Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրած։
1937 թվականի ճիշտ այս օրը՝ նոյեմբերի 27-ին, չորսամսյա տառապալից բանտարկությունից հետո Երևանի բանտում լուսադեմին երկրային կյանքն ավարտեց Եղիշե Չարենցը։
Մինչ այդ գրել էր. «Իմ մահվան օրը կիջնի լռություն, ծանր կնստի քաղաքի վրա…»։
Այդ լռությունը քաղաքի վրա ծանր նստեց 30 տարի, երբ վերջապես արդեն արգելված չէր նրա անունն, ու սկսեցին թաքստոցներից դուրս բերվել նրա մտերիմների կողմից պահպանվող նրա ձեռագրերը։ Սկսեցին հրատարակվել նրա գրքերը, և վերջապես 1967-ին մեծ շուքով նշվեց բանաստեղծի ծննդյան 70-ամյա հոբելյանը։
Մինչ 37-ի իր եղերական վախճանը, մեծ բանաստեղծը մի քանի տարի շարունակ խորհրդային ռեժիմի կողմից Խորհրդային Հայաստանում անլուր տառապանքների էր ենթարկվել, մեկուսացման, անգամ տնային կալանքի։ Վերջին՝ «Գիրք ճանապարհի» ժողովածու հրատարակությունից հետո հայտարարվել էր ազգայնական, հակահեղափոխական գրող, հեռացվեց գրողների միությունից, գրչընկերներն էլ մեկը մյուսին հերթ չտալով նորանոր ամբաստանագրեր ու մատնագրեր էին հեղում կոմունիստական իշխանություններին՝ չկասկածելով, որ իրենցից շատերն էլ նման մատնագրերի զոհ էին դառնալու։
Բանաստեղծը նաեւ գերեզման չունեցավ։ Այնպես, ինչպես Խաչատուր Աբովյանը, Ակսել Բակունցը, 1915 թ. Դեր Զոր անապատում եւ այլուր սրի քաշված կամ գազանաբար սպանված արեւմտահայ բանաստեղծների փաղանգը` Դանիել Վարուժան, Սիամանթո, մյուսներ։ Հանճարեղ, բայց ողբերգական կերպարներ են նրանք, ովքեր ժամանակից առաջ են անցել, բայց ժամանակը երբեք չի ներում իրենից առաջ անցնողներին։