«Դուք՝ փարիսեցիներդ, մաքրագործում եք գավաթի ու ափսեի արտաքին կողմը»։ Տեսեք, մեր մարմիններն այստեղ մատնանշվում են կավեղեն և դյուրաբեկ առարկաների անուններով, որոնց կարող է փշրել նաև մի պարզ անկումը։ […] Իսկ հոգու ներքին զգացողությունները մատնանշվում են մարմնի արտահայտություններով ու ժեստերով, ինչպես այն, ինչը որ պարփակված է գավաթի ներսում, տեսանելի է դառնում դրսից։ […] Տեսեք, ուրեմն, որ գավաթի կամ ափսեի ո՛չ թե արտաքին կողմն է մեզ անմաքուր դարձնում, այլ՝ ներքին կողմը։
Լավ ուսուցչի նման, Հիսուսը մեզ ուսուցանեց, թե ինչպե՛ս պետք է մաքրվեն մեր մարմնի արատները, ասելով. «Ավելի լավ է՝ իբրև ողորմություն տվեք այն, ինչ ներսում է, և ահա՛, ամեն ինչ մաքուր կլինի ձեր համար» (հմմտ. Ղկս 11, 37֊41)։ Տեսեք, թե որքա՜ն բազմաթիվ են դարմանները։ Ողորմությունը մաքրագործում է մեզ։ Աստծո խոսքը մաքրագործում է մեզ, ինչպես որ գրված է. «Դուք արդեն իսկ մաքուր եք, այն խոսքի զորությամբ, որ ձեզ ավետեցի» (Հվհ 15, 3)։ […]
Սկիզբն է մի շատ գեղեցիկ անցման։ Տերը մեզ հրավիրում է փնտրել պարզությունը և չզբաղվել բաներով, որոնք ավելորդ են ու սոսկ երկրային։ Փարիսեցիները, իրենց դյուրաբեկության պատճառով, համեմատվում են – և իրավացիորե՛ն – գավաթի ու ափսեի հետ. պահում են կանոններ, որոնք որևէ օգտակարություն չունեն մեր համար, մինչ զանց են առնում այն բաները, որոնց մեջ է կայանում մեր հույսի պտուղը։ Հետևաբար, վիթխարի ու անըմբռնելի սխալ են գործում՝ արհամարհելով այն, ինչը որ լավագույնն է։ Եվ սակայն, ներումը խոստացված է նաև այս հանցանքին, եթե ծածկվում է աղքատներին օգնության հասնող ողորմությամբ։
Սբ. Ամբրոսիուս Մեդիոլանումացի (մոտ 340-397). « Ղուկասի Ավետարանի մեկնություն »
Վերցված է ՝ https://mashtoz.org/ — ից