Եսայի 63.7-18
7 Տիրոջ ողորմութիւնը պիտի յիշեմ, Տիրոջ մեծագործութիւնը միտքս պիտի բերեմ այն բարիքների համար, որ Տէրն է հատուցելու մեզ: Տէրն Իսրայէլի տան բարերար դատաւորն է, որ իր ողորմածութեամբ եւ իր մեծ արդարութեամբ վարձատրելու է մեզ: 8 Նա էր, որ ասաց. «Իմ ժողովուրդն իմ որդիներն են, որոնք չեն անարգի ինձ». եւ նա նրանց փրկութիւն բերեց իրենց բոլոր նեղութիւններից: 9 Ոչ թէ ինչ-որ պատգամաւոր կամ հրեշտակ փրկեց նրանց, այլ՝ Տէրն ինքը. եւ որովհետեւ նա սիրում ու խնայում էր նրանց, ինքն էլ փրկեց նրանց, ոտքի կանգնեցրեց եւ բարձրացրեց նրանց յար ու յաւիտեան: 10 Բայց նրանք ըմբոստացան ու բարկացրին նրա Սուրբ Հոգին, եւ Տէրը նրանց թշնամի դարձաւ, ինքն իսկ պատերազմեց նրանց դէմ: 11 Այնժամ նրանք հին ժամանակները յիշեցին՝ ասելով. «Ո՞ւր են Մովսէսը եւ նրա ժողովուրդը, ո՞ւր է նա, որ երկրից դուրս բերեց հօտերի հովուին, ո՞ւր է նա, որ նրանց մէջ դրեց Սուրբ Հոգին. 12 ո՞վ էր, որ իր աջով բարձրացրեց Մովսէսին եւ որի առաջ իր փառաւոր բազկով կասեցրեց ջրերը իր անունը յաւերժացնելու համար: 13 Նրանց անցկացրեց անդունդներով, ինչպէս ձին է անցնում անապատով, կամ ինչպէս գրաստը՝ դաշտով, ու նրանք չյոգնեցին: 14 Տիրոջ Հոգին իջաւ եւ առաջնորդեց նրանց»: Քո ժողովրդին դու այնպէս առաջնորդեցիր, որ քո անունը փառաւորեն: 15 Արդ, դարձի՛ր երկնքից եւ քո սուրբ ու փառաւոր տաճարից նայիր, թէ ուր են քո նախանձախնդրութիւնն ու զօրութիւնը, ուր են քո մեծ ողորմութիւնն ու գթութիւնը, որոնցով ներում էիր մեզ: 16 Դու ես մեր հայրը: Աբրահամը չգիտէր մեզ, Իսրայէլը մեզ չէր ճանաչում, բայց դու, Տէ՛ր, Հա՛յր մեր, փրկի՛ր մեզ, որովհետեւ սկզբից ի վեր մեզ վրայ է քո անունը: 17 Ինչո՞ւ մեզ թողեցիր, որ մոլորուենք քո ճանապարհներից, ո՛վ Տէր, ինչո՞ւ կարծրացրիր մեր սրտերը, որ քեզնից չվախենանք. դարձի՛ր ի սէր քո ծառաների, դարձի՛ր ի սէր քո ժողովրդի, որ քո ժառանգութիւնն է: 18 Գուցէ քո սուրբ լեռը չկարողանանք ժառանգել: Մեր թշնամիները նեղեցին մեզ եւ ոտնակոխ արեցին քո սրբութիւնը:
Բ Տիմոթեոս 3.1-12
1 Այս բա՛նն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, 2 երբ մարդիկ պիտի լինեն անձնասէր, փողասէր, հպարտ, ամբարտաւան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, 3 անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարոյ, անբարեսէր, 4 մատնիչ, յանդուգն, մեծամիտ, աւելի շատ հեշտասէր, քան աստուածասէր, 5 մարդիկ, որ ունեն աստուածապաշտութեան կերպարանք, սակայն ուրացել են նրա զօրութիւնը: Նաեւ խորշի՛ր նրանցից, 6 քանզի նրանց մէջ կան այնպիսիք, որ մտնում են տնից տուն եւ գերում են մեղքերով ծանրաբեռնուած կանանց, որոնք տարուած են պէս-պէս ցանկութիւններով. 7 կանայք, որ միշտ ուսանում են, բայց երբեք չեն կարող հասնել ճշմարիտ գիտութեանը: 8 Եւ ինչպէս Յանէսն ու Յամրէսը հակառակուեցին Մովսէսին, այնպէս էլ սրանք հակառակւում են ճշմարտութեանը. ապականուած մտքով մարդիկ, անպէտք՝ հաւատի մէջ: 9 Բայց նրանք աւելի առաջ գնալ երբեք չեն կարող, քանի որ իրենց յիմարութիւնը յայտնի կլինի բոլորին, ինչպէս որ եղաւ այդ երկուսինը: 10 Իսկ դու հետեւեցիր իմ վարդապետութեանը, իմ վարմունքին, կամեցողութեանը, հաւատին, համբերատարութեանը, սիրուն, համբերութեանը 11 եւ այն հալածանքներին ու չարչարանքներին, որոնք պատահեցին ինձ Անտիոքում, Իկոնիոնում եւ Լիւստրայում. գիտես, թէ ինչպիսի՜ հալածանքների ենթարկուեցի, բայց Տէրն ինձ փրկեց այդ բոլորից: 12 Եւ բոլոր նրանք, որ ուզում են աստուածապաշտութեամբ ապրել Քրիստոս Յիսուսով, հալածանքների մէջ պիտի լինեն:
Ավ. ըստ Հովհաննեսի 6.22-38
22 Յաջորդ օրը ժողովուրդը, որ մնացել էր ծովի այն կողմը, տեսաւ, որ այնտեղ այլ նաւակ չկայ, բացի միայն մէկից, որի մէջ մտել էին Յիսուսի աշակերտները, իսկ Յիսուս իր աշակերտների հետ նաւակ չէր մտել, այլ միայն իր աշակերտներն էին գնացել: 23 Սակայն Տիբերիայից ուրիշ նաւակներ էլ գալիս էին մօտ այն տեղին, ուր հացն էին կերել: 24 Ուրեմն, երբ ժողովուրդը տեսաւ, որ Յիսուս այդտեղ չէ, եւ ոչ էլ՝ նրա աշակերտները, նաւակներ նստեցին ու եկան Կափառնայում՝ Յիսուսին փնտրելու: 25 Եւ երբ նրան գտան ծովի միւս կողմում, ասացին նրան. «Ռաբբի՛, ե՞րբ եկար այստեղ»: 26 Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. դուք ինձ փնտրում էք ոչ թէ նրա համար, որ նշաններ տեսաք, այլ՝ որովհետեւ կերաք այն հացից եւ կշտացաք: 27 Գնացէք աշխատեցէ՛ք ոչ թէ կորստեան ենթակայ կերակրի համար, այլ այն կերակրի, որը մնում է յաւիտենական կեանքի համար, եւ որը մարդու Որդին կտայ ձեզ, քանի որ նրան իր կնիքով հաստատել է Հայրը՝ Աստուած»: 28 Նրան ասացին. «Ի՞նչ անենք, որ Աստծոյ ուզած գործերը գործենք»: 29 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Աստծոյ ուզած գործը այս է. որ հաւատաք նրան, ում նա ուղարկեց»: 30 Նրան ասացին. «Ի՞նչ նշան կանես, որ տեսնենք եւ հաւատանք, ի՞նչ գործ կգործես: 31 Մեր հայրերը անապատում մանանան կերան, ինչպէս որ գրուած է. “Երկնքից նրանց հաց տուեց ուտելու”»: 32 Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. Մովսէսը չէ, որ ձեզ երկնքից հաց տուեց, այլ իմ Հայրն է, որ տալիս է ձեզ ճշմարիտ հացը երկնքից. 33 որովհետեւ Աստծուց է այն հացը, որ իջնում է երկնքից եւ կեանք է տալիս աշխարհին»: 34 Նրան ասացին. «Տէ՛ր, ամէն ժամ տո՛ւր մեզ այդ հացը»: 35 Յիսուս նրանց ասաց. «Ես եմ կենաց հացը. ով դէպի ինձ գայ, քաղց չի զգայ, եւ ով ինձ հաւատայ, երբեք չի ծարաւի: 36 Բայց ես ձեզ ասել եմ, որ ինձ տեսաք եւ չէք հաւատում: 37 Բոլոր նրանք, ում Հայրն ինձ տալիս է, կգան ինձ մօտ, եւ ով որ ինձ մօտ կգայ, դուրս չեմ անի. 38 որովհետեւ ես երկնքից իջայ ոչ թէ իմ կամքը կատարելու համար, այլ՝ կամքը նրա, ով ինձ ուղարկեց: