Նահատակությունը ճշմարիտ քրիստոնյայի մշտական ուղեկիցն է: Երկնային շնորհների հաստատումը երկրի վրա անխուսափելիորեն տառապալից ընթացք է պահանջում, որն ի վերջո պսակվում է ճշմարտության հաղթանակով ու երանությամբ: «Աշխարհը ուրախ պիտի լինի. դուք պիտի տրտմեք,- ասում է Քրիստոս,- բայց ձեր տրտմությունը ուրախության պիտի փոխվի» [Հովհ. 16.20]: Նահատակությունը երկնային ուրախության տանող երկրային վիշտն է՝ Աստծո յուրահատուկ պարգևը Իր սիրելի և հավատարիմ ծառաներին:
Աշխարհը, ամեն կերպ հակառակվելով հավատացյալի նորոգությանը, բռնանում է նրա վրա բազում միջոցներով՝ փորձություններով ու գայթակղություններով, սպառնալիքներով և հալածանքներով: Այս ամենը, սակայն, Տիրոջ նախախնամությամբ ծառայում է մարդու հոգևոր աճին և սրբագործմանը:
Նահատակության ընթացքում մարդն իր ողջ էությամբ հոժարակամ հնազանդվում է պատվիրանին՝ գիտակցելով, որ տառապանքից հրաժարվելու և հավատն ուրանալու դեպքում կմատնվի կորստյան, մինչդեռ համբերությամբ և Քրիստոսի անվան համար Նրան չարչարանակից լինելով կարժանանա հավիտենական պսակի:
Թեև բոլոր նահատակությունները չէ, որ ավարտվում են մարտիրոսական մահով, սակայն արիաբար մինչև վերջ տանելու դեպքում դրանք նպաստում են շնորհի առատացմանը և հոգով զորանալուն:
Քրիստոնյան այսպիսի ընտրության առջև է դրվում նաև յուրաքանչյուր մեղքի առիթով, որով սատանան փորձում է նրան հեռացնել Աստծուց և մատնել դատապարտության: Եթե հալածանքները ձգտում են մարդու հավատարմությունը սասանել վախի ու տանջանքի միջոցով, ապա մեղսալի հրապույրները՝ հաճույքի և հեշտության, որոնց հաղթահարումը հաճախ պահանջում է ոչ պակաս վիշտ ու համբերություն: Այս պատճառով նահատակություն են կոչվում նաև սրբերի և շատ ճշմարիտ քրիստոնյաների ճգնություններն ու կամավոր զրկանքները, որոնց միջոցով նրանք մարտնչում են մեղքերի դեմ և ձգտում ամեն գնով հավատարիմ մնալ Տիրոջը՝ պահելով Նրա պատվիրանները:
Վարքագրություն — Գուրիասն ու Սամունասը եդեսացի երկու քահանաներ էին Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305): Որպես քրիստոնյաների նրանց ձերբակալում են, բերում քաղաքի դատավորի մոտ, որ կուռքերի առջև խնկարկելու և կայսեր պատկերին երկրպագելու հրաման տա: Մերժում ստանալով` նրանց մեկ ձեռքի վրա կախում են: Երբ հոդերը խախտվում են, կրկնում են իրենց հրամանը: Ժխտական պատասխան ստանալով` ձեռք ու ոտք կապած նետում են խոր փոսը: Տեսնելով չարչարանքներն անօգուտ են անցնում` գլխատում են Դ դարի սկզբին:
Աբիբ սարկավագը ծառայում էր Եդեսիայի եկեղեցում Դ. դարի սկզբներին: Հալածանքների ժամանակ նա, շրջելով գյուղերում, քարոզում էր Աստծո խոսքը և քաջալերում նրանց, ովքեր հալածանքի էին ենթարկվում: Լիկիանոս կայսրն իմանալով այս մասին, հրամայում է ձերբակալել նրան, ինչը սակայն չի հաջողվում: Իսկ Աբիբ սարկավագը, երբ լսում է, որ իր մորն ու ազգականներին են բանտարկել, հոժարակամ հանձնվում է իշխանություններին: Դատավորը, չկարողանալով նրան համոզել, որ ուրանա Քրիստոսին, կրակով այրելու հրաման է տալիս: Սուրբը նախ աղոթում է, ապա նետվում է կրակի մեջ և ավանդում հոգին 312 թվականին: Նրան թաղում են այն տապանի մեջ, որտեղ ամփոփված էին նույն քաղաքի նույն օրերին նահատակված Գուրիաս և Սամոնաս քահանաների աճյունները:
Դիոկղետիանոսի հալածանքների շրջանում Ռոմանոս անունով կրոնավորը, որ ձերբակալվելով դատվում էր իր հավատի համար, դատավորին ասում է. «Մինչև իսկ եթե որևէ մանկան հարցնես, թե որն է ճիշտ` երկնքի ու երկրի Արարիչ միակ Աստծուն պաշտելը, թե բազում աստվածների, քեզ ճիշտ պատասխան կտա»: Արդարև, կանչում են պատահական մի մանկան, ով վերոհիշյալ հարցմանը պատասխանում է. «Մարդկանց Աստված կոչվածը մեկ պետք է լինի. մեր պաշտած Աստված միածին Որդի ունի, որ Հոր հետ մեկ է»: Զայրացած դատավորը իսկույն հրամայում է սպանել անմեղ մանկանը: Դեպքը տեղի է ունենում 304 թվականին:
Հյուսիքոս զինվորը չարչարվել է Դիոկղետիանոս կայսեր օրոք: Եղել է զինվորական, կայսեր մերձավորը. Քրիստոսին հավատալու համար ջրասույզ է արվել` պարանոցին քար կապված: