ՔԱՐՈԶ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ՄԱՍԻՆ ԸՍՏ ԱՅՆ ԽՕՍՔԻ, ԹԷ «ՆԱ ԿԵՆԱՑ ԾԱՌ Է ԱՄԵՆՔԻ ՀԱՄԱՐ, ՈՎՔԵՐ ՊԱՏՍՊԱՐՒՈՒՄ ԵՆ ՆՐԱՆՈՎ ԵՒ ՎՍՏԱՀՈՒԹԵԱՄԲ ՅԵՆՒՈՒՄ ՆՐԱ՝ ԻԲՐԵՒ ՏԻՐՈՋ ՎՐԱՅ» [Առակ Գ 18]
Մարգարէներից առաջին մեծը եւ աշխարհապատում ու աստուածային Մովսէսն ասում է, որ սկզբում Աստուած երկրի արեւելեան կողմում՝ Եդեմում տնկեց դրախտը, եւ նրա մէջ՝ կենաց Ծառը, բայց պատուիրանազանցութիւնից յետոյ աստուածային հրամանը մարդուն զրկեց նրանից՝ ասելով. «Գուցէ նա ձեռքը մեկնի կենաց Ծառին, ճաշակի պտուղը եւ անմահ դառնայ»[1]: Վերջին ժամանակներում եւս Տէրը երկրի վրայ տնկեց կենաց Ծառը եւ նրանից կախեց կենաց Պտուղը, որի մասին Մովսէս մարգարէն վկայում է՝ ասելով. «Կը տեսնէք ձեր կեանքը՝ կախուած փայտից», որը մեր Տէր Յիսուս Քրիստոսն է՝ անմահութեան Պտուղը, որ կախուեց խաչափայտից եւ որը կենաց եւ անմահութեան Ծառն է: Եթէ ծառը կենաց պտուղ ունի, ուրեմն այն կենաց ծառ է, որովհետեւ ամէն ծառ իր պտղից է ճանաչւում: Արդ, երբ մէկը տեսնում է այն հաւատքով եւ ճանաչում մեր Տիրոջը որպէս անմահութեան Պտուղ, իսկ Նրա Խաչը՝ որպէս կենաց գործիք, նա հաւատքով ճաշակում է կենաց Պտուղը, անմահանում է եւ զօրանում Նրա իմաստութեամբ: Իսկ ով չի տեսնում այն հաւատքով, մեռնում է հոգով, յիմարանում մտքով եւ տկարանում, որովհետեւ առաքեալն ասում է. «Կորստեան մատնուածների համար Խաչի քարոզը յիմարութիւն է, իսկ մեզ՝ փրկուածներիս համար՝ Աստուծոյ զօրութիւն»[2]: Եւ համաձայն այս խօսքի՝ առակախօս Իմաստունն ասում է. «Նա Կենաց Ծառ է բոլոր նրանց համար, ովքեր պատսպարւում են Նրանով եւ վստահութեամբ յենւում Նրա՝ իբրեւ Տիրոջ վրայ»:
* Պատսպարուելը նշանակում է թիկունքից ամրանալը ինչպէս պարսպով, իսկ յենուելը՝ սրտով հաստատուելը ինչպէս գաւազանի վրայ: Եւ դրանցից երեք տեսակ բարիքներ ենք ստանում, որոնք են իմաստութիւնը, զօրութիւնը եւ անմահութիւնը, ինչպէս որ ասւում է երեքսրբեան աղօթքում՝ «Սո՛ւրբ Աստուած, սո՛ւրբ եւ հզօր, սո՛ւրբ եւ անմահ»: Այսինքն թէպէտ Քրիստոս խաչուեց որպէս մարդ, սակայն Նա Աստուած է բնութեամբ, թէպէտ հրեաները խաչեցին Նրան որպէս տկար մարդու, սակայն Նա հզօր է զօրութեամբ, եւ թէպէտ Նա մեռաւ մեզ համար, սակայն Նա անմահ է կենդանութեամբ: Արդ, երբ իմացութեամբ, հաւատքով եւ այս երեք բարիքներով պատսպարւում ենք Նրա մէջ, իմաստնանում ենք Նրա կողմից ու իմանում, որ նրա վրայ Խաչուածը Աստուած է եւ անմեղ, սակայն Նա մեռնում է մեր փրկութեան համար, որպէսզի վճարի մեր պարտքերը եւ ազատի մեզ մահից: Իսկ յոյսով ու սրտով յենւում ենք Նրա վրայ, որովհետեւ Նա, Ով մեծ զօրութեամբ յաղթեց մեր թշնամուն, մեզ եւս կը զօրացնի՝ յաղթելու չարի զօրութեանը: Նաեւ սիրով ու հաւատքով միաւորւում ենք Նրան, որպէսզի Նա մեզ տնկակից դարձնի յաւիտենական կեանքի անմահութեանը: Այսպէս Նրա հանդէպ ունեցած հաւատի, յոյսի եւ սիրոյ միջոցով իմաստնանում ենք մտքով, զօրանում մարմնով եւ անմահանում հոգով: Եւ սա է խորհրդաշում, երբ ասում է. «Պատսպարւում ենք Նրանով», այսինքն հաւատով, յոյսով եւ սիրով:
Իսկ երբ ասում է, թէ «Ովքեր հաստատութեամբ յենւում ենք Նրա՝ իբրեւ Տիրոջ վրայ», «իբրեւ»-ն այն է, որը մատնանշում է առաքեալը՝ ասելով. «Նա, Ով Աստուծոյ կերպարանքով էր, եղաւ մարդկանց նման եւ երեւաց մարդու կերպարանքով»[3]: Այստեղ առաքեալն ասում է՝ նման եղաւ մարդկանց, իսկ Առակն ասում է՝ իբրեւ Տիրոջ վրայ: Նմանը եւ իբրեւը նախ եւ առաջ նշանակում են, որ Նա ոչ թէ սոսկ մարդ էր, այլեւ Տէր, եւ ոչ միայն Տէր, այլեւ մարդացեալ Աստուած: Երկրորդ՝ ցոյց է տալիս այն, որ երբ տեսնում ենք Նրան ծառայի կերպարանքով սպասաւորելիս, պէտք չէ թերահաւատ լինել, այլ պէտք է մաքուր մտքով հաստատուել Նրա մէջ իբրեւ ճշմարտի Տիրոջ եւ Թագաւորի եւ ապա զօրանալ, որպէսզի յաղթել հերձուածողների խօսքերի դժոխքի դռներին, որոնց համար առաքեալն ասում է. «Եթէ ճանաչէին Նրան, արդարեւ փառքի Տիրոջը խաչը չէին հանի»[4]: Նա խաչուած Քրիստոսին փառքի Տէր է կոչում, եւ նոյնն Իմաստունն ասում է՝ հաւատքով հաստատուենք Նրա վրայ, իբրեւ ճշմարիտ Տիրոջ եւ խաչեալ Աստուծոյ, ինչպէս որ Աստուածաբանն է վկայում, թէ Աստուած խաչուեց, որի համար արեգակը խաւարեց: Եւ քանի որ խաչուածը Աստուած է եւ Տէր, յիրաւի, խաչողները տիրասպան եւ աստուածուրաց կոչուեցին: Ապա ուրեմն խաչուածը Աստուած է, իսկ Խաչը վերագրելի է Աստծուն եւ կեանքին, որի համար էլ սուրբ կենաց խաչափայտը կոչւում է աստուածընկալ եւ կենսաբեր, ինչպէս որ գրուած է. «Այն Կենաց Ծառ է ամենքի համար»:
Դարձեալ, ոմանք ամօթ են համարում Աստծուն խաչուած եւ մեռած ասելը, ինչպէս անհաւատ հրեաները, որոնք այդ լսելիս գայթակղւում են, իսկ հեթանոսները յիմարանում եւ ծիծաղում են: Մինչդեռ առաքեալը գրում է իր աշակերտին. «Ամօթ մի՛ համարիր վկայել մեր Տէր Յիսուս Քրիստոսին, եւ ոչ էլ ինձ՝ Նրա համար կապուածիս»[5], որովհետեւ Քրիստոսի խաչը ոչ թէ ամօթ է, այլ պարծանք քրիստոնեաների համար՝ ըստ այն խօսքի. «Քա՛ւ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տէր Յիսուս Քրիստոսի խաչով»[6]: Նոյնպէս եւ Իմաստունն է ասում, որ ամօթ չհամարենք այն, այլ հաւատքով հաստատուենք Նրա վրայ եւ քարոզենք Խաչուածին՝ որպէս ճշմարիտ Տիրոջ, Թագաւորի եւ հաւատացեալների Զօրութեան: Նոյնն է ասում Պօղոս առաքեալը. «Հրեաները նշան են հայցում, եւ հեթանոսները իմաստութիւն են փնտռում, իսկ մենք քարոզում ենք խաչուած Քրիստոսին՝ ի գայթակղութիւն հրեաների և ի յիմարութիւն հեթանոսների»[7]: Սակայն իմաստունների համար, որոնք ընդունեցին այս խորհուրդը եւ հրաւիրուեցին դէպի հաւատքը, Քրիստոս Աստուծոյ զօրութիւնն է եւ Աստուծոյ Իմաստութիւնը: Նոյն Ինքը՝ Քրիստոս, Հօր իմաստութիւնն է, որովհետեւ Նրանով գոյացան բոլոր երեւելի եւ աներեւոյթ արարածները եւ դարձեալ՝ Նա Հօր զօրութիւնն է, որովհետեւ Նա ամէն բան կրում եւ նախախնամում է Իր զօրութեան Խօսքով: Եւ նոյն Ինքն՝ Աստուծոյ Որդին, Միածին Բանը, որ երկրի վրայ երեւաց մարմնով, փրկչական կենաց Խաչի միջոցով մեզ համար եղաւ իմաստութիւն, արդարութիւն, փրկութիւն եւ սրբութիւն, ինչպէս որ գրում է առաքեալը:
* Արդ, պէտք է իմանալ, որ այս չորս բառերը խորհրդանշում են չորս փրկչական ներգործութիւնները, որոնք եղան Քրիստոսով եւ Խաչի միջոցով: Նախ ասում է՝ իմաստութիւն եղաւ, որովհետեւ Ինքը՝ Քրիստոս, մեզ համար իմաստութիւն եղաւ Ադամի տգիտութեան փոխարէն, որը պատուիրանազանց եղաւ, իսկ արդարութիւն եղաւ, որովհետեւ ազատեց մեզ նախնիներին տրուած անէծքի դատապարտութիւնից: Նա փրկութիւն եղաւ մահից ու ապականութիւնից, որովհետեւ Ադամի հոգին գերուեց դժոխքի մէջ, իսկ մարմինը՝ գերեզմանի, եւ եղաւ սրբութիւն՝ քաւելով մեր մեղքերը՝ ըստ այն խօսքի, թէ «Մեր մեղքերը սրբելով՝ նստեց Աստուծոյ մեծութեան աջ կողմում՝ բարձունքներում»[8]: Այսպէս Քրիստոս մեզ տուեց իմաստութիւն, արդարութիւն, փրկութիւն եւ սրբութիւն, որովհետեւ Նա մեզ Խաչով տուեց այս փրկութիւնը: Նոյն Ինքը Խաչը եղաւ եւ կոչուեց իմաստութիւն, արդարութիւն, փրկութիւն եւ սրբութիւն: Եւ սա այն պատճառով, որովհետեւ Խաչն իր մէջ ունի զօրութիւն, նիւթ, ձեւ եւ գործ: Խաչի զօրութիւնը Քրիստոսն է՝ միացած եւ բեւեռուած նրա վրայ, նիւթը փայտն է, ձեւը՝ քառակողմ, գործը՝ կեանք:
* Առաջին. խաչը մեզ համար իմաստութիւն է, որովհետեւ նախ՝ տեսնելով խաչը՝ նրանից անբաժան ենք ճանաչում Խաչեալին՝ ըստ այն խօսքի, թէ «Այս է հանգստավայրն Իմ յաւիտեանս յաւիտենից, այստեղ պիտի բնակուեմ, քանզի հաւանեցի սա»[9]:
Երկրորդ՝ տեսնելով խաչը՝ գիտենք, որ Խաչեալը նրա վրայ է անմեղ մարմնով, ոչ թէ Իր պարտքերի, այլ մեզ համար, որպէսզի վճարի մեր պարտքերը եւ մահուանից դէպի կեանք վերափոխի:
Երրորդ՝ տեսնելով խաչը՝ իմանում ենք, որ նրա վրայ Զոհաբերուածը թէ՛ անմահ է եւ թէ՛ մեռած, այսինքն մեռած է մարմնով, իսկ Աստուածութեամբ՝ կենդանի, ոչ այլեւայլ, այլ Նա, Ով մեռել է, նոյն Ինքն անմահ է մնացել, եւ մեզ համար նոյն Անմահն է մեռել: Այս մասին են վկայում երկու՝ արեան եւ ջրի վտակները: Տիրոջ կողից բխած արիւնը նշանակում է, որ Նա Աստուած է եւ կենդանի է, իսկ ջուրը, որ Նա մեզ համար մեռել է մարմնով:
Չորրորդ՝ տեսնելով խաչը՝ իմանում ենք, որ հաւատացեալներս եւս մեր մէջ կրում ենք Նրա մահը եւ անմահութիւնը, որովհետեւ հաւատքով պատուաստւում ենք Նրան, խաչւում Նրա հետ, մեռնում մարմնով եւ կենդանանում հոգով, այսինքն մեր մէջ մեռնում են մեղքերը, եւ կենդանանում է արդարութիւնը: Ահա այս չորս կերպով խաչի զօրութիւնն իմաստութիւն է հաւատացեալներիս համար:
* Երկրորդ. խաչն արդարութիւն է մեզ համար իր նիւթի շնորհիւ, եւ սա չորս կերպով:
Նախ՝ Աստուած խոստացաւ մարդուն ճաշակել կենաց Ծառից ու անմահանալ, եւ երբ չճաշակեց, Աստուած դարձեալ կենաց խաչափայտով անմահացրեց մարդկանց:
Երկրորդ՝ քանի որ սատանան մարդուն յաղթեց փայտի միջոցով, իրաւամբ նոյն փայտով էլ Տէրը յաղթեց մեզ յաղթողին:
Երրորդ՝ մարդն ընկաւ ու մեռաւ Ծառի եւ նրա պտղի պատճառով, ուստի արդարացի էր, որ Նա փայտով էլ կանգնեցնէր ու կենդանացնէր նրան:
Չորրորդ՝ Աստուած Ինքն արտաքսեց մարդուն դրախտից, որպէսզի նա չճաշակի կենաց Ծառից ու չանմահանայ, եւ յիրաւի Նա Ինքն էլ մեզ մերձեցրեց կենաց Ծառին, որպէսզի ուտենք նրա պտղից եւ անմահ լինենք յաւիտեան: Ահա արդարութեան այս չորս եղանակները՝ փայտն ընդդէմ փայտի, յաղթութիւնն ընդդէմ յաղթութեան, կեանքն ընդդէմ մահուան եւ պարգեւները խոստման դիմաց, արդարապէս կատարելով՝ կենաց եւ անմահութեան փայտն արդարութիւն է մեզ համար:
* Երրորդ. խաչն իր քառաթեւ ձեւով փրկութիւն է մեզ համար, որովհետեւ նախ՝ այն խորհրդանշում է Քրիստոսի չորս բարերարութիւնները: Խաչի վերին մասը ցոյց է տալիս երկնքի Արքայութեան բացուելը, ստորին մասը՝ դժոխքի աւերումը, աջը՝ շնորհների բաշխումը, իսկ ձախը՝ մեղքերի թողութիւնը:
Երկրորդ՝ քառաթեւ խաչը խորհրդանշում է նաեւ չորս առաքինութիւնները, որոնց վրայ պէտք է տարածել մեր ներքին մարդուն: Վերին մասը խորհրդանշում է սէրը, ստորինը՝ խոնարհութիւնը, աջը՝ հնազանդութիւնը, իսկ ձախը՝ համբերութիւնը:
Երրորդ՝ խաչի գլուխը եւ պատուանդանը խորհրդանշում են նրա վրայ խաչուած Քրիստոսի Աստուածութիւնը եւ մարդկութիւնը, աջը՝ արդար հաւատացեալների շնորհները, իսկ ձախը՝ մեղաւորներին ու անհաւատներին սպասուող պատուհասը: Այլեւ աջը խորհրդանշում է Աստուծոյ աջով մարդկանց փրկութիւնը, իսկ ձախը՝ սատանային տրուող սաստը խաչի զօրութեամբ:
Չորրոդ՝ խաչի չորս թեւերը խորհրդանշում են նաեւ մեր չորս խորհրդածութիւնները. վերին մասը՝ միշտ վերինը խորհելը, ուր Քրիստոս է նստած Աստուծոյ աջ կողմում, ստորինը՝ մահուան մասին խոկալը, իսկ աջը եւ ձախը՝ դատաստանի ընտրութեան, այսինքն աջակողմեանների փառքի եւ ձախակողմեանների պատժի մասին խորհելը: Այլեւ խորհրդանշում է դրախտի բարձրութիւնից մեր անկումը դէպի երկիր, ինչպէս եւ այն, որ աջ էինք ու ձախ դարձանք, բայց Քրիստոսով եւ աջակողմեան հաւատով դարձեալ պիտի նոյնին դառնանք: Եւ այլ պէս-պէս եղանակներով խաչի քառաթեւ ձեւը խորհրդանշում է մեր փրկագործութիւնը:
* Չորրորդ. խաչը մեզ համար սրբութիւն է իր գործով, որովհետեւ նախ՝ խաչափայտն առաջ մահուան եւ անէծքի գործիք էր՝ ըստ այն խօսքի, թէ «Անիծեալ է այն մարդը, որ կախուած է փայտից»[10]: Քրիստոս առաւ անէծքի եւ մահուան փայտը եւ այն մեզ համար դարձրեց կենաց եւ օրհնութեան գործիք՝ ըստ այն խօսքի, թէ «Քրիստոս մեզ վերստին գնեց օրէնքի անէծքից՝ անէծք դառնալով մեզ համար»[11]:
Երկրորդ՝ Նա սրբեց մեր մեղքերը, արդարացրեց մեզ քառաթեւ խաչի վրայ Իր անմեղ պատարագով՝ ըստ այն խօսքի, թէ «Նա մեր մեղքերը սրբելուց յետոյ, նստեց Աստուծոյ մեծութեան աջ կողմում՝ բարձունքներում»[12]:
Երրորդ՝ սրբութիւնը Քրիստոսն է, «Ում Հայրը սրբացրեց եւ ուղարկեց աշխարհ»[13]: Արդ, սուրբ եւ անարատ մարմնով Նա միացաւ խաչափայտին, սրբեց այն ու տուեց մեզ որպէս սրբութեան գործիք ընդդէմ դեւերի, մեղքերի, հիւանդութիւնների եւ այլեւայլ պղծութիւնների, քանզի ովքեր հաւատով մերձենում են սուրբ Խաչին, սրբւում են այդ ամէնից:
Չորրորդ՝ խաչը սրբութիւն է մեզ համար. Սուրբ Հոգին պարգեւուեց մեզ խաչի սրբութեամբ, որովհետեւ «Հոգին դեռևս չկար, որովհետև Յիսուս դեռ փառաւորուած չէր»[14], պարգեւուեց այն սրբութեան Հոգին, որ Աստուած սկզբում փչեց մարդու երեսին, եւ մարդը կենդանացաւ շնորհներով, սակայն մեղքի պատճառով Նա վերցրեց մարդկանցից: Իր յարութիւնից յետոյ Տէրը խաչի միջոցով վերստին փչեց նրանց վրայ՝ ասելով. «Առէ՛ք Սուրբ Հոգին»[15] եւ այժմ բարձրացաւ Հօր մօտ, Նրան հաշտեցրեց մարդկանց հետ եւ իբրեւ Իր մահուան ու չարչարանքների պարգեւ՝ Սուրբ Հոգին ուղարկեց առաքեալների դասին, որն իջաւ նրանց վրայ խաչանման եւ հրեղէն լեզուներով: Ուստի երբ յիշատակում ենք Սուրբ Հոգուն, մեր դէմքին դրոշմում ենք Խաչի սուրբ նշանը՝ իբրեւ առ մեզ Սուրբ Հոգու իջման պատճառ եւ նշան: Ահա այս պատճառով է Խաչը մեզ համար կոչւում սրբութիւն, փրկութիւն, արդարութիւն եւ իմաստութիւն, ինչպէս որ առաքեալն է ասում:
* Սուրբ Խաչի տօնի մասին պէտք է իմանալ, որ մեր Քրիստոս Աստուծոյ տնօրինութեան կատարումից եւ երկինք բարձրանալուց յետոյ փրկչական փայտը՝ սուրբ Խաչը, իբրեւ մահապարտի գործիք, անխնամ թաղուած էր Գողգոթայում: Եւ մի գարնանային օր, երբ մանուկները սովոր են զբօսնել, նրանցից մէկը, որն ի ծնէ կաղ էր, ընկերների հետ խաղալով եւ աստուածամուխ Խաչին դիպչելով, նոյն պահին առողջացաւ՝ օրհնելով Աստծուն եւ գոհանալով սուրբ Խաչից: Այս տեսնելով՝ հաւատացեալները բերեցին բոլոր կաղերին, կոյրերին եւ բորոտներին, որոնք ամէնքն էլ առողջացան: Իսկ կոյր եւ խուլ հրեայ ժողովուրդն ըստ Եսայու խօսքի, թէ «Ո՞վ է կոյր եւ խուլ, եթէ ոչ Յակոբի որդիները»[16], սուրբ Խաչը յափշտակելով տարան դրեցին Գեղեցիկ կոչուող տաճարի դռանը: Այնտեղ ողորմութեան համար մի անդամալոյծ էր նստած: Նա նիրհեց ու դիպաւ Խաչին եւ յանկարծ ամրացած անդամներով ոտքի կանգնեց ու գնաց՝ փառաւորելով Քրիստոսին: Ապա մի բորոտ մօտեցաւ, եւ նրա վրայից իսկոյն թափուեց ապականուած մաշկը: Այդպէս շարունակ տարածւում էր գոհութիւնը աստուածային Խաչից: Այս տեսնելով՝ հրեաներն Խաչը տարան դրեցին գերեզմանի մէջ եւ իբրեւ կափարիչ՝ ծածկեցին մի վէմով: Լոյս էր ելնում վէմի ծերպերից, որից առողջանում էին բոլոր նեղեալները, ովքեր մօտենում էին: Հրեաներն այնտեղ կանգնեցրին Ափրոդիտէի պատկերը, որպէսզի կարծիք տարածուէր, թէ այդ բոլոր սքանչելիքները կատարւում են նրա շնորհիւ: Այդ օրերին Կղոդիոս կայսեր կինը՝ Պատրոնիկէն, Պետրոս առաքեալի խօսքով հաւատաց Քրիստոսին եւ մեծ յոյսով իր որդիների ու դուստրերի հետ Հռոմից Երուսաղէմ եկաւ: Գերեզմանի մէջ նա գտաւ Խաչափայտը, որտեղ հրեաները դրել էին նաեւ աւազակների խաչափայտերը, որպէսզի չգտնուէր Տիրոջ խաչափայտը, եւ այդ նոյն դիտաւորութեամբ էլ Տիրոջը դատել էին աւազակների հետ միասին: Այդտեղ նրա դուստրը մեռաւ, եւ դստեր յարութեամբ էլ գտնուեց Քրիստոսի սուրբ Խաչափայտը, իսկ սատանան ամօթահար եղաւ:
Պատրոնիկեն կենդանարար սուրբ Խաչից մի մաս խնդրեց Յակոբոս առաքեալից եւ այն առնելով՝ մեկնեց Հռոմ: Յետագայում սուրբ Հռիփսիմէ եւ Գայիանէ կոյսերը, որոնք երկուսն էլ Պատրոնիկէի ազգակիցներն էին, ժառանգեցին այդ սուրբ մասունքը: Սուրբ Պետրոս առաքեալի կուսանաց վանքում կային երեք հարիւր կոյսեր, որտեղ սուրբ Գայիանէն նրանց մայրապետն էր: Լինելով սուրբ Հռիփսիմէի սնուցիչը՝ սուրբ Գայիանէն նրա պարանոցից կախեց Պատրոնիկէի բերած մասունքը, որ ներկուած էր Տիրոջ արեամբ: Նեղութիւնների ժամանակ նրանք փախան Եգիպտոս՝ Ալեքսանդրիա եւ ապա Երուսաղէմ, որտեղ հրաման առան գնալ Թադէոս առաքեալին վիճակուած թեմը: Հասնելով Եդեսիա՝ շատերը, որ մնացին այնտեղ, ուր Փրկչի անձեռագործ պատկերն էր, նահատակուեցին Դիոկղետիանոս կայսեր կողմից, իսկ միւսները եկան Այրարարտ: Անցնելով Տոսպ գաւառով՝ սուրբ մասունքը՝ որպէս մեծ պարգեւ, թողեցին Հայաստան աշխարհին, իսկ իրենք, նահատակուելով Հայոց Տրդատ թագաւորի կողմից, սրբութեամբ ծնեցին հեթանոս հայ ազգին որպէս Աստուծոյ որդիներ, ինչպէս որ յայտնի է նրանց պատմութիւնից:
Կղոդիոս կայսեր վախճանից յետոյ թագաւորութիւնն անցաւ Ներոնին: Դրանից համարձակութիւն ստանալով՝ հրեաները սպանեցին Յակոբոս առաքեալին, որից յետոյ Խաչը վերցնելով՝ տարան թաղեցին մի բարձր տեղ՝ փոսի մէջ, ուր այն մնաց մինչե բարեպաշտ Կոստանդիանոս թագաւորի ժամանակները: Այդ ժամանակաշրջանը եկեղեցու համար խաղաղութեան դարաշրջան էր: Կոստանդիանոսի մայրը՝ Հեղինէն՝ քրիստոսասէր դշխուհին, գնաց Երուսաղէմ՝ փնտռելու աստուածային Նշանը: Նա կշտամբեց հրեաներին եւ շատ որոնումներից յետոյ Յուդայի[17] օգնութեամբ գտաւ Խաչափայտը: Սա այն Յուդան էր, որ Կիւրեղ կոչուեց, եւ որն իր մօր հետ նահատակուեց Յուլիանոսի կողմից: Այնուհետեւ աստուածասէր դշխուհին իր որդու՝ Կոստանդիանոսի հրամանով սուրբ վայրում հրաշազարդ եկեղեցիներ շինեց եւ կարգեց սեպտեմբերի տասնչորսին միասին տօնել խաչի եւ եկեղեցու նաւակատիքը, որը տօնում եւ Խաչվերաց ենք անուանում: Քահանայապետը ի տես եւ ի պահպանութիւն հաւատացեալների՝ բարձրացնում էր խաչափայտը եւ դնում Գողգոթայում:
Սուրբ Դաւիթ մարգարէն փառաւորում է այսօրուայ պատիւը եւ ասում. «Մեզ հետ նշանուեց Քո երեսի լոյսը»: Երեսը Հօր Որդին է, իսկ երեսի լոյսը՝ Սուրբ Հոգին, որ խաչի նշանով իջաւ առաքեալների դասի վրայ: Խաչի նշանը դրոշմելով մեզ վրայ՝ մենք հաղորդ ենք լինում Սուրբ Հոգուն: Եւ դարձեալ, Յիսուս պարզերես եւ լուսաւոր երեսով յանձն առաւ խաչելութիւնը. Նա ուրախ էր սրտով եւ ուրախացրեց մեր սրտերը՝ ի փառս մեր Քրիստոս Աստուծոյ, որ օրհնեալ է յաւիտեանս. ամէն:
[1] Ծննդ. Գ 22:
[2] Ա Կորնթ. Ա 18:
[3] Հմմտ. Փիլ. Բ 6-7:
[4] Ա Կորնթ. Բ 8:
[5] Բ Տիմ. Ա 8:
[6] Գաղ. Զ 14:
[7] Ա Կորնթ. Ա 22-23:
[8] Եբր. Ա 3:
[9] Սաղմ. ՃԼԱ 14:
[10] Բ Օրին. ԻԱ 23:
[11] Գաղ. Գ 13:
[12] Եբր. Ա 3:
[13] Յովհ. Ժ 36:
[14] Յովհ. Է 39:
[15] Յովհ. Ի 22:
[16] Հմմտ Ես. ԽԲ 19:
[17] Այս Յուդան մեծ չարչարանքներով եւ Աստուծոյ առաջնորդութեամբ գտաւ պատուական խաչափայտը, որով հաւատալով խաչեալ Փրկչին՝ մկրտուեց իր մօր՝ Աննայի հետ, ապա Հեղինէ դշխուհու յորդորով ձեռնադրուեց եպիսկոպոս եւ անուանակոչուեց Կիւրեղ:
Վերցված է https://shavigh.am/ — ից