Իմաստ. Սողոմոնի 9.9-10.2
9.9 Քեզ հետ է նաեւ իմաստութիւնը, որ գիտէ քո գործերը, քեզ մօտ էր նա, երբ դու արարում էիր աշխարհը, եւ գիտէր, թէ որն է հաճելի քո աչքին, ու որն է քո պատուիրաններին համապատասխան: 10 Առաքի՛ր դրան քո սուրբ երկնքից, քո փառքի աթոռից ուղարկի՛ր դրան, որ գայ եւ տեղ գտնի իմ մէջ, եւ ես գիտենամ, թէ ինչն է հաճելի քո առջեւ, 11 քանզի նա գիտէ ամէն ինչ եւ խելամուտ է բոլորին, իմ գործերի մէջ ինձ կառաջնորդի զգաստութեամբ եւ իր փառքով կպահպանի ինձ, 12 իմ գործերն ընդունելի կլինեն, ես արդարութեամբ կդատեմ քո ժողովրդին եւ արժանի կլինեմ իմ հօր գահին: 13 Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծոյ խորհուրդները, եւ կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թէ ինչ է կամենում Տէրը. 14 քանզի մահկանացուների մտածումները անստոյգ են, իսկ մեր գիտելիքները՝ անհաստատ: 15 Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, եւ հողեղէն այս յարկը բազմահոգ է դարձնում միտքը: 16 Ուստի մենք հազիւ ենք նկատում երկրային բաները եւ չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մօտ: 17 Իսկ այն, ինչ գտնւում է երկնքում, ո՞վ կարող է քննել եւ ո՞վ կարող է գիտենալ քո խորհուրդները, եթէ դու իմաստութիւն չտաս եւ քո Սուրբ Հոգին չառաքես քո բարձունքներից: 18 Այսպէս է, որ երկրայիններն ուղղեցին իրենց շաւիղները, սովորեցին այն, ինչ հաճելի է քեզ, եւ փրկուեցին քո իմաստութեամբ:
10.1 Իմաստութիւնը հաստատուն պահեց աշխարհի նախաստեղծ հօրը՝ միայնակ ստեղծեալին: 2 Նա փրկեց նրան իր յանցանքներից եւ զօրութիւն տուեց նրան բոլորի վրայ իշխելու:
Ելք 15.27-16.1
15.27 Եւ եկան հասան Եղիմ: Այնտեղ կային ջրի տասներկու աղբիւր ու եօթանասուն արմաւենի: Նրանք կայք հաստատեցին այնտեղ՝ ջրի մօտ:
16.1 Իսրայէլացի ամբողջ ժողովուրդը Եղիմից ճանապարհ ընկաւ ու եկաւ Սին անապատը, որը գտնւում է Եղիմի ու Սինայի միջեւ:
Բ Կորնթացիներ 2.14-3.3
2.14 Արդ, գոհութի՜ւն Աստծոյ, որ Քրիստոս Յիսուսով մեզ միշտ յաղթութեան է տանում եւ իր գիտութեան բուրմունքը մեզնով սփռում է ամէն տեղ, 15 քանի որ Քրիստոսի բուրմունքն ենք Աստծոյ առաջ՝ ե՛ւ փրկուածների մէջ, ե՛ւ կորստեան մատնուածների մէջ. 16 ոմանց՝ մահուան հոտ, որ տանում է դէպի մահ, եւ ոմանց՝ կենդանութեան բոյր, որ տանում է դէպի կեանք: Եւ ո՞վ է կարող այս բանն անել. 17 քանզի նման չենք ուրիշների, որ Աստծոյ խօսքի վաճառքով են զբաղւում, այլ, իբրեւ անկեղծ մարդիկ, իբրեւ Աստծոյ կողմից ուղարկուածներ, խօսում ենք Քրիստոսով Աստծոյ առաջ:
3.1 Այսպէս, վերստին սկսենք մենք մեզ յանձնարարել. թէպէտ եւ մեզ, ինչպէս ոմանց, պէտք չեն յանձնարարական թղթեր՝ ներկայացնելու ձեզ եւ կամ պահանջելու ձեզնից. 2 այլ մեր թղթերը դուք էք՝ գրուած մեր սրտերում, ճանաչուած եւ կարդացուած բոլոր մարդկանց կողմից: 3 Յայտնի էք որպէս Քրիստոսի թղթեր՝ մեզնից հոգացուած եւ գրուած ոչ թէ թանաքով, այլ կենդանի Աստծոյ Հոգով, ոչ թէ քարեղէն տախտակների վրայ, այլ սրտի մարմնեղէն տախտակների վրայ:
Ավ. ըստ Ղուկասի 10.1-9
1 Այնուհետեւ Տէրը նշանակեց ուրիշ եօթանասուներկու հոգու եւս եւ նրանց իրենից առաջ երկու-երկու ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր ինքը գնալու էր: 2 Եւ նրանց ասաց. «Հունձն առատ է, իսկ մշակները՝ սակաւ: Արդ, խնդրեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ ուղարկի իր հնձի համար: 3 Գնացէ՛ք, ահա ուղարկում եմ ձեզ իբրեւ գառներ գայլերի մէջ: 4 Մի՛ վերցրէք ո՛չ քսակ, ո՛չ մախաղ, ո՛չ կօշիկներ եւ ճանապարհին ոչ ոքի ողջոյն մի՛ տուէք: 5 Որ տունը մտնէք, նախ ասացէ՛ք. “Խաղաղութի՜ւն այս տանը”. 6 եթէ այնտեղ կայ խաղաղասէր մարդ, ձեր խաղաղութիւնը նրա վրայ կհանգչի. ապա թէ ոչ՝ ձեզ կվերադառնայ: 7 Նոյն տանը գիշերեցէ՛ք, կերէ՛ք եւ խմեցէ՛ք նրանց ունեցածից, որովհետեւ մշակը արժանի է իր վարձին. տնից տուն մի՛ տեղափոխուէք: 8 Որ քաղաքը որ մտնէք, եւ ձեզ ընդունեն, կերէ՛ք, ինչ որ ձեր առաջ դնեն: 9 Եւ բժշկեցէ՛ք այնտեղ եղած հիւանդներին եւ նրանց ասացէ՛ք. “Մօտեցել է ձեզ Աստծոյ արքայութիւնը”: