Ընդ զուարթունս երկնից օրհնեցէք զՔրիստոս Թագաւորն:
Ընդ դասս երանելի սրբոցն գովեցէք յօրհնութիւն ի նոր զՔրիստոս Թագաւորն:
ԶՔրիստոս Թագաւորն բարեբանեցէք, զի ողորմեսցի բարեխօսութեամբ սրբոցն:
(Շարակնոց)
Քրիստոսի հրաշագործ վկայ սուրբ Պլատոնը գաղատացիների Անկիւրիա քաղաքից էր եւ ապրել է Մաքսիմիանոս կայսեր հալածանքների տարիներին: Նա հաւատացեալ եւ բարետոհմիկ ծնողների որդի էր: Որբացել է մանկուց եւ ըստ ոմանց՝ եղել է Անտիոքոս անունով փառաւոր նահատակի եղբայրը: Մանկահասակ էր եւ գեղեցկատես, լի էր Սուրբ Գրքի իմաստութեամբ ու աչքի էր ընկնում գաղատացիների մէջ: Վառուած Քրիստոսի սիրով եւ փութալով ստանալ նահատակութեան բրաբիոնը՝ նա իր ունեցուածքը, որ ծնողները թողել էին իրեն, բաշխեց աղքատներին: Օգնում էր բոլոր կարիքաւորներին՝ լինելով նրանց բարերարը եւ հոգալով նրանց հոգու եւ մարմնի բոլոր կարիքները, որով շատերին, անգամ հեթանոսներից ոմանց դարձնում էր դէպի Քրիստոսի հաւատքը: Եւ հրապարակաւ իրեն քրիստոնեայ խոստովանելու պատճառով մատնուեց հէնց նրանց կողմից, ովքեր երախտիքներ էին ստացել իրենից:
Արդ, երբ բռնեցին երանելի Պլատոնին, Անկիւրիայի Ագրիպպինոս դատաւորը, նստելով ատեանում, որը գտնւում էր իր ապարանքի առաջ՝ Արամազդի մեհեանի դիմաց, հրամայեց նրան առանց գօտու կանգնեցնել իր առաջ: Իբրիդիոս դահճապետը վկային ներս մտցրեց եւ ասաց. «Տէ՛ր իմ, ահաւասիկ քո բեմի առջեւ է աստուածներին անարգողը, որը պարծենում է իր քրիստոնէական կրօնով»: Եւ երբ դատաւորը տեսաւ նրան, ասաց. «Ամբողջ աշխարհն ապրում է խաղաղութեամբ, իսկ դու ինչո՞ւ ես այդքան յամառում մոլորութեանդ մէջ եւ քեզ հետ մոլորեցնում շատերին՝ Խաչեալին պաշտելու համար»: Սուրբը պատասխանեց. «Դուք էք մոլորուած, ո՛վ դատաւոր, որովհետեւ թողնելով երկնքի եւ երկրի Արարչին՝ երկրպագում էք քարերին ու փայտերին»: Դատաւորն ասաց. «Մանկահաս տարիքդ քեզ անմիտ է դարձրել եւ ինչպէս տեսնում եմ՝ շատ տանջանքների մատնել: Արդ, ասա՛ իսկոյն, ո՞ր կրօնից ես, ո՞ր քաղաքից եւ ի՞նչ է քո անունը»: Սուրբը պատասխանեց. «Եթէ կամենում ես իմանալ իմ կրօնը, ապա ես քրիստոնեայ եմ, մեծացել եմ այս քաղաքում, իսկ անունս Պլատոն է, որն իմ ծնողներն են կոչել: Ես Քրիստոսի ծառան եմ դեռեւս մօրս որովայնից»: Դատաւորն ասաց. «Քրիստոսի անունով կոչուելը քեզ ոչ մի օգուտ չի բերի, որովհետեւ շատերն են խոստովանել այդ անունով, սակայն մահուն են մատնուել, իսկ ովքեր ուրացել են, մեծամեծ պարգեւներ են ստացել թագաւորներից: Յորդորում եմ քեզ, որ հաւատաս ինքնակալներին: Դու մեծ շահ կ՚ունենաս եւ կը փրկուես սարսափելի տանջանքներից»: Պլատոնը պատասխանեց. «Ես հաւատում եմ իմ Քրիստոս Թագաւորին, որովհետեւ Նա է իշխում այս կեանքում եւ յաւիտեաններում»: Դատաւորն ասաց. «Այդպէս մի՛ պատասխանիր, այլ իմաստութեամբ խորհի՛ր, թէ որն է քո օգուտը, որովհետեւ ինքնակալի կողմից պատուելի հրաման է իջած բոլոր քրիստոնեաների համար՝ կա՛մ զոհ մատուցել, կա՛մ մեռնել»: Պլատոնն ասաց. «Աստուծոյ կողմից մեզ նաեւ հրաման է տրուած երկրպագել Իրեն»:
Այնժամ բարկացած դատաւորը չորս զինուորների հրամայեց պառկեցնել սուրբին եւ հարուածել արջառաջլերով: Սուրբին տանջեցին այնքան երկար, որ տասներկու զինուորներ հարուածելու համար փոխարինում էին միմեանց, իսկ նա միայն գոհանում եւ խոստովանում էր Քրիստոսի անունը: Դատաւորն ասաց. «Ա՛յ թշուարական, շտապի՛ր մահուանից դէպի կեանք»: Սուրբը պատասխանեց. «Բարի խրատ ես տալիս, ո՛վ դատաւոր, որովհետեւ ես էլ եմ կամենում փախչել յաւիտենական մահից եւ մտնել մշտնջենաւոր կեանք»: Դատաւորն ասաց. «Ա՛յ թշուարական, ե՛ւ երկու մահ կայ, ե՛ւ երկու կեա՞նք»: Սուրբը պատասխանեց՝ այո՛: Դատաւորը հարցրեց. «Եւ որո՞նք են այդ երկուսը»: Սուրբը պատասխանեց. «Մէկը ժամանակաւորն է, միւսը՝ յաւիտենականը»: Դատաւորն ասաց. «Այլեւս մի՛ շատախօսիր, մօտեցիր զոհ մատուցելու աստուածներին, որպէսզի փրկուես տանջանքներից»: Սուրբը պատասխանեց. «Ինչ կամենում ես, արա՛ իսկոյն, որովհետեւ ո՛չ հուրը, ո՛չ սուրը, ո՛չ գազանները եւ ո՛չ էլ որեւէ տանջանք չեն կարող հեռացնել ինձ իմ Աստծուց՝ Յիսուս Քրիստոսից, Ով մեզ համար մեռաւ եւ յարութիւն առաւ»: Այնժամ դատաւորը հրամայեց նրան բանտ ուղարկել, որտեղ սուրբն ուսուցանում էր բոլոր իրեն այցելողներին:
Վեց-եօթ օր անց դատաւորը հրամայեց դարձեալ իր առջեւ բերել երանելուն՝ կազմ պատրաստ ունենալով տանջանքի բազմաթիւ գործիքներ, որպէսզի զարհուրեցնէր սուրբին: Նա ասաց. «Ահաւասիկ այս բոլոր տանջանքները քեզ համար են պատրաստուած: Սակայն եթէ կամենաս, ոչ միայն կը փրկուես դրանցից, այլեւ մեծ պատուի եւ փառքի կը հասնես: Ես իմ գեղեցկատես մինուճար դստերը քեզ կնութեան կը տամ՝ բազմաթիւ ընծաներով հանդերձ, եւ դու կը լինես իմ փեսայացած որդին, միայն թէ մօտեցի՛ր, զոհ մատուցիր աստուածներին ու ճաշակի՛ր նուիրական զոհից»: Սուրբը պատասխանեց եւ ասաց. «Չար լէգէոնի սպասաւո՛ր եւ Քրիստոսի թշնամի՛, նմանուելով քո հայր սատանային՝ կամենում ես հնարքներով մոլորեցնե՞լ ինձ: Ես չեմ խաբուի ո՛չ քո պատրանքներից եւ չեմ վախենում քո սպառնալիքներից»:
Սաստիկ բարկացած Ագրիպպինոս դատաւորը հրամայեց բերել պղնձէ մահիճ, սուրբին պառկեցնել դրայ վրայ, ներքեւից խարոյկ վառել եւ մարմինը պատել ձէթով, ծծմբով, կուպրով եւ մոմով: Սոփրոնիոս բանտապետը յորդորում էր վկային հնազանդ լինել իշխանին եւ ազատուել այդ սոսկալի տանջանքներից, բայց սուրբը յանդիմանեց նրան ու մերժեց նրա չար յորդորը: Եւ երբ տանջանքի գործիքները պատրաստ էին, դատաւորի հրամանով սպասաւորները վառեցին կրակը: Երանելի Պլատոնը, որ պառկած էր հրեղէն մահճի՝ կասկարայի վրայ, աչքերը երկինք յառեց ու աղօթեց՝ ասելով. «Տէր իմ Յիսո՛ւս Քրիստոս, հրեշտակների եւ բոլոր արարածների՛ Աստուած, Դու ամենուր զօրացնում ես Քո ծառաներին եւ համբերութիւն շնորհում Քեզ յուսացողներին: Դու Բաբելոնում ցոյց տուեցիր Քո Աստուածութեան զօրութիւնը՝ հուրը ցօղի փոխարկելով: Հրաշագործի՛ր եւ այժմ, առաքի՛ր Քո հրեշտակին եւ մարի՛ր այս հուրը, որպէսզի բոլորը տեսնեն, որ մոլորուած են կռապաշտութեան մէջ, եւ որ միայն Դու ես ճշմարիտ Աստուած՝ միշտ փառաւորուած Հօր եւ Սուրբ Հոգու հետ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն»: Եւ երբ քրիստոնեաների բազմութիւնը, որ կար այնտեղ, կրկնեց՝ ամէն, նոյն պահին հուրը մարեց, սաստիկ լոյս ծագեց սուրբի վրայ, եւ անուշահոտութիւն բուրեց: Այնժամ ամբոխն սկսեց աղաղակել ու ասել. «Մեծ է քրիստոնեաների Աստուածը, եւ Նրանից բացի չկայ այլ մէկը»: Սակայն անօրէն դատաւորն այս ամէնից յետոյ չընդունեց ճշմարտութիւնը, այլ կուրացած յայտնապէս կատարուած սքանչելիքի լոյսից, եղածը կախարդութիւն համարեց: Նրա հրամանով նահատակին իջեցրին պղնձէ մահճից եւ կանգնեցրին իր առջեւ: Ասաց. «Երդւում եմ իմ Ապոլոն աստծով, որ եթէ չուրանաս Խաչեալին, Որին Աստուած ես կոչում, ապա չես փրկուի իմ ձեռքից»: Սուրբ Պլատոնը պատասխանեց. «Ո՜հ, թմրա՛ծ սիրտ եւ կուրացա՛ծ միտք, այս ի՞նչ հայհոյախօսութիւն ես անում: Այսքանից յետոյ ինչպէ՞ս չես ճանաչում իմ Աստուծոյ զօրութիւնը ու դեռ լրբանում ես»:
Դատաւորն աւելի բարկացաւ, հրամայեց պրկել նրան եւ մարմնի երկարութեամբ շերտ-շերտ քերել ու մորթազերծ անել թիկունքն ու կողերը: Եւ երբ անողորմ դահիճները կատարում էին իրենց հրամայուածը, ճգնազգեաց վկան չէր պատասխանում նրանց հարցերին, այլ միայն սաղոսերգում էր՝ ասելով. «Համբերութեամբ սպասեցի Տիրոջը, Նա նայեց ինձ եւ լսեց իմ աղօթքները»[1]: Տեսնելով սուրբի անչափ համբերութիւնը՝ դատաւորն առաւել չարացաւ: Նրա հրամանով կախեցին եւ քերեցին ամբողջ որովայնը, անգամ ոտքերն ու ծնօտը, եւ ոչ մի առողջ տեղ չմնաց: Վկայի արիւնը վտակներով հոսում եւ ներկում էր գետինը: Ապա հրամայեց իջեցնել կախաղանից, բերել տուեց երկաթներ, որոնց շիկացրին դարբնի քուրայում եւ դրեցին նրա թեւատակերին ու կրծքին: Այսպէս այրեցին ու խորովեցին մարմնի միւս մասերը: Այս ամէնից յետոյ բռնաւորը հրամայեց բանտարկել նրան ու պատուիրեց բանտապահներին, որ արգելեն քրիստոնեայ որեւէ մէկին տեսակցել նրան: Ամէն օր նրան մի կտոր հաց եւ մի բաժակ ջուր էին տալիս:
Բանտում երանելի Պլատոնը տասն օր անսուաղ մնաց եւ գիշեր թէ ցերեկ միայն աղօթեց ու կերակրուեց Սուրբ Հոգով՝ յիշելով Փրկչի այն խօսքը, թէ «Մարդը կ՚ապրի ոչ միայն հացով, այլ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստուծոյ բերանից»[2]: Դատաւորը դարձեալ հրամայեց վկային իր առջեւ բերել: Նա առաջուայ պէս նորից հարցաքննեց նրան, բայց ամենեւին չկարողացաւ համոզել, եւ այնժամ նրան գլխատելու մահավճիռ արձակեց: Դահիճները նրան տարան քաղաքից դուրս՝ մի դաշտավայր, որտեղ սուրբը խնդրեց թոյլ տալ իրեն աղօթել: Նա, դէպի արեւելք կանգնած եւ ձեռքերը երկինք տարածած, մտքում մէկ ժամ աղօթեց ու փառաւորեց Աստծուն եւ աղաղակելով ասաց. «Տէր Յիսո՛ւս Քրիստոս, ընդունի՛ր իմ հոգին խաղաղութեամբ»: Ապա խոնարհեցրեց իր պարանոցը, եւ դահիճները սրով հատեցին սուրբի գլուխը: Այսպէս Քրիստոսի սուրբ Պլատոն վկան նահատակուեց ի փառս Աստուծոյ, որ եղաւ Տիրոջ 300 կամ 303 թուականին, նոյեմբեր ամսի տասնութին:
Անկիւրիայի դաշտում սուրբի նահատակութիւնից յետոյ հաւատացեալները գաղտնի տարան նրա պատուական մարմինն ու գլուխը եւ մեծ զգուշութեամբ ու պատուով պահեցին մի տեղում, մինչեւ մէկ տարի յետոյ Կոստանդինոս Մեծ թագաւորը վկայարան շինեց բազմայաղթ վկայի տապանի վրայ, որտեղ շատ հրաշքներ էին կատարւում՝ հռչակելով սուրբ Պլատոնին որպէս նշանաւոր եւ հրաշագործ վկաներից մէկը:
[1] Սաղմ. ԼԹ 2:
[2] Մատթ. Դ 4:
shavigh.am