Ահեղ և զարմանալի է [լինելու] Քրիստոսի գալուստը, ահավոր է [լինելու] դատաստանը, երբ դղրդալով պիտի շարժվեն երկինքն ու երկիրը, և Աստծու հրեշտակներն այս ու այն կողմ պիտի ընթանան, ահավոր է [լինելու] Աստծու փողի ձայնը, որ պիտի ժողովի ազգերին ու ցեղերին դատաստանի ատյանում. այնտեղ սաստիկ քննություն պիտի լինի, և ամբողջովին դուրս պիտի պահանջի մեր բոլորի հոգին, շունչն ու մարմինը: Արարողն ու Աստված
ամենևին չի մոռանում վախճանվածների ոսկորները` կատարյալ հասակ ունեցողից մինչև որովայնից վիժվածները: Հողը պիտի բռնվի սաստիկ երկունքով և զգուշությամբ
դուրս` դեպի երկիր պիտի հանի բոլոր մարմինները: Ահեղ ու ահավոր է այն օրը տեսնելը. բոլոր արարածները տեսնում են Աստծուն երկնքից երկիր խոնարհված, շարժվում են լուսեղեն զորքերը, հրեշտակների ու հրեշտակապետերի բազմությունները:
Դրվում է դատաստանի աթոռը փառքով` դատելու բոլոր արարածներին, ահավոր ատյանի առաջ կարգվում են առաքյալներն ու մարգարեները,հայրապետներն ու մարտիրոսները և Աստծու ընտրյալների բազմությունները : Խիստ դժնդակ է այն տեսնելը. այնքան մեծ բազմության մեջ ոչ ոք չի կարող փախչել Հանդիսադրից, և ոչ էլ երկրի ընդարձակության մեջ թաքնվելու տեղ կա. ծայրից ծայր տեսնում է բոլոր հեռու և մոտ գտնվողներին, և ըստ յուրաքանչյուրի գործի հատուցում է լինում:
Նրանք, ում գործերը դժնդակ են, դատապարտվում են. անողորմ դահիճներն, իբրև մարդուն թշնամի, մազերից քարշ տալով` բերում են դատավորի առջև և տանջում գեհենի հրում, իսկ արդարների դասերը երկնքի արքայության մեջ փայլում են լուսատուների պես:
Երկնավոր փողը բարձունքներում գոչում է ննջեցյալներին և ասում է. «Վե’ր կացեք, Քրիստոսի’ սիրելիներ, ահա երկնավոր Թագավորը եկավ և ձեզ պարգևելու է հանգիստ, ուրախություն և անմահ կյանք ձեր չարչարանքի ու ճգնության փոխարեն: Վե’ր կացեք և տեսեք Քրիստոս Թագավորին` անմահ Փեսային, ում ցանկանում եք, որովհետև Նրան փափագելով` Նրա համար պանդուխտ եղաք երկրում: Վե’ր կացեք, տեսե’ք նորասքանչ վայելչությունն ու մեծ փառքը: Վե’ր կացեք, մտե’ք Նրա արքայության մեջ, որ պատրաստեց ձեզ համար: Վե’ր կացեք, տեսե’ք տենչալի Տիրոջը, ում սիրեցիք, ում համար վշտեր կրեցիք:Վե’ր կացեք, մեծ համարձակությամբ տեսեք Նրան և այնտեղ ցնծացե’ք Նրանով, ձեր անճառելի բարիքներն ու ուրախությունը ոչ ոք չի վերցնի ձեզնից: Եկեք վայելեցե’ք այն, «ինչ որ աչքը չտեսավ, ականջը չլսեց և մարդու սրտի մեջ չընկավ, որ Աստված պատրաստեց Իր սիրելիների համար» (տես Ա Կորնթ., Բ 9), որ շնորհեց Իրեն փափագողներին:
Մեծ ուրախությամբ ուրախանում են բոլոր արարածները և փառաբանում ու երկրպագում են Քրիստոս Թագավորին, լուսավոր ամպերի վրայով օդի միջով թռչելով`սուրբերը հրեշտակների զորքերի բազմութեան հետ բարձրանում են Քրիստոսին ընդառաջ, անպատմելի փառքով ցնծալով` հրճվում են անմահ Աստծու` երկնավոր Փեսայի տեսությամբ և մտնում են սուրբ քաղաք` Վերին Երուսաղեմ` ժառանգելու անճառ բարիքները, որ Աստված է պատրաստել Իրեն սիրողների համար: Այնժամ ահավոր ատյանի և անկաշառ Դատավորի առաջ են բերվում նաև ապստամբ հրեշտակները դիվական բոլոր գնդերի հետ միասին: Եվ Քրիստոս Թագավորը տանջող հրեշտակներին հրամայում է անշեջ հրի և մշտնջենական տանջանքների մեջ նետել նրանց, միաժամանակ նաև նրանց, ովքեր անօրինություն են գործել և զղջմամբ ու խոստովանությամբ չեն քավել այն, մատնում է խավարին, որից ազատում չկա, և անքուն որդերին, որ պատրաստված են սատանայի և նրա հրեշտակների համար: Որից թող փրկի Քրիստոս Աստված Իր սուրբ անվանը հավատացողներին. ամեն:
Սուրբ Եղիշե Վարդապետ
`