրախութեամբ եւ ասաց նրան. «Տիկի՛ն, գնա՛ տուն եւ այնտեղ սպասի՛ր: Երբ իմանամ ատեանի առաջ կանգնելու իմ ժամը, ես կը կանչեմ քեզ, եւ դու ներկայ կը լինես մեր նահատակութեանը»:
Անատօլիան ելաւ, շրջեց բանտում, համբուրեց բոլոր սուրբ կալանաւորների կապանքները, որոնք թուով քսաներեքն էին եւ աղաչելով ասաց նրանց. «Աղաչո՛ւմ եմ ձեզ, տէրե՛ր, օգնական եղէ՛ք Քրիստոսի այն ոչխարին: Սովորեցրէ՛ք նրան, թէ որն է համբերութեան պտուղը: Նա ձեր չարչարանքների արդիւնքն է եւ ձեր նահատակութեան առաքինի ծնունդը: Քրիստոսի առաջ պարտաւորութիւն վերցրէք նրա համար եւ եղեք նրա հոգեւոր ծնողը մարմնաւոր ծնողների փոխարէն, որոնք հեռու էին բարեպաշտ հաւատքից»:
Ապա դարձեալ եկաւ Ադրիանոսի մօտ, որի մարմինը ներքին բանտում պրկուած էր գելարանի մէջ եւ կրկին քաջալերեց ու սթափեցրեց նրան: Յիշեցրեց, որ անտեսի մարմնի չարչարանքները եւ յիշի, թէ ինչ է պատրաստուած հոգու համար: Այնուհետեւ հրաժեշտ տուեց նրան եւ բերկրալից սրտով տուն վերադարձաւ:
Երեք օր անց, երբ Ադրիանոսը տեղեկացաւ, որ մօտեցել է իրենց ատեանի առաջ կանգնելու ժամը, ասաց երանելի նահատակակիցներին. «Թոյլ տուէք, որ գնամ ու ինչպէս խոստացել եմ՝ բերեմ ձեր աղախնուն, որ նա ներկայ լինի մեր վկայութեանը»:
Եւ սուրբերից համաձայնութիւն ստանալով՝ մեծ գանձեր տուեց բանտապահներին, որոնց ճանաչում էր եւ իր համար սուրբերին երաշխաւոր թողնելով՝ գնաց: Ճանապարհին իր ծանօթներից մէկը տեսաւ իրեն եւ իսկոյն գնաց ու աւետիս տուեց Անատօլիային՝ ասելով. «Ադրիանոսն ազատուել է բանտից: Ահա նա գալիս է եւ հեռու չէ տնից»: Սակայն նա չհաւատաց եւ ասաց. «Ո՞վ կ՚արձակի նրան այն կապանքներից, եւ կամ ինչպէ՞ս նա կ՚առանձնանայ սուրբերի գնդից»: Եւ մինչ խօսում էր, ահա եկաւ մտերիմներից մէկն ու յայտնեց «Մեր տէրն արձակուել է եւ ահա գալիս է»:
Այնժամ Անատօլիան խռովքի մատնուեց, կարծեց, թէ նա փախել է մարտիրոսութիւնից եւ սկսեց արտասուել ու անմխիթար ողբալ: Եւ երբ տեսաւ, որ նա գալիս է, շտապեց փակել տան դուռը եւ ներսից բարձրաձայն ասաց. «Հեռացի՛ր, որովհետեւ դու հրաժարուեցիր Աստծուց եւ ստեցիր քո Տէր Աստծուն: Ես բնաւ չեմ խօսի Աստծուն ուրացողի հետ եւ չեմ լսի այն լեզուի խօսքը, որը դաւաճանեց իր Արարչին: Ո՛վ թշուառական, ո՞վ ստիպեց քեզ ձեռնարկել մի գործ, որը չէիր կամենում կատարել, եւ ո՞վ հեռացրեց քեզ վայելչագեղ նաւահանգստից: Դեռ չտեսած քո թշնամուն՝ ինչո՞ւ վայր դրեցիր զէնքդ ու փախար պատերազմից եւ ինչո՞ւ խոցուեցիր՝ առանց նետահարուելու: Վա՜յ ինձ, որ արժանի չեղայ մարտիրոսի կին կոչուելու, այլ լծալից գտայ ուրացող դասալիքի: Իմ պարծանքը կարճ տեւեց, իսկ նախատինքը կը մնայ յաւիտեան: Մի փոքր երանելի եղայ կանանց մէջ եւ ահա ամօթալից պիտի լինեմ»:
Իսկ երանելի Ադրիանոսը լսում էր այս ամէնը եւ համբերում, որովհետեւ ուրախ էր այդ խօսքերի համար, բայց նա շտապում էր վերադառնալ ու փափագում էր աւարտել իր ընթացքը: Միաժամանակ զարմանում էր կնոջ արիութեան վրայ, որն այդպիսի խօսքեր էր ասում առնական հոգով, մանաւանդ որ նա երիտասարդ էր, ու դեռ չէր լրացել իրենց ամուսնութեան տասներեքերորդ ամիսը: Եւ երբ տեսաւ, որ կինը թիւր կարծիք ունի իր մասին, ասաց. «Բացի՛ր դուռը, տիկի՛ն Անատօլիա, ես չեմ փախել մարտիրոսութիւնից, ինչպէս որ կարծում ես, քա՛ւ լիցի: Ես եկել եմ կանչելու քեզ, որ տեսնես մեր նահատակութիւնը, ինչպէս որ խոստացայ քեզ»: Սակայն կինը դեռեւս չէր հաւատում, որովհետեւ չէր ակնկալում, որ նա անձամբ կը գայ՝ իրեն կանչելու: Այնժամ Ադրիանոսն ասաց. «Բացի՛ր դուռը, որպէսզի չհեռանամ այստեղից՝ առանց քեզ տեսնելու, եւ դու անփարատելի ցաւ չունենաս ամբողջ կեանքիդ ընթացքում: Ես չեմ կարող ուշանալ, որովհետեւ այս ժամի համար սուրբերն ինձ համար երաշխաւոր են կանգնել: Եւ եթէ դահիճներն ինձ փնտռեն ու չգտնեն, ապա սուրբ վկաներն իրենց տանջանքների վրայ պիտի կրեն նաեւ իմ տանջանքները, որոնք բռնաւորի անտանելի խոշտանգումների երեսից գրեթէ հասել են մահուան դռներին»:
Այս լսելով՝ Անատօլիան ուրախութեամբ շտապեց բացել դուռը, եւ փարուելով միմեանց՝ ողջոյն տուեցին: Ադրիանոսն ասաց. «Երանելի՛ ես դու կանանց մէջ, որովհետեւ միայն դու օգտակար եղար քո ամուսնուն եւ արդարեւ ճշմարիտ այրասէր եղար: Թող Տէրը բարձրացնի քեզ եւ որպէս Իր վկաներից մէկը՝ յաղթութեան պսակ տայ առանց չարչարանքների»:
Եւ ապա միասին ուրախութեամբ բանտ գնացին: Ճանապարհին Ադրիանոսն Անատօլիային ասաց. «Ի՞նչ պատուէր տուեցիր տան համար», իսկ նա պատասխանեց. «Տէ՛ր իմ, մի՛ մտածիր ժամանակաւորի եւ անցաւորի մասին, որպէսզի չնսեմացնես միտքդ ունայնութիւններով, այլ միայն հոգայ սկսած գործդ աւարտին հասցնելու համար: Մոռացի՛ր երկրաւորը եւ փնտռի՛ր երկնաւոր անանց բարիքները, որ պահուած են քեզ եւ քեզ հետ եղողների համար»:
Երբ հասան բանտ, Անատօլիան մօտեցաւ սուրբերին, համբուրեց նրանց կապանքները եւ տեսաւ տանջանքներից ջախջախուած նրանց մարմինները, տեսաւ նաեւ նրանց նեխած մարմիններում վխտացող որդերին, որից գալարուեցին նրա աղիքները: Իսկոյն ուղարկեց իր աղախիններին՝ թանկարժէք եւ պատուական կտաւներ բերելու համար: Եւ վերցրեց դրանք, կտորների բաժանեց, մաքրեց սուրբերի թարախոտ վէրքերը ու պատեց շղթաներից քայքայուած նրանց ձեռքերն ու ոտքերը: Եւ այդպէս երանելի Անատօլիան եօթ օր՝ մինչեւ սուրբերին հարցաքննութեան կանչուելը, մնաց բանտում եւ ամբողջ սրտով ծառայեց նրանց:
Ապա դահիճներն արքունի հրամանով եկան բանտ: Քանի որ քայքայուել էին սուրբերի անդամները, նրանց տարան գրաստների վրայ դրած եւ բոլորը մի շղթայով կապուած, իսկ երանելի Ադրիանոսը գնում էր վերջից՝ ձեռքերը մէջքին կապուած: Երբ մօտեցան հարցաքննութեան վայրին, արքայի ոստիկանն ազդարարեց, որ ահա մահապարտները հասել են մուտքի դռներին: Բռնաւորն ասաց. «Նրանց մօտեցրէք մահապարտներին յատուկ անարգ կերպով, որպէսզի նրանցից իւրաքանչիւրին հարցաքննելիս տեսնեն իրենց ընկերների չարչարանքներն ու տառապանքները եւ համաձայնուեն ուրանալ իրենց հաւատքը»: Իսկ ոստիկանն ասաց. «Աւելի վաղ տանջանքների մատնուածները ստացած շատ հարուածների պատճառով չեն կարող մօտենալ հարցաքննութեան: Ողջանդամ է Ադրիանոսը եւ միայն նա կարող է կրել բոլոր տանջանքները: Միւսների բոլոր անդամները գլխովին փտել են, մինչեւ անգամ երեւում են նրանց կողերը: Ուստի ճիշտ կը լինի թողնել նրանց մի քանի օր, մինչեւ որ կազդուրուեն եւ ապա ենթարկուեն չարչարանքների: Եթէ այժմ աւելացնենք նրանց տանջանքները, ապա նրանք հեշտութեամբ կը մեռնեն: Ուստի եթէ ձերդ տէրութիւնը կամենում է, թող Ադրիանոսը մօտենայ ատեանին»:
Այս խօսքերը հաճելի թուացին բռնաւորին: Նա հրամայեց որպէս մահապարտի առաջ բերել Ադրիանոսին: Այնժամ դահիճները մերկացրին նրան ու նրա ուսին փայտ դրեցին՝ տանելու եւ ատեան մտցնելու համար: Տեսնելով այդ՝ նրա սուրբ ընկերներն ասացին. «Ադրիանո՛ս, ահա արժանի եղար կրելու քո խաչը եւ գնալու Տիրոջ յետեւից: Զգո՛յշ եղիր, որ չշեղուես այդ ճանապարհից, որպէսզի բանսարկուն չկողոպտի քո հոգու գանձը: Մի՛ վախեցիր նրանցից, որոնց տեսնում ես, այլ նայի՛ր ակնկալուող փառքին: Արհամարհի՛ր բռնաւորին, որովհետեւ այս ժամանակի չարչարանքներն արժանի չեն այն հանդերձեալ փառքին, որ յայտնուելու է մեզ»:
Իսկ երանելի Անատօլիան մօտեցաւ կենդանի նահատակին եւ ասաց. «Տէ՛ր իմ, քո աչքը յառիր միայն Աստծուն, իսկ տանջանքները թող չզարհուրեցնեն քեզ: Նեղութիւնները քիչ են եւ ժամանակաւոր, իսկ վարձքը՝ մեծ եւ յաւիտենական, չարչարանքները կարճատեւ են, իսկ հանգիստը՝ մշտնջենաւոր, երկրի վրայ նահատակութիւն է, իսկ երկնքում՝ պսակ: Եթէ զինուորութեանդ ժամանակ բազմիցս խոշտանգւում էիր իշխանների եւ վերակացուների կողմից՝ զինուորին տրուող առօրեայ վարձքի համար, ապա որքան առաւել արժան է կրել վրայ հասած չարչարանքները, որպէսզի ժառանգես երկնային թագաւորութիւնը յաւիտեանս յաւիտենից»:
Արդ, երբ երանելի Ադրիանոսին կանգնեցրին ատեանի առջեւ, թագաւորը նրան տեսնելով՝ ասաց. «Թշուառակա՛ն, խելքի չե՞ս եկել»: Սուրբ Ադրիանոսը պատասխանեց. «Այո՛, այժմ խելքի եմ եկել եւ ջանում եմ, որ հոգիս կորստեան չմատնեմ»: Բռնաւորն ասաց. «Արդ, լսի՛ր ինձ, զոհ մատուցիր մեծ աստուածներին եւ երկրպագիր նրանց, ինչպէս մենք բոլորս, այլապէս կը մատնուես այնպիսի սոսկալի տանջանքների, որոնք անգամ լսած չես լինի»: Սուրբ Ադրիանոսը պատասխանեց. «Ո՛վ թագաւոր, ինչո՞ւ էք մոլորուել՝ երկրպագելով անշունչ եւ անսուրբ կուռքերին ու թողել էք կենդանի Աստծուն, Ով արարեց երկինքն ու երկիրը, ծովը եւ նրանում եղածները: Ես նրանց երբէք աստուած չեմ կոչի եւ երբէք չեմ համաձայնուի երկրպագել խուլ, համր եւ անզգայ քարերին: Այժմ իսկոյն արա՛, ինչ կամենում ես»:
Թագաւորն անասելի բարկացաւ եւ հրամայեց մահակներով անխնայ հարուածել նրան: Լուր հասաւ Անատօլիային, որ Ադրիանոսին տանջանքների են մատնում: Այնժամ գնաց սուրբերի մօտ, յայտնեց նրանց այդ մասին ու ասաց. «Իմ տէրն սկսել է վկայական հանդէսը»: Այս լսելով՝ նրանք սկսեցին աղօթել նրա համար: Իսկ Ադրիանոսին տանջեցին այնքան երկար ու անխնայ, որ նրա մարմինը կտոր-կտոր էր լինում, իսկ արիւնը հոսում էր վտակների պէս: Բռնաւորն ասաց նրան. «Ո՛վ թշուառական, անշուշտ այն մոլորեցուցիչները քեզ սովորեցրին այդ անմտութիւնը»: Սուրբը պատասխանեց. «Ինչո՞ւ ես մոլորեցուցիչ կոչում նրանց, որոնք դէպի յաւիտենական կեանք են առաջնորդում: Իրական մոլորեցուցիչները դուք էք, որ որսում էք մարդկանց եւ կորստեան մատնում»:
Զայրացած բռնաւորը հրամայեց հարուածել նրան փշոտ գաւազաններով, իսկ սուրբն ասաց նրան. «Որքան աւելացնես տանջանքների տեսակները, այնքան կ՚աւելացնես իմ մրցանակի վարձքը»: Իսկ երանելի Անատօլիան բռնաւորից լսած բոլոր խօսքերն ու Ադրիանոսի պատասխանները պատմում էր սուրբերին: Թագաւորը դարձեալ հարցրեց Ադրիանոսին. «Թշուառակա՛ն, խնայի՛ր երիտասարդութիւնդ եւ զուր քեզ կորստեան մի՛ մատնիր: Երդւում եմ աստուածներով, որ տեսնելով գեղեցկութիւնդ՝ խղճում եմ քեզ»: Սուրբը պատասխանեց. «Ես ինքս խնայում եմ ինձ՝ կուռքերին զոհ չմատուցելով»: Բռնաւորն ասաց. «Խոստովանի՛ր աստուածներին, եւ նրանք կը ներեն քեզ: Մենք յոյժ կը մեծարենք եւ կը վերադարձնենք քեզ քո նախկին պատիւը, որովհետեւ դու ազնուազարմ ես եւ մեծահարուստ ծնողների որդի, իսկ քո ընկերները ռամիկ մարդիկ են՝ ծնուած շինական ու աղքատ ծնողներից»: Սուրբը պատասսխանեց. «Գիտեմ, որ ճանաչում ես իմ հայրական ազնուազարմ տոհմը եւ իմ նախնիներին: Բայց եթէ դու ճանաչէիր իմ ընկերների հայրենի հարստութիւնը եւ ազնուատոհմութիւնը, դու ինքդ կ՚աղաչէիր նրանց աղօթել քեզ համար, որպէսզի ազատուես քո աստուածների դառը գերութիւնից եւ արժանանաս հաղորդ լինել նրանց պայծառութեանն ու փառաւորութեանը»:
Այնժամ բռնաւորն առաւել բարկացաւ եւ հրամայեց, որ չորս դահիճներ հարուածեն նրա որովայնին: Հարուածեցին այնքան, որ երբ անօրէնը տեսաւ սուրբի դուրս թափուող աղիքները, հրամայեց դադարեցնել տանջանքները, որովհետեւ նա երիտասարդ էր ու նրբակազմ: Ապա ասաց. «Ադրիանո՛ս, տեսնո՞ւմ ես, թէ ինչպէս եմ խնայում քեզ: Դու չես տեսնում իմ սէրը եւ չես կամենում ապաշխարել: Արդ, օգնութեան կանչիր աստուածներին, եւ ես կը հրամայեմ կանչել բժիշկների, որպէսզի նրանք բուժեն մարմինդ, ու դու արքունիքում միշտ ինձ հետ կը լինես»: Առաքինի նահատակը ծաղրելով պատասխանեց նրան. «Քանի որ խոստացար բժշկել ինձ բժիշկների միջոցով եւ արքունիք տանելով՝ պատիւ ընձեռել, ապա թող նախ քո աստուածներն ինձ ասեն, թէ ինչ են պատրաստւում անել, որպէսզի իմանամ, թէ նրանք ինչ զօրութիւն ունեն»: Կայսրն ասաց. «Աստուածները պատգամներ չեն տալիս եւ չեն խօսում»: Սուրբն ասաց. «Ո՛վ ամբարիշտ, եթէ քո չաստուածները ո՛չ խօսել գիտեն եւ ո՛չ պատգամներ են տալիս, էլ ինչո՞ւ ես զոհ մատուցում ու երկրպագում նրանց: Եւ ոչ միայն դու ես անում, այլեւ մեզ, որ մեծարուած ենք խօսքով, ստիպում ես զոհ մատուցել անխօս աստուածներիդ»: Այնժամ բռնաւորը հրամայեց կապել նրան ու դարձեալ բանտ տանել եւ օր նշանակեց՝ աւելի խիստ հարցաքննութեան համար:
Արդ, զօրականները սուրբերին բանտ տարան. ովքեր դեռ ուժասպառ չէին, զինուորները նրանց տանում էին քարշ տալով, իսկ ովքեր խեղուել էին տանջանքներից եւ անկարող էին քայլել, քարշ էին տալիս գետնի վրայով՝ ինչպէս անշունչ փայտի կտորների: Երանելի Անատօլիան, ձեռքը դնելով սուրբ Ադրիանոսի պարանոցի տակ, օգնում էր նրան ու ասում. «Երանելի՛ ես դու, իմ տէ՛ր Ադրիանոս, որովհետեւ արժանացար դասուել սուրբերի հետ եւ չարչարուել Նրա համար, Ով չարչարուեց քեզ համար: Ահա դու գնում ես տեսնելու Նրա փառքը, որովհետեւ ովքեր մէկ անգամ կցորդ եղան Նրա չարչարանքներին, հաղորդ կը լինեն նաեւ Նրա փառքին»: Եւ երբ հասան բանտ, սուրբերը, որ հաւաքուել էին մի տեղում, միաբան ողջոյն տուեցին երանելի Ադրիանոսին: Մինչեւ անգամ խեղանդամ դարձածները գնում էին սողեսող՝ սուրբ համբոյրով նրան ողջունելու եւ խաղաղութիւն տալու համար: Երանելի Անատօլիան իր ձեռքերով սրբում էր Ադրիանոսի արիւնն ու իւղով օծում նրա մարմինը, իսկ սուրբերը ողջոյն էին տալիս նրան՝ ասելով. «Եղբա՛յր, ուրախ եղիր Տիրոջով, որովհետեւ քո անունը գրուած է նահատակուած սուրբ մարտիրոսների հետ», եւ երանելի Ադրիանոսն ասաց. «Դուք եւս ուրախ եղէք ամէն ժամ: Աղօթէ՛ք ինձ համար, որպէսզի սատանան չար բան չսերմանի իմ մէջ, որովհետեւ սաստիկ տկար եմ»: Սուրբերն ասացին նրան. «Զօրացի՛ր, եղբայր Ադրիանո՛ս, եւ չարն այլեւս չի համարձակուի հակառակուել քեզ, որովհետեւ տեսնելով քո համբերութիւնը՝ նա փախուստ կը տայ: Երբ դու տկար էիր մարմնով, մենք անհանգստանում էինք, բայց երբ վեր կանգնեցիր մարդկային բնութիւնից, վստահ ենք ի Տէր, որովհետեւ չարն այլեւս չի համարձակուի խոչընդոտել քեզ: Ուստի բնաւ մի՛ վախեցիր եւ ամենեւին մի՛ երկմտիր»:
Սուրբերին սպասաւորելու համար Անատօլիայի հետ շատ յաճախ բանտ էին գալիս նաեւ այլ բարեպաշտ, ազնուական կանայք եւ սարկաւագուհիներ. մէկը նրանց վէրքերի թարախն էր մաքրում, մէկը խանձատուած մարմիններն էր դարմանում, մէկ ուրիշն էլ ստացած հարուածներն էր ապաքինում, եւ բոլորը միասին՝ իրար մէջ բաժանած սուրբերին մատուցուող ծառայութիւնները, խնամարկում ու հոգ էին տանում նրանց համար:
Երբ բռնաւորի ականջին լուր հասաւ, թէ պատուական կանայք յաճախում են բանտեր, սաստիկ բարկացաւ եւ պատուիրեց կանանցից ոչ մէկին թոյլ չտալ, որ բանտ մտնի: Իմանալով այս մասին՝ երանելի Անատօլիան կտրեց իր մազերը եւ տղամարդու հագուստ հագաւ: Այդպէս նա ելումուտ էր անում, ծառայում բոլոր սուրբերին եւ թեթեւ կերակուրներով ապաքինում բանտարկուածներին, որովհետեւ նրանք սաստիկ տկարացել ու ուժասպառ էին եղել հարուածներից եւ տանջանքներից: Մի անգամ նա նստել էր սուրբ Ադրիանոսի ոտքերի մօտ, աղաչում էր նրան եւ ասում. «Աղաչո՛ւմ եմ քեզ, մի՛ մոռացիր ինձ՝ քո լծակցին, յիշի՛ր, որ ես քո գործակիցն էի քո վկայութեան ժամանակ, որ ես օծեցի քեզ՝ մրցարան մտնելու, ինչպէս ըմբշամարտիկին ու խրախուսեցի քեզ պսակ ստանալու համար: Արդ, աղաչի՛ր Տէր Քրիստոսին, որպէսզի Նա ինձ ընդունի քեզ հետ, որպէսզի ինչպէս որ միմեանց կցորդ եղանք այս կարիքների ներքոյ եւ մեղսասէր կեանքում, այնպէս էլ միասին հաղորդ լինենք այն երանելի եւ անաշխատ ժառանգութեանը: Եւ սա թող լինի քո խնդրանքների առաջին պտուղը, որովհետեւ գիտեմ, որ Քրիստոս կը տայ քո այս խնդրանքը, որովհետեւ Նրան ցանկալի են այսպիսի հայցուածները: Դու տեղեակ ես քաղաքում տիրող անառակութեան եւ թագաւորի ամբարշտութեան մասին: Գուցէ բռնաւորն ինձ ամուսնացնի անաաստուած մէկի հետ եւ քո սրբասէր կնոջը մատնի անօրէն մարդու ձեռքը: Արդ, հարկաւոր է պահպանես ինձ, ինչպէս որ սովորեցիր առաքեալից: Որպէս իմ պարկեշտութեան վարձք՝ շնորհի՛ր ինձ մեռնել քեզ հետ, եւ տեսնելով քո բարեսիրութիւնն իմ հանդէպ՝ թող կանայք սովորեն բարի գործեր անել իրենց ամուսինների համար»:
Միւս բարեպաշտ եւ ազնուական կանայք եւս՝ լցուած բարի նախանձախնդրութեամբ, Անատօլիայի օրինակով տղամարդու հագուստներ հագան, կտրեցին իրենց մազերը եւ այդպէս համարձակ մտնում էին բանտ ու ծառայում սուրբերին: Իմանալով այս մասին՝ բռնաւորը յոյժ զարմացաւ, բայց ոչինչ չասաց: Եւ երբ տեղեկացաւ, որ նահատակները մահամերձ են սաստիկ հարուածներից ու ցաւերից, հրամայեց պղնձէ սալեր դնել նրանց ոտքերի տակ եւ երկաթէ նիգով ջարդել նրանց սրունքներն ու ասաց. «Թող նրանք չմեռնեն սովորական մահով»:
Արդ, երբ դահիճները գործիքներն առած բանտ եկան, երանելի Անատօլիան ընդառաջ գնաց եւ խնդրեց նրանց՝ ասելով. «Աղաչո՛ւմ եմ ձեզ, սկսէ՛ք Ադրիանոսից», որովհետեւ վախենում էր, որ Ադրիանոսը կը տեսնի իրենից առաջ դառը չարչարանքներով տանջուող սուրբերին եւ կը զարհուրի: Եւ երբ դրեցին սալը, երանելի Անատօլիան բռնեց սուրբ Ադրիանոսի ոտքերը եւ տարածեց սալի վրայ: Դահիճներն ուժգին հարուածեցին ու կտրեցին նրա ոտքերը՝ ջարդելով բոլոր ոսկորները: Անատօլիան ասաց նրան. «Աղաչո՛ւմ եմ քեզ, Քրիստոսի՛ ծառայ, քանի դեռ ողջ ես, դու ինքդ մեկնիր ձեռքդ՝ կտրելու համար, որպէսզի նմանուես սուրբերին, որոնք տանջուեցին առաւել, քան դու»: Սուրբը ձեռքը դրեց սալի վրայ, իսկ դահիճները հարուածեցին ու կտրեցին այն: Եւ նոյն պահին երանելին Տիրոջ ձեռքն աւանդեց իր հոգին:
Դահիճները մէկ-մէկ մօտենում էին սուրբերին՝ ջարդելու նրանց սրունքները, սակայն նրանք իրենք էին յօժարութեամբ պարզում իրենց ոտքերը եւ բարձրագոչ ասում. «Տէ՛ր Յիսուս Քրիստոս, ընդունի՛ր մեր հոգիները»: Այսպէս բոլոր երանելիներն Աստուծոյ ձեռքն աւանդեցին իրենց հոգիները: Անօրէն կայսրը հրամայեց հրկիզել սուրբերի մարմինները, «որպէսզի, — ասաց, — գալիլեացիները չտանեն նրանց ու չպատուեն իբրեւ աստուածների»:
Երանելի Անատօլիան գաղտնի վերցրել ու պահել էր սուրբ Ադրիանոսի ձեռքը: Եւ երբ դահիճները սուրբերի մարմինները տանում էին այրելու, Անատօլիան նրանց հետ մօտեցաւ այնտեղ, ուր մեծ հուր էր բորբոքուած: Նա սուրբերի արեան կաթիլներով օծում էր իրեն: Նոյնպէս եւ միւս բարեպաշտ կանայք մաքուր, ծիրանագոյն բեհեզեայ կտաւները թրջում էին սուրբ նահատակների արեան մէջ ու թաքցնում իրենց մօտ: Եւ ոչ միայն, շատ ոսկիներ ու թանկարժէք ակնեղէն տալով՝ նրանք գնում էին անգամ դահիճների հանդերձները, որոնք ողողուել էին վկաների արեամբ: Երբ հասան բորբոքուած հնոցի մօտ, դահիճները վերցրին սուրբերի մարմինները եւ նետեցին հնոցի մէջ: Աստուածասէր կանայք մի կողմ կանգնած բարձր ձայնով լաց էին լինում եւասում. «Տէրե՛ր, յիշէ՛ք մեզ ձեր Հանգստի մէջ»: Իսկ երանելի Անատօլիան՝ կենդանի նահատակը, որ վառւում էր Սուրբ Հոգու հրով, հեծեծալով այս ու այն կողմ էր գնում, փափագում էր նահատակակից լինել սուրբերին, եւ եթէ հնարաւոր լինէր՝ նետուել հրի մէջ: Գոչում էր սրտաբուխ եւ ասում. «Երանելիդ Ադրիանո՛ս, տա՛ր ինձ քեզ հետ եւ մի՛ թող ինձ այս աղցաւոր աշխարհում»:
Եւ երբ սուրբերին գցեցին հնոցի մէջ, յանկարծ երկինքը որոտաց սաստիկ շառաչմամբ եւ փայլատակումներով, սասանուեց երկիրն ու ամբողջ քաղաքը: Տեղատարափ անձրեւ սկսուեց, եւ մարեց հնոցի կրակը: Ահաբեկուած դահիճներից ոմանք փախուստ տուեցին, ոմանք էլ շնչասպառ եղած ընկան երեսնիվայր ու մեռան: Այնժամ Անատօլիան, այլ բարեպաշտ կանայք եւ տեղում գտնուող քրիստոնեաներն իսկոյն վերցրեցին փառաւոր վկաների պատուական մարմինները եւ տեսան, որ նրանք ամբողջովին անվնաս են մնացել, ու նրանց գլխից մի մազ անգամ չի այրուել:
Եւսեբիոս անունով մի ազնուական ու աստուածասէր մարդ իր կնոջ հետ Բիւզանդիայից եկաւ Նիկոմիդիա, գտաւ Անատօլիային եւ այլ հաւատացեալ եղբայրներին, ընկաւ նրանց ոտքերն ու աղաչելով՝ ասաց. «Սկզբում մենք բնակւում էինք այս քաղաքի մերձակայքում, սակայն տեսնելով այստեղ գլուխ բարձրացող ամբարշտութիւնը՝ թողեցինք մեր ամբողջ ունեցուածքը, հեռացանք շատերի յետեւից ու գնացինք Բիւզանդիոն: Արդ, տուէ՛ք սուրբ վկաներին, որպէսզի նաւով տանենք նրանց ու ամփոփենք մեր բնակութեան վայրում: Կը պահենք մեզ մօտ մինչեւ անօրէն թագաւորի մահը, իսկ յետոյ ըստ մեր սովորութեան՝ ամբողջապէս կը փոխադրենք մեծ պատուով եւ աղօթական պաշտամունքով: Քանզի եթէ կամենում էք նրանց ամփոփել այստեղ, ապա անօրէն բռնաւորը կը հրամայի դուրս բերել ու դարձեալ այրել: Այնժամ դուք կը համարուէք սուրբերին մատնողներ, որոնց Աստուած մեծ նշաններով անարատ պահեց»:
Այս խօսքը բոլորին հաճելի թուաց: Սուրբերին դրեցին նաւի մէջ եւ բարեյաջող հողմով շարժուեցին դէպի Բիւզանդիոն: Սակայն երանելի Անատօլիան սուրբ Ադրիանոսի ձեռքը պահեց իր մօտ, որովհետեւ մտածում էր. «Գուցէ ի յայտ գան սուրբ վկաների մարմինները, եւ ես մատնեմ իմ յոյսը, քանզի սա եւս կը մատնի նրանց»: Այդ պատճառով վերցրեց այդ պատուական ձեռքը, պատեց խունկերով, անուշ իւղերով եւ ծիրանէ կտաւով եւ առանց որեւէ մէկի գիտութեան՝ պահեց իր մահճի սնարի տակ:
Օրեր անց Նիկոմիդիա քաղաքից մի հազարապետ մօտեցաւ թագաւորին եւ խնդրեց կնութեան առնել Անատօլիային՝ ցանկանալով տիրանալ նրա գեղեցկութեանը եւ ունեցուածքին: Նա իր ծանօթ կանանցից ոմանց ուղարկեց Անատօլիայի մօտ՝ խօսելու այդ հարցի շուրջ, սակայն երանելի Անատօլիան մոլորեցնելով նրանց ասաց. «Ես ուրախ եմ այդ բանի համար, սակայն ինձ երեք ամիս ժամանակ տուէք, որպէսզի պատրաստուեմ, քանի որ ռամիկ մարդ չէ, որ ինձ առաջարկ է անում»: Այս ասելով՝ ճանապարհեց եկողներին, իսկ ինքը շտապեց ծածուկ փախչել Բիւզանդիա, ուր փոխադրուել էին սուրբերի մարմինները: Մօտեցաւ մահճին, ուր պահում էր սուրբ Ադրիանոսի ձեռքը, ընկաւ երեսի վրայ, արտասուքներով երկար աղօթեց եւ ասաց. «Տէր Աստուա՛ծ իմ, որ մխիթարում ես վշտացողներին եւ զօրավիգ լինում բեկուած սրտերին, նայի՛ր Քո աղախնուն, պղծութեան մի՛ տանիր Քո Ադրիանոս ծառայի լծակցին եւ նրա հետ մի մարմին եղողին: Ողորմա՛ծ Տէր, մի՞թէ կը մոռանաս, որ ջարդեցին նրա ոտքերն ու կտրեցին նրա ձեռքը, մի՞թէ կ՚ունայնացնես Քո սուրբ անուան համար Քո ծառաների կրած տառապանքները: Յիշի՛ր, Տէ՛ր, նրանց համբերութիւնն ու ժուժկալութիւնը եւ ազատի՛ր ինձ Քո ատելիների հետ շաղախուելուց: Մարդասէ՛ր Տէր, թող կռապաշտ մարդը չպղծի Քո Ադրիանոս ծառայի այս անկողինը: Փրկի՛ր ինձ պիղծ եւ անօրէն մարդու դարանակալութիւնից, որովհետեւ Դու բարեգութ եւ բազումողորմ Աստուած ես եւ Քեզ վայել է փառք յաւիտեանս. ամէն»:
Այսպէս աղօթեց եւ մտատանջուած ու տրտմած քուն մտաւ: Եւ ահա սուրբերից մէկը երեւաց նրան ու ասաց. «Խաղաղութիւն քեզ, Անատօլիա՛, Քրիստոսի աղախի՛ն: Քաջալերուի՛ր, որովհետեւ Աստուած քեզ չի անտեսել, եւ մենք էլ չենք մոռացել մեզ համար քո չարչարանքների վաստակը, իսկ երբ Քրիստոս երեւաց մեզ, մենք միջնորդ եղանք՝ քո մեզ մօտ գալու համար»: Երանելի Անատօլիան ասաց նրան. «Իմ տէր Ադրիանոսը ձեզ հե՞տ էր, երբ երեւաց Քրիստոս»: Եւ նա պատասխանեց. «Այո՛, Քրիստոս մեզնից առաջ երեւաց նրան: Դու ե՛կ, նաւ նստիր եւ արի՛ մեզ մօտ, որպէսզի այնտեղ Աստուած այցելութիւն անի քեզ, եւ դու հանգիստ գտնես մեզ հետ»:
Այնժամ Անատօլիան ուրախութեամբ արթնացաւ եւ գոհացաւ Աստծուց: Թողնելով ամէն բան՝ իր հետ վերցրեց միայն սուրբ Ադրիանոսի ձեռքը, շտապ նաւ նստեց՝ գնացու այնտեղ, ուր սուրբերի հանգստարաններն էին: Գտաւ ոչ քիչ քրիստոնեայ ուղեկիցներ, որոնք փախչում էին անօրէն Մաքսիմիանոս թագաւորի երեսից եւ նրանց հետ նաւով ճանապարհ ընկաւ:
Երբ հազարապետն իմացաւ, որ Անատօլիան փախել է, մտաւ թագաւորի մօտ՝ օգնութիւն խնդրելու համար: Իր հետ վերցրեց բազմաթիւ զինուորներ եւ իսկոյն նաւ նստեց՝ հասնելու նրան: Սակայն մի քանի ասպարէզ նաւարկելուց յետոյ Տէրն անօրէններին հակառակ փչող հողմ բարձրացրեց ու նրանց վերադարձրեց այնտեղ, որտեղից նաւել էին, եւ նրանցից ոմանք էլ սաստիկ ալեկոծութիւնից ծովահեղձ եղան:
Կէսգիշերին բանսարկու սատանան երեւաց Անատօլիային եւ նրա հետ եղողներին: Նա հնարք էր որոնում վերադարձնել նրանց կամ կորստեան մատնել ծովում, ուստի հմուտ նաւապետի կերպարանքով եւ քաջ նաւավարներով երեւաց մի նաւի մէջ: Մօտեցաւ նաւին, որում Անատօլիան էր եւ հարցրեց. «Որտեղի՞ց էք գալիս եւ ո՞ւր էք գնում»: Նրան պատասխանեցին. «Մենք գալիս ենք Նիկոմիդիայից եւ գնում ենք դէպի Բիւզանդիոն»: Սուտ նաւապետն ասաց նրան. «Դուք մոլորուել էք, այս ճանապարհը ձեզ չի տանի ձեր նշած վայրը, դուք պէտք է դէպի ձախ դառնաք»: Կարծելով, թէ իրենց ցոյց տրուեց ճիշտ ճանապարհը՝ նաւի առագաստն ուղղեցին այն կողմը, ինչպէս որ ասաց մոլորութեան պիղծ ոգին: Եւ ահա սուրբ Ադրիանոսը՝ նստած նաւակի մէջ, երեւաց նրանց եւ ձայնեց՝ ասելով. «Դուք ճիշտ էիք ընթանում, մի՛ լսէք այդ չար խրատատուին, որը կամենում է ձեզ կորստեան մատնել»: Եւ նոյն պահին չար դեւն աներեւոյթ եղաւ: Երանելի Անատօլիան տեսաւ սուրբ Ադրիանոսին, որը գնում էր իրենց առջեւից: Նա լցուեց ուրախութեամբ եւ բարձրաձայն ասաց. «Ահա իմ տէր Ադրիանոսը»: Եւ սուրբն այլեւս չերեւաց նրանց:
Արշալոյսին յաջողակ հողմով հասան Արկիւռոպօլիս, որ գտնւում էր Բիւզանդիոնի դիմաց: Եւ երբ հասան սուրբերի նշխարների հանգստավայրը, երանելի Անատօլիան մօտեցաւ մեծ փափագով եւ երկրպագեց վկաների պատուական ու ճգնազգեաց մարմիններին: Ադրիանոսի ձեռքը, որ վերցրել էր իր հետ, դրեց Ադրիանոսի մարմնի մօտ եւ ծնրադրած երկար աղօթեց: Ապա ողջոյն տուեց բարեպաշտ Եւսեբիոսի տանը հաւաքուած բոլոր եղբայրներին եւ քոյրերին ու խնդրեց նրանց աղօթել իր համար, որ հասնի սուրբերի յետեւից, իսկ նրանք էլ խնդրեցին Անատօլիային մի փոքր հանգստանալ, քանի որ խիստ յոգնած էր: Եւ ահա տեսիլքի մէջ սուրբ Ադրիանոսը երեւաց նրան եւ ասաց. «Խաղաղութիւն քեզ, Աստուծո՛յ աղախին, մարտիրոսների դո՛ւստր եւ քո՛յր: Այժմ ե՛կ եւ ըստ արժանւոյն ստացիր քո չարչարանքների վարձը»: Եւ նոյն պահին Անատօլիան Տիրոջ ձեռքն աւանդեց իր հոգին:
Երբ եղբայրները մօտեցան նրան՝ արթնացնելու, ի Քրիստոս վախճանուած գտան: Արտասուալից աղօթքներով եւ մեծ պատուով ամփոփեցին նրան երիցս երանելի սուրբ վկաների հետ ու միաբան որոշեցին, որ Եւսեբիոսի տունը լինի վկայարան եւ աղօթքի տուն: Շատ կանայք ու տղամարդիկ թողեցին իրենց ունեցուածքը, բնակութիւն հաստատեցին այդտեղ՝ ամբողջովին տրուելով աղօթքներին, պահեցողութեանը եւ ծառայելով Տիրոջն ու Նրա սուրբերին:
Սուրբ Ադրիանոսի եւ նրա ընկերների՝ Քրիստոսի յաղթական վկաների նահատակութիւնը եղաւ Տիրոջ 305 կամ 310 թուականի օգոստոս ամսի քսանվեցին Նիկոմիդիա քաղաքում, իսկ երանելի Անատօլիայի փոխումը՝ օրեր անց Բիւզանդիոնում:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Ադրիանոսի, նրա կնոջ՝ Անատօլիայի եւ նրանց հետ եղողների յիշատակութեան տօնը կատարում է Սուրբ Խաչին յաջորդող տասներորդ կիրակիից յետոյ եկող երեքշաբթի օրը՝ սուրբ Թէոդորոս եւ սուրբ Ելեւթիւրոս վկաների հետ:
ՍՈՒՐԲ ԹԷՈԴՈՐՈՍ ՍՏՐԱՏԵԼԱՏԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ
Զքեզ կարդային յօգնութիւն սուրբ մարտիրոսքն եւ ասէին.
Որ ի բարձունս բնակեալդ ես՝ խնայեա ի մեզ:
Դու ես դուռն լուսոյ. Դու պսակ պարծանաց ի Քեզ յուսացելոց.
Որ ի բարձունս բնակեալդ ես՝ խնայեա ի մեզ:
Օրհնեալ գովեալ եւ ի սուրբս հանգուցեալ.
Եւ դու ես ընդունող հոգւոց մերոց.
Որ ի բարձունս բնակեալդ ես՝ միշտ եւ յաւիտեան, խնայեա ի մեզ:
(Շարակնոց)
Քրիստոսի մեծազօր եւ գերապայծառ սուրբ Թէոդորոս Ստրատելատը[1] ծնուել է Ամասիայի Եւխայիտ գիւղում, քրիստոնեայ եւ աստուածասէր ծնողներից: Նա Քրիստոսի քաջայաղթ զինուոր սուրբ Թէոդորոսի քեռորդին էր, որի յիշատակը կատարւում է Մեծ Պահքի առաջին շաբաթուայ մէջ եւ թերեւս Թէոդորոս է կոչուել իր քեռու անունով հէնց նրա կենդանութեան օրօք, ով կրթել է նրան քրիստոնէական կարգ ու կանոնով: Հասակ առնելով եւ միաժամանակ առաջադիմելով իմաստութեան մէջ՝ նա հետամուտ էր կատարելու աստուածպաշտութեան հրահանգները, իսկ երիտասարդ տարիքում զինուորագրուել էր կամայ թէ ակամայ ու նշանաւոր դարձել, որովհետեւ առոյգ էր, զուարթատես ու խելամիտ եւ մինչեւ իսկ ճանաչուած էր ժամանակի թագաւորների՝ նաեւ այդ շրջանում թագաւորող Կոստանդիանոս Մեծի եւ բռնաւորների՝ հեթանոս ինքնակալների կողմից: Ամենագովելի եւ առաքինի նահատակն անպարտելի եւ յաղթական էր բարբարոսների դէմ մղուող պատերազմներում, որի համար նա ստացաւ ստրատելատի՝ զինուորական բարձրագոյն կոչում եւ պատուեց մեծաշուք իշխանութեամբ: Այնուհետեւ բնակութիւն հաստատեց Կապադոկիայի Հերակլիա քաղաքում, որտեղ իշխան էր կարգուել մեծաթիւ զօրքերի վրայ: Բարի եւ մարդասէր վարք ցուցաբերելով այդ քաղաքի բնակիչների, ամբողջ նահանգի եւ մարիանդացիների ազգի հանդէպ, որոնք իր իշխանութեան տակ էին, ինչպէս նաեւ առատաձեռնութեամբ մեծ բարիքներ անելով բոլորին՝ սիրելի եղաւ մեծերին եւ փոքրերին, հաւատացեալներին ու հեթանոսներին, որոնցից շատերին, բայց առաւել շատ իր զօրքի գնդից բազմաթիւ զինուորների, դարձրեց Քրիստոսի հաւատքին: Քանզի նա մի այր էր՝ լի Սուրբ Հոգով եւ գիտութեամբ, ու Աստուծոյ օգնութեամբ զօրաւոր էր իր խօսքով եւ գործերով:
Այդ ժամանակշրջանում՝ Տիրոջ 310 թուականին, Գաղերիոս Մաքսիմիանոս կայսրը Դիոկղետիանոսի խորհրդով, որը հեռացել էր իշխանութիւնից, կայսր նշանակեց իր վաղեմի բարեկամ Լիկիանոս Դակիացուն: Օգոստափառ կոչում ստանալով՝ Լիկիանոսը մեծարուեց ինքնակալ իշխանութեամբ, իսկ երեք տարի անց Կոստանդիանոս Մեծն իր քրոջը՝ Կոստանդիային նրան կնութեան տուեց: Արդ, երբ Լիկիանոսը զօրացաւ իր իշխանութեան մէջ, յետեւեց Մաքսիմիանոսի եւ Դիոկղետիանոսի օրինակին, քանզի զինուեց ընդդէմ քրիստոնեաների եւ հեռացաւ Կոստանդիանոսի ու մեր Տրդատ թագաւորի սիրուց: Ուր ձեռքը հասնում էր, հալածանքներ էր յարուցում, քանզի նստելով Բիւթանիայի արքայանիստ Նիկոմիդիա քաղաքում՝ խիստ հրամաններ ու հրովարտակներ էր ուղարկում քաղաքների եւ գաւառների իշխաններին ու դատաւորներին, որպէսզի բոլոր տեղերից վերանար քրիստոնէութիւնը, եւ իւրաքանչիւր մարդ զոհ մատուցէր հեթանոսական աստուածներին: Եւ այդպէս հաւատացեալները, որ դեռ նոր էին ազատուել մեծ հալածանքներից, դարձեալ ենթարկուեցին նոյն փորձութիւններին ու շատերը, ինչպէս Սեբաստիայի քառասուն մանուկները եւ ուրիշները, արիաբար նահատակուեցին Քրիստոսի անուան համար:
Եւ ահա այսպիսի ծանր ժամանակներում Քրիստոսի քաջ եւ անյաղթ զօրավար սուրբ Թէոդորոս ստրատելատը փայլեց լուսապայծառ աստղի եւ ճառագայթարձակ ջահի նման: Անօրէն Լիկիանոսը քաջատեղեակ էր Թէոդորոսի արիութեան, քաջութեան եւ նրա մեծամեծ գործերի մասին, սակայն միանգամայն անտեղեակ էր նրա հոգու առաքինութեան եւ ի Յիսուս Քրիստոս ամուր հաւատքի մասին: Արդ, բանսարկուի չարասէր արբանեակներից ոմանք տեղեկացրին թագաւորին ու ասացին. «Քրիստոնեայ է ոչ միայն Թէոդորոսը, այլեւ ամբողջ երկիրը, քաղաքը եւ զօրքը: Ովքեր նրա իշխանութեան տակ են, հրապուրուեցին նրանով, հեռացան աստուածների պաշտամունքից՝ չհնազանդուելով ձեր հրամաններին: Նրանք հրաժարուեցին կատարել աստուածների սրբազան տօները ու չեն ճաշակում նրանց մատուցուած նուիրական զոհաբերութիւններից»:
Այս լսելով՝ թագաւորը լցուեց ցասումով, յիմարացաւ եւ ապշեց: Նա մտածում էր, թէ ինչպէս որսայ այդ երեւելի մարդուն մահուան որոգայթի մէջ: Անպատշաճ էր համարում իր մօտ կանչել նրան, «որպէսզի, — ասաց, — նա չիմանայ դիտաւորութեանս մասին, զարհուրած չընդոստնի ու չընդդիմանայ մեր հրամաններին»: Պատերազմական գործերը պատճառ բռնելով՝ մտածում էր ուղարկել նրան Կապադոկիայի կողմերը եւ հէնց նոյն Հերակլիա քաղաքում նենգութեամբ բռնել երանելուն: Համակուած այս խորհրդով՝ անօրէնը Նիկոմիդիա քաղաքի պատուաւոր անձանց զօրքով հանդերձ՝ ուղարկեց Հերակլիա, որտեղ բնակւում էր երանելին եւ մեծարանքի արժանացնող նամակ գրեց, որում ասում էր. «Եթէ քեզ հաճոյ է գալ Նիկոմիդիա քաղաք՝ տեսնելու մեզ եւ երկրպագելու մեր փառաւոր աստուածներին, ապա ե՛կ մեծապատիւ եւ երեւելի փառքով: Իսկ եթէ ինչ-ինչ պատճառով չկարողանաս գալ, ապա արժան է, որ մենք գանք՝ տեսնելու քեզ այդ կողմերում եւ այդ քաղաքում, որտեղ բնակւում ես, քանզի յոյժ ցանկանում ենք տեսնել քեզ ու վայելել քո սէրը»:
Երբ զօրագլուխները եկան եւ հրամանի հրովարտակը յանձնեցին երանելուն, նա ընթերցեց ու չերկմտեց, այլ ուրախացած գոհացաւ Աստծուց, որ ինչ նախապէս խորհում էր իր սրտում, այն է՝ յայտնի լինէր աստուածպաշտութեամբ, լինել Քրիստոսի վկայ, եւ կատարուէր Աստուծոյ կամքը: Այնժամ մեծաշուք պատուով ընդունեց մարդկանց, պարգեւներ շնորհեց նրանց եւ թագաւորի մօտ չժամանելու պատճառ բռնեց երկրի գործերը: Ինչքեր խոստանալով՝ նա խնդրում եւ համոզում էր մարդկանց, որ գնան ու յորդորեն արքային աստուածների բազմութեամբ գալ Հերակլիա քաղաք, որ տեսնեն քաղաքի ու գաւառի ամբողջ բազմութեանը, ուրախանալով ցնծան եւ մեծ տօնակատարութիւն անեն զոհաբերութիւններով ու երկրպագութեամբ:
Այդ մարդիկ եկան թագաւորի մօտ եւ յանձնեցին պատգամների եւ հրովարտակի պատասխանները: Թագաւորն այն ընթերցեց, եւ գարշելի ալեւորը՝ իբրեւ խաբուած մի անմիտ մանուկ, կամեցաւ գնալ այդ կողմերը: Անօրէնը կարծեց, թէ իր բոլոր դիտաւորութիւններն աւարտին հասնելով՝ կատարուել են: Այնուհետեւ իր մեծ՝ ութ հազարանոց հեծելազօրի հետ եկաւ հասաւ Հերակլիա քաղաք: Երբ սուրբ Թէոդորոսը լսեց, որ թագաւորը մօտենում է, պատրաստուեց յաջորդ օրը մեծաշուք պատուով եւ ճոխութեամբ, թագաւորակերպ հանդերձանքով եւ փառքով ընդառաջ գնալ նրան: Եւ այդ գիշեր երանելին տեսիլքի մէջ տեսաւ, որ իր տան ձեղունները վերացան, եւ հրեղէն կայծակներ փայլատակելով իջան իր վրայ: Եւ լսելի եղաւ մի ձայն, որն ասաց իրեն. «Զօրացի՛ր եւ քաջալերուի՛ր, Թէոդորո՛ս, որովհետեւ Ես քեզ հետ եմ»: Արթնանալով՝ սուրբը տեսիլքի մասին պատմեց իր մերձաւորներին եւ ասաց. «Աստուած կամեցաւ, որ Քրիստոսի անուան համար իմ արիւնը հեղուի այս տեղում»: Այնժամ ծնրադրեց եւ գոհանալով Աստծուց՝ արտասուալից աղօթեց: Ապա վեր կացաւ, հագաւ թանկարժէք բեհեզեայ հանդերձներ, հեծեց իր ոսկեզարդ երիվարները եւ իր զօրքով ընդառաջ գնաց թագաւորին: Տեսնելով արքային՝ ըստ թագաւորական կարգի երկրպագեց նրան եւ ողջոյն տալով ասաց. «Ողջո՛յն քեզ, Աստծուց առաքուած հզօ՛ր եւ ինքնակա՛լ թագաւոր»: Այս լսելով եւ սուրբի մեծահոգութիւնը տեսնելով՝ թագաւորն իսկոյն մեծ սիրով իր գիրկն առաւ նրան, համբուրեց եւ ասաց. «Ողջո՛յն քեզ, արեգակնատե՛ս թագակիր, արժան է, որ դու թագաւորես ինձ հետ»: Եւ երբ արքան իրեն ընդառաջ եկած բազմութեամբ քաղաք մտաւ, Թէոդորոսն իր ապարանքում նրան իջուանելու առանձին տեղ տուեց, որը պատրաստեց արքունի պալատի օրինակով՝ թագաւորական գահով ու աթոռով: Այս տեսնելով՝ Լիկիանոսը շատ ուրախացաւ, գովեց քաղաքն ու քաղաքացիներին, ապա Թէոդորոսին ասաց. «Ո՛վ Թէոդորոս, ահաւասիկ քո խնդրագրով եկայ իբրեւ հիւր՝ տեսնելու քեզ եւ քո քաղաքը: Ես ինձ հետ բերել եմ մեր ամենապատուական եւ ամենափառաւոր աստուածներին, որպէսզի բոլորդ երկրպագէք նրանց ու զոհեր մատուցէք»: Սուրբ Թէոդորոսը պատասխանեց նրան ու ասաց. «Ո՛վ յաղթական եւ մեծ թագաւոր, դու բարիք արեցիր մեզ, որ կատարեցիր քո ծառայի խնդրանքը: Քո գալստեամբ դու ուրախացրիր մեզ, բայց առաւել պատուեցիր մեզ՝ աստուածներին այստեղ բերելով, որպէսզի տեսնելով նրանց՝ բոլորը հաստատուեն աստուածպաշտութեան քո հրամանով: Արդ, խնդրում եմ, որ մի փոքր հանգստանաս ճանապարհից եւ ապա ինձ տաս բոլոր ամենափառաւոր աստուածներին, որպէսզի տանեմ իմ տուն, օծեմ անուշահոտ իւղերով, խնկարկեմ նրանց եւ երկրպագելով զոհեր մատուցեմ: Այնուհետեւ կը բերեմ հրապարակ եւ բոլորի առջեւ, ըստ օրէնքի, զոհ կը մատուցեմ, որպէսզի բոլորը տեսնեն եւ բարեպաշտութեան նախանձախնդիր լինեն»:
Թագաւորին խիստ հաճելի եղան սուրբի խօսքերը, եւ քանի որ տեղեակ չէր նրա խորհուրդներին, հաւատաց ասուած խօսքերին: Ուստի հրամայեց բերել ու նրա ձեռքը յանձնել բոլոր ոսկեղէն ու արծաթեղէն կուռքերին, որոնք սուրբն առնելով՝ տարաւ իր ապարանքը: Այդ գիշեր արթնանալով՝ նա ջարդեց ու կտոր-կտոր արեց բոլոր աստուածներին եւ ոսկեղէնը բաշխեց աղքատներին ու կարօտեալներին: Այդպէս նա միառժամանակ պէս-պէս հնարքներով վարանումների մէջ էր գցում անմիտ Լիկիանոսի մտքերը:
Երրորդ օրը արքան հրամայեց իր մօտ կանչել Թէոդորոսին: Ասաց նրան. «Դու ազնուական եւ փառաւորեալ էիր ինձնից առաջ եղող թագաւորների կողմից ու առաւել մեծարուած եւ պատուելի եղար իմ մեծութեան կողմից: Այժմ ցուցաբերի՛ր քո յօժարութիւնն ու սէրը, որ ունես մեր աստուածների հանդէպ եւ քաղաքի ամբողջ ժողովրդի առաջ զոհ մատուցիր նրանց, որպէսզի նրանք հետեւեն քեզ ու հնազանդութեամբ կատարեն մեր հրամանները»: Եւ մինչ սուրբը կամենում էր պատասխանել թագաւորին, առաջ եկաւ իշխաններից մէկը, որի անունը Մաքսենտիոս կամ Մաքսենտենէս էր եւ ասաց. «Ո՛վ քաջ արքայ, մի՞թէ չես լսել այս ամբարիշտ ստրատելատի դաւաճանութեան մասին, եւ թէ ինչպէս է նա խաբել քո մեծութեանը՝ ստելով բարեյաղթ աստուածների հանդէպ: Քանզի երէկ չէ նախորդ օրը, երբ գիշերուայ մէջ ելայ իմ ապարանքից, տեսայ աղքատ մէկին, որը գալիս էր ուրախութեամբ եւ տանում էր մեր Արտեմիս մեծ աստուածուհու ոսկեկուռ գլուխը»:
Թագաւորը սաստիկ զարմացաւ ու չհաւատաց նրա խօսքերին: Բայց երբ դարձաւ սուրբին եւ հարցրեց, նա պատասխանեց. «Այո՛, ճշմարիտ են, եւ ես չեմ ուրանում, որովհետեւ ինչ որ արել եմ, ճիշտ եմ արել: Եթէ քո աստուածները չկարողացան օգնել իրենց, ինչպէ՞ս կարող են օգնել քեզ»: Այնժամ թագաւորի երեսը բարկութիւնից այլագունեց, նա լցուեց անասելի ցասումով եւ իր սպասաւորներին ասաց. «Վա՛յ ինձ, որ խաբուեցի երեխայի պէս եւ ծաղրանք եղայ բոլորի աչքին: Այժմ չգիտեմ, թէ ինչ անեմ եւ ինչպէս վարուեմ: Ես, այնքան զօրքերի եւ երկրի իշխանական թագաւոր լինելով, խաբուեցի, իմ զօրքով եկայ այս անօրէնի մօտ, կորստեան մատնեցի իմ բարեյաղթ աստուածներին եւ նախատինք եղայ այս գաւառի ու քաղաքի համար»: Քաջ Թէոդորոսն ասաց նրան. «Ո՛վ անմիտ, որ լի ես անօրէնութեամբ, մի՞թէ չէիր մտածում, որ ես, քրիստոնեայ եւ Քրիստոսի ծառայ լինելով, ինչպէ՞ս կարող էի խաբուել քո պատրող եւ կորստաբեր հրամաններից: Ես քեզ ցոյց տուեցի քո աստուածների տկարութիւնը եւ ամաչեցրի քեզ անօրէնութեան համար, որովհետեւ դու հպարտանում ես սնոտի եւ անցաւոր իշխանութեամբ ու հարստութեամբ: Դու չես ակնկալում անանց հարստութեանն ու մշտնջենաւոր կեանքին եւ չես ճանաչում Նրան, Ով քեզ ժամանակաւոր իշխանութիւն է տուել: Դու նանրացել ես բանսարկուի խաբէութեամբ, խաւարել Աստուծոյ Միածին Որդու փառքի լոյսից ու չարի ազդեցութեամբ ամբարտաւան դարձած՝ չգիտես, թէ ինչ ես խօսում: Ես այս բոլոր արարածներին, որոնք մեզ օտարացնում են Աստծուց, ունայն եմ համարում, որպէսզի ժառանգեմ յաւիտենական կեանքը, որը ո՛չ աչքն է տեսել, ո՛չ ականջն է լսել, ո՛չ էլ մարդու սիրտն է ընկել եւ որը Աստուած պատրաստել է Իր սիրելիների համար: Իսկ ձեր եւ ձեր աստուածներին յաւիտենական հուրն է սպասում, որ պատրաստուած է սատանայի ու նրա զօրքի համար»:
Թագաւորն ասաց. «Հպա՛րտ, չա՛ր եւ ամբարտաւա՛ն Թէոդորոս, եթէ անարգես ինձ, թերեւս կը համբերեմ, որպէսզի ինձ լսելով՝ գաս դէպի բարին, իսկ ինչո՞ւ անարգեցիր եւ կորստեան մատնեցիր աստուածներին»: Սուրբը պատասխանեց. «Ահա դու ցոյց տուեցիր քո անմտութիւնը, որովհետեւ քո դիւաձոյլ պատկերների ոչնչութիւնը տեսնելուց յետոյ դարձեալ յանդգնում ես աստուածներ կոչել նրանց, որոնք արհեստաւորների ձեռքով նիւթերից ստեղծուած կոփածոներ են եւ չարադեւ մտքի հնարքներ: Նրանք նման են անշունչ, անիմաստ եւ անբան ձիերին ու ջորիներին, որովհետեւ նրանց մէջ իմաստութիւն չկայ: Բայց դուք առաւել անմիտ էք, որովհետեւ պաշտում էք այդ աստուածներ կոչուածներին»:
Թագաւորը համակուեց անասելի բարկութեամբ ու ասաց. «Այլեւս քեզ չեմ համբերի ու չարաչար տանջանքների կը մատնեմ»: Եւ դահիճներին հրամայեց մերկացնել սուրբին, քառակողմ պրկել ձեռքերն ու ոտքերը եւ դալար արջառաջլերով անխնայ հարուածել նրա թիկունքին, լանջերին ու որովայնին: Եւ այնքան հարուածեցին երանելուն, որ անաստուած դահիճները յոգնեցին, սուրբի մարմինը դաժան հարուածներից պատառոտուեց, եւ նրանից առատօրէն արիւն հոսեց: Բռնաւորը դարձեալ հրամայեց կապարէ մուրճով անխնայ հարուածել սուրբի պարանոցին, ապա կախաղան հանել եւ երկաթէ ճանկերով քերել սուրբի մարմինը: Դահիճները կատարեցին թագաւորի բոլոր հրամանները, իսկ առաքինի նահատակն ուրախութեամբ աւելի ու աւելի էր համբերում անտանելի նեղութիւններին եւ գոհանում էր Աստծուց, որովհետեւ կատարուեց իր ցանկութիւնը: Արհամարհելով այդ սոսկալի տանջանքները՝ նա թագաւորին ասաց. «Սատանայի սպասաւո՛ր եւ արբանեա՛կ, արդարութեան թշնամի՛, չե՞ս տեսնում, որ քո սպասաւորները յոգնել են, որ քո ամբարտաւան յանդգնութիւնը նուաստացաւ, բռնութիւնը յաղթուեց, եւ քո հայր սատանան ամօթահար եղաւ: Իսկ ես հաստատուն եմ իմ կենդանի Աստուծով, որովհետեւ Տէրն իմ օգնականն ու զօրավիգն է: Որքան իմ արտաքին մարդն ապականուի քո պատճառած տանջանքներից, այնքան իմ ներքին մարդը կը նորոգուի Տիրոջով յաւիտենական կեանքում»:
Դառնացած թագաւորը զինուորներին հրամայեց, որ հեռացնեն երանելուն իր աչքի առաջից եւ բանտ տանեն, մինչեւ որոշի, թէ ինչ մահով սպանի նրան: Օրեր անց հրամայեց հանել նրան բանտից ու իր առջեւ բերել, բայց շատ հարցաքննելուց յետոյ չկարողացաւ երանելուն համոզել: Ապա հրամայեց, որ նրան խաչեն մի նշանաւոր վայրում, եւ ամբողջ զօրքը նետահարի նրան: Եւ երանելուն տարան: Քրիստոսի վկան մեծ ցնծութեամբ գնում էր զինուորների յետեւից: Երբ մօտեցաւ խաչին, զինուորները կապեցին նրա ձեռքերն ու ոտքերը խաչափայտին: Գամեցին ոտքերը, ձեռքերն ու ազդրերը, եւ մեծաթիւ զօրքի զինուորները, նրան նետաձգութեան թիրախ դարձնելով, արձակեցին իրենց նետերը՝ առաւելապէս հարուածելով սուրբի երեսին ու աչքերին: Իսկ Քրիստոսի նահատակը, անտրտում ուրախութեամբ համբերելով այդ անտանելի աղէտներին, փառաւորում էր Աստծուն եւ Քրիստոսի սիրոյ համար ոչինչ համարում բոլոր վշտերն ու նեղութիւնները: Այս ամէնից յետոյ անօրէնները կտրեցին նրա առնացի անդամները: Շուրջ եղող բազմութիւնը կարեկցաբար լաց էր լինում նրա համար: Այնտեղ էր նաեւ Աբգար անունով սուրբի նօտարն ու սպասաւորը, որը պատմում է հետեւեալը. «Ես՝ սուրբի դպիրս եւ ծառաս, որ հրաման էի ստացել ամէն բան գրի առնել, երբ տեսայ այդչափ նեղութիւնները, իմ ձեռքից ցած գցեցի թուղթը եւ դառն արտասուքներով նրա ոտքերն ընկայ: Տեսնելով իմ արտասուքները՝ սուրբը նուաղ եւ տկար ձայնով ասաց ինձ. “Ո՛վ Աբգարոս, մի՛ տրտմիր եւ մի՛ ծուլացիր կատարել քո գործը: Աւարտի՛ր, ինչ որ սկսել ես: Համբերի՛ր փոքր-ինչ, որպէսզի տեսնելով իմ նահատակութիւնը, ամէն բան գրի առնես”: Եւ երբ այս ասաց, աչքերը յառեց երկնքին ու ասաց. “Մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հա՛յր, իմ Աստուա՛ծ, Դու Քո անճառելի բարերարութեամբ տնօրինում ես ամէն բան եւ Քո Միածին Որդու եւ ճշմարիտ Սուրբ Հոգու միջոցով համբերութիւն պարգեւում: Դու նախապէս խոստացար, որ ինձ չես թողնի, այլ ամէն ժամ ինձ հետ կը լինես ու կը փրկես ինձ: Եւ արդ, ինչո՞ւ թողեցիր ինձ, Աստուա՛ծ իմ եւ հեռացրիր Քո գթութիւնն ինձնից: Վայրենաբարոյ գազանները յօշոտեցին ինձ, Քո սիրոյ համար հանեցին աչքերիս բիբերը, այրեցին իմ մարմինը, փշրեցին իմ մատները, իմ այլագունած երեսը կորցրեց մարդկային կերպարանքը, եւ իմ անձը դողալով սասանուեց խաչի չարչարանքների երկիւղից: Եւ արդ, Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ, ես Քեզ համար եմ համբերում այս ամէնին՝ սրով եւ հրով բազում նեղութիւններին: Ուստի աղաչում եմ Քեզ, իսկոյն ընդունի՛ր իմ հոգին եւ տո՛ւր ինձ հանգիստ Քո կամքով, որովհետեւ Դու ամենակարող ես ամէն բանում”»:
Անօրէն Լիկիանոս բռնաւորը կարծելով, թէ սուրբը մեռաւ, պահապաններին հրամայեց հսկել այդ վայրը, որպէսզի ամբողջ օրն ու գիշերը մարմինը մնայ խաչի վրայ եւ չընկնի քրիստոնեաների ձեռքը: Սակայն գիշերուայ առաջին պահին Աստուծոյ հրեշտակը նահատակին իջեցրեց խաչից, ամբողջովին առողջացրեց նրա մարմինը եւ ասաց. «Ուրա՛խ եղիր եւ զօրացի՛ր, որովհետեւ Տէրը քեզ հետ էր, քեզ հետ է եւ կը լինի յաւիտեան: Ինչո՞ւ ասացիր, թէ՝ Նա, Ով զօրութիւն տուեց քեզ ամէն բանում, հեռացել է քեզնից: Եւ արդ, աւարտի՛ր քո ճգնութեան ճանապարհը, որ գնաս Քրիստոս Փրկչի մօտ ու ստանաս արդարների անապական պսակը Արքայութեան մէջ»: Այս ասելով՝ հրեշտակը երկինք վերացաւ, իսկ սուրբ Թէոդորոսը, տեսնելով վէրքերից ամբողջովին բժշկուած իր մարմինը, ձեռքերը դէպի երկինք տարածեց եւ գոհանալով Աստծուց՝ ասաց. «Փառաւորում եմ Քեզ, Աստուա՛ծ իմ եւ Թագաւո՛ր իմ, եւ օրհնում եմ Քո անունը յաւիտեանս յաւիտենից …»: Եւ այսպէս երկարուձիգ աղօթեց:
Առաւօտեան թագաւորը կանչեց իր պատուելի իշխաններից երկուսին՝ Անտիոքոսին եւ Պատրիկոսին, ու ասաց նրանց. «Գնացէ՛ք ձեր զինուորների հետ, խաչից իջեցրէ՛ք այն խաբեբայի մարմինը, դրէ՛ք նրան կապարէ տապանի մէջ ու նետէք ծովի խորքերը, որ քրիստոնեաները յափշտակելով չպատուեն նրան՝ ըստ իրենց սովորութեան»: Արքայի հրամանով զօրագլուխները գնացին եւ դեռ չմօտեցած՝ տեսան խաչը՝ առանց սուրբ վկայի մարմնի ու զարմացան: Այնժամ Անտիոքոսը Պատրիկոսին ասաց. «Արդեօք քրիստոնեաները ճշմարիտ են ասում, թէ խաչեալ Քրիստոս երեք օր յետոյ յարութիւն առաւ, քանզի ահա ճշմարտւում է նրանց խօսքը Խաչեալի ծառայի վրայ»: Ապա Պատրիկոսը մօտեցաւ խաչին եւ տեսաւ խաչի մօտ նստած սուրբ Թէոդորոս վկային՝ ամբողջովին առողջ մարմնով ու զուարթ դէմքով, որն իր մօտ հաւաքուած բազմութեանը պատմում էր իր հետ կատարուած Աստուծոյ մեծամեծ սքանչելիքների մասին: Այնժամ երկու իշխաններն աղաղակելով ասացին. «Մե՜ծ է քրիստոնեաների Աստուածը, եւ Նրանից բացի չկայ ուրիշ աստուած»: Եւ զինուորների հետ մօտենալով սուրբին՝ ընկան նրա ոտքերը, որոնք թուով ութսուներկուսն էին ու ասացին. «Մենք եւս քրիստոնեայ եւ Քրիստոսի ծառաներ ենք: Աղաչում ենք քեզ, ընդունի՛ր մեզ, որ մինչ այժմ չէինք ճանաչում ճշմարտութեան ճանապարհը եւ մեզ համար խնդրի՛ր Արարիչ Աստծուն, որպէսզի մեզ եւս արժանացնի Իր ողորմութեան շնորհներին»:
Իմանալով այս մասին՝ թագաւորը սաստիկ բարկացաւ եւ հրամայեց Կեստով անունով բդեշխին, որ երեք հարիւր զինուորներով գնայ ու կոտորի նրանց: Եւ երբ գնացին ու Աստուծոյ տնօրինութեամբ տեսան մեծ սքանչելիքները, նրանք եւս հաւատացին Քրիստոս Աստծուն: Հաւաքուած բազմութիւնն աղաղակում էր եւ ասում. «Մե՜ծ է քրիստոնեաների Աստուածը, Նա, Ով այսպիսի սքանչելիքներ գործեց: Նա է միակ Աստուածը: Եկէք քարկոծենք անօրէն Լիկիանոսին, որովհետեւ մեր թագաւորն Աստուած է, Որին քարոզում է Թէոդորոսը»: Եւ այդ տեղում, որ գտնւում էր քաղաքից դուրս, նոր հաւատացեալների եւ հեթանոսների միջեւ խառնաշփոթութիւն ու խռովութիւն ընկաւ: Երկու թեւերին ցասումով միացան քաղաքացիներ, եւ խառնիճաղանջ ամբոխի մէջ արիւնահեղութիւն եղաւ: Այնտեղ անօրէններից մէկը, որի անունը Լէանդրոս էր, հանեց իր սուսերը եւ գնաց դէպի սուրբ Թէոդորոսը՝ սպանելու նրան: Այս տեսնելով՝ Կեստով բդեշխը մեկնեց իր ձեռքը, յետ քաշելով ազատեց սուրբին, իսկ Լէանդրոսին սպանեց: Մէկ ուրիշը հոների ցեղից, որի անունը Մերպաս էր, մտաւ ամբոխի մէջ, յարձակուեց բդեշխի վրայ եւ սրով սպանեց նրան: Երբ երանելի Թէոդորոսը տեսաւ բազմութեան խռովութիւնը, սկսեց աղաչելով հանդարտեցնել ամբոխին՝ յայտնելով, թէ արժան չէ, որ Քրիստոսի հետեւորդները խռովութիւն եւ ապստամբութիւն սիրեն, եւ պէտք է մարդկանց նուաճել ոչ թէ սրով, այլ Հոգու սիրով ու հեզութեամբ: Այնժամ հաւատացեալների բազմութիւնը սուրբի հետ մեծ ուրախութեամբ քաղաք վերադարձաւ:
Եւ մինչ անցնում էին քաղաքի միջով ու մօտեցել էին բանտի դռներին, ուր Լիկիանոսի հրամանով արգելափակուած էին բոլոր կալանաւորները՝ որպէս Թէոդորոսի ձայնակիցներ, նրանք աղաղակեցին բանտից ու ասացին. «Ողորմի՛ր մեզ, բարձրեալ Աստուծո՛յ ծառայ»: Այս լսելով՝ ժողովուրդը երանելուն ասաց. «Հրամայի՛ր, մեզ, որ կոտրենք բանտի դռները եւ ազատենք բանտարկուածներին»: Իսկ սուրբն արգելեց նրանց, մօտեցաւ բանտի դռներին, աղօթեց առ Աստուած, խաչակնքեց, եւ ահա դուռն ինքն իրեն բացուեց, եւ բանտարկուածների կապանքներն արձակուեցին: Գոհանալով Աստծուց եւ սուրբից՝ նրանք դուրս եկան ու ընկան երանելու ոտքերը: Եւ նա ասաց. «Իւրաքանչիւրդ գնացէ՛ք խաղաղութեամբ եւ ինձ համար խռովութիւն չառաջացնէք»: Այդ օրը Աստուած այլ բազում սքանչելիքներ գործեց սուրբի ձեռքով, եւ հիւանդները, ախտաժէտներն ու այսահարները բժշկուեցին նրա աղօթքներով:
Երբ անօրէն Լիկիանոսը տեսաւ, որ բազմաթիւ հելլենացիներ հեռացան աստուածների պաշտամունքից եւ հաւատացին Քրիստոսին, անելանելի դրութեան մէջ ընկաւ, որովհետեւ չէր կարող սակաւաթիւ գնդով նուաճել նրանց մեծ բազմութեանը: Ապա ամբոխից գաղտնի նշանաւոր զօրականներին ուղարկեց բանտ, որպէսզի կտրեն սուրբի գլուխը, որոնք էլ իսկոյն գալով՝ կատարեցին նրա հրամանը եւ սուսերով գլխատեցին երանելուն: Այսպէս Քրիստոսի մեծ նահատակ սուրբ Թէոդորոս Ստրատելատն աւարտեց իր կեանքի ընթացքը, որ ըստ «Ճառընտիր»-ի՝ եղաւ Տիրոջ 315 թուականի օգոստոսի քսանվեցին:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Թէոդորոս Ստրատելատի յիշատակի տօնակատարութիւնը նշում է Սուրբ Խաչին յաջորդող տասներորդ կիրակիից յետոյ եկող երեքշաբթի օրը՝ սուրբ Ադրիանոսի, նրա կնոջ՝ Անատօլիայի ու նրանց հետ եղողների եւ սուրբ Ելեւթիւրոս վկայի հետ:
[1] Թարգմանաբար նշանակում է «աստուածապարգեւ զօրավար»:
ՍՈՒՐԲ ԵԼԵՒԹԻՒՐՈՍԻ (ԹԻՒՐՍՈՍԻ) ԵՒ ՆՐԱ ՀԵՏ ԵՂՈՂՆԵՐԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ
Այսօր յիշատակ սրբոցն. եւ փայլին նշխարք սոցա ի մէջ եկեղեցւոյ.
Աղաչեսցուք զՏէր սոքօք խնայեա ի մեզ:
Հեղմամբ արեան սոցա մեծարի մայր սոցա իմանալի Սիոն՝
Աղաչեսցուք զՏէր սոքօք խնայեա ի մեզ:
Տաճար են Սուրբ Հոգւոյն. կենդանի ոսկերք սոցա՝ հիւանդաց բժիշկ.
Աղաչեսցուք զՏէր սոքօք խնայեա ի մեզ:
(Շարակնոց)
Քրիստոսի բազմաչարչար վկայ Թիւրսոսը Բիւթանիայի Կեսարիա քաղաքից էր եւ ապրել է Դեկոս կայսեր հալածանքների տարիներին: Նա հեթանոս ծնողների զաւակ էր, սակայն ծածուկ պաշտում էր քրիստոնէութիւնը եւ նախքան իր մկրտութիւնը բոցավառ հոգով ու յաւիտենական կեանքի յոյսով շտապում էր հեղել իր արիւնը Քրիստոսի սիրոյ համար:
Պատահեց, որ Դեկոս կայսեր Կոմբրուտիոս անունով գործակալներից մէկը դատաւորական իշխանութեամբ եկաւ Ասիա, շրջեց քաղաքից քաղաք եւ անցաւ Նիկոմիդիայով, Ապամիայով, Կեսարիայով: Նա իւրաքանչիւր քաղաքում զոհ էր մատուցում աստուածներին, նոյնը ստիպում էր անել բոլորին, որպէսզի ի յայտ գային քրիստոնեաները, եւ չհնազանդուողները մահուան դատապարտուէին:
Այնժամ Կեսարիա քաղաքից Լեւկիոս անունով մի քրիստոնեայ, որը պատուական եւ իմաստուն այր էր, մօտեցաւ իշխանին եւ աներկիւղ համարձակութեամբ յանդիմանեց նրան անօրէն արարքների համար, որովհետեւ Արարչի փոխարէն նա պաշտում էր արարածներին եւ գազանաբար յօշոտելով Քրիստոսի հաւատացեալներին՝ ձեռքերը թաթախում նրանց անպարտ արեան մէջ:
Եւ բռնաւորը հրամայեց գանահարել նրան ու քերել մարմինը, սակայն չկարողանալով ենթարկել նրան իր կամքին՝ հրամայեց գլխատել նրան: Իսկ նա ուրախութեամբ ու արիաբար մատնեց իր պարանոցը սրին, եւ այդպէս նահատակուեց ի Քրիստոս, որը եղաւ քաջալերութիւն եւ Տիրոջ անուան համար վկայութեան բարի յորդոր բոլոր հաւատացեալների, յատկապէս քաջ Թիւրսոսի համար, ով շտապում էր յայտնել իրեն որպէս քրիստոնեայ:
Երկու օր անց, երբ դատաւորը անցնում էր Կեսարիա քաղաքի Ելլեսպոնտեան դռներով, Թիւրսոսն ընդառաջ ելաւ նրան եւ ասաց. «Ողջո՛յն մեծ կուսակալիդ»: Կոմբրուտիոսն ասաց. «Ողջո՛յն եւ քեզ՝ աստուածների բարեկամիդ»: Թիւրսոսն ասաց. «Եթէ մէկի համար օրինաւոր է ասել ճշմարտութիւնը, որ գիտի, ապա խնդրում եմ լսես ինձ»: Իշխանն ասաց. «Անտարակոյս այդպէս է, եւ ես լիովին պատրաստ եմ լսել քեզ»: Այնժամ Թիւրսոսն ասաց. «Մի եւ ճշմարիտ բարձրեալ Աստուած պատուիրում է միայն Իրեն երկրպագել ու միայն Իրեն պաշտել: Ուստի արժանավայել չէ շեղուել այլ սնոտի պաշտամունքների յետեւից եւ բռնութեամբ մոլորեցնել մարդկանց»: Իշխանն ասաց. «Քեզ ինչպէ՞ս է թւում, մի՞թէ անիրաւ են ինքնակալների հրամանները, կամ մոլորութի՞ւն է պաշտել բարերար աստուածներին»: Թիւրսոսը պատասխանեց. «Քա՛ջ իշխան, հեթանոսների աստուածներն անշունչ կուռքեր են՝ մարդկանց ձեռքի գործ, եւ նրանք չեն կարող գործել ո՛չ չարը եւ ո՛չ էլ բարին»:
Իշխանը բարկացաւ, նրան բռնել տուեց եւ իր հետ տարաւ ատեանի առաջ: Ասաց. «Ի՞նչ էին այն խօսքերը, որ լսեցի քեզնից: Արդեօք յայտնում էին քո յանդգնութեան մասին, թէ՞ դու քրիստոնեաների աղանդից ես: Եթէ ոչ, ապա շտապիր զոհ մատուցել իբրեւ աստուածասէր այր եւ մի՛ շատախօսիր, որպէսզի կորստեան չմատնուես դաժան մահով»: Սուրբը պատասխանեց նրան եւ ասաց. «Եթէ մտադիր ես ահաբեկել ինձ, ապա իմացի՛ր, որ ես երկնչում եմ միայն ճշմարիտ Աստծուց, ուստի չեմ հնազանդուի քեզ: Ես չեմ վախենում մահկանացու մարդուց ու նրա սպառնալիքներից եւ չեմ շատախօսում այնտեղ, ուր ասել ու ասելու եմ ճշմարտութիւնը: Շատախօսը ճշմարտախօս չէ»: Իշխանն ասաց. «Գնա՛ ու խելք հաւաքիր, որպէսզի չսթափուես տանջանքներ ստանալուց յետոյ»: Սուրբն ասաց. «Ես վաղուց եմ խորհել եւ սթափ մտքով եմ կանգնած քո առաջ: Երկար ժամանակ ես քննել եմ ձեր պաշտամունքը ու ծիծաղել դրա վրայ եւ խորհրդածութեամբ ու ճանաչողութեամբ ընտրել եմ Քրիստոսի ճշմարտութիւնը, որն ինձ համար կեանք է եւ որի համար պատրաստ եմ մեռնել»:
Կոմբրուտիոսը հրամայեց բռունցքներով եւ աքացի տալով հարուածել նահատակին ու ծեծել կապարէ կռաններով, մինչեւ որ ջարդուեն նրա անդամները: Իսկ նա հարուածներ ստանալիս ասում էր. «Ինձ չեն զարհուրեցնում այս ժամանակաւոր չարչարանքները, այլ դու վախեցիր մշտնջենաւոր տանջանքներից: Մի՛ խնայիր ինձ, այլ քո սպասաւորներին, որոնք յոգնեցին ծանր կռաններով հարուածելուց»: Բռնաւորն ասաց. «Անամօթ ըմբիշը թէպէտ պարտւում է, սակայն յամառում է մինչեւ վերջ, բայց երբ հեռացւում է հրապարակից, այնժամ ծաղրի է ենթարկւում բոլորի կողմից: Այդպէս էլ դու ես յամառում եւ եթէ չհնազանդուես, ապա կը բզկտուեն քո բոլոր անդամները, եւ դու կը նետուես շների առաջ որպէս կերակուր»: Վկան պատասխանեց. «Ստութեան աշակերտդ մի ճշմարիտ բան ասացիր. արդարեւ ես Քրիստոսի ըմբիշն եմ՝ ընդդէմ քո ուսուցիչ սատանայի եւ օծուած եմ աներեւոյթ զօրութեամբ ու զօրաւոր եմ իմ Տիրոջով»:
Այնուհետեւ սուրբի ձեռքերի ու ոտքերի մատներն ամուր կապեցին բարակ չուաններով, որից նրա ոսկորները ճարճատուեցին: Սակայն նա արհամարհում էր չարչարանքները եւ բորբոքում էր դատաւորին՝ առաւել տանջանքների մատնել իրեն: Դատաւորն ասաց. «Դու ի բնէ քրիստոնեայ չես, ուստի նազովրեցիները քեզ մարտիրոս չեն համարի»: Սուրբը պատասխանեց. «Ո՛վ անմիտ, Քրիստոս ինձ մարտիրոս է ընդունել՝ սկսած այն պահից, երբ շնորհեց, որ ես, չարչարանքներ կրելով, լինեմ Իր Աստուածութեան վկան»: Բռնաւորը հրամայեց. «Աւելացրէ՛ք դրա չարչարանքները, բերէ՛ք ճանկեր, պոկէ՛ք աչքերի արտեւանունքները, որպէսզի տգեղանայ, անքուն մնայ եւ մորմոքուի պատուհասների մէջ, որոնց թշուառականն ինքը պատճառեց իրեն»:
Եւ երբ չկարողացաւ սասանել քաջ նահատակին, հրամայեց պղնձէ գնդերով հարուածել նրա ծնօտին եւ թափել ատամները: Իսկ նա ասում էր. «Դու համարում ես, թէ դրանցով խոշտանգում ես ինձ, սակայն նոյն դրանցով փառաւորում ես ինձ երկնքի ու երկրի առաջ»: Իշխանն ասաց. «Ո՛վ Թիւրսոս, զոհ մատուցիր աստուածներին եւ թո՛ղ ցնդաբանութիւնդ»: Թիւրսոսն ասաց. «Որոնց ճանաչում եմ որպէս դեւեր, չեմ կարող զոհ մատուցել դրանց: Դուք ենթարկւում էք ձեր անօրէն թագաւորի հրամաններին, սակայն մենք չենք կարող չհնազանդուել երկնքի ու երկրի Թագաւորի ճշմարիտ եւ արդար հրամաններին»:
Թագաւորի հրամանով բերեցին պղնձէ կաթսայ, նրա մէջ կապար հալեցրին, Թիւրսոսին պառկեցրին երկաթէ մահճի վրայ եւ եռացրած կապարը լցրեցին նրա թիկունքին: Այնժամ երանելին աղօթեց առ Աստուած եւ ասաց. «Աստուա՛ծ, որ երկնքում ես եւ փառաբանւում ես հրեշտակաց դասի կողմից, Դու արտաքսեցիր կորստեան իշխանին Քո փառքի երեսից եւ այժմ մի՛ թող բոլոր նրանց, ովքեր խոստովանում են Քեզ, եւ չար բռնաւորը, որին ամաչեցրիր, թող չիշխի նրանց վրայ: Օգնութեան եմ կանչում Քեզ, Տէ՛ր Աստուած, իմ կեանքի Լո՛յս, փրկի՛ր ինձ իմ թշնամիներից, նրանց չարիքները դարձրո՛ւ իրենց գլխին, որպէսզի հեթանոսները տեսնեն Քո փառքը եւ ճանաչեն Քեզ որպէս Աստուած»:
Մինչ դահիճները բռնել էին կաթսայի բռնիչներից եւ կամենում էին հալուած կապարը միանգամից լցնել սուրբի մարմնի վրայ, կապարը եռալով յանկարծ վեր բարձրացաւ եւ լցուելով դահիճների վրայ՝ տեղն ու տեղը լափեց նրանց: Այնժամ հաւաքուած բազմութիւնն աղաղակեց. «Մե՜ծ է քրիստոնեաների Աստուածը», իսկ վկան բռնաւորին ասաց. «Ասա՛ ինձ ճշմարիտը, թեկուզ եւ այսքան ուշ հասկացա՞ր, որ Աստուած Թագաւոր է, որ երկնքում է եւ տեսա՞ր, թէ ինչպէս Նա այսօր հրաշագործեց քո աչքի առաջ: Եւ ինչպէս որ գրուած է, արդարը պիտի փրկուի որսողների ձեռքից, ու նրա փոխարէն պիտի մատնուեն ամբարիշտները»: Կոմբրուտիոսն ասաց. «Եթե կարծում ես, որ կարող ես մեզ կամ Ասկլեպիոսին յաղթել կախարդութեամբ, ապա երդւում եմ աստուածներով, որ նրանք այսօր կը հաշտուեն աշխարհի հետ՝ տեսնելով ի պատիւ իրենց հեղուած քո արիւնը»: Վկան ասաց. «Իմ արիւնը կը հեղուի իմ Քրիստոս Աստուծոյ համար, Ով նախապէս հեղեց Իր սուրբ արիւնը՝ մեղաւորներիս փրկութեան համար, իսկ դու, Ասկլեպիոսը եւ բոլոր նրանք, ովքեր հնազանդւում են ձեզ, պիտի ուղարկուէք դէպի յաւիտենական հուրը»: Այնժամ բռնաւորն ասաց. «Բերէ՛ք սուսեր, եւ այն մտցնելով որովայնի մէջ՝ տարուբերէք»:
Եւ այդպէս երանելուն թրածեծ արեցին: Իսկ նա ասում էր. «Արդարեւ համբերում եմ մահուչափ, որպէսզի իմ մեղանչական մարմինը տանջուի, իսկ հոգիս պահուի իմ Տիրոջ համար: Դու, Տէ՛ր, նայի՛ր ինձ, մերկացրո՛ւ ինձ այս ապականացու մարմնից եւ ցո՛յց տուր Քո Միածին Որդուն եւ իմ Տիրոջը»: Այնժամ ի վերուստ լոյս ծագեց, որից սուրբի երեսը պայծառացաւ սքանչելի փայլով, եւ ամպից մի ձայն լսուեց, որն ասաց. «Քաջալերուի՛ր, Թիւրսո՛ս, ահա Ես, Ում համար դու չարչարւում ես: Մի՛ վհատուիր, Իմ առաքինի՛ նահատակ, Ես քեզ հետ էի եւ պիտի լինեմ»: Եւ Ձայնից յետոյ յանկարծ մեծ շարժում եղաւ, ատեանը դղրդաց, իսկ անօրէն իշխանն ասաց. «Այս կախարդի մոգական խաբէութիւնը զօրացաւ: Տարէ՛ք դրան այստեղից, կապանքներով բանտ նետէք ու հսկէ՛ք, մինչեւ որ նրան ինձ հետ Նիկոմիդիա տանեմ»:
Իսկ երանելի Թիւրսոսը խոնաւ ու խաւարտչին բանտում մտածում էր գտնել մէկին, ով կը մկրտէր իրեն: Եւ Աստուծոյ խնամատարութեամբ նա գտաւ Փիլէաս անունով մի սուրբ եպիսկոպոսի, որն ապրում էր բանտի մօտ գտնուող թաքստոցում եւ հրեշտակի առաջնորդութեամբ մկրտուեց նրա ձեռամբ, ընդունելով սուրբ դրոշմը՝ հաղորդուեց Տիրոջ Մարմնի եւ Արեան պատուական խորհրդին ու լցուած հոգեւոր օրհնութեամբ՝ զուարթացաւ եւ յոյժ զօրացաւ:
Այդ օրերին Կոմբրուտիոսի փոխարէն Ասիայից եկաւ Սիղուանոս անունով կոմսը՝ որպէս դատաւոր: Եւ երբ Կոմբրուտիոսը Սիղուանոսին տեղեկացրեց բանտարկուած Թիւրսոսի մասին, նա հրամայեց սուրբին իր առջեւ բերել: Սիղուանոսը հարցրեց նրան. «Ի՞նչ է քո անունը, եւ ի՞նչ պաշտամունք ունես»: Սուրբը պատասխանեց. «Իմ անունը Թիւրսոս է, իսկ հաւատքով քրիստոնեայ եմ, ինչպէս որ քաջ գիտէ քեզ իշխանակից Կոմբրուտիոսը»: Սիղուանոսն ասաց. «Ես եւս գիտեմ, ո՛վ թշուառական եւ աստուածների թշնամի: Ինչո՞ւ զոհ չես մատուցում աստուածներին, որոնցով եղել են ամէն բան»: Թիւրսոսը պատասխանեց. «Նրանցից որի՞ն ես հրամայում զոհ մատուցել իբրեւ աստուծոյ»: Կոմսն ասաց. «Սիղուանոս եւ Ապոլոն աստուածներին»: Թիւրսոսն ասաց. «Ես Սիղուանոսին յանձինս քեզ տեսնում եմ որպէս մարդու եւ ոչ թէ աստուծոյ, իսկ Ապոլոնին բնաւ չեմ ճանաչում»: Կոմսը բարկացաւ եւ սպասաւորներին հրամայեց. «Հարուածէ՛ք այդ խստապարանոց մարդու պարանոցին, որպէսզի նա չծաղրի մեզ»: Եւ երբ հարուածեցին, վկան ասաց. «Լսի՛ր ինձ, կո՛մս, եւ ես քեզ կ՚ասեմ ճշմարիտը: Ես իմ անգիտութեան շրջանում այդ նոյն մոլորութեան մէջ էի եւ ընդունում էի հեթանոսների կուռքերին ու աստուածներին: Սակայն երբ իմ մէջ ծագեց աստուածգիտութեան լոյսը, խաւարը փարատուեց ինձնից, եւ այժմ բաց աչքերով յստակ տեսնում եմ, որ այդ բոլոր չար պաշտամունքները դեւերի ծաղրանք, պատրանքներ ու ցնորքներ են: Քանզի մարդիկ են, որ իրենց ձեռքերով զանազան նիւթերից յօրինում են աստուածներ, եւ արհեստագործն է, որ կերպարանք է տալիս կուռքերին, ինչպէս որ կամենում է, եւ որը փշրում է, երբ այն իրեն դուր չի գալիս»: Կոմսն ասաց նրան. «Ո՞վ է քեզ կարգել՝ քննելու աստուածների բնութիւնը: Չէ՞ որ քո ծնողները դիցապաշտներ էին, ինչո՞ւ դու հեռացար այդ պաշտամունքից»: Վկան պատասխանեց. «Եթէ մեր ծնողները տառապէին յօդատապով, կամ լինէին կռնատ կամ կոյր, մի՞թէ մենք պէտք է ջանայինք նմանուել նրանց: Եւ եթէ չենք կրում նրանց մարմնաւոր տկարութիւնը, ինչպէ՞ս կարող ենք հոգիների հիւանդութիւնը կրել, որովհետեւ աւելի լաւ է մարմնով վատառողջ լինել, բայց հոգով՝ քաջառողջ»:
Կոմսը հրամայեց բռնութեամբ նրան մեհեան տանել: Բազմութեամբ հանդերձ՝ գնաց եւ ինքը՝ զոհ մատուցելու: Եւ մինչ սուրբն աղօթում ու խնդրում էր Տիրոջը՝ ցոյց տալու Իր սքանչելագործութիւնը, յանկարծ բագինը շարժուեց, եւ Ապոլոնի արձանը ցած ընկաւ ու փշրուեց: Երանելին ասաց. «Ահա ձեր սին պաշտամունքը եւ տեսէ՛ք կռապաշտութեան անմտութիւնը»:
Այնժամ ամօթահար եղած կոմսը հրամայեց կապել նրան ծանր շղթաներով ու բանտ տանել: Մէկ այլ օր՝ ատեանի առաջ հարցաքննելուց յետոյ, հրամայեց գլխիվայր կախել նրան գօտկատեղի լայնութեամբ ջրալից անօթի մէջ, որից նա անվնաս դուրս եկաւ: Ապա պարսպի մօտ պատրաստեց մի մեծ սրալից տանջող գործիք, նրան անցկացրին դրա միջով, որպէսզի չարաչար յօշոտուի, սակայն Աստուծոյ հրեշտակները յափշտակեցին նրան եւ կանգնեցրին պարսպի վրայ, որտեղ երանելին սկսեց սաղմոսել ու ասել. «Յոյսս դրի Տիրոջ վրայ. ինչո՞ւ էք ասում ինձ, որ ճնճղուկի պէս լեռները թռչեմ»[1]: Կոմսն ապշեց եւ Կոմբրուտիոսին ասաց. «Ի՞նչ անենք, որ կարողանանք յաղթել դրան»: Եւ նա ասաց. «Կատարուածը մոգութիւն համարիր»: Իսկ Վիտաղիոս անունով դահիճներից մէկը մինչ սանդուղքով բարձրանում էր՝ սուրբին ցած իջեցնելու, ընկաւ գործիքի վրայ եւ իսկոյն կտրատուեց գործիքի սուսերից ու բեւեռներից եւ կտոր-կտոր եղաւ: Իսկ վկան սաղմոսում էր եւ ասում. «Որոգայթ պատրաստեցին ինձ համար, փոս փորեցին եւ հէնց իրենք էլ ընկան նոյն փոսը, որ պատրաստել էին»[2]:
Սիղուանոսը կանչեց Թիւրսոսին եւ ասաց. «Մինչեւ ե՞րբ ես մոգութիւն անելու», իսկ սուրբը յանդիմանեց նրան խստասրտութեան համար, որովհետեւ Աստուծոյ սքանչելագործութիւնը կախարդութիւն համարեց:
Այնուհետեւ կոմսը Կոմբրուտիոսի հետ գնաց Ապամիա եւ իր հետ տարաւ նաեւ Թիւրսոսին: Ճանապարհին կոմսը չէր դադարում ստիպել նրան դառնալ կուռքերի պաշտամունքին, իսկ սուրբը սաստում էր նրան եւ ասում. «Եթէ դու եւ Կոմբրուտիոսը շարունակէք մնալ նոյն մոլորութեան մէջ, ապա շուտով վրայ կը հասնի ձեր կործանումը երկնքի Տիրոջ կողմից»: Եւ երբ նրանք ծիծաղեցին սուրբի խօսքերի վրայ, օրհասական մահուամբ երկուսով կորստեան մատնուեցին Ապամիայում, բոլոր հեթանոսների աչքի առաջ: Նրանցից շատերն ընկան սուրբի ոտքերը, եւ խնդրեցին ողորմել իրենց Քրիստոսի սիրոյ համար, որպէսզի իրենց եւս չար բան չպատահի: Եւ այն մարդիկ, որոնք բանտի պահեստում պահում էին վկային մինչեւ որ գար մէկ այլ դատաւոր, ակնածում էին նրանից:
Օրեր անց Բաւդոս անունով մի լիբէացի իշխան եկաւ Ապամիա, բանտարկուած Թիւրսոսին կանչեց իր առջեւ եւ ասաց. «Լսել եւ կարդացել եմ քո ստահակ արարքների մասին, որոնք գործել ես ընդդէմ աստուածների ու ինքնակալների: Այսուհետեւ սթափուի՛ր եւ շահի՛ր քո կեանքը՝ զոհ մատուցելով աստուածներին, որոնց պաշտում են ինքնակալն ու նրա իշխանները, այլապէս յոյս չունենաս, թէ կ՚ազատուես իմ ձեռքից»: Նահատակը պատասխանեց եւ ասաց. «Ինչ որ լսել ես քո նախկիններից, աւելին ասել չեմ կարող: Ես քրիստոնեայ եմ, չեմ կարող զոհ մատուցել դեւերին եւ իմ Տէր Յիսուս Քրիստոսի փառաւորեալ անուան համար պատրաստ եմ մեռնել հրով թէ սրով»:
Այս խօսքերից ու պատասխաններից յետոյ, երբ բռնաւորը տեսաւ վկայի հոգու անպարտելի ամրութիւնը, հրամայեց պառկեցնել նրան մէջքի վրայ եւ բրերով ջարդել նրա անդամները, ապա ձեռքերը թիկունքին կապած եւ գնդակի պէս կծկուած դնել մի քրձի մէջ, կարել քրձի բերանը, պատել կապարով ու գցել ծովի յատակը: Սուրբ Թիւրսոսն ասում էր. «Լսի՛ր ինձ, Տէ՛ր եւ նայի՛ր, մի վկայի վրայ աւելի շատ տանջանքներ եկան, քան մարմնի անդամների թիւն են»:
Արդ, երբ երանելուն նաւով տարան ու գցեցին ծովը, յանկարծ հրեշտակներն իջան, նրան դուրս բերեցին ծովափ, արձակեցին քուրձը, ամբողջովին առողջացրին եւ սիրով ողջոյն տալով՝ ասացին. «Զօրացի՛ր, քաջ Թիւրսոս, Տէրը մեզ ուղարկեց՝ օգնելու քեզ, որովհետեւ մենք սպասաւորներն ենք Նրա, Ում դու պաշտում ես»: Այնտեղ գտնուող ժողովուրդը, նաւավարներն ու զինուորները, տեսնելով սքանչելիքները, զարհուրեցին եւ փառաւորեցին քրիստոնեաների Աստծուն: Ոմանք գնացին ու դատաւորին պատմեցին կատարուածը՝ ասելով. «Օտար եւ ահաւոր զինուորներ եկել ու թիկունքից օգնութեան են հասել Թիւրսոսին»: Եւ նա իսկոյն հազարապետին իր գնդով ուղարկեց այնտեղ: Նրանց յետեւից ինքը եւս եկաւ եւ ողջանդամ ու զուարթ տեսնելով Քրիստոսի նահատակին՝ զարմացաւ ու ասաց նրան. «Թիւրսո՛ս, ո՞ւր են այն օտար զինուորները, որոնք քեզ դուրս բերեցին ծովից, նրանք չեն երեւում»: Թիւրսոսը պատասխանեց. «Եթէ ունենայիր յստակ տեսնող աչքեր, դու եւս կարող էիր տեսնել նրանց»: Իսկ անօրէն Բաւդոսն ասաց. «Գիտեմ, որ մեծ ինչքեր խոստացար նաւավարներին, եւ նրանք փրկեցին քեզ: Բայց այժմ լսի՛ր ինձ եւ զոհ մատուցիր, այլապէս եթէ ծովի ալիքները չընդունեցին քեզ, ապա կ՚ընդունեն գազանների ժանիքները»: Թիւրսոսն ասաց. «Ո՛վ տմարդի գազան, մինչեւ ե՞րբ չես ճանաչելու Աստուծոյ զօրութիւնը: Չգիտե՞ս, որ Նա, Ով փրկեց ինձ անդունդներից, կարող է փրկել նաեւ գազանների բերանից, որովհետեւ նոյն Տէրն է, որ փրկեց Յովնանին կէտի որովայնից եւ Դանիէլին՝ առիւծների գբից»:
Օրեր անց Բաւդոսը եկաւ Կեսարիա քաղաք՝ իր հետ բերելով կապուած Թիւրսոսին, ուր դարձեալ նրան հարցաքննելուց յետոյ հրամայեց արջառաջլերով հարուածել նրա թիկունքին ու որովայնին: Եւ այնտեղ զարմանալի բան կատարուեց, քանզի հարուածող դահիճները եկան դատաւորի մօտ եւ բողոքեցին՝ ասելով. «Աղաչո՛ւմ ենք, խնայի՛ր մեզ, մենք նեղութեան մէջ ենք եւ չենք կարողանում ձեռք բարձրացնել այդ մարդու վրայ, որովհետեւ սպիտակազգեստ զինուորներ հրեղէն գաւազաններով մեծ զօրութեամբ հարուածում են մեզ»: Իսկ անօրէնը նահատակին ասաց. «Ա՛յ կախարդ, նախքան կործանուելդ կամենում ես իմ սպասաւորների՞ն կորստեան մատնել: Այդպէս չի լինի: Դրան բանտ տարէ՛ք եւ տեղ պատրաստէ՛ք հրապարակում, որ այս քաղաքի առջեւ նրան նետեմ գազանների առաջ որպէս կերակուր»:
Եւ արեցին այդպէս, բայց երբ սուրբի վրայ արձակեցին գազաններին, նրանք մօտեցան սուրբին եւ սկսեցին քծնել ու մեղմօրէն լիզել նրա վէրքերը: Այնժամ բազմութիւնն աղաղակեց՝ ասելով. «Արձակի՛ր այդ արդար մարդուն, ո՛վ դատաւոր, որովհետեւ ուղիղ չես դատել»: Եւ երբ սուրբը Տիրոջ անունով ակնարկեց գազաններին խաղաղութեամբ գնալ իրենց տեղը, նրանք գնացին: Այնժամ բարձրացաւ բազմութեան աղաղակը. նրանք ասում էին. «Երանի նրանց, ովքեր պաշտում են Նրան եւ իրենց յոյսը դրել են Նրա վրայ»: Եւ այդ օրը շատերը հաւատացին Տիրոջը, որոնց թւում Կալինիկոս քուրմը, որը մի նշանաւոր մարդ էր. նա ատեանի խորհրդականն էր եւ քաջ ծանօթ էր քրիստոնէական օրէնքներին:
Իսկ դատաւորը ամօթահար եղած եկաւ իր ապարանքը եւ սկսեց քաղցրութեամբ ողոքել Թիւրսոսին, որպէսզի յանձն առնի պաշտել կուռքերին ու արժանանայ մեծ պատուի: Եւ երբ սուրբը մերժեց նրա խաբեպատիր առաջարկը, հրամայեց բռնութեամբ նրան մեհեան տանել, որտեղ վկայի խօսքով ընկաւ Դիոնիսէս չաստուծոյ զոհասեղանը: Այդ բանի համար դատաւորը հրամայեց անխնայ գանահարել նրան եւ մարմնի բացուած վէրքերի մէջ մանր խեցիներ լցնել: Սուրբն իր արիւնը ցանեց դատաւորի կողմը եւ ասաց. «Այս արիւնը, որ հեղում եմ Քրիստոսի անուան համար, դատաստանի ժամանակ թող քեզ համար վկայութիւն լինի»: Այնժամ երեւաց Տիրոջ սուրբ հրեշտակը եւ ասաց. «Մի՛ երկնչիր, Թիւրսո՛ս եղբայր, ահաւասիկ այստեղ եմ: Համբերի՛ր մի փոքր, եւ միասին կ՚ելնենք այստեղից: Միայն պէտք է երեք հարցաքննութիւնից յետոյ չորրորդ անգամ եւս դուրս գաս մրցութեան»:
Եւ Ապողոնիա քաղաքի ատեանի առաջ եղաւ չորրորդ հարցաքննութիւնը, ուր Կալինիկոսի հետ եկաւ նաեւ Բաւդոսը, որն այդ քաղաքում էր: Դատաւորը վկային ասաց. «Այս քաղաքի հոյակապ մեհեանն ունի ոչ թէ մէկ, այլ չորս կուռքեր՝ մեծն Ապոլոնը, Հերակլէսը, Սիղուանոսը եւ Ափրոդիտէն: Եթէ այժմ զոհ մատուցես նրանց, ապա երդւում եմ ինքնակալների փառքով, որ պատուով կ՚արձակեմ քեզ»: Թիւրսոսն ասաց. «Ո՛վ դատաւոր, ցանկալի է ձեր կուռքերին իմ ձեռքով հեռացնել Յունաց աշխարհից: Արդ, եթէ պէտք է, պահէ՛ք գոնէ մէկին, որպէսզի չմնաք առանց պաշտամունքի, իսկ եթէ ոչ, եկէք գնանք՝ տեսնելու նրանց»: Երբ կուռքերի բազմութեամբ տաճար մտան, սուրբն աղօթեց եւ ասաց. «Գոհանո՛ւմ եմ Քեզնից, Աստուա՛ծ, որ հրամայեցիր ինձ Քո սուրբ անունով վերացնել հեթանոսների կուռքերին: Ինչպէս որ Քո զօրութեամբ կործանում եմ նրանց, երանի այդպէս էլ կռապաշտներին դարձնէի դէպի Քեզ»: Դեռ խօսքը չաւարտած՝ դղրդացին ու ընկան չորս զոհասեղանները եւ փշրուեցին: Այնժամ ամբոխի մէջ մեծ խռովութիւն եւ հերձուած ընկաւ: Մի մասն աղաղակում էր ու ասում. «Մե՜ծ է քրիստոնեաների Աստուածը, Որին քարոզում է Թիւրսոսը», մի մասն էլ բողոքում էին դատաւորին՝ ասելով. «Վերացրո՛ւ այդ կախարդին մեր միջից, արժան չէ, որ նա ապրի»: Եւ մինչ Բաւդոսը կամենում էր արձակել սուրբի մահուան վճիռը, Կալինիկոսը մօտեցաւ նրան եւ ասաց. «Ո՛վ դատաւոր, այդ մարդու մէջ, որը մինչ օրս կենդանի մնաց, դուք տեսնում էք չարահնար կամ դիւական կախարդութիւն: Սակայն, հաւատա՛ ինձ, ես կարծում եմ, որ Աստուծոյ մեծ զօրութիւն կայ նրա մէջ»: Բաւդոսն ասաց. «Մի՛ խանգարիր եւ հեռացի՛ր այժմ, որովհետեւ դառնացել է իմ կեանքը, եւ ես հալումաշ եմ լինում տրտմութիւնից»: Կալինիկոսն ասաց. «Ո՛չ, Տէ՛ր, ո՛չ, հաւատա՛ Թիւրսոսի Աստծուն, եւ կը փարատուեն բոլոր հոգսերն ու տրտմութիւնները: Մինչ օրս ի՞նչ ենք շահել կուռքերից, չէ՞ որ ահա նրանց էլ կորցրինք»: Բաւդոսի երեսն այլագունուեց, ապա դարձաւ Կալինիկոսին եւ ասաց. «Ո՛վ թշուառական, դու ե՞ւս խաբուեցիր Թիւրսոսի կախարդութիւնից, որ համարձակուեցիր այս ատեանի առաջ ասել այդ խօսքերը»: Կալինիկոսն ասաց. «Ո՛վ դատաւոր, մի՛ լցուիր բարկութեամբ, համբերի՛ր փոքր-ինչ, եւ դու կը խմես իմ արիւնն ու կը հանդարտուես մոլեգնութիւնից»: Դատաւորը գազանի պէս մռնչաց եւ ասաց. «Տեսէ՛ք, թէ ինչպէս այս անօրէն մահապարտը, որը մինչ օրս համարւում էր աստուածների քաւչարար եւ իշխանների հաւատարիմ խորհրդական, խաբուեց մոլորեցուցիչ Թիւրսոսի խօսքից»: Կալինիկոսն ասաց. «Ոչ թէ Թիւրսոսն ինձ տարաւ իր յետեւից, այլ կենդանի Քրիստոս Աստուած, Որին պաշտում է Թիւրսոսը, առաջնորդեց ինձ, որպէսզի թողնեմ ունայնութիւնը եւ գնամ ճշմարտութեան յետեւից ու բոլորանուէր ընծայուեմ Աստծուն»:
Այնժամ բռնաւորն իր դահիճներին ասաց. «Հեռացրէ՛ք այդ չարագործին եւ մատնէ՛ք ամէն տեսակ տանջանքների, որպէսզի դրա մարմնի վրայ որեւէ առողջ տեղ չմնա: Եթէ տանջանքները նրան զրկեն կեանքից, ապա յաղթած կը լինենք նրան, իսկ եթէ մարմինը տոկայ, ապա ցաւերը կը տիրեն նրան»: Եւ դահիճները դաժան լլկանքներով եւ պէս-պէս կտտանքներով երանելուն քարշ տուեցին փողոցներով, իսկ նա զուարթութեամբ փառաւորում էր Աստծուն, որ արժանի եղաւ չարչարանակից եւ նահատակակից լինել մեծ վկայ Թիւրսոսին:
Եւ երբ նրան տանում էին Ասկլեպիոսի մեհեանի մօտով, որը կանգնած էր հարիւր սիւների վրայ, Կալինիկոսը դահիճներին ասաց. «Գթացէ՛ք ինձ, քանզի ահա նուաղել եմ կիզիչ արեւից: Տարէ՛ք ինձ մեհեանի սրահը, որպէսզի զովանամ ու մի փոքր շունչ առնեմ»: Եւ նրանք թոյլատրեցին: Կալինիկոսը մտաւ տաճար, ձայն տուեց Ասկլեպիոսի պատկերին եւ ասաց. «Փա՛ռք տուր Աստծուն: Ես քաջ գիտեմ, որ դու դեւ ես եւ ոչ թէ Աստուած: Միայն դու ես մնացել, որովհետեւ թաքնուել էիր Տիրոջ ծառայ Թիւրսոսի երեսից: Արդ, Տէրը հրամայեց ինձ այսօր վերացնել այն, ինչ նա կիսատ էր թողել: Նա ինձ նշան է տուել, որ երբ անցնեմ այստեղով, Քրիստոսի ամենայաղթ զօրութեամբ, Ով Դատաւորն է ողջերի եւ մեռածների, դու ցած ընկնես քո կանգնած տեղից»:
Այս ասելուն պէս Ասկլեպիոսի պատկերն ընկաւ ու փշրուեց: Այս տեսնելով՝ տասնհինգ քրմեր, որոնք ծանօթ էին Կալինիկոսին, հաւատացին Քրիստոսին: Կատարուածի մասին տեղեկացրին դատաւորին, եւ նա հրամայեց իսկույն գլխատել Կալինիկոսին: Երանելին իր պարանոցն ուրախութեամբ մատուցեց սրին եւ ասաց. «Ո՛վ երանելի Թիւրսոս, դու ինձ ուղարկեցիր քո առջեւից, եւ այժմ շտապի՛ր ժամանել իմ յետեւից, որպէսզի միասին եւ ուրախութեամբ հանդիպենք Քրիստոսին»: Նրա հետ նահատակուեցին նաեւ տասնհինգ քրմերը, որոնք դարձել էին դէպի Տէրը:
Նոյն օրը բռնաւորը հրամայեց չարաչար մահով կեանքից զրկել նաեւ սուրբ Թիւրսոսին՝ մամուլների մէջ մէջտեղից սղոցելով նրա մարմինը: Սակայն Աստուած, որ պահեց նրան այդքան չարչարանքների մէջ, թոյլ չտուեց մեռնել նաեւ այդ տանջանքից: Քանզի թէպէտ երկու դահիճները՝ Վիտաղիոսը եւ Սաբինոսը, շատ ջանացին, բայց սղոցն ամենեւին չկտրեց սուրբի մամինը: Երկինքը որոտաց, եւ ձայն եկաւ, որն ասաց սուրբին. «Թիւրսո՛ս, մտի՛ր քո Տիրոջ ուրախութեան մէջ, որովհետեւ դու պատերազմի մէջ զօրացար իբրեւ քաջ նահատակ եւ վանեցիր սատանային: Ահա պատրաստուած է քո փառքի պսակը, այսօր Ինձ հետ դրախտում կը լինես»: Երանելին ուրախութեամբ Աստուծոյ ձեռքն աւանդեց իր հոգին, որ եղաւ Ապողոնիա քաղաքում, Տիրոջ 250 թուականին: Այդ օրը Տէրը հարուածեց Բաւդոսին՝ ասելով. «Ես քեզ տանջում եմ յանուն Աստուծոյ ծառայի»: Բաւդոսը խնդրեց Փիլիպպոս անունով հաւատացեալ մէկին եւ հրամայեց ըստ կարգի համարձակ թաղել սուրբին: Եկան Կեսարիոս եպիսկոպոսը եւ Լաւոդիկ քահանան՝ սպասաւորներով հանդերձ, եւ երանելուն ամփոփեցին քարայրի մէջ՝ Դափնէ կոչուած մի վայրում՝ Մելիտոս ծովափնեայ քաղաքի մօտ, որտեղ բազմայաղթ նահատակ Թիւրսոսի բարեխօսութեամբ բազում հրաշքներ են լինում:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Ելեւթիւրոս վկայի յիշատակը կատարում է Սուրբ Խաչին յաջորդող տասներորդ կիրակիից յետոյ եկող երեքշաբթի օրը՝ սուրբ Ադրիանոսի, նրա կնոջ՝ Անատօլիայի ու նրանց հետ եղողների եւ սուրբ Թէոդորոս Ստրատելատի հետ:
[1] Սաղմ. Ժ 2:
[2] Հմմտ. սաղմ. Է 15-16:
Աղբյուր՝ https://shavigh.am/