Առակներ 12.8-13
8 Իմաստունի բերանը պիտի գովաբանուի մարդկանցից, բայց ծուռ սիրտ ունեցողը պիտի արհամարհուի: 9 Լաւ է խոնարհ ծառայ լինել իր անձի համար, քան իր անձը մեծարել եւ հաց մուրալ: 10 Արդարը խղճում է իր անասունին, բայց ամբարիշտները անողորմ են: 11 Ով մշակում է իր հողը, պիտի կշտանայ հացով, իսկ ով դատարկ բաների յետեւից է գնում, նա պակասամիտ է: Ով ժամանակը վատնում է գինարբուքի մէջ, նա անարգանք է թողնելու իր շրջապատի վրայ: 12 Ամբարիշտների ցանկութիւնները չար են, իսկ բարեպաշտների արմատները՝ հաստատուն: 13 Մեղաւորն իր լեզուի պատճառով որոգայթի մէջ կընկնի, բայց արդարը զերծ կմնայ դրանից:
Եսայի 49.8-11
8 Այսպէս է ասում Տէրն Իսրայէլին. պատեհ ժամանակ քեզ լսեցի եւ փրկութեան օրը օգնեցի. ես քեզ ստեղծեցի եւ ուխտի նպատակով հեթանոսներին տուեցի քեզ՝ երկիրը վերականգնելու եւ աւերակ ժառանգութիւնները ժառանգներին վերադարձնելու համար, 9 շղթայուածներին ասելու՝ ելէ՛ք, իսկ խաւարի մէջ գտնուողներին՝ յայտնուեցէ՛ք: Նրանք պիտի արածեն բոլոր ճանապարհներին, նրանց արօտը պիտի լինի բոլոր շաւիղների վրայ: 10 Նրանք ո՛չ քաղց են զգալու, ո՛չ ծարաւելու, ո՛չ էլ արեւից խորշակահար են լինելու, եւ նա, որ ողորմելու է, պիտի մխիթարի նրանց, աղբիւրների ակունքների մօտ պիտի տանի նրանց: 11 Իմ բոլոր լեռները նրանց համար ճանապարհ պիտի դարձնեմ եւ բոլոր շաւիղներս արօտների վերածեմ:
Բ Կորնթացիներ 4.6-14
6 որովհետեւ Աստուած է, որ ասաց. «Խաւարից թող լոյս ծագի». եւ նա ծագեցրեց մեր սրտերում Աստծոյ փառքի գիտութեան լոյսը, որը ճառագայթում է Յիսուս Քրիստոսի դէմքից: 7 Այսուհետեւ այս գանձերն ունենք կաւէ ամանների մէջ, որպէսզի զօրութեան գերազանցութիւնը Աստծուց լինի եւ ոչ՝ մեզնից: 8 Ամէն կողմից ճնշուած, բայց ոչ՝ ընկճուած, կարօտեալ, բայց ոչ՝ յուսահատ, 9 հալածուած, բայց ոչ՝ լքուած, չարչարուած, բայց ոչ՝ մեռած: 10 Ամէն ժամ մեր մարմիններում կրում ենք Յիսուսի մահը, որպէսզի Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մարմինների մէջ. 11 քանզի քանի դեռ կենդանի ենք, միշտ մահուան ենք մատնւում Յիսուսի համար, որպէսզի Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մահկանացու մարմինների մէջ: 12 Այնպէս որ, մահը զօրանում է մեր մէջ, իսկ կեանքը՝ ձեր մէջ: 13 Արդ, հաւատի նոյն հոգին ունենք, ինչպէս գրուած էլ է. «Հաւատացի, դրա համար էլ խօսեցի»: Եւ մենք հաւատում ենք, դրա համար էլ խօսում ենք: 14 Այս գիտենք, որ նա, ով յարութիւն տուեց Յիսուսին, մեզ էլ յարութիւն կտայ Յիսուսի հետ եւ ձեզ հետ միասին կկանգնեցնի իր առաջ.
Ավ. ըստ Ղուկասի 10.21-24
21 Նոյն ժամին Յիսուս ցնծաց Սուրբ Հոգով եւ ասաց. «Գոհութի՜ւն քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից ու գիտուններից եւ յայտնեցիր մանուկներին. այո՛, Հա՛յր, որովհետեւ այսպէս հաճելի եղաւ քեզ: 22 Ամէն ինչ ինձ տրուեց իմ Հօրից. եւ ոչ ոք չգիտէ, թէ ով է Որդին, եթէ ոչ՝ Հայրը, եւ թէ՝ ով է Հայրը, եթէ ոչ՝ Որդին, եւ նա, ում կկամենայ Որդին յայտնել»: 23 Եւ դառնալով աշակերտներին՝ առանձին ասաց. «Երանի՜ այն աչքերին, որ կտեսնեն այն, ինչ դուք տեսնում էք: 24 Ասում եմ ձեզ, որ բազում մարգարէներ եւ թագաւորներ կամեցան տեսնել այն, ինչ դուք տեսնում էք, բայց չտեսան, եւ լսել՝ ինչ դուք լսում էք, բայց չլսեցին»: