XII դարի հայոց կաթողիկոս Ներսես Կլայեցի Շնորհալու «Ամոլք հաւատոյ եւ պարծանք սուրբ եկեղեցւոյ» շարականն է՝ նվիրված Ընդհանրական եկեղեցու IV դարի սիրված սրբերից Հակոբ Մծբնեցուն: Երգում է Խորեն Պալյանը: Սա Մծբնեցուն նվիրված Շնորհալու «Յաղթող եւ Սուրբ Հայրապետ» կանոնի մեկ շարականն է (Տէր Յերկնից): Հակոբ Մծբնեցին ծնվել է III դարում Հայկական Միջագետքի Մծբին քաղաքում: Ըստ ավանդության՝ եղել է Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ՝ Խոսրովուհու որդին է: Ըստ վկայաբանության՝ Հայոց Խոսրով Ա Մեծ թագավորի սպանությունից հետո, դայակի ձեռքով տարվել է Կեսարիա, որտեղ և կրթվել է քրիստոնեական ոգով: Ավելի ուշ քույրը նրան տանում է Պարսկաստան, որտեղ ապրում է արքունիքում: Պալատական ցոփ ու շվայտ կյանքը, սակայն, չի հետաքրքրում Հակոբին: Իր սրտի մեջ զգալով Աստծո կանչը՝ նա նախընտրում է ճգնավորական կյանքը: Ընտրելով մենակյացի կյանքը, Հակոբը բնակվում է անապատում, անտառներում, լեռների գագաթներին, գարնանն ու ամռանը բացօթյա և միայն ձմռանն էր հաստատվում փոքրիկ քարայրում, ուր մարմինն էր միայն տեղավորվում: Մի օր Հակոբ Մծբնեցին մոտենում է Սաթիթմա գետին, որի մոտ գյուղացիներ էին աշխատում: Երբ երանելին նրանցից խնդրում է ցույց տալ, թե որտեղ է գետի հունը և որտեղով կարելի է գետը անցնել, նրան, ծաղրելով, պատասխանում են. «Դու ճգնավոր ես, ջրի վրայով անցիր»: Սուրբ Հակոբը, հանելով իր վերարկուն, գցում է ջրի վրա և քայլելով անցնում գետը: Սա սրբի գործած առաջին հրաշքն էր: Հակոբ Մծբնեցին պատմությանը հայտնի առաջին մարդն է, որը փորձել է բարձրանալ Մասիս լեռան գագաթը: Եվ ահա, թե ինչու. մի առիթով Սուրբ Հակոբը տեղեկանում է, որ Մծբինի շրջակայքի բնակիչները թեև դարձի են եկել, սակայն ծաղրում են ջրհեղեղի և Նոյյան տապանի մասին պատմությունը: Սուրբը որոշում է անձամբ բարձրանալ Արարատ լեռն ու տապանից մասունք բերելով՝ փարատել անհավատների կասկածները: Հակոբ Մծբնեցին լանջերին հոգնում է և ննջում: Եվ ըստ ավանդության, Աստծո հրեշտակը նրա մոտ է դնում Նոյյան տապանից մի մասունք: Երբ արթնանում է, գոհություն է հայտնում ու փառք տալիս Աստծուն այդ շնորհին արժանացնելու համար և վերադառնում Մծբին: Այստեղ կառուցվում է մի վանք, ուր զետեղվում է տապանի մասունքը: Սուրբ մասունքից ճառագայթող զորությունից շատ հիվանդներ են բժշկվում, ովքեր փառաբանում ու օրհնում էին Աստծուն իրենց հանդեպ ցույց տրված ողորմության համար: Հետագայում Սուրբ Հակոբի անունով եկեղեցի է կառուցվում այն վայրում, որտեղ սուրբը հրեշտակից ստացել էր տապանի մասունքը: Դարերի խորքից եկած այս մասունքն այժմ պահվում է Սուրբ Էջմիածնում: Երբ վախճանվում է Մծբինի եպիսկոպոսը, կարիք է զգացվում նոր հայրապետ ընտրելու: Եվ Մծբինում մինչ եպիսկոպոսները խորհրդածում էին, թե ով պիտի լինի հաջորդը և պատրաստվում էին ընտրություն կատարել, Աստված տեսիլքի մեջ Մարուգե ճգնավորին հայտնում է, որ արժանի հաջորդը Սուրբ Հակոբն է: Նրան էլ ընտրում են եպիսկոպոս: Եպիսկոպոս ձեռնադրվելով՝ Սուրբ Հակոբ Մծբնեցին իր քարոզներով դարձի բերեց շատերին, հիմնեց դպրոցներ ու եկեղեցիներ: Սուրբ Հակոբը մասնակցել է Նիկիայի Ա տիեզերական ժողովին (325թ.): Եղել է Եփրեմ Ասորու ուսուցիչը: Հակոբ Մծբնեցին վախճանվել է 350 թվականին Մծբինում: Նրանից մեզ հասել են աստվածաբանական և կրոնաբարոյախոսական ճառեր ու գրվածքներ: Հետագայում նրա գերեզմանի վրա կառուցվել է եկեղեցի: Ներսես Շնորհալու այս շարականում հանդես են գալիս Մծբին քաղաքի քրիստոնյաները, որոնք մասը կազմեցին Հայաստանյայց եկեղեցու: Եվ այս երկուսին շարականագիրն անվանում է «հավատի լծակիցներ» և «սուրբ եկեղեցու պարծանք»: Հակոբ Մծբնեցին, որպես Երկնավոր հոտապետի՝ Քրիստոսի կողմից կարգված «քաջընթաց»՝ այսինքն ճշմարիտ ուղով ընթացող հովիվ, բազմեց առաքելական աթոռին: Հաջորդ հատվածում Մծբնեցին մեր առջև հառնում է որպես լուսափայլ մարգարիտ, որի շողերը լուսավորում են հեռաստաններն առանց սահմանի: Եվ վերջին տան մեջ շարականագիր Շնորհալին Հակոբ Մծբնեցուն անվանում է Աստծո հողեղեն շառավիղ, որը Տիրոջ մոտ մեր բարեխոսն է: Նա կենսաբեր Խոսքը՝ Հիսուսին փառաբանողն է, որով և մեզ համար դառնում է եկեղեցու պանծալի այրերից:
:
Օրհնեցէք զՏէր յերկնից,
Օրհնեցէք զՆա իմ պարծանց:
Ամոլք հաւատոյ եւ պարծանք սուրբ եկեղեցւոյ.
Եւ հովիւ քաջընթաց երկնաւոր հօտապետին.
Յառաքելական աթոռ նստար, երանելի սուրբ հայրապետ:
Մարգարիտ լուսափայլ եւ լուսաւորիչ տիեզերաց.
Սիւն լուսոյ սրբութեան կանգնեալ ի մէջ Հայաստանեայց.
Յառաքելական աթոռ նստար, երանելի սուրբ հայրապետ:
Հողանիւթ բարունակ եւ բարեխօս առ Տէր վասն մեր.
Բարեբանող Բանին կենաց եւ պարծանք եկեղեցւոյ.
Յառաքելական աթոռ նստար երանելի սուրբ հայրապետ: