«Արեգականն արդարութեան ծագման արուսեակդ առաւօտեան.
Նախընթաց ճանապարհի Որդւոյն Աստուծոյ տնօրէնութեան սուրբ Յովհաննէս.
Առ Քրիստոս բարեխօսեա՛ վասն անձանց մերոց:
Բարձրելոյն անճառ խորոց տեսանող իմաստիւք հոգւոյն.
Ի յորովայնէ մաքրեալ տաճար Աստուծոյն եւ բնակարան Սուրբ Երրորդութեանն.
Առ Քրիստոս բարեխօսեա՛ վասն անձանց մերոց:
Գաբրիէլ հրեշտակապետն առաքեալ առ Զաքարիաս.
Աւետարանել զհրաշալի ծնունդ քո սուրբ յամուլ ծերոյն Եղիսաբեթէ.
Առ Քրիստոս բարեխօսեա՛ վասն անձանց մերոց»:
(Շարակնոց)
Ըստ Քրիստոսի աստուածային բերանի անզուգական ու անսուտ գովեստի՝ կանանցից ծնուածներից մեծը եւ Իր Կարապետ ու Մկրտիչ սուրբ Յովհաննէսը Հայաստանեայց Եկեղեցու տօնացոյցի սուրբերի մէջ գեղեցիկ խորհրդով զբաղեցնում է առաջին տեղը, որովհետեւ նախ` ինչպէս որ տարուայ վերջում՝ նախքան մեր Փրկչի Ծնունդը եւ Յայտնութիւնը, տօնում ենք աստուածամերձ սուրբերի` որպէս տէրունական տնօրինութեան գլխաւոր վկաների աւագ տօները, այնպէս էլ նոյն խորհրդով Աստուածյայտնութեան ու Մկրտութեան տօնից ութ օր անց յիշատակում ենք սուրբ Կարապետի` Աստուծոյ Որդու Մկրտչի առաջին եւ մեծ տօնը, որն էլ հանդիսանում է մեր տօնացոյցի սկիզբը: Երկրորդ` նա է հանդիսանում հին եւ նոր սուրբերի բոլոր դասերի պարագլուխը, հայրենաւանդ ու մովսիսական օրէնքի լրումը եւ քրիստոսաւանդ շնորհագիր օրէնքների նախասկիզբը: Երրորդ, որն ամենամեծն է, համարւում է որպէս բոլոր սուրբերի առաքինութիւնների հանդէսն իր անձի մէջ ցոյց տուող անարատ հայելի, նախահաւատ նախահայր` ճանաչուած առաջին նահապետների հետ, տեսանողների 1 դասում` աննման մարգարէ, առաքեալների դասում` նորօրինակ առաքեալ, վարդապետների դասում` գերագոյն Խօսքի քարոզ, անապատում իր խստակրօն մենակեցութեամբ՝ օրինակ ճգնաւորներին, վայելչութեան կերպով՝ զգաստութիւն կրօնաւորներին, պանծալի մարտիրոս` վկայելով Ճշմարտութիւնն իր արեամբ, հողանիւթ հրեշտակ` մարմնի մէջ անմարմին քաղաքավարութեամբ. մի խօսքով` բոլոր արդարների ու առաքինիների դասերի երկնաչու ընթացքի նախաշաւիղ առաջնորդ` զարդարուած սրբութեան հրաշագեղ վարքով, խոնարհութեամբ, աղքատութեամբ, աշխարհի հանդէպ մեռելութեամբ, լիակատար համբերութեամբ, Աստուծոյ եւ ընկերոջ հանդէպ կատարեալ սիրով, որը եւ պատուիրանների գլուխն է ու կատարելութիւնը:
Եւ նա մեծ խորհրդով առաջ ընթացաւ իբրեւ Աստուծոյ Բանի կարապետ, իբրեւ երկնաւոր Փեսայի ու Եկեղեցու փեսաւէր 2 եւ բարեկամ, իբրեւ քահանայի որդի, իբրեւ ձեռնադրող ու մկրտիչ Աստուծոյ Որդու` մեր ճշմարիտ Քահանայապետի եւ շնորհաբուխ խորհուրդների Օրինադրի: Առանձնայատուկ է նրա անհամեմատելի մեծութեան պատիւն ու նրա փառաւորութեան պանծալի պսակը, ինքնատիպ է դեռեւս արգանդից սրբութիւնների Սրբութեան այցելութեամբ նրա սրբութիւնը: Նրա սքանչելի ծնունդը տօնելի եղաւ, որը չվիճակուեց ոչ ոքի, այլ միայն Տիրոջը, Տիրամօրն ու նրան: Եւ քանի որ տարուայ մէջ մեծ Մկրտչի այլեւայլ տօները տօնախմբւում են տարբեր օրերին, մենք եւս պէտք է համապատասխան տօնի առիթով զուգահեռաբար ճառենք նրա մասին` դնելով այս մատեանի 3 ու տարուայ սկիզբը եւ խօսենք Կարապետի ծագման ու Քրիստոսի մկրտութեան մասին:
Արդ, երբ Արդարութեան Արեգակը` Լուսոյ Հօրից ճառագող անստուեր Լոյսը, պատրաստւում էր երկնքից երկիր ծագել, որպէսզի փարատէր մեղքերի խաւարը եւ լուսաւորէր աշխարհ եկող ողջ մարդկային ազգին, ի նշան Իր մօտալուտ Գալստեան՝ ընտրեց առաւօտեան արուսեակին` լուսատիպ ու անաղօտափայլ նախավառ Ճրագին` Յովհաննէս Կարապետին՝ ըստ առաւօտեան արուսեակ կոչուող լուսաբեր եթերային աստղի օրինակի, որը նախընթաց կերպով ծագելով՝ ազդարարում է արեգակի ծագման մասին եւ դառնում նրա կարապետն ու ելման նախանշանը: Եւ քանի որ մեծ էր այդ Խորհուրդը, նա երեւաց մեծամեծ նշաններով ու սքանչելի ծագումով եւ գործով հաւաստեց, որ ինքն է արքայից Արքայի Գալստեան մեծագոյն խորհրդի մարգարէն:
Եւ մինչ ողջ աշխարհը խարխափում էր անաստուածութեան եւ անձնապաշտութեան խաւարում՝ ինչպէս գիշերը, երբ ողջ տիեզերքն ընկղմուած էր հեթանոսութեան մէջ, ու Իսրայէլի աստուածածանօթ ժողովուրդը վայրաքարշ կերպով կապուած էր երկրին, Հրէաստանի արքայ Անթիպատրէսի որդի Հերովդէսի օրերին անակնկալ ժամանակին Լոյս ծագեց: Քիչ էին հանդիպում ճշմարիտ աստուածապաշտներ եւ Աստծուց երկիւղածներ: Եւ այդ քչից մեծ Կարապետին ծնողներ լինելու համար ընտրուեցին ժամանակի ընտրելագոյնները` սուրբ Զաքարիա քահանան` Աբիայի դասից, եւ նրա կինը` Եղիսաբէթը` Ահարոնի դուստրերից, որոնց յար եւ նման արժանաւոր գովեստն է անում աւետարանագիր Ղուկասը` ասելով. «Եւ երկուսն էլ Աստուծոյ առաջ արդար էին ու անարատ կերպով ընթանում էին Տիրոջ բոլոր պատուիրանների եւ օրէնքների ճանապարհով» [Ղուկ. Ա 6]:
Նրանցից ծնուեց կանանցից ծնուածներից մեծը, ծնուեց բնութեան օրէնքից վեր` ամուլ մօրից ու ալեւոր հօրից: Նրա ծննդեան աւետիսն անհաւատալի թուաց անգամ իր իսկ ծնողին: Համրացաւ նրա լեզուն, քանզի վարանեց հաւատալ Կանչողի ձայնի` դեռեւս հնուց կանխատեսուած նոր մարգարէի ծագելուն: Սակայն գործը պէտք է գլուխ գար՝ ըստ Աստուծոյ կողմից առաքուած Գաբրիէլի խօսքի, պէտք էր նրանց աստուածապարգեւ զաւակ լինէր` Յովհաննէս անուամբ, յուրախութիւն իր ծնողների եւ ի խնդութիւն շատերի: Պէտք է լինէր երկրորդ Եղիան՝ նրա նմանութեամբ, բայց առաւել, քան նա, քանզի Յովհաննէսը դեռեւս իր մօր որովայնում լցուած եղաւ Հոգով:
Եւ սա եւս նորահրաշ օրինակով եղաւ, քանզի Ինքն իսկ՝ Արդարութեան Արեգակը, բազմելով կուսական արգանդում՝ իբրեւ հրեղէն կառքին, ճեպով այցելեց Իր Կարապետին՝ նրան փութով ճանապարհ գցելու ու Իր արփիափայլ ծագման մասին աւետարանելու համար: Զաքարիայի տունը լցուեց լուսալիր խնդութեամբ, եւ նախքան Արեգակի ելքը Եղիսաբէթի տունն արեգակնափայլ ծագմամբ լուսազգեստ եղաւ. Աստուծոյ լեռը թեքուեց դէպի Յուդայի լեռնակողմը, իսկ աստուածավայելուչ տաճարը` դէպի քահանայական յարկը: Քանզի երբ աստուածութեան օթեւան ամենօրհնեալ Աստուածամայրը ցնծութեան ձայնով լուսասփիւռ ողջոյն ընծայեց, արուսեակի ծնողը Հոգով լցուած բարձրաձայն օրհնեց Օրհնեալին: Խայտաց մաքուր մանուկը Մաքրազարդողի առջեւ ու մօր որովայնից երկրպագեց Տիրամօր որովայնում յարկ գտած Իր Արարչին: Եւ մանկացած Աստուած Իր պարգեւների ողջ լիութիւնը առատ զեղմամբ հեղեց դեռեւս չծնուած, բայց Իր Սուրբ Հոգով լցուած մարգարէի վրայ: Աստուածամայրը երեք ամիս մնաց Եղիսաբէթի մօտ՝ աշխարհի սկզբից իր Ընտրեալի կամքի հաճութիւնն ունենալու համար:
Սակայն սքանչելի արուսեակը` Յովհաննէսը, չհանդուրժելով Տիրոջ անճառելի խոնարհութիւնը, խօսք դրեց իր մօր բերանում` նախքան իր ելնելը Արեգակին Իր տեղը դարձնել, քանզի գիտէր, որ ճրագն անկարող է Արեւի առաջ երեւալ, եւ առաւել անհանդուրժելի է իր ծննդեան ժամանակ Լուսոյ Մօրից սպասաւորութիւն ընդունել: Այդ պատճառով երբ մերձեցան նրա լոյս աշխարհ գալու օրերը, հոգելից Եղիսաբէթն իր ամենասրբուհի ազգակցին հարազատաբար ու խոնարհութեամբ ասաց. «Ո՛վ անարատ Կոյս, Մայր երկնաւո՛ր Թագաւորի, դու եկար այստեղ օրհնաբեր ողջոյնով եւ լիացրիր մեզ ամէն բարիքներով: Արդ, խաղաղութեամբ գնա՛ քո յարկը, ով տաճա՛րդ Աստուծոյ, քանզի Արքային վայել չէ սպասաւոր լինել ծառային, եւ ոչ էլ արքայուհուն՝ հոգ տանել աղախնու համար: Վերցրո՛ւ, տա՛ր Արդարութեան Արեգակին եւ թո՛յլ տուր, որ իմ ճրագը վառուի իր չափաւոր նշոյլներով, քանզի նրան կիզելով՝ կայրի քո որովայնի կիզիչ Հուրը: Եւ եթէ հրեղէնները չեն կարողանում տանել Նրա Լոյսը, ապա որքա՜ն առաւել անկարող է Այն տանել հողեղէնը»:
Ապա լուսածին Կոյսն Աստուածորդու հետ, Ում կրում էր իր արգանդում, դարձաւ Նազարէթի իր տունը: Իսկ Եղիսաբէթը, իբրեւ նորատեսիլ արուսեակի, լոյս ընծայեց իր երանելի մանկանը, աւետման որդուն եւ ողջ աշխարհի մեծամեծ բարիքների աւետաւոր մարգարէին: Նրան խնդակից էր իր ողջ ազգատոհմը: Մեծ ողորմութիւն արեց Տէրը` պտուղ պարգեւելով ամուլ արգանդից, ու գովելի ծնողներին ընծայեց ամենագովելի զաւակ, որի յարգը կատարուող դէպքերի բերումով օրէցօր մեծանում էր: Քանզի ութ օր անց՝ թլփատութեան պահին, երբ կամենում էին նրան Զաքարիա կոչել` ի յիշատակ հօր, ում ինն ամիս համր լինելու պատճառով կեանքից շուտով հեռացող էին տեսնում, Եղիսաբէթը Հոգու ազդմամբ ընդդիմանում էր եւ պնդում, թէ մանուկը Յովհաննէս պիտի կոչուի: Նոյնը հաստատում էր նաեւ Զաքարիան` տախտակի վրայ գրելով նրա անունը, որովհետեւ դեռեւս չէին արձակուել նրա լեզուի կապանքները:
Եւ ահա` դարձեալ սքանչելիք այդ պահին, որը խիստ զարմացրեց բոլորին. երկու ծնողներն էլ մի հոգով նոյն անունն էին սահմանում իրենց որդու համար: Եւ երբ Զաքարիան գրեց. «Դրա անունը Յովհաննէս է», ով պիտի լինէր անապատում Կանչողի ձայնը եւ Աստուծոյ Բանի քարոզիչը, նոյն պահին արձակուեց լեզուն, ու ասես թէ գրելուն զուգահեռ` ասաց. «Յովհաննէ՛ս է դրա անունը»: Այնուհետեւ սկսեց համարձակաձայն խօսքերով օրհնել Աստծուն այս բոլոր պատահածների համար, մարգարէական հոգով լցուած յայտնապէս քարոզել խորին Խորհուրդը եւ ասել, թէ հասել է հայրերին խոստացած մեծ Ուխտի կատարման ժամանակը` Բանի աշխարհ Գալուստը, եւ թէ Նրա առաջընթաց մարգարէն, անշուշտ, այս Յովհաննէսը պիտի լինի: Այդպէս էլ եղաւ. մանուկն աճեց ու զօրացաւ, իսկ ամենակալ Տէրն Իր Հոգով բնակւում էր նրա մէջ, եւ Իր Ձեռքը նրա վրայ էր:
Այս մեծամեծ սքանչելիքներից մեծ ահ ընկաւ բոլոր մերձաւորների ու հեռաւորների վրայ: Նրանք զարմացած ասում էին. «Արդեօք ինչ կը լինի այս մանուկը»: Հնչեց այդ ժամին նրա անունը, սակայն պահուած էր, եւ պիտի գար մի այլ ժամանակ, երբ աշխարհի բոլոր ծայրերում պիտի հնչէր անապատում Կանչողի ձայնը, որպէսզի մարդիկ պատրաստուէին ընդունել երկնքի ու երկրի Թագաւորի Գալուստը: Այդ պատճառով նա մանուկ հասակից միառժամանակ խորհրդաբար մեկուսացուեց անապատում, մինչեւ որ մօտենար աշխարհի Փրկչին տիեզերքին յայտնելու ժամանակը, ու լինէր Նրա Գալստեան աւետարանիչը: Եւ ինչպէս պատմում է նախնիների աւանդութիւնը, երբ Հերովդէսը կոտորում էր Բեթղեհէմի մանուկներին՝ նպատակ դնելով այդ թւում վերացնել տիեզերքի Փրկչին, կամեցաւ նաեւ Յովհաննէսին սպանել, ուր էլ որ նրան գտնէր, որովհետեւ ողջ Հրէաստանով մէկ հռչակուել էր նրա սքանչելի ծննդեան համբաւը: Այնժամ Եղիսաբէթը, շտապ վերցնելով մանկանը, փախաւ դէպի լեռը: Տեսնելով իրեն հետապնդող թագաւորի մարդկանց՝ Եղիսաբէթն աղաղակեց Տիրոջը, եւ նոյն պահին պատռուեց վէմը` իր մէջ առնելով մօրն ու մանկանը: Վտանգն անցնելուց յետոյ Տիրոջ հրեշտակը նրանց դուրս բերեց վէմից, Եղիսաբէթին պատուիրեց գնալ իր տուն, իսկ մանկանը թողնել անապատում՝ ասելով. «Աստուծոյ հրամանով մենք կը սպասաւորենք այս մանկանը»:
Գալով Եղիսաբէթը վախճանուած գտաւ Զաքարիային, բայց աւելի ճիշտ` նահատակուած յանուն Ճշմարտութեան, քանզի ըստ շատերի հաւանելի կարծիքի՝ հերովդէսական հրեաները սպանել էին նրան տաճարում, որովհետեւ նա քարոզել էր ճշմարիտ Մեսիայի` Քրիստոսի Գալստեան մասին ու նաեւ թաքցրել իր որդուն: Իսկ մանուկ Յովհաննէսը մնաց անապատում` անտես մարդկանցից, եւ սպասաւորուեց հրեշտակների կողմից, մինչեւ կը լրանար իր երեսուն տարին:
Ապա Տիբերիոս կայսեր իշխանութեան տասնհինգերորդ տարում անապատում Աստուծոյ Խօսքը լսելի եղաւ Յովհաննէսին՝ գալ Յորդանան գետի կողմերն ու աշխարհին քարոզել ապաշխարութեան մկրտութիւն` մեղքերի թողութեան համար: Այնժամ սուրբ Կարապետն սկսեց այն ծառայութիւնը, որի համար ընտրուել էր. այն էր` լինել ամենակալ Տիրոջ աւետաւորն ու առաջընթաց պատգամաւորը` նորահրաշ կերպով ճանապարհ հարթելով Նրա առջեւ եւ լինել անապատում Կանչողի ձայնը: Պէտք է լինէր մարմնացեալ Բանի քարոզը ոչ թէ ճարտար խօսքերով, այլ Ճշմարտութեան նախանձախնդրութեամբ` ըստ Եղիայի, ոչ թէ երեւելի շուքով, այլ անշուք ու նուաստ կերպարանքով: Որպէս քրձազգեստ ճգնաւոր՝ ունէր ուղտի մազից հանդերձ եւ մէջքին` կաշուէ գօտի: Չափաւոր կերակուրն առանց պատրաստութեան էր, որն էր վայրի մեղրն ու մորեխը: Նա կամենում էր ապաշխարութեան քարոզչութիւնը խօսքից առաւել գործով հաստատել, որի մէջ արդէն թրծուել էր իր երեսնամեայ խստակրօն ճգնակեցութեամբ:
Ողջ ժողովուրդը զարմանում էր Կարապետի գործերի վրայ, քանզի տեսնում էր անապատում մեծացած մի մարդու, ով տկարացել էր պահքերից, իր ճգնասէր վարքով եւ խոնարհ ընթացքով այլագունուել տապից ու ցրտից: Ինչպէս մի երկնաւոր հրեշտակ, նա նոր հոգելից քարոզչութիւն էր անում, որին անծանօթ էին: Բայց երբ լսում էին նրա հոգեբուխ շուրթերից տարածուող ազդու խօսքերը, յօժարակամ ու փութով աշակերտում էին նրա վարդապետութեանը, խոստովանում իրենց մեղքերը, ուղղում իրենց վարքը եւ ապաշխարութեան կարգով նրա կողմից ջրով մկրտւում մեղքերի թողութեան համար, որը մեծ շինութիւն ու մխիթարութիւն էր բարեսէր մարդկանց համար: Ճշմարտութեան բոլոր ունկնդիրները նրան իրապէս ընդունում էին որպէս Աստուծոյ մարդու եւ մարգարէի, ով իրենց ցոյց է տալիս դէպի Աստուած տանող Ճանապարհը ու աւետարանում աշխարհին ակնկալուող փրկութիւնը, եւ մինչեւ անգամ շատերը կարծում էին, թէ Մեսիան հէնց ինքն է:
Իսկ երանելին, իրենից հեռու վանելով այդ փառաւոր անունը, յայտնաբար ու առանց վարանելու խոստովանում էր. «Ես չեմ Քրիստոսը, այլ ուղարկուած եմ Նրա առջեւից իբրեւ կարապետ եւ փեսաւէր: Ես արժանի չեմ անգամ ծառայաբար արձակելու Նրա կօշիկների կապերը: Ձեր մէջ կայ Մէկը, Ում դուք չէք ճանաչում: Դուք, որ կարօտ էք Լոյսի, տեսնում էք արուսեակին, բայց նրան արեգակ էք համարում: Պատրաստէ՛ք ձեր սրտերը, որպէսզի ձեր մէջ ծագի Նա Ինքը` Լոյսի Աղբիւրը, Արդարութեան Արեգակը: Ես ձեզ մկրտում եմ ջրով` ապաշխարութեան համար, բայց Ով գալու է ինձնից յետոյ, Ով անսահման յաւիտենութեամբ առաջ է ինձնից, Ով Հօր անսկիզբ Ծնունդն է, եւ Ով մտաւ ժամանակի մէջ՝ մարմին առնելով սուրբ Կոյսից, Նա կը մկրտի ձեզ Սուրբ Հոգով ու Հրով: Նա Ինքն է տիեզերքի Լուսատուն, Նա Ինքն է աշխարհի մեղքերը Սրբողը, ինչպէս որ ինձ սրբեց դեռեւս արգանդից եւ լուսաւորեց: Նա սուրբերի Սրբութիւն է ու Լոյս Լոյսից, Կեանք Կեանքից եւ ամէնքի Կենդանարար, Թագաւոր թագաւորների ու Դատաւոր ողջերի եւ մեռեալների: Նա այժմ գառան հեզութեամբ գալիս է իբրեւ Հովիւ, որպէսզի ի մի ժողովի Աստուծոյ ցրուած ժողովրդին ու բարին պարգեւի բոլորին: Միւս անգամ պիտի գայ փառքով՝ զատելու ընտրեալներին մեղաւորներից եւ հատուցելու իւրաքանչիւրին՝ ըստ իր գործերի»:
Այսպիսի եւ առաւել, քան այսպիսի խօսքեր էր աւետարանում ժողովրդին Յովհաննէսը: Մխիթարում էր ու խրատում, յանդիմանում էր եւ դարմանում: Նա, իր աշակերտներին մատնացոյց անելով փրկութեան Առաջնորդին, ասաց. «Ահաւասիկ Գառն Աստուծոյ, որ վերացնում է աշխարհի մեղքը» [Յովհ. Ա 29], ու մի խօսքի մէջ խորիմաստ կերպով բովանդակեց անճառ տնօրէնութեան ողջ Խորհուրդը:
Երբ Տէրը գալով կամեցաւ մկրտուել Իր ծառայի կողմից, մեծ Կարապետը սոսկալով սարսեց իր Տիրոջ խոնարհութիւնից, որի համար հրաժարուեց, յանձն չառաւ այդ մեծ գործը եւ ասաց. «Ինձ պէտք է, որ Քեզնից մկրտուեմ, իսկ Դու ինձ մօ՞տ ես գալիս» [Մատթ. Գ 14]: Բայց ըստ հնազանդութեան՝ հարկ էր, որ նա լսէր Փրկչին, Ով ասաց իրեն. «Թո՛յլ տուր հիմա, որովհետեւ այսպէս վայել է, որ մենք կատարենք Աստուծոյ ամէն արդարութիւն [Մատթ. Գ 15], մկրտւում եմ, որ լուսաւորեմ աշխարհը, մկրտւում եմ, որ լուանամ Ադամի մեղքերը, մկրտւում եմ, որ բացեմ երկնքի դռները, մկրտւում եմ, որ Հօրը հաշտեցնեմ մարդկանց հետ, մկրտւում եմ, որ երկնքից Հօր Խօսքն իջեցնեմ, մկրտւում եմ, որ օդն ու ջուրը սրբեմ, մկրտւում եմ, որ ճշմարտութեան Հոգին յայտնեմ աշխարհին, մկրտւում եմ, որ աշխարհը մաքրեմ մեղքերից, մկրտւում եմ, որ վերստին զգեստաւորեմ մերկացած Ադամին, մկրտւում եմ, որ վերացնեմ մահը, մկրտւում եմ, որ աւերեմ դժոխքը, մկրտւում եմ, որ շէնացնեմ Արքայութիւնը, մկրտւում եմ, որ ջրով հանգցնեմ մարդկանց մեղքերի հուրը, մկրտւում եմ, որ հիմնարկեմ Եկեղեցին, մկրտւում եմ, որ կանգնեցնեմ սուրբ Սեղանը, մկրտւում եմ, որ հաստատեմ սուրբ Աւազանը, որով լուանամ մարդկանց մեղքերը եւ նրանց արժանացնեմ երկնքի Արքայութեանը»:
Եւ նա, որ մինչ այդ կարապետ էր, այժմ եղաւ նաեւ մկրտիչ Աստուծոյ Որդու: Ասես թէ ըստ կարգի Մելքիսեդեկի՝ քահանայական պաշտօն գործադրուեց ճշմարիտ Քահանայապետի վրայ, որի համար էլ նա կոչուեց նաեւ ձեռնադրող Աստուծոյ Որդու, եւ աւելին` մկրտութիւնից յետոյ տեսաւ Սուրբ Հոգու աղաւնակերպ էջքն Իր Էակցի վրայ:
Եւ արդ, ո՞ր խօսքերը կարող են պատմել նրա պատուական մեծութեան մասին, որ տրուեց մեծ Կարապետին այսպիսի խորհրդակատարութեամբ: Նա եղաւ ոչ միայն ամենակալ Տիրոջ պատգամաւորը, այլեւ Աստուծոյ Որդու ձեռնադրողն ու մկրտիչը: Մեր Տէրը եւս նոյն անուններով հռչակեց Իր Կարապետի անհամեմատելի մեծութիւնը, վեր դասեց նրան բոլոր ընտրեալների դասերից՝ ասելով. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնուածների մէջ Յովհաննէս Մկրտչից աւելի մեծը չի եղել» [Մատթ. ԺԱ 11]:
Այդ պատճառով Հայաստանեայց սուրբ Եկեղեցու բոլոր գլխաւոր մաղթանքներում Աստուածամօր անուանն առընթեր ըստ արժանւոյն յիշատակւում է սուրբ Կարապետի անունը՝ որպէս նրանից յետոյ տիեզերքի երկրորդ բարեխօսի: Նա մեծ պատուով փառաւորւում է բոլոր եկեղեցիներում՝ տարէցտարի տօնախմբուելով մի քանի անգամ` ծնունդը, գլխատումը, նշխարների գիւտը, դրանց այլեւայլ տեղեր փոխադրումը եւ այլն: Ո՞ր քրիստոնեայ ազգն է, որ տօնախմբութեամբ չի պատւում մեծ Կարապետին: Ո՞ր քաղաքն է, ուր մեծ Մկրտչի անուամբ չի կառուցուել տաճար կամ խորան, ինչպէս նաեւ՝ հոյակերտ վանքեր: Եւ կամ ո՞վ է այն մեծ կամ փոքր հաւատաւորներից մէկը, ով օգնութեան կանչելով նրա անունը՝ չի ստացել հաւատով իր խնդրածը: Ուստի մենք եւս միանանք Եկեղեցու կողմից բարձրացուող նրան ուղղուած ըղձաձայն խնդրանքներին ու ասենք. «Փութա՛ մեզ վերից օգնութեան հասնել, սո՛ւրբ Յովհաննէս, առաքեալ եւ մարգարէ, Կարապետ եւ Մկրտիչ Աստուծոյ Որդու, բարեխօս եղիր մեր անձանց համար»:
Ս. Գրիգոր Տաթեւացի
Քարոզ Յովհաննէսի ծննդեան մասին՝ ըստ Ղուկաս աւետարանչի այն խօսքի, թէ՝ «Եւ դո՛ւ, ով մանուկ, Բարձրեալի մարգարէն պիտի կոչուես, որովհետեւ պիտի գնաս Տիրոջ առաջից՝ պատրաստելու նրա ճանապարհները»:
(Ղուկ. Ա 76)
Եւ արդ, Քրիստոսի սուրբ Կարապետի եւ Մկրտչի մասին պէտք է խօսենք հինգ գլխաւոր դրոյթների շուրջ. նախ` աւետման մասին, երկրորդ` ծննդեան մասին, երրորդ` բնակութեան մասին, չորրորդ` զգեստների մասին, եւ հինգերորդ` կերակրի մասին:
Այժմ տեսնենք առաջին գլուխը:
Գիտենք, որ ինչպէս մեր Տէրը ծնուեց սուրբ Կոյսից հրեշտակի աւետիսով, այդպէս էլ Մկրտիչը եղաւ աւետման զաւակ: Եւ նոյն Գաբրիէլն էր, որ նրա հօրը` Զաքարիային աւետեց. «Քեզ որդի պիտի ծնուի»: Այստեղ երեւում են նրա չորս գերապատւութիւնները. նախ՝ որ աւետման որդի էր, երկրորդ` աւետիսը տրուեց տաճարում՝ քաւութեան մեծ տօնի օրը, երրորդ` բազմամբոխ ժողովրդի մէջ, չորրորդ` համրացաւ հօր լեզուն:
Ինչպէս պատմում է Աւետարանը, քաւութեան մեծ տօնի օրը Զաքարիա քահանայապետը զգեստաւորուեց, մտաւ տաճար` խնկարկելու եւ խնկերի սեղանի աջ կողմում տեսաւ հրեշտակին, որից խիստ զարհուրեց ու մտածեց. «Եթէ սա անմարմին հրեշտակ է, ինչպէ՞ս է մարդու կերպարանքով երեւում, իսկ եթէ մարդ է, ապա ինչպէ՞ս տաճար մտաւ փակ դռներով», որովհետեւ այնտեղ մարդ չէր մտնում, այլ միայն քահանայապետը, այն էլ տարին մէկ անգամ: Հրեշտակն ասաց նրան. «Մի՛ երկնչիր, քանզի ես երեւացի քեզ ոչ թէ իմ կերպարանքով, այլ մարդու, որպէսզի չերկնչես: Ես եկայ ոչ թէ քեզ զարհուրելու, այլ Աստուծոյ պատգամը յայտնելու համար: Քո աղօթքը լսելի եղաւ. քո կինը` Եղիսաբէթը, քեզ համար մի որդի կը ծնի, եւ նրա անունը Յովհաննէս կը դնես»:
Այս խօսքերից առաւել խռովուեց Զաքարիան ու ասաց. «Նախ իմ աղօթքները որդի ունենալու համար չեն, այլ ժողովրդի փրկութեան համար, եւ ապա` երբ այստեղից դուրս գամ, ի՞նչ ասեմ ժողովրդին, թէ ինձ որդի՞ պիտի ծնուի: Նրանք կը քարկոծեն ինձ ու կÿասեն, թէ մեզ ի՞նչ շահ քո որդուց, մենք այստեղ ենք հաւաքուել, որ քեզ որդի՞ ծնուի»: Ապա հրեշտակը, մեկնելով խորհուրդը, ասաց. «Դու քաւութիւն ես խնդրում ժողովրդի համար, ես էլ քեզ նոյնն եմ ասում. քեզ որդի կը ծնուի, եւ շատերը կÿուրախանան նրա ծննդեամբ: Նա նախընթաց ու կարապետ կը լինի Փրկչի համար եւ կը պատրաստի Նրա ճանապարհը, որպէսզի գայ ու փրկի ժողովրդին իր մեղքերից»: Այստեղ պէտք էր հաւատալ հրեշտակին, բայց Զաքարիան երկմտեց, տարակուսեց եւ ասաց. «Ես ինչպէ՞ս կÿիմանամ, քանի որ ծեր եմ, Եղիսաբէթն էլ` ամուլ»:
Հրեշտակն ասաց. «Ինչպէ՞ս կÿիմանաս, քահանայապե՛տ ու Օրէնքներ քննո՛ղ: Տե՛ս Իսահակին, ով աւետման որդի եղաւ Աբրահամին: Նա ծեր էր, իսկ կինը` ամուլ: Տե՛ս Սամուէլին, քանզի նրա մայրը դարձեալ ամուլ էր: Տե՛ս եւ Կոյս Մարիամին, ում դու պահեցիր տաճարում: Նրա մայրը` Աննան, եւս ամուլ էր, բայց Աստուած նրան զաւակ պարգեւեց: Ես Գաբրիէլն եմ, որ ուղարկուեցի խօսելու քեզ հետ, ես եմ, որ կանգնում եմ Աստուծոյ առաջ: Ու քանի որ չհաւատացիր, ահա դու համր կը լինես եւ չես խօսի մինչեւ մանկան անուանակոչութեան օրը»: Զաքարիան դուրս եկաւ ու չէր կարողանում խօսել: Սա նշանակում էր հին օրէնքի լռելը, որը Քրիստոսի նոր Օրէնքի գալով պէտք է դադարէր:
Այժմ երկրորդ գլխի` նրա ծննդեան մասին:
Իմանալի է, որ նրա ծնունդը հինգ տեսակի փառաւորութիւն ունէր: Նախ` ծնուեց ամուլ եւ չորացած արգանդից, իսկ կոյսին եւ ամուլին անհնար ծնել: Երկրորդ` մօր որովայնում սրբուեց սկզբնական մեղքերից, ինչպէս որ Աւետարանն է ասում. «Մօր որովայնից սկսած Սուրբ Հոգով կը լցուի» [Ղուկ. Ա 15]: Եւ գիտենք, որ երեք հոգի սրբուեցին իրենց մօր որովայնում` Երեմիան, Յովհաննէսն ու Աստուածածին Կոյսը: Սակայն նրանք սրբուեցին զանազանապէս. Երեմիայի վրայ հեղուեցին Սուրբ Հոգու շնորհները, Յովհաննէսը լցուեց Սուրբ Հոգով, իսկ Սուրբ Աստուածածինը լցուելուց առաւել՝ ստացաւ Սուրբ Հոգին, որպէսզի իր լիութիւնից հեղի ուրիշների մէջ: Երրորդ` իր մօր որովայնից երկրպագեց Քրիստոսին, քանզի երբ սուրբ Կոյսը ողջոյն տուեց Եղիսաբէթին, մանուկը խաղալով ցնծաց նրա որովայնում: Յովհաննէսն իր մօր որովայնում վեցամսեայ էր եւ Սուրբ Հոգուց իմացաւ, որ սուրբ Կոյսի արգանդում թագաւորների Թագաւորն է` Քրիստոս: Եւ քանի որ չէր կարող ձայնով յայտնել ու փառաւորել, որովայնում խայտալով երկրպագեց Նրան ու մօր ձայնով օրհնաբանեց՝ ասելով. «Օրհնեա՛լ ես դու կանանց մէջ, եւ օրհնեա՛լ է քո որովայնի Պտուղը» [Ղուկ. Ա 42]: Չորրորդ` երբ ծնուեց, արձակեց հօր լեզուն: Արգանդում մօր լեզուով օրհնեց Աստծուն, իսկ ծնուելիս՝ հօր լեզուով՝ ըստ Աւետարանի այն խօսքի, թէ «Երբ եկան նրան թլփատելու, մի տախտակ ուզեց ու վրան գրեց. «Դրա անունը Յովհաննէս է», եւ իսկոյն նրա լեզուն բացուեց» [Ղուկ. Ա 63]: Սա նշանակում էր, որ նա էր հին օրէնքի լռելու միջնորդն ու նորը խօսելու եւ քարոզելու սկիզբը: Հինգերորդ` երբ Հերովդէսը կոտորում էր Բեթղեհէմի մանուկներին, վէմը պատռուեց եւ իր մէջ առաւ մանկանն ու նրա մօրը, եւ նա փրկուեց կոտորածից: Ապա դուրս բերուեց ու բնակուեց անապատում:
Երրորդ` բնակութեան մասին:
Նա երեսուն տարի բնակուեց անապատում, ապա եկաւ Յորդանանի կողմերը` մկրտելու ջրով: Արդ, անապատում բնակուելը վեց նշանակութիւն ունի: Նախ` նշանակում է աշխարհը. ինչպէս որ նա ծնուելուց յետոյ մնաց անապատում, նոյնպէս էլ մենք առաջին Ադամից ծնուելուց յետոյ ելանք Դրախտից եւ եկանք անապատ աշխարհ` պանդխտութեան: Երկրորդ` անապատը ամայի է ամէն բարուց, եւ մենք էլ դատարկուեցինք բոլոր բարի գործերից՝ ըստ այն խօսքի. «Բարութիւն անող չկայ, ոչ իսկ մէկ հոգի» [Սաղմ. ԺԳ 3]: Երրորդ` անապատը մի դժուարին, փշոտ վայր է՝ լի բազում օձերով: Սա խորհրդանշում է մեր կեանքը` իր դժուարութիւններով, ուր բնակւում ենք բազում օձերի մէջ, ուր չար մարդիկ, սատանան եւ փշերը, որոնք մեղքերն են, խոցոտում են մեզ: Չորրորդ` նշանակում է, որ այն ժամանակ չկային մարգարէներ, այսինքն` անապատ էր մարգարէներից, քանզի մարգարէութիւններն ու շնորհները հեռացել էին տաճարից: Հինգերորդ` նշանակում է, որ հրէաներն անպտուղ եւ թափուր էին բարի գործերից: Վեցերորդ` մնաց անապատում, որպէսզի չփառաւորուի մարդկանց կողմից, իսկ զգայարանները չփափկանան աշխարհի սիրով, այլ ապրեց անապատում` իբրեւ մարմնի մէջ հրեշտակ, իբրեւ անբիծ աղաւնի, իբրեւ անապատի տատրակ, ինչպէս Երգ Երգոցն է ասում. «Տատրակի ձայնը լսուեց մեր երկրում» [Երգ. Բ 12], մնաց անապատում` որպէս սկիզբ եւ օրինակ մենակեացներին ու անապատականներին: Ասենք, որ թէպէտ Եղիան եւ Եղիսէէն եւս անապատում բնակուեցին, սակայն ոչ մանկութիւնից, իսկ սա բնակուեց մանուկ հասակից ու չգործեց որեւէ մեղք՝ ո՛չ մահացու, ո՛չ էլ ներելի: Այսպէս ճգնեց խստակեցութեամբ` ի նախատինք նրանց, ովքեր չեն գործում բարին, չեն աղօթում եւ պահք չեն պահում՝ ասելով, թէ «Չունենք մեղքեր, որ ապաշխարենք»: Իսկ սա, ի ծնէ մաքուր լինելով, բնակուեց անապատում ու ճգնեց իր կեանքի բոլոր օրերում:
Տեսնենք նաեւ չորրորդ գլուխը, որը զգեստների մասին է:
Աւետարանն ասում է. «Յովհաննէսն ուղտի մազից զգեստ ունէր եւ կաշուէ գօտի` իր մէջքին» [Մատթ. Գ 4], եւ ուրիշ ոչ մի ծածկոյթ, ո՛չ անկողին, ո՛չ փափկութիւն, ո՛չ բնակութեան յարկ, այլ մերկ ու բոկոտն շրջում էր անապատում: Ուղտի մազից հանդերձը բազում նշանակութիւններ ունի: Նախ` նուաստ եւ անարգ հանդերձները նշանակում էին Միածին կոյս Որդու ծառայի կերպարանք առնելը, խաչով կորուսեալ ոչխարին սպասելը եւ յարութեան ժամանակ անմաքուր կենդանու մազի փոխակերպումը մաքրափայլ լուսակիզի: Երկրորդ` ուղտի մազը նշանակում էր կիսասուրբ եղող փարիսեցիների կեղծաւորութիւնը, քանզի նրանք ունէին կիսով չափ մաքրութիւն, այսինքն` ունէին հաւատ, բայց ո՛չ գործեր, որի պատճառով սուգ էր հագել նրանց կուրութեան համար: Երրորդ` հանդերձների անփութութիւնը նշանակում է մեզ նախկին ազնուականութեան հրաւիրելը, երբ կարիք չունէինք զգեստների ու հանդերձների: Չորրորդ` նշանակում էր աշխարհի մեղքերի համար սուգն ու ապաշխարութիւնը, որը քարոզում էր խօսքերով եւ ցոյց տալիս գործով, քանզի աւետարանում էր Աստուծոյ Արքայութիւնը` առանց հանդերձների ու առանց կերակրի: Իսկ գօտին Սուրբ Գրքում կրում են տասը դէպքում: Նախ` կրում են զինուորութեան դէպքում պատերազմի պատրաստուելու ժամանակ: Երկրորդ` ծառայութեան դէպքում՝ ըստ այն խօսքի. «Գօտի կը կապի իր մէջքին եւ կÿանցնի նրանց սպասարկելու» [Ղուկ. ԺԲ 37]: Երրորդ` գօտին կապում են համբերութեան համար, ինչպէս Յոբը: Չորրորդ` թագաւորելու ժամանակ, ինչպէս Դաւիթը, ով զօրանալով յաղթեց մսաբլուր Գողիաթին: Հինգերորդ` արիութեան ժամանակ՝ ըստ այն խօսքի, որ ասում էր Իսրայէլի վերաբերեալ. «Գօտիները թող ձեր մէջքին լինեն» [Ելք. ԺԲ 11]: Վեցերորդ` իշխանութեան դէպքում, ինչպէս քահանաներն ու իշխանները: Եօթերորդ` ճշմարտութիւնը պահելու համար՝ ըստ այն խօսքի. «Գօտեպնդեցէ՛ք ձեր մէջքերը Աւետարանի Ճշմարտութեամբ» [Եփ. Զ 14]: Ութերորդ` զգաստութեան դէպքում՝ ըստ այն խօսքի. «Թող ձեր գօտիները մէջքներիդ պնդուած լինեն, իսկ ճրագներդ` վառուած: Եւ դուք նմանուեցէք այն ծառաներին, որոնք սպասում են իրենց տիրոջը, թէ երբ կը վերադառնայ հարսանիքից» [Ղուկ. ԺԲ 35−36]: Իններորդ` ողջախոհութեան դէպքում՝ ըստ Գրիգոր Աստուածաբանի այս խօսքի՝ «Քաջագօտի ասորիները»: Տասներորդ` թագաւորութեան զօրութեան դէպքում՝ ըստ այն խօսքի. «Զօրութիւն հագաւ Տէրն ու գօտեւորուեց» [Սաղմ. ՂԲ 1]: Իսկ նրա գօտին, ունենալով այս ամէնը, ինչ որ թուեցինք, առաւել եւս խորհրդանշում է կուսութիւնը, ողջախոհութիւնը եւ ամբողջովին սանձուած երկրաքարշ ցանկութիւնները: Գօտու՝ կաշուից լինելը նշանակում է անմեղութիւնը, նաեւ` Ադամի մեղանչելուց յետոյ մաշկեղէն հանդերձների խորհուրդն ունի: Նշանակում է նաեւ Եղիայի մաշկեղէն հանդերձը, որովհետեւ նա Եղիայի հոգով ու զօրութեամբ եկաւ:
Եւ հինգերորդ` կերակրի մասին: Ասում է` նրա կերակուրն էր մորեխը ու վայրի մեղրը: Արդ, մորեխն անարիւն եւ երկնաթռիչ կենդանի է: Սա նախ խորհրդանշում է նրա մաքուր վարքը, որն անխառն էր աշխարհի ցանկութիւններին, եւ մտքով միշտ երկնայինն էր խորհում, իսկ վայրի մեղրը նշանակում է Աստուծոյ Իմաստութիւնը, որը սուրբերի կերակուրն է, ինչպէս որ Դաւիթն է ասում. «Որքա՜ն քաղցր են Քո խօսքերն իմ քիմքին, աւելի քաղցր, քան մեղրն իմ բերանին» [Սաղմ. ՃԺԸ 103]: Դարձեալ՝ նրա կերակուրը խորհրդանշում է Աստուծոյ հին ու նոր պատուիրանները: Ինչպէս սուրբերից մէկն է ասում, մորեխը տկար հին օրէնքն էր, ինչպէս որ ինքը՝ մորեխն է տկար թռչունների մէջ, եւ յետոյ՝ մորեխը ուտելի չհամարուեց, ինչպէս հին օրէնքը՝ մեզ համար: Իսկ վայրի մեղրը նոր Օրէնքի քաղցրութիւնն է՝ ըստ այն խօսքի, որ ասաց. «Իմ լուծը քաղցր է, իսկ Իմ բեռը` թեթեւ» [Մատթ. ԺԱ 30]: Նաեւ` Աստուծոյ Բանը, որ ի վերուստ էր, քաղցրացրեց մեր դառնութիւնը: Դարձեալ՝ մորեխն ու վայրի մեղրը նշանակում են նրա` ամբողջովին խստակրօն ճգնութիւնն ու զարմանալի կեանքը: Քանզի եթէ հարցնես, թէ որտե՞ղ էր նրա բնակութեան վայրը, կÿասենք, որ անապատն էր, անկողինը գետնի քարերն էին, ընկերներն անապատի օձերն էին, զգեստն ուղտի մազից հանդերձն էր եւ կաշուէ գօտին, կերակուրը` մորեխն ու վայրի մեղրը: Եւ սրանցով նա ճգնութիւնների մէջ գերազանցեց բոլորին: Քանզի թէպէտ շատերը բնակուեցին անապատում, սակայն բնակութեան յարկ ունէին, ունէին չափաւոր կերակուր ու հանդերձ, ինչպէս Եղիան, Եղիսէէն եւ Քրիստոսից յետոյ շատ-շատերը: Իսկ սա մանուկ հասակից բնակուեց անապատում առանց ծածկոյթի ու կերակրի, եւ ինչ որ անցաւ կրակի վրայով, չկերաւ: Եւ ասենք, որ անգամ մեր Տէրը` Քրիստոս, այսպիսի նեղ ու դժուարին ճանապարհով չանցաւ, ինչպէս որ նա, քանզի Աւետարանն ասում է. «Եկաւ Յովհաննէսը. ո՛չ ուտում էր, ո՛չ խմում: Եկաւ մարդու Որդին, ուտում է եւ խմում» [Մատթ. ԺԱ 18−19]: Եթէ կամենար, Քրիստոս կարող էր առաւել խիստ կենցաղավարել, քան նա, ինչպէս երբ չկերաւ քառասուն օր ու գիշեր, բայց չկամեցաւ, որովհետեւ դա օգուտ չէր լինի մեղաւորներին, այլ` վնասակար: Սա կը հաստատենք օրինակով, ինչպէս գրուած է Ծննդոց գրքում. «Յակոբն ասաց Եսաւին. «Երեխաներս փոքր են, եւ եթէ նրանց ստիպեմ, կը մեռնեն: Ուրեմն, ես ըստ իմ կարողութեան, ըստ իմ երեխաների զօրութեան կը շարժուեմ» [Ծննդ. ԼԳ 14]:
Այսպէս, Քրիստոս աշխարհ եկաւ մեղաւորներիս համար. եթէ ապրէր խիստ կենցաղավարութեամբ, ապա Նրա տկար մանուկները չէին կարողանայ հետեւել Իրեն, ու բոլորը յուսահատուելով կը մեռնէին: Այդ պատճառով, ինչպէս մի բարեգութ հայր՝ այս աշխարհում կենցաղավարեց միջին կերպով` չափաւոր հանդերձներով եւ կերակրով, որպէսզի մեղաւորները կարողանան հետեւել Իրեն: Իսկ Յովհաննէսի կեանքն այնպիսին չէր, ինչպիսին մարդկանցն է, այլ` ինչպէս մարմնի մէջ անմարմիններինն ու հրեշտակներինը: Եւ այսպէս, եկաւ ու ճանապարհ հարթեց Քրիստոսի համար, որպէսզի բոլորը պատրաստեն իրենց սրտերն ու հոգիները` ընդունելու Քրիստոսին: Այդ պատճառով ասաց. «Եւ դու, ո՛վ մանուկ, Բարձրեալի մարգարէն պիտի կոչուես, պիտի գնաս Տիրոջ առաջից` պատրաստելու Նրա ճանապարհները»: Եւ մենք էլ նրա բարեխօսութեան միջնորդութեամբ պատրաստենք մեր հոգիները սրբութեամբ ու արդարութեամբ, որպէսզի մեր մէջ մուտք գործի եւ բնակուի Քրիստոս, Ով Իր Հօրը եւ Սուրբ Հոգուն կը բնակեցնի մեր մէջ եւ մեզ կը դարձնի Սուրբ Երրորդութեան օթեւան: Նրան փա՜ռք եւ զօրութիւն յաւիտեանս. ամէն:
Յովհաննէսի քարոզչութիւնը չորս նպատակ ունէր:
Նախ՝ նա ապաշխարութիւն էր քարոզում առհասարակ բոլորին ու ասում. «Ապաշխարէ՛ք, որովհետեւ մօտեցել է երկնքի Արքայութիւնը»: Երկնքի Արքայութիւն ասելով՝ նկատի ունէր երկնքից խոնարհուած եւ իրենց մօտ եկած Քրիստոսին` ըստ այն խօսքի, թէ «Երկնքի Արքայութիւնը ձեր ներսում` ձեր մէջ է»: Այսպէս էր պատրաստում Տիրոջ ճանապարհը: Ինչպէս որ երբ գալիս է երկրաւոր թագաւորը, հարթում են ճանապարհները ու զարդարում քաղաքը, նոյնպէս եւ մենք պէտք է Երկնաւոր Թագաւորի ճանապարհը, որը մեր միտքն ու զգայարաններն են, ապաշխարութեամբ եւ խոստովանութեամբ մաքրենք մացառուտ մեղքերից եւ ապա զարդարենք մեր հոգիները պահքով, աղօթքով ու ողորմութեամբ, որպէսզի Քրիստոս գայ եւ մեր մէջ բնակութիւն հաստատի: Երկրորդ` իւրաքանչիւրին, ով գալիս էր մկրտութեան ու խոստովանում իր մեղքերը, խրատում էր եւ ասում. «Ոչ ոքի մի՛ նեղէք, ոչ ոքի մի՛ զրպարտէք, ձեր ռոճիկը թող ձեզ բաւարար լինի»: Նոյն կերպով, երբ մկրտութիւնից յետոյ դարձեալ մեղք ենք գործում ու խոստովանում ենք քահանային, նա արձակում է մեր մեղքերը եւ կանոն դնում՝ ասելով. «Ինչ որ գործել ես, այլեւս մի՛ արա եւ բարին գործիր»: Երրորդ` սաստկապէս յանդիմանում էր փարիսեցիներին ու ասում. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել վերահաս բարկութիւնից, որ գալու է»: Նոյն խօսքերը ե՛ւ Տէրն ասաց նրանց՝ չար եւ դառնացող ազգ կոչելով, ե՛ւ Դաւիթը, ե՛ւ Մովսէսը, թէ՝ «Նրանց որթը Սոդոմի այգուց էր»: Եւ իրապէս իժերի ծնունդներ էին, որովհետեւ երբ իժը յղացւում է, սատկում է նրա հայրը, իսկ ծնուելու ժամանակ` մայրը: Այսպէս էլ նրանք սպանեցին իրենց հայրերին, ովքեր իրենց քարոզող մարգարէներն էին, իսկ յետոյ՝ մօրը, որն Օրէնքն է: Եւ չորս տեսակ խօսքերով վախեցրեց նրանց. առաջին, թէ «Առանց գործերի դուք մերժւում էք Աբրահամի որդիութեանն արժանանալուց». երկրորդ, թէ «Ձեր փոխարէն Աբրահամի որդիներ կը լինեն կարծրացած հեթանոսները». երրորդ, թէ «Աստուծոյ Բանը կացնի պէս կը կտրի ձեզ ծառի արմատից ու այլեւս ծիլ չէք տայ». չորրորդ, թէ «Կÿառաքուէք դէպի յաւիտենական հուրը»: Այսպէս էլ մենք պէտք է անզեղջ չարերին, անդարձ մեղաւորներին, անհաւատներին եւ հերձուածողներին խիստ խօսքերով սաստենք ու յանդիմանենք: Եւ եթէ մեզ լսեն ու յետ դառնան, այնժամ պէտք է մօտենալ եւ մխիթարել, ինչպէս առաքեալն է ասում. «Սաստի՛ր, յանդիմանի՛ր ու դարձեալ մխիթարի՛ր» [Բ Տիմ. Դ 2]: Նա այդպէս էր անում, ապա քաղցրացնում էր նրանց եւ խոնարհութեամբ ասում, թէ՝ «Արժանի չէք արձակելու Նրա կօշիկների կապերը», այսինքն՝ ոչ միայն հաւասար չէք Նրան, այլեւ արժանի չէք դասուելու յետին սպասաւորների թւում, քանզի մտածում էր, թէ մարդեղութեան խորհուրդը, որը ծայրագոյն ու խոնարհագոյն խորհուրդ է, չեմ կարող մեկնել եւ հասկանալ, էլ չեմ ասում աստուածային խորհուրդը, որն անհասանելի է մարդկային մտքի համար ու անճառելի՝ լեզուի համար: Ասում է. «Ես ձեզ մկրտում եմ ջրով, սակայն Նա կը մկրտի Հրով եւ Հոգով»: Սա առաջին գլուխը Յովհաննէսի քարոզչութեան մասին:
Երկրորդ գլուխ` Յովհաննէսի մկրտութեան մասին:
Իմանալի է, որ կան մկրտութեան տասը եղանակներ:
Առաջին եղանակ — երբ արարչութեան ժամանակ ասում է. «Աստուծոյ Հոգին շրջում էր ջրերի վրայ» [Ծննդ. Ա 2], կանխատեսում է մկրտութեան խորհուրդը, երբ Սուրբ Հոգին իջնում է աւազանի վրայ:
Երկրորդ — ողջ աշխարհի ջրհեղեղը, որը սրբեց մեղքերը, եւս մկրտութեան նշանակ է, որով սրբւում ենք մեր բոլոր մեղքերից:
Երրորդ — երբ Մովսեսը ճեղքեց ծովը եւ ժողովրդին անցկացրեց ամպի ու ծովի միջով, դարձեալ մկրտութիւն էր, որով ժողովուրդը սրբուեց եգիպտական մեղքերից, նոր լեզու տրուեց եւ անապատում կերակրուեց մանանայով, ինչպէս որ մեր մկրտութեան ժամանակ մեղքերի թողութիւն ենք ստանում, պէս-պէս շնորհներ ձեռք բերում եւ Քրիստոսի Մարմինն ու Արիւնը ճաշակում:
Չորրորդ — Մովսէսը մկրտութիւնն օրինադրեց քահանաներին, որ լուացուեն ջրով, որպէսզի չմեռնեն, իսկ Սողոմոնը պղնձից աւազան շինեց, որպէսզի նրա մէջ լուանան իրենց ձեռքերն ու ոտքերը:
Հինգերորդ — Յովհաննէսի մկրտութիւնն էր, ով եկաւ Յորդանանի կողմերը. նրա մօտ էին գալիս բոլոր մարդիկ, մկրտւում նրանից եւ խոստովանում իրենց մեղքերը:
Վեցերորդ — Քրիստոսի Մկրտութիւնն էր, երբ մկրտուեց ու մեզ հաստատեց Նորի մէջ` մկրտուել Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով:
Եօթերորդ — առաքեալների մկրտութիւնն էր, երբ Սուրբ Հոգին հրակերպ հողմով իջաւ Վերնատուն, մկրտեց նրանց եւ իջաւ նրանց վրայ:
Ութերորդ — արեամբ մկրտութիւնն է, ինչպէս վկաներինը, ովքեր մկրտուեցին իրենց արեամբ, սրբուեցին մեղքերից եւ եղան Քրիստոսին չարչարակից:
Իններորդ — ապաշխարութեամբ մկրտութիւնն է, երբ մեր արտասուքներով լուանում ենք մեղքերը, խոստովանութեամբ մեղքերի թողութիւն գտնում ու արդարանում:
Տասներորդ — վախճանի ժամանակ վերջին` հրով մկրտութիւնն է, երբ ամէն ինչ պիտի անցնի հրի միջով, ու սրբի ներելի մեղքերից:
Արդ, սրանք են մկրտութեան տասը եղանակները:
Սակայն ասենք, որ Քրիստոսի մկրտութիւնը չորս կերպով առաւել էր, քան Յովհաննէսի մկրտութիւնը, որովհետեւ
նախ — Քրիստոսի մկրտութիւնը թողութիւն էր տալիս մեղքերին՝ ըստ այն խօսքի. «Ձեզնից իւրաքանչիւրը թող մկրտուի Յիսուս Քրիստոսի անունով մեղքերի թողութեան համար» [Գործք. Բ 38]: Իսկ Յովհաննէսի մկրտութիւնը թողութիւն չէր տալիս մեղքերին, այլ միայն մեղքերի ապաշխարութիւն էր:
Երկրորդ — Քրիստոսի մկրտութիւնը պարգեւում էր Սուրբ Հոգին՝ ըստ այն խօսքի. «Նա կը մկրտի ձեզ Սուրբ Հոգով» [Մատթ. Գ 11], իսկ Յովհաննէսի մկրտութիւնը չէր տալիս Հոգին, քանզի Հոգին նախքան խաչելութիւնը դեռեւս չէր իջել, որովհետեւ «Յիսուս դեռ չէր փառաւորուել»,- ասում է Աւետարանը:
Երրորդ — Քրիստոսի մկրտութիւնը մեզ Աստուծոյ որդիներ է դարձնում՝ ըստ Աւետարանի այն խօսքի, թէ «Նրանք ո՛չ արիւնից, ո՛չ մարմնի կամքից եւ ոչ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնուեցին» [Յովհ. Ա 13], իսկ Յովհաննէսի մկրտութիւնը մեզ Աստուծոյ որդիներ չէր դարձնում, որովհետեւ Սուրբ Հոգին չէր տալիս, քանզի առաքեալն ասում է. «Ստացանք որդեգրութեան Հոգին, Որով աղաղակում ենք` Աբբա Հայր»:
Չորրորդ — Քրիստոսի մկրտութիւնը բացում էր Արքայութեան դուռը՝ ըստ այն խօսքի, թէ` «Եթէ մէկը ջրից ու Հոգուց չծնուի, չի՛ կարող Աստուծոյ Արքայութիւնը մտնել» [Յովհ. Գ 5], իսկ Յովհաննէսի մկրտութեամբ չէին մտնում Արքայութիւն, որովհետեւ ինքը՝ Յովհաննէսը, եւ նաեւ իր կողմից մկրտուածները դժոխք իջան 4 Ահա ուրեմն պարզ է Յովհաննէսի մկրտութեան որպիսութիւնը, որն ասում է. «Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարութեան համար» [Մատթ. Գ 11]:
Երրորդ գլուխ` նրա շնորհների մասին:
Ասենք, որ զարմանալի են նրա շնորհները եւ առաւել, քան բոլոր սուրբերինը: Քանզի աւետման որդի էր՝ ծնուած ամուլ ծնողներից, սրբուած արգանդից, Քրիստոսին որովայնից երկրպագող, իր հօր լեզուի կապող ու արձակող, մանկութիւնից անապատում բնակուող եւ այլն, ինչպէս որ արդէն նախապէս ասացինք: Իսկ նրա առաւել շնորհները պէտք է տեսնել վեց եղանակով:
Նախ — մարմնաւոր ծննդեամբ նա առաջ էր Քրիստոսից, եւ նախ ինքը եկաւ մկրտելու ջրով ու քարոզելու: Եւ որքան նա քարոզում էր, Քրիստոս լուռ էր, իսկ երբ Յովհաննէսը բանտարկուեց, Քրիստոս սկսեց քարոզել:
Երկրորդ — ըստ մարմնի՝ ազգակից էր Քրիստոսին, հասակակից էր Նրան ու մերձաւոր: Այլ մարգարէները Նրա մասին ասում էին հեռուից եւ ցանկանում էին տեսնել, բայց չտեսան, իսկ նա տեսաւ Նրան ու վկայեց, թէ՝ «Ահա՛ Գառն Աստուծոյ, որ վերացնում է աշխարհի մեղքը» [Յովհ. Ա 29]:
Երրորդ — եղաւ հին օրէնքի աւարտը եւ Նորի սկիզբը, երկուսի միջնորդն ու կապը, քանզի բոլոր մարգարէութիւնները եղան մինչեւ Յովհաննէսը եւ ապա դադարեցին՝ ըստ այն խօսքի, թէ «Յովհաննէս Մկրտչի օրերից մինչեւ այժմ երկնքի Արքայութիւնը բռնադատւում է, եւ հզօրներն են յափշտակում այն, քանի որ ամբողջ Օրէնքն ու մարգարէները մարգարէացան մինչեւ Յովհաննէսը» [Մատթ. ԺԱ 12−13]: Սա է շնորհների նոր Օրէնքը, իսկ նա եղաւ մկրտութեան եւ Քրիստոսի քարոզութեան սկիզբը:
Չորրորդ — Մկրտչի խոնարհութիւնն էր, քանզի երբ նրան հարցրին, թէ դո՞ւ ես Քրիստոսը, ասաց՝ ես չեմ, հարցրին՝ Եղիա՞ն ես կամ էլ նրա համար Մովսէսի ասած մարգարէ՞ն, ասաց՝ ես չեմ, ես անապատում Կանչողի ձայնն եմ ու առաջ ընթացայ, որ տեղ պատրաստեմ: Իսկ Աստուծոյ Բանը եւ Բարբառը Քրիստոս է: Նա է Եկեղեցու՝ հոգեւոր հարսի երկնաւոր Փեսան, իսկ ես բարեկամն ու փեսաւէրն եմ: Նա պիտի աճի, իսկ ես` նուազեմ: Ես արժանի չեմ արձակելու Նրա կօշիկների կապերը, քանզի վերջին սպասաւորներից աւելի ցածր եմ: Այսպիսի խոնարհութեան շնորհներ ունէր նա իր մէջ: Եւ քանի որ ասաց. «Արժանի չեմ արձակելու կօշիկների կապերը», այդ պատճառով արժանացաւ ձեռքը մօտեցնելու Փրկչի Գլխին ու մկրտելու: Այսպիսի մեծ շնորհ է խոնարհութիւնը, որի համար Աւետարանն ասում է. «Ով խոնարհեցնում է իր անձը, պիտի բարձրացուի»:
Հինգերորդ — ամէնքի Սրբութիւնը մկրտուեց նրանից, ինչպէս որ վկայեց. «Տէ՛ր, ինձ պէտք է, որ Քեզնից մկրտուեմ, եւ Դու ինձ մօ՞տ ես գալիս: Ո՞վ է տեսել, որ կաւը սրբի ջրին: Արդ, ես կաւ եմ, իսկ Դու՝ սրբարար Ջուր, եւ Դու ինձ մօ՞տ ես գալիս սրբուելու: Ո՞վ է տեսել, որ խոտը մաքրի հրին, եւ Դու ինձ մօ՞տ ես գալիս մաքրուելու: Ո՞վ է տեսել, որ ճրագը լոյս տայ արեգակին, եւ Դու ինձ մօ՞տ ես գալիս լուսաւորուելու: Փոքրը օրհնութիւն է առնում մեծից: Դու Արարիչ ես, իսկ ես արարած, ես ինչպէ՞ս համարձակուեմ մկրտել Քեզ»: Նրան ասաց. «Թո՛յլ տուր հիմա, որովհետեւ այսպէս վայել է, որ մենք կատարենք Աստուծոյ ամէն արդարութիւն» [Մատթ. Գ 15]: Ով մեծ էր, խոնարհուեց, որ մեզ բարձրացնի: Տէրը ծառայ եղաւ, որ մեզ նախկին տէրութիւնը տայ: Իջաւ երկնքից, որ մեզ երկինք բարձրացնի: Աստուծոյ ու բարձրեալ Հօր Որդին եղաւ մարդու Որդի, որ մեզ Աստուծոյ որդիներ դարձնի: Այսպէս եւ Սրբութիւնը մկրտուեց, որպէսզի մեզ սրբի բոլոր մեղքերից:
Վեցերորդ — մարմնաւոր աչքով տեսաւ Երրորդութեան Անձերին. Որդուն՝ Յորդանան գետում, Հոգուն` աղաւնակերպ իջած, եւ Հօրը` բացուած երկնքում, Ով ի վերուստ վկայեց. «Դա՛ է Իմ սիրելի Որդին, Դրա՛ն լսեցէք» [հմմտ. Մատթ. Գ 17]:
Այս շնորհներով Յովհաննէսը գերազանց գտնուեց իրենից առաջ եղող բոլոր սուրբերից, քանզի Մովսէսը թէպէտ տեսաւ Աստծուն, սակայն թիկունքից, իսկ սա տեսաւ դէմ յանդիման ու չմեռաւ: Եղիան տեսաւ մեղմ օդի մէջ, սակայն մի Անձին, իսկ սա արժանացաւ տեսնելու Սուրբ Երրորդութեանը: Դաւիթը տեսաւ մտքի հիացմամբ, իսկ սա ե՛ւ մտքով, ե՛ւ զգայութեամբ: Սողոմոնը տեսաւ գիշերուայ մէջ՝ երազային տեսիլքով, իսկ սա` արթուն, իր աչքով տեսաւ Սուրբ Հոգուն, ականջներով լսեց Հօր Ձայնը եւ ձեռքերով շօշափեց Կենաց Բանին, ինչպէս Աւետարանիչն է ասում. «Նա, Ով ի սկզբանէ էր, Ում մասին լսեցինք, Ում ականատես իսկ եղանք, եւ Ում մեր ձեռքերը շօշափեցին եւ Ով Հօր մօտ էր, յայտնուեց մեզ» [Ա Յովհ. Ա 1]:
Չորրորդ` կոչումների մասին:
Գիտելի է, որ Սուրբ գիրքը նրան կոչում է տասը եղանակներով:
Առաջին — Հայր Աստուած Մաղաքիայի միջոցով նրան հրեշտակ է կոչում՝ ասելով. «Կÿառաքեմ Իմ հրեշտակին», որովհետեւ, նախ` կուսութեամբ ու անապատում բնակուելով հրեշտակի վարք ունէր եւ նաեւ` Տէր Աստուծոյ պատգամն էր խօսում, որը հրեշտակի գործ է:
Երկրորդ — Եսային նրան կոչում է անապատում Կանչողի ձայն, որովհետեւ նախ ձայնն է ընթանում, իսկ խօսքը գալիս է նրա յետեւից, եւ ապա ձայնն անցնում է լսելիքի միջով, իսկ խօսքը մնում է սրտում: Այսպէս Յովհաննէսի մկրտութիւնն անցաւ, իսկ մեր Տիրոջ մկրտութիւնը մնաց Եկեղեցում:
Երրորդ — Գաբրիէլ հրեշտակապետը Զաքարիային պատուիրեց նրան Յովհաննէս կոչել: Մայրը եւս Հոգու ազդմամբ Յովհաննէս կոչեց նրան, իսկ Հայրը վերցրեց տախտակն ու գրեց. «Դրա անունը Յովհաննէս է»: Յովհաննէս նշանակում է «շնորհ», քանզի եղաւ նոր քարոզութեան շնորհների սկիզբը: Նաեւ Յովհաննէս նշանակում է «հնազանդութիւն», քանզի հնազանդ եղաւ Քրիստոսին, ինչպէս ասացինք վերեւում:
Չորրորդ — Տէրը նրան «մարգարէ» կոչեց, ինչպէս որ գրուած է. «Ի՞նչ տեսնելու ելաք. մի մարգարէ՞. այո՛, ասում եմ ձեզ. առաւե՛լ, քան մի մարգարէ» [Մատթ. ԺԱ 9], որովհետեւ մօր որովայնից ճանաչեց Նրան, երկրպագեց եւ մօր լեզուով օրհնաբանեց: Եւ նաեւ ասաց. «Ձեր մէջ կայ Մէկը, Որին դուք չէք ճանաչում, Նա՛ կը մկրտի ձեզ» [Յովհ. Ա 26]:
Հինգերորդ — ինքն իրեն առաքեալ է կոչում` ասելով. «Ով ինձ առաքեց ջրով մկրտելու» [Յովհ. Ա 33]: Աւետարանն էլ ասում է. «Կար մի մարդ` Աստծուց առաքուած» [Յովհ. Ա 6], որովհետեւ, նախ` սպասաւորեց Բանին եւ ապա` քարոզեց Նրա մասին, թէ՝ «Իմ յետեւից գալիս է Մէկը, Ով ինձնից մեծ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար» [Յովհ. Ա 30]:
Վեցերորդ — Մատթէոսը նրան Մկրտիչ է կոչում՝ ասելով. «Այն օրերին գալիս է Յովհաննէս Մկրտիչը» [Մատթ. Գ 1], որովհետեւ, նախ` ժողովրդին մկրտում էր ջրով ապաշխարութեան համար եւ նաեւ մկրտեց Քրիստոսին, Ով ամէնքի Սրբութիւնն է:
Եօթերորդ — մկրտութեան եկողները նրան վարդապետ էին կոչում` ասելով. «Վարդապե՛տ, մենք ի՞նչ անենք» [Ղուկ. Գ 12], քանզի, նախ` ուսուցանում էր ճշմարտութիւնը եւ ապա` սաստում ու յանդիմանում էր անաչառութեամբ, ինչպէս որ իժերի ծնունդներ կոչեց Հերովդէսին ու փարիսեցիներին:
Ութերորդ — կոչւում է քահանայ, որովհետեւ, նախ` ղեւտացիների ցեղից էր ու քահանայապետի որդի, եւ նաեւ` մկրտութիւնը քահանայի գործ է, իսկ նա իրագործեց նոր քահանայութիւն, այլ ո՛չ թէ հին, քանզի գրուած է` «Աստուծոյ Խօսքը լսելի եղաւ Յովհաննէսին անապատում, նրան շնորհեց քահանայութիւն եւ առաքեց մկրտութեան»:
Իններորդ — կոչւում է Կարապետ՝ որպէս Քրիստոսի Գալստեան նախընթաց ու աւետաւոր, քանզի, նախ` մարդկանց քարոզեց Քրիստոսի փրկագործութիւնը՝ ըստ այն խօսքի, թէ՝ «Եւ դո՛ւ, ո՛վ մանուկ, Բարձրեալի մարգարէն պիտի կոչուես՝ պատրաստելու Նրա ճանապարհները» [Ղուկ. Ա 76]: եւ ապա` կարապետ եղաւ դժոխքում եղող հոգիներին ու նրանց աւետարանեց Քրիստոսի Գալստեան մասին:
Տասներորդ — կոչւում է վկայ՝ ըստ այն խօսքի, թէ՝ «Վկայեց եւ ասաց, թէ ե՛ս չեմ Քրիստոսը» [Յովհ. Ա 20]: Եւ ասենք, որ նա վկայեց երկու կերպով. նախ` խոստովանեց լեզուով, ինչպէս որ ասում է. «Խոստովանեց առանց վարանելու» [Յովհ. Ա 20], եւ դարձեալ ասում է. «Տեսայ ու վկայեցի, թէ սա՛ է Աստուծոյ Որդին» [Յովհ. Ա 34]: Երկրորդ` վկայեց արեամբ, քանզի գլխատուեց Հերովդէսից եւ վկայ եղաւ Քրիստոսի չարչարանքներին ու մահուան:
Հինգերորդ` գովաբանութիւնների մասին:
Առաջին — Բազում են Յովհաննէսի համար ասուած նախնիների գովաբանութիւնները. Մաղաքիան նրան հրեշտակ կոչեց, Եսային` Կանչողի ձայն, եւ նմանապէս` միւսները: Երբ Յովհաննէսը բանտից իր աշակերտներին ուղարկեց Տիրոջ մօտ` հարցնելու, թէ «Դո՞ւ ես, որ գալու էիր, թէ՞ ուրիշին սպասենք» [Մատթ. ԺԱ 3], սա թերահաւատութեան նշան չէր, որովհետեւ դեռեւս մօր որովայնից երկրպագեց Քրիստոսին, մօր ձայնով Նրան Տէր դաւանեց, վկայեց, թէ «Սա է Աստուծոյ Գառը», Յորդանանում լսեց Հօր Ձայնն ու տեսաւ աղաւնակերպ իջնող Հոգուն, այլ հարցրեց երեք պատճառով. նախ` նա կամեցաւ իր աշակերտներին ուղարկել Քրիստոսի մօտ, որպէսզի տեսնեն Նրա սքանչելիքներն ու հաւատան: Երկրորդ` հարցրեց ժողովրդի համար, որպէսզի միայն Նրան պաշտէին, որովհետեւ վախեցաւ, որ իր մահից յետոյ իրեն կը պաշտեն: Երրորդ` հարցրեց մեռեալների համար, քանզի ասաց. «Պատրաստւում եմ փոխուել նրանց մօտ, եւ ինչպէս որ կարապետ եղայ ողջերին, նոյնպէս էլ աւետիս պիտի տանեմ մեռեալներին: Դու շո՞ւտ ես գալու, թէ՞ յապաղելու ես»: Իսկ ժողովուրդը որպէսզի չընկնէր տարակուսանքի մէջ, Քրիստոս սկսեց փարատել նրանց կասկածներն ու ասաց. «Ի՞նչ տեսնելու ելաք անապատում. հողմից շարժուող եղէ՞գ, թէ՞ թագաւորների պալատներում ապրող փափուկ զգեստներով զարդարուած մարդ: Նա այդպիսինը չէ» [հմմտ. Մատթ. ԺԱ 8−9]: Եւ նրան սկսեց գովել երեք կերպով. նախ` ասաց, թէ մարգարէ է. «Մարգարէ՞. այո՛, ասում եմ ձեզ. առաւե՛լ, քան մի մարգարէ» [Մատթ. ԺԱ 9]: Եւ այս խօսքը չորս տեսակ գովասանք է պարունակում. առաջինը` մարգարէ է ու ճշմարտախօս, երկրորդը` մարգարէ է, որովհետեւ վկայեց Իմ մասին՝ ասելով. «Ով գալիս է Ինձնից յետոյ, Ինձնից աւելի հզօր է» [Մատթ. Գ 11], երրորդ` առաւել է, քան մարգարէն, որովհետեւ ականատես եղաւ, որի համար էլ խօսեց, չորրորդ` նաեւ մարգարէներին քարոզեց Քրիստոսի Գալստեան մասին: Սա՝ առաջին գովաբանութիւնը:
Երկրորդ — գովեց Յովհաննէսին եւ ճրագ կոչեց` ասելով. «Յովհաննէսն է ճրագը, որ վառուած էր ու լոյս էր տալիս» [Յովհ. Ե 35]: Եւ սա չորս պատճառով ասաց. նախ` ճրագը լուսաւորում է գիշերը, իսկ արեգակի ծագելուն պէս մարում է: Այսպէս էլ Յովհաննէսը. նախքան Քրիստոս լուսաւորում էր հրէաների խաւարած մտքերը, իսկ երբ Քրիստոս սկսեց քարոզել, նա լռեց: Երկրորդ` ճրագը ուրիշից ունի լոյսը, այսպէս էլ Յովհաննէսը` Քրիստոսից: Երրորդ` ճրագն անընդհատ չի լուսաւորում, այլ շուտով մարում է. այդպէս էր Յովհաննէսի քարոզչութիւնը: Չորրորդ` մի ճրագից վառւում են շատերը. նոյնպէս եւ Յովհաննէսի քարոզչութիւնից լուսաւորուեցին ու ապաշխարեցին շատերը: Սա՝ Յովհաննէսի երկրորդ գովաբանութիւնը:
Երրորդ — գովեց նրան խօսքով եւ ասաց. «Կանանցից ծնուածների մէջ Յովհաննէս Մկրտչից աւելի մեծը չի եղել» [Մատթ. ԺԱ 11]: Սա ասաց` համեմատելով նախկին մարգարէների, հայրերի ու նահապետների հետ:
Իսկ Եկեղեցու վարդապետներն անթիւ մեծութիւններ են վերագրում նրան, որոնք բոլորը մասնաւորաբար վերցնելով` հաւաքուեց թուով քառասունը:
Նախ. Յովհաննէսն աւետման որդի է, ըստ որում` Գաբրիէլի աւետիսով:
Երկրորդ. աւետիսն ստացաւ տաճարում՝ քաւութեան մեծ տօնի օրը:
Երրորդ. ստացաւ բազմամբոխ ժողովրդի մէջ, որովհետեւ ողջ Իսրայէլի ժողովուրդը հաւաքուել էր քաւութեան տօնի համար:
Չորրորդ. աւետիս տալուց յետոյ հայրը համրացաւ:
Հինգերորդ. Յովհաննէս անունը դրուեց հրեշտակի կողմից, մայրը եւս նոյն անունով կոչեց, իսկ հայրը` Զաքարիան, տախտակի վրայ գրեց. «Դրա անունը Յովհաննէս է», որը նշանակում է «շնորհ» կամ «հնազանդութիւն», ինչպէս որ ասացինք:
Վեցերորդ. սրբուեց արգանդից, ինչպէս Երեմիան:
Եօթերորդ. մօր որովայնից երկրպագեց Քրիստոսին:
Ութերորդ. երբ նա ցնծաց, նրա մայրը եւս լցուեց Սուրբ Հոգով:
Իններորդ. ծննդեան ժամանակ արձակեց հօր լեզուն, որը մարգարէացաւ իր համար:
Տասներորդ. ամլածին եւ ծեր ծնողներից ծնուած զաւակ էր:
Տասնմէկերորդ. քահանայապետի որդի էր:
Տասներկուերորդ. պատռելով վէմն ու կնքելով՝ փրկուեց Հերովդէսի ձեռքից:
Տասներեքերորդ. բնակուեց անապատում:
Տասնչորսերորդ. առանց յարկի եւ ծածկոյթի էր:
Տասնհինգերորդ. շրջում էր առանց հանդերձների` մերկ եւ բոկոտն:
Տասնվեցերորդ. առանց կերակրի էր. ուտում էր միայն մորեխ եւ վայրի մեղր:
Տասնեօթերորդ. անդադար աղօթում էր Աստծուն:
Տասնութերորդ. անհանգիստ եւ տքնասէր էր:
Տասնիններորդ. կոչուեց Աստուծոյ հրեշտակ:
Քսաներորդ. կոչուեց Կանչողի ձայն:
Քսանմէկերորդ. խօսեց Հայր Աստուծոյ հետ. «Նա, Ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, Նա՛ ինձ ասաց. «Ում վրայ տեսնես, որ Հոգին իջնում եւ մնում է, Նա՛ է, որ մկրտում է Սուրբ Հոգով» [Յովհ. Ա 33]:
Քսաներկուերորդ. առաքուեց՝ մկրտելու ջրով՝ ապաշխարութեան համար:
Քսաներեքերորդ. ստացաւ մարգարէութեան գերագոյն Հոգի, քանզի առաւել յայտնապէս ու պարզ խօսեց Քրիստոսի Գալստեան մասին, քան միւս մարգարէները:
Քսանչորսերորդ. եղաւ Արդարութեան Արեգակի կարապետ:
Քսանհինգերորդ. ոչ թէ հեռաւոր, այլ մերձաւոր էր Քրիստոսին եւ եղաւ Նրա ականատեսը:
Քսանվեցերորդ. խօսակից եղաւ Քրիստոսին:
Քսանեօթերորդ. մկրտեց Քրիստոսին:
Քսանութերորդ. ինքն էլ մկրտուեց Քրիստոսի կողմից:
Քսանիններորդ. տեսաւ Երրորդութեան Անձերին:
Երեսուներորդ. տեսաւ բացուած երկինքը, որ փակ էր Ադամի յանցանքի պատճառով:
Երեսունմէկերորդ. վկայեց, թէ «Սա՛ է Աստուծոյ Գառը»:
Երեսուներկուերորդ. քարոզում էր Աստուծոյ Արքայութեան մօտենալու մասին ու հաստատում Քրիստոսի մէջ:
Երեսուներեքերորդ. կանխատեսեց Սուրբ Հոգու հրակերպ էջքը` Վերնատուն:
Երեսունչորսերորդ. վախեցնում էր անաչառ դատաստանով, թէ՝ «Կացինն ահա ծառերի արմատին է դրուած»:
Երեսունհինգերորդ. վկայում էր հրէաների արտաքսուելը Աբրահամի որդեգրութիւնից:
Երեսունվեցերորդ` յայտնեց հաւատի միջոցով հեթանոսների որդեգրութիւնն Աբրահամին:
Երեսունեօթերորդ. մարգարէների վերջն էր ու առաքեալների սկիզբը:
Երեսունութերորդ. քարոզեց եւ աւետարանեց նաեւ դժոխքում եղող հոգիներին:
Երեսունիններորդ. եղաւ առաջին մարտիրոսն ու վկան` հեղելով իր արիւնը ճշմարտութեան համար:
Քառասուներորդ (որն ամենագլխաւորն ու ամենամեծն է). գովուեց ամենաերանելի բերանից եւ վկայուեց, թէ` «Կանանցից ծնուածներից Յովհաննէս Մկրտչից աւելի մեծը չի՛ եղել» [Մատթ. ԺԱ 11]:
Մեր Տէր Յիսո՛ւս Քրիստոս, կանանցից ծնուածներից մեծի` Մկրտչի եւ Կարապետի մաղթանքներով ու խնդրանքներով ընդունի՛ր մեր աղաչանքները. ների՛ր մեր բոլոր յանցանքները եւ արժանացրու մեզ բաժնեկից լինել Քո սուրբերի երանաւէտ վիճակին: Քե՛զ Քո ամենակալ Հօր ու Ճշմարիտ Ամենասուրբ Հոգու հետ փա՜ռք եւ գոհաբանութի՜ւն անլռելի արտաձայնութեամբ այժմ, միշտ եւ յաւիտեանս յաւիտենից.
Աղբյուր՝ https://shavigh.am/