Իմաստ. Սողոմոնի 1.11-15
11 Ուստի այսուհետեւ զգո՛յշ եղէք անօգուտ քրթմնջիւնից եւ բամբասանքներից խնայեցէ՛ք ձեր լեզուն, որովհետեւ գաղտնի շշնջիւնը զուր չի անցնի, եւ ստախօս բերանը կսպանի հոգին: 12 Ձեր կեանքի մոլորութեամբ ձեզ մահ մի՛ ցանկացէք եւ մի՛ սպանէք ձեր անձերը ձեր իսկ ձեռքերի գործերով: 13 Արդարեւ, Աստուած մահ չի ստեղծել եւ նա չի ուրախանում ողջերի կորստեան համար: 14 Նա ամէն ինչ հաստատել է լինելու համար, եւ աշխարհի գործերը փրկութեան համար են: Ո՛չ մահաբեր թոյն կայ նրանց մէջ, ե՛ւ ոչ էլ դժոխքի թագաւորութիւն՝ երկրի վրայ, 15 որովհետեւ արդարութիւնը անմահ է:
Երեմիա 3.22-56
22 Անսպառ են Տիրոջ ողորմութիւնները, նրա գթութիւնները չեն նուազում: 23 Ամէն նոր առաւօտի հետ բազմանում է քո ճշմարտութիւնը, Տէ՛ր: 24 Իմ հոգին ասաց, թէ՝ «Նա իմ բաժինն է», ահա թէ ինչու յոյսս պէտք է դնեմ նրա վրայ: 25 Աստուած բարերար է նրանց հանդէպ, ովքեր իրենց յոյսը դնում են նրա վրայ, 26 քանզի այն անձը, ով փնտրում եւ ճշմարտութեամբ ապաւինում է նրան, բարի է եւ Տիրոջ փրկութեամբ հանգստութիւն կգտնի: 27 Մարդու համար լաւ է, եթէ իր մանկութիւնից կրի խոնարհութեան լուծը: 28 Միայնակ ու լռիկ նա կնստի իր տանը, որովհետեւ ինքն անձամբ յանձն առաւ քո լուծը: 29 Նա կխոնարհուի՝ իր բերանով համբուրելու հողը, որովհետեւ նրա համար յոյս կայ. 30 իր ծնօտները դէմ կտայ հարուածողներին, կկրի շատ նախատինքներ, 31 բայց Տէրը նրան ընդմիշտ չի մերժի: 32 Նա, ով տառապանքներ տուեց նրան, ինքն էլ իր անսահման ողորմածութեամբ կողորմի նրան. 33 Տէրը սրտով չի կամենում մարդկանց պատժել եւ նուաստացնել մարդու որդիներին: 34 Երբ մէկը երկրի բոլոր կալանաւորներին իր ոտքերի տակ ստորացնում է եւ մարդուն մատնում Տիրոջ դատաստանին, 35 երբ Բարձրեալի առաջ խեղաթիւրում է մարդու իրաւունքները, 36 երբ դատարանում անիրաւում է մարդուն, Տէրը չի՞ տեսնում: 37 Նա չասա՞ց, թէ՝ «Այսպէս է ասում Տէրը», եւ կատարուեց: Բարձրեալի բերանը չէ՞ր, որ պատուիրեց, թէ՝ 38 «Այնտեղից ո՛չ չարիք պիտի դուրս գայ եւ ո՛չ էլ բարիք»: 39 Մարդը, կենդանի մարդը, ինչո՞ւ է տրտնջում իր մեղքերի համար: 40 Մեր ընթացքը քննութեան առնուեց ու յանդիմանուեց. դառնանք դէպի Տէրը, 41 մեր ձեռքերը մեր սրտերի հետ կարկառենք դէպի երկնքի բարձունքները: 42 Մեղք գործեցինք, ամբարիշտ դարձանք, դրա համար էլ մեր հանդէպ բարեհաճ չեղար: 43 Պատժելու եկար ցասումով ու բարկութեամբ եւ հալածեցիր մեզ, կոտորեցիր ու չխնայեցիր. 44 երկինքն ամպերով ծածկեցիր, որ մեր աղօթքները քեզ չհասնեն. 45 քամահրեցիր ու հեռացրիր մեզ, հեթանոսների ամբոխի մէջ արհամարհուած ու անարգուած դարձրիր մեզ: 46 Մեր բոլոր թշնամիների բերանները բացել տուեցիր մեր դէմ: 47 Ահ ու սարսափ եկաւ մեզ վրայ, աւեր ու կոտորած: 48 Իմ ժողովրդի դստեր կործանման պատճառով մեր աչքերը ջրի հեղեղներ թափեցին: 49 Իմ աչքերը լցուեցին արցունքով, 50 բայց ես չեմ լռի եւ ականջ չեմ դնի, մինչեւ որ երկնքից չյայտնուի եւ չտեսնի Տէրը: 51 Իմ քաղաքների բոլոր դուստրերի չափ աչքս արցունք է թափում իմ հոգու համար: 52 Ինչպէս թռչնորսներ, իմ թշնամիները զուր տեղը ինձ որսացին, 53 իմ կեանքը գբի մէջ խեղդեցին, քար դրեցին ինձ վրայ, 54 գլուխս ջրով հեղեղեցին, ու ես ասացի, թէ՝ «Ահա կործանուեցի»: 55 Տառապանքի գբից քո անունը կանչեցի, Տէ՛ր, 56 եւ դու լսեցիր իմ ձայնը:
Ա Տիմոթեոս 5.17-21
17 Այն երէցները, որոնք լաւ վերակացու են, կրկնակի պատուի արժանի թող լինեն. մանաւանդ՝ նրանք, որ տքնում են խօսքով եւ ուսուցանելով. 18 քանզի Սուրբ Գիրքն ասում է. «Կալ անող եզան դունչը մի՛ կապիր», եւ՝ «Մշակն արժանի է իր վարձին»: 19 Երէցի մասին ամբաստանութիւն մի՛ ընդունիր՝ բացի այն դէպքից, երբ դա երկու կամ երեք վկաներով լինի: 20 Իսկ մեղանչողներին յանդիմանի՛ր բոլորի առաջ, որպէսզի միւսներն էլ վախենան: 21 Պարտաւորեցնում եմ քեզ Աստծոյ եւ Յիսուս Քրիստոսի ու ընտրեալ հրեշտակների առաջ, որ այս բոլորը պահես առանց նախապաշարումի՝ աչառութեամբ ոչինչ չանելով:
Ավ. ըստ Մատթեոսի 10.26-33
26 Այսուհետեւ նրանցից չվախենա՛ք, որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ՝ գաղտնի բան, որ չիմացուի: 27 Ինչ ձեզ ասում եմ խաւարի մէջ, դուք ասացէք լոյսի՛ մէջ. եւ ինչ լսում էք ականջի մէջ փսփսուքով, հրապարակեցէք տանիքների՛ վրայից: 28 Եւ մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առաւել վախեցէ՛ք Նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստեան մատնել հոգին եւ մարմինը: 29 Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դահեկանի է վաճառւում, բայց նրանցից մէկն անգամ առանց ձեր Հօր գետնին չի ընկնում. 30 եւ ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշւուած են: 31 Արդ, մի՛ վախեցէք, քանի որ բազում ճնճղուկներից լաւ էք դուք: 32 Ով որ ինձ կխոստովանի մարդկանց առաջ, ես էլ կխոստովանեմ նրան իմ Հօր առաջ, որ երկնքում է: 33 Եւ ով ինձ կուրանայ մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ իմ Հօր առաջ, որ երկնքում է: