Եսայի 19.1-11
1 Ահաւասիկ Տէրը, բազմած թեթեւասահ ամպերի վրայ, գալու է Եգիպտոս. եգիպտացիների կուռքերը նրա ահից պիտի դողան, նրանց սրտերը պիտի յուսալքուեն: 2 Եգիպտացիները ելնելու են եգիպտացիների դէմ, պատերազմելու են եղբայրը՝ եղբօր, ընկերը՝ ընկերոջ, քաղաքը՝ քաղաքի, գաւառը՝ գաւառի դէմ: 3 «Եգիպտացիների հոգիները պիտի խռովուեն, նրանց խորհուրդը պիտի ցրեմ, եւ նրանք հարցում պիտի անեն իրենց աստուածներին ու կուռքերին, իրենց մեռելահարցուկներին ու վհուկներին: 4 Եգիպտացիներին պիտի մատնեմ խստասիրտ մարդկանց ու տէրերի ձեռքը, դաժան թագաւորները պիտի տիրեն նրանց»,– այսպէս է ասում ահա Զօրութիւնների Տէրը: 5 Եգիպտացիները ծովափնեայ ջրակոյտերից են խմելու, որովհետեւ գետը նուազելու է եւ ցամաքելու: 6 Գետերն ու գետերի ջրադարձները քաշուելու են, հաւաքուած բոլոր ջրերը ցամաքելու են, եւ բոլոր մարգագետինները, եղէգի ու կնիւնի բոլոր խիտ թաւուտներն ու լոռամարգերը, 7 գետի եզերքներին եղած ողջ կանաչը եւ բոլոր հերկերը, որոնք գետի ջրով են մշակւում, խորշակահար չորանալու են: 8 Ձկնորսները տրտմելու են, գետի մէջ բոլոր կարթ գցողները հոգոց են հանելու, ցանց եւ ուռկան գցողները սուգ են անելու: 9 Ամաչելու են նաեւ բարակ կտաւ մանող կտաւագործները եւ նրանք, որ բեհեզ են գործում: 10 Բոլոր արհեստաւորները տրտմութեամբ են համակուելու, բոլոր տարազագործները տխրելու են, եւ նրանց սրտերը ցաւելու են: 11 Տայանի իշխանները՝ թագաւորի իմաստուն խորհրդականները, յիմարանալու են, նրանց ժողովը դառնալու է անմիտ: Էլ ինչպէ՞ս կասէք արքային. «Իմաստունների զաւակներ ենք մենք, նախկին թագաւորների զաւակներ»:
Գաղատացիներ 2.1-10
1 Այնուհետեւ տասնչորս տարի յետոյ նորից ելայ Երուսաղէմ Բառնաբասի հետ՝ ինձ հետ վերցնելով նաեւ Տիտոսին: 2 Եւ այնտեղ ելայ ինձ պատահած մի յայտնութեան հետեւանքով. եւ նրանց ներկայացրի այն աւետարանը, որը քարոզում էի հեթանոսների մէջ՝ մասնաւորապէս նրանց, որոնք երեւելիներ էին համարւում, այն մտածումով, որ միգուցէ իմ ընթացքը զուր է եղել եւ կամ զուր է: 3 Եւ Տիտոսն իսկ, որ ինձ հետ էր, թէեւ հեթանոս՝ չպարտաւորուեց թլփատուել՝ հակառակ ներս սպրդած սուտ եղբայրներին. 4 նրանք սպրդել-մտել էին՝ լրտեսելու մեր այն ազատութիւնը, որ ունենք Քրիստոս Յիսուսով, որպէսզի մեզ ծառայ դարձնեն. 5 նոյնիսկ ժամանակաւորապէս չանսացինք հնազանդուել նրանց, որպէսզի աւետարանի ճշմարտութիւնը հաստատ մնայ ձեր մէջ: 6 Ինչ վերաբերում է երեւելիներին (թէ նրանք երբեւիցէ մի բան եղել են, իմ հոգը չէ, քանզի Աստուած մարդկանց աչառութիւն չի անում), այդ երեւելիները նման որեւէ բան չիմացրին ինձ: 7 Այլ, դրան հակառակ, երբ տեսան, թէ հեթանոսների աւետարանն ինձ է վստահուած, ինչպէս Պետրոսին՝ հրեաների աւետարանը 8 (որովհետեւ նա, որ Պետրոսին յաջողեց առաքելութիւն հրեաների մէջ, ինձ էլ յաջողեց առաքելութիւն հեթանոսների մէջ), 9 երբ Յակոբոսը, Կեփասը եւ Յովհաննէսը, որոնք սիւներ էին համարւում, իմացան այն շնորհների մասին, որ տրուած էին ինձ, հաւանութեան ձեռք մեկնեցին ինձ եւ Բառնաբասին, որպէսզի մենք գնանք հեթանոսների մէջ, իսկ իրենք՝ հրեաների մէջ. 10 միայն թէ նրանք խնդրեցին, որ յիշենք աղքատներին. եւ ես հոգ տարայ այդ նոյն բանն անելու:
Ավ. ըստ Մարկոսի 12.35-44
35 Մինչ Յիսուս ուսուցանում էր տաճարում, հարց տուեց ժողովրդին ու ասաց. «Ինչպէ՞ս են ասում օրէնսգէտները, թէ Քրիստոս Դաւթի Որդի է, 36 մինչ Դաւիթն ինքը Սուրբ Հոգով ասում է. “Տէրն իմ Տիրոջն ասաց. նստի՛ր իմ աջում, մինչեւ որ քո թշնամիներին քո ոտքերի համար պատուանդան դնեմ”: 37 Արդ, եթէ Դաւիթն ինքը նրան Տէր է կոչում, ինչպէ՞ս նրա Որդին կլինի»: Եւ շատ ժողովուրդ նրան լսում էր սիրով: 38 Եւ սովորեցնելով նա իր ուսուցման ընթացքում ասում էր. «Զգո՛յշ եղէք այդ օրէնսգէտներից, որ ուզում են աչքի զարնող զգեստներով ման գալ, հրապարակներում յարգանքի ողջոյններ որոնել, 39 ժողովարաններում՝ առաջին աթոռները եւ ընթրիքների ժամանակ՝ պատուոյ տեղերը: 40 Նրանք ուտում են այրիների տները, ցուցադրաբար երկարացնում են աղօթքները, որպէսզի աւելի խիստ դատաստան ընդունեն»: 41 Յիսուս կանգնած էր գանձանակի դիմաց. դիտում էր, թէ ինչպէս ժողովուրդը պղինձ դրամ է գցում գանձանակի մէջ: Եւ շատ մեծահարուստներ շատ բան գցեցին: 42 Մի այրի կին եկաւ եւ երկու լումայ գցեց, որը մի գրոշ է: 43 Եւ Յիսուս, իր մօտ կանչելով իր աշակերտներին, նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ չքաւոր այրին աւելի շատ գցեց, քան գանձանակի մէջ միւս բոլոր դրամ գցողները, 44 քանի որ ամէնքը իրենց աւելորդից գցեցին, իսկ նա իր չքաւորութիւնից գցեց ամէն ինչ, որ ունէր՝ իր ամբողջ ապրուստը»: