Ծառ կենաց տնկեալ յԱդին սուրբ Կոյս. որ հայրածինն բղխեցեր զծաղիկ.
Եւ ետուր ի ժամու զՈրդին պտուղ մարդկան.
Զորոյ մարմինն ճաշակեալ անմահացան յուսով:
Վասն որոյ օրհնաբանեմք զքեզ յաւուր քո ծննդեան:
Բանաւոր երկիր Տիրուհի՝ եւ անդաստան մաքուր ի փշոց մեղաց.
Որ զբոյսն երկնային առանց սերման ծնար.
Որով զկենացն ետուր զհաց սովեալ բնութեանս.
Վասն որոյ օրհնաբանեմք զքեզ յաւուր քո ծննդեան:
Ամպ թեթեւ յերկնային ցանկութեանց սուրբ Կոյս.
Եւ վառարան աստուածային բոցոյն.
Որ զցօղն հայրաբուղխ անձրեւեցեր ի բանական երկիր.
Որով բնութեանս բուսան արդարութեան սուրբ բոյսք.
Վասն որոյ օրհնաբանեմք զքեզ յաւուր քո ծննդեան:
(Շարակնոց)
Յովակիմը՝ աստուածավախ եւ բարեպաշտ այրը, Իսրայէլի որդիների տոհմից՝ Յուդայի ցեղից էր, Դաւթի եւ Սողոմոնի որդիներից: Նոյնպէս եւ նրա համեստ ու ամօթխած կինը՝ Աննան, որ Մատթան քահանայի դուստրն էր, սերում էր Ահարոնի զարմից եւ ղեւտական ցեղից: Յովակիմը մեծահարուստ էր եւ կրկնակի ընծաներ էր մատուցում Աստծուն: Եւ եկաւ Տիրոջ այն մեծ օրը, երբ Իսրայելի որդիները, նրանց հետ նաեւ Յովակիմը, ընծաներ էին մատուցում Աստծուն: Սակայն Ռուփիմ քահանան ընդդիմացաւ Յովակիմին եւ ասաց. «Պէտք չէ, որ դու ընծայաբերութիւն անես Աստծուն, որովհետեւ դու զաւակ չունես Իսրայելի մէջ»: Այնժամ Յովակիմն անչափ տխրեց եւ տրտում հեռացաւ Տիրոջ տաճարից: Նա չգնաց իր տուն՝ Աննայի մօտ, այլ գնաց լեռները՝ հովիւների մօտ: Որոշեց չգնալ իր տուն, չուտել եւ չըմպել, «մինչեւ որ, — ասաց, — իմ Տէր Աստուածը չայցելի ինձ»: Եւ նա իր կերակուրը դարձրեց աղօթքները, իսկ ըմպելիքը՝ իր արտասուքները:
Իսկ Յովակիմի կինը՝ Աննան, ողբում եւ կոծում էր երկու բանի համար՝ նախ իր այրիութեան եւ ապա անզաւակութեան համար: Աննան սգոյ հանդերձներ հագաւ եւ գիշեր թէ ցերեկ օրերն անց կացրեց պահեցողութեամբ ու արտասուքներով: Մի օր՝ օրուայ իններորդ ժամին, իջաւ իր այգին, նստեց դափնենու տակ, աղօթեց մեր հայրերի Աստծուն եւ ասաց. «Տէ՛ր, յիշի՛ր, Քո աղախնու տառապանքները եւ օրհնի՛ր ինձ, ինչպէս որ օրհնեցիր Սառայի արգանդը՝ տալով նրան որդի Իսահակին»: Աչքերը յառած երկնքին՝ նա աղօթում էր եւ արտասւում: Ծառի բնի մէջ տեսաւ ճնճղուկներին, փղձկաց սրտով, ողբաց եւ ասաց. «Վա՛յ ինձ, ո՞վ ծնեց ինձ եւ ի՞նչ մայր երկնեց ինձ: Վա՛յ ինձ, որովհետեւ Իսրայէլի մէջ ծնուեցի անէծքով եւ նախատինք եղայ իմ ազգի դուստերի մէջ: Վա՛յ ինձ, ո՞ւմ հետ համեմատուեմ, որովհետեւ ես անգամ թռչուններին չնմանուեցի: Քո առջեւ, Տէ՛ր, երկնքի թռչուններն ունեն ձագեր, եւ ծովի ձկներն իրենց ծնունդներով օրհնում են Քեզ: Վա՛յ ինձ, ես ո՞ւմ հետ համեմատուեմ, քանզի անգամ հողն է իր ժամանակին տեսակ-տեսակ պտուղներ մատուցում մարդկանց որդիներին, որոնք օրհնում են Քեզ, Տէ՛ր: Վա՛յ ինձ, ո՞ր մայրը երկնեց ինձ եւ ո՞ր արգանդից ծնուեցի, քանզի տեսնում եմ, թէ ինչպէս են բազմանում անասունները, թէ ինչպէս երկնքի թռչուներն անթիւ երամներ ունեն, տեսնում եմ նաեւ գազաններին, որոնք բազմանում են, բայց երբ դառնում ու ինձ եմ նայում, տեսնում եմ, որ իմ կեանքը նզովուած է»: Այսպիսի խօսքեր էր ասում Աննան եւ դառնապէս աղիողորմ լաց լինում:
Այնժամ Տիրոջ հրեշտակը երեւաց Աննային ու ասաց. «Աննա՛, Աննա՛, Աստուած լսեց քո աղօթքները: Ահա դու կը յղիանաս եւ կը ծնես մանուկ, որի անունը կը տարածուի ամբողջ երկրում»: Եւ Աննան ասաց. «Կենդանի է իմ Տէր Աստուածը, որ եթէ արու կամ էգ զաւակ ծնեմ, կը մատուցեմ նրան իմ Տէր Աստծուն, որը կը սպասաւորի Նրան իր կեանքի բոլոր օրերում»: Եւ հրեշտակը դարձեալ ասաց. «Ահա քո ամուսին Յովակիմը գալիս է խոյերով, նոխազներով եւ զուարակներով»: Եւ Տիրոջ նոյն հրեշտակը իջաւ նրա մօտ ու ասաց. «Յովակի՛մ, Յովակի՛մ, Աստուած լսեց քո աղօթքները: Գնա՛ քո տուն, եւ քո կինը՝ Աննան, կը յղիանայ»:
Այնժամ Յովակիմն ուրախացաւ, ցնծաց հոգով եւ բերկրեց սրտով, օրհնեց Աստծուն ու գոհացաւ Նրանից: Ապա իր հովիւներին ասաց. «Բերէ՛ք տասն անարատ, գէր եւ պարարտ գառներ՝ Տէր Աստուծոյ անուանն ընծայելու համար: Բերէ՛ք նաեւ տասներկու ընտիր զուարակներ՝ ժողովրդի քահանաների եւ ծերերի համար: Եւ բերէ՛ք հարիւր նոխազներ՝ ամբողջ ժողովրդի համար»: Ապա Յովակիմը վեր կացաւ, իջաւ սարից ու գնաց իր տուն: Տեսնելով, որ Յովակիմը գալիս է, Աննան ընդառաջ ելաւ նրան ու ասաց. «Այժմ գիտեմ, որ իմ Տէր Աստուածը ողորմեց եւ օրհնեց ինձ մեր հայրերի օրհնութեամբ: Այսուհետեւ ես այրի եւ անզաւակ չեմ լինի»: Այդ օրը Յովակիմը հանգստացաւ, իսկ յաջորդ օրը մատուցեց իր ընծաները եւ ասաց. «Այժմ ճշմարտապէս գիտեմ, որ քաւիչ Աստուած քաւութիւն տուեց ինձ եւ ներեց իմ մեղքերը»: Եւ Տիրոջ տնից Յովակիմը գնաց արդարացուած:
Աննա յղացաւ եւ աւետիս տուեց Իսրայէլի որդիներին, որովհետեւ նա յղացաւ ամենօրհնեալ մանկանը, որով օրհնուեցին աշխարհի բոլոր ազգերը: Աննան յղացաւ նրան, որով օրհնուեց Եւան: Աննան յղացաւ նրան, որով վերացաւ Ադամին տրուած անէծքը: Աննան առաւ նրա սաղմը, որին երանի տուին բոլոր ազգերը եւ կրեց նրա սերմը, ով վերացրեց կանանց երկունքը: Իր որովայնում կրեց նրան, ով վերացրեց Եւային տրուած անէծքը եւ իր մարմնի մէջ ծրարեց նրան, ով աշխարհում սփռեց շնորհները:
Աննան՝ Մատթան քահանայի սրբակեաց դուստրը, իր սենեակում կրեց նրան, ով պիտի իր արգանդում կրէր Նրան, Որին չի կարող բովանդակել համայն աշխարհը: Աննան իր արգանդում առաւ եւ պատկերեց նրան, ով իր սենեակում պիտի պատկերէր երկրորդ Ադամին: Կրեց մի դստեր, որն Ադամի տոհմի մէջ առաւել էր, քան տասը որդիները, այսինքն քան մարդկային ազգի ողջ բնութիւնը: Աննա յղացաւ նրան, որով նորոգուեց հին Ադամը: Աննա յղացաւ նրան, որով անէծքը օրհնութեան փոխուեց: Յղացաւ նրան, որով բացուեց Դրախտը: Յղացաւ նրան, որով տնկուեց Կեանքի Ծառը երկրի վրայ: Յղացաւ նրան, որով մեզ տրուեց կենաց Պպտուղը: Յղացաւ նրան, որով Աստուած հաշտուեց մեզ հետ: Յղացաւ նրան, որով Աստուած խառնուեց մեր բնութեան հետ: Յղացաւ նրան, որով Աստուած երեւաց երկրի վրայ: Յղացաւ նրան, որով Աստուած շրջեց մարդկանց հետ:
Եւ երբ ծնեց հրաշագեղ Մարիամին, Աննան իր մանկաբարձին հարցրեց. «Ի՞նչ զաւակ է ծնուել»: Եւ նա պատասխանեց՝ դուստր: Աննան ասաց. «Այսօր բարձրացաւ իմ անձը»: Եւ երբ լրացան Աննայի սրբութեան օրերը, նա կերակրեց մանկանը եւ կոչեց նրան Մարիամ, որ նշանակում է «լուսաւորեալ», եւ արդարեւ, նա լուսաւորուած եղաւ Աստուածութեան անեղ Լոյսից: Եօթ ամսականում մանուկ Մարիամը կանգնեց իր ոտքերի վրայ, եօթ քայլ արեց եւ ապա դարձաւ մօր գիրկը: Աննան առաւ մանկանն ու ասաց. «Կենդանի է Տէր Աստուած, որ դու ոտք չես դնի երկրի վրայ, մինչեւ քեզ չտանեմ իմ Տէր Աստուծոյ տուն, Ով քեզ պարգեւեց ինձ»:
Եւ Աննան Մարիամի համար իր տան մէջ մաքուր սենեակ պատրաստեց: Նա կանչում էր եբրայեցի սուրբ կոյսերին եւ նրանց տանում Մարիամի մօտ: Երբ լրացաւ մանկան մէկ տարին, Յովակիմը մեծ ընդունելութիւն արեց եւ հրաւիրեց քահանաներին, դպիրներին ու Իսրայէլի ժողովրդին: Նա բոլորի առաջ մանուկ Մարիամին տուեց քահանայապետի ձեռքը, որն իր գիրկն առնելով մանկանը՝ ասաց. «Մեր հայրերի Աստուա՛ծ եւ Տէ՛ր ողորմութեան, օրհնի՛ր այս մանկանը եւ նրան յաւիտեան անուանի դարձրու բոլոր ազգերի մէջ»: Եւ ամբողջ ժողովուրդն ասաց՝ ամէն, թող լինի՛, թող լինի՛: Աննան վերցրեց մանուկ Մարիամին, տարաւ իր մաքուր սենեակը եւ օրհնեց Աստծուն՝ ասելով. «Նոր օրհնութիւն պիտի երգեմ իմ Տէր Աստծուն, որովհետեւ Նա այցելեց ինձ՝ վերացնելով իմ նախատինքը մարդկանց միջից եւ տուեց արդարութեան Պտուղը՝ որպէս յաւիտենական յիշատակ Իր առաջ»: Ո՞վ կը պատմի Իսրայելի որդիներին այն մասին, թէ Աննան ազատուել է ամլութիւնից: Ո՞վ լսելի կը դարձնի Ահարոնի դուստրերին, թէ Աննան մանկան մայր եղաւ:
Քահանաները, ծերերն ու ամբողջ ժողովուրդն ուրախացան եւ օրհնեցին ամենօրհնեալ մանուկ Մարիամին: Նրան, որի մասին կանխապէս ասել եւ յայտնել էին սուրբ մարգարէները: Նա հարսնացաւ երկնաւոր Հօրը, եղաւ Միածին Որդու մայրը եւ ճշմարիտ Սուրբ Հոգու հանգստեան տաղաւարը: Հողեղէն եւ մեղաւոր բնութիւնից ո՞վ արժանացաւ այդպիսի բարձրագոյն շնորհների եւ փառաւորուեց գերադրական փառքով: Ոչ ոք, այլ միայն նա, որը դրուատուեց իր իսկ խօսքերով՝ վկայելով իրեն եւ ասելով. «Այսուհետեւ բոլոր ազգերը ինձ երանի կը տան»:
Երանելի կոյս Մարիամ Աստուածածինն ամենօրհնեալն է կանանց մէջ, երանելին բոլոր սերունդների եւ փառաւորեալը համայն ազգերի մէջ: Նա ահարկու է հրեշտակների եւ սարսափելի դեւերի համար, մեծութիւն է կանանց եւ պարծանք հողեղէններիս համար, կեանքի մայր է եւ բարձրեալ Աստուծոյ ծնող: Ուստի մեղաւոր որդիներս ընկնում ենք նրա առաջ, որը մայրական գութ եւ գորով ունի ու ամբողջ սրտով աղաչում ենք նրան՝ ասելով. «Աստուծոյ Բանի ամենամաքո՛ւր տաճար, որ բարձր ես, քան երկինքը եւ խոր, քան անդունդները, լայն, քան երկիրը եւ վեր, քան միտքը: Դու, Աստուածամա՛յր, Տիրածի՛ն Կոյս, քո մէջ տարար Նրան, ով բոլորի բարեբանութեան առիթն է եւ կրեցիր քո մէջ ամէն տեսակ առաքինութիւններ նախահայրերից, նահապետներից, մարգարէներից, առաքեալներից, հայրապետներից, մարտիրոսներից, նահատակներից, կոյսերից եւ ճգնաւորներից՝ մէկից հաւատք, միւսից յոյս, մէկից սէր, միւսից խոնարհութիւն, ոմանցից արիութիւն եւ միւսներից՝ ողջախոհութիւն ու խոհեմութիւն: Եւ այդպէս դու քո մէջ կրեցիր սուրբերի բոլոր առաքինութիւնները: Դու, պանծալի՛ Դշխուհի, այդքան շնորհների ընդունարան եղար եւ համարձակութիւն ունես բարեխօսել քո Միածին Որդուն քեզ դաւանողների եւ տօնողների համար: Ուստի աղաչո՛ւմ ենք քեզ, սո՛ւրբ Մարիամ Աստուածածին, միշտ բարեխօսի՛ր ամբողջ աշխարհի համար տալ իւրաքանչիւրին իրեն պիտանին. եկեղեցուն՝ հաստատութիւն, քրիստոնեաներին՝ անդորրութիւն, աշխարհին՝ խաղաղութիւն, բարիքների առատութիւն, օդի քաղցրութիւն, ամպերի բարեխառնութիւն, անդաստանների պտղաբերութիւն, մարդկանց առողջութիւն, մեղքերի թողութիւն, ննջեցեալներին՝ հանգիստ, ողորմութիւն ու երկնային արքայութիւն, գերիներին՝ ազատութիւն, մեղաւորներին՝ դարձ եւ ապաշխարութիւն, մեղքերին՝ քաւութիւն: Ո՛վ ամենասրբուհի՛ Աստուածածին, քերովբէակա՛ն աթոռ, որ բարձր ես, քան երկինքը: Քեզնով տրուեց մեզ անմահութեան Պտուղը, քեզնով բուսնեց Ճշմարտութիւնը երկրի վրայ, քեզնով երեւաց Արդարութիւնը երկնքից, քեզնով ճանաչեցինք Աստծուն, եւ քեզ տրուեց համարձակութիւն բարեխօսելու մարդկային ազգի համար: Արդ, երեսնիվայր աղաչում եմ քեզ, Աստուծո՛յ մայր, քո ծննդեան օրը ողորմի՛ր տօնողներիս եւ փրկի՛ր մեզ բանսարկուի բոլոր որոգայթներից: Պահի՛ր մեզ խաղաղութեամբ եւ առանց մեղքերի եւ արժանաւորի՛ր մեզ հասնել Աւետման քո փառաւորեալ օրուան եւ ապա քո Միածնի հրաշափառ Ծննդեանը, որպէսզի մենք եւս ուրախանալով ցնծութեամբ գոչենք Գաբրիէլ հրեշտակապետի հետ ու ասենք. “Ուրախ եղիր, Բերկրեա՛լ, Տէրը քեզ հետ է”, եւ հրեշտակների հետ երգենք՝ “Փառք քեզնից ծնուած մեր Աստծուն բարձունքներում”: Բարեխօս եղիր մեզ համար»
Տէ՛ր Յիսուս Քրիստոս, Քո երանելի մօր ծննդեամբ եւ մաղթանքներով զարդարի՛ր այս գիրը թողնողի հոգին:
Սուրբ Գրիգոր Տաթեւացի
ՔԱՐՈԶ ՍՈՒՐԲ ԿՈՅՍԻ ՅՈՎԱԿԻՄԻՑ ԵՒ ԱՆՆԱՅԻՑ ԾՆՆԴԵԱՆ ՄԱՍԻՆ, ՈՐԸ ՏՕՆՈՒՄ ԵՆՔ ՎԵՐԱՓՈԽՈՒՄԻՑ ՅԵՏՈՅ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՈՒԹԻՆ /Գլուխ ՃԼԵ/
«Սուրբ Հոգին կը գայ քո վրայ,
եւ Բարձրեալի զօրութիւնը հովանի կը լինի քեզ,
որովհետեւ Նա, որ քեզնից է ծնուելու,
սուրբ է եւ Աստուծոյ Որդի կը կոչուի»
[Ղուկ. Ա 35]
Աստուածային Սուրբ Հոգին Սողոմոնի միջոցով դրուատում է Աստուծոյ ծնողի ամենաշնորհալի եւ տօնելի այս օրը, որը բոլոր եկեղեցական տօների սկիզբն է՝ ասելով. «Կեանքի ծառը բուսնում է արդարութեան պտղից»[1]:
Կեանքի ծառը Աստուածածինն է, որը մեզ պտղաբերեց կենաց Պտուղը՝ Քրիստոսին, ինչպէս որ ասում է. «Ես եմ կեանքը. ով ուտի Իմ Մարմինը, կ՚ապրի յաւիտեան»: Եւ սա պէտք է իմանալ բազմաթիւ օրինակներից:
Նախ՝ քանի որ ծառը եւ պտուղը մեզ համար մեղքի եւ մահուան պատճառ եղան, այդ պատճառով ծառը եւ Պտուղը կեանքի ու արդարութեան առիթներ եղան:
Երկրորդ՝ ինչպէս որ Աբրահամի ժամանակ Սաբեկի ծառը պտղաբերեց աննման գառան եւ փրկեց Իսահակին, այդպէս էլ կոյս մայրը ծնեց աննման մարդացեալ Աստծուն եւ ազատեց մեզ ու աշխարհին:
Երրորդ՝ ինչպէս որ Ահարոնի գաւազանը ծաղկեց առանց խոնարհութեան եւ պտղաբերեց արքայական ընկոյզ, այդպէս էլ սուրբ Կոյսը, որ նոյն ցեղից էր, առանց սերմի ծաղկեցրեց տիեզերքի Ծաղիկը եւ պտղաբերեց ամբողջ աշխարհի Կերակրողին:
Չորրորդ՝ ինչպէս որ Մովսէսի ժամանակ մորենին վառուեց, բայց անկէզ մնաց, այդպէս էլ Կոյս Մարիամն իր արգանդում տարաւ Աստծուն, որ հուր էր, բայց անկիզելի պահուեց:
Հինգերորդ՝ Դաւիթ մարգարէն եւս նրան ծառ է կոչում. «Իր պտուղը ժամանակին կը տայ, իսկ նրա տերեւը չի թափուի»[2], այսինքն [արգելուած] պտուղը ժամանակից շուտ ճաշակելու փոխարէն սուրբ Կոյսն իր ժամանակին տուեց Պտղուղը՝ Քրիստոսին: Եւ ինչպէս ծառը, որը պտուղ տալուց յետոյ դեղնում եւ թափւում է, այդպէս էլ կինը երբ մանուկ է ծնում, թառամում է նրա կուսութիւնը: Սակայն Տիրամայրը երբ ծնեց Քրիստոսին, կուսութիւնն անեղծ մնաց, որովհետեւ նա կնքուած աղբիւր եւ փակուած պարտէզ էր:
Վեցերորդ՝ Եսային սուրբ Կոյսի մասին ասում է. «Յեսսէի արմատից պիտի գաւազան ընձիւղուի»[3], որովհետեւ որպէս գաւազան նա կանգնեցրեց մեր տկարացած բնութիւնը, իսկ երբ ասում է, թէ «այդ արմատից ծաղիկ պիտի բուսնի», նկատի ունի սուրբ կուսութեամբ Տիրոջ ծննդեան մասին:
Եօթերորդ՝ կեանքի ծառը եւ բուսած արդարութեան Պտուղը ցոյց են տալիս, որ սերմանուած ամէն պտուղ իր նման ծառ է բուսեցնում: Այսպէս՝ նախկին արդարների՝ Աբրահամի, Դաւթի եւ այլ մարգարէների հաւատքն ու առաքինի գործերը բուսեցրին նրան՝ որպէս կեանքի ծառ, որը մեզ տուեց արդարութեան Պտուղը՝ Քրիստոսին:
Ութերորդ՝ ծառ եւ պտուղ է կոչում, որովհետեւ ինչպէս ծառը յղանում է առանց սերմի եւ առանց ապականութեան պտուղ է ծնում, այդպէս էլ նա առանց սերմի յղացաւ Բանն Աստծուն եւ անապական կուսութեամբ ծնեց մեր Տէր Յիսուս Քրիստոսին:
Իններորդ՝ ինչպէս որ երկրի վրայ արմատացած ամէն ծառ ձգտում է դէպի վեր՝ երկինք, այդպէս էր սուրբ Կոյսը, որ բուսնեց բանաւոր հողից, աճեց երկնային խոկմամբ եւ լցուեց արդարութեան ցօղով, ինչպէս որ Դաւիթ մարգարէն է ասում. «Ճշմարտութիւնը երկրից բուսաւ, արդարութիւնը երկնքից երեւաց»[4]:
Տասներորդ՝ ծառ է կոչում Աստուածածին Կոյսին, որովհետեւ կենդանի ծառը զովութիւն է բերում, ունի ծաղիկ եւ կանաչագեղ պտուղ: Այսպէս եւ սուրբ Կոյսը յարազուարճ բերկրանքով մշտապէս զովացրեց մեզ նախկին խորշակի տապից, աշխարհին բուրեց անուշահոտութիւն եւ յաւիտենապէս պարգեւեց բոլորի անմահութեան Պտղին: Այդ պատճառով Սուրբ Հոգին Սողոմոնի լեզուով նրան կենաց ծառ է կոչում, որը բուսնեց արդարութեան պտղից[5], այսինքն արդար ծնողներից՝ Յովակիմից եւ Աննայից, որոնք արդարացուած էին արդար օրէնքներով եւ արդար գործերով: Եւ նրանք այսօր պտղաբերեցին սուրբ բոյսը, որը եղաւ բոլոր մարգարէների ու արդարների փոխարէնը եւ պտուղը: Եւ Գաբրիէլ հրեշտակապետը նրա հետ միաբան ասաց. «Սուրբ Հոգին կը գայ քո վրայ, եւ Բարձրեալի զօրութիւնը հովանի կը լինի քեզ»[6]:
Եւ արդ, խօսենք երեք գլուխների՝ նախ՝ Աստուածածնի ծնողների, երկրորդ՝ նրա յղացման եւ երրորդ՝ Սրբուհու ծննդեան մասին:
* Առաջին գլխի մասին պէտք է իմանալ, որ ամենօրհնեալ Աստուածածինը Յովակիմի եւ Աննայի դուստրն էր: Յովակիմը Դաւթի թագաւորական ցեղից էր, որի համար Տէրը ճշմարտութեամբ երդուեց Դաւթին ու չստեց նրան՝ ասելով. «Քո որովայնի պտղից պիտի նստեցնեմ քո գահին»[7]: Իսկ նրա մայրը՝ Աննան, որ Մատթան քահանայի դուստրն էր, քահանայական ցեղից էր: Այս Մատթան քահանան բնակւում էր Բեթլեհէմում եւ ունէր երեք դուստր. առաջինը Մարիամն էր, երկրորդը՝ Սովիէն եւ երրորդը՝ Աննան: Մարիամն ամուսնացաւ Բեթլեհէմում եւ ծնեց Յիսուսի մանկաբարձ Սողոմէին: Նա Զեբեդիոսի որդիների մայր Սողոմէն չէր, որովհետեւ այդ Սողոմէն Յովսէփ աստուածահօր դուստրն էր: Սովիէն նոյն Բեթլեհէմում ծնեց Մկրտչի մօրը՝ Եղիսաբէթին, իսկ Աննան Գալիլեայի Նազարէթ քաղաքում ամուսնացաւ Յովակիմի հետ եւ Յովակիմի տանը ծնեց Մարիամ Աստուածածնին, որպէսզի Կոյս Մարիամը հօր տոհմից լինէր թագաւորական ցեղից, իսկ մօր տոհմից՝ քահանայական: Քանզի թէպէտ դադարել էր օրէնքը, եւ երկու ցեղերը չէին խառնւում միմեանց, սակայն ղեւտացիները բաժին եւ ժառանգութիւն չունէին: Ուստի երբեմն նրանք խառնւում էին Յուդայի թագաւորական տոհմի հետ, ինչպէս որ Ահարոնն ամուսնացաւ Ամինադաբի դստեր՝ Յուդայի Նաասոն իշխանի քրոջ հետ, կամ ինչպէս Յովիդ քահանան՝ Յովրամ արքայի դստեր՝ Ոքոզիայի քրոջ հետ:
Այսպէս եւ Յովակիմը, որն ինչպէս պատմում է Ղուկասի աւետարանը, Յուդայի ցեղից էր, երեսունութերորդը Դաւթի որդի Նաթանի թոռներից: Նա ամուսնացաւ ղեւտական ցեղից Մատթան քահանայի դուստր Աննայի հետ, եւ այդպիսով խառնուեցին երկու ցեղերը, որպէսզի նրանցից մարմնով ծնուած Քրիստոս լինէր թագաւորական եւ քահանայական միաւորութեամբ՝ ըստ այն խօսքի, թէ «Դու յաւիտենական քահանայ ես ըստ Մելքիսեդեկի կարգի»[8] եւ նաեւ՝ «Տէր Աստուած նրան կը տայ նրա հօր՝ Դաւթի տան թագաւորութեան աթոռը եւ փառքը»[9]:
Եւ պատմութիւնն այս է: Յովակիմն ու Աննան արդար էին, անարատ բոլոր մեղքերից, ժրաջան աղօթքների եւ պահեցողութեան մէջ ու կրթուած Աստուծոյ օրէնքներով: Յոյժ մեծահարուստ էին եւ ողորմած: Ամէն տարի իրենց բերքի բոլոր պտուղները բաժանում էին երեք մասի. մէկը տալիս էին Աստուծոյ տաճարի քահանաներին, երկրորդը բաշխում էին աղքատներին եւ երրորդ մասը պահում էին իրենց ընտանիքի կարիքների ու հիւրերի համար: Քսան տարի նրանք ապրեցին պարկեշտութեամբ, բայց զաւակ չէին ունենում, որովհետեւ արգելուած էին ամլութեամբ, եւ պէտք էր, որ Աստուծոյ ծնողը ծնուէր սքանչելիքով: Ամէն տարի նուիրատւութիւններով գնում էին տաճար եւ Աստծուց զաւակ խնդրում, որպէսզի նրան ընծայէին Աստծուն: Եւ երբ մօտեցաւ Աստուծոյ տաճարի նաւակատիքի մեծ տօնը, Աբիաթար քահանայապետն ընդդիմացաւ նրան ու ասաց. «Արժան չէ, որ դու ընծաներ մատուցես Աստծուն, որովհետեւ զաւակ չունես Իսրայէլի մէջ»:
Եւ նա տրտմած անապատ գնաց, ուր արտասուքներով անդադար աղօթում էր Աստծուն: Տեսիլքի մէջ հրեշտակապետը երեւաց նրան եւ ասաց. «Մի՛ տրտմիր քահանայի խօսքերի համար, որովհետեւ Աստուծոյ դատաստանն արդար է, եւ դու մեղաւոր չես քեզ հասած ակամայ վշտի համար: Յիշի՛ր, որ Սառան ամուլ մնաց մինչեւ իննսուն տարեկանը եւ ապա ծնեց աւետեաց որդուն՝ Իսահակին: Այդպէս եւ Ռեբեկան ամուլ մնաց երկար ժամանակ եւ ապա ծնեց Յովսէփին: Նոյնպէս էլ Սամփսոնը եւ Սամուէլը աւետեաց որդիներ էին՝ ծնուած ամուլ ծնողներից: Այդպէս էլ ամլութեամբ ձեզ արգելուելը սքանչելագործութեամբ է: Այժմ Աստուած լսեց քո աղօթքները. Աննան քեզ համար մանուկ կը ծնի, որի անունը Մարիամ կը լինի, եւ որին մանկուց կ՚ընծայես Աստծուն, ինչպէս որ խոստացար»: Այսպէս երեւաց նաեւ Աննային եւ այս աւետիսը տուեց նաեւ նրան: Այնժամ Յովակիմը նախ ընծաներով գնաց Աստուծոյ տաճար, ապա իջաւ իր տուն՝ Աննայի մօտ: Եւ երբ լրացան օրերը, Աննան ունեցաւ իր ամենօրհնեալ ծնունդը եւ անուանեց նրան Մարիամ, որ նշանակում է «լուսաւորեալ», քանի որ նա լուսաւորեց խաւարի մէջ նստած ողջ մարդկային ազգին:
Երբ Մարիամը վեց ամսական եղաւ, կանգնեց ոտքերի վրայ, եօթ քայլ արեց եւ ապա դարձաւ մօր գիրկը: Եւ Աննան ասաց. «Կենդանի է Տէրը, որ նա ոտք չի դնի երկրի վրայ, մինչեւ չտանեմ նրան իմ Տիրոջ տուն»: Եւ սրբութեամբ մեծացնում էր նրան սենեակում: Երբ մէկ տարեկան դարձաւ, Յովակիմն ընդունելութիւն արեց եւ հրաւիրեց քահանաներին: Մանկանը տուեց քահանայապետի ձեռքը, որն օրհնեց նրան եւ ասաց. «Մեր հայրերի Աստուա՛ծ, օրհնի՛ր այս մանկանը եւ տո՛ւր, որ նա անուանի լինի բոլոր ազգերի մէջ»: Երբ մանուկը երեք տարեկան դարձաւ, կտրեցին նրան կրծքից եւ մոմերով ու մեծ ընծաներով նրան տարան տաճար՝ ընծայելու Աստծուն, ինչպէս որ խոստացել էին: Եւ մեծ հրաշք եղաւ, քանզի երեքամեայ մանուկն առանց մէկի ձեռքից բռնելու բարձրացաւ տաճարի տասնհինգ աստիճանները, որոնք տանում էին դէպի սուրբ Սեղանը: Եւ բոլորը զարմացան: Զաքարիա քահանայապետն օրհնեց նրան, եւ այնուհետեւ պահեցին նրան տաճարում՝ սպասաւորելու Աստծուն:
Մարիամն օրըստօրէ մեծանում եւ ջերմեռանդ հոգով բարի գործեր էր անում: Աստուծոյ աղաւնակերպ հրեշտակները կերակրում էին նրան, մինչեւ որ դարձաւ տասնչորս տարեկան: Ապա քահանայապետը հրամայեց նրան ամուսնանալ, ինչպէս միւս կոյսերը, բայց նա յանձն չէր առնում՝ ասելով. «Իմ ծնողների կողմից ես ընծայուեցի՝ մնալ այս տաճարում եւ ուխտեցի Աստծուն՝ մնալ կուսութեամբ»: Տարակուսած քահանայապետը խնդրում էր Աստծուն, թէ ինչպէս վարուի: Եւ ձայն եղաւ երկնքից, որն ասաց. «Հաւաքի՛ր գաւազանները եւ դի՛ր խորանում. Կոյսին կը յանձնէք նրան, ում գաւազանը կը ծաղկի»:
Այնժամ քահանայապետը կանչեց նրանց, առաւ նրանց գաւազանները եւ դրեց խորանում: Իսկոյն ծաղկեց Յովսէփի գաւազանը, եւ նրա վրայ երեւաց Սուրբ Հոգու շնորհը: Ապա քահանայապետն օրհնեց Կոյսին եւ յանձնեց Յովսէփին, որը քառասունմէկ տարեկան էր: Ընդունելով՝ Յովսէփը երկիւղով սպասաւորեց նրան մինչեւ Կենարարի երեսունմէկ տարեկանը եւ ապա փոխուեց այս աշխարհից եօթանասուներկու տարեկան հասակում: Եւ երբ Յովսէփը տաճարից վերցրեց Կոյսին, տարաւ Նազարէթի իր տունը, իսկ ինքը գնաց Բեթլեհէմ՝ հարսանեաց պատրաստութիւն տեսնելու համար: Եւ մինչ Մարիամն աղօթում էր, Գաբրիէլը, երեւալով նրան, Քրիստոսի ծննդեան աւետիս տուեց եւ ասաց. «Սուրբ Հոգին կը գայ քո վրայ»: Այսքանը առաջին գլխի՝ Աստուածածին Կոյսի ծնողների մասին:
* Երկրորդ գլուխն այն խօսքերի մասին է, որ ասում է. «Սուրբ Հոգին կը գայ քո վրայ, եւ Բարձրեալի զօրութիւնը …»:
Պէտք է իմանալ, որ Սուրբ Հոգին երկու անգամ իջաւ սուրբ Աստուածածնի վրայ եւ երկու անգամ մաքրեց նրան. առաջին անգամ՝ մինչ մօր որովայնում էր եւ երկրորդ անգամ, երբ տասնչորս տարեկան էր: Առաջին մաքրումը հիմնաւորւում է երկու կերպով. նախ՝ Սուրբ Գիրքը վկայում է. «Տէրը ստեղծեց քեզ, հաստատեց քեզ, պատրաստեց քեզ արգանդից, գեղեցի՛կդ կանանց մէջ, քո մայրը կը ծնի անարատ մարմին»[10]: Արգանդից պատրաստելը նշանակում է սրբելը: Եւ հիմնաւորւում է նաեւ երկրորդ կերպով, որովհետեւ այն բոլոր պարգեւները, որոնք Աստուած տուեց Իր սիրելիներին, առաւել տուեց Իր մօրը: Արդ, երկու մարգարէներ են մաքրուել իրենց մօր որովայնից. Հնում Երեմիան, ինչպէս որ գրուած է. «Դեռ քեզ որովայնում չստեղծած՝ ես ընտրեցի քեզ, եւ դեռ արգանդից դուրս չեկած՝ սրբացրի քեզ»[11], իսկ Նորում՝ Յովհաննէս Մկրտիչը, ինչպէս որ ասում է Ղուկաս աւետարանիչը. «Մօր որովայնից սկսած Սուրբ Հոգով կը լցուի»[12]: Ապա ուրեմն սուրբ Աստուածածինը մեծ էր, քան Երեմիան եւ Յովհաննէսը ու նա առաւել սրբուեց իր մօր որովայնում, քան նրանք եւ լցուեց Սուրբ Հոգով: Եւ այսպէս նա Սուրբ Հոգով լցուեց երկու անգամ, ինչպէս որ աւետարանն է ասում. «Սուրբ Հոգին կը գայ քո վրայ»: Եւ սա առաւել մեծ էր, քան առաջինը: Սակայն պէտք է քննել, թէ ինչու համար սուրբ Կոյսը մաքրուեց երկու անգամ, եւ ինչ զանազանութիւն կայ առաջին եւ երկրորդ մաքրութիւնների միջեւ:
Վարդապետներն ասում են, թէ մարդկանց երեք տեսակ կայ. Յիսուս Քրիստոս մի եզրն է, այլ մարդիկ՝ միւսը, իսկ Աստուածածինը նրանց միջեւ է: Արդ, երբ Յիսուս Քրիստոս յղացաւ Իր մօր որովայնում, ադամական, այսինքն սկզբնական մեղքը չհասաւ Նրան, որովհետեւ Նա մարդու սերմից չէր, այլ Սուրբ Հոգուց: Եւ դարձեալ, քանի որ Նա էր բոլորի Փրկիչը, ապա պէտք էր, որ ադամական մեղքը չտիրէր Նրան: Նրանում չէր գործում նաեւ անդամների օրէնքը, այն, որի մասին Պօղոս առաքեալը հռոմէացիներին ասաց. «Բայց իմ մարմնի անդամների մէջ տեսնում եմ այլ օրէնք, որ պայքարում է իմ մտքի օրէնքին հակառակ եւ ինձ գերի է դարձրել մեղքի օրէնքին, որ կայ իմ մարմնի անդամների մէջ»[13]: Իսկ այլ մարդիկ յղանում են սկզբնական մեղքով: Երբ նրանք մկրտւում են, սրբւում են ադամական մեղքերից, սակայն մինչեւ մահուան օրը նրանց մէջ գործում է անդամների օրէնքը: Անդամների օրէնքը տկարանում է մկրտութեամբ, իսկ ովքեր չեն մկրտւում, ադամական մեղքերը եւ անդամների օրէնքը զօրաւոր կերպով մնում են նրանց մէջ: Անդամների օրէնքը մարդու մէջ ներգործում է երկու կերպով. այն մարդուն դիւրասահ է դարձնում դէպի չարը, եւ ծոյլ՝ դէպի բարին: Իսկ երբ սուրբ Կոյսը մօր որովայնում առաւ բանական հոգին, սկզբնական մեղքը նրան չհասաւ, որովհետեւ եթէ սկզբնական մեղքը հասնէր նրան, ամենեւին չէր լինի գեղեցիկ եւ ընտրեալ բիւրաւորներից[14], այլ երբեմն կը լինէր արատաւոր՝ հակառակ Սողոմոնի Երգի, որն ասում է. «Ոչ մի արատ չկայ քո մէջ»[15]: Եւ ըստ այսմ՝ թէպէտ նա ազատ էր մեղքերից, սակայն դեռեւս կարիք ունէր Քրիստոսով փրկութեան: Եւ Քրիստոս Փրկիչ եղաւ թէ՛ բոլորի եւ թէ՛ Իր մօր համար: Եթէ մէկն ասի՝ եթէ սկզբնական մեղքը չհասաւ սուրբ Աստուածածնին, ապա դա պատշաճ չէ Քրիստոսի համար, ապա կ՚ասենք, որ դա մոլորութիւն է, որովհետեւ Քրիստոս առաւել կը պատուէր Իր մօրը, եթէ ազատ պահէր նրան սկզբնական մեղքերից, քան թէ թոյլ տար, որ դրանք թեկուզ մէկ րոպէ կամ վայրկեան տիրէին Իր մօր հոգուն: Իսկ եթէ Ժողովողն ասում է, թէ «Հազարի մէջ մի այր գտայ, բայց կին ամենեւին չգտայ»[16], ապա պէտք է ասել, որ Աստուածածինը վեր է դասւում բոլոր կանանցից, որովհետեւ ինչպէս որ բոլոր մարդկանցից միմիայն Քրիստոս եղաւ առանց սկզբնական մեղքի եւ ազատ մեղքերից, այդպէս էլ բոլոր կանանց մէջ միայն Նրա մայրն ազատ եղաւ սկզբնական մեղքերից: Քանզի թէպէտ Երեմիան եւ Յովհաննէս Մկրտիչը սրբուեցին իրենց մօր արգանդում, բայց բանական հոգին առնելուց յետոյ, իսկ Աստուածածինը՝ հոգին առնելիս: Այդ պատճառով սկզբնական մեղքն ամենեւին չմօտեցաւ սուրբ Աստուածածնին: Ոմանք մնում են սկզբնական մեղքերի մէջ մինչեւ մկրտուելը, ոմանք էլ փութով մաքրւում են սկզբնական մեղքերից դեռեւս մօր որովայնում, ինչպէս Յովհաննէս Մկրտիչն ու Երեմիան (թէպէտ ոմանք ասում են, թէ Յովհաննէսը մաքրուեց վեցերորդ ամսում, այն պահին, երբ Եղիսաբէթը լսեց Մարիամի ողջոյնը): Իսկ սուրբ Աստուածածինն ամենեւին չմնաց սկզբնական մեղքի մէջ, որովհետեւ հէնց առաջին կէտում, երբ ստեղծուեց նրա բանական հոգին, ազատ գտնուեց այդ մեղքից, թէպէտ մարդու սերմից էր, իսկ երկրորդ կէտում Սուրբ Հոգին իջաւ եւ մաքրեց նրան անդամների օրէնքից՝ կապելով նրա մէջ անդամների օրէնքը: Եւ քանի որ սուրբ Կոյսը լի էր Սուրբ Հոգու շնորհներով, անդամների օրէնքը նրա մէջ չկարողացաւ գործել: Նա խաղաղութեան մէջ էր, ինչպէս Ադամը դրախտում նախքան մեղանչելը: Իսկ տասնչորս տարեկանում, երբ նա կրկին լցուեց Սուրբ Հոգով, Սուրբ Հոգու եւ Աստուածորդու զօրութեամբ, որ յղացաւ նրանում, ամբողջովին մաքրուեց անդամների օրէնքից, որովհետեւ դրանք իսպառ արմատախիլ եղան նրանից: Այնուհետեւ սուրբ Կոյսն այնպէս հաստատուեց բարու մէջ, որ չկարողացաւ մեղանչել ո՛չ ներելի, ո՛չ մահուչափ մեղքերով, ինչպէս հրեշտակները, եւ մարդկանցից ոչ ոք չարժանացաւ նման պարգեւների:
Արդ, ինչպէս ցոյց տրուեց, սկզբնական մեղքը չհասաւ Քրիստոսին, եւ սուրբ Կոյսն էլ բանական հոգին առնելիս ազատ գտնուեց ադամական մեղքից: Այդ պատճառով Յոբն անիծում է իր ծննդեան գիշերը[17] եւ ասում. «Գիշերը սպասում է՝ տեսնելու լոյսը, բայց չի տեսնի: Նա երբեք չի տեսնի ծագելը առաւօտի»[18]: Լոյսը Յիսուս Քրիստոս է, Որը չտեսաւ ադամական մեղքը, իսկ առաւօտը սուրբ Աստուածածինն է: Սկզբնական մեղքը չտեսաւ նրա ծագումը, որովհետեւ սուրբ Կոյսը մաքրուեց բանական հոգին առնելիս: Նաեւ Դաւիթ մարգարէն է վկայում սուրբ Կոյսի կրկնակի մաքրութեան մասին՝ ասելով. «Գետերի յորձանքները զուարճացնում են Աստուծոյ քաղաքը»[19], որը սուրբ Կոյսի առաջին մաքրութիւնն է, իսկ որ ասում է. «Բարձրեալը սրբացրել է Իր օթեւանը», խորհրդանշում է սուրբ Կոյսի երկրորդ մաքրութիւնը, որը յարկ եղաւ Բարձրեալի հանգստեան համար: Այդ պատճառով ասում է. «Սուրբ Հոգին կը գայ քո վրայ»: Այսքանը՝ երկրորդ գլխի մասին:
* Երրորդ գլխի՝ սուրբ Կոյսի ծննդեան մասին նախ հարց է ծագում. բազմաթիւ ամուլ մարդկանց Աստուած հրաշքով զաւակներ տուեց, որոնք ուստրեր էին եւ ոչ դուստրեր, ինչպէս Իսահակը, Սամփսոնը, Սամուէլը, Յովհաննէսը եւ ուրիշները: Ի՞նչն էր պատճառը, որ Յովակիմին եւ Աննային, որոնք սիրելի էին Աստծուն, հրեշտակի աւետիսով ծնուեց դուստր եւ ոչ որդի: Այս հարցին պատասխանում է Սողոմոնը եւ ասում. «Կայ դուստր, որ լաւ է, քան որդին», քանզի ամենօրհնեալ դուստր Աստուածածինը լաւ է, քան բոլոր որդիները, բացի Աստուածորդուց, որ ծնուեց իրենից: Եւ այս խօսքը հաստատւում է այս կերպով. կնոջ համար ուրախութիւն է որդի ծնելը, քան դուստր չորս պատճառով: Նախ՝ դստեր համար պէտք է մեծ ծախս անել եւ բաժինք տալ, իսկ որդին տուն է շինում եւ բաժինք բերում: Երկրորդ՝ երբ հայրը ծերանում է, դուստրը չի կարող օգնական լինել հօրը, այլ նա գնում է իր ամուսնու մօտ եւ միաբանւում նրան, իսկ որդին օգնական է լինում հօր ծերութեանը: Երրորդ՝ դուստրը չի կարող վրէժ առնել հօր թշնամիներից, բայց որդին առնում է: Չորրորդ՝ հօր յիշատակն ու անունը չի կարող մնալ դստեր միջոցով, որովհետեւ նա ուրիշի տուն է գնում, բայց հօր յիշատակն ու անունը մնում է որդու միջոցով, ինչպէս որ Սիրաքն է ասում. «Երբ նրա հայրը վախճանուի, կարծես թէ չի մեռել, որովհետեւ իրենից յետոյ թողնում է իր նմանին»[20]: Եւ աւետարանն էլ ասում է. «Երբ կինը ծննդաբերում է, նրա համար տրտմութիւն է, որովհետեւ նրա ժամը հասած է. բայց երբ մանկանը ծնի, այլեւս չի յիշում նեղութիւնը ուրախութեան պատճառով, որ աշխարհում մի մարդ ծնուեց»[21]:
Եւ չորս պատճառով ամենօրհնեալ դուստը լաւ է, քան բոլոր որդիները: Նախ՝ նախահայր Ադամն աւիրեց այս տունը, որն աշխարհն է եւ ծնեց բազմաթիւ որդիներ՝ նահապետներ ու արդարներ, որոնք չկարողացան շինել այս տունը: Բայց երբ ծնուեց այս ամենօրհնեալ դուստրը, աշխարհը շինուեց: Ինչպէս երբ մի թագաւոր հարսանիք է անում աղքատ դստեր հետ, եւ այդ դստեր աղքատ ազգականները յոյժ հարստանում են թագաւորի գանձերով, այդպէս էլ երկնաւոր Թագաւորը հարսնացրեց սուրբ Կոյսին՝ ծնուելով նրանից, որի պատճառով ողջ մարդկային բնութիւնը հարստացաւ երկնային եւ աստուածային գանձերով: Երրորդ՝ որդին պարտաւոր է օգնել հօրը նրա հիւանդութեան եւ աղքատութեան ժամանակ, եւ սուրբ Կոյսն օգնեց իր հայր Ադամին, երբ նա աղքատացած ու մեղքերով հիւանդացած գտնւում էր դժոխքում. նա ծնեց կեանքի դեղ Քրիստոսին եւ ազատելով Ադամին ու նրա որդիներին՝ բնակեցրեց ընկած հրեշտակների տեղում: Երրորդ՝ սատանան սաստիկ անարգեց Ադամին ու նրա որդիներին եւ այդպիսի նեղութեան մէջ գցեց: Եւ ոչ ոք չէր չէր կարող վրէժ առնել նրանից, բացի սուրբ Աստուածածնից, որը ջախջախեց նրա գլուխը, ինչպէս որ Աստուած ասաց Եւային: Չորրորդ՝ այս գեղեցիկ դուստրը նորոգեց Հօր անունն ու յիշատակը, որովհետեւ Որդին, որ ծնուեց նրանից, երկրորդ Ադամ կոչուեց:
Եւ չորս առումով ուրախութիւն եղաւ ամբողջ աշխարհին, երկնաւորներին եւ երկրաւորներին:
Նախ՝ այսօր ցնծում է բոլորի Արարիչն Աստուած՝ Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին եւ նրանց հետ բոլոր երկնաւորները: Երբ մէկը ժամանակից առաջ աւարտում է իր սկսած գործը, հանգստանում եւ ուրախանում է իր բոլոր բարեկամների հետ: Ապա ուրեմն որքան մեծ ուրախութիւն է Աստուծոյ համար, որ աւարտին հասցրեց Իր նախապէս սկսած գործը՝ Մարիամի ծնունդը, որին հաւատում ենք որպէս վաղօրօք ընտրեալ եւ սկզբնապատճառ Աստուծոյ: Քանզի եթէ Երեմիան ընտրուեց նախքան ծնուելը, եւ առաքեալներն ընտրուեցին նախքան աշխարհի լինելը, ապա առաւել ընտրեալ եղաւ նա, որ բոլոր մարգարէների եւ առաքեալների ընտրութեան պատճառն էր: Եւ այսօր ծնուեց նա, որ Աստուծոյ ողջ ճշմարտութեան կատարումն էր: Այսօր ճշմարիտ մեծ տօն է Աստուծոյ եւ ցնծութիւն է բոլոր աստուածայինների համար:
Երկրորդ՝ ցնծում են նահապետների եւ արդարների հոգիները: Ինչպէս մշակը, որը հանգստանում է եւ ուրախանում, երբ ստանում է իր քրտնքի վարձքը, այդպէս էլ այսօր ցնծում են բոլոր արդարները, հայրերը, մարգարէները եւ նահապետները, որոնք յուսացան, որ նրա զաւակից պիտի օրհնուեն բոլոր ազգերը, որովհետեւ իրենց արդարութեան դիմաց Աստծուց ստացան սուրբ Կոյսին:
Երրորդ՝ ցնծութիւն է բոլոր մարդկանց համար, որովհետեւ եթէ հրեշտակը Յովհաննէսի համար ասում էր, թէ շատերը պիտի ուրախանան նրա ծննդեամբ, ապա որքան առաւել պէտք է ցնծալ բոլորի Տիրամօր եւ երկնաւոր Թագուհու ծննդեամբ, որ խնդութեան պատճառ է բոլորի համար:
Չորրորդ՝ ուստի մենք՝ հաւատացեալներս, ցնծանք նրա ծննդեամբ, որ բոլոր քրիստոնեաների մայրն է եւ ընդհանրական սուրբ Եկեղեցու ծնողը, որովհետեւ նա սուրբ աւազանի անախտ ծննդեան սկիզբն է: Քանզի ինչպէս որ Քրիստոս ծնուեց սուրբ Կոյսից եւ Հոգուց, այդպէս էլ քրիստոնեաներս ծնւում ենք ջրից ու Սուրբ Հոգով: Ինչպէս որ Կոյսը զօրացաւ Սուրբ հոգով եւ ծնեց Աստուածորդուն, այդպէս էլ աւազանի արգանդը զօրացաւ եւ ծնեց մեզ որպէս Աստուծոյ որդիներ: Ուրեմն պարզ է, որ Կոյսը եղաւ այս հոգեւոր ծննդեան աւազանը բացողը եւ սկիզբը: Նա բնութեամբ ծնեց Աստծուն եւ մեր Եղբօրն՝ ըստ մարմնի, որովհետեւ երբ մենք ծնւում ենք աւազանից, Նա ամօթ չի համարում մեզ կոչել Իր եղբայրները:
Արդ, քանի որ Քրիստոս մեզ Եղբայր է կոչւում, ապա Նրա Հայրը՝ Աստուած, մեր Հայրն է կոչւում, իսկ Նրա Մայրը՝ Մարիամ Աստուածածինը, մեզ մայր եւ ծնող է կոչւում: Նա որպէս մայր, գթալով իր որդիներին, սիրով եւ կարեկցանքով է կապուած բոլոր հաւատացեալներին ու անդադար բարեխօսում է մեզ համար՝ որպէս կրտսեր որդիների, իսկ Միածին Որդին եղբայր կոչուածներիս համար հնազանդութեամբ լսում է Իր մօր աղաչանքներին:
Եւ որպէս անարատ ծնողի եւ կուսութեամբ ծննդեան համար քեզ բարեխօս ունենք Միածին Բանն Աստուծոյ մօտ: Նաեւ Աստուծոյ Բանի ճշմարիտ ծնողիդ մօտ բարեխօս ունենք քո ծնողներին՝ Յովակիմին եւ Աննային ու այսօր քո ծնունդը նրանցից, որպէսզի ամբողջ սրտով մաղթես տօնողներիս՝ քո կրտսեր եւ մեղաւոր զաւակներիս համար, որ աղերսներ ենք մատուցում քեզ մեր աղքատ մտքով, անարժան բերանով եւ խոնարհ հոգով: Ադամի հետ ուրախացած գովում ենք քեզ եւ Եւայի հետ գգւում քո մանկութիւնը: Բոլոր նահապետների հետ երկրպագութիւն ենք մատուցում եւ մարգարէների խմբի հետ դրուատում նրանց խօսքով: Գոչում ենք առ քեզ, ո՛վ Տիրուհի եւ օրհնաբանում Գաբրիէլի հետ՝ ուրա՛խ եղիր, բերկրեա՛լդ: Տէրը քեզ հետ է, Տէրը քո սրտում է, Տէրը քո որովայնում է, Տէրը քեզ հետ է օգնութեան համար: Սուրբ Հոգին կը գայ քո վրայ, եւ դու միշտ օրհնեալ ես կանանց մէջ: Հրեղէնների եւ հողեղէնների մէջ անլռելի ձայնով դու բարեբանեալ ես ամենայն երանութեամբ այժմ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Աստուածամօր ծննդեան տօնը հաստատուն կերպով տօնում է սեպտեմբերի ութին:
[1] Առակ. ԺԱ 30:
[2] Սաղմ. Ա 3:
[3] ԵՍ. ԺԱ 1:
[4] Սաղմ. ՁԴ 12:
[5] Առակ. ԺԱ 30:
[6] Ղուկ. Ա 35:
[7] Սաղմ. ՃԼԱ 11:
[8] Սաղմ. ՃԹ 4:
[9] Հմմտ. Ղուկ. Ա 32:
[10] Երգ. Ը 6:
[11] Երեմ. Ա 5:
[12] Ղուկ. Ա 15:
[13] Հռոմ. Է 23:
[14] Հմմտ. Երգ. Ե 10:
[15] Երգ. Դ 7:
[16] Ժող. Է 29:
[17] Գիշերը խորհրդանշում է ադամական մեղքը:
[18] Յոբ Գ. 9:
[19] Սաղմ. ԽԵ 5:
[20] Սիր. Լ 4:
[21] Յովհ. ԺԶ 21:
Աղբյուր՝ https://shavigh.am/