Առակներ 11.2-11
2 Խոնարհների բերանն իմաստութիւն է խորհում: 3 Ուղղամիտներին առաջնորդելու է իրենց կատարելութիւնը, բայց անօրէններին կործանելու է իրենց գայթակղութիւնը: 4 Հարստութիւնը չի օգնի բարկութեան օրը, բայց արդարութիւնը կփրկի մահից: Արդարը մեռնում է եւ մեծ ափսոսանք թողնում, ամբարիշտների կորուստը պիտի լինի բիրտ ու անարգ: 5 Անբիծ մարդու արդարութիւնը ուղղում է նրա ճանապարհները, բայց ամբարիշտ մարդուն կորստի է մատնում անիրաւութիւնը: 6 Ուղղամիտ մարդկանց արդարութիւնը փրկում է իրենց, բայց անօրէնները պիտի կորչեն անմտութիւնից: 7 Երբ արդար մարդը վախճանուի, նրա յոյսը չի կորչում, բայց ամբարիշտների սնափառութիւնը պիտի կորչի: 8 Արդարը պիտի խոյս տայ որսացողներից, իսկ նրա փոխարէն ամբարիշտը պիտի մատնուի կորստի: 9 Անօրէնների բերանը որոգայթ է ընկերների համար, իսկ արդարների իմաստութիւնը երաշխիք է յաջողութեան: 10 Արդարների բարութեամբ բարեկարգւում է քաղաքը, իսկ ամբարիշտների կորստեամբ ուրախութեան հանդէս է լինում: 11 Ուղղամիտների օրհնութեամբ բարձրանում է քաղաքը, բայց կկործանուի ամբարիշտների բերանով:
Եսայի 61.3-7
3 Եւ նրանք պիտի կոչուեն ազգ արդարութեան, տունկ՝ ի փառս Տիրոջ: 4 Պիտի վերաշինեն դարաւոր աւերակները, նախկինում աւերուածները պիտի վերականգնեն եւ նորոգեն դարերից ի վեր փլատակուած քաղաքները: 5 Օտարածինները պիտի գան ու լինեն քո ոչխարների հօտերի հովիւները, այլազգիները՝ քո մաճկալներն ու այգեգործները: 6 Իսկ դուք Տիրոջ քահանաներ պիտի կոչուէք, մեր Աստծոյ պաշտօնեաներ պիտի անուանուէք, ազգերի հարստութիւնը պիտի ուտէք եւ նրանց մեծութեամբ պիտի փառաւորուէք: 7 Ձեր ամօթի փոխարէն՝ կրկնակի ուրախութիւն, ձեր անարգանքի փոխարէն ցնծութիւն պիտի վայելէք եւ ապա դարձեալ պիտի ժառանգէք երկիրը, եւ յաւիտենական ուրախութիւն պիտի լինի ձեզ համար:
Եբրայեցիներ 13.7-9
7 Յիշեցէ՛ք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծոյ խօսքն ասացին: Նայելով նրանց կեանքի ընթացքի վախճանին՝ հետեւո՛ղ եղէք նրանց հաւատին: 8 Յիսուս Քրիստոս նոյնն է երէկ, այսօր եւ յաւիտեան: 9 Տեսակ-տեսակ եւ օտարոտի ուսմունքների մէջ մի՛ տարուբերուէք, քանզի լաւ է շնորհով ամրացնել սիրտը եւ ոչ թէ՝ կերակրով, որով ոչ մի օգուտ չստացան նրանք, որ այդպէս ընթացան:
Ավ. ըստ Հովհաննեսի 16.33-17.8
16.33 Այս բաները ասացի ձեզ, որպէսզի ինձնով խաղաղութիւն ունենաք: Այստեղ աշխարհում նեղութիւն պիտի ունենաք, սակայն քաջալերուեցէ՛ք, որովհետեւ ես յաղթեցի աշխարհին»:
17.1 Յիսուս, երբ այս բաները խօսեց, աչքերը երկինք բարձրացրեց եւ ասաց. «Հա՛յր, հասել է ժամը. փառաւորի՛ր քո Որդուն, որպէսզի քո Որդին էլ քեզ փառաւորի, 2 ինչպէս որ նրան իշխանութիւն տուեցիր բոլոր մարդկանց վրայ, որպէսզի յաւիտենական կեանք տայ այն ամէնքին, որ նրան տուեցիր: 3 Յաւիտենական կեանքը այս է. որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստուած, նաեւ՝ Յիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր: 4 Ես քեզ փառաւորեցի երկրի վրայ. կատարեցի այն գործը, որն ինձ տուեցիր, որ անեմ. 5 եւ դու այժմ փառաւորի՛ր ինձ, Հա՛յր, քեզ մօտ այն փառքով, որ ունէի քեզ մօտ նախքան աշխարհի լինելը: 6 Քո անունը յայտնեցի այն մարդկանց, որոնց ինձ տուեցիր աշխարհից. նրանք քոնն էին, եւ ինձ տուեցիր նրանց, ու նրանք քո խօսքը պահեցին: 7 Հիմա իմացան, որ այն ամէնը, ինչ ինձ տուեցիր, ես նրանց տուեցի. 8 եւ նրանք ընդունեցին ու ճշմարտութեամբ ճանաչեցին, որ ես քո մօտից ելայ. եւ նրանք հաւատացին, որ դու ուղարկեցիր ինձ: