Սուրբ Մելիտոս եպիսկոպոս
Ս. Մելիտոս եպիսկոպոսը († 381) ծնվել է Փոքր Հայքի Մելիտինե քաղաքում: 358 թ. դառնում է Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսը, իսկ 360 թ. ընտրվում է Անտիոքի Աթոռի գահակալ: Նա, լինելով վարքով սրբակենցաղ, վարվեցողությամբ` քաղցրաբարո, աստվածպաշտության մեջ` անկեղծ, միաժամանակ խուսափում էր ժամանակի աստվածաբանական վիճաբանություններից: Եվ ժողովուրդն ակնկալում էր, որ նրան կհաջողվեր խաղաղություն հաստատել կրոնական վեճերի պատճառով պառակտված Անտիոք քաղաքում: Արդարև, նա ի զորու է լինում սիրաշահել այս անհանդարտ քաղաքի բնակչությանը. հեռու մնալով աստվածաբանական վիճելի խնդիրների արծարծումից` բավականանում է միայն բարոյական ու գործնական քարոզներով, աշխատում է աստիճանաբար բարեկարգել որոշ անկարգություններ: Սակայն Կոստանդիոս արիոսական կայսեր կազմակերպած Անտիոքի ժողովում, որի նպատակն էր երևան հանել Մելիտոսի վարդապետական համոզումները, բացահայտում է իր ուղղափառ լինելը: Արիոսականների սադրանքով երիցս դատապարտվում է աքսորի: Ս. Մելիտոս եպիսկոպոսի գրչին է պատկանում «Հավատքի շարադրում» աստվածաբանական երկը, որն օգնել է բազում մոլորվածների վերադառնալու ճշմարիտ հավատքի: Սուրբը մասնակցել է 381 թ. Կ. Պոլսի Բ Տիեզերաժողովին` նախագահելով այն, սակայն տակավին ժողովը չավարտված` վախճանվել է:
Սուրբ Մինաս Եգիպտացի
Մինասը († 304) ազգությամբ եգիպտացի սպա էր Հռոմեական բանակում: Տեսնելով շրջապատի ապականությունն ու կռապաշտությունը, աշխարհի մեջ տիրող անարդարությունն ու չարությունը` որոշում է նվիրվել ճգնավորական կյանքին` հաստատվելով Փռյուգիայի լեռներում: Հեթանոսական տոներից մեկի ժամանակ իջնելով ժողովրդի մեջ` պախարակում է հեթանոսական կուռքերին՝ քարոզելով քրիստոնեական հավատքը: Դրա համար էլ կտտանքների ենթարկվելով` գլխատվում է: Մինաս մարտիրոսի նահատակության վայրը սրբատեղի է համարվում, իսկ նրա կերպարը հանրահայտ է դառնում հատկապես միջին դարերում` միշտ պատկերված ուղտի վրա:
Սուրբ Մինաս Եգիպտացու մասին
Հայսմավուրքից
Սուրբ Մինասը եգիպտացի էր և հաղթական զինվոր՝ անօրեն արքա Մաքսիմիանոսի տարիներին։ Րուտիակունի գնդից էր, Կուտինա քաղաքից՝ Արքյուրիկոսի դատավարության ժամանակ։ Եռում էր Քրիստոսի հավատքով և չէր կամենում տեսնել կռապաշտների մոլությունը։ Ուստի թողնելով զինվորությունը՝ գնաց ու մեծ ճգնությամբ բնակվում էր լեռներում։
Մի օր Քրիստոսի հույսի մասին մտածելով՝ գնաց քաղաք՝ հայտնելու համար իր հավատքը։ Եվ երբ հրապարակում հավաքվեցին դատավորն ու մի մեծ ամբոխ, սուրբ Մինասը եկավ կանգնեց նրանց մեջ և Քրիստոսին խոստովանեց իբրև Աստված և Աստծո Որդի, իսկ իրեն՝ Քրիստոսի ծառա և հավատքով՝ քրիստոնյա։ Այնժամ նրան մերկացրին, կողերը հրով այրեցին և կոպիտ քրձով շփում էին։ Այնուհետև երկաթյա տատասկ տարածեցին գետնի վրա և սբ Մինասին մերկ վիճակով գլորեցին վրան։ Ապա հատեցին նրա գլուխը և մարմինը կրակը նետեցին։ Այրումից հետո քրիստոնյաները գնացին, հրի միջից սրբի ոսկորների նշխարները հավաքեցին և դրեցին մի պատվական տեղ, որտեղ մեծամեծ հրաշքներ տեղի ունեցան։ Հետո նրա սուրբ գլուխը տարան Կոստանդնուպոլիս, և այնտեր մեծամեծ հրաշքներ է գործում հիվանդների և ծովում ալեկոծվողների վրա՝ ի փառս մեր Աստված Քրիստոսի։
Թարգմ. «ՀԱՅՍՄԱՎՈՒՐՔ»-ից՝ Ա. Ստամբոլցյանի