Եբրայեցիներ 5.11-6.8
5.11 Այս մասին մենք շատ խօսք ունենք ասելու, բայց դրանք դժուար է բացատրել, քանզի թուլամիտ եղաք հասկանալու մէջ: 12 Հակառակ այն բանի, որ դուք ժամանակի ընթացքում ուսուցիչներ պէտք է լինէիք, բայց ահա հարկաւոր է, որ դուք սովորէք, թէ ինչ են Աստծոյ պատգամի նախատարրերը. եւ դուք կաթի կարիք ունէք եւ ոչ թէ՝ պինդ կերակրի. 13 քանի որ ով կաթնակեր է, անգիտակ է արդարութեան խօսքին, քանզի երեխայ է. 14 իսկ պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է, որոնց զգայարանները, քանի որ նրանք չափահաս են, վարժ են լաւը եւ վատը որոշելու մէջ:
6.1 Ուստի, Քրիստոսի մասին եղած նախագիտելիքները թողնելով, գանք չափահասներին սահմանուած ուսուցման՝ առանց վերստին հիմք դնելու մեռած գործերից ապաշխարելու, դէպի Աստուած հաւատի, 2 մկրտութիւնների վարդապետութեան, ձեռնադրութեան, մեռելների յարութեան եւ յաւիտենական դատաստանի վրայ: 3 Եւ արդ, այս բանը պիտի անենք, եթէ Աստուած թոյլ տայ. 4 որովհետեւ մէկ անգամ մկրտուածների համար – որ ճաշակեցին երկնաւոր պարգեւներից, հաղորդակից եղան Սուրբ Հոգուն, 5 Աստծոյ գեղեցիկ խօսքի վայելքն ունեցան եւ գալիք աշխարհի զօրութիւնները ճանաչեցին – 6 եթէ սայթաքեն, անհնար է երկրորդ անգամ ապաշխարութեամբ նորոգուել, որովհետեւ նրանք վերստին խաչն են հանում Աստծոյ Որդուն եւ դարձեալ խաղք ու խայտառակ դարձնում. 7 քանզի այն հողը, որ խմում է շատ անգամ իր վրայ թափուած անձրեւը եւ օգտակար արդիւնքներ է տալիս նրանց, որոնց համար մշակւում է, Աստծուց օրհնութիւն է ստանում: 8 Իսկ եթէ փուշ ու տատասկ է տալիս, նա անպէտք է եւ արժանի անէծքի. եւ նրա վախճանը այրուելն է:
Ավ. ըստ Ղուկասի 18.18-27
18 Մի իշխանաւոր նրան հարցրեց եւ ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պիտի անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»: 19 Յիսուս նրան ասաց. «Ինչո՞ւ ինձ բարի ես կոչում. ոչ ոք բարի չէ, այլ միայն՝ Աստուած: 20 Պատուիրանները գիտես՝ մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, մեծարի՛ր քո հօրը եւ մօրը»: 21 Եւ նա ասաց. «Այդ բոլորը պահել եմ իմ մանկութիւնից»: 22 Երբ Յիսուս այս լսեց, ասաց նրան. «Դեռ մի բան պակաս է քեզ. ինչ որ ունես, վաճառի՛ր ու տո՛ւր աղքատներին եւ երկնքում գանձեր կունենաս. եւ արի՛ իմ յետեւից»: 23 Երբ նա այս լսեց, տրտմեց, որովհետեւ չափազանց հարուստ էր: 24 Երբ Յիսուս նրան տեսաւ տրտմած, ասաց. «Ինչքա՜ն դժուարութեամբ Աստծոյ արքայութիւնը կմտնեն նրանք, որոնք հարստութիւն ունեն: 25 Աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քան թէ մի մեծահարուստ Աստծոյ արքայութիւնը մտնի»: 26 Եւ նրանք, որ լսեցին, ասացին. «Իսկ ո՞վ կարող է փրկուել»: 27 Եւ նա ասաց. «Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծոյ համար հնարաւոր է»: