Եգիպտացի անապատական հայրերը ներկայացուցիչներն էին հոգևոր կատարելության ձգտող այն շարժումի, որ ծնունդ առավ Գ. դարի վերջերին և իր ոսկեդարն ապրեց Դ. և Ե. դարերում: Քրիստոնեության սկզբնական դարերի խառը կացության մեջ, երբ Եկեղեցու անդորրը հաճախ խռովվում էր զանազան հեթանոսական և հերձվածողական անցուդարձերով, որոշ հոգեզգոն քրիստոնյաներ այս կացությունից դուրս գալու միակ ելքը գտան հասարակությունից հեռանալու և առանձին ապրելու մեջ: Որպեսզի մշտապես ունենան Աստծո ներկայությունն իրենց կյանքում, նվիրվեցին աղոթքի, իսկ իրենց գործած կամա թե ակամա մեղքերի քավության համար ապաշխարություն ստանալու համար դիմեցին ճգնության: Անապատական կամ ճգնողական կյանքը սկսվեց Եգիպտոսից, որն ուներ բոլոր պայմանները քաղաքների աշխույժ և աղմկոտ կյանքից առանձնանալու համար: Հարատև աղոթքները, պահեցողությունն ու ինքնազրկումը ուղեկցվում էր Ս. Գրքի ընթերցանությամբ և խոսքի ժուժկալությամբ, որն էլ բերում էր հոգեկան և հոգևոր հանդարտության, երջանկության և ներդաշնակության: Հաճախ աննկարագրելի պայքար ունեցան ճգնավոր հայրերն իրենց ներաշխարհում, սակայն Աստծու օգնականությամբ շարունակողը եղան անապատում Քրիստոսի սկսած պատերազմի (Ավետարան ըստ Մատթէոսի, Գ. 1-11)՝ իրենց աղոթքներով միշտ Աստծու առջև բարեխոս ու միջնորդ դառնալով մեզ համար: