Սուրբ Ծննդյան մեծ պահքի մասին մեզ հայտնի ամենավաղ հիշատակությունը 6-րդ դարի կեսերից է՝ Ներսես Բ Բագրևանդեցի կաթողիկոսի կանոններում:
Մինչև 10-11-րդ դարերը թե՛ վանական, թե՛ աշխարհիկ միջավայրերում Ծննդյան հիսնակը պահվել է հավատացյալի ցանկության կամ վանքի ներքին կանոնակարգի համաձայն: Սակայն այդ ժամանակից սկսած՝ որոշակի հստակեցում է մտցվել։ 10-11-րդ դարերում ստեղծված մի շարք կանոններ փաստում են, որ ապաշխարողների, կրոնավորների և քահանաների համար Աստվածահայտնության հիսնակը պարտադիր է եղել, իսկ աշխարհականների համար սահմանվել է ութօրյա պահք: Այս կարգը 13-րդ դարի սկզբներին հաստատուն է եղել, ինչը վկայում է նաև Վարդան Այգեկցին:
Հիսնակաց Բարեկենդանը 7 օրերի շարժականությամբ նշվում է նոյեմբերի 15-ից մինչև 21-ը: Ի տարբերություն զատկական մեծ պահքի, Աստվածահայտնության հիսնակը ոչ բոլոր վանքերում է պարտադիր համարվել: Վիմագրական և կանոնագիտական սկզբնաղբյուրներում ասված է, որ շնորհներն առավել կիջնեն այն անձանց վրա, ովքեր երեք հիսնակները կպահեն:
Կամավորության մասին են վկայում նաև այդ հիսնակները խախտելիս պատիժներ կրելու վերաբերյալ սահմանումների բացակայությունը, ինչպես նաև այն, որ դրանք հրահանգվել են պահել ապաշխարողներին կամ պահոց օրեր խախտած անձնաց՝ որպես հատուցում:
Վեէցված է ՝ Եկեղեցական Տոնացույց Աղոթարան էջից