Իմաստ. Սողոմոնի 9.9-12
9 Քեզ հետ է նաեւ իմաստութիւնը, որ գիտէ քո գործերը, քեզ մօտ էր նա, երբ դու արարում էիր աշխարհը, եւ գիտէր, թէ որն է հաճելի քո աչքին, ու որն է քո պատուիրաններին համապատասխան: 10 Առաքի՛ր դրան քո սուրբ երկնքից, քո փառքի աթոռից ուղարկի՛ր դրան, որ գայ եւ տեղ գտնի իմ մէջ, եւ ես գիտենամ, թէ ինչն է հաճելի քո առջեւ, 11 քանզի նա գիտէ ամէն ինչ եւ խելամուտ է բոլորին, իմ գործերի մէջ ինձ կառաջնորդի զգաստութեամբ եւ իր փառքով կպահպանի ինձ, 12 իմ գործերն ընդունելի կլինեն, ես արդարութեամբ կդատեմ քո ժողովրդին եւ արժանի կլինեմ իմ հօր գահին:
Եսայի 41.15-19
15 Ահա քեզ դարձրի սղոցատամ կամնասայլի նոր անիւների պէս. լեռները պիտի կալսես, բլուրները պիտի մանրես, փոշու պիտի վերածես դրանք ու քշես տանես: 16 Հողմերը պիտի տանեն դրանք, եւ մրրիկները պիտի ցրեն: Բայց դու ուրախ պիտի լինես Տիրոջով՝ Իսրայէլի Սրբով: 17 Պիտի ցնծան տնանկներն ու չքաւորները, որոնք ջուր էին փնտրում ու չէին գտնում, եւ նրանց լեզուները ծարաւից ցամաքում էին: Ես՝ Տէր Աստուածս, Իսրայէլի Աստուածս, կլսեմ նրանց եւ չեմ լքի նրանց: 18 Գետեր կբխեցնեմ լեռների վրայ եւ դաշտերի մէջ՝ աղբիւրներ, անապատը կվերածեմ ջրերի լճակների եւ տոչորուած երկիրը՝ վտակների: 19 Անջրդի հողում մայրի ու տօսախ, մրտենի ու նոճի, սօսի ու դափնի, սոճի ու կաղամախի, գիհի ու ձիթենի կաճեցնեմ:
Բ Կորնթացիներ 2.14-17
14 Արդ, գոհութի՜ւն Աստծոյ, որ Քրիստոս Յիսուսով մեզ միշտ յաղթութեան է տանում եւ իր գիտութեան բուրմունքը մեզնով սփռում է ամէն տեղ, 15 քանի որ Քրիստոսի բուրմունքն ենք Աստծոյ առաջ՝ ե՛ւ փրկուածների մէջ, ե՛ւ կորստեան մատնուածների մէջ. 16 ոմանց՝ մահուան հոտ, որ տանում է դէպի մահ, եւ ոմանց՝ կենդանութեան բոյր, որ տանում է դէպի կեանք: Եւ ո՞վ է կարող այս բանն անել. 17 քանզի նման չենք ուրիշների, որ Աստծոյ խօսքի վաճառքով են զբաղւում, այլ, իբրեւ անկեղծ մարդիկ, իբրեւ Աստծոյ կողմից ուղարկուածներ, խօսում ենք Քրիստոսով Աստծոյ առաջ:
Ավ. ըստ Ղուկասի 6.13-20
13 Եւ երբ լոյսը բացուեց, կանչեց իր աշակերտներին եւ ընտրեց նրանցից տասներկուսին, որոնց եւ առաքեալներ անուանեց. 14 Սիմոնին, որին էլ Պետրոս կոչեց, եւ Անդրէասին՝ նրա եղբօրը, Յակոբոսին, Յովհաննէսին, 15 Փիլիպպոսին, Բարթողոմէոսին, Մատթէոսին, Թովմասին, Ալփէոսի որդի Յակոբոսին, Սիմոնին՝ Նախանձայոյզ կոչուածին, 16 Յակոբի որդի Յուդային եւ Իսկարիովտացի Յուդային, որը եւ մատնիչ եղաւ: 17 Եւ նրանց հետ միասին իջաւ մի տափարակ տեղ, ուր նրա աշակերտների խումբը եւ ամբողջ Հրէաստանից ու Երուսաղէմից եւ այն կողմերից եւ Տիւրոսի ու Սիդոնի ծովեզրից 18 շատ մեծ բազմութիւն եկել էր լսելու նրան եւ բժշկուելու իրենց հիւանդութիւններից: Եւ պիղծ ոգիներից տառապողները բժշկւում էին: 19 Եւ ամբողջ ժողովուրդն ուզում էր նրան դիպչել, որովհետեւ նրանից մեծ զօրութիւն էր դուրս գալիս եւ բժշկում բոլորին: 20 Եւ Յիսուս աչքերը բարձրացրեց իր աշակերտների վրայ ու ասաց. «Երանի՜ հոգով աղքատներիդ, որովհետեւ Աստծոյ արքայութիւնը ձերն է: