Ա Թեսաղոնիկեցիներ 5.12-28
12 Եղբայրնե՛ր, աղաչում ենք ձեզ, որ ճանաչէք եւ գնահատէք ձեր վաստակաւորներին, Տիրոջ կողմից ձեզ վրայ նշանակուած վերակացուներին, ինչպէս նաեւ ձեզ խրատողներին. 13 եւ առաւելագոյն սիրոյ արժանի՛ համարեցէք նրանց իրենց աշխատանքի համար: Խաղաղութի՛ւն ունեցէք միմեանց միջեւ: 14 Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ. խրատեցէ՛ք ստահակներին, քաջալերեցէ՛ք երկչոտներին, օգնակա՛ն եղէք տկարներին, համբերատա՛ր եղէք բոլորի հանդէպ: 15 Զգո՛յշ եղէք, չլինի թէ մէկը չարին չարով հատուցի. միշտ միմեանց հանդէպ եւ բոլորի հանդէպ բարին գործելու հետամո՛ւտ եղէք: 16 Ուրա՛խ եղէք միշտ, 17 անդադար աղօթեցէ՛ք, 18 ամէն ինչում գոհութի՛ւն մատուցէք, որովհետեւ այդ է Աստծոյ կամքը ձեզ համար ի Քրիստոս Յիսուս: 19 Մի՛ հանգցրէք Հոգին, 20 մի՛ արհամարհէք մարգարէութիւնները, 21 փորձեցէ՛ք ամէն ինչ, բարին ամո՛ւր պահեցէք, 22 հեռո՛ւ մնացէք բոլոր չար բաներից: 23 Եւ խաղաղութեան Աստուածն ինքը թող սրբացնի ձեզ ամբողջապէս, եւ ձեր ամբողջ հոգին, շունչը եւ մարմինը թող անարատ պահուի մինչեւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալուստը: 24 Հաւատարիմ է նա, որ կոչեց ձեզ. նա է դարձեալ, որ նոյնը պիտի անի: 25 Եղբայրնե՛ր, աղօթեցէ՛ք նաեւ մեզ համար: 26 Ողջունեցէ՛ք բոլոր եղբայրներին սուրբ համբոյրով: 27 Երդուել եմ տալիս ձեզ Տիրոջով, որ ընթերցէք այս թուղթը բոլոր սուրբ եղբայրներին: 28 Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնո՜րհը ձեզ հետ:
Ավ. ըստ Ղուկասի 14.1-11
1 Երբ մի շաբաթ օր նա մտաւ փարիսեցիների իշխանաւորներից մէկի տունը՝ հաց ուտելու, նրանք դիտում էին նրան: 2 Եւ ահա այնտեղ նրա առաջ ջրգողով հիւանդ մի մարդ կար: 3 Յիսուս պատասխանեց օրէնսգէտներին ու փարիսեցիներին եւ ասաց. «Շաբաթ օրով բժշկելը օրինաւո՞ր է, թէ՞ ոչ»: 4 Նրանք լուռ մնացին: Յիսուս, նրան բռնելով, բուժեց եւ արձակեց: 5 Եւ նրանց ասաց. «Ձեզնից ո՞ւմ եզը կամ էշը ընկնի ջրհորի մէջ, նա իսկոյն այն չի հանի շաբաթ օրով»: 6 Եւ այդ մասին նրան պատասխան տալ չկարողացան: 7 Հրաւիրուածներին էլ մի առակ ասաց՝ տեսնելով, թէ ինչպէս նրանք պատուոյ տեղերն էին ընտրում: 8 Նրանց ասաց. «Երբ մէկը քեզ հարսանիքի կամ հրաւէրքի կանչի, առաջին տեղը մի՛ նստիր. գուցէ քեզնից աւելի պատուական մէկը նրա կողմից կանչուած լինի: 9 Եւ քեզ ու նրան կանչողը գայ ու քեզ ասի. “Սրան տե՛ղ տուր”: Եւ ապա սկսես ամօթով վերջին տեղը գրաւել: 10 Այլ երբ հրաւիրուես, գնա բազմի՛ր վերջին տեղը, որպէսզի երբ քեզ կանչողը գայ եւ քեզ ասի՝ “Բարեկա՛մ, աւելի վե՛ր մօտեցիր”, այն ժամանակ քո սեղանակիցների առաջ դու փառաւորուես. 11 որովհետեւ նա, ով ինքն իրեն բարձրացնում է, պիտի խոնարհուի, եւ նա, ով ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանայ»: