Ճշմարիտ քրիստոնյայի կարևորագույն ձգտումն է ճանաչել իր Արարչին: Արարիչն Աստված Իր արարչագործությամբ անչափելի է, քանի որ աստվածային բնությունն անծայրածիր է և կատարյալ, իսկ մարդկային բնությունն, ընդհակառակը, սահմանափակ է և մեղքով շղարշված, որպեսզի կարողանա ճանաչել աստվածայինը: Մարդը կարող է Աստծուն ճանաչել միայն իր սահմանափակ մարդկային իմացությամբ: Պողոս առաքյալը գրել է. «Այժմ Աստծուն տեսնում ենք աղոտ կերպով, կարծես հայելու միջից, բայց երբ ամեն բանի կատարումը գա, Նրան կտեսնենք դեմառդեմ: Այժմ միայն մասնակիորեն եմ ճանաչում Աստծուն, բայց այն ժամանակ պիտի ճանաչեմ ամբողջապես, ճիշտ ինչպես Ինքն է ճանաչում ինձ» (Ա Կորնթ․ 13:12): Երանելի Մաքսիմ Խոստովանողը, սույն հատվածը մեկնելով, նշում է, որ հայելին խիղճն է, որ համապատասխանում է հոգևոր գործերին և պարզորոշ արտահայտում է այն բոլոր բարիքները, որ մարդը գործում է մաքուր սրտով և մտքով, ինչի շնորհիվ կարժանանա աստվածտեսության. «Երանի նրանց, որոնք սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթեոս 5:8):
«Գիտենք, որ Աստված ամենուր է, բայց ինչպե՞ս, դա չգիտենք: Գիտենք, որ Նա ոչնչից ամեն ինչ արարեց, իսկ թե ի՞նչ կերպ, չգիտենք: Գիտենք, որ Նա ծնվել է Սուրբ Կույսից, թե ինչպե՞ս, չգիտենք: Իսկ այն ժամանակ, երբ ամեն բանի կատարումը գա, այդ մասին կիմանանք ավելի պարզորոշ»,- ասել է սբ. Հովհան Ոսկեբերանը:
Ինչպես բանաստեղծին և նկարչին ենք ճանաչում իրենց գործերի միջոցով, այնպես էլ մենք՝ արարյալներս, մեր Արարչին կարող ենք բացահայտել Իր իսկ արարչագործությամբ: Այսինքն՝ մարդն Աստծու հետ հաղորդակցվում է իրեն շրջապատող արտաքին աշխարհի միջոցով: Հետևաբար, աստվածճանաչողությունը հնարավոր է այն գեղեցկության և ներդաշնակության շնորհիվ, որ կա աշխարհում: «Երկինքը պատմում է Աստծու փառքը և երկնքի հաստատությունը հայտնում է Նրա ձեռքի գործերը» (Սաղմոս 18:2): Սուրբ Գրքից կարելի է բազում վկայություններ գտնել, որոնց համաձայն հնարավոր է Աստծուն ճանաչել Իր արարչագործության շնորհիվ: Օրինակ՝ Պողոս առաքյալի ուսուցման համաձայն. «Աշխարհի ստեղծումից ի վեր Աստծո աներևույթ հատկանիշները, այսինքն՝ Նրա մշտնջենավոր զորությունն ու աստվածությունը իմացվում և տեսնվում են ստեղծագործության միջոցով, և սա նրա համար, որպեսզի մարդիկ որևէ արդարացում չունենան, քանի որ նրանք, Աստծուն ճանաչելով, իբրև Աստված չփառավորեցին և շնորհակալ չեղան Նրան, այլ անհեթեթ խորհուրդներ ունեցան, ուստի և նրանց միտքը անմտությամբ խավարեց» (Հռոմ․ 1:20-21), «Իսկապես բնությամբ հիմար էին բոլոր այն մարդիկ, որ աստվածգիտություն չունեին և անկարող էին տեսանելի բարի բաներից գիտենալ, թե որն է Գոյը, և ոչ էլ նայելով գործերին՝ ճանաչեցին նրանց Ճարտարապետին» (Իմաստ․ Սողոմոնի 13:1):
Մարդն իր և ուրիշների կյանքի միջոցով կարող է տեսնել, թե ինչպես է գործում աստվածային նախախնամությունն այս կամ այն իրավիճակներում: Նույնիսկ ամենահասարակ իրերում է թաքնված աստվածային հրաշքը՝ մայրամուտին հաջորդում է արևածագը, գարնան զարթոնքով անհետանում են ցրտաշունչ ձմռան հետքերը կամ երեխայի անկեղծ ժպիտն ուրախությամբ է լցնում նրան շրջապատողների սրտերը: Այս ամենը յուրահատուկ քարոզչություն է, որ կարիք չունի խոսքերի:
«Միայն սիրտն է սրատես, ամենագլխավորը աչքով չես տեսնի»,- այս նախադասությամբ Անտուան դը Սենտ-Էքզյուպերին «Փոքրիկ իշխանը» գրքում արտահայտել է այն միտքը, որ մարդն իրենից ներկայացնում է այն, ինչի մասին լռում է, ինչը թաքնված է իր սրտի խորքում, մտքում և զգացմունքներում, այլ ոչ թե այն, ինչը տեսանելի է բոլորին: Շատ հաճախ մենք ինքներս մեզ լիովին չենք ճանաչում և միայն Աստծու միջոցով է, որ կարողանում ենք բացահայտել ինքներս մեզ և մեզ շրջապատող աշխարհը: Մարդն, ինքն իրեն ճանաչելով, հասնում է աստվածճանաչողության, քանի որ նա արարվել է Աստծու պատկերով (Ծննդոց 1:27): Ողջ տեսանելի աշխարհում մարդն իր բանականությամբ ամենաբարձրագույն կերպով է վկայում Աստծու գոյության և կատարելության մասին:
Հավատավոր անձն իր հոգու աչքերով է հաղորդակցվում աստվածայինի հետ, որ անտեսանելի է և դրանում է երանությունը: Ս. Գրիգոր Աստվածաբանն ասել է. «Ոչ ոք մարդկանցից երբեք չի գտել և չի գտնի Աստծուն, թե Նա ինչպիսին է Իր բնությամբ և էությամբ: Կգտնի, ինչպես ես եմ կարծում, երբ այդ աստվածայինն ու աստվածանմանը՝ մեր միտքն ու խոսքը, միավորվի իր նմանին, կերպարը միավորվի Նախապատկերին, Ում և ձգտում է այժմ»:
Աստվածճանաչողության մեծագույն աղբյուրը Սուրբ Գիրքն է՝ Աստծու խոսքը, որից քաղում ենք ամենաբնական իմացությունը մեր Արարչի մասին: Սուրբ Գրքի ինչպես Հին, այնպես էլ Նոր կտակարանները հաղորդում են այն մասին, որ Աստված Իրեն բացահայտել է ոչ միայն բնության, այլ նաև մարդկային պատմության միջոցով, որի ժամանակ իրագործեց փրկության ծրագիրը՝ աշխարհ ուղարկեց Իր Միածին Որդուն, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա (Հովհաննես 3:16):
Եկեղեցու հայրերի հոգեշահ գրվածքներում ընթերցում ենք, որ կատարյալ աստվածճանաչողությունն անկրքությունն է, քանի որ «Իմաստությունը չի մտնի չարանենգ անձի մեջ և ոչ էլ կբնակվի այն մարմնի մեջ, որ մեղք է գործում» (Իմաստ․ Սողոմոնի 1:4):
Աստծուն տեսնելը հավիտենական կյանք է, և երանությունը չի կայանում միայն նրանում, որ գիտելիքներ ունենանք Աստծու մասին, այլ հասնենք աստվածճանաչողության բարձրագույն աստիճանին՝ սիրենք Աստծուն և Նրան ունենանք մեր մեջ:
Կազմեց Կարինե Սուգիկյանը