Որ գերազանցեալ գտար առաւել քան
զբնութիւն մարդկան երանելիդ ի հարս սուրբ Անտօն.
առ Քրիստոս բարեխօսեա՜ վասն անձանց մերոց:
Որ անճաշակ լինելով զբազմաժամանակեայ
աւուրբք յօժարութեամբ բարձեր զկարիս մարմնոյ.
առ Քրիստոս բարեխօսեա՜ վասն անձանց մերոց:
Անմոռաց յիշմամբ առաջի Քրիստոսի
օգնական լեր տօնողացս զյիշատակս քո.
զի եւ զմերս ընկալցի զօրհնաբանութիւն:
(Շարակնոց)
Անապատականների նախահայր եւ մեր սուրբ հայր Անտօնը` մենակեացների երանաշնորհ առաջնորդն ու ճգնաւորների պարագլուխը, անապատի զարդը եւ կրօնաւորութեան հայելին, ազգութեամբ ղպտի էր, երեւելի ազգից, հարուստ եւ բարեպաշտ ծնողների զաւակ: Ծնուել է Տիրոջ 250 թուականին` Եգիպտոսի սահմաններում գտնուող Հերակլիտէս նահանգի Հերակլիա փոքր քաղաքի մօտ գտնուող Կոմա աւանում:
Մանկուց Անտօնն առանձնասէր էր եւ աղօթասէր, տնակեաց ու պաճուճանքներ չսիրող: Նա խուսանաւում էր մանկական զուարճութիւններից եւ իր աստուածասէր ծնողների հետ մշտապէս եկեղեցի յաճախում: Ունէր հեզ բնաւորութիւն եւ ամէն բանում հնազանդ էր իր ծնողներին: Որպէս տան ժառանգ՝ հոգս չէր պատճառում նրանց` ոչ սննդի եւ ոչ էլ լաւ հանդերձների համար: Ուսում չէր ստացել, բայց մեծ փափագով ունկնդրում էր Սուրբ Գրքի ընթերցուածքները, որոնցից ստացած օգուտներն ուշիմութեամբ եւ առաքինասէր ջանասիրութեամբ ամբարում էր իր հոգում:
Երբ վախճանուեցին ծնողները, նա տասնութ տարեկան էր: Փոքր քրոջ հետ մնաց մենակ եւ դարձաւ ողջ տան ու քրոջ հոգաբարձուն: Մի անգամ՝ ծնողների մահից վեց ամիս անց, երբ, ըստ իր սովորութեան, եկեղեցի էր գնում, խորհում էր սուրբ առաքեալների մասին, թէ ինչպէս նրանք, թողնելով ամէն ինչ, գնացին Քրիստոսի յետեւից: Խորհում էր նաեւ նրանց մասին, ովքեր, վաճառելով իրենց ունեցուածքը, դրամը տալիս էին առաքեալներին` աղքատներին բաշխելու համար, յուսալով մեծամեծ վարձք եւ երկնաւոր գանձեր ստանալ: Եւ մինչ այս մտորումների մէջ էր, եկեղեցում լսեց սուրբ Աւետարանի` օրուայ ընթերցուածքը, որն ասում էր. «Եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա՛, վաճառի՛ր քո ունեցուածքը եւ տո՛ւր աղքատներին ու երկնքում գանձեր կունենաս. եւ դու արի՛ Իմ յետեւից» [Մատթ. ԺԹ 21]: Անտօնը, ընդունելով, որ այս խօսքերը հէնց իր համար էին, շտապ դուրս եկաւ տէրունական տնից ու սկսեց թօթափուել իր ողջ ունեցուածքից, որ ժառանգել էր ծնողներից: Ունէր երեք հարիւր բերրի հողատարածքներ, որոնք տուեց իր գիւղի կարիքաւորներին: Վաճառեց տան կարասին, զարդեղէնը եւ հաւաքելով շատ ոսկի ու արծաթ, փոքր-ինչ քրոջը թողնելով՝ մնացածը բաշխեց կարիքաւորներին: Իսկ երբ միւս անգամ մտաւ եկեղեցի եւ լսեց Աւետարանի այն խօսքը, թէ՝ «Մի՛ հոգացէք վաղուայ համար», առանց յապաղելու մնացածը եւս բաշխեց աղքատներին, իսկ քրոջը յանձնեց վստահելի սուրբ կոյսերին, որպէսզի վաղ հասակից նրանցից սրբութիւն ու պարկեշտութիւն սովորի: Ապա իսպառ ազատուելով աշխարհի հոգսերից՝ իր համար աւանից դուրս բնակութեան մի վայր ընտրեց եւ սկսեց կրօնաւորական կարգով ու ժուժկալութեամբ ճնշել մարմինը եւ բարեպաշտութեամբ կրթել իր անձը:
Անտօնն աշխարհից ելաւ Տիրոջ 269 կամ 270 թուականին, երբ տասնինը կամ քսան տարեկան էր: Այդ ժամանակ Եգիպտոսի սահմաններում չկային վանքեր, ու մենակեացներից ոչ ոք չգիտէր հեռաւոր անապատների մասին, իսկ ով կամենում էր կրօնաւորել, առանձնանում էր իր գիւղից ոչ հեռու մի վայրում եւ ապրում ժուժկալութեամբ: Նրանցից մէկն էր խստակրօն մի ծեր, ով մանկութիւնից սկսած մենակեցութեամբ կրօնաւորում էր Կոմա աւանի մօտակայքում: Նրան տեսնելով` Անտօնը համակուեց բարի նախանձով ու ըստ նրա օրինակի՝ առանձնացաւ գիւղից փոքր-ինչ հեռու մի վայրում` յաճախակի այցելելով այդ ծերին եւ այդտեղ հանդարտող 1 այլ եղբայրների:
Երբ լսում էր, որ մէկը ջանասիրութեամբ առաջադիմել է առաքինութիւնների մէջ, իբրեւ մի իմաստուն մեղու՝ գնում էր նրան փնտրելու ու չէր վերադառնում, մինչեւ չսովորէր նրա կենցաղավարութիւնը եւ չքաղէր նրա կատարելութեան ծաղիկներից: Այդպէս բոլորի քրիստոնէական բարեպաշտութիւններն իր մէջ ժողովելով՝ օրըստօրէ ծաղկում էր բարի գործերով: Առաջադիմելով՝ խոնարհաբար իր անձը բոլորից ցածր էր դասում, ամէնքի հետ վարւում էր սիրով եւ ուրախութեամբ, որի համար սիրելի էր բոլորին: Ոմանք նրան սիրում էին որպէս որդու, ոմանք` որպէս եղբօր եւ կոչում աստուածասէր կամ Աստուծոյ սիրելի:
Իսկ բարիատեաց բանսարկուն չհամբերեց նրա առաջադիմութեանը եւ սկիզբ դրեց նոր փորձութիւնների. նախ յիշեցնում էր քրոջը՝ գութ գցելով նրա հանդէպ, յիշեցնում էր ազգատոհմը, ունեցուածքը, փառքն ու հեշտ կեանքը, որոնք թողեց աշխարհում: Միաժամանակ յիշեցնում էր իր բռնած այս փշոտ ճանապարհը, առաքինութիւններ ձեռք բերելու դժուարութիւնը, մարմնի տկարութիւնը եւ ժամանակի երկարութիւնը: Սակայն այս բոլոր պատերազմներում թշնամին իրեն անզօր գտաւ Անտօնի առաջ ու պարտուեց նրա ամուր հաւատից եւ յարատեւ աղօթքներից: Բայց քանի որ նրա սովորութիւնն է յարձակուել սկսնակների վրայ, անդադար պատերազմներ էր յարուցում նրա դէմ. մտքի մէջ գցում էր աղտեղի խորհուրդներ, իսկ մարմնի մէջ` ցանկութեան մարմաջներ: Բայց Անտօնն աղօթքներով հանգցնում էր չարի այրող բոլոր նետերը, պահեցողութեամբ ճնշում մարմինը եւ ամաչեցնում դեւին իր բոլոր հնարքների համար, քանզի Տէրն էր իր Օգնականն ու Առաջնորդը, Ով մարմնացաւ մեզ համար եւ մեզ զօրութիւն տուեց՝ մարմնով յաղթող լինելու անմարմին թշնամուն:
Սրանից յետոյ բանսարկուն տեսնելով, որ չի կարողանում յաղթել նրան, երեւաց գարշելի, սեւադէմ մանկան տեսքով: Նա ընկաւ Անտօնի ոտքերը, սկսեց գանգատուել մարդկային ձայնով ու ասել. «Շատերին եմ խաբել եւ երկրի վրայ կործանել, բայց այժմ քո ճգնութիւններից սաստիկ տկարացել եմ»: Անտօնը հարցրեց. «Ո՞վ ես դու, որ այսպիսի խօսքեր ես ասում»: Եւ նա ասաց. «Ես պղծութեան բարեկամն եմ ու կոչւում եմ պոռնկութեան ոգի: Շատ շատերին եմ յաղթել եւ տիղմի մէջ թաւալեցրել, ու ես եմ, որ շատ անգամներ տանջել եմ քեզ, բայց ամօթահար հալածուելով քո կողմից՝ փախստական դարձել»: Անտօնը օրհնութեամբ գոհութիւն մատուցեց Աստծուն, իսկ նրան արհամարհանքով ասաց. «Ուրեմն յոյժ անարգ ես դու եւ արհամարհելի, սեւադէմ, գարշելի, տկար ու մանկան պէս անզօր: Այսուհետեւ դու ինձ հոգս չես պատճառի, որովհետեւ ես տեսայ քեզ: Տէ՛րն է իմ Օգնականը»: Այս լսելով՝ չարն անմիջապէս հեռացաւ սուրբից եւ այլեւս չէր համարձակւում մօտենալ նրան: Սա Անտօնի առաջին մարտահանդէսն էր ընդդէմ բանսարկուի: Եւ քանի որ Անտօնը գրուածքներից գիտէր, որ բազում են խորամանկ թշնամու չարարուեստ հնարքները, առաւել շատ ջանում էր մտքի արթնութեան ու մարմինը ճնշելով հնազանդեցնելու համար:
Այնուհետեւ որոշեց փորձողի դէմ մրցասպարէզ դուրս գալ առաւել ծանր խստակեցութեամբ: Շատերն էին սքանչանում նրա ճգնութիւններով, քանզի գիշերներն անց էր կացնում անքուն, հսկման աղօթքներով: Նա ոչ թէ մէկ, այլ շատ անգամներ սկսում էր աղօթել երեկոյեան` թիկունքում թողնելով արեգակը 2, եւ առաւօտեան նոյն դիրքում աղօթքի մէջ լինելով՝ արեգակին տեսնում էր իր առջեւ ծագելիս: Ճաշակում էր օրը մէկ անգամ` մայրամուտին, պատահում էր` երկու կամ երեք օրը մէկ անգամ կամ էլ շաբաթուայ մէջ մէկ անգամ: Նրա կերակուրը միայն աղ ու հաց էր, իսկ ըմպելիքը՝ ջուր: Քնում էր արմաւենու տերեւներից հիւսուած խսրի, երբեմն էլ` մազեղէն քրձի վրայ, բայց առաւելապէս պառկում էր չոր գետնին` միշտ մտաբերելով առաքեալի այն խօսքը, թէ՝ «Երբ տկարանում եմ, այնժամ զօրանում եմ Քրիստոսի զօրութեամբ» [Բ Կորնթ. ԺԲ 10]: Եւ սքանչելին այն էր, որ նրա առաքինութիւնները սահման չունէին. նա օրէցօր առաջ էր ընթանում: Այլեւս չէր յիշում անցած ժամանակի տառապանքները, այլ միշտ մտքում պահելով առաքեալի այն խօսքը, թէ՝ «Անցեալը մոռացած` ձգտում եմ առաջ» [Փիլ. Գ 13], ամէն օր ջանալով՝ սկիզբ էր դնում նորանոր առաքինութիւնների ձեռքբերմանը եւ աճում էր՝ առաջադիմելով տքնութիւնների մէջ:
Լցուած սոյն խորհրդով ու նախանձախնդիր լինելով մեծ Եղիայի եւ Յովհաննէս Մկրտչի առանձնութեան ընթացքին՝ դուրս եկաւ իր բնակավայրից ու գիւղից հեռու գտնուող մի քարանձաւ գտաւ: Իր ծանօթներից մէկին պատուիրեց օրեր անց իրեն հաց բերել, իսկ ինքը մտաւ դատարկ քարանձաւը: Եղբօրն իր վրայ փակել տուեց քարանձաւի դուռը եւ այնտեղ մնաց տասնհինգ տարի` անտանելի ճգնութիւններով ու տեսակ-տեսակ փորձութիւնների ենթարկուելով:
Բանսարկուն չարացած էր նրա վրայ` աշխարհից հեռանալու համար, որովհետեւ մտածում էր, որ նա օրինակ կը դառնայ շատերին` անապատում առանձնանալու համար: Այդ պատճառով մի գիշեր, դիւական զօրքերով հանդերձ, յարձակուեց նրա վրայ եւ սաստիկ ծեծի ենթարկելով՝ այնքան տանջեց սուրբին, որ նա մեռելի պէս լուռ ու անկենդան գետնին ընկաւ: Իսկ յետոյ, երբ պատմում էր այդ մասին, ասում էր, թէ նրանց հարուածների համեմատ ոչինչ են մարդկանցից եկած բոլոր հարուածները:
Յաջորդ օրը, երբ եղբայրը եկաւ հաց բերելու ու բացեց քարանձաւի դուռը, նրան տեսաւ մեռելի պէս գետնին ընկած: Բարձրացրեց նրան եւ տարաւ գիւղի եկեղեցու գաւիթը: Այնժամ եկան նրա ազգականներն ու գիւղացիները եւ նստեցին նրա շուրջը` որպէս մեռելի: Կէսգիշերին Անտօնը, ուշքի գալով, տեսաւ բոլորին քնած, բացի իր ծանօթ եղբօրից, ում խնդրեց իրեն ծածկաբար իր տեղը տանել: Եղբայրը կատարեց Անտօնի կամքը, ու ինքը նախկինի պէս մնաց քարանձաւում` փակուած դռան յետեւում:
Նա դեւերից այնքան հարուածներ էր ստանում, որ չէր կարողանում ոտքի կանգնել, այլ աղօթում էր գետնին ընկած: Երբ վերջացնում էր աղօթքը, բարձրաձայն ասում էր. «Ով չա՛ր դեւեր, այստեղ եմ ես` Անտօ՛նս: Ես չեմ փախչի ձեր հարուածներից, եւ իմացէ՛ք, որքան էլ տանջեք, ինձ ոչինչ չի բաժանի Քրիստոսի սիրուց»: Ապա սաղմոսում էր ու ասում. «Թէ պատերազմ բարձրանայ իմ դէմ, իմ սիրտը չի երկնչի. թէ ճակատամարտ բարձրանայ իմ վրայ, սակայն այսուհանդերձ Տիրոջն եմ ապաւինել» [Սաղմ. ԻԶ 3]: Իսկ չարասէր բանսարկուն, յոյժ նեղուելով Անտօնից, կանչեց իր համախոհներին եւ ասաց. «Մենք պոռնկութեան ոգով ու ծանր հարուածներով հանգիստ չտուեցինք սրան, բայց նա դարձեալ ըմբոստանում է մեր դէմ: Եկէք սրան այլ կերպ մօտենանք»: Եւ այդ գիշեր նրանք թնդիւնի այնքան սաստիկ ձայն արձակեցին, որ այդ տարածքը դղրդաց հիմքից, եւ ճեղքուեցին քարանձաւի չորս անկիւնները, որոնցով սկսեցին ներխուժել չար դեւերը` առիւծների, եզների, ինձերի, գայլերի, օձերի, կարիճների ու այլ թունաւոր սողունների կերպարանքներով: Նրանցից իւրաքանչիւրը, ըստ իր կենդանական բարքի, սոսկալի շաչիւններով եւ ոխերիմ ցասմամբ յարձակւում էր նրա վրայ ու կամենում ողջ-ողջ կուլ տալ: Իսկ Անտօնը, թէպէտ անտանելի տանջանքներ էր կրում, սակայն չէր վախենում եւ չէր վհատւում, թէեւ գետնին ընկած՝ հեծում էր մարմնի ցաւերից, սակայն կենդանի էր հոգով ու սթափ խորհուրդներով: Դեռ աւելին, ծաղրելով իր թշնամիներին՝ ասում էր. «Եթէ զօրութիւն լինէր ձեր մէջ, ապա ձեզանից մէկն էլ բաւական կը լինէր ինձ: Բայց քանի որ դուք ջլատուած էք Քրիստոսի զօրութեամբ, այդ պատճառով երեւում էք այլեւայլ կերպարանքներով եւ բազում հնարքներով՝ կամենալով ինձ սարսափի մատնել: Զազրելի գազանների կերպարանքներն ընդունելը դարձեալ ձեր տկարութեան նշանն է, քանզի եթէ իշխանութիւն ունէք Տիրոջից եւ եթէ կարող էք, եկէք ձեր կերպարանքով, ապա եթէ ոչ, ինչո՞ւ էք զուր խռովւում: Մեր պահապանը սուրբ Խաչն է, իսկ ամուր պարիսպը` մեր Տէրը` Յիսուս Քրիստոս»: Իսկ դեւերը, զայրանալով նրա վրայ, կրճտացնում էին իրենց ատամները եւ այլեւս չհամարձակուելով մօտենալ նրան՝ վեր ու վար էին լինում խռովայոյզ շփոթմամբ: Ապա Անտօնը վեր նայեց եւ տեսաւ, որ յանկարծ առաստաղը բացուեց, ու նրա միջով իր վրայ լոյսի ճառագայթ ծագեց, որից դեւերն աներեւոյթ եղան: Նոյն պահին դադարեցին մարմնի բոլոր ցաւերը, եւ փակուեցին քարանձաւի ճեղքերը:
Երբ Անտօնը հասկացաւ, որ սա Տիրոջ այցելութիւնն էր, լցուեց Հոգով, իսպառ թեթեւացաւ իր բոլոր ցաւերից եւ աղաղակեց. «Տէ՛ր Աստուած, ո՞ւր էիր, եւ ո՞ւր էր Քո այս յայտնութեան զօրութիւնը, որով բուժեցիր իմ ցաւերը, ո՞ւր էր Քո սրբութիւնից ծագած այս լոյսը, որ հալածեց խաւար դեւերին»: Ու երկնքից ձայն եկաւ՝ ասելով. «Ես այստեղ էի, Անտօնի՛, Ես միշտ մերձ եմ Ինձ յուսացողներին, սակայն Ես կամենում էի քո մարտահանդէսը տեսնել: Եւ արդ, քանի որ համբերեցիր, յաղթեցիր ու չյաղթուեցիր պատրանքներից, միշտ օգնական կը լինեմ քեզ եւ ողջ երկրով մէկ քեզ անուանի կը դարձնեմ»: Երբ Անտօնը լսեց այս խօսքերը, ոտքի կանգնեց, սկսեց աղօթել ու այնքան լցուեց երկնային շնորհներով, որ նախկինից առաւել զօրութիւն ընդունեց իր մէջ: Այդ ժամանակ նա երեսունհինգ տարեկան էր:
Սրանից յետոյ Անտօնն առաւել լցուեց անապատի առանձնութեան մէջ Տիրոջն անզբաղ ծառայելու բաղձանքով, որի համար գնաց այն ծերի մօտ եւ նրան աղաչեց, որ միասին գնան դէպի անշէն վայրեր: Երբ վերջինս հրաժարուեց՝ պատճառ բերելով իր ծերութիւնը, մենակ ուղեւորուեց դէպի անապատ եւ աներկիւղ անցնելով անկոխ ճանապարհով՝ հասաւ մի բարձր լեռան: Իսկ դեւը, կարծելով, թէ կը կարողանայ խափանել նրա առջեւ դրուած իր խորհուրդը, ճանապարհին մի արծաթէ անօթ գցեց: Այս տեսնելով՝ Անտօնն իր մտքում ասաց. «Որտեղի՞ց այս անօթը այս անկոխ վայրերում: Այդ քո հնարքներն են, չա՛ր դեւ, ինձ խոչընդոտ մի՛ եղիր եւ չքուի՛ր արծաթիդ հետ միասին»: Եւ նոյն պահին ցնդեց անօթը, ինչպէս ծուխը հրի երեսից: Երբ մի փոքր էլ առաջ գնաց, տեսաւ զտուած ոսկուց մի ձուլակտոր ու խիստ զարմացաւ, որովհետեւ այն թուացեալ չէր, ինչպէս առաջին անօթը: Շտապ անցաւ նաեւ դրա կողքով ու փախաւ ինչպէս հրդեհից: Հասաւ լեռան ստորոտը, անցաւ գետը եւ էլի վեր բարձրանալով՝ գտաւ մի աւերակ յարկ` ամայացած բերդի մի քարայր, որը լի էր վայրի գազաններով ու զեռուններով: Սրանք, տեսնելով Անտօնին, իրենց տեղը զիջեցին նրան ու փախան:
Այնժամ երանելին քարերով փակեց մուտքը եւ իր հետ չափաւոր հաց ու ջուր վերցնելով, որն իրեն կը բաւարարէր մօտ վեց ամիս, փակուեց ներսում: Սա Տիրոջ 285 թուականին էր` Դիոկղետիանոսի ու Հերակլ Մաքսիմիանոսի կայսրութեան առաջին տարում: Սա էր Անտօնի առաջին անապատը, ուր առանձնացած ապրեց քսան տարի, որի ընթացքում ո՛չ ինքը քարայրից դուրս եկաւ եւ ո՛չ էլ որեւէ մէկին ներս ընդունեց, այլ միայն տարուայ մէջ երկու անգամ լռութեամբ ընդունում էր երդիկից իրեն տրուող հացը:
Մի անգամ նրա մօտ մարդիկ եկան ու մինչեւ լուսաբաց սպասեցին դռան առաջ, որ թերեւս տեսնէին նրան: Լսեցին ներսից եկող կռուի ձայներ, որոնք Անտօնին ասում էին. «Ինչո՞ւ ես բռնութեամբ տիրացել մեր բնակավայրին: Ի՞նչ կայ քո եւ անապատի միջեւ, հեռացի՛ր մեր սահմաններից, որովհետեւ քեզ համար անհնար է բնակուել այստեղ ու համբերել մեր հնարքներին», սակայն նա ընդդիմանում էր նրանց ու հակառակւում: Դրսում եղողները կարծեցին, թէ ինչ-որ մարդիկ սանդուղքով իջել են նրա մօտ եւ վիճաբանութեան մէջ մտել, բայց պատի ճեղքից ներս նայելով՝ տեսան, որ նրա մօտ ոչ ոք չկայ: Այնժամ հասկացան, որ դեւերն էին վիճում սուրբի հետ: Սրանից ոմանք ահաբեկուած ետ դարձան, ոմանք էլ վախից Անտօնին օգնութեան կանչեցին: Իսկ նա, մօտենալով դռանը, յորդորեց նրանց չերկնչել դեւերի արհաւիրքներից, այլ կնքել իրենց անձերը սուրբ Խաչի նշանով ու վերադառնալ: Ոմանք էլ, երբ գալիս էին նրա դռան մօտ, լսում էին յաղթութեան օրհներգեր եւ սաղմոսներ՝ ընդդէմ չարի բանակների. «Թող ելնի Աստուած, Նրա բոլոր թշնամիները թող ցրուեն, ու Նրան ատողները փախչեն Իր առջեւից: Բոլոր ազգերը շրջապատեցին ինձ, բայց Տիրոջ անուամբ յաղթեցի նրանց» [Սաղմ. ԿԷ 2, ՃԺԷ 10]:
Քսան տարի փակուած մնալուց յետոյ՝ Տիրոջ 306 թուականին, երբ սկսեց թագաւորել Մեծն Կոստանդիանոսը, բարեպաշտներից շատերը, լցուելով Անտօնի կրօնաւորական ընթացքի հանդէպ բարի նախանձով, դիմեցին նրան` մենակեցութեան կարգին աշակերտելու համար: Նրա մօտ եկան շատ ախտաժէտներ, որպէսզի նրա աղօթքներով բժշկութիւն գտնեն, սակայն նա դուրս չէր գալիս: Եւ երբ շատ ստիպեցին ու չկարողացան համոզել, քանդեցին մուտքը, բռնութեամբ դուրս բերեցին նրան եւ տեսան երանելուն՝ հոգով ու մարմնով ամբողջովին զուարթ ու կայտառ: Այնժամ շատերին ազատեց չար այսերից եւ շատերին բժշկեց պէս-պէս ախտերից: Ապա բոլոր հաւաքուածներին սկսեց ուսուցանել աստուածիմաստ խօսքերով, մխիթարել, սփոփել եւ աստուածպաշտութեան մէջ ջանասիրութիւն բորբոքել: Յորդորուելով նրա խօսքերից՝ առաքինասէր անձինք մտադրւում էին իրենց յանձնել նրա առաջնորդութեանը ու կենաց ճանապարհին նրան ընտրել որպէս իրենց առաջնորդ, հայր եւ ուսուցիչ: Որոշ ժամանակ անց նրանք մեծ թիւ կազմեցին, թողեցին աշխարհն ու սկսեցին Անտօնի առաջնորդութեամբ կրօնաւորել: Այդ լեռան վրայ իրենց համար շինեցին ծածկեր, ուր ճգնելով սաղմոսներով, աղօթքներով եւ Սուրբ Գրքի ընթերցանութեամբ՝ ստանում էին Աստուծոյ օրհնութիւններն ու միասին աճում ճգնութիւնների եւ սրբութեան մէջ: Այդպէս անշէն անապատի անմարդաբնակ լեռը Քրիստոսի հրեշտակակրօն զինուորների բանակատեղի դարձաւ:
Արսէնոյիտա նահանգի Արսէնոյա քաղաքից ոմանք նրանց օրինակով նոյնպէս կամեցան աշխարհից հրաժարական կեանք վարել: Նրանք եկան Անտօնի մօտ ու աղաչեցին այցելել իրենց եւ իրենց եւս հաստատել նոյն բարեկրօն կարգի մէջ: Սուրբը յօժարակամ գնաց նրանց մօտ՝ աներկիւղ անցնելով գետի միջով, որը լի էր խեցէմորթ գազաններով ու կոկորդիլոսներով, եւ նրանց կանոններ տալուց ու աստուածիմաստ խրատներով հաստատելուց յետոյ վերադարձաւ իր տեղը: Իր կրօնաւորութեան ողջ ընթացքում խօսքով եւ իր վարքով անձանձրոյթ ուսուցանում էր բոլորին` հայր լինելով թէ՛ մեծերին եւ թէ՛ փոքրերին:
Ելնելով իր փորձառութիւնից՝ նրանց առջեւ մերկացնում էր փորձողի տեսակ-տեսակ խարդաւանքները եւ միաժամանակ ցոյց տալիս բոլոր բուժամիջոցները: Պատմում էր նաեւ իր երկար տարիների առանձնութեան ընթացքում դեւերի զանազան երեւումների մասին ու սովորեցնում էր զգուշանալ նրանցից: Խրատում էր լինել ջանասէր, անախտաբար ծառայել միայն Աստծուն, չխնդրել անձի համար ինչք, չակնկալել տեսնել ո՛չ տեսիլքներ, ո՛չ էլ հրաշագործութիւններ անել, այլ ուղիղ սրտով եւ զգուշութեամբ միշտ զգաստ ու արթուն լինել եւ առաւելապէս զուարթ լինել առաքինութեան բոլոր գործերում, հեռացնել խորհուրդների բոլոր ունայն յուզումները, մտքում անդադար ունենալ Աստուծոյ յիշողութիւնը, Նրա առջեւ միշտ առաքինութիւններ գործել եւ ապաւինել Նրա ամենախնամ հովանաւորութեանը:
Այդ ժամանակներում` մօտ 310 թուականին, Եգիպտոսում Մաքսիմիանոս կայսեր կողմից սաստկացան հալածանքները. շատերը նահատակուեցին Ալեքսանդրիայում, իսկ շատերն էլ բանտ նետուեցին, որոնց թւում էր նաեւ Ալեքսանդրիայի սուրբ Պետրոս հայրապետը: Այնժամ երանելի Անտօնն իր աւագ աշակերտներին ասաց. «Եկէք մենք էլ գնանք՝ տեսնելու մեր եղբայրների ցանկալի մարտահանդէսը, որպէսզի լինենք ոչ միայն նրանց ճգնութիւնների վկաները, այլեւ նրանց գործակիցներն ու նահատակակիցները»: Եւ ծարաւի լինելով վկայական մահուան՝ եկան Ալեքսանդրիա: Բայց քանի որ մատնուելու իրաւունք չկար, սպասում էին իրենց փափագը կատարուելու յարմար պահի, որի համար, երբ կապուածներին ատեան էին տանում, Անտօնը մօտենում էր նրանց, գօտեպնդում ու ասում. «Մի՛ երկնչէք անօրէնների ահից, այլ անվեհեր խոստովանէք Քրիստոսին եւ ուրախութեամբ եղէք Նրա վկաները, որովհետեւ այս առօրեայ տանջանքներին պիտի յաջորդի անանց Արքայութիւնը»: Այցելում էր բանտեր` տեսնելու եւ սպասաւորելու երանելիներին, իւրաքանչիւրին քաջալերում էր զօրաւոր խօսքերով ու ամրացնում, որովհետեւ շնորհներ էին բխում սուրբի բերանից եւ գօտեպնդում քաջ նահատակներին: Երբ նրանց տանում էին նահատակութեան վայրը, Անտօնը գնում էր նրանց յետեւից եւ ականատես լինելով նրանց նահատակութեանը՝ լցւում էր մեծ ցնծութեամբ. ասես ինքն էր առնում վկայութեան յաղթանակը:
Իսկ կռապաշտները, զայրանալով Անտօնի ու նրա հետ եղողների այսպիսի համարձակութեան վրայ, բողոքեցին դատաւորին, ով մեծ սպառնալիքով հրաման տուեց, որ ոչ մի կրօնաւոր չերեւայ քաղաքում եւ չհամարձակուի մօտենալ ատեանին: Այնժամ մենակեացները թաքնուեցին, իսկ Անտօնը բնաւ չվախեցաւ, այլ վերցնելով իր պարեգօտը՝ լուաց, որպէսզի առաւել աչքի ընկնի եւ հետեւեալ օրը եկաւ կանգնեց ճանապարհի վրայ, որով պիտի անցնէր դատաւորը: Բայց երբ անցնելիս նրա վրայ ուշադրութիւն չդարձրին, երանելին տրտմեց, որովհետեւ չկատարուեց նահատակուելու իր փափագը: Եւ սա եղաւ Տիրոջ տնօրինութեամբ, որովհետեւ Աստուած չէր կամենում Անտօնի մարտիրոսութիւնը, որովհետեւ նա պէտք է մնար ողջ աշխարհի կրօնաւորական կարգի առաջնորդութեան համար:
Արդ, սուրբ Պետրոս հայրապետի նահատակութիւնից յետոյ, ում հետ երանելին մտերմաբար երկար խօսեց նրա վերջին օրը, երբ տեսաւ, որ իրեն չի յաջողւում հեղել իր արիւնը Քրիստոսի անուան համար, ու նաեւ քանի որ հալածանքների հեղեղը սկսել էր նուազել, դարձաւ իր մենարանը եւ ինքնակամ իր անձը մարտիրոսութեան մատնելով՝ պահեցողութեամբ ու անդադար տքնութիւններով խստացրեց իր ճգնութիւնները: Ներքուստ խարազանազգեստ էր, իսկ արտաքուստ` մաշկեղէն հանդերձներով: Եւ որչափ փախչում էր մարդկանցից, այնքան առաւել հոծ բազմութիւն էր գնում նրա մօտ՝ բժշկուելու, իսկ նա աղօթելով Քրիստոսի անուամբ՝ բժշկում էր բոլորին:
Սակայն ձանձրանալով բազմութիւնից՝ որոշեց գնալ աւելի հեռաւոր մի տեղ` այլազգիների մօտ, ուր ոչ ոք չէր ճանաչի իրեն: Վերցնելով չափաւոր հաց՝ եկաւ նստեց գետափին, որպէսզի մի նաւ գտնի ու գետի միւս ափն անցնի: Այնժամ երկնքից մի ձայն լսեց, որն ասում էր. «Անտօնիէ՛, ո՞ւր ես գնում եւ ինչի՞ համար»: Իսկ նա ասաց. «Այստեղ ինձ չեն թողնում հանդարտել, որի համար կամենում եմ վերին Թեբայիդ գնալ»: Ձայնն ասաց. «Եթէ Թեբայիդ գնաս, առաւել կը վհատուես, իսկ եթէ հանդարտութիւն ես փնտրում, գնա՛ Տաճկաստան եւ մտի՛ր խորը անապատ»:
Մինչ Անտօնը մտածում էր, թէ ո՞վ իրեն ցոյց կը տայ այդ ճանապարհը, տեսաւ իսմայէլացի վաճառականների, ովքեր Եգիպտոսից դէպի անապատ էին շարժւում: Մօտեցաւ նրանց ու խնդրեց, որ իրեն եւս տանեն անապատի խորքերը, եւ նրանք մարդասիրաբար վերցրին նրան: Երեք օր ու երեք գիշեր գնալուց յետոյ հասան մի յոյժ բարձր լեռան, որի մերձակայքում մի փոքր դաշտ կար: Այնտեղ կային մի քանի արմաւենիներ, իսկ լեռան ստորոտով քաղցրահամ ջուր էր հոսում: Անտօնը կանգ առաւ այդտեղ՝ իր համար ընտրելով այդ վայրը ու ընդունեց այն որպէս Աստծուց իրեն տրուած: Իսկ իսմայէլացիները, տեսնելով, որ նա կամենում է բնակուել լեռան ծերպերում, ամէն անգամ նրա մօտով անցնելիս բաւարարում էին նրա անհրաժեշտ կարիքները:
Սա Անտօնի երկրորդ անապատն էր, որը կոչուեց «Սուրբ Անտօնի լեռ»: Այնտեղ կային նաեւ երկու այլ լեռներ՝ մէկն աւելի խորքերում ու աւելի բարձր, ուր գտնւում էր սուրբի ճգնարանը, իսկ միւսը` երեւացող ու աւելի ցածր, որը կոչուեց Անտօնի կամ Անտօնի աշակերտների վանք ու կոչուեց նաեւ «Պիսպիռի անապատ», որտեղ հինգ, տասը կամ քսան օրը մէկ անգամ Անտօնն այցելում էր իր աշակերտներին եւ այնտեղ հիւրեր ընդունում: Երբ մարդիկ իմացան նրա առանձնութեան տեղը, չդադարեցին գալ նրա մօտ ու նրան բերել անհրաժեշտ կարիքները, իսկ ծերը, որպէսզի նրանց նեղութիւն չպատճառի, խնդրեց եղբայրներին բրիչ եւ ցորեն բերել: Սկսեց հող մշակել, սերմանել եւ իր վաստակով ձեռք բերել իր սակաւ կերակուրը: Տնկեց նաեւ բանջարանոց` իր մօտ եկողներին մատուցելու համար: Երբ վայրի կենդանիներն արածում էին նրա բանջարները, սաստում էր նրանց Տիրոջ անունով, ու նրանք հեռանում էին: Իսկ դեւը, սրտմտելով սուրբի վրայ, անապատի բոլոր գազաններին եւ անասուններին հաւաքեց նրա մենարանում: Անտօնը, ճանաչելով չարի հնարքները, ասաց նրանց. «Եթէ Տէրն է հրամայել ձեզ, ապա յօշոտէ՛ք ինձ, իսկ եթէ դեւն է ձեզ ուղարկել, չքուէ՛ք, որովհետև ես Քրիստոսի ծառան եմ»: Ու նրանք, ցնցուելով սուրբի ահեղ հրամանից, խօսքը լսելուն պէս անմիջապէս աներեւոյթ եղան:
Սակայն դեւը նաեւ այլ շատ փորձութիւններ էր բերում եւ աչքին երեւացող զանազան տեսիլքներ ցոյց տալիս, բայց առաւել շատ յարձակւում էր գնդերով ու սոսկալի դղրդիւններով: Իսկ երանելին` որպէս քաջ նահատակ, Քրիստոսի անուամբ եւ ամենայաղթ Խաչի նշանով մենամարտում էր նրանց դէմ ու վանելով ցրում նրանց:
Առաջին անապատից Եգիպտոսի իր ծանօթների հետ ծերի մօտ եկան իր աշակերտները եւ բռնադատելով տարան նրան, որպէսզի մխիթարուեն՝ նրան տեսնելով ու նրա խօսքը լսելով: Ճանապարհին, երբ անցնում էին անջրդի վայրերով, ծարաւեցին: Սուրբն աղօթքներով ջուր բխեցրեց եւ հասնելով եղբայրներին՝ արբեցրեց նրանց: Գովեց առաքինի վարքի մէջ նրանց ջանասիրութիւնը ու յորդորեց առաւել առաջադիմել: Գնաց նաեւ տեսնելու իր քրոջը, ով կոյսերի վանքում վանամայր էր դարձել, եւ մի քանի օր մնաց այնտեղ: Ուրախացաւ հայր Անտօնն իր քրոջ ու նրա մօտ եղողների բարեկրօն վարքի եւ առաքինութիւնների համար ու մխիթարական խօսքերով զօրացնելով նրանց՝ շտապեց վերադառնալ իր անապատը:
Այնտեղ բժշկութեան համար նրա մօտ բերեցին մի պալատական դիւահարի, սակայն ծերը յանձն չառաւ բժշկել եւ ասաց նրան. «Դու չես կարող այստեղ բժշկուել, այլ գնա՛ Եգիպտոս, ու այնտեղ Քրիստոսի ողորմութիւնը շտապ քեզ կը հասնի»: Այս բանը Տիրոջից յայտնուեց սուրբին, եւ այդպէս էլ եղաւ: Նաեւ այլ բազում յայտնութիւններ էին լինում հայր Անտօնին, քանզի նա կատարեալ հոգետես էր դարձել: Նա տեսաւ սուրբ հայր Ամոնի հոգին, որը բնակւում էր Նիտրա լեռան վրայ: Իր անապատից այն հեռու էր գտնւում տասներեք օրուայ անցնելիք ճանապարհով: Տեսաւ հրեշտակների դասերով նրա երկինք ելնելը ու պատմեց իր աշակերտներին, իսկ յետոյ իմացան, որ Ամոնը երկինք էր փոխուել այդ նոյն օրը:
Մի օր, երբ մատուցում էր իններորդ ժամի աղօթքը, միտքը յափշտակուեց, եւ ասես լուսազգեստ մէկը նրան վեր բարձրացրեց: Նա տեսաւ խաւար, սեւադէմ մարդկանց, որոնք, ընդառաջ գալով, թոյլ չէին տալիս իրեն երկինք ելնել: Լուսազգեստ այրն ընդդիմանում էր նրանց, մարտնչում օդային դեւերի հետ ու ասում. «Ի՞նչ մեղք ունի այս արդար մարդը, որ կամենում էք արգելել նրան»: Իսկ նրանք պատրաստւում էին թուել մանկութեան օրերին նրա գործած մեղքերը: Եւ լուսազգեստ այրն ասաց նրանց. «Աշխարհից ելնելուց յետոյ Աստուած ներել է մանկութեան ժամանակ Անտօնի անգիտությամբ գործած մեղքերը, իսկ մենակեցութեան մէջ նա մեղք չի գործել»: Նրանք Անտօնի վրայ կրճտացրին իրենց ատամները, իսկ հրեշտակը Տիրոջ Խօսքով սաստեց նրանց: Այնժամ խաւարայիններն ամօթահար ցած ընկան, իսկ Անտօնն անարգել երկինք բարձրացաւ: Երբ սթափուեց, ողբաց՝ շատ օրեր ոչինչ չուտելով եւ ասաց. «Աղօթէ՛ք, եղբայրնե՛ր, աղօթէ՛ք, որպէսզի կարողանանք անարգել անցնել օդային այսերի իշխանութեան միջով»:
Մէկ ուրիշ անգամ, երբ եղբայրները հարցնում էին հոգիների վիճակի մասին, նրան լսելի եղաւ մի ձայն, որն ասաց. «Անտօնիէ՛, դո՛ւրս արի ու տե՛ս»: Նոյն պահին ելաւ սենեակից եւ տեսաւ մի սեւադէմ, բարձրահասակ ու չար տեսքով այր, որի գլուխն օդում` երկնքի տակ էր: Տեսնում էր, որ բազում թեւաւոր մարդիկ թռչելով երկինք էին վերանում, բայց ահաւոր հսկան, տարածելով ձեռքերը, շատերին խփում, երկիր էր գցում եւ ուրախանում նրանց անկման համար, իսկ ովքեր վերասլաց թռչում ու անարգել երկինք էին մտնում, նրանց վրայ իր ատամներն էր կրճտացնում: Եւ այնտեղից ձայն եկաւ՝ ասելով. «Իմացի՛ր, ինչ որ տեսնում ես, Անտօնիէ՛»: Ու նրան բացուեցին խորհուրդները եւ նա հասկացաւ, որ թեւաւոր մարդիկ մարդկանց հոգիներն էին, բարձրահասակ, սեւադէմ մարդը` սատանան, որը մեղաւորների հոգիներն ընկղմում էր անդունդներում, իսկ վեր բարձրացողներն արդարներն էին, ովքեր անարգել երկինք էին մտնում:
Այսպիսի եւ այլ տեսիլքներ ու յայտնութիւններ էր պատմում պատեհ ժամին, երբ բռնադատւում էր եղբայրների կողմից: Քաջալերում էր նրանց հոգեխրատ խօսքերով եւ յորդորում հոգ տանել առաքինութիւնների համար: Նրան տեսնելու ու նրա խօսքը լսելու էին գալիս նաեւ եպիսկոպոսներ, քահանաներ եւ սարկաւագներ, իսկ նա խոնարհութեամբ հայցում էր նրանց օրհնութիւններն ու աղօթքները, ապա զօրացնելով նրանց՝ ճանապարհում: Պատահեց, որ նրա մօտ եկան նաեւ արիոսականներ` նենգօրէն նրա հետ խօսելու համար: Ծերը, անմիջապէս վրայ հասնելով, իր լեռան վրայից հալածեց անօրէն քրիստոսամարտների աղանդի մոլորութիւնը, սակայն նրանք, հասնելով Ալեքսանդրիա, տարածեցին, թէ Անտօնը համախոհ է մեզ:
Այս լսելով՝ Մեծն Աթանաս հայրապետը, ով մեծ բարեկամական զգացումներ ունէր սուրբի հանդէպ, լուր ուղարկեց նրան՝ գալ ու ամաչեցնել չար լեզուներին: Նոյնն էին խնդրում նաեւ այլ ուղղափառ եպիսկոպոսներ` գալ եւ օգնել իրենց: Այնժամ ծերը մօտ 330 թուականին փութապէս եկաւ Ալեքսանդրիա ու հրապարակաւ խօսելով բազմութեան առջեւ՝ սքանչելապէս քարոզեց Աստուծոյ Որդուն՝ որպէս ճշմարիտ Աստուած ճշմարիտ Աստծուց, որպէս Հօր հարազատ Ծնունդ, Նրան համաբնակից եւ մշտնջենաւորակից: Իսկ Որդուն արարած ասողներին նզովեց եւ ապականիչ գայլեր անուանեց, քանզի ասաց. «Նրանք, ովքեր ծառայում են արարածներին եւ ոչ թէ Արարչին՝ յաւիտեանս օրհնեալ Աստծուն, ոչնչով չեն տարբերւում հեթանոսներից»:
Երանելու կողմից չար աղանդի յայտնապէս հերքումը ողջ ուղղափառ ժողովրդի համար մեծ ուրախութիւն եւ ճշմարտութեան ճանապարհի վրայ հաստատութիւն եղաւ, քանզի բոլորը երանելուն ընդունում էին որպէս Եկեղեցու սիւն: Եւ ոչ միայն հաւատացեալներն էին գնում ծերի մօտ` ստանալու նրա օրհնութիւնը, այլեւ քաղաքի հեթանոսները, ովքեր նրան Աստուծոյ այր էին համարում ու ջանում էին գոնէ նրա հանդերձներին դիպչել: Նրա մօտ էին բերում բազում հիւանդներ, ախտաժէտներ եւ դիւահարներ, ովքեր, մերձենալով նրա հանդերձներին, առողջանում էին: Ու սա տեսնելով՝ կռապաշտներից շատերն ընդունում էին սուրբ հաւատը: Մի օր, երբ բազմութունը նեղում էր ծերին, իսկ աշակերտները կամենում էին հեռացնել ամբոխին, ծերը ժպտալով ասաց. «Մի՞թէ այս բարեսէր մարդիկ աւելի շատ են, քան լեռան վրայ մեզ պաշարող դեւերի բանակը»:
Անապատ վերադառնալուց յետոյ մի անգամ նրա մօտ եկան հելլէնացի երկու հեթանոս աշխարհիկ իմաստուներ, ովքեր կարծում էին, թէ կարող են իրենց ճարտար խօսքերով յաղթել անուսում մարդուն: Բայց Աստուծոյ այրն իր աստուածուսոյց գիտութեամբ պապանձեցրեց նրանց այնպէս, որ նրանք ապշեցին սուրբի հանճարեղ մտքի վրայ: Միաժամանակ տեսնելով նշանները, որոնք սուրբը գործեց, ահով լցուած վերադարձան ու խոստովանեցին. «Տեսանք աւելին, քան որ լսել էինք»:
Մեծ Անտօնի սրբութեան համբաւը հասաւ հեռաւոր երկրներ ու նաեւ կայսեր դռանը: Ինքը` բարեպաշտ ինքնակալ Կոստանդիանոսը, եւ նրա որդիներ Կոստասն ու Կոստանդը յաճախ նամակ էին գրում նրան եւ խնդրում, որ մխիթարի իրենց պատասխան թղթով ու հնարաւորութեան դէպքում անձամբ գայ իրենց մօտ, բայց նա ամէն կերպ խոյս էր տալիս աշխարհի իշխանների հետ բարեկամութիւնից: Աշակերտները համոզում էին պատասխանել թագաւորական նամակներին, եւ սուրբը, խոնարհուելով նրանց խնդրանքներին, գրում էր հոգեշահ խրատների ու յորդորանքի խօսքեր, որոնք ստանալով՝ Կոստանդիանոսը եւ իր որդիներն ուրախանում էին ու իրենց պատիւ համարում կոչուել Անտօնի որդիներ:
Ցնծում էր երանելին, երբ բարեպաշտ Կոստանդիանոսի օրօք տեսնում էր աստուածպաշտութեան ծաղկումը: Սակայն Տէրը սուրբին տեսիլքով ցոյց տուեց, որ նրա որդիների օրօք պիտի զօրանան արիոսականները, ցոյց տուեց նաեւ այն չարիքները, որոնք պիտի լինէին Յուլիանոս Ուրացողի եւ Վաղէսի ժամանակներում: Նա տեսաւ, որ ջորիներ են մտնում եկեղեցու խորան, աքացի տալով վայր գցում սուրբ Սեղանը ու ցրում ամէն ինչ: Եւ ի վերուստ ձայն լսեց, որն ասաց. «Իմ Սեղանը պղծուելու է»: Ծերն այս տեսիլքը մեծ ողբով պատմեց իր աշակերտներին, բայց եւ միաժամանակ քաջալերեց նրանց՝ ասելով, թէ այդ օրերը երկար չեն տեւի, ու Եկեղեցին շուտով կը վերագտնի իր նախկին պայծառութիւնը:
Ոմն զօրավար, դատաւորների եւ այլ իշխանների հետ գալով Անտօնի արտաքին վանքը, լուր տուեց ծերին ու խնդրեց, որ իջնի լեռան վրայից եւ գայ իրենց մօտ: Նա եկաւ, որոշ խրատներ տուեց ու շտապեց վերադառնալ իր առանձնավայրը: Երբ նրանք ստիպեցին սուրբին քիչ եւս մնալ իրենց մօտ, Անտօնն ասաց. «Չեմ կարող աւելին մնալ, որովհետեւ ինչպէս որ ձկները, ցամաքում փոքր-ինչ մնալով, սատկում են, նոյնպէս եթէ մենակեացները երկար դեգերեն աշխարհիկների հետ, կը ձուլուեն նրանց եւ կը տկարանան հոգով: Այդ պատճառով ինչպէս որ ձուկն է շտապում ցամաքից ծով նետուել, այնպէս էլ մենք պէտք է շտապենք դէպի մեր լեռը, որպէսզի յապաղելով չմոռանանք, թէ ներսում ինչ ունենք»: Զարմացաւ զօրավարն այս խօսքերի վրայ ու ասաց. «Արդարեւ, դու Աստուծոյ ճշմարիտ ծառան ես, քանզի ինչպէ՞ս կարող է մարդ այսչափ իմաստութիւն ունենալ, եթէ Աստծուց սիրուած չլինի»:
Իսկ արիոսականների կուսակից մէկ այլ զօրավար, որի անունն էր Բաղակիոս, զգուշացուել էր սուրբ հայր Անտօնի կողմից, որ դադարի հալածել ուղղափառներին: Սակայն նա չսաստուելով, ըստ ծերի կանխասացութեան, չարաչար կերպով մահուան մատնուեց, որի համար շատերը զարմացան, իսկ բոլոր լսողներն ահաբեկուեցին: Մարդիկ պատկառում էին Աստուծոյ մարդու խօսքերից, սուրբի շահեկան խրատները նրանց իր մօտ էին բերում: Զինուորականներից եւ հարուստներից շատերը, թողնելով այս կեանքի ծանրութիւնը, նրա առաջնորդութեամբ մենակեացներ էին դառնում: Անտօնը հոգիների ու մարմինների Աստծուց տրուած ճարտար բժիշկ էր ոչ միայն եգիպտացիների, այլ նաեւ ամբողջ աշխարհի համար, որովհետեւ նրա վաստակի պտուղները սփռուել էին ողջ աշխարհով մէկ, եւ ամէնքը հաղորդ էին նրա բարի գործերին:
Եւ երբ Անտօնը դարձաւ 90 տարեկան եւ հասաւ խոր ծերութեան, Պիսպիռեան վանքի աշակերտներն խնդրեցին նրան այլեւս չմնալ ներքին լեռան վրայ գտնուող իր ճգնարանում, այլ գալ իրենց մօտ, որպէսզի խնամք գտնի իր ծերութեան մէջ, մխիթարուի ու առաւելապէս մխիթարի իր զաւակներին: Բայց նա չկամեցաւ, այլ միայն ընտրեց երկու եղբայրների, որ մնան իր մօտ` լեռան վրայ, որոնց անուններն էին Ամաթաս եւ Մակարիոս: Եւ սրանք 15 տարի` սկսած 340 թուականից, նրա ծերութեան օրերին սպասաւորեցին սուրբին:
Այդ տարիների ընթացքում երանելի Անտօնը Տիրոջ յայտնութեամբ այցելեց թեբայեցի սուրբ Պօղոս Անապատականին, ում պատուական մարմինն ամփոփելուց յետոյ վերադարձաւ ու պատմեց իր երկու աշակերտներին: Նա իր հետ բերել էր Պօղոսի՝ արմաւենուց հիւսուած պարեգօտը, որը կրում էր միայն տօն օրերին:
Սրանից յետոյ մի քանի տարի անց Անտօնը, ըստ իր սովորութեան, եկաւ Պիսպիռի լեռը` այցելելու մենակեացներին: Նա նրանց յայտնեց վերին յայտնութեամբ իր երկինք փոխադրուելու մասին եւ ասաց. «Որդեակնե՛ր, սա իմ վերջին այցելութիւնն է ձեզ, որովհետեւ եկել է ժամանակը հրաժարուելու իմ մարմնից, որն ապրեց 105 տարի»: Այս լսելով՝ բոլորը լաց եղան ու գրկելով համբուրեցին ծերին, իսկ նա զուարթ էր եւ լի խնդութեամբ, որովհետև պատրաստւում էր օտար աշխարհից իր հայրենի Երկիրը գնալ: Տուեց իր վերջին յորդորները, պատուիրեց չձանձրանալ ճգնութիւններից, աշխարհի հանդէպ միշտ մեռած լինել, յիշել իր խրատները, ամբողջովին հեռու մնալ մելիտիանոսների ու արիոսականների չար հերձուածից, զգոյշ լինել վարդապետական հարցերում եւ Սուրբ Գրքի աստուածային պատուիրաններում, աչքի առաջ ունենալ սուրբերի վարքն ու նրանց գործերը եւ զօրանալ պատուիրանապահութեան մէջ:
Երբ եղբայրները նրան ստիպեցին մնալ իրենց մօտ, յանձն չառաւ բազում պատճառներով, բայց առաւել շատ, որպէսզի չպատուեն իր մարմինը եգիպտացիների օրէնքով` չթաղելով հողում, որովհետեւ միշտ յանդիմանում էր այդ սովորութիւնը: Եւ այսպէս երանելին հրաժեշտ տուեց եղբայրներին ու շտապ վերադարձաւ լեռան իր մենարանը: Սակայն քիչ օրեր անց նա հիւանդացաւ եւ կանչելով իրեն սպասաւորող երկու աշակերտներին՝ ասաց. «Ես փափագում եմ իմ հայրերի ճանապարհով շտապել դէպի երկնայինները: Իմ Տէրը կանչում է ինձ, իսկ դուք, ո՛վ իմ սիրելի զաւակներ, միշտ զգաստ եղէք եւ ձեր երկար տարիների վարձքը մի՛ կորցրէք, այլ ինչպէս որ սկիզբ էք դրել, ջանացէք պահել ձեր ընթացքը: Ամէն օր ապրէք ինչպէս աշխարհի հանդէպ մեռեալ՝ ձեզ միաբանելով նախ Տիրոջ, ապա Նրա սուրբերի հետ, որպէսզի ձեր մահից յետոյ յաւիտենական յարկերում ձեզ ընդունեն որպէս սիրելիներ ու ծանօթներ: Արդ, դուք սա խորհէք եւ սրա համար հոգացէք ու եթէ կամենում էք, յիշէ՛ք ինձ՝ որպէս ձեր հօր: Թոյլ չտաք իմ մարմինը Եգիպտոս տանել, այլ դուք կը թաղէք ծերիս եւ կամփոփեք հողի տակ: Նաեւ պատուիրում եմ ձեզ, որ ձեզանից բացի թող ոչ ոք չիմանայ իմ տեղը, որպէսզի ես մեռելների յարութեան ժամանակ Փրկչից անապականութիւն ստանամ: Բաժանէ՛ք իմ հանդերձները. մազեղէն իմ պարեգօտն ու լերկ կաշին կը տաք Աթանաս եպիսկոպոսին, մազեղէն քուրձը` Սրապիոն եպիսկոպոսին, իսկ դուք կը վերցնէք իմ այծեայ հագուստները եւ Պօղոսի` արմաւենուց պատրաստած պարեգօտը: Եւ արդ, ո՛ղջ եղէք, որդեակնե՛ր, քանզի Անտօնը երկինք է փոխւում ու այլեւս ձեզ հետ չի լինի»:
Այս ասելով՝ ողջունեց նրանց համբոյրներով ու զուարթ երեսով եւ ուրախանալով իր մօտ եկած սուրբ հրեշտակների տեսութեամբ՝ իր սուրբ հոգին աւանդեց Աստծուն Տիրոջ 356 կամ 357 թուականի յունուարի 17-ին` 105 տարեկան հասակում` առանց ծերութեան նշանների, որովհետեւ ո՛չ տեսողութիւնն էր վատացել եւ ո՛չ էլ ատամներից մէկն էր թափուել: Լաւ տեսք ունէր, ապրելով այդ խստակրօն վարքով՝ մարմնի բոլոր անդամները պահուել էին առաւել առողջ, քան ունեն աշխարհի մէջ փափկակենցաղ մարդիկ: Նա, ով ճգնում էր ծածուկ, իբրեւ տիեզերքի լուսատու ճրագ՝ քարոզեց ամենուր: Կենդանութեան օրօք Արեւելքից մինչեւ Արեւմուտք հնչեց նրա անունը, եւ նրա սուրբ վարքի օրինակը կանոն եղաւ բոլոր մենակեացների համար:
Եւ ինչպէս պատուիրել էր սուրբը, երկու աշակերտները լեռան վրայ ամփոփեցին երանելու մարմինը, որը մօտ 170 տարի մարդկանցից ծածուկ մնաց: Ապա Յուստիանոս Մեծի թագաւորութեան առաջին տարիներին, ով աթոռին նստեց 527 թուականին, աստուածային յայտնութեամբ գտնուեցին նրա նշխարները, բերուեցին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք ու զետեղուեցին Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցում:
Անտօն Անապատականի (251-356թթ.) վարքը հեղինակել է Ալեքսանդրիայի սուրբ Աթանաս Ալեքսանդրացի հայրապետը, որը հայերէն թարգմանուել է հինգերորդ դարում:
ՍՈՒՐԲ ՀԱՅՐ ԱՆՏՕՆԻ ԽՐԱՏՆԵՐԻՑ
1․ Հայր Անտօնը եղբայրներին ընդունելութեան համար ասաց. «Պէտք է եկող եղբօրն ընդունել եւ խոնարհուել նրա առջեւ, քանզի գրուած է. «Տեսար քո եղբօրը, տեսար քո Տէր Աստծուն»: Վկայ ունենք Աբրահամին, ով ընդունեց ու երկրպագեց իր հիւրերին: Նոյնն արեց եւ վկայեց Ղովտը, երբ ընդունեց հրեշտակին»:
2․ Մի եղբայր հարցրեց հայր Անտօնին. «Ինչպէ՞ս հաճելի լինեմ Աստծուն»: Ծերը պատասխանեց նրան ու ասաց. «Պահի՛ր այն, ինչ կը պատուիրեմ քեզ. ուր էլ գնաս, աչքերիդ առջեւ միայն Աստծուն ունեցիր: Ինչ էլ որ անես, թող վկայութիւն ունենաս Սուրբ Գրքից: Եւ որտեղ էլ որ նստես, արագ մի՛ շարժուիր կամ բնաւ մի շարժուիր: Այս երեքը պահիր ու կապրես»:
3․ Հայր Պամբօն հարցրեց հայր Անտօնին. «Ի՞նչ անեմ, որ առաւել շահ ունենամ»: Ծերն ասաց. «Յոյսդ մի՛ դիր քո արդարութեան վրայ, մի՛ վերադարձիր անցած գործերիդ եւ զգուշապէս պահիր լեզուդ, որովայնդ ու կոկորդդ»:
4․ Հայր Անտօնն ասաց. «Մեր նախկին հայրերը, ովքեր ելան անապատից, նախ բժշկեցին իրենց, եղան հոգեւոր հմուտ բժիշկներ, ապա բժշկեցին նաեւ այլոց: Իսկ մենք, աշխարհից ելնելով, նախքան մեզ բժշկելը ձեռնարկում ենք բժշկել ուրիշներին: Այդ ախտը հաստատւում է մեր մէջ, եւ վերջն աւելի չար է լինում, քան առաջ էր: Ու մեզ վրայ կատարւում է Տիրոջ այն խօսքը, թէ` «Բժի՛շկ, բժշկիր նախ քո անձը»:
5․ Հայր Անտօնն ասաց. «Միշտ աչքերիդ առջեւ պահի՛ր երկիւղը եւ միշտ յիշի՛ր քո մահուան օրն ու կապրես: Ատե՛նք այս աշխարհը եւ այն ամէնը, ինչ կայ նրանում: Հրաժարուե՛նք մարմնի հանգստից ու նրա բոլոր ցանկութիւններից, որպէսզի կեանք գտնենք Աստուծոյ մօտ: Միշտ յիշենք, թէ ի՞նչ ուխտեցինք Աստծուն, որը պիտի պահանջուի մեզանից դատաստանի օրը: Քաղցե՛նք, ո՛վ եղբայրներ, եւ ծարաւե՛նք: Մերկանա՛նք, մրսե՛նք, տքնե՛նք, ողբա՛նք ու հառաչե՛նք սրտի խորքերից: Փորձե՛նք մեզ, թէ հաճո՞յ ենք Աստծուն: Արհամարհե՛նք մեր անձերը, որպէսզի շահենք մեր հոգիները»:
6․ Մի անգամ եղբայրները հայր Անտօնի մօտ Սկիտէ գնալու համար նստեցին մի նաւ եւ պատահեցին մի այլ ծերի, ում չէին ճանաչում: Նաւում սկսեցին խօսել սուրբ հայրերի խօսքերից, գրուածքներից ու նրանց գործերից, իսկ այդ ծերը լուռ էր մնում: Երբ ցամաք հասան, եղբայրները տեսան, որ նա եւս Անտօնի մօտ է գալիս: Երբ տեղ հասան, հայր Անտօնը եղբայրներին ասաց. «Եղբայրնե՛ր, ձեզ բարի ճանապարհորդակից գտաք այդ ծերին»: Իսկ ծերին ասաց. «Ո՛վ ծեր, դու էլ քեզ բարի ճանապարհորդակիցներ գտար այս եղբայրներին»: Ծերը պատասխանեց Անտօնին ու ասաց. «Բարի են, սակայն իրենց բերաններին դուռ չունեն, եւ ով կամենայ, կարող է հեշտութեամբ մտնել դրանց ախոռը ու արձակելով տանել նրանց աւանակները»: Ծերն այսպէս ասաց, որովհետեւ ինչ խօսք որ գալիս էր նրանց բերանները, ասում էին անզգուշաբար:
7․ Մի անգամ մի քանի եղբայրներ գնացին հայր Անտօնի մօտ եւ ասացին. «Հա՛յր, մի խօսք ասա մեզ, որով ապրենք»: Ծերն ասաց. «Դուք ունէք Աւետարանը, այնտեղ ամէն ինչ բարւոք գրուած է, կատարէ՛ք նրա Խօսքերը ու կապրէք»: Եղբայրներն ասացին. «Հա՛յր, նաեւ քեզանից ենք կամենում խօսք լսել»: Այնժամ ծերն ասաց նրանց. «Աւետարանում գրուած է, թէ ով հարուածի քո մի երեսին, մօտեցրու նրան նաեւ միւսը: Արէ՛ք այդպէս եւ կապրէք»: Եղբայրներն ասացին. «Դա չենք կարող անել»: Ծերն ասաց. «Եթէ չէք կարող մօտեցնել միւսը, ապա համբերէք մի կողմի հարուածին»: Ասացին. «Դա էլ չենք կարող անել»: Ծերն ասաց. «Եթէ դա էլ չէք կարող, ապա մի՛ եղէք հարուածողներից»: Ասացին. «Դա էլ չենք կարող»: Այնժամ ծերն ասաց իր աշակերտներին. «Կերակուր պատրաստէք հիւանդ եղբայրների համար, քանզի եթէ սրանք չէք կարողանում անել, ես ի՞նչ ասեմ ձեզ»:
8․ Հայր Անտօնի առջեւ գովեցին մի եղբօր, իսկ նա փորձեց նրան, որպէսզի տեսնի, թէ կարո՞ղ է համբերել արհամարհանքներին: Եւ տեսնելով, որ չունի համբերութիւն, ասաց նրան. «Դու նման ես մի գիւղի, որի արտաքին կողմը զարդարուած է, իսկ ներսից յափշտակուած ու գերուած է աւազակների կողմից»:
9․ Հայր Եղիայի վանքում մի եղբայր ընկաւ փորձութեան մէջ եւ մեղքի պատճառով արտաքսուեց այնտեղից: Սա գնաց լեռը` հայր Անտօնի մօտ, ու ամէն ինչ պատմեց նրան: Մէկ տարի այդտեղ մնալուց յետոյ հայր Անտօնը նրան դարձեալ ուղարկեց այն վանքը, որտեղից եկել էր, սակայն նրան չընդունեցին: Դարձեալ վերադարձաւ հայր Անտօնի մօտ եւ ասաց, որ չկամեցան իրեն ընդունել: Հայր Անտօնը դարձեալ ուղարկեց նրան այնտեղ ու պատուիրեց նրանց ասել. «Ծովում ընկղմուած նաւը եւ կորցրած բեռները մեծ չարչարանքներով մի կերպ կարողացայ ափ դուրս բերել, իսկ դուք կամենում էք ցամաքում նորից կործանել սրան»: Երբ նրանք լսեցին հօր այս խօսքերը, սիրով ընդունեցին նրան:
10․ Հայր Անտօնը մարգարէացաւ հայր Ամոնի համար ու ասաց. «Դու պէտք է յոյժ առաջադիմես Աստուծոյ երկիւղի մէջ»: Ապա նրան սենեակից դուրս բերելով՝ ցոյց տուեց մի մեծ քար եւ ասաց. «Անարգի՛ր այս վէմին, ապտակի՛ր ու խփի՛ր»: Եւ նա այդպէս արեց: Հայր Անտօնն ասաց նրան. «Ի՞նչ ասաց քեզ վէմը»: Նա պատասխանեց. «Ոչինչ»: Հայր Անտօնն ասաց. «Այդպէս էլ դու պէտք է պատրաստուես հասնել այդ չափին», որը եւ եղաւ, քանզի հայր Ամոնն այնպէս առաջադիմեց, որ իր մեծ անմեղութեան մէջ բոլորովին մոռացաւ չարութիւնը:
11․ Մի անգամ մի քանի եղբայրներ գնացին հայր Անտօնի մօտ` տեսիլքների եւ ցնորքների մասին հարցնելու համար, որպէսզի իմանան, թէ դրանք հաւաստի՞ են, թէ՞ դեւերի կողմից են: Երբ եկան նրա մօտ, ծերը, կանխելով նրանց, ասաց. «Ինչպէ՞ս ճանապարհին սատկեց Իլ ծերի աւանակը»: Իսկ նրանք ասացին. «Որտեղի՞ց իմացար, հա՛յր»: Հայր Անտօնն ասաց. «Դեւերն ինձ ցոյց տուեցին»: Եղբայրներն ասացին. «Մենք էլ եկանք քեզ մօտ այդ մասին հարցնելու, քանզի շատ անգամներ անուրջներ ենք տեսնում, որոնք երբեմն ճշմարիտ են լինում, երբեմն էլ՝ ոչ, ու վախենում ենք մոլորութեան մէջ ընկնել»: Իսկ ծերն աւանակի օրինակով հաւատացրեց նրանց, որ գիշերային բոլոր ցնորքները դեւերից են:
12․ Մի անգամ մի որսորդ, անապատում տեսնելով հայր Անտօնին եղբայրների հետ կատակելիս, գայթակղուեց: Իսկ ծերը, իմանալով այդ մասին, կամեցաւ հաստատել նրան եւ ասաց. «Դի՛ր քո նետը աղեղիդ վրայ ու ձգի՛ր»: Որսորդն այդպէս արեց: Ծերն ասաց. «Դարձեալ ձգիր»: Դա էլ արեց: Ծերը երրորդ անգամ ասաց. «Ձգի՛ր չափից աւելի»: Որսորդն ասաց. «Եթէ չափից աւելի ձգեմ, աղեղը կը կոտրուի»: Ծերն ասաց նրան. «Եղբա՛յր, այսպէս է նաեւ Աստուծոյ գործը. եթէ չափից աւելի նեղենք եղբայրներին, կը սպառուեն նրանց ջանքերը: Ուրեմն պէտք է երբեմն զիջել նրանց»: Այս լսելով՝ որսորդը յոյժ շահեց եւ գնաց իր տուն:
13․ Մի անգամ հայր Անտօնը, խորհելով Աստուծոյ դատաստանների մասին, ասաց. «Ինչո՞ւ ոմանք ապրում են քիչ օրեր եւ մեռնում, ոմանք ապրում են շատ օրեր ու ծերանում, կամ ինչո՞ւ որոշ անիրաւներ մեծահարուստ են, իսկ որոշ արդարներ` աղքատ»: Եւ ահա երկնքից ձայն եկաւ, որն ասաց. «Անտօ՛ն, զգո՛յշ եղիր անձիդ համար, որովհետեւ այդ դատաստաններն Աստծունն են եւ ոչ քոնը, ու պէտք չէ քննել դրանք»:
14․ Հայր Անտօնն ասաց հայր Պիմէնին. «Մեծ առաքինութիւն է, երբ մարդը միշտ թւում է իր յանցանքները, դրանք դնում Աստուծոյ առաջ եւ մինչեւ իր վերջին շունչը փորձութիւններ կրում, որովհետեւ չփորձուածներից ոչ ոք չի կարող մտնել Աստուծոյ Արքայութիւնը: Քանզի ես տեսայ երկրի վրայ սփռուած թշնամու բոլոր ցանցերն ու որոգայթները եւ հառաչելով ասացի. «Ո՞վ կարող է փրկուել սրանցից»: Ու երկնքից մի ձայն լսեցի, որն ասաց. “Միայն խոնարհութիւնը կարող է անցկացնել դրանց միջով եւ փրկել»:
15․ Հայր Պիմէնն ասաց. «Այսպէս էր ասում հայր Անտօնը. «Մարդու մեծութիւնն այն է, որ նա իր յանցանքները միշտ դնի Աստուծոյ առջեւ եւ մինչեւ իր վերջին շունչը սպասի փորձութիւններին, քանզի ինչպէս որ ամէնքը հառաչանքով են մտնում այս աշխարհ, նոյնպէս հառաչանքով էլ պիտի ելնեն այստեղից: Անօգուտ են բոլոր առաքինութիւններն առանց սեփական անձին միշտ մեղադրելու առաքինութեան, որից ծնւում է կեցուցիչ խոնարհութիւնը»:
ԱՆՏՕՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆԻ ԽՐԱՏՆԵՐԻՑ
1․ Արդար եղիր ոչ միայն մարդկանց առջեւ, այլ ինքդ հոգով եղիր իմաստուն, խոնարհ, բարեհոգի, համբերատար, ջերմեռանդ, մարդասէր:
2․ Մի՛ թող Աստուծոյ կամքը՝ մարդկանց կամքը կատարելու համար:
3․ Մի՛ խախտիր Աստուծոյ պատուիրանները յանուն ընկերասիրութեան:
4․ Վանի՛ր քեզանից հպարտութիւնը, իսկ ընկերներիդ ու բոլոր մարդկանց համարիր քեզանից լաւը:
5․ Մի՛ եղիր երեսպաշտ կամ կեղծաւոր, առաւել եւս՝ ստախօս:
6․ Մի՛ հպարտացիր քո գործերով, ինչպիսին էլ որ դրանք լինեն:
7․ Բարի գործերի մասին, որ կամենում ես անել, ոչ մէկին մի՛ պատմիր, այլ լռելայն արա՛:
8․ Սիրի՛ր խոնարհութիւնը, եւ այն կը քաւի քո բոլոր մեղքերը:
9․ Ընտելացրո՛ւ լեզուիդ ասելու՝ ների՛ր ինձ, եւ խոնարհութիւն կը գտնես:
10․ Եթէ մէկն յանիրաւի կշտամբի քեզ, մի՛ բորբոքուիր:
11․ Երբէք մի՛ վրդովուիր որեւէ մէկի վրայ, ների՛ր բոլորին:
12․ Շուտ մի՛ բարկացիր եւ չարութիւն մի՛ պահիր քեզ զայրացնողի դէմ:
13․ Իմաստուն եղի՛ր եւ քեզ վատաբանողների շուրթերը փակի՛ր քո լռութեամբ:
14․ Եթէ ցանկանում ես հաճելի լինել Աստծուն, քո անձը յանձնի՛ր Տէր Յիսուս Քրիստոսին: Նա քեզ ազատութիւն կը տայ ու հովանի կը լինի քեզ: