Իմաստ. Սողոմոնի 10.9-12
9 Իսկ իմաստութիւնն իրեն ծառայողներին փրկեց վշտերից: 10 Նա եղբօր բարկութիւնից փախածին առաջնորդեց դէպի ուղիղ շաւիղներ, ցոյց տուեց նրան Աստծոյ արքայութիւնը եւ սրբութիւնները ճանաչելու գիտութիւնը: Յաջողութիւն եւ շահ տուեց նրան իր տքնութիւնների մէջ եւ բազմացրեց նրա վաստակը: 11 Բռնացողների ագահութիւնից պաշտպանեց նրան, 12 աւելի հարստացրեց նրան եւ պահպանեց թշնամիներից: Նրան զգուշացրեց դարանակալներից եւ յաղթող դարձրեց բուռն պատերազմում, որպէսզի գիտենայ, թէ աստուածապաշտութիւնը զօրաւոր է ամէն բանից:
Մաղաքիա 2.5-7
5 Իմ ուխտը Ղեւիի հետ կեանքի եւ խաղաղութեան ուխտ է, եւ ես նրան երկիւղ ներշնչեցի՝ վախենալու ինձնից, ակնածելու իմ անունից: 6 Ճշմարիտ օրէնքն էր նրա բերանում եւ անիրաւութիւն չգտնուեց նրա շրթունքներին, նա խաղաղութեամբ եւ ուղիղ ընթացաւ ինձ հետ եւ շատերին անիրաւութիւնից դարձի բերեց: 7 Արդարեւ, քահանայի շրթունքները զգոյշ պիտի վարուեն գերութեան հետ, նրա բերանից պիտի օրէնքներ խնդրեն, քանի որ նա է Ամենակալ Տիրոջ պատգամաբերը:
Ա Պետրոս 5.1-7
1 Ուրեմն, աղաչում եմ երէցներին՝ ես էլ նոյնպէս լինելով երէց ու վկայ Քրիստոսի չարչարանքների եւ մասնակից գալիք փառքի յայտնութեան. 2 արածեցրէ՛ք Աստծոյ այդ հօտը, որ ձեզ է յանձնուած, վերակացու լինելով ոչ թէ հակառակ ձեր կամքին, այլ՝ յօժարակամ, ըստ Աստծոյ՝ ոչ թէ շահախնդրութեամբ, այլ յօժարութեամբ 3 ոչ թէ տիրելով նրանց, որ բաժին են ընկած ձեզ, այլ օրինակ լինելով հօտին, 4 որպէսզի երբ Հովուապետը երեւայ, փառքի անթառամ պսակն ընդունէք: 5 Նոյնպէս եւ դուք, երիտասարդնե՛ր, հնազա՛նդ եղէք ծերերին. բոլորդ միմեանց հանդէպ խոնարհութիւն ունեցէք, քանի որ «Աստուած հակառակ է ամբարտաւաններին, իսկ խոնարհներին տալիս է շնորհ»: 6 Խոնարհուեցէ՛ք Աստծոյ հզօր ձեռքի տակ, որպէսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի: 7 Ձեր բոլոր հոգսերը նրա վրա՛յ գցէք, որովհետեւ նա է, որ հոգում է ձեր մասին:
Ավ. ըստ Հովհաննեսի 10.11-16
11 Ես եմ լաւ հովիւը. լաւ հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար: 12 Իսկ վարձկանը, որ հովիւ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին ու փախչում է: Եւ գայլը յափշտակում է նրանց ու ցրում է. 13 քանի որ վարձկան է եւ ոչխարների համար հոգ չի անում: 14 Ես եմ լաւ հովիւը. եւ ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչւում նրանցից: 15 Ինչպէս Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հօրը. եւ իմ կեանքը կտամ իմ ոչխարների համար: 16 Ես ունեմ նաեւ այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց եւս պէտք է այստեղ բերեմ. եւ իմ ձայնը պիտի լսեն. եւ պիտի լինի մի հօտ եւ մի հովիւ: