Մի կին կեղծ աստվածպաշտությամբ էր ապրում. գիշերուզօր աղոթում էր և անդադար ուխտատեղիներ այցելում: Այսպիսի կերպարանված առաքինությամբ ապրելով`մարդկանցից բազմաթիվ իրեր էր վերցնում և մշտապես շատ ոսկեղեն հավաքում, և ինչ որ աստվածասեր քրիստոնյաները տալիս էին քրիստոնյա գերիներին ազատելու համար, նա քսակի մեջ էր դնում, իսկ ինչ տալիս էին կարոտյալների պետքերի համար, արկղի մեջ էր պահում: Այդ կինն իր սենյակում խորը փոս էր փորել, այնտեղ մի մեծ կարաս տեղադրել: Իրեն տրված իրերն այդտեղ էր պահում, վրան էլ քար դնում: : Ավա՜ղ անիծյալ ագահությանը, թե ինչպես է կուրացնում մարդկանց և խավարն ընկղմում: Բայց կարճ ասած` երբ կարասը լցվեց դրամով,- և կնոջ մահվան ժամանակն էլ հասավ, ինչպես որ մեռած էր աստվածատուր հոգով, նաև մարմնով մեռավ ու թաղվեց:
Թաղման արարողակարգից հետո քահանաները կնոջն սպասավորած աղջկան հարցրին.
– Քո տիկինն ի՞նչ էր անում այդքան դրամը, որ նրան էին տալիս:
Նա էլ պատասխանեց.
– Երբեք չեմ տեսել, որ աղքատներին ինչոր բան տար, և չգիտեմ, թե որտե°ղ էր պահում այն դրամը, որ մարդկանցից էր վերցնում: Միայն գիտեմ, որ ինչ նրան տալիս էին, սենյակ էր տանում և այլևս դուրս չէր հանում: Քահանաները, այս լսելով, զարմացան և փութաջանորեն սկսեցին փնտրել և ահա լսեցին դրամի ձայնը: Քարը գլորելով`մեծ քանակությամբ դրամ գտան և, զարմանալով կնոջ խորամանկության վրա, այս ամենը հայտնեցին եպիսկոպոսին: Իսկ եպիսկոպոսը, սաստիկ բարկանալով, հրամայեց բացել գերեզմանը և ամբողջ դրամը թափել մեռած մարմնի վրա` ասելով.
– Ինչ հավաքեցիր, քե°զ թող լինի, իսկ Քրիստոսի աղքատներին ոչինչ թող չպակասի:
Դրանից հետո մի քանի գիշեր գերեզմանից ձայներ էին լսվում և սաստիկ լաց ու կոծ: Եվ այս ողբերի մեջ պարզ լսելի եղավ հետևյալ ձայնը. « Վա՜յ ինձ` եղկելիիս, վա՜յ ինձ` ամենաթշվառիս, քանզի այս ոսկին այրում և տոչորում է ոսկորներս » :
Այսպիսի ձայներ լսվեցին երեք գիշեր ու ցերեկ: Եվ շրջակա մարդիկ, չկարողանալով տանել այն, գնացին քահանայի մոտ և նրա հրամանով բացելով տապանը` տեսան, թե ինչպես էր ոսկին հալվել, կարծես հնոցի մեջ, իսկ կնոջ բերանը պատվել կրակե բոցով: Այնժամ քահանան աղոթեց Աստծուն, որ նրա մարմնի տանջանքները թեթևանան, որովհետև նրա չարությունը հայտնի էր դարձել մարդկանց առ ի զգուշություն: Այնուհետև ծածկեցին գերեզմանը, և կնոջ ձայնն այլևս չլսվեց: