Ո՞րն է, ուրեմն, այդ դարմանը: Ուրիշ ոչ ա՛յլ ինչ, քան միայն՝ փառավոր մարմինը, որն առավել հզոր եղավ, քան մահը, և մեր համար դարձավ կյանքի աղբյուր: Ինչպես, Առաքյալի խոսքերի համաձայն, մի քիչ թթխմոր է խառնվում խմորի ամբողջ զանգվածին, նմանապես Աստծո կողմից անմահության բարձրացված մարմինը, երբ ներածվում է մեր մարմնի մեջ, փոխում է այն և այն ամբողջովին փոխակերպում է իր սեփական գոյացությանը: […]
Աստծո Բանը, […] երբ մարմնացավ, Իր մարմինն օժտեց գոյապահպանման միջոցներով, շնորհիվ սովորական և մասնահատուկ գործընթացների: Նրա գոյապահպանումն ապահովում էր […] հացի օգնությամբ: Հաշվի առնելով նման պայմանները, երբ տեսնում ենք հացը, որոշակի առումով տեսնում ենք մարդկային մարմինը, քանի որ հացը, մարմնի կողմից յուրացվելով, ինքն իսկ դառնում է մարմինը: Տվյալ դեպքում խոսքը այն մարմնի մասին է, որի մեջ Աստված մարմնացել էր. քանի որ Նա սնվում էր հացով, որոշակի առումով նույնանում էր հացի հետ, – քանի որ կերակուրը, ինչպես արդեն ասացինք, փոխակերպվում է, ձեռքբերելով մարմնի բնությունը: Հիրավի, այդ փառավոր մարմնի վերաբերյալ գիտենք, որ օժտված էր մարդկային բոլոր էակներին բնորոշ հատկություններով. այդ մարմինը նույնպես իր գոյապահպանումն ապահովում էր հացի օգնությամբ: Բայց այդ մարմինը, Բանի ներբնակության պատճառով, մասնակցում էր աստվածային արժանապատվությանը: Հետևաբար, արդարացի հիմքեր ունենք այժմ հավատալու, որ Աստծո Բանի կողմից սրբագործված հացը փոխակերպվում է, դառնալու համար Բանի մարմինը: […] Փոխակերպումը, որն աստվածային զորության մակարդակին բարձրացրեց այդ մարմնին փոխակերպված հացը, այստեղ տակավին արդյունավորում է համարժեք մի արդյունք: Առաջին դեպքում, Բանի շնորհը սրբագործում էր մարմինը, որը հացից վերցնում էր իր գոյացությունը, և որը, որոշակի առումով, ինքն իսկ հաց էր: Նմանապես այստեղ հացը սրբագործվում է Աստծո Բանի(*) միջամտությամբ և աղոթքով: […] Այն անմիջապես փոխակերպվում է Նրա մարմնին, […] ինչպես ասված է այս խոսքով. «Սա իմ մարմինն է»: […]
Ահա թե ինչու, շնորհի տնօրինության մեջ, այն պարգևվում է բոլոր հավատացյալներին որպես սերմ. ընդմեջ հացից և գինուց կազմված այս մարմնի՝ խառնվում է նրանց մարմնին, որպեսզի մարդը, շնորհիվ անմահ մարմնի հետ միության, մասնակցի գոյության այն կերպին, որն այլևս չի գտնվում ապականության իշխանության տակ: […]
ԳՐԻԳՈՐ ՆՅՈՒՍԱՑԻ, Մեծ Քրիստոնեական
—————————————————————————————————————————————————
(*) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։
Աղբյուր ՝ https://mashtoz.org/