Այսպէս է ասում Տէրը. «Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն: Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)
Քրիստոս Ավետարանում պատգամում է. «Ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն» (Մատթեոս 6։21)։ Մենք երբեմն չենք էլ գիտակցում, թե ինչպես ենք ընկնում ագահության ճիրանները: Ի՞նչ է ագահությունը։ Այն ունեցածից չգոհանալու և անդադար ավելիին ձգտելու անհագ ցանկություն է, որը կարող է դառնալ իսկական չարիք թե՛ ագահ մարդու, թե՛ նրան շրջապատողների համար։ Այն ունի երկու բևեռ․ մի կողմից մարդը չի գոհանում իր ունեցածով և անընդհատ ձգտում է ունենալ ավելի շատ միջոցներ, կուտակել ավելի շատ նյութական արժեքներ, մյուս կողմից՝ մարդը չի ցանկանում կիսել այն իր մերձավորների հետ, և եսասիրաբար ցանկանում է, որ ամեն բան միայն իրեն պատկանի, իրեն ծառայի։
Թվում է՝ ագահությունը մարդուն երջանիկ է դարձնում, սակայն այդպես չէ։ Ագահ մարդը երբեք երջանիկ չի կարող լինել, քանի որ ապրում է ապագայի հույսով։ Նա պարզապես չի վերլուծում իր ներկան, որպեսզի կարողանա դրա մեջ գեղեցիկը տեսնել և երջանկանալ, լիարժեք ապրել ամեն մի պահը, այլ մշտապես անհագ կերպով ձգտում է ավելիին՝ մեկ րոպե անգամ չմտորելով սեփական կյանքի մասին:
Ագահությունը նույնիսկ այնքան բացասական հատկանիշ է, որ այն համեմատում են հիվանդության հետ՝ ասելով, որ հոգու համար ունի մահաբեր ազդեցություն, քանզի մարդուն հեռացնում է մերձավորին սիրելու կարևորագույն պատգամից․ «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյա՛նց սիրեք։ Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք» (Հովհաննես 13։34-35)։
Ագահությունը թեև անչափ ծանր ու մահացու մեղք է, սակայն այն հնարավոր է հաղթահարել։ Ագահությունը բուժող հատկությունը ողորմածությունն է. «Ես ձեզ վրա չեմ բարկանա, քանզի ես ողորմած եմ,- ասում է Տերը,- ձեր դեմ հավիտյան ոխ չեմ պահի» (Երեմիա 3։12):
Քրիստոս Ինքը կատարյալ օրինակ դարձավ ողորմածության և ցույց տալով Ճշմարիտ ուղին՝ արաժանացրեց ողորմածներին երանության՝ ասելով․ «Երանի՛ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն» (Մատթեոս 5։7)։ Ողորմած լինելու համար պարտադիր չէ ունենալ մեծ նյութական միջոցներ։ Բնավ խոսքն այդ մասին չէ։ Այլ պետք է ունենալ ունեցածը այլոց հետ կիսելու պատրաստակամություն, մարդկանց ապրումակցելու շնորհ։ Ողորմած են ոչ միայն նյութական բարիքները կիսողները, այլ նաև այն բոլորը, ովքեր ցավակից են լինում նեղության, դժբախտության մեջ ընկածներին՝ փորձելով իրենց բարի գործով կամ խոսքով մխիթարել նրանց:
Մեզնից որևէ մեկը կատարյալ չէ, հետևաբար կարևոր է ժամանակին գիտակցել սեփական մեղքերը, անկեղծ զղջալ ու ձգտել մաքրագործման: Կյանքում ամեն կարևոր որոշում, այդ թվում և ներում խնդրելն ու դեպի Քրիստոս տանող ուղին, սկսվում է անկեղծ ցանկությունից: