Եբրայեցիներ 10.1- 8
1 Արդարեւ, գալիք բարիքների ստուերն էր օրէնքը եւ ոչ թէ՝ իրողութիւնների բուն կերպարանքը. այն նոյն պատարագները, որ մատուցում էին տարէցտարի, չէին կարող կատարեալ դարձնել մատուցողներին, 2 ապա թէ ոչ՝ նրանք կդադարէին մատուցելուց, քանի որ պաշտամունք մատուցողները, մի անգամ ընդմիշտ մաքրուած լինելով, այնուհետեւ մեղքի համար ոչ մի խղճմտանք չէին ունենայ: 3 Սակայն նրանք տարէցտարի այդ պատարագներով վերստին մեղքի յիշողութեան տակ էին մնում, 4 քանի որ նոխազների եւ ցուլերի արիւնը չէր կարող վերացնել մեղքերը: 5 Դրա համար էլ Քրիստոս, երբ աշխարհ մտաւ, ասաց. «Զոհեր եւ պատարագներ չցանկացար, այլ մի մարմին պատրաստեցիր ինձ համար: 6 Ողջակէզներ եւ մեղքերի համար արուած զոհեր քեզ հաճելի չեղան: 7 Այն ժամանակ ասացի, թէ՝ ահաւասիկ եկայ քո կամքը կատարելու, ո՛վ Աստուած (ինչպէս իմ մասին գրուած է օրէնքի գրքում)»: 8 Աւելի վերեւ ասում է, թէ՝ «Զոհեր, պատարագներ, ողջակէզներ եւ մեղքերի համար արուած զոհեր քեզ հաճելի չեղան եւ չուզեցիր (բաներ, որոնք ընծայւում էին ըստ օրէնքի)»:
Ավ. ըստ Ղուկասի 20.9-18
9 Եւ սկսեց ժողովրդին ասել այս առակը. «Մի մարդ այգի տնկեց եւ այն յանձնեց մշակներին, իսկ ինքը երկար ժամանակով ճանապարհորդութեան գնաց: 10 Եւ յարմար ժամանակին մշակների մօտ մի ծառայ ուղարկեց, որպէսզի այգու պտղից իր բաժինը տան նրան. իսկ մշակները ծեծեցին նրան եւ ձեռնունայն արձակեցին: 11 Տէրը դարձեալ մէկ ուրիշ ծառայ եւս ուղարկեց. նրանք սրան եւս ծեծեցին, անարգեցին եւ ձեռնունայն ճամփու դրեցին: 12 Ապա ուղարկեց նաեւ մի երրորդի. նրանք սրան էլ վիրաւորեցին եւ այգուց դուրս հանեցին: 13 Այգու տէրն ասաց. “Ի՞նչ անեմ. ուղարկեմ իմ սիրելի որդուն, թերեւս նրանից պատկառեն”: 14 Երբ մշակները նրան տեսան, իրար հետ խորհուրդ արեցին եւ ասացին. “Սա է ժառանգը. սպանենք նրան, որպէսզի ժառանգութիւնը մերը լինի”: 15 Եւ նրան այգուց դուրս հանեցին ու սպանեցին: Արդ, այգու տէրը նրանց ի՞նչ կանի: 16 Չէ՞ որ կգայ ու կորստեան կմատնի այդ մշակներին եւ այգին ուրիշներին կտայ»: 17 Երբ այս լսեցին, ասացին՝ քա՛ւ լիցի: Եւ Յիսուս, նրանց նայելով, ասաց. «Իսկ ի՞նչ է այն, որ գրուած է, թէ՝ “Այն վէմը, որ անարգեցին շինողները, նա է, որ անկիւնաքար եղաւ”: 18 Ով որ այս վէմին բախուի, կխորտակուի, եւ ում վրայ որ այն ընկնի, կճզմի նրան»: