Երենիոսը պատմում է, որ Անիկտոս [Ժ-ի] օրերում, որի մասին ասացինք, թե Հռոմի եկեղեցու եպիսկոպոսն էր, Պոլիկարպոսը եկավ Հռոմ քաղաքը, որովհետև Զատկի օրերի մասին Անիկտոսի հետ քննարկելու բան ուներ: Պոլիկարպոսի մասին ևս մի պատմություն է ավանդվել մեզ, որ և արժան է հիշել նրա մասին եղածների հետ: Եվ Երենիոսն «Ընդդեմ հերձվածողների» երկի` Գ. գրքի [Երրորդ գլխում] գրում է. «Պոլիկարպոսն,- ասում է,- ո՛չ միայն աշակերտեց շատերին, որ տեսել էին մեր Տիրոջը, այլև հենց առաքյալների ձեռքով կարգվեց Ասիական կողմերի` Զմյուռնացիների եկեղեցու եպիսկոպոս, որ և մենք տեսանք նրան մեր մանկության օրերին: Եվ երկար ապրեց աշխարհում և ծերացավ բավականին և սքանչելապես ու հրապարակավ վկայեց և այդպես հեռացավ աշխարհից»,- որի համար մենք [ևս] ասացինք, թե` «առաքյալներից սովորեց ճշմարտությունը, այն, որ եկեղեցին այսօր պահում է»:
Կան ոմանք, որ լսեցին նրանից, որ ասում էր, թե` «Տիրոջ աշակերտ Հովհաննեսը գնաց Եփեսոս` լողանալու, և ներսում տեսավ Կերինթոսին, և վազելով դուրս եկավ բաղնիքից և չլողացավ: Եվ ասաց. «Փախե՛ք այստեղից, որ բաղնիքը չքանդվի մեզ վրա, որովհետև այստեղ է Կերինթոսը` ճշմարտության թշնամին»:
Նաև Մարկիոնն է մի անգամ եկել Պոլիկարպոսին աղաչելու և ասել է. «Ճանաչեցի՞ր մեզ»: Եվ նա ասել է. «Ճանաչում եմ քեզ, որովհետև դու սատանայի անդրանիկն ես»: Եվ այս զգուշությունն ունեին առաքյալներն ու նրանց աշակերտները, որ անգամ խոսքով չէին շփվում արդարությունից հեռացած որևէ մեկի հետ, որ և Պողոսն ասաց. «Հեռացի՛ր հերձվածող մարդուց՝ մեկ կամ երկու անգամ նրան խրատելուց հետո. իմացի՛ր, որ շեղված է այդպիսին և մեղանչում է՝ ինքն իսկ դատապարտելով իրեն» (Տիտ. Գ. 10-11): Բայց կա նաև Պոլիկարպոսի մյուս թուղթը ևս, որ գրեց Փիլիպպեցիներին, որից նրա ճշմարիտ քարոզության և հավատքի օրինակը կարող են սովորել [նրանք], ովքեր կամենում և հոգում են իրենց կյանքի մասին:
Անտոնինոսը [Անտոնիոս Պիոսը], որին հիշում է Եվսեբիոսը, թագավորեց քսաներկու տարի, և Մարկոս Վաղերիոսը [Մարկոս Ավրելիոսը]` Անտոնինոսի որդին, իր եղբայր Ղուկիոս Վերոսի հետ ընդունեց իշխանությունը: Այդ ժամանակ մեծ խռովք եղավ Ասիական կողմում և հալածանքներ եկեղեցու դեմ, և Պոլիկարպոսը վկայի մահ ընդունեց: Եվ մինչև օրս պահպանված` նրա վկայության գիրն արժան է դնել այս հիշատակի պատմության մեջ, որովհետև այն շարադրված է իր առաջնորդած եկեղեցու [հոգևորականների] ձեռքով:
* * *
Այս խոսքով հայտնի ենք դարձնում Ասիական կողմի եկեղեցիներին և սուրբ եկեղեցու համայն ժողովրդին. Աստծու և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հոր խաղաղությունն ու սերը թո՛ղ շատանա: Բոլոր վկաների համար ենք գրում ձեզ, եղբայրնե՛ր, Պոլիկարպոս երանելու մասին, որ իր վկայությամբ վերջ դրեց, և դադարեցին հալածանքները: Սրանից հետո և Պոլիկարպոսի պատմությունից առաջ պատմում և գրով հայտնի են դարձնում մյուս վկաների մասին, թե ինչպիսի համբերություն ցուցաբերեցին նրանք իրենց ցավերի մեջ, այնքան, որ զարմացրեցին շուրջը եղողներին ու նայողներին, որովհետև մի ժամանակ կար, որ մինչև մկաններն այրում-խորովում էին, այնքան, որ որովայնի աղիքները երևային: Նաև ժամանակ էր լինում, որ ծովային խեցեմորթներ էին գցում նրանց մեջ: Սակայն [այդ պատմություններից] ամենազարմանալին քաջ Գերմանիկոսինն է, որ առաքինացավ այդ պատերազմում: Անփիպատոսը կամենում էր գայթակղել նրան, մանուկ հասակն էր փաստարկ բերում և ասում էր. «Փոքր ես, տակավին մանուկ: Խնայի՛ր քեզ»: Իսկ նա ուշադրություն չդարձրեց, այլ խնդությամբ պայքարի մեջ մտավ գազանի հետ: Եվ [գիշատչին] իր վրա էր կանչում` դիտավորյալ գրգռելով, որպեսզի շուտ պատառ-պատառ արվի և հեռանա այս ամբարիշտ աշխարհից: Եվ նրա սքանչելի մահվամբ ամբողջ ժողովուրդը զարմանում էր Աստծու այս սիրելի վկայի զորությամբ, [մինչդեռ անհավատների ամբոխը ոռնում էր. «Մա՛հ քրիստոնյաներին: Գտնե՛լ Պոլիկարպոսին»:]
Իսկ սքանչելի Պոլիկարպոսն անխռով մնաց նախկին վայրում և իր միտքն ու [հավատքը] հաստատուն պահեց: Բայց քանի որ եղբայրներից [ոմանք] համառորեն համոզում էին, որ իրեն փնտրում են, նրանց սիրույն համաձայնեց մի ագարակ տեղափոխվել: Քիչ ժամանակ անց նրա հետևից եկան այն տեղը, [որ նոր էր լքել], սակայն [լոկ] երկու պատանու բռնեցին: Եվ երբ նրանցից մեկին տանջեցին, նրանք տարան, ցույց տվեցին Պոլիկարպոսի կացարանը: Եվ երեկո էր, երբ հասան նրա մոտ: Եվ նրան վերնատանը նստած գտան, ու թեև [կարող էր] անցնել մյուս տունը և փախչել, բայց չկամեցավ և ասաց. «Թո՛ղ Տիրոջ կամքը լինի» (Գործք ԻԱ. 14): Եվ երբ իմացավ, որ եկել-հասել են, իջավ նրանց մոտ, խոսեց նրանց հետ զվարթերես և քաղցրաձայն: Պատվիրեց եկողների առջև սեղան դնել և ազնիվ խորտիկներ հյուրասիրեց և մեկ ժամ խնդրեց աղոթքի համար: Եվ նրան թույլ տվեցին: Եվ սկսեց աղոթել մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Եվ երբ եկողները լսում էին աղոթքը, հիանում էին, իսկ նրանցից շատերը զղջում [և ափսոսում] էին, թե ինչպիսի ալևոր, խոնարհ և Աստծուն արժանի մարդ է մահվան դատապարտված:
Եվ երբ եկավ այնտեղից գնալու ժամը, նրան գրաստի վրա նստեցրին և քաղաք տարան: Եվ հանդիպեցին Հերովդես դատավորն ու նրա հայր Ենեկտան և նստեցրին իրենց կառքը: Եվ կառքում նստած ժամանակ համոզում էին նրան. «Ի՞նչ վատ բան կլինի,-ասում էին,-եթե ասես` «Տե՛ր իմ կայսր»,- և զոհ մատուցես ու ապրես: Իսկ նա սկզբում չէր պատասխանում, բայց երբ շատ խոսեցին, ասաց նրանց. «Չե՛մ անի այն, ինչ դուք եք ասում»: Իսկ նրանք, երբ տեսան, որ չի համաձայնում, սկսեցին վատ բաներ ասել, և երբ կառքից վայր գցեցին, նրա կոնքերը ջախջախվեցին: Սակայն նա ուշադրություն չդարձրեց, այլ ասես իր հետ ոչինչ չէր եղել, շարունակեց արի և ուրախ ընթացքը:
Նրան ասպարեզ հանեցին, ուր գազաններն էին: Եվ մեծ ամբոխ էր հավաքվել ասպարեզում, [և այնպիսի աղմուկ էր], որ Պոլիկարպոսի ասպարեզ մտնելու ժամանակ մեկը մյուսին չէր լսում: Սակայն երբ մտնում էր, ձայն լսվեց երկնքից, որ ասաց. «Քաջալերվի՛ր, Պոլիկարպո՛ս»: Եվ ասողին ոչ ոք չտեսավ, բայց ձայնը մեր [եղբայրներից] շատերը լսեցին:
Եվ դատավորն սկսեց ստիպել և ասել. «Երդվի՛ր, և կազատեմ քեզ: Հայհոյի՛ր Քրիստոսին»: Պոլիկարպոսն ասաց նրան. «Ութսունվեց տարի է, որ ծառայում եմ Քրիստոսին, և ոչնչով չի նեղացրել ինձ: Ի՞նչպես կարող եմ հայհոյել իմ այն Թագավորին, որ փրկեց ինձ»: Անթիպատոսն ասաց նրան. «Գազաններին բաց ենք թողել, և եթե զղջալով ետ չկանգնես, քեզ նրանց մոտ կգցեմ»: Իսկ նա պատասխանեց. «Կանչի՛ր գազաններին, թո՛ղ գան, որովհետև մենք բարուց դեպի չար չենք փոխադրվում»: Դարձյալ շարունակեց դատավորը. «Եթե գազաններից չես վախենում, կրակով տանջամահ կանեմ քեզ»: Պոլիկարպոսն ասաց. «Դու սպառնում ես հրով, որ որոշ ժամանակ վառվում է, իսկ քիչ անց մարում: Իսկ ինչո՞ւ չգիտես դատաստանի հրի մասին, որ լինելու է, ինչպես և հավիտենական տանջանքների մասին, որ պատրաստված են սատանայի և ամբարիշտների համար: Այլևս մի՛ հապաղի՛ր. արա՛ ինչ կամենում ես»: Անթիպատոսն ապշել էր և ուղարկեց, որ ասպարեզում երեք անգամ բարձրաձայնի իր մասին: Եվ մունետիկն ազդարարեց, որ քրիստոնյա է: Եվ երբ գոչեց, հրեաների և հեթանոսների բազմությունը զայրույթով և բարկությամբ սկսեց աղաղակել և ասել. «Դա վարդապետն ու ուսուցիչն է ասիացիների, քրիստոնյաների հայրն ու դևերին կործանողը, որովհետև մարդկանց սովորեցնում է չերկրպագել դրանց»: Եվ այս ասելուց հետո սկսեցին աղաչել [Փիլիպպոս] իշխանին, որ մի առյուծ բաց թողնի Պոլիկարպոսի վրա: Իսկ իշխանն ասաց նրանց. «Իրավունք չկա, որովհետև անցել են [գազանա]խաղի օրերը»: Այնուհետև ամբոխն սկսեց աղաղակել, որ Պոլիկարպոսին ողջ-ողջ այրեն: Եվ երբ կրակի պատրաստությունն [ավարտին] էր [հասնում], սկսեց հանել հանդերձները, քանդեց գոտին, և հավատացյալները կամեցան հանել նրա հողաթափերը, որովհետև ամեն մեկը կամենում էր դիպչել նրա զգեստներին, քանի որ մանկուց ի վեր փայլել էր բարի վարքով: Բերեցին բոլոր անհրաժեշտ պարագաները, և երբ պատրաստվում էին մեխերով բևեռել, սուրբն ասաց նրանց. «Թո՛ւյլ տվեք, որ կրակին դիմանալու համար ինձ զորություն տվողն ինձ պահի կրակին` առանց բռնելու և առանց բևեռների»: Եվ նրանք թույլ տվեցին և չբևեռեցին նրան, այլ կապանքներով կապեցին. և ինքը ձեռքերը ետ պահեց և կապվեց որպես երևելի գառը, որ դուրս է բերվում մեծ հոտից` ամենակալ Աստծուն ընդունելի պատարագ մատուցվելու:
Եվ [սուրբն] սկսեց աղոթել. «Հայրդ օրհնյալ Քո Որդու` մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որի միջոցով ընկալեցինք Քո ճշմարտությունը, հրեշտակների Աստված, զորությունների և ամենայն արդարների, որ Քեզ մոտ ողջ են: Օրհնում եմ Քեզ, որ արժանի արեցիր այս օրվան և ժամին, Քո Քրիստոսի բաժակով վկաներին միանալու, ընդունելու հավիտենական կյանքն` առանց ապականության, որովհետև սրանցով մոտեցա` Քո դիմաց ընդունելի պատարագ լինելու»:
Եվ երբ ավարտեց աղոթքն ու ասաց` «Ամեն», սպասավորները վառեցին կրակը: Իսկ երբ հուրը բորբոքվեց, մի զարմանալի տեսարան բացվեց. հուրը խորանի ձև ընդունեց և ինչպես նավի առագաստը, երբ լցվում է օդով, բոլորել էր սրբի մարմինը: Իսկ նա [փայլում] էր ինչպես բովի մեջ փորձվող ոսկին կամ արծաթը, և մենք խնկի պես անույշ բույր էինք առնում: Եվ երբ անօրենները տեսան, որ կրակը չի կարող այրել սրբի մարմինը, մի դահիճի հրամայեցին մոտենալ և սրով խոցել նրա կողը: Եվ երբ այդ արեց, սաստիկ արյուն հոսեց և հանգցրեց հուրը, և ողջ ժողովուրդը զարմացավ, թե ինչ մեծ տարբերություն կա անհավատների և Աստծու հավատացյալների միջև:
Եվ երբ հարյուրապետը տեսավ հրեաների պայքարը, [ի տես բոլորի] սրբի մարմինը դրեց մեջտեղում, որպես նրանց սովորությունն էր, և այրեց: Իսկ հետո մենք ժողովեցինք նրա ոսկորների նշխարները, որ մեզ համար առավել էին, քան թանկագին ակնեղենն ու ընտիր ոսկին, և դրեցինք մի պատվավոր վայրում, որ Տերը ցույց տվեց մեզ:
* * *
Եվ այս գրվածքում պատմեցին նաև այլ սրբերի մասին, որ Պոլիկարպոսի վկայության ժամանակներում մարտիրոսվեցին, և երանելու [գործերի] հետ նշեցին նաև նրանցը, որ [նույնպես] արժանի են մեծ հիշատակի:
Վարք Սրբոց, Հատոր Դ, Ս. Էջմիածին – 2010թ.