«Աղքատին ողորմություն տվողը փոխ է տալիս Աստծուն,
և ըստ նրա տվածի էլ Աստված պիտի հատուցի նրան »
/Առակ. ԺԹ 17/:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբազան արարողություններից մեկը մատաղն է։
Տակավին նախաքրիստոնեական շրջանում շատ ժողովուրդներ իրենց կուռքերին ու չաստվածներին գոհություն ու փառք մատուցելու նպատակով բազմապիսի զոհաբերումներ էին կատարում: Նրանց թվում էր նաև հայ ժողովուրդն իր ավանդական զոհաբերումներով: Սակայն փրկչական 301 թվականին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո, Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայրապետը, ժողովրդի մեջ արմատացած հեթանոսական զոհաբերությունների վերիմաստավորման միջոցով ողորմածություն և կարոտյալներին օգնություն ցուցաբերելու հնարավորություն տեսնելով, դրանք քրիստոնեականացրեց. ՙԺողովրդին հրամայեց, որ մեռելոտի կուռ-քերի նվերների փոխարեն, որ նախկինում մատուցում էին, միակ Աստծուն նվիրեն նվերներ անբան կենդանիներից՝ օրհնության (այսինքն՝ օրհնված — Ա.Կ.) աղ խառնելով՚ (Ս. Ներսես Շնորհալի, ՙԹուղթ ընդհանրական՚, Էջմիածին, 1865, էջ 352): Ինչպես Տաթևացին է գրում. ՙԼուսաւորիչն կարգեաց զօրհնութիւն աղին՚ (ՙԳիրք հարցմանց՚, էջ 657):
Ըստ Ստ. Մալխասյանցի ՙՀայերէն բացատրական բառարանի՚ (Հայերէն բացատրական բառարան, Երևան, 1944, հտ. Գ, էջ 265), ՙմատաղ՚ նշանակում է՝ ջահել կենդանի, որը կրոնական արարողությամբ իբրև զոհ մորթվում և եփվելուց հետո բաժանվում է աղքատներին: Իսկ Ս. Գրիգոր Տաթևացին ՙմատաղ՚ բառն ստուգաբանում է ՙմատուցիր աղ՚(ՙԳիրք հարցմանց՚, էջ 657): Ըստ Տաթևացու մատաղը ՙնախ՝ ընծա(ներ) է (են) Աստծուն: Երկրորդ՝ փրկության հույս է…: Երրորդ՝ աղքատասիրություն և ողորմություն է: Չորրորդ՝ ննջեցյալների հիշատակ՚ (ՙԳիրք հարցմանց՚, էջ 657):
Սկսած Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի ժամանակներից՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում ընդունված սովորություն է՝ Տերունական և նշանավոր սրբերի տոներին (ՙԹուղթ ընդհանրական՚, էջ 352), Սբ. Սեղան հաստատելու առթիվ (ՙԿանոնագիրք Հայոց՚` տե՜ս ՙԿանոնք առաքելոյն Թադէոսի՚, կանոն Ը, աշխատասիրությամբ Վ. Հակոբյանի, հտ. Բ, Երևան, ԳԱ հրատ., 1971, էջ 27), կիրակի օրերին և այլ պատեհ առիթներով Սբ. Պատարագից հետո մատաղ անելը, որպեսզի հավատացյալները Սբ. Պատարագի ժամանակ Տիրոջ պատվական ու կենարար մարմինն ու արյունը ճաշակելուց հետո անմիջապես անսուրբ կերակուր չընդունեն, այլ նախ մատաղի օրհնված միս ուտեն և ապա այլ կերակուրներ (ՙԹուղթ ընդհանրական՚, էջ 357-358): Նշենք, որ մատաղ էր արվում նաև ննջեցյալների հիշատակին և իբրև հոգեհաց բաժանվում աղքատներին ու կարոտյալներին (ՙԹուղթ ընդհանրական՚, էջ 363-364): Ի տարբերություն անցյալի, այսօր մատաղ է արվում ուխտի, ուխտագնացությունների, որևէ փորձանքից ազատվելու կամ հաջողության հասնելու համար՝ Աստծուն գոհություն և փառք մատուցելու նպատակով (ՙՈւխտի առիթով կատարվող մատաղօրհնութիւնները ենթակային խղճի եւ հոգու հանգստութիւն եւս պարգեւում են, իսկ եթէ երբեք ենթական դրժի իր խոստումը եւ մատաղը, կամ իր կատարած մէկ այլ ուխտը չկատարի, յաճախակի առիթներով խղճահարութիւն կունենայ՚ (Արտակ արք. Մանուկյան, ՙՇողարձակ՚, հտ. Բ, Թեհրան, 1996, էջ 165):
Է դարի պատմիչ Հովհան Մամիկոնյանն իր ՙՏարոնի պատմություն՚ աշխատության մեջ վկայում է. ՙԻսկ երբ թագավորն ու իշխանները ետ դարձան դեպի Արձանը և իջան Ս.Գրիգորի մոտ՝ Ս. Կարապետի գտնված տեղը, մեծապես գոհություն էին հայտնում Աստծուն, Պատարագ էին մատուցում, անհամար սպիտակ անասուններ, նոխազներ ու գառներ մատաղ էին անում և աղքատներին բազում ողորմություն տալիս՚ (ՙՏարոնի պատմություն՚, Երևան, 1989, էջ 58):
Մատաղի նյութերն են` կենդանին ու աղը:
Ընդունված կարգի համաձայն, մատաղի կենդանին կարող է լինել արջառ, ոչխար, գառ, աքաղաղ և աղավնի: Թեև այսօր ընդունված է մատաղ անել միայն արու կենդանիների, բայց հնում ընդունված է եղել նաև էգի զոհաբերումը. ՙԹէ որձ է և թէ էգ, ոչ է խոտելի՚ (Պողոս Տարոնացի, ՙԸնդդէմ Թէոփիարեայ հոռոմ փիլիսոփային՚, Կ.Պոլիս, 1752, էջ 279):
Քանի որ մատաղն Աստծուն մատուցվող ընծա է, ապա մատաղացու կենդանին պետք է արդար վաստակի արդյունք լինի (և ոչ թե, ինչպես այսօր է տարածված, մուրացիկությամբ ձեռք բերված վաստակի), ընտիր և գեր, որովհետև ՙընտիրը մեր աչքին սիրելի է, ինչպես Իսահակը՝ Աբրահամի՚ (ՙԳիրք հարցմանց՚, էջ 657), և որպեսզի մատաղն Աստծուն ՙհաճելի լինի, ինչպես Աբելինը և ոչ [անհաճո], ինչպես Կայենինը՚ (ՙԳիրք հարցմանց՚, էջ 657): Խեղանդամված ու արատավոր կենդանուն չի կարելի մատաղ անել, ՙորովհետև Աստծո բաժինը պետք է ընտիր լինի և ոչ թե անարգ՚ (ՙԳիրք հարցմանց՚, էջ 657):
ՙԵւ եթէ յանդգնի ոք (այսինքն՝ մատաղ անի խեղանդամված ու արատավոր կենդանու – Ա. Կ.), … նզովեալ եղիցի եւ զմատաղն անընդունելի արասցէ Աստուած՚ (ՙԿանոնագիրք Հայոց՚՝ տես ՙԿանոնք Բասղի Կեսարացւոյ՚, կանոն ՃՂԷ, hտ. Բ, էջ 154):
Ի դեպ, մատաղացու կենդանուն եկեղեցի մտցնելն արգելվում է: Եկեղեցի միայն աղն են տանում օրհնելու համար: Իսկ ինչո՞ւ կենդանուն եկեղեցի չեն տանում: Այս հարցին պատասխանելով, Ս. Գր. Տաթևացին ասում է. ՙՆախ՝ որովհետև եկեղեցին դրախտի խորհուրդն ունի, որտեղ անասուն չէր մտնում: Նույնպես և եկեղեցի չպետք է մտնի: Երկրորդ՝ եթե Սինա լեռանն անասուն էր մոտենում, քարկոծվում էր: Եվ քանի որ եկեղեցին անմատույց լեռ է, ապա անասուններն ու անարժանները չպետք է մտնեն, նաև՝ գազան հերձվածողները: Երրորդ՝ հին տաճարում գառ էր պատարագվում, որն Աստծո Գառի (այսինք՝ Հիսուս Քրիստոսի — Ա . Կ.) օրինակն էր: Եվ քանի որ եկեղեցում ճշմարիտ Գառն է պատարագվում, ապա օրինակն արգելվում է [եկեղեցի մտցնելը]: Չորրորդ՝ Քրիստոսի օրինակով, որ տաճարից խարազանով հանեց ոչխարներին ու արջառներին, մենք ևս արտաքսում ենք: Հինգերորդ՝ զգուշանում ենք, որպեսզի եկեղեցին փարախի չվերածվի: Վեցերորդ՝ եկեղեցին բանավոր հոտի փարախն է և ոչ թե անբան [հոտի]: Յոթերորդ՝ ոչխարն անամոթ է, իսկ անամոթը եկեղեցուց արտաքսելի է, ինչպես Հուդան լպիրշությամբ դուրս ելավ՚ (ՙԳիրք հարցմանց՚, էջ 617):
Մատաղի երկրորդ նյութը, ինչպես վերը նշեցինք, աղն է: Ըստ Ս. Ներսես Շնորհալու և Ս. Գր.Տաթևացու, նախ պետք է օրհնել մատաղի աղը, որից հետո այն պետք է տալ մատաղացու կենդանուն ՙի կերակուր՚, այնուհետև միայն կարելի է մորթել:
Իսկ թե ինչո՜ւ աղի օրհնության կարգ սահմանեց մեր Հավատո Հայր Լուսավորիչ Հայրապետը (ՙԱրդ, առաջին ի Վարդավառի տաւնին պատարագեցին առաքեալքն զՔրիստոս եւ հաստատեցին վասն աղի աւրհնութեան,եւ փոխեցին զհինն ի նորս. նոյնպէս եւ զքահանայութիւնն՚ –Տե՜ս՝ Վ. Այգեկցի, ՙԳիրք հաստատութեան եւ արմատ Հաւատոյ՚, աշխատ. Տ. Շահե քհն. Հայրապետյանի, ԵՀ Հրատ., Երևան, 1998, էջ 289), այս մասին վկայում են Ս.Ներսես Շնորհալին և Ս. Գր. Տաթևացին:
ՙԱղը մաքրության օրինակ է, ինչպես որ Քրիստոս ասաց Իր աշակերտներին. ՙԴուք եք երկրի աղը՚ (Մատթ. Ե 13)՝ մաքրելու աշխարհի ապականությունը խոսքի (այսինքն՝ Ս. Ավետարանի — Ա. Կ.) քարոզությամբ՚ (ՙԹուղթ ընդհանրական՚, էջ 365-366): Այլև՝ ՙ…Եղիսեն գնաց ջրերի ակունքը և այնտեղ աղ գցելով՝ ասաց. ՙԱյսպես է ասում Տերը. ‘’Ես մաքրեցի այս ջրերը, որ դրանցից մահ և անբերրիություն չառաջանան’։ Եվ այդ ջրերը մաքուր դարձան՚ (Դ Թագ. Բ 21-22: Նախածնողների անհնազանդության պատճառով« Տեր Աստված անիծեց երկիրը /Ծննդ. Գ 17/, ուստի և դրանում առկա ամեն ինչ անմաքուր եղավ։ Սակայն Քրիստոս Աստծո կենարար արյան հեղմամբ, թեև այդ անեծքը վերացվեց, բայց դրա թողած սկզբնական հետքը չջնջվեց։ Այդ պատճառով ճաշակելուց առաջ, պետք է անպատճառ աղոթք անել, որպեսզի Տիրոջ անճառելի զորությամբ կերակուրն ամբողջովին սրբվի և Աստծո օրհնությամբ մեր մարմնի ու հոգու կենդանությանը նպաստի։ Ահավասիկ երբ մատաղ անելով ցանկանում ենք աղքատներին ու կարոտյալներին կերակրել, ուստի Ս. Եկեղեցու կանոնի համաձայն, նախ՝ աղը, իբրև մաքրության խորհրդանիշ, օրհնել ենք տալիս, և ապա կենդանուն ուտեցնում, որպեսզի ըստ այդմ ամբողջովին մաքրվի և կուռքերին մատուցվող զոհերից ու հասարակ զենումներից տարբերակվի. ՙ…Զի ամենայն ինչ, յոր և խառնեսցի սա (այսինքն՝ աղը — Ա. Կ.), եղիցի քեզ [ո՛վ Տէր] ի հաճոյս և յընդունելութիւն, և մեզ ի մաքրութիւն և յառողջութիւն հոգւոյ և մարմնոյ՚- տե՜ս ՙՄաշտոց …կրկին քննարկեալ եւ յապաւեալ ըստ առաջարկութեան եպիսկոպոսացն Հայաստանեայց Եկեղեցւոյ ժողովեալք ի Սուրբ Էջմիածին 1971-1973՚, Երուսաղեմ, 1977, էջ 185)։
Ուստի աղի օրհնությունը կատարվում է, որպեսզի մատաղացու կենդանին Աստծո անեծքից? մաքրվի և տարբերակվի ՙկուռքերի(ն) [մատուցվող] զոհերից և հասարակ զենումներից՚ (ՙԳիրք հարցմանց՚, էջ 657):
Ս. Բարսեղ Կեսարացու սահմանած կանոնի համաձայն, մատաղի միսը չի կարելի պահել տանն իբրև ուտելիք, այլ նույն օրը պետք է ՙսրտի մտաւք՚ (ՙԿանոնագիրք Հայոց՚՝ տե՜ս ՙԿանոնք Բարսղի Կեսարացւոյ՚, կանոն Մ, հտ. Բ, էջ 154) բաշխել աղքատներին:
Ըստ ՙՄայր Մաշտոցի՚ (ՙԳիրք Մեծ Մաշտոց կոչեցեալ՚, Կ.Պօլիս, 1807, էջ 88), մատաղի աղի օրհնության ժամանակ ընթերցվում է Ղուկասի Ավետարանից հետևյալ հատվածը. ՙԵրբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՜ կանչիր ո՜չ քո բարեկամներին, ո՜չ քո եղբայրներին, ո՜չ քո ազգականներին և ո՜չ էլ քո հարուստ հարևաններին, որպեսզի նրանք էլ փոխարենը քեզ չհրավիրեն, և քեզ հատուցում լինի: Այլ երբ ընդունելություն անես, կանչիր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին և երանելի կլինես, որովհետև փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն: Եվ դրա փոխարեն քեզ կհատուցվի արդարների հարության օրը՚ (Ղուկ. ԺԴ 12-14: Քանի որ այսօր, ի տարբերություն անցյալի« աղքատների ու կարոտյալների հոծ խմբեր չենք տեսնում« ուստի ցանկալի և խրախուսելի է, որ մատաղը (պատրաստի կամ միայն միսն ու օրհնված աղը) նվիրվի որևէ որբանոցի, ծերանոցի կամ այլ բարեգործական նպատակներով գործող հաստատության, և, իհարկե, ձեռնարկվեն համապատասխան միջոցներ՝ ողորմության ճաշն ամբողջությամբ կարոտյալներին հասցնելու):
Ավետարանական այս հատվածի նշանակությունն այն է, որ երբ հավատացյալ մեկը մատաղ է անում, ապա նա ողջ մատաղը պետք է բաժանի առանց աչառության՝ աղքատներին ու կարոտյալներին՝ իբրև ողորմություն (նշենք, որ աղավնու պարագային նախընտրելի է բաց թողնել), որովհետև ՙամեն տեսակ բարեգործություններից Աստծուն ավելի մոտ ու պատվական է աղքատասիրությունը, որով և առաջին սրբերը՝ Աբրահամը, Իսահակն ու Հակոբը, ընտիր երևացին՚ (Ղազար Փարպեցի, ՙՀայոց պատմություն՚, Երևան, 1982, էջ 75): Որովհետև ՙով ողորմում է աղքատին, արժանի է երանության՚ (Առակ. ԺԴ 21), որովհետև ՙ[ինչ որ] Իմ այս փոքր եղբայր¬ներից մեկին արեցիք, այդ Ինձ համար արեցիք՚ (Մատթ. ԻԵ 40): Ի վերջո, ինչպես պատվիրում է Դանիել մարգարեն՝ ՙքո մեղքերը քավիր ողորմությամբ և քո անօրենությունները՝ աղքատներին գթալով՚:
Սակայն միևնույն ժամանակ Տերունական պատգամը պետք է զգուշորեն կատարել. ՙ…Ձեր ողորմությունը մարդկանց առաջ չանեք, որպես թե այն լինի ի ցույց նրանց. այլապես վարձ չեք ընդունի ձեր Հորից, որ երկնքում է: Այլ երբ ողորմություն անես, փող մի հնչեցրու քո առջև, ինչպես անում են կեղծավորները ժողովարաններում և հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկանցից…։ Այլ երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես՚ (Մատթ. Զ 1-3):
Նշենք նաև, որ Ս. Բարսեղ Կեսարացու կանոնների համաձայն, եթե մատաղն օրհնվում ու մորթվում է վանքի (կամ եկեղեցուն կից) մատաղատանը, ապա ոչխարի ու արջառի դեպքում պետք է ՙզմորթն եւ զհասն (այսինքն՝ կենդանու մորթին ու մեկ ոտքը — Ա. Կ.) յեկեղեցին տացէ՚ (ՙԿանոնագիրք Հայոց՚՝ տե՜ս ՙԿանոնք Բասղի Կեսարացւոյ՚, կանոն ՃԽԳ, ՃՂԹ, հտ. Բ, էջ 135,154: Նաև՝ ՙԹուղթ ընդհանրական՚, էջ 353):
Մատաղի կենդանուն, ըստ Ս. Գրիգոր Տաթևացու, պետք է մորթի ՙարու՝ աշխարհական և հաւատացեալ՚ (ՙԳիրք հարցմանց՚, էջ 365): Կենդանուն պետք է մորթեն երկաթե սուր դանակով, ՙև ո՜չ այլ ինչ գործի. զի թէ լիցի երկաթ և ոչ սուր, և թէ սուր և ոչ երկաթ, ո՜չ է պիտոյ՚ (ՙԳիրք հարցմանց՚, էջ 365): Կինը, մանուկն ու քահանայական դասին պատկանող որևէ մեկը, ըստ Ս. Գր. Տաթևացու, չպետք է մորթեն մատաղի կենդանուն:
Կարևոր ենք համարում նշել, որ վերջերս ականատես ենք եղել մի երևույթի, այն է՝ անասունի արյունից կերակուրի պատրաստմանը, որն ամբողջությամբ նողկալի է ու անհանդուրժելի: Ահա թե այդ մասին ինչ է պատվիրում Ս. Ներսես Շնորհալի Հայրապետը. ՙ…Եվ թող մեկը գառի արյունը տգիտաբար չհավաքի կամ ուտի, ինչպես լսում ենք, թե տխմարներն են անում, …որովհետև արյունը պիղծ է ըստ Աստծո հրամանի, որ Նոյին ասում էր. ՙԿենսատու արյուն պարունակող միս չուտեք՚ (Ծննդ. Թ 4): Եվ թող մեկը չհանդգնի դռների սեմերը գառի արյունով օծել, ինչպես ասում են, թե տգետներից ոմանք անում են [այդ], որովհետև այդ հրեական [սովորություն] է, և ով որ այդպես է անում՝ անեծքի տակ է, քանի որ մեր դռների սեմերը՝ մեր զգայարաններն են, որ Քրիստոսի արյունով են օծվում՚ (ՙԹուղթ ընդհանրական՚, էջ 362-363):
ՄԱՏԱՂԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՁԵՎԸ: Համաձայն Ս. Գր. Տաթևացու վկայության, հնում մատաղացու կենդանուն ողջակիզել են. ՙՆախ՝ օրհնեալ աղ տամք կենդանւոյն: Երկրորդ, ի հուր խորովեալ ողջակիզեմք՚ (ՙԳիրք հարցմանց՚, էջ 657): Սակայն այսօր, ի տարբերություն հնում նվիրագործված սովորության, ոչ թե ողջակիզվում է, այլ ջրով և քահանայի կողմից օրհնված աղով խաշվում: Այնուհետև ողջ միսը բաժանվում է մանր կտորների, և հացի /ցանկալի է, որ լավաշ լինի/ մեջ դրվելով բաշխվում միայն ու միայն աղքատներին ու կարոտյալներին (Տե՜ս Ղուկ. ժԴ 12-14): Կարևոր ենք համարում նշել, որ մատաղացու կենդանու փորոտիքը, գլուխը և մյուս մնացորդները պետք է թաղվեն, որպեսզի շների ու կատուների կեր չդառնան:
Վերջում հարկ ենք համարում նշել, որ օտար եկեղեցականներն ու աղանդավորները թե՜ անցյալում և թե՜ այսօր անմտաբար մեղադրել ու մեղադրում են Հայոց Եկեղեցուն մատաղի խնդրում՝ այն նույնացնելով հրեական մեղքի պատարագի հետ: Սակայն մատաղը, հակառակ նրանց չհիմնավորված պնդումների, հրեական մեղքի պատարագ չէ, քանի որ ՙՔրիստոս մեկ անգամ որպես պատարագ մատուցվեց՝ շատերի մեղքերը վերացնելու համար՚ (Եբր. Թ 28), և ՙնա է քավությունը մեր մեղքերի և ոչ միայն մեր մեղքերի, այլև ամբողջ աշխարհի՚ (Ա Հովհ. Բ 2): Ուստի Հայոց մատաղի արարողությունը ոչ թե հրեական մեղքի պատարագն է, այլ սնոտիապատիր կուռքերին՝ դևերին մատուցվող ընծաների (այսինքն՝ կենդանիների զոհաբերությունների), հանուն Ճշմարիտ Աստծո փոխակերպում. ՙ[Ս.Գր. Լուսավորիչն] այդ զոհաբերությունները (այսինքն՝ ի պատիվ կուռքերին՝ դևերին կատարվող — Ա. Կ.) փոխեց հանուն Ճշմարիտ Աստծո. նույն Արարչին Իր ստեղծած կենդանիները նվիրելու [համար], ինչպես որ օրենքից առաջ՝ նախահայրեր Աբելը, Նոյն ու Աբրահամն [էին նվիրում]: Եվ եթե քրիստոնյա ազգերից [ոչ ոք] սովորություն չունի այս (այսինքն՝ մատաղ — Ա. Կ.) անել, թող ոչ մեկը մերն անպիտան չգտնի, քանի որ նրանք իրենց նախնի առաջնորդներից ավանդությամբ չընդունեցին, ինչպես մենք, և նրանց առաջնորդները նրա համար այս օրենքը չդրեցին, քանի որ հարկ չեղավ՚ (ՙԹուղթ ընդհանրական՚, էջ 353- 354):
Այսպիսով. Հայոց մատաղը զուտ ազգային-քրիստոնեական, խորապես բարեպաշտական մի արարողություն է, որը, ինչպես վերը նշեցինք, հնարավորություն է տալիս հավատացյալին ցուցաբերելու ողորմածություն և օգնելու աղքատներին ու կարոտյալներին: Ուստի մատաղը ՙոչ միայն վնաս չէ, այլև՝ օգտավետ՝ հոգիներին՚ (ՙԹուղթ ընդհանրական՚, էջ354), որովհետև ՙողորմություն գործողը կդասվի Քրիստոսի աջակողմը և կլսի երանավետ բարբառը. ՙԵկե՜ք, իմ Հոր օրհնյալնե՜ր, ժառանգեցե՜ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը. որովհետև քաղցած էի, և ինձ ուտելիք տվիք…՚ (Մատթ. ԻԵ 34-35)՚ (ՙԹուղթ ընդհանրական՚« էջ 365):