Իմաստ. Սողոմոնի 3.11-17
11 Արդարեւ, ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը: 12 Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները: 13 Երանելի է անարատ ամուլը, որ մեղքի անկողին չի ճանաչել. նա վարձ կընդունի դատաստանի օրը: 14 Նաեւ ներքինին, որ իր ձեռքով անիրաւութիւն չի գործել եւ ոչ էլ չարութիւն է խորհել Տիրոջ մասին, նրան ըստ իր հաւատի ընտիր շնորհ է տրուելու եւ ցանկալի վիճակ՝ Տիրոջ տաճարում: 15 Արդարեւ, փառաւոր է բարի վաստակների պտուղը, եւ անսխալ՝ իմաստութեան արմատը: 16 Շնացողների որդիները լինելու են պակասաւոր, եւ պիտի ոչնչանայ ապօրինի անկողնու զաւակը: 17 Եւ եթէ նոյնիսկ երկարակեաց էլ լինեն, ոչնչութիւն են համարուելու. իրենց կեանքի վախճանին էլ անարգուելու է նրանց ծերութիւնը:
Եսայի 51.22-52.3
51.22 Այսպէս է ասում Տէր Աստուած, որ դատում է իր ժողովրդին.– ահա քո ձեռքից հեռացրի կործանման բաժակը՝ իմ բարկութեան բաժակը, եւ դու այլեւս չես խմելու այն: 23 Այն տալիս եմ քեզ վնասողների ձեռքը, նրանց ձեռքը, ովքեր տառապանքի դատապարտեցին քեզ, ովքեր քեզ ասում էին. “Խոնարհուի՛ր, որ անցնենք”: Եւ քո մէջքը գետնին հաւասար դարձրին քեզ վրայով անցնողների համար»:
52.1 Զարթնի՛ր, զարթնի՛ր, Սիո՛ն, հագի՛ր քո զօրութիւնը, Սիո՛ն. դու էլ քո փա՛ռքը հագիր, ո՛վ սուրբ քաղաքդ Երուսաղէմ, որովհետեւ պիղծերն ու անթլփատներն այլեւս չեն անցնելու քո միջով: 2 Թօթափի՛ր քո փոշին, ոտքի՛ ել ու նստի՛ր, ո՛վ Երուսաղէմ, քանդի՛ր քո պարանոցի կապը, ո՛վ դու Սիոնի գերի դուստր: 3 Արդարեւ, այսպէս է ասում Տէրը. «Դուք ձրի վաճառուեցիք եւ արծաթով չէք փրկուելու:
Ա Թեսաղոնիկեցիներ 2.13-16
13 Ահա թէ ինչու մենք շարունակ գոհութիւն ենք տալիս Աստծուն նրա համար, որ մեզնից Աստծոյ խօսքի լուրն առնելով՝ այն ընդունեցիք ոչ որպէս մարդկանց խօսք, այլ՝ ճշմարտապէս՝ որպէս Աստծոյ խօսք, որ ներգործում է նաեւ ձեր՝ հաւատացեալներիդ մէջ. 14 որովհետեւ դուք, եղբայրնե՛ր, նմանուեցիք Աստծոյ այն եկեղեցիներին, որ Հրէաստանում են ի Քրիստոս Յիսուս, քանի որ դուք էլ ձեր ազգակիցների կողմից նոյն չարչարանքներով չարչարուեցիք, ինչպէս որ նրանք՝ հրեաներից, 15 որոնք եւ սպանեցին Տէր Յիսուսին եւ մարգարէներին ու հալածեցին մեզ եւ Աստծոյ աչքից ելան ու բոլոր մարդկանց հակառակորդ եղան: 16 Արգելում էին մեզ քարոզել հեթանոսներին նրանց փրկութեան համար, որպէսզի ամէն ժամ լցնեն իրենց մեղքի չափը. սակայն նրանց վրայ բարկութիւնը հասել է իսպառ:
Ավ. ըստ Հովհաննեսի 15.11-16
11 Այս բաները ձեզ ասացի, որպէսզի իմ ուրախութիւնը ձեր մէջ լինի, եւ ձեր ուրախութիւնը լիակատար լինի: 12 Այս է իմ պատուէրը. որ սիրէք միմեանց, ինչպէս որ ես սիրեցի ձեզ: 13 Աւելի մեծ սէր ոչ ոք չունի, քան այն, որ մէկն իր կեանքը տայ իր բարեկամների համար: 14 Դուք իմ բարեկամներն էք, եթէ անէք այն, ինչ ես ձեզ պատուիրում եմ: 15 Այլեւս ձեզ ծառաներ չեմ կոչում, որովհետեւ ծառան չգիտէ, թէ տէրն ինչ է անում. այլ ձեզ բարեկամներ կոչեցի, որովհետեւ այն բոլորը, ինչ իմ Հօրից լսեցի, յայտնեցի ձեզ: 16 Ոչ թէ դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի եւ ձեզ կարգեցի, որ դուք գնաք եւ պտղաբեր լինէք, եւ ձեր պտուղը մնայ, եւ ինչ էլ որ իմ անունով Հօրիցս խնդրէք, ձեզ տայ: