«Աստված, որ հին ժամանակներում մարգարեների միջոցով զանազան եղանակներով բազում անգամներ խոսեց հայրերի հետ, վերջում, այս օրերում, մեզ հետ խոսեց Որդու միջոցով»[1]: Եբրայեցիներին ուղղված նամակն այսպես է համադրում հեղաշրջական այն հանգրվանները, որոնց Աստված կամեցավ հետևել՝ պատմության ընթացքում մարդկանց գերբնական եղանակով հայտնվելու համար: Աստված փրկության Իր ծրագրերը նախապես հայտնեց Իսրայելին, մարգարեների միջոցով, որոնք խոսում էին Իր անունից: Բայց Իր վերջնական Խոսքը մարդկությանն ավանդվեց Հիսուս Քրիստոսի՝ Աստծո մարդացած Խոսքի կողմից: Իր սքանչելի բարությամբ և Իր հոգատար նախախնամությամբ՝ Աստված Իր ասելիքները համապատասխանեցնում է մեր բնությանը և աստվածային Խոսքը արտահայտվում է մարդկային լեզուներով և մարդկանց համար սովորական կերպով: Եվ քանի որ գրությունը մարդկային հաղորդակցության կերպերից մեկն է, հավիտենական Հայրը կամեցավ այն գործածել՝ գրությունների միջոցով ավանդելու համար մեզ Իր Խոսքը: Այդ գրությունները Աստվածաշնչի գրքերն են, որոնց «գլխավոր հեղինակն Աստված Ինքն է, մինչ մարդը նրանց գործիքային հեղինակն է»[2], այսինքն՝ շարադրության գործիքը Աստծո ձեռքերում:
Աստված հայտնվում է արարչության (տիեզերքի, կենդանական ու բուսական աշխարհի) և մարդու ներաշխարհի (մարդկային խղճի ներսում արձանագրված բնական օրենքի) միջոցով, այնպես՝ որ մարդը կարող է բանականության լույսի շնորհիվ ճանաչել Նրան: Այս հայտնությունը կոչում ենք բնական: Բայց մարդկային պատմության շղթան գոյացնող օրերից մեկում, Հիսուս Քրիստոսի ծնունդից մոտ երկու հազար տարի առաջ, երկնային փրկության ճամփան մարդկության առաջ բացելու համար, Աստված գերբնական կերպով հայտնվում է Միջագետքում ապրող մի մարդու. Աբրահամին: Վերջինս ստանում է աստվածային մի կոչում, որը նրան մղում է թողնելու իր ծննդավայրը, ինչպես նաև մի խոստում. դառնալու էր հայրը մի բազմանդամ ժողովրդի [3]: Այդ ժողովուրդը նախ լինելու էր Իսրայելը, իսկ ապա՝ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին[4]: Աբրահամի կոչմամբ, մարդկության պատմության ընթացքում սկսում է իրագործվել Աստծո ծրագիրը, որն հայտնում է Իրեն և Իր կամքի խորհուրդը: Այս ծրագիրն իր գագաթնակետին հասնում է Հիսուս Քրիստոսի՝ Աստծո մարդացած Խոսքի գալուստով և Սուրբ Հոգու առաքմամբ, որը հավաքում է Եկեղեցին և կենագործում է այն: Աստծո այս հայտնությունը կոչում ենք գերբնական կամ դրույթային (պոզիտիվ), որի միջոցով՝ անտեսանելին Աստված, ըստ Իր անսահման սիրո, բարեկամաբար խոսում է մարդկանց և զրուցում է նրանց հետ, նրանց հրավիրելու և ընդունելու համար Իր հետ հաղորդակցության:
_______________________________________________________________________________________________________
[1] Եբր 1, 1
[2] Սբ. Թովմաս Աքվինացի, Զանազան հարցերի շուրջ, 7, a. 14, ad 5.
[3] Հմմտ. Ծնդ 12, 2-3
[4] Հմմտ. Գղտ 3, 6-9
Վերցված է ՝ https://mashtoz.org/ Էջից