Ստուգութեամբ տեղեկացեալք հարցանելով զմարգարէն,
ով ելցէ ի լեառն Տեառն կամ ով կացցէ ի տեղւոջն սրբութեան:
Ահա տեսաք զՍուկաւէտ լեառն դիտակ եւ բնակարան վկայիցն
որոց առեալ զողորմութիւն յԱստուծոյ Փրկչէն իւրեանց:
Որք բարձին զխաչն իւրեանց` Խաչեցելոյն խաչակցեցան`
դիմելով յօժարութեամբ առ սատակիչսն` որպէս զգառինս ի մէջ գայլոց:
Նոյն եւ զինքն իսկ տեսանեմք Պրոբատիկէ աւազանին, յորս դնին
բազմութիւնք ախտաժէտաց` ակն ունելով վերստին ջուրցն յուզման:
Աստանօր նորոգեցաւ մեզ աւազանն Սելովմայ`
ի բառնալ զաչս սրտից` առ ի մերժել զախտս հոգւոց եւ մարմնոց:
(Շարակնոց)
Նահատակուել են 130 կամ 140 թուականին Բագրեւանդ գաւառի Ջրաբաշխ կամ Սուկաւէտ կոչուած լեռներում:
Սրանք փառաւոր, երեւելի այրեր էին` արքայազուններ, ալանաց 1, թագաւորի արքունիքում պալատականներ եւ զինուորական կարգի մէջ առաջիններ: Ազգական էին ալանների թագաւորի դստերը` Սաթէնիկին, ով Հայոց Արտաշէս արքայի` Սանատրուկի որդու կինն էր, եւ նրա հետ էլ Ալանաց երկրից Հայաստան էին եկել:
Եւ եղաւ, որ սուրբ Ոսկեանները, ովքեր լսել էին Թադէոս առաքեալի քարոզութիւնը եւ առանձնական կեանք էին վարում Հայոց աշխարհի Ծաղկանց լեռներից մէկի քարայրում, Աստուծոյ տեսչութեամբ եկան արքունիք` թագաւորին ու թագուհուն յայտնելու կեանքի Խօսքը: Իսկ Արտաշէս արքան, ով զբաղուած էր պատերազմական հոգսերով, կարեւոր չհամարեց նրանց խօսքը, որոշեց յետոյ` մի այլ ժամանակ լսել նրանց եւ զրկուեց կենարար վարդապետութեան լոյսից: Սակայն ոչինչ իզուր չանցաւ. այն պատուական այրերը` ալանների երկրից եկած Սաթէնիկի ազգականները, ովքեր մեծարուած էին թագաւորի ու թագուհու կողմից, յօժարութեամբ լսեցին Աւետարանի քարոզութիւնը եւ հաւատացին Քրիստոսին: Եւ այդպէս, աշակերտելով սուրբ Ոսկեաններին` գնացին նրանց հետեւից` առանձնանալու լեռներում: Նրանցից առաւել տեղեկանալով կեանքի ճանապարհի մասին` լուսաւորուեցին եւ մի ծաղկաւէտ ու ջրաբուխ վայրում` Եփրատ գետի ակունքի մօտ, մկրտուեցին նրանց կողմից: Նրանցից նշանաւորը, ում կոչում էին Բահադրաս կամ Բարուքադա, մկրտութիւնից յետոյ որպէս խաղաղական կեանք ստացած` կոչուեց Սուքիաս (Սուքիաս յունարէն կոչւում է Իսիւքիոս եւ թարգմանւում է «հանդարտ» կամ «լուռ»¤: Նրա միւս ընկերներին կոչեցին Ղուկիանոս, Պողոքտէս, Կոդրատոս, Իդիոքսիքիրոս կամ Անտիոք, Ուքիրոն, Մէմաս, Փոկաս, Սերգիոս, Դոմետիոս, Ադրանիոս կամ Անդրիանոս, Զոսիմէոս, Բիկտոր, Թաղկեսա կամ Թաղղէսա, Յորդանէս, Անաստաթրէոս, Թէոդիտոս կամ Թէոդոտիոս, Յակոբ եւ Թէոդոսիոս. ընդամէնը` տասնութ կամ տասնինը հոգի: Մկրտուելիս նրանցից իւրաքանչիւրը նոյն պահին դէմ յանդիման տեսնում էր Քրիստոսին՝ երեւալիս բլրի վրայ՝ այն աղբիւրի դիմաց, որն իրենց մկրտութեան աւազանն էր: Ուստի ովքեր աւելի առաջ էին մկրտւում, խնդալից սրտով յորդորում եւ շտապեցնում էին իրենց ընկերներին` աւետիս տալով ու ասելով. «Ահա կնիքն ընդունելիս տեսնում ենք Քրիստոսին»: Այնուհետեւ կրօնաւորելով սուրբ Ոսկեանների վարդապետների մօտ` գոհանում էին Աստծուց անպատում պարգեւների համար, որ շնորհւում էին իրենց: Իսկ այն տեղում, ուր նրանց երեւում էր Քրիստոս, խաչ կանգնեցրին եւ կոչեցին «Աւետեաց Խաչ»:
Սրանից յետոյ, երբ Ոսկեանները եւ Սուքիասեաններն սկսեցին գնալգալ արքունիք եւ քարոզել Քրիստոսին, յայտնի եղաւ Սուքիասեանների դարձը առ Աստուած: Այդ պատճառով թագուհին սկսեց խէթ աչքով նայել նրանց, որովհետեւ նա երկնչում էր արքայից եւ արքայորդուց ու մտածում էր, թէ իրեն համախոհ կը կարծեն իր ազգականներին, որի համար արգելեց Ոսկեանների մուտքը արքունիք: Սուքիասեանները, իմանալով այս մասին եւ տեսնելով, որ իրենց ազգական Սաթէնիկն իրենց հետ չի վարւում այնպէս, ինչպէս նախկինում, սկսեցին խոյս տալ նրանից եւ արքունիքից: Յատկապէս վախենալով, որ միգուցէ վտանգաւոր փորձութիւններ գան ոչ միայն իրենց, այլեւ իրենց վարդապետների վրայ, հեռացան թագուհուց, գնացին իրենց վարդապետների՝ Ոսկեանների հետեւից եւ, կրօնաւորական կեանք վարելով, առանձնացան լեռներում:
Սակայն թագուհու կրտսեր որդիները` Վրոն եւ Վնոն, տեսնելով, որ իրենց մօր ազգականներն այլեւս չեն երեւում արքունիքում, թագուհուց իմացան պատճառը եւ նրանց դէմ գրգռեցին իրենց աւագ եղբօրը` Արտաւազդին, ով մի վայրենաբարոյ երիտասարդ էր: Տեղեկանալով, թէ որտեղ են գտնւում Բահադրասը` Սուքիասը, եւ նրա ընկերները, իրենց հետ վերցրին արքունի զօրականներ եւ ուղղուեցին դէպի նրանց բնակութեան վայրը: Երբ նրանց գտան, սկսեցին համոզել, որ վերադառնան արքունիք, սակայն տեսնելով, որ նրանք չեն կամենում, կանչեցին Ոսկեանների վարդապետներին եւ նրանց ստիպեցին յորդորել իրենց աշակերտներին` վերադառնալ թագուհու մօտ: Եւ նրանք ասացին. «Թող իրենք ընտրեն իրենց օգտակարը»: Այս խօսքերից բարկացաւ արքայորդին եւ հրամայեց խողխողել Ոսկեաններին, իսկ Սուքիասեաններին չվնասեց` իր մօրը ազգական լինելու պատճառով, եւ խնայեց նրանց:
Երբ երանելի աշակերտներն իմացան սուրբ վարդապետների կոտորածի մասին, մեծապէս սգացին եւ վերցնելով նրանց մարմինները` սուգով թաղեցին: Ապա տեսնելով, որ թագուհու ու նրա որդիների պատճառով հանգիստ չեն ունենալու, իսպառ հեռացան նրանցից եւ թաքնուեցին լեռներում` մօտ Ոսկեանների մենաստաններին: Ապրում էին նրանց կեանքով եւ օրըստօրէ առաջադիմում իրենց կարգի եւ հրեշտակային վարքի մէջ: Այդ փառաւոր ճգնակեաց այրերն այնքան խստացրին իրենց ճգնութիւնները, որ ծաղկաւէտ լեռների բոյսերով սնուելը մարմնի աւելորդ ցանկութիւն էր թւում: Ուստի շատ չանցած` երանելի Սուքիասն ասաց իր ընկերներին. «Եկէ՛ք չոր եւ ոչ թէ արգաւանդ վայրեր փնտռենք մեզ համար, քանզի այս առատ կանաչեղէնը պարարտացնում է մեր մարմինները եւ մարդուն դարձնում ձիերի ու ջորիների պէս, որոնք իմաստութիւն չունեն: Եւ լաւ է, որ տեղափոխուենք այստեղից, որպէսզի չգան թագուհու մօտից եւ չնեղեն մեզ` դառնալու մեր նախկին աշխարհական պատուին ու կեանքի ունայն հոգսերին»:
Եւ միաբան գնացին Բագուան 2, գիւղի Նպատ լերան դիմաց գտնուող Ջրաբաշխ լեռը: Բնակուեցին այդ լերան վրայ, որը յետոյ կոչուեց սուրբերից գլխաւորի` Սուքիասի անունով եւ վայրի ոչխարների պէս ճարակելով` հանդարտեցին բազում տարիներ: Մաշուեցին ու թափուեցին նրանց հանդերձները, մաշկը օդի խստութիւնից դարձաւ քարի մամուռի պէս, եւ երկնքի ցօղից մարմինները պատուեցին մազածածկոյթով, որը, գլխի մազերի եւ մօրուքների հետ խառնուած, ամբողջովին ծածկեց նրանց: Նրանք նմանուեցին վայրի քօշերի 3, որի համար էլ, ինչպէս ասում են, քօշեր կոչուեցին: Եւ այսպէս քառասունչորս տարի ապրեցին Սուկաս լերան վրայ` առանց հիւանդութիւնների ու պատահարների: Աստուծոյ տեսչութեամբ պահպանուած ապրեցին` խոտաճարակ լինելով, ապրեցին մարմնի մէջ որպէս անմարմիններ` յարատեւելով մշտամռունչ աղօթքներով եւ ճգնութիւններով:
Երբ Արտաշէս թագաւորից յետոյ Հայաստանում թագաւորեց Արտաւազդը, վերացաւ խաղաղութիւնը Հայոց աշխարհից, քանզի նա անպիտան այր էր եւ միայն երկու տարի թագաւորելով` վեր ու վար արեց տէրութեան բարեշինութեան իր հօր հաստատած կարգերը: Իսկ նրան յաջորդող իր Տիրան եղբայրը թէպէտ զգօն այր էր, սակայն անհոգ կեանք էր վարում` տրուելով որսորդութեանը եւ զուարճանքներին, որի համար էլ պարսից սէգ ու հզօր արքայ Պերոզը որոշեց յարձակուել Հայոց աշխարհի վրայ եւ հպատակեցնել իր տէրութեանը: Այդ նոյն օրերին Հռոմի կայսր Անտոնինոս Պիոսն արքայական թագ եւ ծիրանի ուղարկեց հայոց Տիրան արքային` վերջինիս հռոմէացիների հետ բարեկամութեան մէջ հաւատարիմ մնալու եւ հարկերը վճարելու համար: Այս հանգամանքներից պարտուած` Պերոզը որոշեց կորստեան մատնել Հայաստանը` ասելով. «Անցնելով կÿաւերեմ նրանց երկիրն ու վրէժ կը լուծեմ` ըստ մեր հայրենի սովորութեան», որի համար անթիւ զօրք հաւաքեց, շտապեց հասնել հայոց սահմաններին եւ ասպատակելով ամայացրեց Հայաստանը:
Երկիրն ընկաւ ալեկոծումների ու տագնապի մէջ: Երանելի Սուքիասեաններն իրազեկ էին այս ամէնին եւ մտահոգ սպասում էին, թէ ինչպէս պէտք է պարսից թագաւորը վրէժ լուծի Հայոց աշխարհից, քանզի ցաւում էին Հայոց` իբրեւ սեփական երկրի համար: Ապա երանելի Կոդրատոսն ասաց սուրբ Սուքիասին եւ նրա ընկերներին. «Եկէ՛ք աղօթենք, որ Աստուած խաղաղութիւն տայ այս երկրին, որովհետեւ մենք այս հողում ենք ապրում»: Եւ միաբան աղօթելով` ասացին. «Տէր Աստուա՛ծ, Քո մեծ ողորմութեամբ ողորմի՛ր Հայոց աշխարհին, քանզի թէպէտ այն լի է անօրէնութիւններով, սակայն Դու ես բոլորի Տէրն ու Արարիչը, Քեզնից է օգնականութիւնը եւ ողորմութիւնը: Հե՛տ դարձրու այս երկրից Քո սրտմտութեան սուրը, մարդասէ՛ր եւ անոխակա՛լ, քանզի Քոնն է զօրութիւնը եւ փառքը յաւիտեանս յաւիտենից. ամէն»:
Տէրը լսեց նրանց աղօթքը. պարսից արքային դարձրեց իր երկիրը, քանզի նրան հասաւ հռոմէացի կայսեր սպառնալիքը, ում ապաւինում էր Հայոց արքան, եւ նա չհամարձակուեց միաժամանակ պատերազմել հայերի ու հռոմէացիների դէմ: Այսպէս խաղաղութիւն տիրեց երկրին, որի համար ուրախ եղան սուրբերը եւ փառաւորեցին Աստծուն: Ապա որոշեցին իջնել լերան վրայից, որպէսզի երկրի մերձաւոր բնակիչներին տարածեն աստուածգիտութեան լոյսը եւ ամէնից առաջ քանդեն բագինները, որ գտնւում էին իրենց բնակութեան մօտ: Իսկ սուրբ Սուքիասը, ով նրանց աւագն էր, ասաց. «Խնդրէ՛ք Տիրոջը, որ տայ մեզնից առաւել զօրաւոր մի մշակ, ով կը կործանի կուռքերի մեհեանները եւ այս ողջ երկիրը կը դարձնի մոլորութիւնից դէպի Ճշմարտութիւն»: Եւ քանի որ նրանց խորհուրդներն ու խօսքերն առաջ էին գալիս ճշմարտութիւնը վկայելու փափագից, Աստուած կատարեց նրանց սրտի բարի տենչանքը: Քանզի այդ գիշեր սուրբերից Պօղիքտոս անունով մէկին տեսիլք երեւաց, որը պատմեց իր ընկերներին. «Այս գիշեր, ասաց նա, տեսայ, որ ալանների մեր արքունի դռնից մի առիւծ եկաւ դէպի մեզ եւ սկսեց սաստկապէս մարտնչել մեր դէմ»: Այս լսելով` երանելիները ծունկի եկան եւ աղօթեցին. «Տէ՛ր Աստուած, թող չզարհուրեցնի մեզ չար գազանը, որը գալիս է յարձակուելու Քո ծառաների վրայ: Տէ՛ր, մի՛ հեռացրու Քո օգնականութիւնը մեզնից եւ մի՛ տուր Քո սրբութիւնը շներին: Աստուա՛ծ, Դու ամենազօր ես, ճանաչում ես մարդկանց որդիների սրտերը եւ գիտես, որ Քեզ ենք յանձնել մեր անձերը ծառայութեան, որպէսզի արժանի լինենք Քո անսուտ խոստումներին, որոնք յաւիտենական են»:
Եւ ահա քիչ օրեր անց կատարուեց տեսիլքը. մեռաւ Ալանաց Շապուհ արքան, ով ճանաչում էր Սուքիասին ու նրա ընկերներին, եւ նրան յաջորդեց Գիդիանոս կամ Դատիանոս թագաւորը: Սա զօրքի մէջ նոր կարգ հաստատեց. մարդահամար անցկացրեց զօրավարների մէջ ու տեղեկացաւ, որ այդ երանելիները` արքունի գնդից այդ քաջերն ու անուանիները, տարիներ առաջ Սաթէնիկ դշխուհու հետ մեկնել են Հայոց աշխարհ, որտեղ Քրիստոսի համար մեծ տառապանքներով ու նեղութիւններով բնակւում են Ջրաբաշխ լերան վրայ: Այս մասին արքային յայտնեցին Հայոց երկիր երթեւեկող ալաններից ոմանք (առանձնապէս դէպքերին քաջատեղեակ Սկուհեր նախարարը), ովքեր Սաթենիկի մահից յետոյ բարեկամացել էին նրա որդիների հետ ու հարցուփորձով տեղեկացել սուրբերի մասին: Այնժամ թագաւորն իր զօրքից ընտրեց սպառազինուած, կորովի այրեր եւ լրտեսներով հանդերձ ուղարկեց Հայաստան: Իր Բառլահա կամ Բառլախայէլ անունով զօրավարին մի գրութիւն ուղարկեց հետեւեալ բովանդակութեամբ. «Փնտռեցէ՛ք ալաններից այստեղ եկածներին: Երբ գտնէք նրանց, բազում պարգեւներով համոզէք գալ արքունիք, իսկ եթէ հրաժարուեն, բոլորին սրի քաշէք»:
Այրերը եկան Հայաստան, ուր նրանց ցոյց տուեցին Ջրաբաշխ (Սուկաւէտ) լեռը, որտեղ բնակութիւն էին հաստատել սուրբերը: Նրանք հեռուից տեսան երանելիներին եւ զարմացան, քանզի ոչխարների պէս կերակրւում էին խոտով, մարմինները քօշերի նման ծածկուած էին մազով՝ նման այն քարերին, որոնց վրայ մամուռ է բուսնում: Ապա մօտենալով նրանց` զօրավարն սկսեց խօսել զարմանքով եւ ասել. «Ովքե՞ր էք դուք եւ ի՞նչ էք անում այստեղ: Դուք մարդու կերպարանք ունէք, սակայն ձեզ խոտաճարակ ոչխարների պէս եմ տեսնում»: Առաջ եկաւ սուրբ Սուքիասը, պատասխանեց եւ ասաց. «Բնութեամբ մարդիկ ենք, իսկ ազգութեամբ` ալաններ` արքունի դռնից: Մենք փախել ենք ամբարիշտներից ու անաստուածներից եւ մեկուսացել ենք այս լեռներում: Ի վերուստ զօրացած` ապրում ենք այսպէս՝ յաւիտենական յոյսի համար, որ Տէր Աստուած խոստացել է մեզ»: Բառլահան ասաց. «Այս վայրերը ծմակային են, եւ շատ ձիւն է գալիս այս լեռներում, ինչպէ՞ս էք կարողանում բնակուել այստեղ»: Սուրբն ասաց. «Լսի՛ր ինձ, որդեա՛կ, հաւատա՛ Աստծուն` երկնքի եւ երկրի Արարչին: Ամէն բան Իր ծառաների եւ Իրեն փառաբանողների համար Իր կամքով է լինում: Արդ, մենք ողորմութիւն գտանք Աստծուց, սիրեցինք Նրան մեր ամբողջ սրտով, եւ մեր յոյսը մեր Տէր Աստուած է»: Բառլահան ասաց. «Ո՞ր տոհմից ես, եւ ի՞նչ է քո անունը»: Սուրբն ասաց. «Արքունիքում ես երկրորդն էի արքայից յետոյ եւ թագակից էի նրան: Իմ նախկին անունը Բահաքադրա էր, սակայն երբ դարձայ Տիրոջը, Սուքիաս կոչուեցի, որովհետեւ մկրտութիւնից յետոյ խաղաղական կեանք ստացայ»: Զօրավարն ասաց. «Արդ, եթէ կամենաս եւ լսես ինձ, կը դառնաս քո նախկին պատուին, դարձեալ կը նստես երկրորդ գահին եւ փառքով ու հանգստեամբ կÿանցկացնես ծերութեանդ օրերը»: Իսկ երանելին ասաց. «Ես իմ Տիրոջ ծառան եմ, եւ այժմ վարձք ստանալու ժամանակն է, ինչո՞ւ թողնեմ վերջին ժամերս եւ ձեռնունայն մնամ»: Զօրավարն ասաց. «Գիտե՛մ, թէ ով է քո Տէրը, ում ծառայում ես: Դու Խաչեալին ես քեզ Տէր կոչում»: Սուրբն ասաց. «Այո՛, իմ Տէրը Քրիստոսն է»: Զօրավարն ասաց. «Թողեցիր քո ազատութիւնը եւ ընդունել ես ծառայութի՞ւնը»: Երանելին պատասխանեց. «Եթէ ճանաչէիր իմ Տիրոջը, դու եւս կÿընդունէիր այս ծառայութիւնը, որպէսզի ժառանգէիր անապական կեանքը»:
Սակայն Բառլահան արհամարհեց սուրբի խօսքերը եւ սպառնալիքներով սաստեց նրան: Այնժամ երանելի Սուքիասը հասկացաւ բռնաւորի միտքը, հաւաքեց եղբայրներին ու ասաց. «Եկէ՛ք, եղբայրնե՛ր, հասել է մեր նահատակութեան եւ վարձք ստանալու ժամանակը»: Նրանք բոլորը լցուեցին մեծ խնդութեամբ եւ փառաւորեցին Աստծուն, իսկ զօրավարը համոզիչ խօսքերով խոստանում էր պարգեւներ տալ նրանց, եթէ դառնային իրենց երկիրը, ընդունէին հայրենի կրօնը եւ նախկին պատիւը: Սակայն սուրբերը միաբան պատասխանեցին. «Մեր պարգեւատուն Աստուած է, Ով անմահութեան պարգեւներ է տալիս, Ով ազատում է մեզ սատանայից ու նրա հնարքներից: Թող քե՛զ լինեն այդ պարգեւները, որ խոստանում ես տալ թագաւորի կողմից: Մենք ակնկալում ենք ստանալ Աստուծոյ պարգեւները, որովհետեւ Նա՛ է մեր յոյսը»: Բռնաւորը հարցրեց. «Ո՞վ է ձեր պարգեւատուն»: Երանելիները պատասխանեցին. «Մեր պարգեւատուն Աստուած է` Նա, Ով արարեց երկինքն ու երկիրը, իսկ նրանցում եղածներն արարածներ են: Նա՛ է մեր Տէրը եւ Թագաւորը, Ով ունի իշխանութիւն կեանքի ու մահուան վրայ: Նրանից դողում է երկինքը, եւ երկիրը սարսում է Նրա խօսքից: Հրաման է տալիս ծովին ու ցամաքեցնում, սաստում է գետերին, եւ նրանք հետ են դառնում: Թող նոյն Ինքը սաստի նաեւ քեզ ու քո խորհրդակից սատանային, եւ թող չլինի քո կամքը Աստուծոյ ծառաների վրայ»:
Այս լսելով` բռնաւորը զայրացաւ, կրճտացրեց ատամները եւ խորհրդակցեց իւրայինների հետ, թէ ինչպիսի մահուամբ կորստեան մատնի նրանց: Իսկ երբ երանելիներն իմացան, որ մօտեցել է իրենց նահատակութեան ժամը, ծունր դնելով` աղօթեցին. «Տէ՛ր Աստուած, Արարի՛չ երկնքի եւ երկրի, որ ոչնչից ստեղծեցիր բոլոր արարածներին: Դո՛ւ ես ճշմարիտ Աստուած` Հա՛յրը մեր Տէր Յիսուս Քրիստոսի, Ով եկաւ եւ մարմնացաւ ու Իր խաչելութեամբ, թաղմամբ եւ յարութեամբ փրկեց տիեզերքը»: Եւ մէկ առ մէկ յիշատակելով Աստուծոյ երախտիքները մարդկային ազգի հանդէպ` ասացին. «Եւ արդ, բարերար Տէ՛ր, նայի՛ր Քո ծառաներին, ովքեր սիրեցին Քեզ ողջ զօրութեամբ եւ հաւատացին Քո անսուտ խոստումներին, որոնք խոստացար Քո սիրելիներին: Զօրութի՛ւն տուր Քեզ յուսացողներիս եւ զօրացրո՛ւ մեզ այս պատերազմում, որ պիտի գայ մեզ վրայ Քո սուրբ անուան համար: Թող ամօթահար լինի սատանան բռնաւորների հետ, եւ թող Քո ծառաների մէջ փառաւորուի Քո սուրբ անունը: Աստուա՛ծ գթութեան եւ Տէ՛ր ողորմութեան, նայի՛ր Քեզ յուսացողներիս եւ Քեզ ապաւինածներիս: Թող թշնամին Քո գաւթից չհեռացնի Քո բանաւոր հօտին: Հանդարտեցրո՛ւ այս փոթորկուած ալիքը, որ գալիս է մեզ վրայ, որպէսզի կարողանանք ժամանել խաղաղութեան նաւահանգիստը: Զօրացրո՛ւ Քեզ յուսացած ծառաներիս, որպէսզի Քո յաղթական զօրութեամբ յաղթենք մեր թշնամուն: Թող մենք չլինենք աւազի վրայ կառուցուած տան պէս, որին կործանում են փորձութիւնների հողմերն ու անձրեւները, այլ ամուր պահիր մեզ մեր Յոյսի` Քրիստոս Աստուծոյ հաստատուն վէմի վրայ: Բարերարութեամբ նայիր Քեզ յուսացած ծառաներիս եւ յաղթութեան նշան տուր Քեզ ապաւինածներիս, որպէսզի զտուենք ոսկու պէս բռնաւորի յարուցած պատերազմում: Թող բանսարկուն չկարողանայ իր խօսքերով դառը որոմներ ցանել մեր մէջ եւ ապականել այն ցորենը, որը պիտի ժողովես Քո շտեմարաններում: Թող Քո անուան մեր այգիներում չբուսնեն վնասակար բոյսերը եւ չապականեն օրհնութեան ողկոյզները, որոնցով պիտի լցնես յաւիտենական հնձանները: Թող չսասանուեն մեր ոտքերը, ամրացրո՛ւ մեզ Քո Աջով եւ աներկիւղ պահիր երեւելի ու աներեւոյթ թշնամիներից, որպէսզի փառաւորուի Քո սուրբ անունը»:
Բոլորը զօրացան, եւ նրանց հոգիները լցուեցին անպատում խնդութեամբ: Ապա դարձեալ գոհութեամբ աղօթեցին` ասելով. «Գոհանո՛ւմ ենք Քեզանից, Տէ՛ր, որ մեզ անաստուածութիւնից դարձրիր աստուածգիտութեան, քանզի մինչ խաւարի մէջ էինք, լուսաւորեցիր Քո գիտութեան լոյսով եւ կապուածներիս արձակեցիր բանսարկուի կապանքներից: Խաւարի եւ մահուան ստուերների մէջ էինք, եւ մեզ վրայ ծագեց Քո երեսի լոյսը, որը մեզ լուսաւորեց եւ առաջնորդեց գնալ Քո արդարութեան ու իրաւունքի ճանապարհներով: Եւ արդ, ո՛ւշ դարձրու Քո ծառաների աղօթքներին եւ մեզնից հեռացրո՛ւ սատանային: Սուրբ Հոգուդ զօրութեամբ զօրացրո՛ւ մեզ այս ժամին, որպէսզի Քո մարդասիրութեամբ եւ շնորհներով արդարութեամբ աւարտենք մեր ընթացքը, եւ փառաւորուի Քո սուրբ անունը: Լսի՛ր մեր աղօթքը, ինչպէս լսեցիր Հեղիասին, ով Յեզաբելի երեսից փախել էր դէպի լեռները: Մենք էլ փախել ենք ամբարիշտ թագաւորներից, հրաժարուել աշխարհի ցանկութիւններից եւ Քո անպատում շնորհների համար այս լերան վրայ անդադար օրհնութեամբ փառաւորում ենք Քեզ: Տէ՛ր Աստուած մեր, լսի՛ր Քեզ յուսացած ծառաներիս, ինչպէս երբեմն լսեցիր Դանիէլին եւ Շուշանին` մէկին փրկելով առիւծների գուբից, իսկ միւսին` ծերերից: Այժմ էլ մեր թշնամուն յաղթելու համար փրկի՛ր եւ զօրացրու մեզ` ի սէր Քո աստուածութեան: Լսի՛ր մեզ, ինչպէս լսեցիր Եսայուն եւ Եզեկիային, ովքեր յուսացան Քեզ եւ արտասուքներով Քո օգնութիւնը խնդրեցին իրենց թշնամու դէմ: Այժմ էլ զօրացրո՛ւ մեզ, որպէսզի դուրս գանք յաղթանակած, եւ պարսպի՛ր մեզ Քո Աջով, որպէսզի մեզնից ոչ ոք չպակասի եւ չզրկուի Քո խոստացած բարիքներից: Լսի՛ր մեզ, ինչպէս հնոցում լսեցիր երեք մանուկներին, ովքեր արհամարհեցին թագաւորի հրամանները եւ պահեցին Քո խօսքերը` օրհնելով Քեզ: Մենք ապաւինում ենք Քո զօրութեանը. փրկի՛ր մեզ պաշարած փորձութիւնից, որպէսզի արժանաւոր լինենք փառաւորել Ամենասուրբ Երրորդութեանդ այժմ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն»:
Լսելով նրանց աղօթքները` բռնաւորը զարմանում էր եւ ապա զայրանում նրանց անդադար օրհնաբանութիւններից: Սաստեց նրանց եւ պահանջեց լռել, սակայն նրանք աղաչելով ասացին. «Թո՛յլ տուր, որ երրորդ անգամ աղօթենք մեր Տէր Աստծուն, եւ յետոյ կը կատարես, ինչ որ կամենաս»: Եւ ապա սկսեցին միաբան աղօթել ու ասել. «Քոնն ենք, Տէ՛ր եւ Քեզ ենք յուսացել: Օգնի՛ր մեզ յաղթութեամբ աւարտել մեր ընթացքը, ինչպէս որ կամենում ես: Արժանաւորի՛ր մեռնել Քո սուրբ անուան համար եւ վարձք ընդունել նրանց հետ, ովքեր հաճոյ եղան Քեզ, ում մէջ փառաւորուեց Քո սուրբ անունը, ովքեր իրենց կամաւոր մահուամբ եղան Քո աստուածութեան վկաները, ովքեր Քո փառքի մէջ թագաւորելով ու պսակուելով` պիտի վայելեն անպատում եւ անանց կեանքը, որը ոչ աչքը տեսաւ, եւ ոչ էլ ականջը լսեց: Տէ՛ր, շտապում ենք ելնել մեր մարմիններից եւ խառնուել Քո վկաների` սուրբ Ոսկեանների գնդին, ովքեր մեզ լուսաւորեցին Քո աստուածութեան լոյսով եւ առաջնորդեցին դէպի քո վերին Երուսաղէմ, ուր պիտի ժողովես Քո բոլոր սուրբերին եւ սիրելիներին»:
Աւարտելով իրենց աղօթքը` կանգնեցին բռնաւորին յանդիման եւ ասացին. «Արդ, կատարի՛ր քո թագաւորի եւ ձեր խորհրդակից սատանայի հրամանը. մենք բոլորս պատրաստ ենք քաջութեամբ մեռնել մեր Տէր Յիսուս Քրիստոսի սուրբ անուան համար»: Իսկ բռնաւորը, յոյժ բարկանալով երանելիների համարձակութեան վրայ, զինուորներին հրամայեց նրանց կապել եւ բրիչներով տանջել: Ապա հրամայեց նրանցից իւրաքանչիւրին պրկել չորս ցցերի վրայ եւ ներքեւից լապտերներով ու ջահերով այրել մարմինները: Ասաց. «Ձեզ կÿայրեմ հրով եւ կը կատարեմ թագաւորի հրամանը, եթէ չկամենաք կատարել թագաւորի կամքը»: Բառլահան կարծեց, թէ այդ կերպով կը կարողանայ զարհուրեցնել երանելիներին, սակայն տեսաւ, որ նրանք դարձան առաւել քաջ, ոչինչ համարեցին իրենց մարմինների հրկիզումը եւ ոսկորների կսկիծը: Նրանք սկսեցին ուրախութեամբ օրհնել Աստծուն եւ սաղմոսել. «Աստուա՛ծ, մեզ օգնութեան հասի՛ր եւ, Տէ՛ր, փութա՛ մեզ ընկերակցել» 4, Տէ՛ր, մեր նեղութեան մէջ յիշեցինք Քեզ, թող Քո առատ ողորմութիւնը մխիթարի մեզ»: Այսպէս աղօթում էր երանելի Սուքիասը, իսկ նրա եղբայրները, արիաբար կրելով իրենց տանջանքները, ձայնակից էին լինում նրան: Բռնաւորը դարձեալ բարկացաւ սուրբերի եւ քաջ նահատակների վրայ` Աստծուն փառաբանելու եւ զարմանալի համբերութեան համար: Ապա հրամայեց բերանակապ դնել նրանց բերաններին, որպէսզի չկարողանան աղօթել կամ օրհնել Աստծուն:
Իսկ սուրբ Կոդրատոսը, արհամարհելով այդ ամէնը, բոլորին խրախուսում էր` որքան հնարաւոր է սաղմոսել այս տողերը. «Ինչպէս եղջերուն ջրի ակունքներին է փափագում, այնպէս էլ մեր անձերն են փափագում Քեզ, ով Տէ՛ր Աստուած մեր» 5, քանզի փափագում էին կենդանի Ջրին եւ յաւիտենական կեանքին, հանապազ տենչում էին հզօր եւ կենդանի Աստծուն, որի համար շտապում էին ելնել մարմիններից եւ հասնել բաղձալի Քրիստոսին:
Այնժամ Բառլահան հրամայեց սպանել նրանց դաժան տանջանքներով եւ ասաց. «Սրախողխող անելով բոլորիդ` շտապ կը կատարեմ ձեր ցանկութիւնը եւ կը զրկեմ այս կեանքից, որին արժանի չէք»:
Երբ սուրբերն իմացան, որ հասել է իրենց նահատակութեան ժամը, մեծ ուրախութեամբ ծունկի եկան եւ միաբան աղօթեցին` ասելով. «Զօրութիւնների Տէ՛ր Աստուած, որ արժանացրիր մեզ աւարտել մեր կեանքի ընթացքը ի փառս Ամենասուրբ Երրորդութեան, լսի՛ր մեր աղօթքները եւ այս ժամին զօրացրո՛ւ մեզ Քո Սուրբ Հոգով: Աներկիւղ պահիր մեզ սատանայի պատրանքներից եւ բռնաւորի ահից: Շնորհի՛ր բոլորիս վկայել ճշմարիտ խոստովանութեամբ, ընդունել պսակները եւ վայելել անճառելի բարիքները յաւիտենական կեանքում: Գթա՛ Հայոց աշխարհին, որպեսզի նրանք երկրպագեն եւ փառաւորեն Ամենասուրբ Երրորդութեանդ, քանզի նրանք Քո արարածներն են, եւ Քեզ վայելում է երկրպագութիւն եւ փառք բոլոր արարածներից: Լսի՛ր, Տէ՛ր, Քեզ յուսացած ծառաներիս այս խնդրանքը. ուր որ կը հեղուի վկաներիս արիւնը, թող այնտեղ բժշկութեան աղբիւրներ բխեն հիւանդների համար, եւ ով հաւատով դիմի մեր բարեխօսութեանը, լինի ահից տագնապած, այսահար թէ վշտահար, կամ եթէ այս տեղում աղաչեն Քեզ, լսի՛ր եւ ողորմի՛ր նրանց: Փրկի՛ր նրանց բոլոր նեղութիւններից եւ հոգու ու մարմնի բոլոր վտանգներից, քանզի Դու զօրաւոր ես ամէն բանում: Քեզ փա՜ռք յաւիտեանս յաւիտենից. ամէն»: Այնժամ երկնքից ձայն լսուեց, որն ասաց. «Ինչ որ խնդրեցիք, կը տրուի ձեզ: Ձեր վկայութեան տեղում թող բժշկութեան աղբիւրներ հոսեն, իսկ հողը բազում ցաւերի բժշկութիւն տայ: Եկէ՛ք ձեզ համար պատրաստուած օթեւանները եւ անվախճան յաւիտեաններում ձեր մեծ չարչարանքների դիմաց ընդունէ՛ք հանգիստը, հարազուարճ ուրախութիւնը եւ փառքերի պսակները, որոնք հիւսեցիք ձեր բազում ճգնութիւններով»:
Այս լսելով` սուրբերը զօրացան, կնքեցին իրենց սուրբ Խաչի նշանով եւ յօժարութեամբ, ինչպէս սպանդի տարուող ոչխարներ, գնացին դէպի մահը` դէպի բռնաւորի դահիճները: Անօրէնները գառներին յօշոտող գայլերի նման, սրի քաշելով, անխնայ կոտորեցին նրանց: Գնալով հրեշտակների ողջոյնին ընդառաջ` երանելիները Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու բարի խոստովանութեամբ աւանդեցին իրենց հոգիները Նաւասարդ ամսի տասնեօթին` Տիրոջ 130 կամ 140 թուականին: Անտանելի ճգնութիւններով քառասունչորս տարի ապրեցին Սուկաւէտ լերան վրայ, ապրեցին ոչ թէ հացով, այլ Տիրոջ զօրութեամբ ու շնորհներով: Եւ այսպէս, քաջ նահատակները` թուով տասնվեց կամ տասնեօթ հոգի, վկայական մահով Քրիստոսից առան յաղթութեան պսակները:
Ալանների զօրավարը սուրբերին սպանելուց յետոյ հրամայեց իր զինուորներին նրանց մարմինները գցել անդունդների խորխորատները եւ ծածկել քարակոյտով, իսկ յաջորդ օրն ինքը գնաց իր երկիրը եւ ամէն ինչ պատմեց թագաւորին:
Բայց Սուքիասեաններից երկու հոգի` ամէնից տկարներն ու կրտսերները, որոնց անունները հաւանաբար Յակոբ եւ Թէոդոսիոս էին, սարսափելով սրից, վերջին պահին փախան եւ ծածկուեցին լերան խորշերում: Մի քանի օր անց սրտի ցաւով եկան այդ տեղը, որպէսզի ամփոփեն իրենց սուրբ ընկերների նշխարները, սակայն չգտան ոչ մէկի մարմինները: Միայն արեան հետքերը տեսան, որոնք ծածկեցին հողով եւ իւրաքանչիւր տեղի վրայ քարէ նշաներ կանգնեցրին: Իսկ իրենք, այլեւս չհամարձակուելով մնալ այդտեղ, իջան լերան արեւմտեան կողմը եւ, դաշտի բերանին գտնելով մի յարմարաւէտ տեղ, ուր բաւական աղբիւրներ կային, կանգ առան: Այդտեղ պատրաստեցին գետնափոր արգելարաններ, ուր մինչեւ իրենց` այս աշխարհից փոխուելը ապրեցին մեծ ճգնութիւններով: Տարիներ անց մի քանի հովիւներ, նրանց վախճանուած գտնելով, թաղեցին հէնց իրենց արգելարաններում: Դա այն տեղն է, ուր ոչ շատ ժամանակ անց հայոց Վաղարշ թագաւորը մեծ աւան շինեց, որն իր անունով Վաղարշակերտ կոչեց, եւ տեղի բարեխառն օդի համար այնտեղ բնակեցրեց իր Խոսրով որդուն: Իսկ նրանց ընկերների` սուրբ Սուքիասեանների մարմինները մնացին Սուկաւէտ լերան անդունդների մէջ` մինչեւ Հայաստան աշխարհի լուսաւորուելը սուրբ Գրիգոր Լուսաւորչի կողմից: Սուրբ Հոգու դրդմամբ նա գնաց այդտեղ, ուր նրանց անուամբ վկայարան կառուցեց:
Իսկ մեր «Յայսմաւուրք»ը գրում է, որ երկու հարիւր երեսուն տարիներ նրանց մարմիններն անապական մնացին: Եւ ապա Աստուծոյ հրեշտակը, երեւալով ինքնակալ Կոստանդիանոս կայսրին, ասաց. «Արի՛, գնա՛ Հայոց աշխարհ եւ ամփոփի՛ր քօշերի մարմինները, որոնք երկար տարիներ անթաղ են մնացել»: Արքան ասաց. «Ինչպէ՞ս կարող եմ այնտեղ գնալ, քանզի ես թագաւոր եմ, եւ իմ մուտքն այդ երկիր կը խռովեցնի նրանց»: Հրեշտակն ասաց. «Ես կÿառաջնորդեմ քեզ, եւ այդ մասին ոչ ոք չի իմանայ»: Եւ այդպէս, Մեծն Կոստանդիանոսը երեք հարիւր ձիաւորներով եկաւ Սուկաւէտ լեռը, ուր գտնւում էին այդքան տարիներ Աստուծոյ ձեռքով անապական պահուած սուրբերի մարմինները: Տեսաւ քարի վրայ գրուած իւրաքանչիւրի անունները: Օրհնութեան համար վերցրեց այն հողից, ուր հեղուել էր սուրբերի արիւնը, եւ որպէս բոլոր ցաւերի բժշկութիւն` իր հետ տարաւ Արեւմուտք: Այն տեղերը, ուր թափուել էր նրանց արիւնը, ներկուած էին տարբեր գոյներով` սեւ, դեղին, սպիտակ, կարմիր, կանաչ եւ կապոյտ:
Եւ մարգարէացաւ սուրբ Կոստանդիանոս թագաւորը` ասելով, որ աշխարհի վերջում, երբ զօրանայ հայոց ազգը, պիտի յայտնուեն սուրբ Սուքիասեանների նշխարները: Այնժամ սուրբ Գրիգորի արժանաւոր սերնդի կողմից պիտի նորոգուի հայոց քահանայապետութիւնը, իսկ Արշակունիների սերնդից` թագաւորութիւնը: Եւ սուրբերի բարեխօսութեամբ դարձեալ խաղաղութիւն պիտի հաստատուի երկրում: Այս ասելով մարգարէական հոգով` Կոստանդիանոս թագաւորը գնաց իր երկիրը: Այդ տեղում բոլոր ցաւերի համար բխեց բժշկութեան աղբիւր, որը կայ մինչ օրս. ամէն տարի` սուրբերի տօնի օրը, բխում է այդ աղբիւրը եւ Սելովամի աւազանի պէս բժշկում բոլոր ցաւերը` առաւելապէս բորոտութիւնը, օձահարութիւնը: Ապա ջուրը նուազում եւ ցամաքում է մինչեւ յաջորդ տարուայ նոյն օրը եւ ժամը: Եւ երկու լեռները կոչուեցին Ոսկեանների եւ Սուքիասեանների` երկու գլխաւոր սուրբերի անուններով:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուքիասեանների յիշատակը տօնում է Առաջաւորաց պահքին յաջորդող երեքշաբթի օրը, իսկ երբ յիշեալ օրը տօնւում է Տեառնընդառաջը՝ ապա նրանք յիշատակւում են սուրբ Ատոմեանների յիշատակի օրուայ հետ:
Վերցված է ՝ https://shavigh.am/ ից