Բ Տիմոթեոս 4.8-22
8 Եւ հիմա ինձ է սպասում արդարութեան պսակը, որը, որպէս հատուցում, ինձ պիտի տայ Տէրը՝ արդար Դատաւորը, այն օրը. եւ ոչ միայն ինձ, այլ նաեւ բոլոր նրանց, որ սիրեցին նրա յայտնուելը: 9 Ջանա՛ իսկոյն գալ ինձ մօտ, 10 որովհետեւ Դեմասն ինձ լքեց եւ աշխա՛րհը սիրեց. նա գնաց Թեսաղոնիկէ, Կրեսկէսը՝ Գալիլիա, Տիտոսը՝ Դաղմատիա: 11 Ղուկասն է միայն ինձ հետ: Մարկոսին վերցնելով՝ քեզ հետ բե՛ր, որովհետեւ նա ինձ պէտք է ծառայութեան համար: 12 Տիւքիկոսին ուղարկեցի Եփեսոս: 13 Տրովադայում թողեցի վերարկուն, Կարպոսի մօտ. երբ գաս, հետդ բե՛ր այն. բե՛ր նաեւ գրքերը, մանաւանդ՝ մագաղաթները: 14 Աղեքսանդրոսը բազում չարչարանքներ պատճառեց ինձ: Թող Տէրը նրան հատուցի ըստ իր գործերի: 15 Նրանից դո՛ւ էլ զգուշացիր, որովհետեւ մեր խօսքերին շատ հակառակուեց: 16 Առաջին ատեանի ժամանակ ոչ ոք ինձ թիկունք չկանգնեց. բոլորը լքեցին ինձ: Այդ թող նրանց յանցանք չհամարուի: 17 Բայց Տէրն օգնեց ինձ եւ զօրացրեց ինձ, որպէսզի ինձնով հաստատուի քարոզութիւնը, եւ բոլոր հեթանոսները լսեն այն: Առիւծի բերանից փրկուեցի ես: 18 Տէրն ինձ կ՚ազատի բոլոր չար գործերից եւ կը հասցնի իր երկնային արքայութեանը. նրան փառք յաւիտեանս յաւիտենից: Ամէն: 19 Ողջունի՛ր Պրիսկային եւ Ակիւղասին. նաեւ՝ Օնեսիփորոսի ընտա- նիքին: 20 Երաստոսը մնաց Կորնթոսում: Տրոփիմոսին հիւանդ վիճակում թողեցի Մելիտոսում: 21 Աշխատի՛ր գալ նախքան ձմեռը: Քեզ ողջունում են Եբուղոսը, Պուդէսը, Ղինոսը, Կլոդիան ու բոլոր եղբայրները: 22 Տէր Յիսուս Քրիստոս լինի քո հոգու հետ: Աստծու շնորհը քեզ հետ:
Ավ. ըստ Հովհաննեսի 7.14-23
14 Տօնակատարութեան կէսին Յիսուս տաճար ելաւ եւ ուսուցանում էր: 15 Հրեաները զարմանում էին ու ասում. «Սա ինչպէ՞ս գիտէ գրուածքները, եթէ բնաւ չի սովորել»: 16 Յիսուս նրանց պատասխան տուեց եւ ասաց. «Իմ ուսուցումն իմը չէ, այլ՝ նրանը, ով ինձ ուղարկեց: 17 Եթէ մէկը ուզում է նրա կամքը կատարել, կիմանայ այս ուսուցման մասին, թէ Աստծո՞ւց է արդեօք, թէ՞ ես ինքս ինձնից եմ խօսում: 18 Ով ինքն իրենից է խօսում, իր համար է փառք փնտրում, իսկ ով փնտրում է նրա փառքը, ով իրեն ուղարկել է, նա ճշմարիտ է, եւ նրա մէջ սուտ բան չկայ: 19 Օրէնքը ձեզ Մովսէսը չտուե՞ց, բայց ձեզնից ոչ ոք օրէնքը չի կատարում: 20 Ինչո՞ւ էք ուզում ինձ սպանել»: Ժողովուրդը պատասխան տուեց ու ասաց. «Քո մէջ դեւ կայ. ո՞վ է ուզում քեզ սպանել»: 21 Յիսուս պատասխան տուեց նրանց ու ասաց. «Մի գործ արեցի, եւ ամէնքդ զարմացել էք: 22 Մովսէսը դրա համար ձեզ տուեց թլփատութիւնը (թէեւ այդ ոչ թէ Մովսէսից էր, այլ՝ հայրերից): 23 Եւ շաբաթ օրով մարդ էք թլփատում: Իսկ արդ, եթէ մարդը շաբաթ օրով թլփատւում է, որպէսզի Մովսէսի օրէնքը չխախտուի, ինձ վրա՞յ էք բարկացած, որ շաբաթ օրով մի ամբողջ մարդ բժշկեցի: