Իմաստունը հայտնվեց երկնքում և հանդիպեց հրեշտակին:
— Երկրային կյանքդ ինչպե՞ս ապրեցիր,- հարցրեց հրեշտակը:
— Շարունակ ճշմարտության որոնումների մեջ էի,- պատասխանեց իմաստունը:
— Հրաշալի՜ է: Իսկ ի՞նչ էիր անում ճշմարտությունը գտնելու և այն տեսնելու համար:
— Մարդիկ իմաստությունը կուտակում էին և գրի առնում գրքերում, ուստի, ես շատ էի կարդում,- պատասխանեց իմաստունը:
Հրեշտակը ժպտաց:
— Երկնային իմաստությունը կրոնի միջոցով է փոխանցվում մարդկանց, այդ պատճառով ուսումնասիրում էի սուրբ գրերն, ու տաճարներ այցելում:
Հրեշտակի ժպիտն ավելի լուսավոր դարձավ:
— Ես ճանապարհորդում էի, զրուցում և բանավիճում այլ իմաստունների հետ, և մեր վեճերի ընթացքում ծնվում էր ճշմարտությունը:
Իմաստունը լռեց, իսկ հրեշտակի ժպիտը չքացավ…
— Ինչ-որ բան սխալ ե՞մ արել,- զարմանքով հարցրեց իմաստունը:
— Ճիշտ ես արել, սակայն ոչինչ չպատմեցիր սիրո մասին,- պատասխանեց հրեշտակը:
— Սիրո համար ամենևին ժամանակ չեմ ունեցել, քանի որ ճշմարտությունն էի փնտրում,- հպարտությամբ ասաց իմաստունը:
— Որտեղ սեր չկա, ճշմարտություն էլ չկա: Խորունկ ճշմարտությունը միայն խորունկ սիրուց է ծնվում,- տխրությամբ պատասխանեց հրեշտակն ու անհետացավ…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի