Ավարայրի ճակատամարտը դյուցազներգել մոռացան Գողթնի քնարները. աստվածային նախախնամությամբ բարձրագոչ գովերգել Վարդանանց վիճակված էր Ներսես Շնորհալուն, որն էլ եղանակեց «Նորահրաշ պսակաւոր» շարականը։ Համարձակությամբ պետք է նշել, որ հայոց ազգն արժեւորել է Վարդանանց՝ շնորհիվ Երանելի Ներսեսի, որը 10 տների մեջ կարողացել է լիարժեքորեն նկարագրել պատերազմի բուն գաղափարախոսությունը, որն իրենից ո՛չ ենթարդում է Եղիշե պատմիչի խոսքը, թե․ «․․․․ոչ եթէ կողմ էր՝ որ յաղթեաց, եւ կողմ էր՝ որ պարտեցաւ, այլ քաջք ընդ քաջս ելեալ՝ երկոքին կողմանքն ի պարտութիւն մատնեցան»*, եւ ո՛չ առավել եւս Փարպեցու միտքը․ «Եւ տեսեալ զաւրացն Պարսից զգունդն Հայոց լքեալս եւ պարտասեալս առ ի կոտորել զազգն իւրեանց, հայեցեալ եւ յայն եւս, զի փախուցեալ երթային զաւրքն Հայոց` ի մէջ առեալ շուրջ զնոքօք պատեալ ծովանային․․․․ զհէտ փախստէիցն Հայոց, անցանէին զօրքն Պարսից, որոց հասեալ` զոմանս կոտորէին․․․․»**, այլ Վարդանանց պատերազմի մշակութային այն խորը արմատը, որ սնում է Հայ ազգ կոչվող ծառին։ Այստեղ «Նորահրաշ պսակաւոր» շարականը ներկայացված է որոշակի մշակմամբ եւ գործիքավորմամբ, որը խորթ չէ ազգային մշակույթին։ Օգտագործված գործիքները՝ թմբուկը(կոպալ), պարկապզուկը(տիկ), դուդուկը, եղջերափողը հաստատապես բնորոշ եղել են եւ բնորոշ են հայկական լեռնաշխարհին եւ հայ ազգին: Ստորեւ կներկայացվի նաեւ փոքր ակնարկ գործիքների վերաբերյալ։ Ինչպես Կոմիտաս վարդապետն է ասել․ «․․․․ Մեր թե՛ ժողովրդական, թե՛ եկեղեցական եղանակները, որոնք քույր-եղբայր են, նույն կազմությունն ունին»,- ապա ուրեմն, շարականը եկեղեցու պատերի մեջ պահելով հանդերձ՝ ցանկություն ունենք ներկայացնել այն նաեւ որպես քայլերգ Վարդանանց, քայլերգ պատերազմի, եւ վստահեցնում եմ ձեզ՝ այս տեսակ քայլերգերի կարոտն ենք քաշում, եւ քա՛վ լիցի, թե կարծում ենք, որ մեր երգեցողությունը կարող է որոշակի չափանիշ հանդիսանալ։ Գործիքների օգտագործման վերաբերյալ կհամարձակվենք նշել, որ օգտագործված գործիքները «հեռու» չեն եկեղեցուց, եւ եթե սխալվում ենք, ապա կարոտն ենք ավագ ընկեր-մասնագետների հանդիմանության։ Թմբուկ(կոպալ) — Արեւելյան եկեղեցիների ավանդության մեջ գործածական է ցայսօր ծնծղայի կիրառությունը։ Օրինակ՝ Ղպտի եկեղեցում, եւ ինչու ենք հեռանում, Կ․Պոլսի հայ եկեղեցիներում այսօր եւս օգտարծվում է ծնծղա։ Հաշվի առնելով այն, որ Սեւանավանքի տարածքից հայտնաբերվել է ծնծղա, եղջերափող, նաեւ այն, որ Երուսաղեմի հայկական թանգարանում ի ցույց դրված են ծնծղաներ, կարելի է կարծել, որ մեր եկեղեցու համար ծնծղաների կիրառությունը խորթ չի եղել։ Եւ քանզի ծնծղան նախատեսված է երգի ռիթմիկան ապահովելու համար, եւ հիշատակություններ ունենք, որ շատ ժամանակ ծնծղայի բացակայության դեպքում, վերջինիս փոխարինել են ծափահարություններն ու ոտնահարությունները, ապա թմբուկի կիրառությունը շատ տեղին է։ Պարկապզուկ(տիկ) — Պարկապզուկը եւս հայ կենցաղի անբաժանելի մասն է կազմել։ Այդ մասին են վկայում Ագաթանգեղոսը, Բուզանդը, Եղիշեն, Խորենացին, Նարեկացին, Սեբեոսը եւ միջնադարի այլ ականավոր գրոծիչներ, պատմագիրներ, երաժիշտ-բանաստեղծներ։ Նվագածուները ցանկալի մասնակիցն են եղել ժողովրդական տոնախմբությունների, ծիսապաշտական արարողությունների(հարսանիք, Տրնդեզ, Զատիկ, Բարեկենդան եւլն)։ Ուշագրավ են նվագարանային բովանդակությամբ տապանաքարերը, որոնք հանդիպում են Հայաստանի տարբեր շրջաններում։ Հետաքրքիր է, թե ով է եղել այն մահկանացուն, որի տապանաքարի վրա քանդակել են հնագույն նվագարաններ։ Հավանաբար ժամանակի հմուտ կատարողներից մեկը կամ գործիքագործ վարպետ։ Հետաքրքրական է այն, որ երաժշտագետ-տեսաբան Արամ Քոչարյանը գրում է․ «Գործիքագիտության ասպարեզում հետաքրքիր հայտնություն է երգեհոնի նախատիպը՝ պարկապզուկը՝ բազմափոխ սրինգով։ Այն պատկերված է նախկին Դարալագյազի Կարախվանք գյուղի 13-րդ դարի տապանաքարերից մեկի վրա։ ․․․․ ի դեպ, պատմական խոշոր նշանակություն ունի այն փաստը, որ վաղ միջնադարում Հայաստանում գործադրվել է երգեհոնը։ Այստեղ հիշատակության է արժանի 15-րդ դարի հայ մատենագիր Առաքել Սյունեցու հետեւյալ տողերը․ «Իսկ փչմամբ եւ տկզարք, որն զտիկն փչէ եւ զանազան ձայն հանէ, սոյնպէս եւ երգեհոն»(Փչելով է նվագում տկզարը (տիկ նվագող երաժիշտը), որը փչելով՝ օդ մղելով տիկի մեջ՝ զանազան ձայներ է հանում երգեհոնի նման)»։ Եղջերափողի դեպքում մեր տեխնիկական հնարավորությունները թույլ չտվեցին եղջերափողի ձայն հանել, ուստի, օգտագործվել է եղջերափողի հնչողությանը, առավել մոտեցված ձայն։ Կարծում ենք, որ դուդուկի եւ եղջերափողի Հայկական լեռնաշխարհում կիրառության մասին խոսելն անիմաստ է, իսկ շարականի հետ գործածության առումով՝ ներելի։ Եւ ուրեմն մշակումը՝ Վազգեն դպ․ Սարգսյանի Կատարողներ՝ Կարլեն դպ․ Գասպարյան, Վրեժ դպ․ Պապիկյան, Վազգեն դպ․ Սարգսյան Պարկապզուկ՝ Մենուա Դավթյան։ *«Ոչ թե կողմ կար, որ հաղթեց, և կողմ կար, որ պարտվեց, այլ երկու քաջ կողմերն էլ, քաջերի դեմ ելնելով, պարտության մատնվեցին”։ **«Եվ պարսից զորքը, հայոց գնդին իրենց ազգի կոտորվելու պատճառով լքված ու ուժասպառ եղած տեսնելով, նաև նկատելով այն, որ հայոց զորքը փախնելով հեռանում է, նրանց շուրջը պատվեցին ու ծովացան՝ նրանց իրենց մեջ առնելով, ․․․․ պարսից զորքը ընկավ հայոց փախստականների հետևից, որոնց հասնելով՝ ոմանց կոտորեցին․․․․»
Վազգեն Սարգսյան