Սուրբ Աբրահամ և Խորեն
Աբրահամ և Խորեն երեցներին (Ղևոնդյանց քահանաների) դասին կարելի է դասել, որոնք ինքնակամ հետևում են Ղևոնդյանց և ծառայում, իսկ վերջին պահին, երբ Ղևոնդյանք նահատակության էին տարվում, նրանց արգելեցին հետևել: Նրանց նույնպես հրամայվում է ուրանալ իրենց հավատը, ինչը բացարձակապես մերժեցին և որովհետև հատուկ մեղադրանքներով չէին ամբաստանվել, ուստի միայն կտրում են նրանց ականջները և ուղարկում արքունի ագարակներում աշխատելու: Շրջանի քրիստոնյաների կողմից, իբրև խոստովանողներ կամ կենդանի նահատակներ, մեծ հարգանքի և մեծամեծ նվերների արժանացան, որոնք Աբրահամ երեցը մեծ ճանապարհ անցնելով տանում էր և բանտարկյալ հայ նախարարներին էր տալիս: Իսկ Խորենը, չդիմանալով ճանապարհի նեղություններին և անտանելի շոգին, գերության մեջ վախճանվեց: Վերջ ի վերջո Աբրահամը ներման արժանացավ և հայրենիք վերադարձավ, ի պատիվ իր կենդանի նահատակ լինելու հանգամանքին՝ Բզնունյաց գավառի եպիսկոպոս ընտրվեց և եպիսկոպոսության մեջ ծառայելով, խաղաղ մահվամբ կնքեց իր երկրավոր կյանքը:
Հայերս նրանց հիշատակը երկու անգամ ենք տոնում:
«Հայազգի Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան1997
Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկ. Դոխոլյանը
Կոզմաս և Դամիանոս «անարծաթ» բժիշկներ
Սրանք երկու եղբայրներ են, որոնք ծնվել են Արաբիայում և ապրել Գ դարի վերջերին: Նրանց մայրը՝ Թեոդոտիան (Աստվածապարգև), առաքինի և աստվածավախ մի կին էր, որին Հույն եկեղեցին ներառել է իր տոնացույցում: Հակառակ իր այրի լինելու կարգավիճակին, շատ լավ խնամեց և դաստիարակեց իր հինգ երեխաներին, որոնցից վերջին երկուսը՝ Կոզմասը և Դամիանոսն էին, որոնք բժշկական արվեստին հետևեցին: Աստված նրանց գիտության վրա բժշկության շնորհ ավելացրեց: Մայրը նրանց միշտ կրկնում էր ավետարանական խոսքը. «Ձրի առաք, ձրի էլ պիտի տաք»: Արդարև, քաղաքից քաղաք շրջելով, կույրերի աչքերին լույս էին բերում, կաղերին քայլեցնում էին, հաշմանդամներին՝ առողջացնում, դևերին հալածում և ամեն կողմ ուրախություն, առողջություն և խաղաղություն էին տարածում: Եվ քանի որ այս ամենն առանց վարձատրության էին անում, դրա համար անվանվեցին «Անարծաթ բժիշկներ»: Դիոկղետիանոսի իշխանության առաջին տարիներին՝ 285 թ.-ին, որպես քրիստոնյա ձերբակալվեցին, ենթարկվեցին խստագույն չարչարանքների և ի վերջո գլխատմամբ ստացան մարտիրոսության պսակը: Թե՛ մեր և թե՛ այլ Հայսմավուրքներում հիշատակվում են նաև այլ երկու համանուն բժիշկ եղբայրներ, որոնք կամ շփոթության արդյունք են, կամ սրանց պատմության այլ տարբերակներ են:
Հայերս նրանց հիշատակության տոնը կատարում ենք Հիսնակի պահոց հինգերորդ երկուշաբթի օրը:
Աստվածատուր – Մախոժ ✝ 553
Մախոժ անունով, ազգությամբ պարսիկ, Քունրաստանից, մոգապետի զավակ, որը Դվինում էր հաստատվել՝ Դենշապուհ պարսիկ մարզպանի օրոք: Ներկա եղավ Գրիգորիս Ռաժիկի նահատակությանը և նրա ցուցաբերած արիությունից և հաստատակամությունից խիստ տպավորվեց և քրիստոնեության հանդեպ հզոր համակրանք ծնվեց նրա մեջ:
Մի օր, երբ մոգերի հետ միասին կրակապաշտության արարողություն էին անում, հրկիզվեց նրանց ապարանքը և անկարելի եղավ մարել այն: Այն ժամանակ տեղի հայ հոգևորականները, վերցնելով Քրիստոսի Խաչի մասունքը, շտապեցին այնտեղ և Խաչի մասունքով մարեցին հուրը: Սա պատճառ դարձավ, որպեսզի բոլորովին խախտվի Մախոժի հավատն իրենց կրոնի նկատմամբ և ամբողջությամբ հարի քրիստոնեությանը: Տեղեկացրին Դենշապուհ մարզպանին, որը նրան իր մոտ կանչելով՝ խրատեց, որ իր հայրերի կրոնին վերադառնա, սակայն նա համարձակորեն խոստովանեց իր քրիստոնյա լինելը և այպանեց կրակապաշտությունը:
Դենշապուհը գանակոծել տալով բանտ նետեց նրան, որտեղ նա հանդիպեց Սահակ և Ներսես կրոնավորներին և նրանցից ավելի հիմնարար կերպով ուսանեց քրիստոնեությունը և վերակոչվելով պարսկերեն Հիստիբուզիդ, որը նշանակում է Աստվածատուր, մկրտվեց, այս անունով էլ հայտնի է հայերիս մոտ: Ոչ միայն մկրտվելով քրիստոնյա դարձավ, այլ նաև իր վարժապետների՝ Ներսեսի և Սահակի նման կրոնավորության ուխտ արեց: Երբ մարզպանը փոխվեց, նոր եկածը վերանայեց դատապարտյալների վճիռները և Ներսեսին ու Սահակին, որպես ի բնե քրիստոնյաների, ազատ արձակեց, իսկ Մախուժին հրավիրեց վերադառնալ իր նախկին կրոնին: Երբ նա մերժեց առաջարկը, այն ժամանակ հրամայեց նրան խաչել: Անգամ խաչի վրա բոլորին քարոզում էր «Հաստատ մնալ Քրիստոսի հավատի վեմի վրա և համբերել բոլոր նեղություններին, որոնց ենթարկվում են Նրա անվան համար»: Որպեսզի ավելի ևս չվկայի և չքարոզի՝ նետահարելով նահատակեցին նրան՝ 553 թ.-ի փետրվարի 25-ին:
Օրվա կաթողիկոսին՝ Ներսես Բ Բագրևանդեցուն, արտոնվեց տեր կանգնել նահատակի մարմնին և մեծահանդես հուղարկավորությամբ նա թաղվեց Դվինի կաթողիկեի արևելյան կողմում և վրան վկայարան կառուցեցին:
Նրա հիշատակության տոնը կատարում ենք Հիսնակի պահոց հինգերորդ երկուշաբթի, կամ երեքշաբթի օրը: Համաձայն տարեգրի, երբեմն առանձին ենք տոնում, երբեմն էլ իրեն կից սուրբերի հետ: Նրա հիշատակությունը չունի Պաշտիրմաճյանի Հայսմավուրքը:
«Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան1997
Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկ. Դոխոլյանը