Եփեսացիներ 6.1-9
1 Որդինե՛ր, հնազա՛նդ եղէք ձեր ծնողներին ի Տէր, որովհետեւ դա է ճիշտը: 2 Պատուի՛ր քո հօրն ու մօրը – որ առաջին պատուիրանն է՝ տրուած խոստումով – 3 որպէսզի լաւ լինի քեզ համար, եւ երկար կեանք ունենաս երկրի վրայ: 4 Հայրե՛ր, մի՛ զայրացրէք ձեր որդիներին, այլ մեծացրէ՛ք նրանց Տիրոջ խրատով եւ ուսումով: 5 Ծառանե՛ր, հնազա՛նդ եղէք ձեր մարմնաւոր տէրերին ահով եւ դողով եւ անկեղծ սրտով, ինչպէս հնազանդ էք Քրիստոսին. 6 ոչ թէ՝ հսկողութեան տակ ծառայելով որպէս մարդահաճոյ անձեր, այլ որպէս Քրիստոսի ծառաներ՝ կատարելու համար Աստծոյ կամքը: 7 Յօժարութեա՛մբ ծառայեցէք, ինչպէս պիտի ծառայէիք Տիրոջը եւ ոչ թէ՝ մարդկանց: 8 Իմացէ՛ք, որ իւրաքանչիւր ոք՝ թէ՛ ծառայ եւ թէ՛ ազատ, ինչ բարի բան որ անի, նոյնն էլ կստանայ Տիրոջից: 9 Եւ դուք, տէրե՛ր, նո՛յնն արէք նրանց հանդէպ՝ մի կողմ թողնելով սպառնալիքները. իմացէ՛ք, որ ե՛ւ նրանք, ե՛ւ դուք Տէր ունէք երկնքում, եւ նրա առաջ աչառութիւն չկայ:
Ավ. ըստ Ղուկասի 9.10-17
10 Առաքեալները վերադարձան եւ Յիսուսին պատմեցին այն ամէնը, ինչ որ արեցին. եւ նա, նրանց իր հետ առնելով, քաշուեց առանձնացաւ ամայի մի տեղ՝ մօտակայքը մի քաղաքի, որ Բեթսայիդա էր կոչւում: 11 Եւ երբ ժողովուրդն իմացաւ, գնաց նրա յետեւից. եւ նա, ընդունելով նրանց, խօսում էր նրանց հետ Աստծոյ արքայութեան մասին. եւ ովքեր բժշկուելու կարիք ունէին, բժշկում էր նրանց: 12 Եւ օրը սկսեց տարաժամել: Տասներկուսը մօտեցան եւ նրան ասացին. «Արձակի՛ր այս ժողովրդին, որպէսզի գնան շրջակայ գիւղերն ու ագարակները, հանգստանան եւ կերակուր գտնեն, որովհետեւ այստեղ ամայի վայրում ենք»: 13 Նա ասաց նրանց. «Դո՛ւք տուէք նրանց ուտելու բան»: Եւ նրանք ասացին. «Մենք հինգ նկանակից եւ երկու ձկից աւելին չունենք, եթէ չգնանք եւ այս ժողովրդի համար բաւարար ուտելիք չգնենք». 14 որովհետեւ շուրջ հինգ հազար մարդ կար: Նա աշակերտներին ասաց. «Նստեցրէ՛ք նրանց խումբ-խումբ՝ յիսուն-յիսուն»: 15 Եւ այդպէս արեցին ու ամէնքին նստեցրին: 16 Եւ նա, վերցնելով հինգ նկանակը եւ երկու ձուկը, նայեց դէպի երկինք, օրհնեց, կտրեց եւ աշակերտներին տուեց, որպէսզի ժողովրդի առաջ դնեն: 17 Ամէնքը կերան եւ յագեցան. իսկ կտորտանքները վերցրին տասներկու սակառ լիքը: