Մի ծեր մարդ կար, որը Լաո Ցզիի ժամանակ ապրում էր
չինական մի փոքրիկ գյուղում։ Այդ մարդն իր մինուճար զավակի հետ ապրում էր գյուղի ծայրին գտնվող մի հյուղակում։
Նրանց միակ սեփականությունը մի հրաշալի արու ձի էր, որի
համար բոլորը նախանձում էին նրանց։ Արդեն գնելու բազմաթիվ առաջարկներ էին եղել, սակայն բոլորն էլ կտրականապես մերժվել էին։ Ձին բերքահավաքի ժամանակ օգնում էր
ընտանիքին և նրանց հավատարիմ ընկերն էր։
Մի օր արու ձին կորչում է։ Հարևանները գալիս են ու
ասում.
=Հիմա՛ր մարդ, ինչո՞ւ ձիդ չվաճառեցիր։ Այժմ այն չկա, և
դու ո՛չ ձի ունես բերքը տեղափոխելու համար, ո՛չ էլ դրամ՝
օգնական վարձելու համար։ Ի՜նչ դժբախտություն։
Ծեր մարդը նայում է նրանց ու ասում.
= Դժբախտությո՞ւն. տեսնենք, քանզի ո՞վ գիտե… Կյանքը
գնում է իր հունով. մարդ չպետք է դատի, այլ միայն կարող է
ապավինել։
Այժմ կյանքն առանց ձիու պիտի շարունակվեր։ Եվ քանի
որ բերքահավաքի ժամանակն էր, դա մի ահավոր դժվարություն էր հոր և որդու համար։ Լուրջ խնդիր էր. արդյոք նրանք
կկարողանայի՞ն բերքը հավաքել։
Մի քանի օր հետո արու ձին վերադառնում է մի վայրի
ձիու հետ, որը կապվել էր նրա հետ։ Գյուղի բնակիչները
ոգևորված ասում են ծեր մարդուն.
= Դու ճիշտ էիր, դժբախտությունն իրականում բարեբախտություն էր։ Այս հրաշալի վայրի ձին երկնքից նվեր է քեզ.
այժմ դու հարուստ մարդ ես։
Ծեր մարդն ասում է.
= Միայն բարեբախտությո՞ւն. տեսնենք, քանզի ո՞վ գիտե… Կյանքը գնում է իր հունով. մարդ չպետք է դատի, այլ
կարող է միայն ապավինել։
Գյուղի բնակիչները, տարակուսանքով տարուբերելով
գլուխները, նայում են տարօրինակ ծերունուն։
= Ինչո՞ւ չի ընդունում, որ դարձյալ անհավատալի բարեբախտություն է պատահել իրեն։
Հաջորդ օրը ծեր մարդու որդին փորձում է վայրի ձիուն
ընտելացնել ու հեծնել։ Սակայն առաջին իսկ փորձից ձին
նրան այնպիսի՛ ուժով է վայր գցում, որ երկու ոտքն էլ կոտրվում է։ Հարևանները հավաքվում են ու ասում ծեր մարդուն.
= Դու ճիշտ էիր, բարեբախտությունը դժբախտության
փոխվեց։ Քո միակ որդին այժմ հաշմանդամ է։ Ծերությանդ
օրերին ո՞վ պիտի քեզ հոգ տանի։
Բայց ծեր մարդը հանգիստ ասում է գյուղացիներին.
= Դժբախտությո՞ւն. տեսնենք, քանզի ո՞վ գիտե… Կյանքը
գնում է իր հունով. մարդ չպետք է դատի, այլ կարող է միայն
ապավինել։
Ամբողջ աշխատանքը մնում է ծեր մարդու ուսերին։ Լավն
այն էր, որ նոր ձին ընտելացել էր և ծառայում էր իբրև լծկան։
Առավոտից մինչև ուշ երեկո ծանր ու քրտնաջան աշխատելով՝
ծերունին վաստակում էր իրենց ապրուստը։
Մի քանի շաբաթ հետո պատերազմ է սկսվում։ Թագավորը զինվորների կարիք է ունենում։ Գյուղի բոլոր՝ ծառայու-
թյանը պիտանի երիտասարդ տղամարդիկ պարտադիր զորակոչվում են։ Միայն ծեր մարդու որդուն չեն զորակոչում, քանի
որ հաշմանդամ էր և չէր կարող օգտակար լինել։
= Ա՜խ, ի՜նչ բարեբախտություն ունեցար դարձյալ,- բացականչում են գյուղացիները։
Ծեր մարդն ասում է.
= Տեսնենք, քանզի ո՞վ գիտե… Բայց վստահ եմ, որ բարեբախտությունը վերջում նրա մոտ է հանգրվանում, ով կարողանում է ապավինել։
«Իմաստուն պատմություններ կամ գեղեցիկ ապրելու արվեստը» գրքից