Աղաչում եմ Քեզ, Տեր, Սուրբ Ատոմյանների բարեխոսությամբ,
Որոնք նահատակվեցին պատերազմական ճակատամարտում,
Հաղթական եղան թշնամու դեմ,
Սրանց բարեխոսությամբ խնայիր մեզ Քրիստոս:
Ատոմյանց հայազգի զորավարները` Ատոմ Գնունին և Մանաճիհր Ռշտունին իրենց գնդերով ծառայության մեջ էին Պարսից արքունիքում Հազկերտ կռապաշտ թագավորի օրոք: Մոգպետերի հրահրմամբ, Հազկերտն սկսում է հալածել քրիստոնյաներին, Պարսկաստանում քրիստոնեությունն արմատախիլ անելու համար: Ատոմյանց Քրիստոսադավան զորավարները հրովարտակ են ստանում Հազկերտից, որով վերջինս նրանց իրենց զորագնդերով հանդերձ կանչում է արքունիք` դավանափոխ անելու մտադրությամբ:
Հայոց զորավարներն սկզբում հնազանդվում են, սակայն, քաջատեղյակ լինելով թագավորի նախապատրաստած որոգայթին, հայրենիք են վերադառնում եւ ապաստանում Անձեւացյաց գավառում: Տեղեկանալով հետապնդող պարսից մեծաքանակ բանակի մասին` Ատոմ Գնունու երանելի զինվորները, գոտեպնդված մի լեռնաբնակ ճգնակյաց սրբի մարգարեությամբ և Ատոմի գիշերային տեսիլքով, որոշում են կամավոր նահատակվել: Պարսից զորքը հասնելով հայոց զորավարներին, շրջապատում և սրախողխող է անում Քրիստոսին խոստովանող և փառաբանող, սաղմոսերգությամբ մարտիրոսության գնացող սրբերին: Իսկ Մանաճիհր Ռշտունին իր ուղեկիցներով հասնում է հայրենի Ռշտունիք և 449 թվականին նահատակվում: