Այսօր սրբոց հայրապետացն ժողովեալք ի միասին.
Եդին հաստատութեամբ զհիմունս հաւատոյ.
Ի վերայ հիման առաքելոց եւ մարգարէից:
Այսօր զբանն ի սկզբանէ քարոզեցին սուրբ հայրապետքն.
Յառաջ քան զյաւիտեանս ի Հօրէ ծնունդ անճառ.
Արարիչ գոլով յաւիտեանց ընդ Հօր էակից Հոգւոյն:
Այսօր Հոգին ճշմարտութեան դաւանեցին սուրբ հայրապետքն.
Ծագումն առ ի Հօրէ յառաջ բղխեալ անհատաբար.
Ընդ նմին յաւէտ մշտնջենաւոր փառակից Որդւոյ:
(Շարակնոց)
Սուրբ հայրապետների առաջին տիեզերական ժողովը, որը գումարուեց մոլորութիւնները վերացնելու եւ ընդհանրական եկեղեցու ուղղափառ դաւանութիւնը հաստատելու համար, տեղի ունեցաւ Նիկիա քաղաքում, որի անուանումն իսկ յաղթանակի աւետիս է տալիս: Այնտեղ ճշմարտուեց հաւատքի հայր Աբրահամի յաղթութեան ստուերային օրինակը, որովհետեւ ինչպէս որ մեծ նահապետն իր տան երեք հարիւր տասնութ մարդկանցով պարտութեան մատնեց ու վանեց օտարներին, նոյնպէս էլ Աստուծոյ Որդին՝ Յիսուս Քրիստոս, Որն ըստ մարմնի Աբրահամի զարմից էր, նոյնաթիւ հայրերի միջոցով, որոնք Նիկիայում ժողովուել էին Իր անուան համար, 325 թուականին կատարեալ յաղթանակ տարաւ բոլոր նրանց դէմ, ովքեր հեռացել էին ճշմարտութիւնից:
Արդարեւ, մեծ էր պատերազմը, որը կարող էր յաղթել միայն Աստուած: Եւ քանի որ չարի թշնամանքն ուղղուած էր ընդդէմ Աստուծոյ Բանի, ուստի հարկաւոր էր, որ Նա էլ լուծէր թշնամու չարութեան վրէժը: Այս մեծ սիւնհոդոսի[1] գումարման գլխաւոր նպատակն Արիոսի աղանդի մերժումն էր, որը Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի եկեղեցու երէցն էր: Նա մի չարահնար, աղուէսաբարոյ, արտաքուստ ճշմարիտ թուացող, սակայն ըստ էութեան մոլորութեան տանող փառամոլ եւ անձնապաշտ այր էր: Նախքան քահանայանալը նա յարում էր Լիկոպօլիս քաղաքի Մելիտոս ուրացող եպիսկոպոսին, որի հետ Ալեքսանդրիայի սուրբ Պետրոս հայրապետի ձեռքով հեռացուել էր եկեղեցուց: Ժամանակ անց կեղծ դարձ ցուցաբերելով՝ նա ընդունուեց եւ հաղորդուեց եկեղեցու հետ, սակայն նորից դառնալով իր փսխածին՝ վերստին կտրուեց եկեղեցու հետ հաղորդութիւնից: Այդ պատճառով, երբ սուրբ Պետրոսը հաւատքի վկայութեան համար գտնւում էր բանտում, Արիոսը մտածում էր, որ հայրապետանոցի երէցներն ու իշխանաւորները սուրբի նահատակութեան վերջին օրերին կը միջնորդեն իր համար, եւ սուրբը կ՚արձակի իրեն կապանքներից իբրեւ զղջացող: Բայց սուրբ հայրապետը յանձն չառաւ, որովհետեւ այդ գիշեր տեսիլքի մէջ նա տեսաւ մանուկ Յիսուսին պատառոտուած պատմուճանով ու լսեց, որ Տէրն ասաց իրեն, թէ Իր պատմուճանն Արիոսն է պատռել: Եւ նա այս տեսաւ նախքան Արիոսի աղանդի ի յայտ գալը, քանզի Աստուած կամենում էր բոլորին նախապէս զգուշացնել այն չար աղանդից, որը երկնում էր այդ անօրէնը: Օրեր անց սուրբ Անտոնին եւս տեսիլքի մէջ ցոյց տրուեց արիոսականների գործած չարիքները ջորիների կերպարանքով, որոնք մտել էին եկեղեցի եւ աքացի էին տալիս սուրբ Սեղանին:
Արդ, երբ սուրբ Պետրոսի նահատակութիւնից յետոյ Աքիւղասը նստեց Ալեքսանդրիայի պատրիարքութեան Աթոռին, Արիոսը, աղուէսաբար կեղծ զղջում ցուցաբերելով, մտաւ եկեղեցի, ձեռնադրուեց սարկաւագ եւ քահանայ ու պատրիարքութեան համար դրեց իր թեկնածութիւնը: Բայց ամէն բան չընթացաւ Արիոսի կամքով, որովհետեւ Աքիւղասից յետոյ Աթոռին նստեց երանելի Ալեքսանդրոսը, որից Արիոսը չարացաւ նրա դէմ: Եւ չկարողանալով առիթ գտնել սուրբ հայրապետի անթերի վարքում՝ սկսեց նորաձեւ եւ անլուր հայհոյութեամբ հակառակուել նրա ողջամիտ վարդապետութեանը: Քանզի երբ հայրապետն իր քարոզներում խօսում էր Բանի անճառելի Աստուածութեան մասին, ժանտ Արիոսն ըմբոստացաւ եւ սկսեց բազմութեան ականջներում սերմանել ահաւոր մոլորութիւն՝ ասելով, թէ Քրիստոս ճշմարիտ Աստուած չէ, այլ գերագոյն արարած եւ բոլոր արարածների անդրանիկը: «Կար ժամանակ, — ասում էր, — որ Նա չկար եւ եղաւ անգոյից: Նա ոչ թէ ծնուած է նախքան յաւիտեանները Հօր էութիւնից, այլ եղել է ժամանակի մէջ»: Այսպէս հրեական եւ հեթանոսական բարբաջանքներով նա կամենում էր հիմն ի վեր տապալել քրիստոնէական ճշմարիտ հաւատքը: Սովորեցնում էր, թէ պէտք չէ ասել միասնական Սուրբ Երրորդութեան օրհնութիւնը՝ «Փառք Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն», որպէսզի մէջտեղից վերացնի Համագոյութիւնը եւ ներմուծի աւագութիւնն ու կրտսերութիւնն Աստուածութեան մէջ:
Այս եւ այլ անօրէն խօսքերով Արիոսը կարճ ժամանակում շատ պարզամիտ տղամարդկանց եւ կանանց, աշխարհականներին ու եկեղեցականներին որսաց սատանայի աղբի մէջ: Նրանց մէջ աչքի էին ընկնում եօթ երէցները, տասներկու սարկաւագները եւ եօթանասուն կոյսերը: Եւ ոչ միայն, նրան յաջողուել էր սնոտի խաբէութեան եւ ճարտար ու դիւային շարադրանքների միջոցով իր յետեւից տանել շատ աշխարհասէր մարդկանց:
Ալեքսանդրոս հայրապետն ամէն կերպ՝ թէ՛ քաղցրութեամբ եւ թէ՛ սաստով, խրատում էր Արիոսին, սակայն ապարդիւն: Նա օրըստօրէ գայլաբար յարձակւում էր Քրիստոսի հօտի վրայ եւ յափշտակում նաեւ ընտիր գառներին, անգամ հովիւներին, մերձաւորիներին ու հեռաւորներին: Նա նոյնիսկ որսաց Աթոռների մի քանի եպիսկոպոսների, որոնց մէջ նշանաւոր էր Նիկոմիդիայի Եւսեբիոս եպիսկոպոսը, որովհետեւ նա հանդիսանում էր չարի սպառազինութեան դրօշակակիրն ու զինակիրը՝ իր գործակիցներով հանդերձ:
Երբ Ալեքսանդրոս հայրապետը տեսաւ, որ Արիոսի անօրէնութիւնները թափ են առնում, Ալեքսանդրիայի իր թեմում ժողով գումարեց հարիւր եպիսկոպոսների մասնակցութեամբ, որոնք եկել էին Եգիպտոսից եւ Լիբիայից: Նա նզովեց Արիոսին ու նրա հետեւորդներին, որոնք արիոսականներ էին կոչւում եւ առ այս շրջաբերական նամակներ գրեց բոլոր եկեղեցիներին: Այնժամ Արիոսը, որ վտարանդի եղած շրջում էր Պաղեստինից մինչեւ Ասիա, ծանրագոյն մեղադրանքներ բարդելով չարախօսում էր Ալեքսանդրոսից եւ բոլոր տեղերում նենգաբար տարածում իր դառը թոյները: Տարուած նրանով՝ Եւսեբիոս Նիկոմիդիացին եւս Բիւթանիայում ժողով գումարեց համախոհ եպիսկոպոսներով եւ արդարացրեց պիղծ Արիոսին՝ ընդունելով նրան եկեղեցու հետ հաղորդութեան մէջ:
Այս իմանալով՝ Ալեքսանդրիայի Ալեքսանդրոս հայրապետը նամակ գրեց բարեպաշտ ինքնակալին՝ առաջին հաւատացեալ կայսր, աստուածասէր Կոստանդիանոս թագաւորին, որպէսզի նա ջանքեր գործադրի՝ մարելու Արիոսի անօրէնութեան հրդեհը: Եւ կայսրը Եգիպտոս ուղարկեց Իսպանիայի Ովսիոս եպիսկոպոսին, որպէսզի նա բոլոր ջանքերով խաղաղութեամբ եւ լռութեամբ կարգաւորի խնդիրները: Ինքնակալը, յոյժ աստուածավախ լինելով, զգուշանում էր, որ իրարանցում եւ պառակտում չընկնի Աստուծոյ եպիսկոպոսների ու քահանաների միջեւ, իսկ մոլեգնած ժանտ աղանդն աւելի ու աւելի էր տարածւում ու ճարակում Աստուծոյ եկեղեցին:
Կար նաեւ խռովութեան մէկ այլ պատճառ. Մելիտոս ուրացող եպիսկոպոսը սուրբ Պետրոս Ալեքսանդրացու կողմից մերժուելուց յետոյ շրջում եւ ինքնագլուխ ձեռնադրում էր սարկաւագներ, երէցներ եւ եպիսկոպոսներ, որի արդիւնքում բազմանում էին անգլուխ անձինք եւ ինքնատէր հովիւներ՝ յատկապէս ապականիչ գայլեր: Բացի այդ՝ ասիական եւ արեւմտեան եկեղեցիների միջեւ կար պառակտութեան այլ՝ երրորդ պատճառը, որ Պասեքի տօնի վերաբերեալ էր. ասիացիները Զատկի տօնը նշում էին լուսնի տասնչորսերորդ օրը, որը համընկնում էր հրեական Պասեքին, իսկ արեւմտեան եւ այլ եկեղեցիները, զգուշանալով տօնել հրեաների հետ, այն նշում էին Տիրոջ յարութեան Կիրակի օրը՝ գարնանային հասարակածի լիալուսնի օրը: Եւ թէպէտ շատերն ասիացիներին բազմիցս յորդորել էին միաբանուել առաքելական աւանդութեան շուրջ, սակայն ապարդիւն, որովհետեւ նրանք պնդում էին, թէ այսպէս են սովորել առաքեալներից:
Արդ, բարեպաշտ Կոստանդիանոսը, որ նեղւում էր այս պառակտումներից, կամեցաւ միաժամանակ դարմանել բոլորին, յատկապէս Արիոսի մեծ հերձուածին: Ուստի Հռոմի սուրբ Սեղբեստրոս հայրապետի խորհրդով եւ ձեռնարկութեամբ նա արքունի հրովարտակ գրեց՝ ուղղուած ամբողջ աշխարհին, որպէսզի Քրիստոսի Եկեղեցու հովիւները բոլոր տեղերից ժողովուեն Բիւթանիայի Նիկիա քաղաքում ու հոգաց ծովի եւ ցամաքի վրայով, կառքով ու նաւով գալու նրանց բոլոր ճանապարհածախսերն ու պատրաստութիւնները:
Ինքնակալը յատուկ հրաւէր ուղարկեց նաեւ իր մտերիմ քրիստոսասէր հայոց Տրդատ արքային, որպէսզի նա ժամանէր Քրիստոսի սուրբ խոստովանող, Հայաստանեայց լուսաւորիչ Մեծն Գրիգորի հետ, բայց այդ ժամանակ անհնար էր, որովհետեւ Տրդատը, որ անհանգստանում էր պարսիկների յարձակումից, չէր կարող թողնել իր երկիրը, իսկ սուրբ Գրիգորը չկամեցաւ գնալ, որպէսզի չփառաւորուէր ժողովում: Եւ նա իրենց փոխարէն ուղարկեց սուրբ Արիստակէսին, որ եպիսկոպոս էր ձեռնադրուել իր հօր կողմից:
Սուրբ Արիստակէսին ուղեկցում էին սուրբ Յակոբ Մծբնայ հայրապետը եւ պարսից Յովհան եպիսկոպոսը: Եւ երբ հասան Կեսարիա, որպէսզի սուրբ Ղեւոնդիոսի ուղեկցութեամբ մասնակցէին ժողովին, ականատես եղան Գրիգոր Աստուածաբանի հօր՝ Գրիգորիոսի մկրտութեանը եւ նրա վրայ Սուրբ Հոգու իջմանը: Եւ ապա միասին ճանապարհ ընկան ու հասան Նիկիա, ուր մեծ բազմութեամբ հաւաքուել էին 318 եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ՝ չհաշուած սուրբ հայրապետների անհամար երէցներին, սարկաւագներին եւ նրանց գործակիցներին: Այս ժողովը տեղի ունեցաւ Տիրոջ 325 թուականին:
Ժողովը գլխաւորում էին Կորդուբայի Ովսիոս եպիսկոպոսը եւ Վիկտոր ու Վինկենտիոս երէցները՝ որպէս Հռոմի սուրբ Սեղբեստրոս հայրապետի փոխանորդներ, ինչպէս նաեւ ժամանակի երեք պատրիարքները. նախ՝ Ալեքսանդրիայի Ալեքսանդրոս հայրապետը, որը պիղծ Արիոսի առաջին ընդդիմադիրն էր՝ իրեն աջակից ունենալով իր ուղղափառութեան առաջամարտիկ Աթանաս սարկաւագին, երկրորդն Անտիոքի սուրբ Եւստաթէոս հայրապետ էր, որ սրբութեամբ եւ իմաստութեամբ նշանաւոր այր էր եւ կոչուած էր լինել պատերազմի ուժգին հնչող փող՝ ընդէմ հաւատքի թշնամիների, եւ երրորդը Երուսաղէմի սուրբ Մակար հայրապետն էր, որի անունից անգամ Արիոսը սարսափում ու իւրայինների մօտ գանգատւում էր նրանից որպէս իր գլխաւոր ոսոխի: Միւս մասնակիցները նշանաւոր Աթոռների ականաւոր աթոռակալներն էին, որոնց մէջ քիչ չէին սքանչելի ու սքանչելագործ այրերը, ինչպէս Հերակլիայի սուրբ Պոտամոն խոստովանող եպիսկոպոսը, որի մի աչքը փորուած էր Յիսուս Քրիստոսին վկայելու համար, Վերին Թեբայիդայի սուրբ Պափնուտիոս խոստովանող եպիսկոպոսը՝ առաքելագործ տեսանելի նշաններով, որի մի աչքը փորուած, իսկ ձախ սրունքը ջախջախուած էր հաւատքի խոստովանութեան համար, Նէոկեսարիայի սուրբ Պօղոս խոստովանող եպիսկոպոսը, որի ձեռքը խանձատուած էր շիկացած երկաթով, Կիպրոսի սուրբ Սպիրիդոն եպիսկոպոսը, որ սքանչելի էր սրբութեամբ եւ նշանագործութեամբ: Մասնակիցներից էին նաեւ սուրբ Յակոբ Մծբնայ հայրապետը՝ առաքելանման, սքանչելագործ եւ մեռելներին յարութիւն տուող այրը, որ կոչւում էր «Զգօն», նրա սարկաւագ սուրբ Եփրեմ Խուրի Ասորին, Զմիւռնիայի սուրբ Նիկողայոս նշանաւոր եւ սքանչելագործ հայրապետը, Կեսարիայի սուրբ Ղեւոնդիոս արքեպիսկոպոսը՝ մարգարէական հոգով լի այրը, հայոց սուրբ Արիստակէս եպիսկոպոսը՝ իր հօր՝ սուրբ Գրիգոր Լուսաւորչի տեղակալը, որը եթէ ներկայ լինէր անձամբ, իր խոստովանողական գործունէութիւնից բխած արգասիքներով եւ նշանագործ սրբութեամբ պիտի շատերից գերազանց գտնուէր: Ներկայ էին նաեւ սուրբ Հիւպատոս Գանգրացին՝ կենդանի նահատակը եւ նշանագործը, սուրբ Ամփիոն մեծանուն խոստովանողը եւ շատ այլ անուանի այրեր:
Արքունիքը նշանակեց, որ ժողովը գումարուի յունիս ամսին, որին անձամբ ներկայ եղաւ քրիստոսապսակ Կոստանդիանոս կայսրը: Նա մեծարանքով եւ խոնարհութեամբ մէկ առ մէկ մօտենում էր սուրբ հայրապետներին, սիրով ողջունում նրանց, բաղձանքով համբուրում սուրբ խոստովանողների վէրքերի սպիերը եւ իր գիրկն առնում առաքելանման հայրերին՝ հայցելով նրանց օրհնութիւնը: Սուրբ տաճարի ընդարձակ ժողովարանում հայրապետներից եւ եպիսկոպոսներից իւրաքանչիւրն ըստ իրենց կարգի եւ աստիճանի նստեցնելուց յետոյ ինքը եւս նստեց նրանց մէջ, սակայն եպիսկոպոսներից աւելի ցածր՝ իր արքայավայել առանձին գահին: Այնժամ Անտիոքի երանելի Եւտաթէոս հայրապետն ամբողջ հաւաքուածների առջեւ յունարէն լեզուով գովեստի խօսքեր ասաց ի պատիւ քրիստոսասէր ինքնակալի՝ գովաբանելով նրա բարեպաշտութիւնը եւ Աստուծոյ եկեղեցու հանդէպ նրա հոգածութիւնը: Ապա նաեւ ինքը՝ Կոստանդիանոս կայսրը, պատշաճ խոնարհութեամբ եւ երկիւղածութեամբ հռոմէացիների լեզուով սուրբ ժողովի առջեւ քաջալերական խօսքեր ասաց՝ խրախուսելով եկեղեցու հովիւներին, որպէսզի նրանք բոլորին մեկնեն եւ համարձակ հաստատեն ճշմարիտ հաւատքը՝ ընդդէմ մոլար վարդապետութիւնների եւ եկեղեցուց վերացնեն գայթակղութիւններն ու պառակտումները: Այնտեղ սուրբ Յակոբ Մծբնայ հայրապետը տեսաւ, որ անմարմին հրեշտակները՝ իբրեւ մարմնաւոր ծառաներ, սպասաւորում էին կայսրին: Նոյնպէս եւ թագաւորը տեսաւ հրեղէն զուարթուններին, որոնք սպասաւորում էին սուրբ Յակոբ հայրապետին, եւ երկուսն էլ իրենց տեսիլքները պատմեցին ժողովականների առաջ:
Նախքան ժողովի հայրերը կը քննէին հաւատքի խնդիրները, եպիսկոպոսներից ոմանք, որոնք միմեանց միջեւ տարաձայնութիւններ ունէին, ինքնակալին ամբաստանագիր եւ բողոքագիր յանձնեցին: Իսկ աստուածասէր թագաւորն իսկ եւ իսկ հրաման տուեց այրել այդ թուղթը եւ եպիսկոպոսներին Դաւիթ թագաւորի խօսքով ասաց. «”Աստուած կանգնեց աստուածների ժողովում եւ նրանց մէջ դատապարտեց նրանց”[2]: Եւ արդ, ո՛վ սուրբ հայրեր, ուրեմն դուք Աստծուց մեզ տրուած սուրբ աստուածներ էք, իսկ մարդը չի կարող դատել աստուածներին: Եթէ անգամ ես տեսնէի շնացող մի եպիսկոպոսի, կը ծածկէի նրա մեղքերը՝ նրա վրայ գցելով արքունի իմ ծիրանին: Ապա ուրեմն թողէ՛ք ձեր անձնական խնդիրները եւ ջանացէք միաբանութեամբ վանել հաւատքի թշնամիներին»: Եւ սուրբ ժողովը գլխաւորող հայրերը միաբերան գովեցին Կոստանդիանոս Մեծի այս իմաստուն խօսքերը:
Երբ հրաման եղաւ քննութեան առնել Արիոսի դատը, Արիոսի կողմից առաջ եկան նրա վարձկաններն ու թիմակիցները՝ հեթանոս փիլիսոփաները: Նրանց մի մասը ուղարկուել էին Արիոսի կողմից, իսկ միւս մասն աւելորդ հետաքրքրասիրութեամբ եւ հակառակութեամբ եկել էր այդտեղ, որպէսզի տրամաբանական ապացոյցներով վիճաբանէին քրիստոնեաների առաջնորդների հետ՝ կարծելով թէ իրենց արիստոտէլեան խոր մտքերով նեղութեան մէջ կը գցեն սուրբ հայրերին: Եւ կայսրը չարգելեց նրանց, որպէսզի չթուար, թէ քրիստոնեաները չեն կարող պատասխանել նրանց առարկութիւններին:
Եւ երբ սկսեցին ժանտ Արիոսի բերանով ընդդիմախօսել ճշմարիտ հաւատքի, յատկապէս ամենասուրբ Երրորդութեան խորհրդի եւ Քրիստոսի Աստուածութեան դէմ, նշանաւոր հայրերն ամբողջ ժողովի առաջ պատասխան տուեցին նրանց իւրաքանչիւր խօսքին: Նրանցից առաջինը Եւստաթէոս Անտիոքացին էր, ապա Ովսիոս Կորդուբացին, առաւել ճարտարաբանեցին սուրբ Ղեւոնդիոս Կեսարացին, երանելի Եւփսիքսիոս Տիանացին: Շատ երկար խօսեց կեսարացի պատմաբան Եւսեբիոս Պամփիւլացին, որը թէպէտ կարճ ժամանակ գործակից էր եղել արիոսականներին, սակայն կատարեալ իմաստասէր լինելով՝ այդ ժողովում քաջութիւն ցուցաբերեց իմաստասէրների դէմ ճշմարիտ պատասխաններ տալու ժամանակ: Ինչպէս վկայում է սուրբ Աթանասն ափրիկեցիներին ուղղուած թղթում, նա այն նոյն Եւսեբիոսն էր, որ իր թեմին ուղղուած նամակում գովաբանել էր նիկիական «համագոյակից» խօսքը՝ իբրեւ նախնիների թողած աւանդ: Ընդդէմ «փիլիսոփաների» արտայայտուեցին նաեւ սուրբ Մակարիոս Երուսաէմացին եւ Պռոտեգենէս Սարդիկեցին:
Նրանց խօսքերից իմաստասէրները պատկառեցին: Նրանցից ոմանք ընդունեցին ճշմարտութիւնը եւ հեռացան Արիոսից՝ նզովելով նրան, սակայն նրանցից մէկը, որն ամենայանդուգն էր, խաբէպատիր խօսքերով օձի պէս սողալով դուրս էր պրծնում եպիսկոպոսների ձեռքից եւ մեծ յամառութեամբ առաջ էր տանում իր հարցումներն ու պատասխանները: Այնժամ սուրբ խոստովանողների դասից մի ծերունի, որն ըստ ոմանց եղել է սուրբ Սպիրիդոնը եւ որը միայն գիտէր, որ Յիսուս Քրիստոս խաչուել է, հրաման առնելով հայրապետներից՝ խօսեց ընդդէմ ճշմարտութեան հակառակորդի եւ ասաց. «Քեզ եմ ասում Յիսուս Քրիստոսի անուամբ, ո՛վ փիլիսոփայ, լսի՛ր ճշմարտութիւնը …»: Այս խօսքից այդ մարդը պապանձուեց ու այլեւս չկարողացաւ ընդդիմախօսել, այլ միայն կրկնում էր ծերունու խօսքերը՝ «Հաւատո՛ւմ եմ, հաւատո՛ւմ եմ …»: Եւ սուրբ ծերն ասաց նրան. «Եթէ հաւատում ես իմ ասած խօսքերին, արի՛ իմ յետեւից եւ ընդունի՛ր սուրբ հաւատքի դրոշմը»: Այնժամ իմաստասէրը բոլոր ներկաներին ասաց. «Երբ մրցակցում էին ինձ հետ խօսքով, խօսքի դիմաց պատասխանում էի խօսքով, բայց երբ ասողի բերանից խօսքի փոխարէն զօրութիւն ելաւ, իմ խօսքերն այլեւ չկարողացան դէմ կանգնել այդ զօրութեանը»:
Արդ, երբ Արիոսը ձեռք քաշեց փիլիսոփաներից, ակնկալեց օգնութիւն ունենալ իրեն համախոհ որոշ եպիսկոպոսներից: Սակայն սրանք եւս ամօթահար եղան ատեանի առաջ, որովհետեւ ժողովի սուրբ հայրերը, մեծ զգուշութեամբ քննելով բոլորի մտքերն ու խօսքերը, հեռացրին գայլերին գառների հօտից: Երբ ատեանի առաջ սկզբում ընթերցուեց Արիոսի դաւանութիւնը եւ նրա վարդապետութիւնը, բոլոր սուրբ հայրերը խորշեցին, գարշելով զարհուրեցին եւ սոսկացին: Խցելով իրենց ականջները՝ նզովեցին Արիոսին ու նրա պիղծ աղանդը: Նոյնպէս եւ Եւսեբիոս Նիկոմիդացու խօսքերը վերծանելիս բացէիբաց հերքեցին նրա հայհոյութիւնները որպէս Արիոսի ձայնակցի եւ պատռել տուեցին բոլորի առջեւ:
Ապա ընթերցեցին Ալեքսանդրոս հայրապետի խօսքերն ընդդէմ Արիոսի եւ մանրամասն տեղեկանալով բոլոր կատարուած դէպքերի մասին՝ սուրբ հայրերն արիոսականներին մեղմութեամբ յորդորեցին զղջալ եւ ուղղուել: Սակայն նրանք յամառեցին, մնացին իրենց մոլորութեան մէջ եւ երկար պայքարելուց յետոյ աղմուկ բարձրացրին. նրանք ներկայացրին հաւատքի նորաձեւ կանոն, որը սուրբ ժողովը դարձեալ անմիջապէս պատռել տուեց:
Այնուհետեւ, երբ ինքնակալը պատուիրեց, որ ամէն բան լինի ըստ կարգի եւ աւարտուի խաղաղութեամբ, ուղղափառներն ու չարափառներն սկսեցին վիճաբանել: Սուրբ հայրապետներից շատերը քաջութիւն ցուցաբերեցին, յատկապէս Ալեքսանդրոս հայրապետի սարկաւագ սուրբ Աթանասը, որը հզօր զօրութեամբ եւ Սուրբ Հոգով մենամարտեց ժանտ Արիոսի դէմ ու խայտառակելով նշաւակեց նրա բոլոր չար հնարքները: Ժողովի վերջում սիւնհոդոսի մասնակիցները միաբան դատապարտելով մերժեցին Արիոս հերեսիովտապետին եւ նրա համախոհ Եւսեբիոս Նիկոմիդացուն: Այնժամ ժողովի սուրբ հայրերը միաբերան սահմանեցին. «Աստուծոյ Որդի, Աստուած՝ Աստծուց, Լոյս՝ Լոյսից, ճշմարիտ Աստուած՝ ճշմարիտ Աստծուց եւ համագոյակից Հօրը»: Եւ ժողովի ժամանակ այս ուղղափառ դաւանութեամբ եւ Սուրբ Հոգով ձեւակերպուեց Նիկիական հանգանակը, որը հանդիսապէս ընթերցեց պապի փոխանորդ Ովսիոսը որպէս ուղղափառ հաւատքի կանոն եւ առաքելաւանդ վարդապետութիւն: Այն միաձայն ընդունուեց բոլորի կողմից: Նրանք նզովեցին բոլոր նրանց, ովքեր կ՚ասէին. «Կար ժամանակ, երբ չկար Որդին, կամ թէ՝ ոչէից եղաւ»: Նզովեցին Արիոսին եւ արիոսականներին, որոնց աստուածասէր Կոստանդիանոս կայսրը պորփիւրներ էր կոչում, որովհետեւ Պորփիւր փիլիսոփան, որ թշնամի էր քրիստոնեաներին, արիոսականներից ոչ պակաս էր բարբաջում ընդդէմ Քրիստոսի: Կայսրը հրաման տուեց, որ հրոյ ճարակ դառնան Արիոսի ոչ միայն վարդապետական գրութիւնները, այլեւ նրա գրքերը խնջոյքների եւ պարերի մասին, որ «Թալիա» էր կոչւում:
Ապա սուրբ ժողովի որոշմամբ Արիոսն ու իր համախոհներն աքսորուեցին, սակայն Եւսեբիոս Նիկոմիդացին եւ նրա հետ ուրիշներն աղերսագիր գրեցին, առերես խոստացան հնազանդուել սուրբ ժողովի որոշումներին ու այդպէս պահեցին իրենց աթոռները: Այնուհետեւ եկեղեցու մէջ պառակտումները վերացնելու համար սուրբ ժողովը հաստատեց, որ բոլոր եկեղեցիներում սուրբ Զատկի տօնը կատարուի կիրակի օրը, լիալուսնից եւ գարնանային հասարակածից յետոյ: Մելիտոսի համար էլ որոշուեց, որ դադարեցուի նրա եպիսկոպոսական լիազօրութիւնները եւ նա նստի Լիւկոս քաղաքում՝ առանց խառնուելու եկեղեցու գործերին, իսկ նրա կողմից ձեռնադրուածները լինեն Ալեքսանդրոս պատրիարքի իշխանութեան տակ, սակայն ամենաստորին աստիճանում, քան եկեղեցու այլ սպասաւորները: Ժամանակի ինչ-ինչ անկարգութիւնները վերացնելու նպատակով ահմանուեցին բարեկարգութեան քսան կանոններ, եւ ապա բոլոր հայրերը ձեռք դրեցին ժողովի խօսքերի վրայ՝ ի հաստատութիւն ճշմարիտ հաւատքի հանգանակի եւ կանոնական տառերի:
Ժողովի աւարտից յետոյ, որը եղաւ սեպտեմբերի ութին, ըստ ինքնակալների օրէնքի, Կոստանդիանոս կայսրը նորաշէն Կոստանդնուպօլիս քաղաքում, որը նաեւ Նոր Հռոմ էր կոչւում, նշեց իր քսանամեակը՝ իր թագաւորութեան քսանամեակի ուրախութեան հանդէսը, որին արքայավայել հրաւիրեց բոլոր սուրբ եպիսկոպոսներին: Օրհնել տուեց Նոր քաղաքը եւ ապա իրեն ու իր թագաւորութիւնը յանձնելով նրանց աղօթքներին՝ իւրաքանչիւրին պատուով արձակեց իր տեղը: Կայսրը Հռոմի սուրբ Սեղբեստրոսին ուղարկեց ժողովի հաւատի հանգանակը եւ կանոնները, եւ նա ժողով գումարեց արեւմտեան 275 եպիսկոպոսների մասնակցութեամբ ու հաստատեց նիկիական սահմանումը հետեւեալ խօսքերով. «Սուրբ եւ առաքելական Աթոռի Սեղբեստրոս եպիսկոպոսը՝ արքայանիստ Հռոմ քաղաքին. “Միաձայն հաստատում ենք այն ամէնը, ինչ որ Բիւթանիայի Նիկիա քաղաքում սահմանուեց 318 հայրապետների կողմից՝ ընդհանրական եւ առաքելական սուրբ եկեղեցու հաստատութեան համար: Նզովում ենք բոլոր նրանց, ովքեր կը համարձակուեն հերքել սուրբ եւ մեծ ժողովի սահմանումը, որ գումարուեց Նիկիա քաղաքում բարեպաշտ եւ պատուական Կոստանդիանոս ինքնակալի ներկայութեամբ”»: Նոյնպէս եւ երբ սուրբ Արիստակէսը վերադարձաւ Հայաստան, մեր սուրբ Գրիգոր Լուսաւորիչը հայոց եպիսկոպոսների միաբանութեամբ ընդունեց սուրբ ժողովի դաւանութիւնն ու կանոնները եւ այն կնքեց հետեւեալ խօսքերով. «Իսկ մենք փառաւորենք Նրան, Ով յաւիտեաններից առաջ է՝ երկրպագելով Սուրբ Երրորդութեանն ու մի Աստուածութեանը՝ Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն»: Աւելացրեց նաեւ ինչ-ինչ առանձին կանոններ իր թեմի համար, ինչպէս նաեւ բացայայտող մի քանի բառեր, որ կային հանգանակի մէջ, որպէսզի արիոսականներից եւ կիսաարիոսականներից ոչ ոք չհամարձակուէր խեղաթիւրել նիկիական խօսքն ու իմաստը: Կցեց եւ այլ յաւելուածներ, որոնցով փակուեցին հերեսիովտացիների բոլոր ճանապարհները, որի պատճառով հանգանակը միաժամանակ նիկիական եւ լուսաւորչեան է կոչւում:
Արդ, թէպէտ Նիկիայի սուրբ ժողովում այսպիսի զգուշաւոր կարգով հաստատուեց ճշմարիտ ուղղափառ դաւանութիւնը, եւ հերքուելով մերժուեց արիոսական մոլորութիւնը, սակայն տարիներ անց աղուէսաբարոյ Արիոսն, աքսորավայրից կեղծ դարձ եւ զղջում ցուցաբերելով, արքունիքից հրաման առաւ վերադառնալ իր քաղաքը՝ Ալեքսանդրիա: Եւ քանի որ այդ ժամանակ Ալեքսանդրիայի պատրիարքը հաւատքի առաջամարտիկ Աթանաս Մեծն էր, նա Արիոսին չընդունեց եկեղեցու հետ հաղորդութեան մէջ, իսկ նա հակառակուելով գնաց Կոստանդնուպօլիս եւ իր գործակից Եւսեբիոս Նիկոմիդացու միջոցով ընդունելութիւն գտաւ շատերի մօտ:
Երբ այս լուրը հասաւ տարբեր տեղերում գտնուող եպիսկոպոսներին, նրանք սկսեցին պաղատել Աստծուն, որպէսզի պիղծը չմտնի Իր սուրբ եկեղեցին եւ դարձեալ չապականի Տիրոջ այգին վայրի խոզի պէս: Այս բանի համար առաւելապէս աղօթում էին Կոստանդնուպօլսի սուրբ Ալեքսանդր եպիսկոպոսը, Մծբինի սուրբ Յակոբ հայրապետը եւ ուրիշներ: Տէրը լսեց նրանց աղօթքները, եւ չարը շուտով մէջտեղից վերացաւ. երբ Արիոսին տանում էին եկեղեցի (ինչպէս կարծւում է սուրբ Սոփիա եկեղեցի), ճանապարհին բնական կարիքի համար նա մեկուսացաւ մի վայրում, ուր պայթեցին նրա աղիքները, եւ այդպէս գարշելին մեռաւ գարշանքի մէջ:
Այդ ժամանակաշրջանում կատարուեցին բազմաթիւ իրադարձութիւններ, որոնց մասին կարող ենք տեղեկանալ սուրբ Աթանասի, Կոստանդիանոս Մեծի, Գրիգոր Աստուածաբանի եւ Թէոդոս Մեծի վարքագրութիւններից: Նրանց օրօք Կոստանդնուպօլսում տեղի ունեցաւ տիեզերական երկրորդ ժողովը, եւ այնժամ իսպառ պարտութեան մատնուեցին ճշմարտութեան հակառակորդները, եւ ուղղափառ բոլոր եկեղեցիները պայծառացան ամենասուրբ Երրորդութեան եւ մի Աստուածութեան՝ Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու հանդէպ հաւատքով: Նրան փա՛ռք յաւիտեանս. ամէն:
[1] Գլխաւոր եկեղեցական ժողով:
[2] Սաղմ. ՁԱ 1:
shavigh.am