Առակներ 3.1-6
1 Որդեա՛կ, մի՛ մոռացիր իմ խրատները եւ իմ խօսքերը պահի՛ր քո սրտում, 2 որպէսզի երկարեն քո կեանքի օրերն ու կենդանութեանդ տարիները եւ խաղաղութիւն աւելացնեն: 3 Թող ողորմութիւնն ու հաւատարմութիւնը չպակասեն քեզնից. կապի՛ր դրանք քո պարանոցին, գրի՛ր դրանք քո սրտի լայն տախտակի վրայ եւ դու շնորհ կգտնես: 4 Տիրոջ ու մարդկանց առջեւ խորհի՛ր բարու մասին: 5 Ամբողջ սրտով յոյսդ դի՛ր Աստծոյ վրայ եւ մի՛ հպարտացիր քո իմաստութեամբ: 6 Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր նրան, որպէսզի նա ուղղի քո ճանապարհները, եւ ոտքդ չսայթաքի:
Երեմիա 17.7-8
7 Բայց թող օրհնեալ լինի այն մարդը, որ յոյսը Տիրոջ վրայ կդնի, որ Տէրը նրա յոյսը կդառնայ: 8 Նա կլինի ինչպէս հոսող ջրերի մօտ աճած ծառ եւ իր արմատները կձգի դէպի ջրերի հոսանքը. երբ տօթը հասնի, չի վախենայ. նրա սաղարթն անտառի պէս կտարածուի իր շուրջը. երաշտ տարուց չի վախենայ եւ չի դադարի պտուղ տալուց:
Բ Տիմոթեոս 2.3-10
3 Վշտակի՛ց եղիր Քրիստոս Յիսուսի տառապանքներին որպէս նրա բարի զինուորը: 4 Ոչ ոք, զինուոր դառնալով, չի զբաղուի աշխարհիկ կեանքի գործերով, որպէսզի զօրավարին հաճելի լինի: 5 Եւ եթէ մէկը մրցամարտիկ է, պսակ չի ստանայ, եթէ ըստ օրէնքի չմարտնչի: 6 Եւ չարաչար աշխատող հողագո՛րծը նախ պէտք է վայելի պտղից: 7 Իմացի՛ր, ինչ ասում եմ: Թող Տէրը քեզ իմաստութիւն տայ ամէն ինչում: 8 Յիշի՛ր մեռելներից յարութիւն առած Քրիստոս Յիսուսին՝ Դաւթի ցեղից, իմ քարոզած աւետարանի համաձայն, 9 որի համար չարչարւում եմ եւ շղթայուած իսկ եմ, ինչպէս չարագործը. բայց Աստծոյ խօսքը շղթայուած չէ: 10 Դրա համար ամէն ինչի համբերում եմ ընտրեալների սիրուն, որպէսզի նրանք էլ հասնեն փրկութեան եւ երկնային փառքին, որ Քրիստոս Յիսուսի միջոցով է:
Ավ. ըստ Մատթեոսի 19.27-29
27 Այն ժամանակ Պետրոսը պատասխան տուեց ու ասաց նրան. «Ահաւասիկ մենք թողեցինք ամէն բան եւ եկանք քո յետեւից. արդ, մենք ի՞նչ կունենանք»: 28 Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ դուք, որ եկաք իմ յետեւից, երկրորդ գալստեանը, երբ որ մարդու Որդին իր փառքի աթոռին կնստի, դուք էլ կնստէք տասներկու աթոռների վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերին: 29 Եւ ամէն ոք, ով թողել է տուն կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ ագարակներ՝ իմ անուան համար, հարիւրապատիկ պիտի ստանայ եւ յաւիտենական կեանքը պիտի ժառանգի: