Յամենայն ժամ օրհնեմք զքեզ. որ մարդասէրդ ես, կեցո զմեզ:
Յօրհնութիւն ի նոր օրհնեսցուք զՏէր,
Զի Նա է փառաւորեալ յամենայն սրբոց Իւրոց:
Օրհնեալ է այն՝ որ արժանի արար զմեզ հասանիլ
Ի մասն ժառանգութեան սրբոցն ի լոյս:
(Շարակնոց)
Քրիստոսի վկայուհի Յուլիանէն՝ հոգով եւ մարմնով չքնաղագեղ դեռատի կոյսը, Նիկոմիդիայի Բութանիա քաղաքից էր եւ ապրել է Մաքսիմիանոս կայսեր ինքնակալութեան տարիներին: Նա դուստրն էր հեթանոս Ափրիկանոս մեծ իշխանի, որը թշնամի էր քրիստոնեաներին եւ մեծ հռչակ էր վայելում կռապաշտների մէջ: Իսկ մայրը հաւատքով հելլենական բազմաստուածութեան եւ բարեպաշտութեան միջեւ էր եւ դրանցից ոչ մէկն առաւել չէր համարում: Նրանք իրենց դստերը նշանեցին Ելեւսիոս անունով նշանաւոր իշխանի հետ, որը ինքնակալի խորհրդականն էր եւ համարւում էր նրա սիրելի բարեկամը:
Սակայն խիստ պարկեշտ աղջիկն այսպիսի խորհուրդներով չէր տարուբերւում, այլ առաջնորդուելով եւ զօրանալով աստուածային Հոգու նախախնամութեամբ՝ մտքով հանապազ ձգտում էր դէպի քրիստոսադիր հաւատքն ու աստուածպաշտութիւնը: Բնատուր բարի էութեամբ եւ մտքի յափշտակութեամբ խորհրդածում էր բարի գործերի շուրջ. նայելով երկնքին ու երկրին, տեսնելով օդն ու ծովը, հուրը եւ հողմը, լոյսը եւ խաւարը, երկնային լուսատուների շրջապտոյտը, եղանակների փոփոխութիւնները եւ դրանցում պարունակուող բոլոր զօրութիւնները եւ խոհեմութեամբ քննելով ու իմաստութեամբ փնտռելով դրանց Ստեղծողին՝ ճանաչեց ու հասու եղաւ Աստուծոյ զօրեղ խորհուրդներին, ինչպէս որ գրուած է, թէ «Աներևոյթին տեսնում ու ճանաչում ենք աշխարհիս վրայ երեւացող արարուածներով»[1]:
Այս խորհուրդը մշտապէս արմատացաւ մարգարտափայլ Յուլիանէի հոգում: Պարուրուած աստուածային սիրով՝ նա խոստովանում էր մի Աստծուն եւ Նրան կոչում երկնքի ու երկրի Արարիչ: «Պէտք է միայն Նրան երկրպագել, — ասում էր, — եւ ոչ թէ սնոտի կուռքերին: Յուլիանէն երբէք չաստուածներին չի ծառայել»: Եւ մօր թոյլտւութեամբ, սակայն հօրից ծածուկ, նա մտերմացաւ քրիստոնեաների հետ ու հասու եղաւ ճշմարտութեանը, որովհետեւ նրա վրայ ծագել էր լոյսի առաւօտը, ճշմարտութեան Հոգին գուրգուրում եւ ուղղորդում էր նրա հոգուն վերին երանութիւնների բաղձանքներով ու իղձերով:
Այնուհետեւ երանելի կոյսը հրաժարուեց երկրաւոր բոլոր զբաղմունքներից եւ սկսեց մշտապէս յաճախել Աստուծոյ տաճար՝ յարատեւ աղօթելու, աստուածային Գիրքն ընթերցելու եւ ունկնդրելու, ինչպէս նաեւ ժողովրդին քարոզող վարդապետներից ուսանելու համար, իսկ տանն ապրում էր սքանչելի կենցաղավարութեամբ եւ պահեցողութեամբ: Նա ճանաչեց աստուածային խորհուրդների գաղտնիքները, իմացաւ նաեւ հանդերձեալ երանութիւնների եւ անճառելի փառքի, համընդհանուր յարութեան, մեղաւորների տանջանքների ու անվախճան յաւիտենութեան մէջ արդարների թագաւորութեան մասին, որ պատրաստուած են Աստուծոյ պատուիրանները պահողների համար: Այսպէս կրթելով իր անձը բարեպաշտութեամբ՝ սուրբ կոյսը պարսպում էր իր անձը, Սուրբ Հոգու ամրակուռ վահանով փակում իր զգայարանները հակառակորդ թշնամու դէմ եւ ծարաւ հոգով տենչում ընդունելի լինել երկնաւոր Փեսային:
Յուլիանէն ինը տարեկան էր, երբ ծնողները նշանեցին նրան: Ելեւսիոսն ինը տարի սպասեց, մինչեւ կոյսը տասնութ տարեկան դարձաւ, բայց քանի որ նա շտապում էր հարսանիք անել, Յուլիանէի մօտ ստեպ պատգամաւորներ էր ուղարկում, սակայն այս հոգեհրաշ իսկուհին յանձն չէր առնում ընդունել երկրաւոր փեսայի առաջարկութիւնը: Ջերմ բաղձանքով Քրիստոսին փափագող Յուլիանէն պատճառաբանութիւններ էր բռնում եւ նրա ուղարկած մարդկանց միջոցով ասում նրան. «Մի՛ շտապիր հարսանիք անել: Ստուգապէս գիտցի՛ր՝ անհնար է, որ ես բաժին հասնեմ քեզ, եթէ նախ եպարքոսական իշխանութիւն չստանաս թագաւորի կողմից»: Նա յոյս ունէր, որ Ելեւսիոսը չի կարողանա հասնել այդ իշխանութեանը, եւ ինքն էլ պատճառ կþունենայ մերժել նրա հետ իր ամուսնութիւնը: Իսկ եթէ Ելեւսիոսը ստանար այդ իշխանութիւնը, ապա այնպիսի այլ պատճառ կը բռնէր, որ Ելեւսիոսը բնաւ չէր յիշի ամուսնութեան մասին, եւ ինքն էլ կորստեան չէր մատնի իր հոգին: Եւ մեծահռչակ աղջիկն այս խորհուրդները ծածուկ պահում էր իր սրտում:
Բայց Ելեւսիոսն ուժգին սիրով էր համակուել աղջկայ հանդէպ, որը զարդարուած էր աննման գեղեցկութեամբ եւ պարկեշտութեամբ: Նա օրէցօր մաշւում էր օրիորդի հանդէպ տածած բուռն ցանկութիւնից, որի համար իրար խառնեց ամբողջ քաղաքն ու թագաւորական պալատի մեծամեծներին, մինչեւ որ շատ ոսկի ու արծաթ տալով գնեց եպարքոսութեան իշխանութիւնը: Եւ անմիջապէս մարդիկ ուղարկեց աղջկայ մօտ՝ յայտնելու նրան իր գերապայծառ իշխանութեան ու պատուի մասին եւ պահանջեց նրան համաձայնուել ու պատրաստուել շտապ հարսանիք անելու համար: Այնժամ երանելի կոյսը հարկադրուած յայտնեց իր խորհուրդները եւ եկած մարդկանց պատասխանեց. «Գնացէ՛ք եւ այսպէս ասացէք Ելեւսիոս եպարքոսին. “Այդ պատիւն ու հարստութիւնը բաւական են այս կեանքում բարւոք ապրելու համար: Սակայն եթէ նա չերկրպագի իմ Աստծուն եւ չդաւանի Նրան, Ում ես պաշտում եմ, ապա թող գտնի ուրիշին, որովհետեւ Յուլիանէն չի կամենում ապրել այնպիսի մէկի հետ, ով հեռու է քրիստոնէական հաւատքից”: Իսկ եթէ նա չընդունի ճշմարիտ հաւատքը, ապա թող գնայ եւ զոյգ կազմի մէկ ուրիշի հետ»:
Ուղարկուած մարդիկ գնացին եւ այս խօսքերը մէկ առ մէկ յայտնեցին Ելեւսիոսին: Տագնապած եւ տրտմութեամբ նա կանչեց աղջկայ հօրն ու իր խօսքերին սպառնալիքներ խառնելով՝ ամէն բան պատմեց նրան: Իսկ հայրը լսելով սարսափեց, որովհետեւ նա Ելեւսիոսին հաւասար պաշտում էր իր սիրելի աստուածներին եւ խոստովանեց, որ անտեղեակ է այդ ամէնից: Սրտաբեկուած ու տխուր վերադարձաւ իր տուն եւ իսկոյն սկսեց խօսել դստեր հետ, սակայն ո՛չ դառնութեամբ եւ ո՛չ էլ բարկութեամբ՝ զգուշանալով, որ խիստ խօսքերով չգրգռի դստերը, այլ համոզի:
Ապա քաղցրութեամբ եւ հայրական հոգածութեամբ Յուլիանէին կանչեց իր մօտ, համբուրեց դստերը եւ ասաց. «Ասա՛ ինձ, իմ սիրելի՛ դուստր եւ իմ աչքերի ուրախալի՛ լոյս, ինչու չես կամենում ամուսնանալ եպարքոսի հետ եւ ինչ պատճառով ես մերժում նրան»: Այս խօսքերը կոյսին օձի թոյնի պէս թուացին: Նա հօրն ասաց. «Դադարի՛ր այդպէս խօսել, հա՛յր, որովհետեւ ես երդւում եմ իմ Տէր Յիսուս Քրիստոսով, Ով իմ յոյսն է, որ եթէ եպարքոսը չհաւատայ Նրան, Ում ես եմ պաշտում, ապա նա չի կարող ամուսնութեամբ հաղորդ լինել ինձ: Ինչպէ՞ս կարող ենք մենք միաւորուել մարմնով, բայց հոգով իրար թշնամի լինել»: Այնժամ հայրը, լցուած մեծ ցասումով եւ անտանելի վշտով, դստերն ասաց. «Դու յիմարացել ես, ընկել դիւական պատրանքների ներքոյ եւ ցանկանում ես կրել մահացու տանջանքներ ու պատիժներ: Երդւում եմ իմ անմահ եւ մեծագոյն աստուածներ Ապոլոնով եւ Արտեմիսով, որ մարմինդ կը տամ գազաններին ու շներին որպէս կերակուր»: Իսկ երանելի վկայուհին պատասխանեց. «Ուրեմն ինչո՞ւ ես յապաղում, բերէ՛ք շներին ու գազաններին եւ սկսէք ինձ մահացու տանջել ոչ թէ մէկ, այլ անթիւ տանջանքներով, որովհետեւ ես ուրախ եմ շատ անգամ մեռնել իմ Աստուծոյ համար եւ փոխարէնը բազում բարիքներ ստանալ Նրանից»:
Զայրոյթից կուրացած նենգաբարոյ հայրը, անպարտելի տեսնելով նահատակ դստերը, մի կողմ թողեց փոթորկուած սրտի ցասումը եւ սկսեց ողոքիչ խօսքերով բանեցնել նախկին հնարքները, որովհետեւ հայրական գութն ու քրիստոնէութեան հանդէպ զայրոյթը երկփեղկել էին նրան եւ իր մէջ տարբեր բնոյթներ առաջացրել: Այդ պատճառով նա սկսեց զրոյց վարել կեղծաւորութեամբ եւ ջանաց գուրգուրանքով համոզել ու պարտադրել նրան իր կամքը: Սակայն աստուածային բարունակը եւ մեծ մարտիրոսուհին համարձակութեամբ ասաց. «Հա՛յր, մի՞թէ դու չես նմանւում քո աստուածներին, որովհետեւ ականջներ ունես, բայց չես լսում, աչքեր ունես ու չես տեսնում: Չէ՞ որ ես երդուել եմ, որ Ելեւսիոսն ինձ համար ոչինչ է, եթէ չընդունի եւ չերկրպագի իմ Քրիստոս Աստծուն»:
Նահատակ վկայուհու այս խօսքերից հայրը խիստ բարկացաւ, բանտարկեց դստերը եւ ապա երեկոյեան դարձեալ նրան իր մօտ բերեց, որպէսզի տեսնի՝ մտափոխուել է, թէ ոչ: Սակայն երանելի նահատակն աղաղակում էր եւ ասում նրան. «Ես զոհ չեմ մատուցի կուռքերին ու չեմ երկրպագի դրանց արձաններին, չեմ ծառայի ու չեմ պաշտի դեւերին: Ես միայն Քրիստոսին եմ պաշտում ու միայն Նրան երկրպագում, Ով երեւացողների եւ աներեւոյթների Արարիչն է ու բոլոր մարմնաւորներին հոգի Տուողը»:
Երբ հայրը տեսաւ, որ զուր անցան իր կեղծաւորութիւնն ու սպառնալիքները, փոթորկուած չարի խորհուրդներով՝ չար գազանի պէս ծարաւեց նրա արեանն ու մոռացաւ հայրական ողորմութիւնն ու գութը: Նա այնպէս ծեծեց կոյսին, որ բոլորը զարմացան, որ աղջիկը ողջ մնաց: Ապա նրան մատնեց Ելեւսիոս եպարքոսի ձեռքը, որի հետ նշանուած էր, որպէսզի նա կոյսի հետ վարուի, ինչպէս կամենայ: Այնժամ արհամարհուած փեսան պատրաստուեց դատել իրեն արհամարհող հարսին, որովհետեւ նա այդ իշխանութիւնն ունէր թագաւորական հրամանով: Սաստիկ բորբոքուած՝ կրճտացնում էր իր ատամները ոչ միայն Յուլիանէի օտար հաւատքն ընդունելու համար, այլ նրանից ստացած անարգանքների համար: Եւ երբ Յուլիանէին բերեցին դատաստանի ատեանի առջեւ ու կանգնեցրին Ելեւսիոսի առաջ, մտքերի ծփանքից եպարքոսը տարակուսեց, որովհետեւ չքնաղ կոյսի գեղեցկութիւնը շլացրեց բոլորի աչքերը, բայց առաւել խոցեց իր սիրտը, փոխեց բարքը եւ մարեց սրտի ցասումը: Նա գթասիրտ դարձաւ եւ որոշեց մեղմացնել իր մեծութիւնն անարգողին: Ապա պագշոտ խոնարհութեամբ եւ քաղցրութեամբ սկսեց խօսել նրա հետ ու ասել. «Համաձայնի՛ր ինձ, ո՛վ գեղեցկագոյնդ եւ հանճարեղդ կանանցից ու այդ հրաշատես պատկերդ մի՛ մատնիր մահուան եւ ապականութեան: Եթէ չես կամենում զոհ մատուցել աստուածներին, մենք բռնութեան չենք մատնի քեզ, միայն թէ լսի՛ր ինձ եւ խոստացի՛ր ամուսնանալ ինձ հետ: Դու կ՚ունենաս դշխոյական այն ամբողջ փառքը, որն ունեն ինքնակալ թագաւորների հետ ամուսնացողները»: Վկայուհին պատասխանեց նրան ու ասաց. «Ամբողջ աշխարհի փառքն ու հարստութիւնը չեն կարող ինձ հրապուրել եւ կռապաշտ մարդու կին դարձնել: Ո՛չ բանտը, ո՛չ տանջանքները եւ անգամ մահը չեն կարող ստիպել ինձ ամուսնանալ քեզ հետ, եթէ դու չպաշտես իմ Քրիստոս Աստծուն եւ կատարեալ չլինես աստուածային մկրտութեամբ»: Ելեւսիոս եպարքոսն ասաց. «Ես կը կատարէի նաեւ այդ ցանկութիւնդ, ո՛վ սիրելիդ կանանց մէջ, եթէ անասելի վշտեր ու սպառնալիքներ չհասնեն ինձ, որովհետեւ եթէ նման բան հասնի թագաւորի ականջին, ապա ես կը կորցնեմ ոչ միայն իմ պատիւը, այլեւ դառը պատուհասներով եւ անողորմ մահուամբ կը զրկուեմ կեանքից»: Ազնուական եւ իմաստուն կոյսը պատասխանեց նրան. «Եթէ դու այդպէս սոսկում եւ զարհուրում ես ժամանակաւոր ու մահկանացու թագաւորներից, որոնք իշխանութիւն ունեն միայն մարմնի եւ ոչ թէ հոգու վրայ, ապա ես ինչպէ՞ս թողնեմ բոլորի անմահ Թագաւորին, որ բոլոր շնչաւորների եւ հոգիների Տէրն է ու ամուսնանամ Նրան անարգողի եւ ուրացողի հետ: Քեզ մեծ անարգանք չի՞ թուայ, եթէ քո ծառաները կամ աղախինները, անցնելով քո թշնամիների կողմը, սիրեն եւ ամուսնանան նրանց հետ: Արդ, այսուհետեւ մի՛ խաբիր եւ մի՛ կարծիր, թէ քո խօսքերով կը համոզես ինձ, որն անհնար է: Իսկ եթէ կամենում ես, որ դառնամ քո կինը, ապա մօտեցիր իմ Աստծուն եւ հաղորդ եղիր իմ հաւատքին, այլապէս ահա ես պատրաստ եմ մատնուել հրի, սրի, քերանքների, անդամահատման եւ այն ամէնին, ինչ կը գործադրես: Ես չեմ վհատւում, սպանի՛ր ինձ՝ ինչպէս կամենում ես եւ կիրառի՛ր ինձ վրայ տանջանքների բոլոր հնարքները, որ անցնում են քո մտքով: Դու գարշելի ես, եւ ես դժոխալի եմ համարում քեզ հետ ամուսնութիւնը»:
Կրակի վրայ կրակ աւելացաւ, քանզի Եպարքոսի ցանկութեան բոցը փոխարկուեց սաստիկ բարկութեան: Նա դուրս եկաւ մարդկային բնութիւնից եւ նմանուեց վայրի գազանի, որովհետեւ մտածում էր նահատակուհուն մատնել դաժան եւ անհանդուրժելի տանջանքների: Նախ եւ առաջ չար դահիճներին հրամայեց տարածել նրան գետնին, ապա վերջոյթները կապել լարերով եւ հարուածել կարծր արջառաջլերով ու դալար ճիպոտներով: Դահիճները ծեծեցին այնքան, որ յոգնեցին, իսկ Յուլիանէն հաստատուն եւ սթափ միտք ունէր, եւ ինչ որ հարցնում էին, նա իսկոյն պատասխան էր տալիս: Տանջանքները երկարեցին այնքան, մինչեւ որ կոյսի երիտասարդ մարմինն արիւնով ներկեց ամբողջ գետինը: Մոռացած կանացի տկարութիւնն ու ամօթը եւ բոցավառուած երկնային սիրով՝ երանելի Յուլիանէն արիաբար աղօթում էր՝ ասելով. «Ամենքի Արարի՛չ, որ բնակւում ես բարձունքներում, Քո անքուն աչքը տեսնում է մարդկանց որդիների բոլոր ճանապարհները: Դու քննում ես մարդկանց սրտերն ու ծածուկ խորհուրդները, տեսնում բոլոր երեւացող եւ գաղտնի գործերը: Աղաչում եւ խնդրում եմ Քեզ, անքննելի՛ եւ ամենազօ՛ր, նայի՛ր իմ մարմնի նուաստ վիճակին եւ առաքի՛ր Սուրբ Հոգուդ աներեւոյթ զօրութիւնը: Եւ քանի որ անարժանիս արժանի դարձրիր հասնելու այս անսահման մեծութեանը եւ գրուելու վկաների գրքում, որոնք հրաւիրուած են անմահ Փեսայիդ ընթրիքին, ուստի շնորհի՛ր, որ իմ հեղուած արիւնն ինձ համար մկրտութեան աւազան լինի: Հեռացրո՛ւ իմ մտքից բանսարկուի բոլոր հնարքները եւ արժանացրո՛ւ, որ անարատութեամբ եւ սրբութեամբ կանգնեմ Քո Աստուածութեան առջեւ: Եւ քանի որ Դու բռնեցիր իմ ձեռքից եւ զերծ պահեցիր խաւարասէր աշխարհի ցանկութիւնից, այժմ անմոլար պահիր ինձ Քո ճշմարիտ ճանապարհի վրայ, աներկիւղ պահիր ինձ վրայ եկող փորձութեան ծովի լեռնացեալ եւ բարձրացեալ ծածուկ կոհակներից, որոնց մէջ ծփում եմ տարուբերուելով: Քո անբաւ գերակայութիւնից նայի՛ր ինձ, բարի՛ Նաւապետ, եւ օգնի՛ր, որ անվրդով մտնեմ Քո խաղաղ նաւահանգիստը, որովհետեւ Դու ամենազօր ես, անմա՛հ եւ անմահների Թագաւո՛ր, եւ Քեզ փառք յաւիտեանս. ամէն»:
Արդ, մինչ կոյսն աղօթում էր, դահիճների ձեռքը չէր դադարում հարուածել նրան ու նրա ամենամաքուր մարմինը շաղախել արեամբ: Եպարքոսը հրամայեց դադարեցնել տանջանքները, ապա մօտեցաւ վկայուհուն եւ ասաց. «Լսի՛ր ինձ, Յուլիանէ՛, ստուգապէս իմացի՛ր, որ այս ամէնը քեզ սպասուող զանազան պատուհասների միայն սկիզբն ու նախադուռն է: Արդ, մօտեցի՛ր մեծ Արտեմիսին եւ զոհ մատուցելով աղօթի՛ր Ապոլոնին, որպէսզի նրանցից ներում ստանաս: Խոնարհուի՛ր Աթենասի առաջ, որ նա հաշտուի քեզ հետ: Երկրպագի՛ր Արամազդին, որ նա արժանացնի քեզ սպասաւորել իրեն, եւ դու քահանայուհի լինես ու ծառայես մեծ եւ անմահ աստուածներին, որոնց շնորհիւ ապրում են բոլոր արարածները եւ կենդանութիւն ունեն: Իսկ եթէ դարձեալ յամառես քո անբարեսէր մտքով, ապա այնպիսի անտանելի տառապանքներ կը հասնեն քեզ, որոնք չես կարող տանել: Դու ծաղրի կ՚ենթարկուես այս բազմամբոխ ատեանի առաջ, կ՚արհամարհուես ամբողջ նահանգում, կամ էլ ապրելու եւ արեւ տեսնելու հնար չես ունենայ»: Վկայուհին պատասխանեց նրան եւ ասաց. «Արա՛, ինչ կամենում ես: Դու իրապէս յիմար ես եւ անմիտ, որովհետեւ որքան քո հայր սատանան քո մտքում հնարքներ է նիւթում, այնքան իմ երկնաւոր Հայրը կարծր ադամանդի պէս աւելի հաստատուն է դարձնում իմ հաւատքը: Նրա մեծ անուան համար կրած ցաւերը երազների պէս են քնից արթնացող մէկի համար: Ինձ պատճառած քո բոլոր բռնութիւնները հանդերձեալում մեծ փառքի առիթներ են լինելու: Եւ դաժան պատուհասների բոլոր հնարքները, որոնցով կամենում ես ճնշել մարմինս, իմ առջեւ երկնային գանձեր են բացում եւ անտեսանելի պարգեւներն ակնյայտ դարձնում, որոնց խիստ տենչում եմ: Արդ, ես այդ հարստութիւնն եմ փափագում եւ յոյժ ուրախ կը լինեմ, եթէ ինձ հասցնես այդ պարգեւներին»:
Այս լսելով՝ Ելեւսիոս եպարքոսը ցնցուեց սաստիկ բարկութիւնից: Հրամայեց Յուլիանէին կախել գլխի մազերից եւ թողնել այդպէս, որքան կը դիմանայ: Այսպէս սրբուհին կախուած մնաց առաւօտից մինչեւ երեկոյ: Գլխի մազերը մաշկի հետ պոկուեցին, աչքերն այլայլուեցին, վեր ձգուած յօնքերը հասան ճակատից էլ վեր: Ապա բռնաւորը հրամայեց իջեցնել նրան, կապուած բանտ նետել եւ հսկողութեամբ պահել, որովհետեւ այս ամէնից յետոյ նա դեռեւս յոյս ունէր համոզել աղջկան ու նրան հնազանդեցնել իր կամքին:
Մի քանի օր անց պագշոտած իշխանը հրամայեց կոյսին իր առջեւ բերել: Դարձեալ խօսեց նրա հետ ու ասաց. «Ո՛վ Յուլիանէ, համաձայնի՛ր ինձ, եւ դու երանելի կը լինես առաւել, քան Յունաց աշխարհի բոլոր կանայք: Ինձ մի՛ մեղադրիր քեզ պատճառած պատուհասների համար, որոնք մեծ կարեկցանք եւ սրտացաւութիւն էին պատճառում ինձ, սակայն դրանք էին պահանջում թագաւորական օրէնքները եւ արդար աստուածները: Այժմ դրանց փոխարէն դու բիւր բարիքներ կը ստանաս ինձնից: Մեծ հարստութեամբ եւ աշխարհի բոլոր վայելչանքներով ես կը պայծառացնեմ քեզ այնպէս, որ սիրոյ նման դրսեւորում երկրի վրայ ոչ մի ամուսին չի ցուցաբերել իր կնոջ հանդէպ: Դու կը դառնաս իմ անձի տէրը եւ նաեւ՝ ամբողջ կայսերական պալատի հրամանատարը: Արդ, կրկին մի՛ դժբախտացրու ինձ, մի՛ կորցրու քո գեղեցկութիւնը, եւ նաեւ տարեց հօրդ ու մօրդ ողջ-ողջ դժոխք մի՛ իջեցրու: Այլ ինչպէս ասացի՝ միացի՛ր ինձ օրինաւոր ամուսնութեամբ, քանի որ վաղ հասակից նշանուած ես ինձ հետ, եւ ես քեզ թոյլ կը տամ պահել քո բոլոր պաշտամունքները, ինչպէս որ կամենում ես»: Մեկուսի բազմութիւնից այս եւ նման շատ խօսքեր ասաց կոյսին, իսկ սուբ վկայուհին պատասխանեց նրան. «Ամենեւին մի՛ ակնկալիր, որ քո չարահնար խօսքերով կարող ես պատրել ինձ, կամ իջեցնել իմ միտքը երկնայինների անբաւ բարձրութիւնից դէպի երկրաքարշ խորհուրդները, որովհետեւ ես այնպիսի հարստութիւն եմ ստացել, որի համեմատ ամէն բան, թէպէտ պատուի ոսկով եւ արծաթով, փոշեհատիկ է: Հրաւիրուել եմ այնպիսի փառքի մէջ, որտեղ եղականներիս լոյսն իբրեւ խաւար է: Խառնուել եմ նրանց դասերին, որոնցից մէկի գեղեցկութիւնը չեն կարող ունենալ բոլոր արարածները: Եւ վերջապէս գտել եմ այն Փեսային, Որի անունն անգամ չեն կարող տանել երկինքն ու երկիրը: Այդ պատճառով ասում եմ քեզ՝ աւելի հեշտ կլինի, որ ապառաժը խօսի կամ գնայ ծովի վրայով, կամ էլ ձկները թռչեն ամպերի միջով, քան թէ քո խօսքերն անցնեն իմ ականջներով, որովհետեւ իմ աչքին պիղծ են հեթանոսների բոլոր կուռքերն ու նրանց բոլոր սպասաւորները: Առաւել ծանր է ինձ նայել դրանց վրայ, քան թէ մօտենալ իժերին ու վիշապներին, էլ ուր մնաց խօսակցել կամ բարեկամանալ»: Եպարքոսը մռնչաց առիւծի պէս եւ կամեցաւ ողջ-ողջ կուլ տալ նրան: Հրամայեց երկաթէ ձուլակտորներ բերել, շիկացնել դրանք դարբինների բովում այնքան, որ շանթեր արձակուեն, ապա ունելիով վերցնել, դնել նրա աջ եւ ձախ թեւատակերին, պրկել բազուկները դրանց վրայ եւ ուժգին ձգել, նաեւ այլ շիկացած երկաթներ անցկացնել ծնկների միջով եւ այդ կապանքներով թողնել բանտում, մինչեւ որ աւանդի հոգին: Կնքել տուեց նաեւ բանտի դռները, որ բանտը նրա համար գերեզման դառնայ:
Իսկ մեծ վկայուհին, Աստուծոյ զօրութեամբ համբերելով նաեւ այս անտանելի տանջանքներին, ողջ էր մնում, որովհետեւ անհնար էր, որ հողեղէն մէկը կրէր դրանք եւ կենդանի մնար, եթէ Աստուծոյ նախախնամութիւնը չպահպանէր նրան: Արդ, մինչ երանելին երեսնիվայր ընկած էր բանտում, աղօթում էր լսելի ձայնով ու ասում. «Ամենակալ Տէ՛ր Աստուած, հզօ՛ր եւ փառաւորեա՛լ, Քո հրամանով են կառավարւում երկինքն ու երկիրը, եւ Քո ակնարկութեամբ են խնամարկւում նրանցում եղած բոլոր արարածները: Քո նախախնամող եւ ամենագութ ողորմութիւնը հասնում է թէ՛ արժանաւորներին եւ թէ՛ անարժաններին, որի համար ես՝ անարժանս, անյոյս չեմ իմ փրկութեան համար: Ես չեմ վհատւում, որովհետեւ այս կեանքի հարստութեան, բարեկեցութեան եւ զուարճանքների փոխարէն ես Քեզ ընտրեցի, Քեզ սիրեցի, Քեզ հաճոյացայ ու ցանկացայ Քեզ հասնել անձկութեամբ եւ փափագով: Դու իմ առաջնորդն եղար այս ճանապարհին եւ ինձ, որ գտնւում էի դժոխքի խորքերում եւ յաւիտենական վիհի մէջ բռնուած էի չարաթոյն վիշապի ժանիքներում, յայտնեցիր Աստուածութիւնդ: Եւ քանի որ կեանքի կոչեցիր ընկածիս ու մարտիրոսական մրցասպարէզ տարար, այժմ մի՛ հեռացիր ինձնից եւ մի՛ թող, որ ապականիչ գազանը մտնի իմ հոգու անդաստանները: Սուրբ Հոգու զրահով սպառազինի՛ր իմ տկար մարմինը, որպէսզի չարի մխացող նետերը հեռանան ինձնից: Կարողութիւն տուր կանացի բնութեանս՝ յաղթելու սպառազինուած թշնամուն, որովհետեւ Քո զօրութիւնը տկարութեան մէջ է գործում: Հօր անհասանելի՛ Զօրութիւն, Տէր Յիսո՛ւս Քրիստոս, թէպէտ արժանի չեմ Քեզ չարչարակից լինել, սակայն Դու անարգամեծար ես եւ մարդասէր: Եւ այնքան մեծ է Քո սէրը արարածների հանդէպ, որ անսահման ու անմահ Աստուածութիւնդ խոնարհուեց մինչեւ մահ: Եւ արդ, ընդունի՛ր, Տէ՛ր, Քո հօտի կամաւոր պատարագը եւ շնորհի՛ր, որ Քո առջեւ ողջակիզուեն մարմնիս բոլոր անդամները մեզ վրայ հեղուած սիրուդ փոխարէն: Եթէ Քո այդ ձեռքը, որ արարեց երկիրը եւ հիմնեց երկնքի հաստատութիւնը, ընդունեց բեւեռների հարուածները, իսկ կենարար կողդ կրեց գեղարդի հարուածը, ապա առաւել արժան է, որ մեղսասէր բնութիւնս հրասոյզ լինի, բազուկներս, կողերս եւ բոլոր անդամներս վերքերով պատուեն, միայն թէ օգնի՛ր, որ Քո անարատ արդարութեամբ բարի վախճան գտնեմ, եւ թող Քո անունը յաւիտեան օրհնեալ լինի»:
Եւ մինչ սրբուհին աղօթում էր, Աստուծոյ հեշտակի կերպարանքով նրան մօտեցաւ բոլորի թշնամի եւ փորձիչ սատանան: Եւ որպէս բարեկամ ու սիրելի՝ սկսեց խրատել նրան ու ասել. «Իմացի՛ր, ո՛վ Յուլիանէ, որ Ելեւսիոս եպարքոսը քեզ համար դաժան եւ անտանելի տանջանքների գործիքներ է պատրաստել: Լսի՛ր իմ խորհուրդը. երբ քեզ դուրս բերեն բանտից, շտապ գնա՛, ընկի՛ր աստուածների առջեւ եւ իսկոյն զոհ մատուցիր նրանց, որպէսզի միառժամանակ գոհացնես եպարքոսին, իսկ օրեր անց կը պաշտես ում կամենում ես»: Երանելի կոյսը, խոժոռուած նայելով նրան, ասաց. «Ո՞վ ես դու»: Եւ դեւն ասաց. «Ես երկնային Աստուծոյ հրեշտակն եմ: Նա, յոյժ հոգալով քեզ համար, ուղարկեց ինձ, որ դրդեմ քեզ ընդունել իշխանի հրամանը, որպէսզի նա բազում տանջանքներով իսպառ չոչնչացնի քեզ եւ մարդասէր լինելով՝ ների քեզ տկարութեանդ պատճառով, քանզի ահա մահուան դուռն ես հասել: Եւ սա քեզ յանցանք չի համարուի, այլ արդար գործ, որովհետեւ դու կատարած կը լինես Աստուծոյ հրամանը»:
Սրբուհին խռովքի մատնուեց, պատուեց ահ ու դողով, որովհետեւ իրեն երեւացողն Աստուծոյ հրեշտակի կերպարանքով էր, սակայն խորհուրդներն ու խօսքերը բխում էին արդարութեան թշնամուց: Այնժամ դառնապէս հեծեծալով ու արտասուալից աչքերով հայեացքն ուղղեց դէպի երկինք եւ աղօթեց՝ ասելով. «Տէ՛ր Աստուած, երեւացող եւ աներեւոյթ արարածների Արարի՛չ, երկնային բոլոր զօրութիւններն օրհնում, փառաւորում եւ երկրպագում են Քեզ, իսկ դեւերի բազմութիւնները սարսում են Քեզնից եւ Քո ահից դողում տագնապով: Օգնութեան հասիր վշտահար անձիս եւ յայտնի՛ր ինձ, թէ ով էր նա, որ այդպէս խօսեց ինձ հետ»: Անմիջապէս երկնքից ձայն լսուեց, որն ասաց. «Քաջալերուի՛ր, քաջալերուի՛ր, Յուլիանէ՛, որովհետեւ Ես քեզ հետ եմ, եւ Իմ Աջն ամուր բռնել է քո ձեռքը: Հալածի՛ր դրան, որ խօսում է քեզ հետ, որովհետեւ Ես քեզ դրայ վրայ իշխանութիւն եւ զօրութիւն եմ տուել: Ստիպի՛ր նրան ճշմարիտ ասել, թէ ով է ինքը»: Երանաւէտ ձայնից յետոյ հրեշտակները մօտեցան նրան, եւ բանտը լցուեց անճառելի լոյսով: Կողերի եւ ծնկների մէջ խրուած շիկացած երկաթները հովացան ու ընկան, եւ մարմնի վէրքերն առողջացան: Եւ նա, վեր կենալով գոհանացաւ Բարձրեալից, ամենապարգեւ ողորմութեան համար: Այնժամ այդ նոյն աստուածային ամենակարող Զօրութիւնը կապեց բանսարկու թշնամուն եւ բերեց կոյսի առջեւ, իսկ մեծ վկայուհին, քաջաբար բռնելով նրան որպէս չար եւ ստամբակ ծառայի, ասաց. «Ո՞վ ես դու եւ որտեղից ես»: Աներեւոյթ Զօրութիւնը շտապեցրեց նրան ասել ճշմարտութիւնը: Եւ թէպէտ նա սիրում էր սուտը, սակայն խոշտանգուելով հրեշտակների կողմից, սրբուհուն ասաց. «Ես դեւերի զօրքի իշխանն եմ, իսկ անունս սատանայ է: Ես եմ, որ ապստամբեցի ընդդէմ Արարչի եւ ելայ իմ պայծառ բնակութեան վայրից: Ես էի, որ օձի համար բերան եղայ, պատրեցի Եւային ու ստիպեցի Ադամին զանց առնել Բարձրեալի պատուիրանը, եւ իմ պատճառով էր, որ անէծք իջաւ երկրի վրայ: Ես եղբայրասպանութիւն սովորեցրի Կայէնին ու տեսակ-տեսակ մեղքեր սերմանեցի երկրի վրայ: Իմ չար գործերի պատճառով ջրհեղեղը կործանեց ամենքին: Շինել տուեցի աշտարակը եւ կռապաշտութիւն յորդորեցի բոլորին: Ես դուրս բերեցի Իսրայէլի ժողովրդին Ահարոնի վրայ եւ նրանց կանանց զարդերով ձուլել տուեցի հորթը: Յուշեցի Նաբուգոդոնոսորին կանգնեցնել իր պատկերը, իսկ Հերովդէսին մղեցի մանկասպանութեան: Յուդային ստիպեցի մատնել եւ ապա՝ կախուել: Գրգռեցի եբրայեցիների ամբոխին եւ Պիղատոսին համոզեցի խաչել Քրիստոսին: Հալածանքներ յարուցեցի եկեղեցիների դէմ եւ դրդեցի, որ քարկոծեն Ստեփանոսին: Իմ քաջ զինուոր Ներոնին հանեցի Պետրոսի եւ Պօղոսի դէմ ու երկրի վրայ հեղեցի բոլոր արդարների արիւնը: Հաւատացեալների մէջ հերձուած տնկեցի եւ երկրի վրայ առանց իմ գիտութեան ոչ մի չար բան չեղաւ: Դա է իմ կեանքն ու կերակուրը, որովհետեւ ես սիրում եմ մեղքը եւ աշխարհի կործանումը մեծութիւն եւ փառք եմ համարում իմ անձի համար»:
Այս լսելով՝ սուրբ կոյսն անարգեց, անպատուեց չարին եւ հրաշափառ գործ ցոյց տուեց. նա սկսեց հարուածել չարին, որովհետեւ աստուածային Զօրութիւնն ամուր կապել էր նրան եւ սանձահարել սուրբ կոյսի ձեռքով: Սրբուհու առջեւ չարաչար տանջուող դեւն աղաչում էր արձակուել կապանքներից եւ ազատուել հարուածներից, իսկ երբ կոյսը չէր զիջում: Այնժամ սկսեց վա՜յ տալ իր անձին՝ նրա դէմ պատերազմելու համար, որից ամօթապարտ եղաւ եւ ասաց. «Վա՜յ ինձ, եղկելուս, ի՞նչ անեմ եւ ո՞ւր փախչեմ, քանզի Քրիստոսի փառքը լցրել է աշխարհը: Թէպէտ ես պատրեցի շատերին եւ մեծ նեղութիւններ պատճառեցի, շատերի համար եղայ բանտարկութիւնների, կապանքների, գայթակղութիւնների, գանահարութիւնների, հրկիզման, վտարման, խռովութիւնների, պատերազմների, ուրացութիւնների, խաբէութիւնների, մահուան, հանդերձեալ անվերջ տանջանքների պատճառ, եւ ինձ բնաւ յաղթող չեղաւ, սակայն սա ինձ` իբրեւ մի ծառայի, կապեց եւ ծեծի ենթարկեց ու դեռեւս բռնած պահում է: Ինչո՞ւ չտեսայ վերահաս վտանգը եւ ինչո՞ւ չիմացայ չար պայքարի մասին, որ այժմ պարտութեան չմատնուէի նրա կողմից»:
Եւ մինչ նա ծփում էր այս տարակուսանքների մէջ, եկան-հասան եպարքոսի սպասաւորները, մտան բանտ, որպէսզի եթէ ողջ գտնէին Յուլիանէին, նրան տանէին հրապարակի ատեան, բայց երբ նրան տեսան առողջացած, իսկ բանտի կնիքը՝ անվնաս, յոյժ զարհուրեցին: Եւ վերցնելով նրան՝ տարան հրապարակ ու կանգնեցրին եպարքոսի առջեւ: Իշխանն ապշած նայում էր նրան ու հիանում, որովհետեւ նա տեսաւ սրբուհուն իր նախկին գեղեցկութեամբ, եւ ասես թէ ոչ մի տանջանք չէր կրել: Զարմանքով Յուլիանէին հարցրեց. «Ճշմարիտ ասա՛ ինձ, Յուլիանէ՛, երբ, կամ որտեղից, կամ ում կողմից տրուեց քեզ այդ վայելչութիւնը, եւ ինչպէս կարողացար արհամարհել անտանելի տանջանքները, որ քեզ վրայ անգամ վէրքերի հետքեր չեն երեւում»: Երանելի կոյսը պատասխանեց եւ ասաց. «Սա եղաւ ո՛չ մարդու միջոցով, ո՛չ էլ ինչ-ինչ հնարքներով, այլ աստուածային անճառելի զօրութեամբ, որպէսզի ոչ միայն դու, այլեւ քո հայր սատանան ամօթահար լինէք: Ամենազօրը վեր պահեց ինձ քո խաբէութիւնից եւ չար խարդաւանքներից, որովհետեւ Նա զօրացրեց Իր աղախնու տկարութիւնը, իմ առջեւ բացեց երկնային առագաստի դռները եւ ինձ հրաւիրեց Իր Միածին Որդու հարսանիքին: Նա անթառամ պսակ է հիւսել Իր անունը սիրողների, Միածնին երկրպագողների եւ անեղծ Հոգուն փառաւորողների համար ու Իր անմատչելի տէրութեան մէջ անճառելի օթեւաններ պատրաստել: Իսկ քեզ եւ սանդարամետական դիւաձոյլ պատկերներին երկրպագողների համար բացել է գեհենի վիհը՝ սատանայի հետ յաւիտեան տանջուելու համար, որովհետեւ ձեր չարութիւնն ու անաստուած պաշտամունքը ձեզ յաւիտենական կորստի ժառանգորդներ են դարձրել»:
Այս լսելով՝ եպարքոսը սաստիկ բարկացաւ եւ ասաց կոյսին. «Դու անշնորհակալ եղար աստուածներից ստացած պարգեւների հանդէպ, որոնք, չկամենալով, որ հեռու մնաս իրենց պաշտամունքից, դարձեալ քեզ կենդանութիւն շնորհեցին եւ նախկին գեղեցկութեանդ հասցրին: Անմահ աստուածներին զոհ եւ կնդրուկ մատուցելու փոխարէն դու անարգում ես նրանց ու նրանց գործած սքանչելի հրաշքները վերագրում մէկ ուրիշի, ով չկարողացաւ եբրայեցիների ձեռքից ազատուելու հնար գտնել եւ փրկել իրեն մահից: Եւ այժմ Նրանո՞վ ես սպառնում մեզ ու հրաւիրում՝ տանջուելու յաւիտենական, անշէջ հրի մէջ: Արդ, ես փորձութեան կ՚ենթարկեմ քո մարմինը բորբոքուած հրով, եւ կը տեսնենք, թէ Խաչեալը ինչպէս կ՚օգնի քեզ»:
Այս ասելուց յետոյ հրամայեց շատ փայտ եւ դիւրավառ խռիւ բերել, կրակ բորբոքել եւ սուրբ կոյսին նետել հրի մէջ: Ասպարէզում մեծ բազմութիւն էր հաւաքուել՝ տեսնելու վկայուհու նահատակութիւնը: Սփածանելիով ծածկուած՝ նրան մօտեցրին բորբոքուած հրին, որը տեսնելով՝ սրբուհին եւ մեծահռչակ վկան խաչանման տարածեց իր ձեռքերը, աչքերը երկինք յառեց եւ ասաց. «Տէ՛ր Աստուած, անճառելի՛ լոյս եւ անստուէ՛ր ճառագայթ, Դու ես ամենայնի Արարիչը եւ Քո ամենաիմաստուն խորհուրդներով կառավարում ես բոլոր եղականներին: Առանց Քո կամքի չեն կարող շարժուել Քո ստեղծած արարածները: Դու հուրը ցօղ ես դարձնում, վտակներ ես բխեցնում ժայռերի ամուլ արգանդից եւ խաւարը լոյսի վերածում: Անչափելի է Քո անսահման զօրութիւնը: Դու ճեղքեցիր Կարմիր ծովը եւ Քո բարձրացեալ Աջով նրա միջով անցկացրիր աբրահամեան տոհմի ժառանգորդներին: Կանգնեցրիր ու յետ տարար Յորդանանը եւ Երիքովի երկաթի պէս ամուր պարիսպները հեղեցիր իբրեւ ջուր: Մարեցիր բաբելացիների հուրը եւ երեք մանուկներին հրից անկէզ պահեցիր: Շուշանին փրկեցիր ծերերից, իսկ Դանիէլին՝ առիւծներից: Քո աղախին Թեկղիին ազատ արձակեցիր եւ սանձեցիր հրին՝ չմօտենալու նրա մաքրագոյն մարմնին: Եւ ո՞վ կարող է պատմել երկրի վրայ եղած Քո անքննելի Աստուածութեան հրաշալի գործերի մասին: Դու նոյն Աստուածն ես, եւ Քո փառքն ու զօրութիւնը չեն պակասել: Արդ, նայի՛ր երկնային Քո սրբարանից եւ օգնի՛ր իմ տկարութեանը: Համբերութիւն տուր եւ զօրացրո՛ւ ինձ, որպէսզի անվրդով եւ աներկիւղ հաւատով անցնեմ այս չարահնար ասպարէզի միջով: Տո՛ւր ինձ փրկութեան կամուրջ, որպէսզի դրանով անցնեմ հրեղէն գետի յորձանքների վրայով եւ փրկուեմ հանդերձեալ մահից, որ գալու է մարդկանց որդիների վրայ: Եւ այժմ, Տէ՛ր Աստուած, թող Քո ամենազօր Աջը պահապան լինի ինձ եւ թող ինձ մօտ լինի պահպանիչ Սուրբ Հոգիդ, որպէսզի Քո կամքով աւարտեմ իմ ընթացքը, եւ Քեզ փառք յաւիտեանս. ամէն»:
Ապա հրաշալի կոյս Յուլիանէն կնքեց իր անձը սուրբ Խաչի նշանով եւ ձեռքերը տարածած՝ զուարթագին մտաւ հնոցի՝ իբրեւ առագաստի մէջ, ուր երկնքի զուարթունների հետ հրեշտակային պարակցութեամբ եւ երգակցելով՝ սկսեց ցնծութեամբ օրհնել Աստծուն: Եւ ահա հրապարակում հաւաքուած բազմութեանը մի ահեղ տեսիլք երեւաց. հուրը, խորանաձեւ վարագոյր կազմեց, որը պարփակեց ու պարուրեց սրբուհու մարմինը, իսկ նրա աչքերից հոսող արցունքները, իբրեւ աղբիւրների յորդահոս վտակներ, հանգցրին ահարկու հուրը, որից զարմացած՝ հիացան բոլոր տեսնողները: Շուրջ հինգ հարիւր այրեր աղաղակեցին եւ բարձրագոչ ասացին. «Քրիստոնեաների Աստուածը Տէրն է: Մի՛ է ամենազօր Տէրը, որին պաշտում է Յուլիանէ մարտիրոսուհին: Նրան ենք խոստովանում, Նրան ենք հաւատում, Նրան ենք երկրպագում եւ հեռանում ենք հելլենական անաստուած պաշտամունքից: Թող մեզ վրայ գան հուրը, սուրը եւ բոլոր տանջանքները, սակայն անհնար է, որ մենք հեռանանք քրիստոնէական հաւատքից, որը քարոզում է բարեպաշտ Յուլիանէն»:
Եպարքոսը լցուեց անասելի զայրոյթով, որովհետեւ արդարութեան թշնամին ասես հրով բորբոքեց նրա սիրտը: Հրամայեց զինուորներին բռնել նրանց, որոնք ինքնակամ յանձն առան մահը, իսկ նրանք, անտեսելով թէ՛ ունեցուածքը, թէ՛ սիրելի բարեկամներին, թէ՛ որդիներին ու կանանց, թէ՛ աշխարհական զբաղմունքները, միաձայն աղաղակում էին եւ ասում. «Մենք քրիստոնեայ ենք եւ չենք պաշտում համր, անշունչ կուռքերին»: Այնժամ եպարքոսը հրամայեց հաւաքել նրանց մի տեղում եւ բոլորին վերացնել: Սրի քաշելով՝ դահիճները կոտորեցին նրանց, ու որեւէ մէկը ողջ չմնաց: Նրանք միայն հասցրեցին ասել. «Տէ՛ր, ընդունի՛ր մեր հոգիները կատարեալ վկաների հետ»: Եւ այդպէս սպառազինուած՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսով նրանք առան յաւիտենական կեանքի յոյսի բրաբիոնը, եւ ինչպէս վկայաբանն է ասում, այդ տեղում մինչ օրս ազդու նշաններ եւ բազմաթիւ բժշկութիւններ են լինում:
Ասպարէզում դարձեալ առաջ եկան հարիւր երեսուն կանայք՝ քաջութեամբ ոչ պակաս, քան նահատակուող այն այրերը, եւ միաբան ասացին. «Հաւատում ենք Յուլիանէի Աստծուն եւ երկրպագում ենք խաչեալ Քրիստոսին ու չենք հեռանայ Նրա սիրուց»: Եպարքոսը, կամենալով նրանց յետ պահել այդ խորհուրդներից, սկսեց սպառնալ նրանց զանազան տանջանքներով, սակայն նրանք առաւել հաստատուեցին իրենց հաւատքի մէջ՝ անարգելով կուռքերին ու թագաւորին: Արիւնռուշտ գազանը չհանդուրժեց այդ բանը եւ նրանց համար մահուան վճիռ արձակեց: Եւ այդպէս սուրբ կանայք, անօրէն դահիճների ձեռքով զանազան տանջանքներ կրելով, նահատակուեցին ու ողջագուրուելով հրեշտակների հետ՝ աւանդեցին իրենց հոգիները եւ դասուեցին անմահների բանակի հետ:
Այսպէս Բութանիայի Նիկոմիդիա քաղաքում Ելեւսիոս եպարքոսի ձեռքով մէկ օրուայ մէջ նահատակուեցին հինգ հարիւր այրեր եւ հարիւր երեսուն կանայք՝ ընդհանուր առմամբ՝ վեց հարիւր երեսուն նահատակներ եւ մեր Քրիստոս Աստծուց ընդունեցին վկայութեան յաղթանակը:
Բայց քանի որ սքանչելի Յուլիանէ կոյսը դեռեւս ողջ էր, չէր դադարում մարել եպարքոսի ցասումն ընդդէմ Յուլիանէի: Ցանկանում էր նրան անասելի տանջանքների մատնել ու այդպէս նրա արեամբ հանգցնել իր բորբոքուած սրտի հուրը: Հրամայեց պնձէ մեծ կաթսա բերել, նրա մէջ ձիւթ, ձէթ, կապար եւ զոհերի ճարպ լցնել, ներքեւից մեծ կրակ վառել ու լաւ եռացնել: Կաթսայում կուտակուածն իրար խառնուած եռում էր այնպէս, որ սպասաւորները չէին կարողանում մօտենալ: Այնժամ հրամայեց բերել ամենայաղթ վկայուհուն, կապել ձեռքերն ու ոտքերը եւ գցել եռացող կաթսայի մէջ, «մինչեւ որ, — ասաց, — խորովուի իմ աչքի առջեւ, եւ ցրուեն սրտիս խաւարն ու գլխիս ցնորքները»:
Իսկ Քրիստոսի գառը եւ քաջ վկայուհին, սփածանելիով կանգնած դատաւորի եւ բազմաժողով ատեանի առաջ, խնդրում էր իշխանին թոյլ տալ արձակուած ձեռքերով ու ոտքերով մտնել կաթսայի մէջ: Եւ երբ իշխանը թոյլատրեց, նա կնքեց իր անձը սուրբ Խաչի նշանով, արտասուալից աչքերը յառեց երկնքին եւ հոգոց հանելով՝ ասաց. «Տէ՛ր Յիսուս Քրիստոս, Դու որբերի Հայրն ես ու այրիների դատաւորը, անյոյսների յոյսը եւ տագնապողների պատսպարանը: Դու Քո անսահման ողորմութեամբ գթացիր ինձ՝ ազատելով բանսարկուի կապանքներից, հեռու պահեցիր այս կեանքի պատրանքներից եւ անարատութեամբ հասցրեցիր այս մեծ օրուան, որն աւելին է, քան ամբողջ կեանքս: Արդ, ընդունի՛ր ինձ, բարերա՛ր Տէր, իսկ սա թող ինձ համար մկրտութեան աւազան լինի: Եղի՛ր իմ վկայութեան Քահանայապետը, Քո ամենազօր Աջով կնքի՛ր մարմնիս զգայարանները եւ մտքիս խորհուրդները ու Քո անպարագրելի Աստուածութեամբ ընդգրկի՛ր ինձ երկնաւորների բանակում բոլոր սուրբերի հետ: Քեզ փա՛ռք, պատիւ եւ երկրպագութիւն երկնաւորներից, երկրաւորներից, երեւացողներից ու աներեւոյթներից, նաեւ իմ՝ նուաստիս կողմից, Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ, Յիսո՛ւս Քրիստոս»: Այսպէս աղօթելուց յետոյ դարձեալ կնքեց իր անձը սուրբ Խաչի նշանով ու ասաց. «Աստուա՛ծ իմ, Աստուա՛ծ իմ, Քո ձեռքն եմ յանձնում իմ հոգին»: Ապա ձեռքերը դէպի երկինք տարածած իսկոյն մտաւ կաթսայի մէջ: Սանդարամետականի սպասաւորները բորբոքելով սաստկացնում էին հուրը, իսկ սուրբ վկայուհին եռացող կաթսայի մէջ ասես նստած լինէր փափուկ գահին, կամ էլ ասես զմայլւում էր ծաղկաւէտ բուրաստանում, որովհետեւ կաթսայի եռացող ալիքները չէին մօտենում նրա մարմնին: Ասես թէ լուացւում էր աւազանում եւ աստուածային շնորհով անվնաս շրջում նրա մէջ, որովհետեւ այն Բազուկը, որ ժամանակին տարածուեց խաչի վրայ, հովանի էր նրան:
Եւ ահա յանկարծ կաթսան ճեղքուեց, եւ միջի պարունակութիւնը հեղուեց շուրջբոլորը, շանթից արձակուած կրակի պէս հրաշապէս ոչնչացրեց շուրջ եղողներին եւ կորստեան մատնեց դահիճներից շատերին, իսկ սուրբ կոյսն անկէզ մնաց: Այնժամ եպարքոսը, չհանդուրժելով կատարուածը, մոլեգնեց, որովհետեւ չկարողացաւ յաղթել մի աղջկայ: Զայրոյթից խելագարուած՝ պատռումէր իր հանդերձները, խփում երեսին եւ հայհոյում իր աստուածներին: Եւ երբ տեսաւ, որ պատուհասները չեն հասնում սուրբ կոյսին, այլ չարիքն առաւելապէս իր վրայ է բարդւում, արձակեց կոյսի հետեւեալ մահավճիռը. «Ազգութեամբ հելլենացի եւ ամենազօր աստուածներից հրաշատես, գեղեցիկ կերպարանք առած Յուլիանէ կոյսը հեռացել է հռոմէացիների օրէնքից եւ պաշտում է Յիսուս անունով մի Խաչեալի: Ես ոչ մի կերպ՝ ո՛չ աշխարհի հարստութեամբ, ո՛չ բազմատեսակ տանջանքներով չկարողացայ փոխել նրա միտքը եւ դարձնել դէպի մարդասէր աստուածների պաշտամունքը, որովհետեւ նա կախարդութեամբ ազատւում էր ամէն բանից եւ շատերի կորստեան պատճառ դառնում, որի համար հրամայում եմ գլխատել նրան ու զրկել կեանքից»:
Բանսարկու սատանան հեռւում կանգնած ուրախանում էր նրա մահուան համար եւ սպանութեան դրդում դահիճներին, իսկ բարեյաղթ վկայուհի Յուլիանէն գնում էր ոչ թէ մահուան, այլ անջատուելու մարմնից եւ ազատուելու չարչարանքներից: Դահիճները նրան տանում էին նահատակութեան վայրը, իսկ նա գնում էր ուրախադէմ եւ պայծառ աչքերով: Ժողովրդի բազմութիւնը խօսակցելով գնում էր նրա յետեւից, իսկ սուրբ կոյսն ազդու խօսքերով հաւաստիացնում էր նրանց, թէ չկայ աւելի մեծ բան, քան Աստուծոյ համար վկայելը, եւ երկնաւորիների ու երկրաւորների համար չկայ աւելի պանծալի բան, քան Քրիստոսին զինուորագրուելը:
Երբ հասան այնտեղ, ուր սրբուհին պիտի ընդունէր իր մահավճիռը, Սուրբ Հոգով լեցուն նա երկինք նայեց եւ աղօթեց՝ ասելով. «Գոհանում եմ Քեզնից, Տէ՛ր Յիսուս Քրիստոս, Ստեղծի՛չ եւ Փրկի՛չ աշխարհի: Դու մեր բանական արարածներիս յանցանքների պատճառով խաչուեցիր տեսակ-տեսակ չարչարանքներով ու անարգ մահով եւ Քո մահուամբ փրկեցիր մեզ մահից, որ եղաւ մեղքի պատճառով: Եւ եթէ Տէրդ եւ ամենքի Աստուածդ կրեցիր այս ամէնը մեզ համար, ապա որքան առաւել արժան է, որ մենք, յատկապէս ես՝ նուաստս, հեղենք մեր արիւնը աստուածային Արեանդ դիմաց եւ պատարագուենք առ Հայր Պատարագուածիդ համար: Իմ հանդէպ Քո անբաւ բարերարութեան դիմաց արժան էր կրել աւելին, քան եթէ նոյնիսկ կրէի բոլոր արարածների վշտերն ու չարչարանքները: Եթէ անգամ հրեշտակների լեզուն ունենայի, այնուամենայնիւ կը կարողանայի՞ պատմել Քո անճառելի ողորմութեան մասին կամ գոհանալով եւ օրհնելով հատուցել ամենօրհնեալ Աստուածութեանդ, քանզի Դու ինձ դուրս բերեցիր խորախոր անդունդներից եւ անբաւ բարձրութեան հասցրիր, դուրս բերեցիր ինձ մեղքերի միջից ու մտցրեցիր Քո գերագոյն անստուեր լոյսի մէջ: Եւ արդ, երկրի վրայ եղած ոչ մի երեւելի ունեցուածք կամ հարստութիւն չի կարող առաւել լինել Քո անձկալի սիրուց, որից մեղմանում են մարմնիս նեղութիւններն ու տառապանքները, որ հասնում են ինձ՝ Քեզ տեսնելու տենչանքի համար: Եւ այժմ իմ շուրթերի փոխարէն թող օրհնաբանեն իմանալի զօրութիւնները, եւ թող բոլոր արարածները բարեբանեն անիմանալի Ինքնութեանդ՝ Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն: Եւ այժմ, Տէ՛ր Աստուած, անբաւելի՛ ու անճառելի՛, Սուրբ Հոգուդ առաջնորդութեամբ եւ խաղաղութեամբ անցկացրու ինձ խաւար իշխանութեան միջով եւ ինչպես որ խոստացար, բացի՛ր մեծ հարսնարանիդ առագաստն ու ինձ ընդունի՛ր անմահներիդ դասում: Ովքեր իրենց վշտերի ու նեղութիւնների մէջ կը յիշատակեն իմ անունը, տո՛ւր նրանց խնդրանքները՝ ազատելով նրանց հոգու եւ մարմնի բոլոր վտանգներից: Քեզ փառք յաւիտեանս. ամէն»: Ապա կնքեց իր անձը սուրբ Խաչի նշանով եւ երկինք նայելով՝ բարձրագոչ ասաց. «Տէ՛ր, Տէ՛ր, Քո ձեռքն եմ յանձնում իմ հոգին»: Այս ասելով՝ պարանոցը խոնարհեցրեց դահճի սրի առջեւ, եւ այդպէս հատուեց յաղթող եւ գերապայծառ վկայուհի Յուլիանէի ամենամաքուր գլուխը, իսկ հոգին սլացաւ ու միացաւ իր Գլխին՝ Քրիստոսին:
Քիչ օրեր անց Ելեւսիոս բռնաւորն արդար Դատաւորի կողմից ստացաւ վրէժի հատուցումը, քանզի ծովի վրայ՝ նաւը վարելիս, ուժգին հողմով քշուեց մի անմարդաբնակ կղզի: Նաւում գտնուողները ջրասոյզ եղան, իսկ նա, բռնուելով մի տախտակից, թէպէտ փրկուեց ծովից, սակայն ընկաւ գազաններով բնակեցուած մի վայր, որտեղ եղկելին վայրի գազանների ճարակ դարձաւ, եւ անօրէնի դառը հոգին դժոխք իջաւ:
Այսպէս սուրբ կոյս Յուլիանէն եւ երկնաւոր Փեսայի անարատ հարսը վկայեց մրցասպարէզում եւ նահատակուեց Քրիստոսի համար, որ եղաւ Մաքսիմիանոսի թագաւորութեան եւ Փիլիկիանոսի անթիպատութեան օրօք՝ Տիրոջ 300 կամ 304 թուականին:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Յուլիանէ կոյսի յիշատակը տօնում է սուրբ Վասիլուհի կոյսի հետ՝ սուրբ Յիսնակի կիրակիին յաջորդող երկուշաբթի օրը:
[1] Հռոմ. Ա 20: