ԲԻՒԶԱՆԴԻԱՅԻ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԱՊԵՏՆԵՐ ՄԵՏՐՈՓԱՆՈՍԻ, ԱԼԵՔՍԱՆԴՐՈՍԻ, ՊՕՂՈՍ ԽՈՍՏՈՎԱՆՈՂԻ ԵՒ ՍՈՒՐԲ ԴՊԻՐՆԵՐ ՄԱՐԿԻԱՆՈՍԻ ԵՒ ՄԱՐՏԻՐՈՆԻ ՎԱՐՔԸ
Որք հաղորդեցան չարչարանաց Քոց Քրիստոս սուրբ հայրապետքն.
Եւ վերաբերեալ պայծառացան ընդ անմարմին բազմութիւնսն:
Սոցին աղաչանօք խնայեա ի մեզ Աստուած հարցն մերոց:
Որք ի սկզբանէ պատուեալ եղեն ի սէր բոլորից Հօրն.
Եւ զտիեզերս հրաւիրեցին յորդեգրութեան շնորհս:
Սոցին աղաչանօք խնայեա ի մեզ Աստուած հարցն մերոց:
Որք զընթացս իւրեանց կատարեցին հաճոյիւք Քո Քրիստոս.
Եւ զպսակս անապական ի Քէն ընկալան:
Սոցին աղաչանօք խնայեա ի մեզ Աստուած հարցն մերոց:
(Շարակնոց)
Ինչպէս յայտնի է աւանդութիւնից, հայրերի մէջ պատուական եւ պանծալի, առաքելանման եւ մարգարէաշնորհ սուրբ Մետրոփանոս հայրապետը բիւզանդացի էր, հռոմէական ինքնակալների թագաւորական զարմից: Ասում են, թէ Պրոբոս կայսեր եղբայրը՝ Դոմետիոսը, որն իմաստուն եւ առաքինի այր էր, ճանաչելով կռապաշտութեան մոլորութիւնը, հաւատաց Քրիստոսին, մկրտուեց իր երկու որդիների հետ, որոնց անուններն էին Պրոբոս եւ Մետրոփանոս, եւ այնուհետեւ նրանց հետ ճանապարհուեց դէպի Բիւզանդիոն քաղաք: Այնտեղ մտերմացաւ տեղի Տիմոթէոս անունով եպիսկոպոսի հետ եւ նրա կողմից կարգուեց եկեղեցու սպասաւորների դասում, իսկ երբ եպիսկոպոսը ննջեց, նրա փոխարէն շուրջ քսանչորս տարի զբաղեցրեց Բիւզանդիայի եպիսկոպոսական Աթոռը: Նրանից յետոյ տասներկու տարի քաղաքի եպիսկոպոս եղաւ որդին՝ Պրոբոսը, եւ երբ նա եւս ննջեց ի Տէր, երանելի Մետրոփանոսը տասը կամ տասներեք տարի զբաղեցրեց Աթոռը:
Այդ ժամանակներում Հռոմի Կոստանդիանոս Մեծ թագաւորը, որն արդեն ընդունել էր Քրիստոսի հաւատքը, պատրաստուեց պատերազմել Լիկիանոսի դէմ: Բիւզանդիայում Կոստանդիանոսը հանդիպեց Մետրոփանոսին, որի աղօթքով նա գնաց ու քաջաբար յաղթեց Լիկիանոսին: Եւ երբ վերադարձաւ պատերազմից, Հռոմից իր թագաւորութիւնը տեղափոխեց Բիւզանդիա, մեծացրեց Բիւզանդիոն քաղաքը, այն կոչեց Նոր Հռոմ եւ քաղաքն ամրացրեց պարիսպներով: Ոմանք էլ քաղաքը կոչեցին նրա անունով՝ Կոստանդնուպօլիս, այսինքն Կոստանդիանոսի քաղաք: Այնուհետեւ սկսեց մեծանալ նաեւ բիւզանդացիների եպիսկոպոսի, այսինքն Կոստանդնուպօլսի հայրապետի պատիւը, որովհետեւ այդ քաղաքը, որն առաջ լոկ եպիսկոպոսարան էր՝ առաւել ցածր, քան արքեպիսկոպոսների եւ մետրոպօլիտների մերձակայ Աթոռները, դարձաւ գլխաւոր մետրոպօլիտի, այսինքն մեծ մայրաքաղաքի քահանայապետի Աթոռը: Այդ պատճառով ոմանք սուրբ Մետրոփանոսին համարում են Կոստանդնուպօլսի առաջին պատրիարքը: Իսկ պատրիարք թարգմանաբար նշանակում է հայրապետ, մանաւանդ որ Կոստանդիանոս ինքնակալը սուրբ Մետրոփանոս հայրապետին պատկառելի տարիքի եւ սրբութեան համար իրեն հայր կոչեց եւ եղաւ նրա որդեգիրը: Այդ օրերին առաջ եկաւ ամբարիշտ Արիոս եգիպտացին՝ Ալեքսանդրիայի եկեղեցու աւագերէցը, որը հայհոյեց Սուրբ Երրորդութեանը՝ ասելով, թէ Որդին Հօր բնութիւնից չէ եւ ոչ էլ համագոյակից եւ միասնական է Հօրը, այլ արարած է՝ եղած ժամանակի մէջ: Այդ պատճառով Բութանիայի Նիկիա քաղաքում գումարուեց մեծ եւ տիեզերական սուրբ ժողով, որտեղ հերքուեց չարի մոլորութիւնը եւ սահմանուեց ուղղափառ հաւատքը: Երանելի Մետրոփանոսը, յոյժ ծերացած եւ տկար լինելով, չկարողացաւ անձամբ մասնակցել Նիկիայի սուրբ ժողովին եւ իր փոխարէն ուղարկեց իր եկեղեցու աւագերէց Ալեքսանդրոսին, որը իմաստուն եւ առաքինազարդ այր էր: Բոլոր եպիսկոպոսներն ընդունեցին նրան, ինչպէս կ՚ընդունէին Մետրոփանոսին: Եւ երբ ժողովն արձակուեց, Ալեքսանդրոսը վերցրեց սուրբ ժողովի ուղղափառ հաւատքի խոստովանութեան կոնդակը եւ ուրախութեամբ վերադարձաւ Կոստանդնուպօլիս՝ ճանապարհին քաղաքներում եւ գիւղերում քարոզելով ու հաստատելով հաւատքի ուղղափառ դաւանութիւնը: Հասնելով Կոստանդնուպօլիս՝ երանելի Մետրոփանոսին յանձնեց հաւատքի կոնդակը, իսկ նա վերցրեց այն, ընթերցեց, հաւանութեան արժանացրեց եւ հաստատեց իր ստորագրութեամբ: Նզովեց Արիոսին եւ իր թեմից արմատախիլ արեց նրա հերձուածները, որի համար Ալեքսանդրոս աւագերէցին եւ հայրապետանոցի Պօղոս դպրին ուղարկեց՝ շրջելու իր գաւառով եւ Կիկլադների[1] բոլոր կղզիներով ու քարոզելու ուղղափառութիւնը, որպէսզի բոլոր տեղերից մաքրուէին Արիոսի մոլորութեան հետքերը:
Իսկ աստուածասէր Կոստանդիանոս թագաւորը Նիկիայի սուրբ ժողովի բոլոր սուրբ եպիսկոպոսներին հրաւիրեց իր թագաւորութեան նորակառոյց Կոստանդնուպօլիս քաղաքը՝ տօնախմբութեան: Նրանք գալով օրհնեցին քաղաքն ու բարեպաշտ ինքնակալի թագաւորութիւնը, ապա սուրբ հայրերը թագաւորի հետ մտան հայրապետանոց՝ այցելելու երանելի Մետրոփանոսին եւ տեսան նրան՝ խոր ծերութիւնից մահիճն ընկած: Բոլորը խոնարհուելով ողջոյն տուեցին եւ նրանից օրհնութիւն առան, ապա նստեցին ու պատմեցին ամէն բան, ինչ որոշուեց սուրբ ժողովի ընթացքում: Եւ նա, գոհանալով Աստծուց, դարձեալ օրհնեց նրանց:
Իսկ թագաւորը, խոնարհուած նրա վրայ, համբուրում էր նրա սուրբ աջն ու գլուխը եւ ասում. «Իմ երանելի՛ հայր, դու յոյժ ծերացար, եւ քո ցաւերն ու տկարութիւնները յուշում են քո փոխման մասին: Այժմ հրաման տուր, թէ քեզնից յետոյ ով պիտի արժանանայ քո Աթոռին, ընդունակ լինի քահանայապետութեան ու քարոզի քո եկեղեցու վարդապետութիւնը»: Եւ նա, տարածելով իր ձեռքերը, ասաց. «Օրհնեա՛լ է Աստուած, իմ որդեա՛կ եւ իմ աթոռակիցնե՛ր: Ես անդադար խնդրել եմ Աստծուն այդ բանի համար, եւ Նա ինձ ցոյց է տուել, թէ ով պիտի իմ փոխարէն նստի Աթոռին»: Նրանք դարձեալ հարցրեցին. «Ո՞վ է, որի մասին Աստուած յայտնել է քեզ»: Եւ նա պատասխանեց. «Այս եկեղեցու Ալեքսանդրոս աւագերէցը, որին իմ փոխարէն ուղարկեցի՝ մասնակցելու սուրբ ժողովին, եւ որն այժմ մեծ չարչարանքներով շրջում է այս երկրի բոլոր քաղաքներով ու գիւղերով, քարոզում է իմ հրամանով եւ ուսուցանում Քրիստոսի առաքելական Եկեղեցու ուղղափառ սուրբ հաւատքը՝ բոլոր տեղերից հալածելով Արիոսի պիղծ հերձուածը»: Նրանք ասացին. «Արժանի՛ է» եւ դարձեալ հարցրեցին. «Ասա՛ մեզ, իսկ ո՞վ պէտք է լինի նրանից յետոյ»: Սուրբ Մետրոփանոսը պատասխանեց. «Իմ դպիր եւ ընթերցող Պօղոսը»: Ապա դարձաւ դէպի Ալեքսանդրիայի Ալեքսանդրոս հայրապետին եւ ասաց. «Տէրը նաեւ ինձ ցոյց է տուել, թէ ով պիտի նստի քո Աթոռին»: Եւ նա հարցրեց՝ ո՞վ: Մետրոփանոսն ասաց. «Քո Աթանասիոս նախասարկաւագը, որը պիտի ուղղափառութեամբ հովուի Ալեքսանդրիայի ժողովրդին եւ իմ Պօղոս դպրի կցորդութեամբ բազում չարչարանքներ ու հալածանքներ կրի»: Այս ասելով՝ պատուիրեց, որ իրեն մահճով կամ պատգարակով տանեն եկեղեցի, որտեղ սուրբ եպիսկոպոսները կանգնեցրին նրան, եւ նա մատուցեց աստուածային սուրբ պատարագի խորհուրդը: Հաղորդուեց նախ ինքը եւ ապա սուրբի ձեռքից՝ թագաւորը եւ բոլոր եպիսկոպոսները, որոնք ուրախանալով գոհացան Աստծուց՝ միաբան հաւատքի եւ Արիոսին մերժելու համար:
Ապա երանելի Մետրոփանոս եպիսկոպոսապետը հանեց իր հայրապետական հանդերձները, դրեց սուրբ Սեղանի վրայ եւ եպիսկոպոսներին ասաց. «Եղբայրնե՛ր եւ աթոռակիցնե՛ր, ահա մօտեցել է աշխարհից փոխուելու իմ ժամը: Հովուապետը՝ Քրիստոս, կանչում է ինձ, եւ ես պիտի անցնեմ իմ հայրերի ճանապարհով: Մեր Տէր Յիսուս Քրիստոսի սիրով աղաչում եմ բոլորիդ, իմ ննջումից յետոյ ինը օր մնացէք այստեղ, մինչեւ որ Ալեքսանդրոսը ժամանի: Դուք կը ձեռնադրէք նրան, կը նստեցնէք իմ Աթոռին եւ ապա խաղաղութեամբ կը գնաք ձեր թեմերն ու Աթոռները»: Այս ասելով՝ աւանդեց իր հոգին առ Աստուած, որ եղաւ ժողովի նոյն տարում, այսինքն Տիրոջ 325 թուականի յունիսի չորսին: Թագաւորն ու բոլոր եպիսկոպոսները սաղմոսներով, օրհնութեամբ, գովաբանութեան երգերով եւ արտասուքներով նրա պատուական մարմինը դրեցին սուրբ հայրերի քնարանում, այսինքն նրան նախորդող եպիսկոպոսների հանգստարանում:
Արդ, սուրբ Մետրոփանոսի փոխուելուց յետոյ, երբ լրացան իննօրեայ հանգստեան յիշատակի օրերը, եկաւ Ալեքսանդրոսը, եւ բոլոր հայրապետները միաբան ձեռնադրեցին նրան որպէս եպիսկոպոսապետ՝ նստելու Կստանդնուպօլսում՝ Մետրոփանոսի Աթոռին: Եւ այդպէս երանելի Ալեքսանդրոսը ճանաչուեց որպէս թագաւորանիստ քաղաքի առաջին պատրիարք: Հայոց ճառընտիրները եւ «Յայսմաւուրք»-ը գրում են, թէ երբ արքունի դռանը երեք հարիւր տասնութ հայրապետների կողմից Ալեքսանդրոսը եպիսկոպոսապետ կարգուեց, Բիւզանդիոն քաղաքը, որը ժամանակ առաջ եպիսկոպոսարան էր, այնժամ եղաւ պատրիարքարան: Քանզի այս Աթոռի պատրիարքութեան պատիւը թէպէտ գլխաւորապէս առաջ քաշուեց Կոստանդնուպօլսի յաջորդ ժողովում՝ Թէոդոս Մեծի օրօք, սակայն նրա փառաւորութեան սկիզբը եղաւ Նիկիայի ժողովում՝ Կոստանդիանոս Մեծի ժամանակ: Սուրբ հայրերը երանելի Ալեքսանդրոսին նստեցրին հայրապետական Աթոռին, ապա ողջոյն տուեցին սուրբ Մետրոփանոսի տապանին, եւ իւրաքանչիւրը գնաց իր տեղը: Իսկ երանելի Ալեքսանդրոսը հաւատքի ուղղափառ վարդապետութեամբ, որը սահմանուել էր Նիկիայի սուրբ ժողովի կանոնական հրամանով, իր թեմում հովւում էր Աստուծոյ եկեղեցին եւ կենցաղավարում առաքինութեամբ, սրբութեամբ ու ճգնակեցութեամբ:
Եղաւ, որ նրա եւ Մծբնայ Յակոբ հայրապետի համատեղ աղօթքներով Արիոսն անակնկալ վախճան ունեցաւ: Քանզի ինչպէս գրում է սուրբ Աթանասը, ինչպէս նաեւ սուրբ Եպիփանը, Սողոմենոսը, Սոկրատը եւ միւսները, Նիկիայի սուրբ ժողովից տասը տարի անց ժանտ Արիոսը, որն արտաքսուած էր, կեղծ զղջում եւ ապաշխարութին ցուցաբերելով, խնդրեց վերադարձնել իրեն աքսորից: Եւ իր արբանեակների միջնորդութեամբ, որոնց մէջ նշանաւոր էր Եւսեբիոս Նիկոմիդացին, Կոստանդիանոս Մեծից Կոստանդնուպօլիս վերադառնալու հրաման ստացաւ: Այս հրամանին խիստ դէմ եղաւ Կոստանդնուպօլսի Ալեքսանդրոս հայրապետը, սակայն նա չկարողացաւ չեղարկել արքունի հրամանը: Եւ երբ աստուածամարտ Արիոսն եկաւ ու կանգնեց ինքնակալի առջեւ, թագաւորը նրան հարցրեց. «Խոստանո՞ւմ ես պահել Աստուծոյ ընդհանրական եկեղեցու հաւատքը»: Իսկ նա առերես երդում տալով հաստատեց, որ համաձայն ուղղափառների դասի՝ կ՚ընդունի այդ հաւատքը եւ տուեց նաեւ խոստովանագիր: Այնժամ թագաւորն ասաց նրան. «Եթէ անկեղծ երդուեցիր, ապա ուղիղ է քո հաւատքը, իսկ եթէ անիրաւութիւն ես խորհում եւ դեռ երդւում ես, ապա թող Աստուած Ինքը դատի քեզ՝ ըստ քո երդման»: Արդ, անօրէնի այս երդմամբ, ինչպէս նաեւ արիոսական եպիսկոպոսների թախանձանքով Կոստանդիանոսը զիջեց նրան: Ապա իր մօտ կանչեց թագաւորանիստ քաղաքի Ալեքսանդրոս եպիսկոպոսապետին ու պատուիրեց ընդունել նրան եկեղեցու հետ հաղորդութեան մէջ: Երանելի Ալեքսանդրոսը խնդրեց թագաւորին՝ չխաբուել Արիոսի կեղծաւոր խօսքերից, սակայն երբ տեսաւ, որ թագաւորը դժկամում է, լռութեամբ հեռացաւ: Այնժամ արիոսականները եւ եւսեբէականները ցանկացան Արիոսին ուժով եկեղեցի մտցնել, իսկ սուրբ Ալեքսանդրոս հայրապետը պնդում էր, որ անհնար է հերեսիովտապետին ընդունել եկեղեցու մէջ: Բայց եւսեբէականները յոխորտալով ասացին նրան. «Ինչպէս որ արքունի հրամանով Արիոսին այստեղ բերեցինք քո կամքին հակառակ, այդպէս էլ վաղը, որքան էլ չկամենաս, Արիոսն աստուածային պաշտօն կ՚ունենայ այս եկեղեցում եւ մեզ հետ կը լինի»:
Այս լսելով՝ երանելի Ալեքսանդրոսը տրտմեց: Մտաւ եկեղեցի, տարածեց իր ձեռքերն առ Աստուած, արտասուքներով ընկաւ իր երեսի վրայ եւ աղօթեց: Այնտեղ էր նաեւ Մակարիոսը, որն աղօթում էր նրա հետ ու լսում նրա աղօթքի խօսքերը, որոնք յետոյ անձամբ փոխանցեց Աթանասին՝ ասելով. «Երանելի Ալեքսանդրոսն աղօթում էր ու ասում. “Տէ՛ր, եթէ Արիոսը վաղը եկեղեցի մտնի, ապա ինձ՝ Քո ծառային, վերցրո՛ւ այս աշխարհից: Մի՛ կործանիր բարեպաշտին ամբարշտի հետ: Եւ եթէ Դու ողորմում ես Քո եկեղեցուն, քաջ գիտեմ, որ պիտի ողորմես, ապա ուշ դարձրու եւսեբէականների խօսքերին եւ Քո ժառանգութեանը մի՛ տար ապականութեան ու նախատինքների: Հեռացրո՛ւ մեր միջից Արիոսին, որպէսզի նա եւ նրա հետ իր հերձուածը չմտնեն եկեղեցի, եւ այնուհետեւ ամբարշտութիւնը բարեպաշտութիւն չհամարուի”»:
Այսպէս աղօթելով՝ հայրապետը մտաւ հայրապետանոց, եւ ահա Տէրը սքանչելիք գործեց: Արիոսը դուրս եկաւ արքունի պալատից եւ մինչ մեծաբանելով պարծենում էր իր համախոհների առաջ, թէ յաջորդ օրը պիտի եկեղեցի մտնի, երեկոյեան, նեղուելով բնութեան կարիքներից, բայց միաժամանակ ինչ-որ բանից զարհուրած, առանձնացաւ հրապարակի մօտ գտնուող մի խորշում, ուր աղիքները դուրս թափուեցին, եւ իսկոյն գարշելին իր վերջը գտաւ գարշանքների մէջ: Այսպէս բոլորին յայտնի եղաւ Աստուծոյ վրէժխնդրութիւնը, որը հասաւ չարի վրայ սուրբ Ալեքսանդրոսի զօրաւոր աղօթքով:
Ինչպէս պատմում է Սողոմենոսը, այդ օրերին հեթանոս փիլիսոփաներից ոմանք եկան Բիւզանդիոն՝ Կոստանդիանոս կայսեր մօտ, եւ մեղադրեցին նրան՝ հայրենի պաշտամունքը թողնելու եւ քրիստոնէութեանը յարելու համար: «Եթէ մեզ հրաման տաս,- ասացին նրանք,- ապա մենք մեր ուսմունքի եւ կրօնի համար պայքարի մէջ կը մտնենք քո քաղաքի առաջնորդի դէմ», որովհետեւ կարծում էին, թէ իրենց ճարտասանական հնարքներով կը յաղթեն նրան: Եւ երբ թագաւորը թոյլ տուեց, փիլիսոփաները համախմբուած մտան Ալեքսանդրոս հայրապետի մօտ: Նրանք կամեցան վիճաբանութեան մէջ մտնել, սակայն սուրբ հայրապետն ասաց նրանց. «Ձեր միջից ընտրէք առաւել գիտուն մէկին, որը կը հանդիսանայ բոլորիդ բերանը», եւ բոլորը լռութեամբ նստեցին: Նրանցից ամենայանդուգնը առաջ եկաւ, եւ երանելի Ալեքսանդրոսն ասաց նրան. «Յիսուս Քրիստոսի անուամբ հրամայում եմ, որ լռես»: Երբ այս ասաց, Տիրոջ անուան զօրութեամբ կապուեց այդ մարդու լեզուն, համրացաւ ու պապանձուեց: Եւ այդպէս ահաբեկուած ու ամօթալից փիլիսոփաները հեռացան հայրապետի եւ թագաւորի առջեւից:
Իր ծառայութեան մէջ երանելի Ալեքսանդրոսը ցուցաբերեց առաքինի եւ քաջ հովուի գործելակերպ: Նրա օրօք հեթանոսներն ու արիոսականները միշտ նկուն էին, իսկ բոլոր ուղղափառները յարում էին իրեն: Եւ այդպէս աւարտելով իր կեանքի օրերը՝ Տիրոջ 336 թուականին (ըստ այլոց՝ 339 կամ 340 թուականին), վախճանուեց ի փառս Աստուծոյ, իննսունեօթ կամ իննսունութ տարեկան հասակում: Ըստ սուրբ Մետրոփանոսի յայտնութեան՝ նա մահից առաջ յանձնարարել էր Աթոռին կարգել իր եւ նրա դպրին՝ Պօղոս Թեսաղոնիկեցուն, որին Ալեքսանդրոսն ինքն էր մեծացրել, կրթել եւ քահանայ ձեռնադրել: Այս նշանակումը հաւանութեան արժանացաւ ուղղափառների դասի կողմից, եւ երանելի Պօղոսին նստեցրին Կոստանդնուպօլսի հայրապետութեան Աթոռին: Նրա անձը բոլորի կողմից ճանաչուած էր որպէս բարեպաշտ եւ աստուածավախ, միաժամանակ Սուրբ Գրքի քաջ գիտակ: Արիոսականները կամենում էին այդ Աթոռին նստեցնել իրենց համախոհ Մակեդոնին, սակայն նրանք ձախողուեցին, եւ երանելի Պօղոսը ձեռնադրուեց սուրբ Սոփիա տաճարի մօտ գտնուող Եռինաս կոչուող եկեղեցում:
Իսկ Կոստանդիանոս Մեծ թագաւորի որդին՝ Կոստանդը, հօր վախճանից յետոյ, խաբուելով այլափառ դաժան արիոսականներից, թողեց Նիկիայի սուրբ եւ տիեզերական մեծ ժողովի ընդունած հաւատքի ճշմարիտ եւ սուրբ դաւանութիւնը, որը գումարուեց քրիստոսասէր ու աստուածապսակ իր հօր հրամանով, գնաց չարափառ արիոսականների ձախողակի օրէնքների յետեւից: Նրանց սադրանքով Կոստանդը հալածանքներ յարուցեց համօրէն ուղղափառ եւ առաքելական եկեղեցու դէմ թէ՛ գաղտնածածուկ հնարքներով, թէ՛ բացայայտ բռնութիններով: Մինչեւ իսկ հրամայեց Անտիոք քաղաքում ժողով գումարել՝ իբրեւ թէ իր հօր կառուցած եկեղեցու նաւակատիքն անելու համար, սակայն նպատակ ունէր Նիկիայի սուրբ ժողովի սահմանած կանոնին հակառակ՝ արիոսականների կամքով եղծանել համագոյութեան խոստովանութիւնը եւ Աթոռից հեռացնել Պօղոսին, Աթանասին ու նրանց համախոհներին: Մեծ քաղաքների աթոռակալները չմասնակցեցին այդ չար ժողովին: Ո՛չ Հռոմի Յուլիոս հայրապետը, ո՛չ Մաքսիմոս Երուսաղէմացին, ո՛չ Աթանաս Ալեքսանդրացին, ո՛չ Կոստանդնուպօլսի Պօղոս հայրապետը չգնացին եւ մերժեցին Անտիոքի այդ ժողովը: Այնժամ բարկացած թագաւորը Աթոռից հեռացրեց Աթանաս Մեծին եւ նրա փոխարէն Ալեքսանդրիայում նշանակեց արիոսական Գէորգիոսին: Տիրոջ 340 թուականին՝ Պօղոս Խոստովանողի վեց ամիս Աթոռին նստելուց յետոյ, այդ նոյն տարում նրան եւս հեռացրեց Կոստանդնուպօլսի Աթոռից՝ սուտ պատճառ բռնելով, թէ նա Աթոռին նստել է առանց իր գիտութեան եւ չի ձեռնադրուել Հերակլիայի եւ Նիկոմիդիայի մերձաւոր Աթոռների, այլ՝ որոշ եպիսկոպոսների կողմից, որոնք այդ պահին եղել էին Կոստանդնուպօլսում, ու նրա փոխարէն նստեցրեց արիոսական Եւսեբիոս Նիկոմիդացուն:
Երկու տարի անց Եւսեբիոսը մեռաւ: Ուղղափառները պաղեստինեան Գազայի Ասկլեպաս եպիսկոպոսի յորդորով Պօղոսին դարձեալ նստեցրին Աթոռին, բայց հինգ ամիս յետոյ չարափառները երանելի Պօղոսին հեռացրին: Արիոսականները ձեռնադրեցին հայհոյիչ Մակեդոնին եւ նստեցրին Կոստանդնուպօլսի Աթոռին, սակայն ոչ թէ պատրիարքարանի մեծ եկեղեցու Աթոռին, այլ ուրիշ եկեղեցու, որ կոչւում էր Պօղոսի անուամբ: Այս Մակեդոնը միայն քրիստոսամարտ չէր, ինչպէս Արիոսը, որը չէր ասում, թէ Որդին էակից է Հօրը, այլեւ հոգեմարտ էր, որովհետեւ հայհոյում էր Սուրբ Հոգուն՝ ասելով, թէ Նա օտար է Աստուածութեանը, էակից չէ Հօրը եւ փառակից չէ Որդուն: Եւ դա արիոսական աղանդի դառը շառաւիղն էր:
Իսկ Կոստանդ կայսրը, որն այնժամ Անտիոքում էր, համաձայնեց Մակեդոնի ընտրութեանը եւ Պօղոսին հեռացնելու համար ուղարկեց Երմոգենէսին: Բայց ուղղափառների բազմութիւնը վրայ հասնելով փրկեց իր հովուին եւ այրեց Մագիստրոսի ապարանքը: Ապա բռնելով կապեցին նրա ոտքերը եւ քարշ տուեցին փողոցներով, մինչեւ որ մեռաւ: Լսելով այս մասին՝ Կոստանդը եկաւ Կոստանդնուպօլիս քաղաք, շղթայակապ արտաքսեց երանելի Պօղոսին եւ հրամայեց աքսորել նրան մինչեւ ասորական Միջագետքի Եմես քաղաքը: Արքունի տուրք սահմանեց Կոստանդնուպօլսի ուղղափառ բնակչութեան վրայ, որը վերացրել էր նրա հայրը, իսկ Մակեդոնին տիրապէս չհաստատեց Աթոռին, այլ միայն ժողովրդին թոյլ տուեց յաճախել նրա եկեղեցին: Եւ երբ այս իրադարձութիւնների մասին լուրը հասաւ Հռոմ, Արեւմուտքի Կոստաս ինքնակալի եւ Յուլիոս հայրապետի հրամանով Պօղոսը վերադարձաւ իր Աթոռին: Իմանալով այս մասին եւ նաեւ, որ ժողովուրդն էլ յարել է նրան, Կոստանդը, որն այդ ժամանակ թագաւորանիստ քաղաքում չէր, հրահանգեց քաղաքի Փիլիպպոս եպարքոսին հեռացնել Պօղոսին եկեղեցուց եւ նրա Աթոռին հաստատել Մակեդոնին: Իսկ Փիլիպպոսը վախեցաւ ժողովրդից՝ Պօղոսին յայտնապէս արտաքսելու համար եւ միջոց գտաւ. գնաց Եւքսիպպէս կոչուող բաղնիք եւ կանչեց Պօղոսին, իբրեւ թէ ասելու կարեւոր բան ունի: Այնտեղ նրան յայտնեց կայսեր հրամանը եւ բացել տուեց բաղնիքի մի այլ դուռ, որպէսզի նրան այդ դռնով տանէին պալատ, քանի որ միւս դռան մօտ հաւաքուած ամբոխ կար: Եւ պալատից երանելուն նաւ նստեցրին ու աքսորեցին Թեսաղոնիկ՝ հրաման տալով այնտեղից էլ հասցնել լիւրիկեցիների այլ քաղաքներ, բայց ոչ դէպի Արեւելք: Իսկ եպարքոսն էլ, զէնքի բռնութեամբ շատերին սպանելով, Մակեդոնին նստեցրեց եպիսկոպոսութեան Աթոռին:
Պօղոս Խոստովանող հայրապետը, ժամանակ գտնելով, գնաց Իտալիա՝ մինչեւ Հռոմ քաղաք, որտեղ գտաւ Աթանասին, որը Հռոմի Յուլիոս հայրապետից տեղեկացել էր եկեղեցում կատարուած բոլոր իրադարձութիւնների մասին: Դրանց վերաբերեալ առաւել մանրամասն Յուլիոսը տեղեկացաւ անձամբ Պօղոսից, որոնք նա մէկ առ մէկ զեկուցեց Հռոմի Կոստաս արքային: Այնժամ Միգուլէում ժողով գումարուեց, որտեղ յայտնի դարձաւ Պօղոսի եւ Աթանասի անմեղութիւնն ու ուղղափառութիւնը: Այնժամ Կոստասն իսկոյն նամակ գրեց իր եղբօրը՝ Արեւելքի Կոստանդ արքային, որպէսզի Պօղոսին եւ Աթանասին վերադարձնի իրենց Աթոռներին ու ժողով գումարի Սարդիկիայում, որպէսզի հարցաքննութեան ենթարկի նրանցից չարախօսողներին, ինչպէս նաեւ հաստատի նիկիական հաւատքը: Կոստանդը Կոստասի ահից կատարեց նրա առաջարկութիւնը եւ յանձն առաւ ժողով գումարել:
Եւ Տիրոջ 347 թուականին հաւաքուեցին արեւմուտքի երեք հարիւր ու արեւելքի եօթանասունվեց եպիսկոպոսներ: Արեւմտեան եպիսկոպոսները կամեցան, որ Պօղոսը եւ Աթանասը մասնակցեն ժողովին, իսկ արեւելեանները չկամեցան: Եւ այդպէս պառակտուեցին. արեւելեանները գնացին Փիլիպուպօլիս քաղաք, որտեղ հաւաքուեցին Սարդիկիայի ժողովի անուան տակ, մերժեցին Պօղոսին եւ Աթանասին ու նզովուեցին բոլոր նրանց, ովքեր համագոյ կը խոստովանեն Սուրբ Երրորդութեանը: Իսկ արեւմտեան երեք հարիւր եպիսկոպոսները, որ հաւաքուել էին Սարդիկիայում, քարոզեցին համագոյ Սուրբ Երրորդութեանը եւ բոլոր տեղերում թղթերով հաստատեցին հաւատքի նիկիական դաւանութիւնը: Միաժամանակ արդարացրին Պօղոսին եւ Աթանասին, որոնք ըստ ոմանց՝ այդժամ գտնւում էին Հռոմում, իսկ ըստ ոմանց՝ մասնակցում էին Սարդիկիայի ժողովին: Բայց քանի որ արեւելեան տէրութիւնները գտնւում էին Կոստանդի իշխանութեան տակ, նա դարձեալ լսելով արիոսականներին՝ թոյլ չտուեց Պօղոսին եւ Աթանասին նստել իրենց Աթոռներին ու չդադարեց նեղութիւններ պատճառել ուղղափառներին: Երբ Հռոմի Կոստաս թագաւորը ստուգեց այս բոլորը իրողութիւնները, մի սպառնալից նամակ ուղարկեց իր Կոստանդ եղբօրը՝ գրելով. «Եթէ Պօղոսին եւ Աթանասին չվերադարձնես իրենց Աթոռներին, ապա ես կ՚արձակեմ եղբայրական սիրոյ բոլոր կապերը եւ զօրքով կը գամ՝ պատերազմելու քո դէմ»: Այնժամ Կոստանդը վախեցաւ եղբօրից եւ Պօղոսին հաստատեց Կոստանդնուպօլսի Աթոռին՝ սուրբ Եռինաս կոչուող հին եկեղեցում, ընդ որում կար նաեւ նորը, իսկ Աթանասին հաստատեց Ալեքսանդրիայի իր Աթոռին, որը եղաւ Տիրոջ 348 թուականին:
Կարճ ժամանակ՝ մօտ երկու-երեք տարի անց, երբ Հռոմի Կոստաս արքայի Մաքսենտիոս բռնաւոր սպան լսեց, որ Կոստանդնուպօլսում արիոսականները ժողով են գումարել եւ դարձեալ բորբոքել Կոստանդ արքայի բարկութիւնը ընդդէմ Պօղոսի եւ Աթանասի: Եւ ամբողջ երկրով մէկ դարձեալ հալածանքներ սկսուեցին ուղղափառ եկեղեցիների դէմ: Արքունի հրամանով Աթանասին հեռացրին Ալեքսանդրիայի Աթոռից, իսկ Կոստանդնուպօլսի երանելի Պօղոս հայրապետին արտաքսեցին Փոքր Հայքի Կոկիսոն քաղաք, որտեղ նա սկսեց համարձակ քարոզել հաւատքի նիկիական սահմանումը: Ամենուր տարածւում էր նրա քարոզութեան ու սրբութեան համբաւը, որից չարացած՝ թագաւորանիստ քաղաքում գտնուող արիոսականները հաւաքուեցին քաղաքի Փիլիպպոս եպարքոսի մօտ եւ նրան դրդեցին նամակ գրել Կոկիսոնի իշխանին՝ Պօղոսին կորստեան մատնելու համար: Այնժամ երանելուն փակեցին տաճարի շրջակայքում գտնուող մի խաւար եւ անձուկ վայրում եւ թողեցին անսուաղ, որպէսզի սովամահ լինի, սակայն վեց օր անց գտան նրան ողջ՝ գիշերային պաշտամունքն անելիս: Եւ մինչ նա մատուցում էր կենդանարար սուրբ պատարագը, անօրէնները խեղդեցին նրան սուրբ Սեղանի առաջ. եմիփորոնը[2] հագցրին պարանոցին եւ ձգելով խեղդամահ արեցին: Եւ դա եղաւ Տիրոջ 350 կամ 351 թուականին: Յանուն ճշմարտութեան այսպիսի փառաւոր նահատակութեան համար սուրբ Պօղոս հայրապետը՝ քաջ հովիւը եւ առաքինի նահատակը, խոստովանող կոչուեց: Ինչպէս գրում է Աթանաս Մեծը, նա չորս անգամ արտաքսուեց. նախ Պոնտոս, որը ենթադրւում է նախքան իր եպիսկոպոսութեան գալը, ապա Սինգեր, այնուհետեւ Յեմեսա եւ ապա Կոկիսոն՝ Կապադովկիայի անմարդաբնակ վայրերը, էլ չթուենք հինգերորդը՝ Թեսաղոնիկէն: Վկայական վախճանն ընդունեց Կոկիսոնում: Իսկ Բիւզանդիայում նրա Աթոռը զբաղեցրեց հոգեմարտ Մակեդոնը, եւ այնժամ արիոսականները մեծ նեղութիւններ ու հալածանքներ յարուցեցին ուղղափառների դէմ: Նա ինքը՝ Մակեդոնը, հեթանոս բռնաւորներից ոչ պակաս չարչարանքների էր մատնում ուղղափառներին:
Այդ օրերին Կոստանդնուպօլսում կային երկու եղբայրներ, որոնք Պօղոս Խոստովանողի աշակերտները եւ դպիրներն էին: Նրանցից մէկը, որի անունը Մարկիանոս էր, կիսասարկաւագ էր, իսկ միւսը՝ Մարտիրոսը՝ դպիր: Նրանք զօրաւոր էին իրենց խօսքով եւ գրչով ու ճշմարտութեան համարձակ քարոզիչներ էին: Լսելով իրենց երանելի վարդապետի խոստովանական վախճանի մասին՝ սկսեցին հրապարակաւ առաւել ջատագովել ուղղափառ խոստովանութիւնը՝ ընդդէմ արիոսականների եւ յանդիմանել եպարքոսի ու նրա համախոհների ապիրատութիւնը, որոնք թաթախեցին իրենց ձեռքերը սուրբ Պօղոս հայրապետի անպարտ արեան մէջ: Այս բանից Փիլիպպոս եպարքոսը բարկացաւ: Նրա հրամանով բռնեցին երկու եղբայրներին եւ նետեցին մի խաւարտչին բանտ, որտեղ նրանց նեղում էին քաղցով եւ ծարաւով: Ստիպում էին, որ հրաժարուէին իրենց վարդապետութիւնից եւ յարէին արիոսականներին, սակայն նրանք չմտափոխուեցին եւ չխաբուեցին, այլ հաստատուն մնալով ուղղափառ վարդապետութեան աստուածպաշտութեան մէջ՝ շտապում էին հասնել երկնային հրաւէրքի մրցանակին, որ կար նրանց առջեւ: Երբ եպարքոսը տեսաւ, որ նրանք անդրդուելի են ու հաստատուած են ճշմարիտ հաւատքի հիմքի վրայ, նրանց մահուան դատապարտեց՝ հրամայելով հանել նրանց Կոստանդնուպօլսի պարիսպների վրայ եւ սրով խողխողել: Սուրբ դպիրները, աչքերն ու ձեռքերը վեր տարածած, աղօթում էին՝ ասելով. «Տէ՛ր Աստուած, որ արարեցիր իւրաքանչիւրիս եւ գիտես մեր սրտերի խորհուրդները, տեսնում ես մեր գործերը եւ լսում մեր խօսքերը, ընդունի՛ր Քո ծառաների հոգիները խաղաղութեան մէջ, որովհետեւ ահա մեռնում ենք Քո եւ Քեզ համագոյակից Միածնի փառքի համար: Մենք համարուեցինք որպէս սպանդի տարուող ոչխարներ, սակայն ուրախ ենք այս կեանքից այսօրինակ հեռանալու եւ յօժարաքայլ ընթացքով վերանալու դէպի այն կեանքը, որ Քեզ մօտ է»: Այսպէս առ Աստուած աղօթելուց եւ «ամէն» ասելուց յետոյ սրի հարուածի տակ դրեցին իրենց պարանոցները: Մարտիրոսն ու Մարկիանոսը ընդունեցին մարտիրոսական վախճանը՝ գնալով իրենց սուրբ վարդապետի՝ Պօղոս Խոստովանողի յետեւից: Դա եղաւ հոկտեմբերի քսանհինգին: Նրանց պատուական նշխարները ուղղափառներից ոմանք վերցրին եւ սաղմոսներով ու օրհնութեամբ ամփոփեցին քաղաքի պարիսպների մօտ՝ մի նշանաւոր տեղում:
Շուրջ քառասուն տարի ուղղափառների դասը անասելի նեղութիւններ էր կրում, որովհետեւ այդ ընթացքում՝ Կոստանդ, Յուլիանոս եւ Վաղէս արքաների օրօք, արիոսականները ու հոգեմարտները զաւթեցին Կոստանդնուպօլսի եւ ոչ քիչ եկեղեցիների Աթոռները, մինչեւ որ թագաւորեց բարեպաշտ եւ քրիստոսասէր Թէոդոս Մեծը, որի օրօք գումարուեց Կոստանդնուպօլսի սուրբ ժողովը: Եկեղեցիներում հաստատուեցին խաղաղութիւն եւ ուղղափառ խոստովանութիւն: Այդ ժողովում պայծառացաւ Քրիստոսի վկայի՝ սուրբ Պօղոս Խոստովանող հայրապետի անունը: Եւ երբ սուրբ Գրիգոր Աստուածաբանից յետոյ պատրիարքական կարգով ժողովի հայրերի կողմից ձեռնադրուեց Նեքտարիոս Տարսոնացին, Թէոդոս Մեծը ուղարկեց հաւատարիմ եպիսկոպոսների ու քահանաների՝ փնտռելու երանելի Պօղոսի սուրբ նշխարները, որոնք այդ օրերին փոխադրուել էին հայոց Կոկիսոն քաղաքը: Գալով նրանք վերցրին դրանք եւ մեծ պատուով բերեցին թագաւորանիստ քաղաքը՝ Կոստանդնուպօլիս: Երբ հասան ծովեզր, մի մակոյկով հասան Բիւզանդիայի ափին, իսկ Թէոդոս թագաւորը, Նեքտարիոս պատրիարքը եւ ժողովի հայրերը, որոնք դեռեւս չէին գնացել իրենց տեղերը, ինչպէս նաեւ քաղաքի բազմութիւնը, որ հասնում էր մինչեւ Քաղկեդոն քաղաքը, ընդառաջ ելան նաւակին: Այնտեղ էին իշխանները, եկեղեցու միաբանութիւնը եւ միայնակեացները, որոնք եկել էին վառուող մոմերով, ջահերով, լապտերներով եւ խունկերի անուշահոտ բուրմունքով: Եւ այսպէս երանելի Պօղոս Խոստովանողի սուրբ նշխարները պատուեցին մեծ փառքով ու դրեցին արքունի պալատի մօտ գտնուող Եռինաս հին եկեղեցում, ուր դրուած էր նրա հայրապետական Աթոռը եւ որտեղից արտաքսուել էր: Ողջ գիշերն անցկացրին հսկումով, տօնախմբութեամբ եւ հոգեւոր ուրախութեամբ: Յաջորդ օրը նոյն բազմութեան հանդիսութեամբ, երգասացութիւններով եւ օրհնութեամբ սուրբի նշխարները բերեցին մեծակառոյց եւ հոյակապ եկեղեցու վկայարանը, որ կոչուեց սուրբ Պօղոսի անունով, ուր աշխարհաժողով բազմութեամբ ամէն տարի կատարում են նրա յիշատակը՝ տօնախմբելով նոյեմբերի վեցին, որն էլ համարւում է սուրբի նահատակութեան օրը:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Բիւզանդիայի սուրբ հայրապետներ Մետրոփանոսի, Ալեքսանդրոսի, Պօղոս Խոստովանողի եւ Մարկիանոս ու Մարտիրոն սուրբ դպիրների յիշատակը կատարում է սուրբ Խաչին յաջորդող ութերորդ հինգշաբթի օրը:
[1] Կիկլադներ – յունական կղզիախումբ Էգեյեան ծովի հարաւում:
[2] Եմիփորոն — եպիսկոպոսների ուսանոց, որ կրում են շուրջառի վրայից՝ խաչաձեւ պատելով ուսերն ու լանջը:
Աղբյուր ՝ https://shavigh.am/