Առակներ 27.1-6
1 Մի՛ պարծեցիր վաղուայ օրով, որովհետեւ չգիտես, թէ վաղն ինչ է բերելու քեզ: 2 Թող քեզ քո ընկե՛րը գովի, եւ ոչ թէ՝ քո բերանը, օտարը, եւ ոչ թէ՝ քո շուրթերը: 3 Քարը ծանր է, աւազը դժուար է բարձրացնել, բայց երկուսից էլ առաւել ծանր է անզգամի բարկութիւնը: 4 Անողորմ է զայրոյթը, բարկութիւնը՝ սաստիկ, բայց ոչ մէկից էլ պակաս չէ նախանձը: 5 Բացայայտ յանդիմանութիւնը լաւ է սքողուած բարեկամութիւնից: 6 Լաւ է բարեկամի ապտակը, քան թշնամու նենգ համբոյրը:
Եսայի 43.16-21
16 Այսպէս է ասում Տէրը, որ ճանապարհ է բացում ծովում եւ շաւիղներ՝ յորդահոս ջրերի մէջ, 17 Նա, որ կառքեր ու նժոյգներ է հանում եւ բազում զօրքեր. բայց նրանք կարող են քնել ու վեր չկենալ, մարել ինչպէս հանգած պատրոյգ: 18 Առաջուայ բաները մի՛ յիշէք, հինը մտքներդ մի՛ բերէք, 19 քանզի ես նորն եմ անելու, որ հիմա յայտնուելու է, եւ դուք պիտի ճանաչէք. ճամփայ պիտի բացեմ անապատով եւ անջրդի հողում գետեր պիտի բխեցնեմ: 20 Ինձ պիտի օրհնեն անապատի գազանները, համբարուներն ու ջայլամների ձագերը, որովհետեւ ես ջուր եմ տալու անապատին եւ անջրդի երկրին գետեր՝ խմեցնելու համար իմ ընտրեալ ազգին: 21 Եւ իմ ժողովուրդը, որին ստեղծեցի, պիտի պատմի իմ սխրանքների մասին:
Բ Կորնթացիներ 11.21-29
21Ամաչելով եմ ասում, որպէս թէ մենք տկարացած լինէինք երբեւէ. ով ինչ բանի մէջ համարձակուի պարծենալ (յիմարութեամբ եմ ասում), ես էլ եմ համարձակուելու։ 22Եբրայեցինե՞ր են՝ ես էլ. իսրայէլացինե՞ր են՝ ես էլ. 23Աբրահամի՞ սերունդ են՝ ես էլ. Քրիստոսի՞ պաշտօնեաներ են (առաւել յանդգնութեամբ կ՚ասէի, թէ)՝ ես առաւե՛լ եւս։ Եթէ վաստակով՝ առաւել. եթէ գանակոծութեամբ՝ առաւե՛լ եւս. եթէ բանտարկութեամբ՝ աւելի՛ քան նրանք. եթէ մահուան վտանգով՝ բազում անգամ։ 24Հրեաներից, հինգ անգամ, քառասունից մէկով պակաս ծեծ կերայ. 25երեք անգամ ձաղկուեցի. մէկ անգամ քարկոծուեցի. երեք անգամ նաւաբեկութեան ենթարկուեցի. մէկ ցերեկ եւ մէկ գիշեր ծովի անդունդներում տառապեցի։26Ճանապարհորդութիւնների ընթացքում բազո՜ւմ անգամ վտանգներ՝ գետերից. վտանգներ՝ աւազակներից. վտանգներ՝ ազգակիցներից. վտանգներ՝ հեթանոսներից. վտանգներ՝ քաղաքում. վտանգներ՝ անապատում. վտանգներ՝ ծովում. վտանգներ՝ սուտ եղբայրներից։27Բազում անգամ եղայ աշխատանքների եւ յոգնութիւնների մէջ՝ յաճախ անքուն մնալով, քաղցի եւ ծարաւի մէջ, առանց մի պատառ հացի, այլեւ՝ ցրտի մէջ ու մերկութեան։ 28Մէկ կողմ թողած այլ նեղութիւններ եւ դեռ այն, որ շարունակ ամբոխն իմ վրայ էր կուտակւում. կային եւ բոլոր եկեղեցիների հոգսերը։ 29Կա՞յ տկար մէկը, որի հետ ես էլ տկարացած չլինեմ. կա՞յ գայթակղուած մէկը, որի համար իմ սիրտը այրուած չլինի։
Ավ. ըստ Մարկոսի 6:45-56
45 Եւ նրանք որ կերան, մօտ հինգ հազար հոգի էին։ 46Իսկոյն եւեթ Յիսուս շտապեցրեց աշակերտներին, որ նաւակ մտնեն եւ իրենից առաջ գնան հանդիպակաց կողմը՝ դէպի Բեթսայիդա, մինչեւ ինքը ժողովրդին արձակէր։ 47Եւ բաժանուելով նրանցից՝ լեռ բարձրացաւ աղօթք անելու։ 48Երբ երեկոյ եղաւ, նաւակը ծովի մէջտեղում էր, իսկ ինքը՝ ցամաքի վրայ։ 49Եւ տեսաւ նրանց, որ հողմակոծ էին լինում թիավարելիս, որովհետեւ քամին նրանց հակառակ կողմից էր. գիշերուայ ուշ ժամին նա գալիս էր նրանց մօտ՝ ծովի վրայ քայլելով, եւ ուզում էր նրանցից առաջ անցնել գնալ։ 50Երբ նրանք տեսան, որ քայլում է ծովի վրայ, կարծեցին, թէ մի ուրուական է, եւ աղաղակ բարձրացրին, 51որովհետեւ ամէնքը տեսան նրան եւ խռովուեցին։ Եւ նա իսկոյն խօսեց նրանց հետ ու ասաց. «Քաջալերուեցէ՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցէք»։ 52Եւ նա նաւակ բարձրացաւ նրանց մօտ, եւ քամին դադարեց։ Եւ նրանք առաւել եւս ապշել էին իրենց մտքում ու սաստիկ զարմանում էին, 53քանի որ մտքները բթացած լինելով՝ չէին հասկացել նաեւ այն, ինչ վերաբերում էր հացի բազմացմանը։ 54Երբ դիմացի կողմն անցան, Գեննեսարէթի ցամաքը ելան։ 55Եւ երբ նաւակից դուրս ելան, տեղի մարդիկ իսկոյն եւեթ նրան ճանաչեցին։ 56Եւ ամբողջ գաւառում այս ու այն կողմ վազելով՝ սկսեցին մահիճներով հիւանդներ բերել այնտեղ, ուր լսում էին, թէ նա գտնւում է։